Ս. Գրիգոր Նարեկացի

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ե.
       Այն ժամանակ երբ ծաղկում էր ճարտարապետութիւնը իր համաչափութեամբ եւ ներքին ուժեղ արտայայտութեամբ բանաստեղծութիւնը չէր կարող մնալ անարուեստ վիճակի մէջ, առանց որեւէ տեսութեան։ Եւ իսկապէս Նարեկացու երկերի մէջ ոչ միայն որոշ, երբեմն շատ նուրբ արուեստ ենք գտնում, այլ տեսնում ենք նաեւ նրա հայեացքը բանաստեղծութեան թէ բովանդակութեան եւ թէ ձեւի մասին։
       Ամենից առաջ նա բնութեանն արժէք է տալիս։ Նա բնութիւնն զգում է, թէպէտ եւ բաւական պար ու միամիտ ձեւով, իբրեւ մի կենդանի միութիւն, որ ունի իր վսեմ խորհրդաւորութիւնը։ Ամեն կենդանութեան սկիզբն է արփին իր վեհ վարսերով նա է որ գունավառում է ամեն ինչ, նա քաշում է ամպը, որից ցողն է շաղում եւ մարգարտազարդում թուփ ու կանաչ։ Բայց արեգակն իր համատարած ծովի մէջ, նրանից վառ առնող ու փռուող վարդը, գոյնզգոյն ծաղիկները, շողշողուն ու խուռն տերեւների մէջ սնուող պտուղը, հովտում շաղով լցուած շուշանը, որ արեգակի դէմ շողշողալով հովահարւում է հիւսիսային հովից եւ հարաւային լեռան քաղցր օդից, եւ վերջապէս գիշերային երկնակամարը լուսնի դէմ գունդ բոլորած աստեղրով , - այս ամենը կազմում են ոչ միայն մի մեծ ներդաշնակ ամբողջութիւն, այլ նոյն իսկ մի աստուածային երաժշտութիւն։ Ռ. Զարդարեանի «Մենաւոր ծառի » մէջ գտնում ենք հետեւեալ տողերը, «Երգէ, ով ծառ, որ կը մնաս իբրեւ լարուած տրամադրելի քնար՝ բնութեան արձակ հովերուն, արձակ բանաստեղծութեան առջեւ, երգէ անփութօրէն վշտակոծ կամ ցնծալից եղանակները, երգէ ինչպէս որ տուն կուտայ հիւսիսի քամին կամ մեղմաթե հովիկը, ի՞նչ հոգ, բաւական է որ անկեղծ ըլլան բոլոր ձայներն ու անոնց հաղորդուած յուզումները՝ որ քու սաղարթներուդ, տերեւներուդ մէջէն կանցնին կը շնչեն »։ Այս միեւնոյնը Նարեկացին արտայայտել է շատ կարճ «Տերեւն՝ տաւիղ Տուողին, Զոր երգէր Դաւիթ հրաշալին »։ Հովից սօսաւողը տերեւը, ուրեմն, հնչուն բնութիւնն առհասարակ, դա Աստուծու քնարն է, որ նուազում է նաեւ բանաստեղծը։ Բանաստեղծն ինքն էլ, բակայն, Աստուծու քնարն է, «Սուրբ Երրորդութեանդ արժանասցուք լինել քնար միշտ հոգեւոր հնչմանց» (Տաղ Համբարձման եր. 478)։ Կը նշանակէ, մեր Նարեկացու հայեացքով, բանաստեղծն էլ նոյնն է անում, ինչ որ բնութիւնը։ Նա երգելով բնութիւնը՝ նուագում է աստուածային քնարի վրայ։ Արհամարհուած եւ անտես արուած, նոյն իսկ մեղսական համարուած բնութիւնն ուրեմն ստանում է իր իրաւունքը, նա կենդանանում է։ Բնութիւն երգելն արդէն համարւում է մի աստուածային փառաբանութեան գործ կատարել, որովհետեւ բնութիւնն ինքը փառաբանում է Աստուծուն, «Երկինք պատմեն զփառս Աստուծոյ »։ Այս անհրաժեշտ էր բանաստեղծութեան համար, քանի որ առանց բնութեան չկայ ոչ մի զօրեղ քնարերգութիւն։
       Միւս կողմից՝ բնութիւն երգող այս բանաստեղծը գիտէ, որ աստուածային ներշնչումն ունի իր մէջ. նա զգում է, որ իր խօսքի շնորհքն Աստուծուց է, նրա մէջ աստուածային ձայնն է խօսում։
       Եղիցի՛ հոգի քո խառնեալ ի սա,
       Շունչ զօրութեան Մեծիդ միասցի
       Ի Քո՛ ինձ շնորհեալ ստեղծաբանութիւնս։
       Այսպէս է դիմում Նա Աստուծուն Ողբերգութեան սկզբներում (Բան Գ. եր. 10)։ Մի ուրիշ տեղ (Բան ՀԴ. եր. 191) ասում է. «Ի Քէն ազդեցաւ գրել ինձ զսոսին»։
       Այսպիսի գիտակցութիւնից բանաստեղծութիւնը դառնում է արդէն կենդանի շունչ , ինքնաբուխ արտայայտութիւն անհատական զգացմունքի ու տպաւորութեան։ Քերթուածը յօրինւում է ոչ թէ մեքենայաբար, կաշկանդուած սովորական ու աւանդական ձեւերով եւ նիւթով. նա այլ եւս նմանողական չէ, ինչպէս էր սովորաբար շարականների մէջ, - այլ ստեղծւում է մի նոր բան եւ րոպէի թելադրութեան համեմատ։ Ինչպէս եւ ինչ որ Աստուած կամ Նրա տաւիղ բնութիւնը կը խօսի բանաստեղծի սրտում, այնպէս էլ նա կերգի եւ կերգի անկեղծ, իր ամբողջ էութեամբ, լինի նրա երգը Աստուծու փառաբանութիւն, ինչպէս նրա տաղերն են, թէ սրտի խորքերից բխած մաղթանք ու աղերս, մի անարիւն զոհաբերութիւն Աստուծուն, միանգամայն եւ օրհներգութիւն, ինչպէս է նրա Ողբերգութիւնը.
