Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ա) Ընդհանուր կառուցվածքն ու բովանդակային ընդգրկումները


«... Կառուցվածքի հարցում հայ պատմիչը անկաշկանդ է: Պատմագրական երկը պարտադիր կառուցվածք չի պահանջում», գրում է Մայիս Ավդալբեգյանը (ընդգծումը բնագրում–Ա. Ն. ) [1]: Այդուհանդերձ, ցանկացած պատմագրական երկ ունի որոշակի կառուցվածք, ավելին` կառուցվածքային որոշ տարրեր նույնիսկ ընդհանրական են:

Պատմագրական երկի կառուցվածքը մեծապես պայմանավորված է բովանդակությամբ եւ թելադրվում է վկայագրվող իրադարձությունների բնույթով: Հատկապես շարադրանքի ներքին տարածքում առկա կառուցվածքային միավորները պատճառաբանվում են պատմությունը համակողմանի, ընդգրկուն, հավաստի, միեւնույն ժամանակ` առանց ավելորդաբանությունների ու երկարաբանությունների ներկայացնելու մտահոգությամբ ու ցանկությամբ: Այլ հարց է` պատմիչն, ի վերջո, հասե՞լ է դրան, թե՞ ոչ:

«Գիրք պատմութեանց»-ի առաջին իսկ պարբերության մեջ Դավրիժեցին ուրվագծում է իր երկի կառուցվածքային յուրահատկություններն ու բովանդակային սահմանները, թեպետ հանգամանքների բերումով ծրագրածը, հատկապես կառուցվածքի առումով, լիովին ու լիարժեք իրագործել հնարավոր չի եղել: Պատմագիրքն իբրեւ կառուցվածքային միավոր, ըստ էության, ավարտվում է «Յաղագս սքանչելեացն Աստուծոյ, որ եղեւ ի վերայ առն ումեմն, որ ի ժամ մահուան իւրոյ ուրացաւ» վերնագրված ԽԹ գլխով: Հաջորդ` «Յաղագս մասնական հրկիզութեան, որ եղեւ ի Կոստանդնուպօլիս մեծ քաղաքին» Ծ գլխով սկսվում է «Գիրք պատմութեանց»-ի այն մասը, որը Դավրիժեցին ոչ թե գրել է կամ շարադրել որոշակի փաստերի հիմամբ, այլ` ուղղակի, անկանոն եւ երբեմն առանց որեւէ հատուկ սկզբունքի արտագրել-ներբերել է տարբեր անձանց կողմից պատմված ու նաեւ գրավոր իրեն տրամադրված տարաբնույթ ու տարաբովանդակ պատմություններ: Սա հանրահայտ իրողություն է եւ պարբերաբար արձանագրվել-մատնանշվել է հայագետների կողմից [2], թեպետ արժանացել է տարբեր մեկնաբանությունների: Լեոյի կարծիքով, օրինակ, այդ գլուխները «մուծված են Դավրիժեցու Պատմագրության մեջ օտար մարդկանց ձեռքով» [3]: Իսկ ահա Մաղաքիա Օրմանյանն այդ կապակցությամբ գրում է. «... շարադրեալ պատմութիւնը մինչեւ Լ գլուխին վերջն է, իսկ անկէ ետքը մինչեւ ԾԶ գլուխ եղող մասերը, որք իրարմէ անկախ նիւթեր են, կ՛երեւի թէ ատեն ատեն գրած պատրաստ ունէր, եւ ետքէն պատմութեան ծայրը կցեց » (ընդգծումը մերն է–Ա. Ն. ) [4]:

Դավրիժեցու պատմագիրքը բացվում է աղոթքով, որով պատմիչը դիմում է Աստծուն` իր սկսած գործը բարեհաջող ավարտին հասցնելու համար. «Աւգնեա մեզ Աստուած Փրկիչ մեր. վասն մեծի փառաց անուան քո: Մի՛ մեզ տէր, մի՛ մեզ. այլ անուան քում տուր զփառս, վասն ողորմութեան եւ ճշմարտութեան քո: Հոգիդ քո սուրբ եկեսցէ առ մեզ եւ լուսաւորեալ զմիտս մեր կատարեսցէ զսկսեալս ի մէնջ, ի փառս եւ ի գովեստ սրբոյ երրորդութեանդ ամէն»: Իբրեւ կառուցվածքային միավոր այս աղոթքը բացառիկ երեւույթ է հայ պատմագրության պոետիկայում` գոնե իբրեւ սկիզբ տեղադրությամբ ու բացող-սկսող գործառույթով [5]: Մխիթար Անեցու Պատմության սկզբում էլ կա աղոթային տարր, սակայն դա ներձուլված է տեքստին եւ առանձին միավոր չէ [6]:

Աղոթքին հաջորդում է պատմագրքի առաջաբանը, որն ունի «Նախադրութիւն առաջիկայ գրոցս պատմութեան» վերնագիրը: Այստեղ Դավրիժեցին համառոտ, բայց հստակ ներկայացնում է «Գիրք պատմութեանց»-ի մասին ու ինչպես , այսինքն` բովանդակությունն ու կառուցվածքը. «Պատմութիւն անցից հարուածոց, որք եկին ի վերայ աշխարհիս Հայոց ի յետին ժամանակիս ի թագաւորեն Շահաբաս կոչեցելոյ եւ ի նորին ազգէն որք են Պարսիկք: Նաեւ յաղագս անշքանալոյ սրբոյ աթոռոյն Էջմիածնի եւ նորին կաթուղիկոսացն: Այլ եւ վասն աղաւաղելոյ կարգաց եւ կրօնից քրիստոնէութեան: Ընդ սոցին եւ այլ եւս բանք պատմութեան դիպուածոց քաղաքաց եւ գաւառաց, որք պատահեցան ի թագաւորաց եւ յիշխանաց եւ ի կաթուղիկոսաց եւ յայլոց, գտցես աստ բաժանեալ ի գլուխ գլուխս ըստ բերման ժամանակին» (էջ 55):

Ինչպես գրում է Աշոտ Սարգսյանը` «Հայ միջնադարյան պատմագրական հուշարձանների մեծագույն մասը օժտված է նման մուտքով, մի բան, որից կարելի է ենթադրել, թե դա դիտվել է որպես անհրաժեշտ, հիմնական շարադրանքը նախապատրաստող, բայց նաեւ նրանից որոշակիորեն առանձնացող միավոր» [7]: Հավելենք, որ այդ մուտքային կամ առաջաբանային հղացքում Դավրիժեցին ամենակարճառոտներից ու նպատակասլացներից մեկն է հայ պատմագրության մեջ:

Իր պատմագրքի կառուցվածքում, ինչպես տեսանք, Դավրիժեցին ամենից առաջ կարեւորել է գլուխների բաժանումն ու ժամանակագրական կարգը: Գլուխները, որպես կանոն, ընդգրկում են ընդհանուր պատմության մասնավոր, բայց ամբողջական դրվագ: Միայն երբեմն, երբ այդ մասնավորությունն ընդունում է նախատեսվածից մեծ տեքստային ծավալ կամ զարգանում է այլ երանգավորումներով, Դավրիժեցին հարկ է համարում նոր, շարունակող գլուխ հավելել, ընդ որում` շատ հաճախ հավելյալ գլխի վերնագիրը պահպանում է նախընթաց գլխի վերնագրի հիմնական միավորները: Այդ կերպ` Դավրիժեցին, այսպես ասած` «կիսել» է իր պատմագրքի Թ եւ Ժ գլուխները` դրանցից առաջինն ունի «Թէ որպիսի պատճառանօք կոչեաց Շահաբաս զթագաւորն Վրաց առ ինքն եւ հնարիւք դաւեաց զնոսա», իսկ երկրորդը` «Միւս եւս պատմութիւն դաւաճանութեան Շահաբասին, զոր միւսանգամ արար ընդ թագաւորին Վրաց» վերնագիրը, ինչպես նաեւ ԺԳ եւ ԺԴ գլուխները` առաջինի վերնագիրն է «Պատմութիւն նեղութեանց` զորս կրեցին ազգն Հայոց յառաջին Շահաբաս թագաւորէն», երկրորդինը` «Միւս եւս պատմութիւն նեղութեանց` զոր կրեցին ազգն Հայոց յառաջնոյ Շահաբաս թագաւորէն», եւ այլն:

Գլուխների առումով պետք է ուշադրություն դարձնել դրանց վերնագրային պոետիկային: Վերնագրերը ոչ միայն ներքին բովանդակության պարագրկումներ են ու ընդհանրական ցուցիչներ, այլեւ շատ հաճախ հանդես են գալիս իբրեւ ժանրանվանումներ ու ժանրային պատկանելության ցուցիչներ: Սակայն միջնադարյան գրականության մեջ նկատվող այն ընդհանուր օրինաչափությունը, որ նույն ժանրանվանումով կարող են ներկայացվել բոլորովին տարբեր ժանրեր [8], նկատելի է նաեւ Դավրիժեցու պատմագրքում: Օրինակ` «պատմություն»` այս դեպքում` եզրաբառով են տարազվում, ասենք, եւ՛ Սարգիս եպիսկոպոսի ու տեր Կիրակոսի վարքը (գլուխ ԻԱ), եւ՛ պիղծ Չոմարի սատակման մասին զրույցը (գլուխ Խ), եւ՛ հայ ժողովրդին բաժին հասած ողբերգությունների վկայագրությունները (գլուխ ԺԲ, ԺԳ), եւ այլն:

Բովանդակային առումով Դավրիժեցու պատմագրքում կարելի է առանձնացնել երկու ընդհանրական բնույթի սեւեռում, որոնց շուրջ էլ պատմիչը փորձում է հյուսել իր երկի կառույցը: Այդ սեւեռումներում, բնականաբար, ինչպես բնորոշ է պատմագրության ժանրի բովանդակային ընդգրկումներին` «ոչ թե կյանքի մի դրվագ կամ մասնակի միջադեպ է պատմվում, այլ ժողովրդի պատմական ճակատագրի համար բախտորոշ որեւէ իրադարձություն, դարաշրջան կամ պատմական ողջ ընթացք է ներկայացվում` իր բազմաթիվ մասնակիցներով, դեպքերի խաչաձեւումներով, բախումներով, բարոյաէթիկական մտահանգումներով» [9]:

Նախ` պարսից Շահ-Աբասի, ինչպես նաեւ օսմանցիների ավերածությունները Հայաստանում, ու հայ ժողովրդի մի ստվար հատվածի գերեվարումը Պարսկաստան` Շահ-Աբասի կողմից: Բովանդակային այս սեւեռման որոշակի մաս է կազմում նաեւ հարեւան վրացիների պատմության համընկնող շրջանի վկայագրությունը: Լորետա Դանեղյանն այս բովանդակային սեւեռման ներքին տարածքում, ելակետ ընդունելով «Գիրք պատմութեանց»-ում ներկայացված պատերազմական իրադարձությունները, առանձնացնում է հետեւյալ փուլերը. «ա) պարսկական արշավանքի սկիզբը եւ Թավրիզի, Նախիջեւանի, Երեւանի գրավումը. բ) օսմանյան բանակի հակահարձակումը, պարսից նահանջը եւ դրա հետ միաժամանակ մեծ բռնագաղթը. դ) ղըզըլբաշների հետագա նվաճումները» [10]:

Բովանդակային մյուս սեւեռումը հայոց կաթողիկոսների գահակալման ու նրանց գործունեության պատմությունն է, որն իր հերթին ներքին տարածքում բաժանվում է երկու մասի: Առաջին մասը ներկայանում է իբրեւ կորուստների ու ավերումների, իսկ երկրորդը` վերածնության ու զարթոնքի շրջան: Հենց այս հանգամանքը նկատի ունի Աշոտ Հովհաննիսյանը, երբ գրում է. «Հատկանշական է, որ... Առաքել Դավրիժեցին գրում էր այդ դարի
(17-րդ–Ա. Ն. ) առաջին քսանհինգամյակի պատմությունը որպես հայոց աշխարհի եւ Էջմիածնի ավերման պատմություն, դարի երկրորդ քսանհինգամյակի անցքերը նա շարադրում էր որպես հայոց աշխարհի եւ Էջմիածնի նորոգման պատմություն» (ընդգծումը բնագրում Ա. Ն. ) [11]: Մանուկ Աբեղյանը, զանց չառնելով պատմական ճշմարտությունը, դա բացատրում է նաեւ այն հանգամանքով, որ Դավրիժեցին իր պատմագիրքը գրել է երկրորդ շրջանի կաթողիկոսների հանձնարարությամբ, եւ ինքն էլ, ի վերջո, այդ սերնդի ներկայացուցիչն է [12]:

Այս ամենը վկայում են, որ «Գիրք պատմութեանց»-ը բովանդակային հարթության մակարդակում ներկայանում է թե՛ գաղափարական զարգացումների, եւ թե՛ պատմագիտական պահանջների թելադրանքով ու միասնականությամբ:

Վերը նշված բովանդակային զույգ սեւեռումների ուղղահայաց զարգացումներում Դավրիժեցու պատմագիրքը երեւանում է բովանդակային չափազանց լայն ընդգրկումներ` ներառելով կրոնական, եկեղեցական կյանքն ու քաղաքական, տնտեսական կացությունը, անդրադարձներ են կատարվում մշակութային, գիտական կյանքին, տարբեր գործիչների գործունեությանը, արծարծվում են կրոնական, փիլիսոփայական խնդիրներ եւ այլն: Այդ առումով Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունն առանձնանում է նախորդ պատմագիրների երկերից: «Նա հայոց պատմության շարադրանքը վերցնում է լայն առումով, գրում է Վարագ Առաքելյանը: Գուցե առաջին պատմիչն է մեզանում, որ իր գրքում մայր հայրենիքի պատմության հետ հյուսում է հայ գաղութների մեջ կատարվող անցուդարձերը» [13]: Խոսքը հատկապես վերաբերում է լեհահայ համայնքի կյանքին, որ վկայագրված է «Պատմութիւն նեղութեանց ու վշտոց, որ կրեցին Հայ ազգաւ քրիստոնեայքն, որք բնակեալ են ի քաղաքն Իլով» վերնագրով ԻԸ գլխում, ինչպես նաեւ` Շահ-Աբասի կողմից Պարսկաստան տարված հայ գաղթականների հետագա ճակատագրին արդեն նոր ապրելավայրերում: Բացի այս, նույն գիտնականի հավաստմամբ` «Հայոց հարուստ պատմագրության մեջ չկա մի գիրք, որ այնքան մանրամասնորեն ներկայացնի հայոց դպրոցների պատմությունը, ինչպես Դավրիժեցին», եւ որ` «Մեր պատմիչներից ոչ մեկը այնպիսի մանրամասնությամբ չի խոսում երկրի շինարարական գործի մասին, ինչպես Դավրիժեցին» [14]:

Բովանդակային այդպիսի լայն ընդգրկումը ոչ միայն Դավրիժեցու պատմագրքին է հատկական, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ուշ միջնադարի պատմագրության առանձնահատկություններից է: « Ուշ միջնադարի հայ պատմագիրների, ժամանակագիրների, օրագրողների թողած պատմագրական ժառանգության ամենահիմնական առանձնահատկությունը, համեմատած նախորդ, վաղ եւ զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանների պատմագրության հետ, այն է, որ նրանում իր լայն անդրադարձումն է գտել ժողովրդի պատմությունը, նրա կյանքը, կրած արհավիրքներն ու սարսափները, բռնագաղթերը, պանդխտությունը, նիստ ու կացը, ավանդություններն ու սովորությունները, ֆիզիկական գոյության պահպանման համար անասելի մաքառումները, կրած տնտեսական, կրոնական ու ազգային հալածանքները... », գրում է Լեւոն Բաբայանը (ընդգծումը բնագրում Ա. Ն. ) [15]: Նույն գիտնականը Դավրիժեցու պատմագրքի բովանդակային ընդգրկումների առումով կատարում է մեկ այլ հետաքրքիր դիտարկում եւս: Զուգադրելով Գրիգոր Դարանաղցու եւ Առաքել Դավրիժեցու պատմագրքերը, նա գրում է. «... ստացվում է այն տպավորությունը, որ կարծեք նրանց միջեւ ինչ-որ ներքին պայմանավորվածություն է գոյություն ունեցել: Այն քաղաքական, հոգեւոր ու մշակութային կարեւոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Արեւելյան Հայաստանում, Դարանաղցին անցողակի է նշում... Նույն ձեւով վարվել է եւ Դավրիժեցին, նա էլ արեւմտահայության կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններին անդրադարձել է հպանցիկ» [16]:

Ահա բովանդակային այս յուրահատկություններն էլ պայմանավորել են պատմագրքի համապատասխան կառույց: «Գիրք պատմութեանց»-ը, ըստ գիտաքննական բնագրում առկա վերջնական տվյալների, բաղկացած է ԾԸ (58) գլուխներից, որոնք ընդհուպ Լ գլուխը զարգանում են ժամանակագրական կանոնավոր հաջորդականությամբ: Նույնիսկ հարեւան վրաց ժողովրդի պատմության որոշ դրվագների վկայագրումը ներկայացվում է ոչ թե առանձին, այլ ժամանակագրական ընդհանուր հոսքի մեջ:

Ընդհանրապես, Դավրիժեցին ձգտել է իրադարձությունները ներկայացնել պատճառահետեւանքային կապերով ու ժամանակագրական ճշգրիտ հոսքով, եւ այդ պատճառով էլ որոշ պատմություններ ընդմիջարկվում են այլ պատմություններով, բովանդակությունը ճյուղավորումներ է տալիս ու միայն գլուխներ անց հանգուցվում, եւ այլն: Ինքը` Դավրիժեցին, այդ կարգի բաժանումների, ընդմիջարկումների ու ճյուղավորումների շուրջ երբեմն պատճառաբանություններ է անում պատմության շրջարկում. «Արդ` պատմութիւն ճառիս յաղագս հարիւր թուման մուղադային է, եւ մինչեւ ցայս վայր միաշաւիղ էր պատմութիւնս, զոր եւ անտարակոյս գրեցաք, այլ յայսմ հետէ յերկուս շաւիղս բաժանի եւ երկատութիւնս պատմութեանս մեզ աշխատանս յաւելու, եւ վասն ոչ ումեք գիտելոյ զիսկն պատմութեանս` հարկ եղեւ մեզ զերկոսին եւս գրել: Քանզի ոմանք ի պատմողաց, մանաւանդ թէ բազումք, պատմեցին` թէ... եւ այլն» (էջ 195):

Պատմագրքի վերջին մեկ տասնյակից ավելի գլուխներում, կամ պատմագրքի այսպես ասած` չմշակված մասում այդ համակարգվածությունը տեղի է տալիս իրադարձությունների ներկայացման անկանոն հոսքին: Ընդհանուր համաբնագրից դուրս են մնում հատկապես վկայաբանությունները: Դրանք, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, բովանդակային գրեթե ոչ մի աղերս չունեն պատմության բուն շարադրանքի հետ: Եթե չլինեին «Պատճառ առնելոյ զգիրս պատմութեանց, յորում եւ յիշատակարան առնողին» վերնագրով ԾԸ գլուխ-ավարտաբանությունն ու պատմագրքի` պատմիչի կենդանության ժամանակ տպագրված լինելու պարագան, կարելի էր մտածել, որ Դավրիժեցին, այնուամենայնիվ, անավարտ է թողել «Գիրք պատմութեանց»-ը:



[1]       Մայիս Ավդալբեգյան, Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, էջ 17:

[2]       Տե՛ս, օրինակ, Հակոբ Անասյան, Հայկական մատենագիտություն, Ե-ԺԸ դդ, հատոր Ա, Երեւան, 1959, էջ 1145–1146, Գարեգին Զարբհանալյան, Պատմութիւն հայերէն դպրութեան ի պէտս ուսման ազգային վարժարանաց, Բ. Նոր մատենագրութիւն, Վենետիկ, 1878, էջ 176, Առաքել Առաքելյան, Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն, հատոր 2, Երեւան, 1964, էջ 452, 552–553, եւ այլն:

[3]       Լեո, Հայոց պատմություն, հատոր 3, էջ 364:

[4]       Մաղաքիա Օրմանեան, Ազգապատում, հատոր Բ, Կ. Պոլիս, 1914, էջ 2492:

[5]       Ավելորդ չէ նշել, որ այդ աղոթքը բացակայում է Դավրիժեցու պատմագրքի աշխարհաբար թարգմանության հրատարակության մեջ (տե՛ս Առաքել Դավրիժեցի, Պատմություն, էջ 17): Հանգամանք, որն անմիջապես աղավաղում է երկի կառուցվածքի լիարժեք պատկերն ու ընկալումը:

[6]       Տե՛ս Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, Երեւան, 1983:

[7]       Աշոտ Սարգսյան, Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» եւ Մովսես Խորենացին, Երեւան, 1991, էջ 55:

[8]       Այդ մասին տե՛ս Д. С. Лихачев, Поэтика древнерусской литературы, Москва, “Наука” 1979., стр. 57.

[9]       Մայիս Ավդալբեգյան, Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, էջ 20:

[10]      Լորետա Դանեղյան, Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, էջ 48:

[11]      Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք երկրորդ, Երեւան, 1959, էջ 121–122:

[12]      Տե՛ս Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք երկրորդ, էջ 455-456:

[13]      Վարագ Առաքելյան, Առաքել Դավրիժեցի (մահվան 300-ամյակի առթիվ), «Պատմաբանասիրական հանդես», 1970, թիվ 3, էջ 43:

[14]      Նույն տեղում, էջ 37:

[15]      Լեւոն Բաբայան, Դրվագներ Հայաստանի XIV–XVII դարերի պատմագրության, էջ 18:

[16]      Նույն տեղում, էջ 57–58: