Վասպուրական. Ազգագրութիւն. - Ա. Վան. Տոսպ Եւ Հայոց-Ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՌՕՏ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ.

       Մեր ուսումնասիրութեան վայրում, Վանի, Տոսպի եւ Հայոց-Ձորի գաւառակներում, բացի բնիկ հայերից, վերահաստատուած են նաեւ եկուորներ Պարսկաստանի Խոյ, Սալմաստ եւ Նոր-Ջուղայից, ինչպէս նաեւ Վանի շրջակայ գաւառակներից՝ Մոքսից, Շատախից, Դէհերից (քրդախօս հայեր ), Ոզիմից, Սպարկերտից, Կառկառից, Խիզանից, բայց եւ այնպէս՝ մեծամասնութիւնը կազմում են բնիկները։ Սակայն այս բնիկներից էլ Վան քաղաքի եւ Աւանց ու Շահբազի գիւղերի բնակիչները միայն խօսում են միանգամայն միեւնոյն բարբառով, մինչդեռ ամբողջ Տոսպի եւ Հայոց-Ձորի բնակիչները Վանի եւ սրա գաւառակի բնակիչների հետ մարդաբանական, լեզուաբանական եւ մանաւանդ ազգագրական տեսակէտներից մի միութիւն կազմելով հանդերձ, փոքրիկ նրբութիւններով տարբերւում են։

       Այս բնիկներն ընդհանրապէս միջահասակ են, թխադէմ, կարմրաթուշ, թուխաչեայ եւ թխահեր։ Գեր տղամարդիկ սակաւաթիւ են, որովհետեւ գիւղացիները չարքաշ աշխատանքի են դատապարտուած, իսկ վանեցիներն ամէն օր ստիպուած են մեծ մասամբ հետի 4-5 կիլիմետր անցնիլ, գնալ գալով Այգեստանից Քաղաքամէջ, իսկ կանանցից շատ շատերի փորը ուռած է եւ կախ ընկած, որ հետեւանք է բուսական սննդի եւ նստակեաց կեանքի։ Այս երեւոյթն աւելի աչքի է ընկնում քաղաքի կանանց մէջ, որոնք շատ աւելի փակուած են քան գեղջկուհիները. ծերջիններս նոյնիսկ գարու արտեր են ձեռներով քաղում, հազարաւոր անգամներ կռանալով։

       Թէ՛ տղամարդիկ եւ թէ կանայք ընդհանրապէս թոյլ են եւ դանդաղաշարժ, որ նոյնպէս հետեւանք է վատ սննդառութեան։

       Վանեցիների գլուխը միջակ մեծութեան է, ծոծրակի եւ գագաթի միջին մասը փոխանակ ուռուցիկ լինելու, հարթ է, որովհետեւ մանկական հասակում միշտ մէջքի վրայ են պարկեցնում եւ գլուխը բրգէ չոր բարձի վրայ դնում։ Ականջների բլթիկներն ընդհանրապէս կպած են ծնօտի մօտի կաշուն։ Քթերը միջակ են, թէպէտեւ կան նաեւ արծուաքթեր։ Աչքերը, որ խոշոր են եւ նշաձեւ, մեծ մասամբ ցաւոտ են, մանաւանդ կանանցը՝ որովհետեւ թոնրի ծուխը, փոշին, լուսաւորութեան եւ դպրոցների անյարմարութիւնները շատ վնասում են։

       Վզերը երկար են եւ առաջ ձգուած, այնպէս որ վանեցին գլուխն ուղիղ չի բռնում, այլ առաջ ուղղած եւ դէպի գետին խոնարհած, հետեւանք տաճկական դարաւոր լծի սաստկութեան։ Կարճաւիզներ սակաւաթիւ են եւ ծաղրաբար խռլավիզ են կոչւում։ 

       Մազերը սեւ են եւ առատ, մանաւանդ կանանց, որ երբեմն մինչեւ 50 փոքրիկ հիւսեր են կազմում։ Ձայնը ընդհանրապէս աւելի բարակ է քան հաստ, աւելի կանացի, քան առնական։ Սովորաբար դանդաղ են խօսում, եղանակաւոր, մանաւանդ կանայք, յաճախ երկարացնում են նախադասութեան վերջին բառը։ 

       Սովորաբար յամր են քայլում, գլուխը խոնարհած եւ հայեացքը գետին ուղղած։ 

       Վանեցիները շատ ընդունակ են եւ աչքաբաց. սաստիկ արագութեամբ համակերպւում են իրենց միջավայրին եւ քաղաքակրթւում։ Սրանք նաեւ շատ աշխատասէր են, սակայն չափազանց դանդաղկոտ, թէ՛ գործելու, թէ՛ քայլելու եւ թէ նոյն իսկ խօսելու մէջ։ Աշխոյժ, եռանդ, ոգեւորութիւն՝ մեծապէս պակասում են սրանց։ Նոր սերունդը սիրում է խօսել եւ բաւական պերճախօս է, սակայն պատրաստութիւն, կրթութիւն չունի։ Նախնական կրթութիւնը Վանում եւ նոյն իսկ գիւղերում, բաւական տարածուած է։ Վանի գրագէտների թիւը հասնում է 80%, սակայն միջնակարգ եւ մանաւանդ բարձր կրթութիւն ստացածներ չափազանց սակաւաթիւ են։

       Վանեցին առեւտրական ջիղ ունի, նա գրեթէ ամէն բանի վրայ նայում է շահադիտական նպատակով եւ պատրաստ է ամէն զօհաբերութիւն անել, ամէն տեսակ հաճոյքներից եւ կարիքներից զրկել իրեն, միայն թէ կարողանայ փող վաստակել, կայք դիզել։ Դարերի ընթացքում ստրկական դրութեամբ ապրելով, յափշտակիչների աչքից իւր ունեցածը մտշի թաքցնելու դատապարտուած լինելով, վանեցին սովորել է մուրացկի կեանք վարելու, ուստի եւ զարմանալի չէ , որ ահագին հարստութիւն ունեցողների կանայք եւ աղջիկներն անգամ բոբիկ են ման գալիս, պատառոտուած շորեր հագնում։ Համիդիական սոսկալի րէժիմը նրանց դարձրել է կասկածոտ, շողոքորթ, վախկոտ եւ նենգամիտ։ Յաճախակի սովը, սրանց համար կատարուող ժողովարարութիւնները՝ ոչնչացրել են վանեցու անձնասիրութեան ու վեհանձնութեան զգացումները, այնպէս որ նրանցից ամենահարուստն անեամ ամէն րոպէ լաց է լինում իւր վիճակի մասին եւ պատրաստ է ձեռք մեկնելու…

       Վանեցու մի յատկութիւնն էլ այն է, որ ագուլեցու նման սիրում է գաղթել, ընտանիքը Վանում գրեթէ անխնամ թողած նա երկար տարիներ դեգերում է Պօլիս, Տրապիզոն, Ամերիկա, Թիֆլիս, Բագու, եւ աշխարհի բոլոր կողմերը։