       Ձայն հառաչանաց հեծութեան սրտի ողբոց աղաղակի
       Քեզ վերընծայեմ, Տեսո՛ղդ գաղտնեաց.
       Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
       Զպտո՜ւղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս՝
       Բուրվառաւ կամացս առաքել առ Քեզ…
       Ելցէ՛ ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս
       Վաղվաղակի ժամանել առ Քեզ
       Կամաւորական նուէր բանական զոհիս,
       Ողջակիզեալ զօրութեամբ ճարպոյ
       Որ յի՛սն է պարարտութիւն։
       Այսպիսի անձնական քնարերգութիւնը միայն, - որ մի կողմից՝ խօսում է սեպհական ներքին ապրումներից, միւս կողմից՝ չի խորշում բնութիւնից, - պիտի դառնար իսկական բանաստեղծութիւն։ Բայց այդ դեռ քիչ է. դրա համար հարկաւոր էր նաեւ երկու ուրիշ բան՝ հարուստ նիւթ կամ բովանդակութիւն եւ արուեստաւորութիւն։ Ինչքան էլ բանաստեղծական երկի մէջ հեղինակի իրեն սեպհական ապրումները, իր անձնական զգացումներն ու խորհուրդները պիտի լինին կերպացած, բայց եւ այնպէս դրանք պիտի ունենան ընդհանուր արժէքաւոր բնաւորութիւն։ Զուտ անձնական քնարերգութիւն անելով հանդերձ բանաստեղծը, այսպէս ասած, իր սրտի մէջ պիտի զգայ իր ժամանակի եթէ ոչ բոլոր մարդկանց, գոնէ իր հասարակութեան հոգին եւ ոչ միայն իր սրտի բաբախումները դնի իր երկի մէջ, այլ եւ ուրիշներինը։ Եւ մեր Գրիգոր Նարեկացին գիտակցում է արուեստի այս տեսութիւնը. նա իր Ողբերգութեան համար պարզապէս յայտնում է, թէ ամենայն դասի եւ հասակի, իր ժամանակի բոլոր քրիստոնեաների հոգին է ներկայացնում՝ «նշաւակեալ յիւրում պատկերին».
       Եւ քանզի առ ամենայն հասակ
       Տնկեցեալ յերկրի ազգ բանականաց՝
       Այս պատուէր՝ նկարագրական
       Նորոգ մատենի ողբոց նուագի,
       Որ զամենեցունց ունի զկրից պատահմանց
       Նշաւակեալ յիւրում պատկերին,
       Իբր կցորդ մեծագիտական կարեաց համայնից,
       Առ բոլոր գումարըս բազմահոլով
       Տիեզերակոյտ քրիստոնէից…
       (Բան. Գ. եր . 7 հտ. )
       Ուրիշների զգացումներն ու ապրումներն իր անձի վրայ արտայայտելով սակայն, նա առարկայական բանաստեղծութիւն չի յօրինում, մի լոկ քերթողական ձեւով չի բանեցնում իր եսը. այլ միաժամանակ իսկական անձնական քնարերգութիւն է անում, որովհետեւ խորը կերպով զգում է, որ այն ամենը, ինչ որ ուրիշներն ունին եւ ինքն արտայայտում է, նաեւ իրենն է, իր սեպհականն է (Ողբերգ. Բան. ՀԲ . եր. 186)։
       Ոչ ոք մեղաւոր իբրեւ զիս,
       Ոչ ոք անօրէն, ոչ ոք ամբարիշտ,
       Ոչ ոք անիրաւ, ոչ ոք չարագործ,
       Ոչ ոք վրիպեալ, ոչ ոք սխալեալ,
       Ոչ ոք մոլեգնեալ, ոչ ոք խարդախեալ,
       Ոչ ոք շաղախեալ, ոչ ոք ամաչեցեալ, ոչ ոք դատապարտեալ.
       Ե՛ս միայն եւ ա՛յլ ոչ ոք,
       Ե՛ս ամենայնն եւ յիս ամենեցուն։
       Թէ անձնականութիւնը որքան մեծ տեղ է բռնում, այդ երեւում է հետեւեալից։ Բանաստեղծն իր Ողբերգութիւնը գրել է իբրեւ աղօթից մատեան այն նպատակով, որ մարդիկ այդ գրքի վրայ աղօթելով փրկութիւն ստանան. բայց այս դէպքում էլ նա այնքան ուրիշների համար չի հոգում, որքան իր համար։ Շատ անգամ նա կրկնում է, թէ քանի որ այս աղօթքներն իր հոգուց են բխել, ուստի երբ ուրիշներն իր այդ գրքի վրայ աղօթեն, այդ միեւնոյն է թէ ինքն է աղօթում.
       Եղիցի բղխումն արտասուաց սովաւ վարժելոցն,
       Եւ պարգեւեալ տացի ի ձեռն սորին ապաշաւ ըղձից . -
       Շնորհեսցի, Տէ՛ր, եւ ինձ ընդ նոսին
       Առ ի քէ՜ն զղջումն կամաց…
       Նուիրեսցի վասն ի՛մ այսու մատենիւ պաղատանք նոցին,
       Եւ բանիւս այսու հեծութիւնք նոցին ընդ իմ խնկեսցին…
       Եթէ ելցեն ինձ բարեպաշտք ընծայիլ սովաւ.
       Ընկա՛լ կենդանեօքն վասն քո, գթա՛ծ, եւ զիս ընդ նոսին։
       Ողբերգ . Բան Գ. եր. 8
       Եւ վերջապէս բանաստեղծութիւնը, ասացինք, պէտք է յօրինուած լինի որոշ արուեստով, այսինքն ձեւով գեղեցիկ պիտի լինի, իսկ դրա համար հիմնական պայման է, որ գեղարուեստական երկը բազմազանութեան մէջ միութիւն պիտի ունենայ , որ է մի հիմնական գաղափար, մի գործողութիւն եւ, եթէ քնարերգութիւն է, նաեւ մի ընդհանուր եղանակ, տոն։ Մեր Ողբերգութեան հեղինակը վերջաբանում այսպէս է բնորոշում իր երկը. «Ստացեալ հիմնեցի կառուցի, կարգեցի, կուտեցի, արձանացուցի, դիզի, բարդեցի, ցուցի հաստատելով ի հրաշակերտութիւն միագոյ իրի զբազմաստեղնեան դրուագս դրութեան այսմ սոփերի արգասաւորի »։ Ուրեմն իր երկը նա ըմբռնում է իբրեւ բազմաճիւղ դրուագներով հրաշակերտութիւն միագոյ իրի, մի բանի. այսինքն ստեղծագործութեան նիւթն է մի ընդհանուր մնայուն գաղափար. մի խիդիր. դա կազմում է երկի էութիւնը, անցնելով ամբողջ երկի միջով։ Դա միութիւնն է, մնացածները այդ մի նիւթի բազմազան զարգացումներն են միայն, որ էական գաղափարի շուրջը ճիւղաւորւում են զանազան ձեւերով։ Բացի այդ՝ «Փոխեալ զեղանակ բանիս, այլ ոչ զեղկութիւն աղետիս ». ասում է նա (Բան ԻԵ. եր. 58), մի ուրիշ տեղ, այսինքն բանաստեղծութեան ոչ միայն նիւթը մի միութիւն ունի, այլ եւ եղանակը, տոնը, նոյն է մնում նոյն երկի համար։
       Ահա՛ մի ամբողջ տեսութիւն բանաստեղծական արուեստի մասին, որի տարերքը գտնում ենք նրա երկի մէջ, եւ որը 19-րդ դարի երկրորդ կէսին աւելի պարզել ու զարգացել են ֆրանսացի քննադատները։
       Բանաստեղծութեան այսպիսի խոր ըմբռնումի արգասիք է այն, որ Ողբերգութեան մատեանի մէջ, որ իսկապէս մեր առաջին մեծ բանաստեղծական երկն է, արուեստաւոր կերպով մնայուն ձեւ են ստացել ոչ միայն անհատական, այլ եւ ընդհանուր մարդկային յաւիտենական գաղափարներ ու զգացումներ, ապրումներ ու անրջանքներ, եւ այս՝ 11-րդ դարու սկզբում , այն ժամանակ, երբ եւրոպական նոր ազգերը ոչինչ կամ գրեթէ ոչինչ չունէին։ Նա մեր հոգեւոր բանաստեղծութիւնն այդ երկով մի անգամից բարձրացրել է իր հանճարով, ամփոփելով այն ամենը, ինչ որ նախորդ դարերում մեր հոգեւոր քնարերգութեան մէջ կար արտայայտուած , մի այնպիսի ինքնայատուկ ձեւով, որին նմանել չեն կարողացել։