Հաւսէ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՒՍԷ

Մէկ տարի ամբողջ Սասունցիք կռւի մէջ էին: Մէկ օր Տալւորիկն էր կռւողը, միւս օրը Կէլիէկուզան, երրորդ օրը Շէնիք եւ այսպէս շարունակաբար. սովորական առօրեայ աշխատանքների պէս, կռիւ, արշաւանքներն էլ մշտական զբաղմունք էին դարձել: 1893 թւականից մինչեւ 1894-ը այս պատերազմ-ճակատամարտները, Սասունը դրել էին լարւած, անհանգիստ եւ տենդային դրութեան մէջ: Օսմանցին տեսնելով որ մասնակի արշաւանքները, հրոսակային յարձակումները անզօր են ըմբոստ Սասունը խոնարհեցնելու, վճռել էր իր զինւորական բոլոր ոյժը այդտեղ թափել ու ճնշել խրոխտ լեռների քաջազուն զաւակներին: Այս բանի համար մի գունտ զօրքերի հետ վարպետներ ուղարկեց Սասուն, որ նորոգեն եւ ամրացնեն Սատանի կամուրջը:

Դրութեան օրհասական լինելը այս անգամ լաւ ըմբռնեցին Սասունցիք: Գիտակցելով գալիքի ահաւորութիւնը, նրանք վճռեցին համայնական խորհուրդ կազմել, խնդիրը, անելիքը ամենալուրջ եւ բազմակողմանի կերպով քննելուց յետոյ, կայացնել վերջնական վճիռ եւ այդ վճիռը իրագործելու համար մինչեւ վերջին շունչ ու վերջին Սասունցին կռիւ մղել:

Ժողովներ տեղի ունեցան Տալւորիկ եւ Կէլիէկուզան գիւղերում, մասնակցութեամբ բոլոր գիւղերից եկած պատգամաւորների, քահանաների, նշանաւոր ռազմիկ կանանց եւ տղամարդերի. այս ժողովների հոգին, ղեկավարը ՄՈՒՐԱՏՆ էր, Սասունցիներից սիրւած ու յարգւած յեղափոխական անձնւէր գործիչը:

Ընդհանուր խորհրդակցութիւններ վերջանալուց մի քանի օր յետոյ Սատանի կամուրջը քարուքանդ էր արւած, եւ շինութեան հսկող ու մասնակցող թիւրքերից շատերը սպանւած: Ժողովուրդի վճիռը կատարեալ յաջողութեամբ գործադրել էին Սասունի քաջերը:

Մարտակոչը տրւած էր:

Օգոստոսի մէկին Սասունը պաշարել էին օսմանցոց կանոնաւոր զօրքերի բազմաթիւ վաշտեր իրենց թնդանօթներով, այնտեղ էին Զէքի, Սալէհ եւ Մուսթաֆա փաշաներ, Զիլանցոց շէյխ Մահմատը, որը անցել էր Ոլըգցի, Խարզանցի, Պատըգանցի, Խիանցի, Բագրանցի, Բէլըգցի, Զիլանցի, Ջալալցի, Հայտէրանցի եւ շատ ուրիշ քիւրտ հրոսակ ցեղերի տասնեակ հազարնոց բաշիբօզուկ հեծեալների գլխին:

Երկու կողմից էլ սոսկալի պատրաստութիւններ էին տեսնում. թշնամին աշխատում էր պաշարողական շղթան ըստ կարելոյն սեղմել, իսկ Սասունցիք ամրանում էին Անտոքի, Ֆրֆրքարի եւ Կէփէի անառիկ բարձունքների մէջ: Ճակատամարտը անխուսափելի էր:

***

Գիշեր էր:

Լուսինը հորիզոնի արեւելեան ծայրից հեզիկ, նազիկ բարձրանալ սկսեց: Անտոք իր բոլոր զգեստները մերկացած հսկայի նման, գլուխն ու թիկունքը, կուրծքն ու դէմքը լուսնակի լոյսի առաջ, անհոգ ու համարձակ փայլփլում էր. ապառաժ քարերը, հսկայակերտ ժայռերը ընկած բարձրագագաթ Անտոքի վրայ, ասես ճնշել են ուզում ահաւոր լեռը, իրենց անհանդուրժելի ծանրութեան տակ: Կաթնածոր երկինքը, արծաթազօծ լուսինը, ոսկեծին աստղունքը սքանչելի ներդաշնակութեամբ, եթերային պարզ ու անհուն բարձրութիւնից ակնապիշ ու անթարթ նայում են մեծամարմին Անտոքին, ասես անձեռագործ ու անծայր, անսիւն ու անյենարան, վրան լինի Անտոքի վրայ փռուած: Անտոքը կրծքին ծանր քարեր, շալկած անտանելի ու բուռն վշտեր, գլխին ու կողքերին թիկունքի ու ոտների վրայ, լայն ու անդնդախոր ձորեր, ծմակներ ու հովիտներ, ասես դարերից ի վեր ընկած, անբուժելի վէրքերով ու խոցերով տանջւող մի հսկայ լինի, որ տխուր ու մունջ, լռիկ ու տրտում փռւել լուսնի առաջ եւ` նրանից, որպէս հարազատ քրոջից օգնութիւն է հայցում ողորմագին:

Անտոքի ոտերն ընկած, նրա բարձր ու անխորտակելի կարողութեան, իր բաղդը յանձնած Ալիանցիք գիւղը, նստած բազմաթիւ բլրակների գլխին, գեղեցիկ ծառաստանների մէջ, պաղորակ եւ քչքչան աղբիւրակների մօտ, վազկան ու ցայտուն առւակների հետ, մէկ աստղազարդ երկնքին էր նայում, մէկ Անտոքին ուղղում իր աղերսալի աչերը, ապա դէպի հարաւ դառնում, Ծովասարի զարդարան կրծքի պջրանքով, լուսնկայ գիշերւայ մեղմ լուսաւորութեան տակ կանանչ ու ծաղիկ տարածող սարի գեղանկար տեսքից հիանում:

Չքնաղ էր Ալիանցիքը, բաղդաւոր էին նրա բնակիչ հայերը:

Շքեղաշէն ծառաստանների մէջ, մէկը միւսից հեռու շինած էին իրենց բնակարանները Ալիանցիքի բոլոր գիւղացիները:

Հեռու ծառաստաններում, մի մեծ բլուրի հարթ մակերեւոյթի վրայ շինւած էր Ծուռ Աւօենց տունը:

Ալիանցիքի բոլոր հայերը ոտքի վրայ էին. գիւղը արտասովոր եւ տենդային շարժման մէջ էր. մետաղների հնչիւնները տարածւում էին խաղաղ գիշերւայ մաքուր օդի մէջ եւ զիլ արձագանք գտնում հանդիպակաց լեռնախորշերում:

Պատերազմի պատրաստութիւն էին տեսնում:

Ծուռ Աւօենց բակում մէկ կին ու չորս տղամարդիկ էին կանգնել: Կինը Աւօենց մեծ հարսն էր, Հաւսէ անունով:

Հաւսէն Սասունցի հերոսուհիներից երկրորդն էր, առաջինը` Շաքէն էր:

Կէլիէկուզանի Ղզրօենց աղջիկն էր Հաւսէն: Նա դեռ մանուկ հասակից աչքի էր ընկնում իր քաջութեամբ եւ ամէն վտանգ, ոյժ արհամարհող անվեհերութեամբ: Ամէն առաւօտ նա կը հագնէր իր պարզ ու անպաճոյճ շորերը, հագնում էր կարմիր շիլայից կարած, մինչ ոտներ իջնող քղանցքաւոր զպուն, զպունի վրայից գօտին կապում մի քանի տակ ոլորելով, ապա կապում էր ասեղնագործ սրտնոցը, նրա վրայից գունաւոր կտորից կարած, ոսկեթել երիզներով նախշած, թեւերը բաց սալթա, գլուխը ծածկում արծաթ թասակով, որի եզրերը զարդարուած էին պէս-պէս դրամներով, ոտներին հագնում երկարավիզ ու բարձրակրունկ կարմիր ջզմա, ծամթելերը կապում բազմաթիւ հիւսւածքներով ուսերին փռւած խուրձ վարսերից, նրանց վերջին ծայրերը զարդարում խոպոպիք-կոնծռիկներով, սարի ջէյրանը մէկ փայտ ձեռին դուրս կը գար տնից հօտաղների հետ ու գիշեր ցերեկ, սարերն ու քարեր, ձորերն ու դաշտերը, ծմակներն ու քօլերը ոտի տակ էր տալիս, խաղալով ու խայտալով, երգելով ու թռչկոտելով: Ամէն անգամ երբ նստելուց բէզրող իր հարազատները կռւի, թալանի ու արշաւանքի կերթային, Հաւսէն անբաժան նրանցից, հարազատներից մէկի մօտ կանգնած օգնում էր:

Այսպէս էր անցել Ղզրօենց աղջիկ Հաւսէի մանկութեան օրերը:

Այժմ նա վաթսուն տարեկան կին էր, չորս կտրիճ զաւակների մայր, խելացի, փորձառու եւ անվեհեր, իր ներկայութեամբ ամէնքին պատկառանք եւ խրախոյս ներշնչող:

Սովորական շորերը հագին, թեւերը հոլանի, ձիւնափայլ ու մինչ կրունկները երկարող լաչան անհագօրէն փռած գլխին ու ուսերին, լուսինի մեղմ լուսաւորութիւնից օգտւելով բաց բակի մէջ իր չորս որդիների հետ զբաղւած էր զէնքերի պատրաստութեամբ, շէշխանաները սրբում, մաքրում էին, գնդակ ու վառօդ լցնում ամանների մէջ, սրերի բերանները սրում, արծաթազօծ լուսաւորութեան մէջ սրերը փայլում ու շողշողում էին նման ոլորուն լեզուների:

Յուզւած էր Հաւսէն, լեռնուհին աւելի քան երբ եւ իցէ մտազբաղ էր երեւում, նրա որդիքը բարձրահասակ ու յաղթանդամ, հնազանդ ռազմագէտ մօր հրամաններին լուռ ու մունջ գործում էին:

Լաօնե՜ր, ասաց Հաւսէն իր որդիներին, տայէն զձեզ ղուրպան, մեր հարազատները վճռեցին պատերազմել, մենք երդւեցինք կռւել, որովհետեւ է՛լ անտանելի են դարձել թշնամու արածները, որովհետեւ ամօթ է մեզ, մեր սուրբ լեռները փուլ կը գան եւ մեզ տակովը կանեն երբ մենք «Մընք քար կը հալցունք, ջուր դարձունք զէրկաթ, ափսո՜ս չը՞նք մենք վատ տաճկին ըռիաթ» երգենք եւ ապա այսքան զրկանքները համերաշխութեամբ տանինք, այս կռիւը խաղ չէ, քիւրտ ու տաճիկ, զօրք ու թնդանօթ բիւրերով են թափել, մեզ հետ է միայն, հեռաւոր երկրից եկած, սիրտը մեզ համար էրւած, կեանքը Սասունին մատաղ արած ՄՈՒՐԱՏԸ: Ձեզ եմ ասում, զաւակներ, վա՜յ ձեզ եթէ քամակից վէրք ու գնդակ ընդունելով ընկնէք, այն ժամանակ ամէնից առաջ ես աչերս կը փակեմ ձեր դիակները չտեսնելու համար, ես իսպառ կը մոռանամ ձեր յիշատակը, կափսոսամ ձեզ տւածս կաթը եւ անքուն անցկացրած գիշերները:

Զաւակները խորին երկիւղածութեամբ լսում էին մօր խօսքերը:

Դուք երկուսդ Աւէ եւ Հաջօ, կը լինիք ինձ հետ իմ խմբի մէջ, իսկ դուք կը գնաք Ռէս Գրքօի հետ, այդպէս է վճռւած: «Մըր սուրբ Մարափէն, Անտոք, Ծովասար, կանչին «Հարի՞ եփ մեռուկ մնաք դուք», մեզ են կանչում, մեզ են ասում մեռուկ, զաւակնե՛րս, դէ՛ Ս. Մարափէն ձեզ օգնական էղնի, ցոյց տանք որ մենք մեռուկ չենք, դուք էլ ցոյց տուէք որ Հաւսէի հարազատներն էք:

Բազուկ աստղախումբը երկնից ամենաբարձր կէտին էր հասել եւ այնտեղ պայծառ պէծին-պէծին պսպղում էր երբ Հաւսէն ամէնից մեծ ու փոքր որդիներ, Աւէն ու Հաջօն հետն առած, նիզակը ձեռին, սուրը կողքին դուրս եկաւ Ալիանցիքի ծառաստաններից ու անյայտացաւ լերան ստորոտի թաւուտներում:

Առաւօտեան վաղը սկսւեց Չայի ահեղ ճակատամարտը, հրացանների բո՜ւմ-բո՜ւմ որոտումները, գնդակների սուր վզզոցը, սրերի շողիւնը, շէշխանաների չախմախների չխչխկոցը, ձիերի խրխինջը, կռւողների կատաղի գոռում գոչիւնները, չտեսնուած թափով աղմկում էին Սասնոյ լեռներում ծրարւած Չայը ու իր շրջակայքը: Վառօդահոտը բուրում էր ամէնուրեք, ծուխը մշուշանման բռնել էր արեւի դէմը ու սքօղել նրա պայծառ երեսը: Լօ՜, լօ՜, լօ՜ գոռ հնչիւններով միմեանց յայտնում էին պատերազմողները:

Հայերի ամենավտանգաւոր դիրքերից մէկում, մէկ ժայռի ետեւ կանգնած էր մի բարձրահասակ կին, դէմքը արեւ վառ, աչերը զայրացկոտ, կեռ սուրը կողքին եւ սրածայր նիզակ ձեռքին: Ամէն անգամ երբ իր շրջապատում դարան մտած քաջերից մէկի գնդակը նպատակին հասնելով մէկ թշնամու էր գլորում, նա անհուն բերկրութեամբ կանչում էր. Լաօ՜, լաօ՜, մամօն քեզ ղուրբան, ձեռներդ զօրանան:

Հաւսէն էր նա. իր երկու որդիների հետ պաշտպանում էր մի շատ կարեւոր անցք, թշնամու ճակատին նայող եւ նրանից անմիջական վտանգ ստացող դիրքը տւել էր Հաջօին, իսկ ինքը սպասում էր ձեռնամարտին, որը ըստ երեւոյթին շուտով պիտի սկսւէր:

Յանկարծ հրացանների որոտմունքը աւելի ուժեղացաւ, եւ` ձիաւորների մի մեծ խումբ սրարշաւ քշեց դէպի Հաջօի դիրքը. Հաջօն տեսնելով որ իր դիրքից շատ դժւար է պաշտպանւել` փորսող տալով յետ նահանջեց, աւելի լաւ դիրքից կռուելու համար, Հաւսէն նկատեց այս եւ թշնամու մերձենալը, զայրացած կանչեց. Հաջօ՜, Հաջօ՜, կռկօն [1] քաշեմ զքո գլուխ, հարի՞ ես կանգնել, լաօ՜, էրի շաշուր է (սրի կռիւ), սուրը քաշեց Հաւսէն առաջ սլացաւ, նրան հետեւեցին դարանած մարտիկները երգելով. «Շըր [2] մըր առջեւէն փախնի քընց կատու, ափսո՜ս չընք մնանք տաճկին հարկատու»: Հազարաւորները իրար էին խառնւած, հրացանների որոտը էլ հատ հատ էր լսւում, սրերն էին շառաչում, իջնում ու ելնում, հարւածում ու հարւած ընդունում, իւրաքանչիւր բարձրացող փայլուն սուրը արիւնով կարմրում էր, ծայրից արի՜ւն էր կաթում: Կենդանիները անցնում կոխոտում էին դիակների վրայից: Կիսմեռներ ու վիրաւորները մռնչում, հառաչում ու տքում էին: Արիւ՜ն էր հոսում. արիւնի մէջ էին շաղախւել, արիւնոտ էր բոլորի ոտները:

Հաւսէն քօֆին ու լաչակը փռած ուսերին, թեւքերը հոլանի կռւում էր սուրը խաղացնելով, ձիաւոր քրդերի մի փոքրիկ խումբ շրջապատեց նրան. առիւծը սրի մի հարւածով վայր բերեց նրանցից մէկին, րոպէապէս թռաւ ձիան վրայ, ասպանդակեց ուժեղ նժոյգին, մի քանի պտոյտներ գործեց, սուրը շողշողացնելով սլացաւ:

Թշնամին փախել էր: Հարիւրաւոր դիակներով ծածկւել էր դաշտը:

Մէկ կին միայն, վերջին անգամ, նիզակի ծայրից մէկ շոր, ասեղնակար եւ ծուպքաւոր, դրօշականման կախ տուած, նժոյգ նստած թռչում էր դաշտի միջով եւ գնում դէպի Անտոքը: Դրօշակակիրը Հաւսէն էր:

***

Անտոքը պաշարւած էր, թշնամին իր տասնեակ հազարնոց բանակով սեղմել էր Սասունցոց, որոնք տասնեակ օրերով դիմադրել էին քանակով ահեղ թշնամուն:

Մինչ օգոստոսի 16-ը թշնամու բոլոր յարձակումները յետ էին մղւած. կանոնաւոր զօրքերի եւ բաշիբօզուկ կատաղիների կրած պարտութիւնները իսպառ խայտառակ էին: Նրանք մինչեւ այդ օրը ո՛չ մէկ կարեւոր դիրք եւ ամրութիւն գրաւել չէին կարողացել, իրենց զոհերի թիւը մէկ քանի հազարի էր հասել: Կռւի մէջ էլ խարդախ եւ ասպետական ոգուց զուրկ օսմանցին, վրէժը լուծում էր անմարդաբնակ եւ անպաշտպան գիւղերն այրելով ու քարուքանդ անելով:

Բանակի մէջ, վերջին օրեր, տիրապետել էր ամենածայրայեղ յուսահատութիւն, ո՛չ մի գունդ յօժարակամ կռւի չէր գնում, քիւրտերը վհատած հայհոյում էին կեղտոտ ռօմին, որ իրենց խաբել եւ բերել կոտորել էր տալիս Սասունի լեռներում. շատերը արդէն փախչում էին: Զօրքերը ըմբոստանում էին. թւում էր որ նրանք իրենց զէնքերը իրենց հրամանատարների դէմ պիտի դարձնեն: Դժւար կացութեան մէջ էին փաշաներն ու զօրապետները, շէյխերն ու ցեղապետները. նրանք համոզւել էին որ կռւով Սասունը յաղթել չեն կարող. ուստի դիմեցին ամենազազրելի խաբեբայութեան:

Մինչ օսմանցու նենգամտութիւնը յաջողել էր իր պատւիրակների սուտ խոստումներով, հաշտութեան նենգ խօսքերով, Անտոքից իրենց բանակ բերել Սասունի նշանաւորներից եւ ռազմիկներից շատերին եւ սկսել հրեղէն կարկուտ թափել նրանց վրայ ու սրախողխող անել նրանց, Անտոքի տակ, բանակից քիչ հեռու, կապրէ շարաֆխանում սկսւեց մի գոռ ճակատամարտ:

Նորից Սասունը թնդաց, Անտոքի բարձունքները հրացանները որոտացին, հազարաւոր բերաններ մահ կանչեցին, թշնամու անհնարին նենգաւորութիւնից զայրացած լերան զաւակները:

Մատաղ էղնի ձեզ Հաւսէն, զարկէ՛ք սարի լաճեր, գոռում էր հերարձակ Հաւսէն: Մարդիկ երկու կողմից, աշնան տերեւների պէս վայր էին թափւում:

Հաջօ, ջան բալա, մամօն քեզ մեռնի, զա՛րկ անհաւատներին:

Մամօ, թւանքս աւրաւ, էմա՞լ կեղնի, կանչեց սրտմտած Հաջօն:

Եա սուրբ Մարափա, գոռաց Հաւսէն, սուրը քաշեց ու վազեց, Հաջօն մօր օրինակին հետեւեց: Դարձեալ ձեռնամարտ սկսւեց:

***

Խրոխտ Սասունը պարտւած էր:

Շէն Սասունի բոլոր գիւղերը այրւում էին, քարուքանդ փլատակներից ծուխը պալան-պալան բարձրանում էր, ամէն կողմից կծու խանձահոտ էր փչում, չորացած արիւնի հոտը. հոտած եւ անթաղ դիակներից տարածւող գարշահոտութիւնը բուրում էր Սասունի կուսական լեռներից եւ անարատ ձորերից: Իւրաքանչիւր քարի տակ ամէն մի քօլի մօտ, ծմակներում, փոսերում, աղբիւրների ակունքին, առուների եզրին ընկած էին յօշ-յօշ եղած դիակներ: Մարդկանց տեղ գէլ ու գազաններ էին թափառում ու ոռնում անդադար. լէշակեր թռչուններ էին սուր ճիչեր արձակում:

Զէնք ու ռազմամթերք սպառած, տուն ու շէն կորցրած, բազմաթիւ կտրիճներ ու հարազատները զոհած տարաբախտ Սասունցիք, անօթի ու ծարաւ, տկլոզ ու ոտաբոբիկ, արմատ կրծելով, խոտ ծամելով, ուրւականների պէս թափառում էին քարայրէ ծմակ, ծմակից ձորակ ու իրենց լեռների հետ իրենց դժգոհութիւնը ողբում, թշնամու տմարդի խաբէբայութիւնն ու բարբարոսութիւնը անիծում:

Վիրաւորներ եւ անհետ կորածները բազմաթիւ էին։ Հաւսէն էլ չկար: Նրան վերջին անգամ տեսել էին Կապրէ Շարաֆեանի եւ Կէլիէկուզանի կռիւներում: Հաւսէն գերի գնացող չէր, նա` այդ անել թոյլ չէր տար քանի ողջ էր, բայց ի՞նչ էր պատահել նրան, ոչ ոք գիտէր, պտրում էին նրան արտասւելով, գոնէ դիակը այն դիւցազնուհուն ասում էին Սասունցիք:

***

Սեպ, սեւ ու սեպ մի ապառաժի տակից մէկ մաքուր ու կաթնահամ աղբիւր էր բղխում սրսուռ ու զղզղուն, աղբիւրի եզերքը բուսել էին փշոտ ու ցածլիկ մացառներ: Աղբիւրը կլկլում ու գլորւում էր մեղմիւ. ժայռը ասես անհուն վշտերից տխրած արտասւում էր դառնագին. իսկ աղբիւրը ողբ մրմնջում: Ժայռի տակին, մացառների մէջ, ինչ որ կարմիր բան էր թպրտում. նա մերթ շարժւում էր ապա անշարժ ու անձայն ընկնում, մերթ կողկողում էր երբեմն մռնչում ու հառաչում կտրտւող ձայնով: Պուտ մը ջո՜ւր… ջո՜ւր… այրւեց սիրտս… խորովւեց լեարդս… բերանս չորցա՜ւ… ա՜խ, գոնէ մէկ քա՜ր…: Վիրաւոր մի կին էր, մազերն արձակ, արիւնաներկ ու արիւնաշաղախ միմեանց կպած, մարմինը պատառոտած ու ճեղքւած, բերանքսիվայր ընկած, մատների կոճերը տրորւած ձեռներով չանկռում էր գետինը, մացառներից բռնում, եւ հազիւ առաջ էր շարժւում:

Ջո՜ւր… ջո՜ւր… մրկւեցի: Վիրաւորը մի քանի ուժգին շարժումներ գործելով վերջապէս հասաւ ժայռի տակ, օ՜խ… գոչեց նա, բերանը աղբիւրի ակին դրեց ու սկսեց ագահաբար խմել ջրիցը: Երբ յագեցաւ նա, յանկարծակի մի շարժում գործելով նստեց ու թիկն տւեց ժայռին, արիւնագոյն աչքերը դէս ու դէն ածեց, ա՜խ… Հաջօ՜… Աւէ՜… Սասո՜ւն բացականչելով գլուխը մի քանի անգամ ուժգին կերպով քարաժայռին խփեց ու ընկաւ աղբիւրի գլխին արդէն անշնչացած: Մեռնողը Հաւսէն էր: Ժայռը դարձեալ արտասւում էր, աղբիւրը էլի ողբ ասում:



[1]            Սեւ վրան։

[2]            Առիւծ։