Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

բ) Կերպարները, կերպարային ընդգրկումներն ու սահմանները, կերտման ուղիները, հեղինակի կերպարը


Կերպարաստեղծումը հայ պատմագրության հատկականություններից է, եւ, բնականաբար, Դավրիժեցու պատմագիրքն այդ առումով չէր կարող բացառություն լինել: Կերպարային առանձնահատկությունները պայմանավորված են պատմագրության ժանրային ընդգրկումներով, քանզի յուրաքանչյուր ժանր ունի կերպարաստեղծման իր որոշակի օրինաչափությունները:

Հայ պատմագրության կերպարները, սովորաբար, ամենից առաջ առանձնանում են իրենց հերոսական նկարագրով: Դավրիժեցու պատմագիրքը վկայագրում է հայոց պատմության այնպիսի մի ժամանակաշրջան, որը չունեցավ իր փառապանծ հերոսները մարտի դաշտում ու պետական քաղաքականության մեջ, որոնցով հատկական է 5-րդ դարի պատմագրությունը: Հետեւաբար, կերպարի հերոսականությունը այստեղ դրսեւորվում է նախեւառաջ հոգեւոր ուժի ու զորեղության, ներքին պայքարի ընդգրկումով, մանավանդ որ` Դավրիժեցու պատմագրքի հայազգի պատմական անձնավորությունները հիմնականում հոգեւոր դասի ներկայացուցիչներ են:

Այդուհանդերձ, «Գիրք պատմութեանց»-ում առաջին հերթին հառնում է իր` պատմիչի կերպարը, որն անխուսափելիորեն ձեւավորվում է այն բանի շնորհիվ, որ հայ պատմիչն ընդհանրապես կայական ու չեզոք վիճակում չէ իրադարձությունները վկայագրելիս, եւ իր անհատականությունն ու հուզաշխարհն անպայման ընդգծում է: Կերպարի ձեւավորմանը նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ պատմիչը հեռակա զրույցի է բռնվում իր հավանական ընթերցողի հետ: Լենա Խանլարյանն այս առումով գրում է. «Սույն կերպարի մեջ (Դավրիժեցի-պատմիչի–Ա. Ն. ) անքակտելիորեն միավորվում են ավանդական հայ պատմիչ-տարեգիրը, որը, նստած վանքի ներսում, նկարագրում է երկրի վրա տեղացած ցավալի իրադարձությունները եւ պատմիչ-հետազոտողը, որն անդուլ կերպով նյութ է որոնում, ձգտում է ճշմարտությանը, ջանում գտնել փաստերի իսկությունը իր հետաքրքրությունների առարկան դարձած պատմական դեմքերի գնահատման մեջ, եւ որը շատ երկրներ է շրջագայել` ստուգելու այդ փաստերը: ... Առաքել Դավրիժեցու միայն արտաքին կերպարը չէ, սակայն, որ մենք տեսնում ենք նրա երկում: Պատմիչի առանձին արտահայտություններից, ստեղծագործության ամբողջ ոգուց եւ նրանից, թե նա ինչպես է լուսաբանում այս կամ այն փաստն ու երեւույթը, կարելի է դատել պատմիչի անձնավորության մասին, նրա պատմական ու հասարակական-քաղաքական հայացքների, մտահորիզոնի ու աշխարհայացքի մասին» [1]:

Կերպարային ընդգրկումներում նախեւառաջ ընդգծվում է պատմիչի հայրենասիրությունը: Դավրիժեցին ուրախանում-հրճվում է հայրենի երկրի յուրաքանչյուր հաջողությամբ ու ժողովրդի բարօրությամբ, եւ իր ցավն ու վիշտն ընթերցողին իրապես հասու ու հաղորդակից դարձնելու պես ողբում իր հայրենիքի կորսված գեղեցկությունների, իր ժողովրդին պատուհասած դժբախտությունների ու արհավիրքների համար: Հատկապես այսպիսի դեպքերում շատ հաճախ Դավրիժեցին իր խոսքը զուգահեռում-զուգադրում է աստվածաշնչյան ինտերտեքստի շատ հետաքրքիր կիրառություններով: «Եւ զայլ ամենայն վայելչութիւնս տեսանելով հեղձամաղձուկ եղեալ փղձկիմք` եւ հարեալ յարտասուս ողբամք եւ աշխարհեմք` զի անապատ եղեւ վայելուչ եւ քաղցր աշխարհս մեր» (էջ 87), - այսպիսի բնույթ ունեցող տեքստային, բովանդակային բազմաթիվ միավորներ են առկա Դավրիժեցու պատմագրքում:

Հատուկ պետք է ընդգծել պատմիչի քրիստոնյա լինելու պարագան, որը շատ կարեւոր է եւ հաճախ անուղղակիորեն, թե ուղղակիորեն շեշտվում է Դավրիժեցու կողմից: Մանավանդ որ` միջնադարյան հեղինակների` սեփական կենսագրության աղքատիկ տվյալների վկայագրումը, ըստ Կարեն Յուզբաշյանի` «կրում է պատճառաբանված բնույթ եւ ըստ երեւույթին կապվում է խոնարհության եւ ինքնանվաստացման քրիստոնեական պահանջների հետ» [2]:

Կրոնասիրությունը Դավրիժեցու աշխարհատեսության կարեւոր կողմերից մեկն է, եւ վկայագրվող իրադարձությունները գնահատվում են նախեւառաջ այդ լույսի տակ ու այդ տրամաբանությամբ: Քրիստոնյա լինելու պարագան, իհարկե, արտահայտվում է առաջին հերթին Աստվածաշնչի անընդհատական ներկայությամբ ու Բարձրյալի վկայակոչումներով: Բնորոշ է հետեւյալ օրինակը. «Քանզի ո՛չ տան թոյլ Պարսիկքն ելանել յերկրէն իւրեանց, որպէս Եգիպտացիքն` զազգն Իսրայէլի: Միթէ նոյն բարձրեալն բազուկ` եւ հզօր ձեռն Տեառն եւ զսոսա հանցէ՞ աստի, որպէս զնոսա անտի` մաղթանօք մեծաց նախնի նահապետացն եւ Մովսիսի մարգարէին. եւ մեծի լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի» (էջ 97):

Դավրիժեցու քրիստոնյա լինելու պարագան եւ դրա առթած որոշ դատողությունների բնույթը երբեմն ներկայացվել է իբրեւ սնահավատության դրսեւորում: Դրանում ճշմարտության տարր, անշուշտ, կա, սակայն չի կարող մեկնակետային լինել Դավրիժեցու աշխարհայացքը գնահատելու համար:

Պատմիչի, եւ մանավանդ` ստուգապատում պատմիչի կերպարաստեղծմանը նպաստում են վկայագրությունները նյութի ու տվյալների պրպտումների վերաբերյալ: Դրանք ցուցանում են նրա աշխատաոճի նրբությունները եւ վերհանում մարդկային բնավորության բազմաթիվ գծեր: Դավրիժեցին աշխատասեր է, արդարամիտ, պատասխանատու իր վկայագրումների ապագա ընթերցողների առջեւ եւ ամեն առիթ օգտագործում է էլ ավելի հավաստի փաստեր ներառելու իր պատմագրքում, իսկ արդեն ներառվածների առթիվ ձգտում է լրացուցիչ կռվաններ հայթայթել: Ինչպես` «Եւ մեք յորժամ ելեալ ի խնդիր պատմութեանց շրջեաք, գնացաք յերկիրն Նախչուանու ի գաւառն Երնջակ, եւ ի գիւղն Ապարաներ, պատահեցաք եւ առնս այսմիկ Աղամիրս, եւ տեսաք զինքն զտեղիս, եւ զսպիսն վիրացն, եւ նա պատմեաց զմեզ զպատմութիւնս զայս» (էջ 178–179), «... եւ յորժամ եկաք մեք ի Սպահան` տեսաք աչօք մերովք զքարինսն, եւ թուեցաք եւ ապա գրեցաք» (էջ 191), «Արդ` զքարանց տանելոյ թուականն գտաք եւ գրեցաք, իսկ զԼուսաւորչի Աջին տանելոյն, եւ զՄելքիսէթ կաթուղիկոսի տանելոյն` ոչ գտաք. վասն որոյ եւ ոչ գրեցաք: Եւ այս եւս այսպէս» (էջ 191) եւ այլն:

Մյուս կողմից` աշխատանոցային այսպիսի մանրամասների ու վկայակոչումների ներկայացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, ընդհանրապես, պատմագիրների շարադրանքին ուղեկից է իրենց հավատ չընծայելու հավանականության բարդույթը: Դրանք երբեմն զուտ տեքստային հավաքության առումով ավելորդ են թվում, մանավանդ որ` հաճախ ռիթմից գցում են վկայագրումների հոսքը, սակայն մյուս կողմից էլ` հենց այդ «ավելորդ» վկայակոչումներին ենք պարտական բազմաթիվ պատմագիրների կենսագրական տեղեկությունների համար: Ավելին` այդ վկայակոչումները աստիճանաբար հավաքվելով, գոյավորում են մի ամբողջականություն, որը դրսեւորվում է կերպարային ձեւի մեջ: Այլ խոսքով` վկայագրված դեպքերի ու իրադարձությունների հավաստիության փաստարկումները ուղեկցվում են պատմիչի կերպարային դրսեւորումներով: Դրանց` պատմագրության տեքստային տարածության մեջ ցաքուցրիվ վիճակը քաղաբերելով համակարգելու դեպքում` ձեւավորվում է ամբողջական մի կերպար: Ահա Դավրիժեցու մի քանի կերպարային գծեր` «Գիրք պատմութեանց»-ի տարբեր հատվածներից. «Եւ սուրբ գլուխն Անդրէի առաքելոյն կայ այժմ ի նոյն վանքն, որ բազում անգամ ուխտ արարեալ եւ համբուրեալ եմք զնա» (էջ 168), «եւ զսպի եւ զտեղի վիրացն եցույց մեզ ի ժամանակս յայս, որ եւ զպատմութիւն զայս նա պատմեաց զմեզ, որոց ինքն ականատես էր» (էջ 170), «Եւ ժամանակս` յորս այժմս կամք մեք, է թուականն մեր Հայոցս ՌՃԷ, յորում եւ զպատմութիւնս շարադրեալ գրեցաք, պատահեցաւ գալ ի մեծահանդէս քաղաքն Սպահան» (էջ 180), եւ այլն:

«Ինքնակենսագրության երեւույթը եւ անձնական կյանքի մոտիվները առավել մեծ տեղ են գրավում ուշ միջնադարի հայ գրականության մեջ, երբ անձը ավելի ու ավելի շատ է սկսում տեսնել ու արժեքավորել իր դերը հանրության մեջ» [3], խնդիրն այսպես է մեկնաբանում Հենրիկ Բախչինյանը:

Հայ պատմագրության մեջ ընդհանրապես ու Դավրիժեցու պատմագրքում մասնավորապես` կերպարաստեղծման ձեւերից մեկը գրական դիմանկարի կերտումն է: Ինչպես նկատում է Մայիս Ավդալբեգյանը Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» հյուսվածքում առկա դիմանկարների առիթով` «Սա (դիմանկարը–Ա. Ն. ) գեղարվեստական կերպարի կերտման նախուղիներից է, որ բնականորեն ներթափանցել է Պատմության մեջ» [4]: Դիմանկարը շատ մեծ կիրառություն ունի եւ երեւանում է որոշակի կաղապարային հատկանիշներ ու գործառույթներ:

Գրական երկերում կամ գրական երկ տարազումին համապատասխանող ստեղծագործություններում դիմանկարի մասին խոսելիս պետք է զգույշ լինել, քանզի իբրեւ պատկերավորման համակարգ այն իր օրինաչափություններն ունի եւ չի կարելի այն կիրառել իբրեւ սովորական բնորոշում: Այդպիսի դեպքերում հասկացություների շփոթ է առաջանում նաեւ, ինչպես այս դեպքում, երբ ըստ Լենա Խանլարյանի` «Գիրք պատմութեանց»-ի էջերում «... հառնում է եւս մեկ դիմանկար, իր իսկ` հեղինակի դիմանկարը... » [5]: Այնինչ` ձեւակերպման ապացուցողական օրինակները վկայում են այն մասին, որ խոսքը պատմիչի կերպարի եւ ոչ թե դիմանկարի մասին է:

Զավեն Ավետիսյանը, բոլորովին այլ առիթով անդրադառնալով դիմանկարին, կատարում է ուշարժան վերլուծումներ, որոնցից շատերը կիրառելի են նաեւ պատմագրության մեջ դիմանկարի ստեղծման ուղիները ցուցանելու համար. «Գրական դիմանկարն ու բնանկարը կերպարվեստի փոխակերպման ամենից ակտիվ տարրերն են: Այդ նշանակում է, որ վերջիններս իրենց մեջ խտացնում են ոչ միայն զգացմունք ու հոգեբանություն, գործողություն, այլեւ գույն, ծավալ, տարածականություն» [6]: Ընդհանուր առմամբ` պետք է նկատի առնել դիմանկարի կերտման երեք շերտ` օբյեկտիվ, երբ հեղինակի վերաբերմունքը չեզոք է, սուբյեկտիվ, երբ ներկայացվում է հեղինակի ստացած տպավորությունը դիմանկարից եւ սոցիալական սիմվոլիկա, որը մտնում է օբյեկտիվ շերտի մեջ, միաժամանակ առանձնանում որպես առարկայական պայմանականություն [7]:

Հայ պատմագրության մեջ ու մասնավորապես Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունում նկատելի է մի օրինաչափություն` դիմանկարվող հերոսների արտաքինի մասին սակավադեպ է հիշատակվում: Դա հեթանոսությունից քրիստոնեության անցման կամ անտիկ-միջնադար ներհակության գրական-մշակութային օրինաչափություններից է, որ ամրագրվելով հատկապես 5-րդ դարի հայ պատմագրության մեջ` աննշան փոփոխություններով ամրագրվել է նաեւ հետագա շրջանի գրեթե բոլոր պատմագրական երկերում: «Գեղարվեստական մակարդակում, այս առումով նկատում է Վազգեն Սաֆարյանը, անտիկ հերոս-զինվոր-ամուսին կերպարային կաղապարին, որին հատուկ չեն ներքին տվայտանքները, բնորոշը կռվելու եւ վայելելու պահանջն է (ուժը տիրում է գեղեցկությանը արտաքին դրսեւորումներով), հակադրվեց ներքին կատարելության ձգտող, մարմինը մերժող եւ երկվությունների մեջ տառապող անհատը (Աստծուն մոտ լինելու անհնարինությունը ծնում է ողբը ներքին դրսեւորումներով)» [8]:

Ահա այդ ներհակության պահանջներից, քրիստոնեական բարոյախոսությունից ելնելով` անհատը, պատմական անձնավորությունը, հայ պատմագրության մեջ հիմնականում ներկայացվում էր իր հոգեւոր նկարագրով, եւ ստացվում էր, եթե կարելի է այդպես ասել, հոգու կամ բնավորության դիմանկար: Այդ ընդհանուր օրինաչափությունից որոշ դեպքերում շեղվում են միայն Ագաթանգեղոսն ու Մովսես Խորենացին: Բայց հատկանշական է, որ այդ պատմիչների մոտ էլ բացառություններ կազմող հերոսները հեթանոսական շրջանին են առնչվում` դեռ քրիստոնեություն չընդունած Տրդատը, Հայկը, Երվանդյան Տիգրանը, Անգեղյա Տորքը, Վաղարշակը: Իսկ ահա Անանուն Արծրունու կերտած Գագիկ Արծրունու դիմանկարը, որտեղ հերոսը պատկերանում է գրեթե իրական, արդեն վերածնության շունչն է մատնում եւ դրա արդյունք է: Այն թերեւս լավագույն գրական դիմանկարն է հայ պատմագրության մեջ իր նկարենությամբ. «Հարթ եւ ուղիղ հասակաւ, վայելուչ եւ պայծառ երեսօք. հեր գլխոյ նորա թխակերպ, գանգուրագեղ գիսաւորութեամբ ուղեբեկ ջոկացեալ ի վերայ սպետափառ ճակատուն յոյժ խուռնախիտ թանձրութեամբ. մրազարդ կամարաձեւ կցուացք յունիցն, եւ բիբք եւ արտեւանունք հանդերձ պտղովք վկայեալք, իբրեւ զշուշան ի հովիտս ծաղկեալ ծաւալին հրաշազարդ յօրինմամբ: Ունչք երկայնագոյնք եւ վայելչաւորք, լսելիք դիւրալուրք եւ դիւրահաւանք ի բարիս եւ պայծառք լուսահրած նմանեալ գունով: Շրթունք նորա իբրեւ զլար կարմիր, ատամունք նորա հուպ առ միմեանս, զտեալք յաղտոյ: Տէգք մորուաց նորա զօրէն մանուշակի ծաղկեալք ի վերայ գունագեղ այտից` ի կերպս զուարթնոց տեսողացն զնա ցուցանէր» [9]:

Ուշարժան է, որ Դավրիժեցին իր հերթին արտաքին հատկանիշների ընդգրկմամբ դիմանկարներ կերտում է օտարազգիների մասին խոսելիս: Ահա վրացական իրականության մի պատկեր. «Կայր եւ քոյր մի այս մովրովիս` նորահաս կոյս` չքնաղ եւ գեղեցիկ, բարետեսիլ եւ բարեյօդ դիրք մարմնոյն եւ հասակին» (էջ 120): Մեկ այլ օրինակ եւս, որն հետաքրքիր է նաեւ այն առումով, որ կերտվել է երկխոսության մեջ եւ միջնորդավորված բնույթ ունի. «Է Լավասափին քոյր մի թագաւորազն, նորահաս կոյս չքնաղագեղ եւ գեղեցկատեսիլ, եւ ամենայն որպիսութեամբ վայելուչ, որ վայել է ոչ ումեք` բայց միայ տեառն իմում արքայի» (էջ 124):

Կախված այն բանից` դիմանկարվող հերոսը աշխարհիկ մարդ է, թե հոգեւորական, հայ է, թե պարսիկ, Դավրիժեցին կիրառում է համապատասխան ազգային կամ սոցիալական սիմվոլիկա: Նա հազվադեպ է կիրառում դիմանկարի հոգեբանական շերտը: Դավրիժեցու պատմագրքում առկա է մոտ 25 տարաբնույթ դիմանկար, որոնց գերակշռող մեծամասնությունը վերաբերում է հոգեւորականներին: Գուցե նաեւ այս հանգամանքով է պայմանավորված դիմանկարների առավելապես հոգեկան-հոգեւոր բնույթը, ինչպես նաեւ այն, որ դրանցում գերիշխում են կլիշեացված պատկերները: Մյուս կողմից` դիմանկարման այս կերպը դարերի ընթացքում այնքան էր կրկնաբանվել, որ որոշ կապակցություններ կայունացել էին: Հոգեւոր դիմանկարի պարագային առաջնային են դիտվում մարդու վարքը, պահվածքը, կենցաղն ու կենցաղավարությունը, գիտելիքները, որի պարագրկումներում աստվածաբանական գիտելիքները առաջնային են համարվում եւ այլն: Պատահական չէ, որ դիմանկարները առկա են հատկապես քրիստոնյա նահատակների մասին վկայագրություններում: Բերենք մի քանի օրինակ. «Եւ ի ժամանակս յայս` էր կաթուղիկոս սրբոյ աթոռոյն Էջմիածնի Տէր Առաքեալ` ի նոյն գեղջէն Էջմիածնի. այր բարեսէր եւ պահացող եւ պարկեշտ եւ բարեձեւ յամենայն իրս` ի գործս եւ ի բանս եւ ի հանդերձս, որոյ վարեալ զկաթուղիկոսութիւնն ի կեանս իւր յաւելաւ առ Տէր» (էջ 57), «Եւ էր վարդապետն Սրապիոն տեղեաւ ի քաղաքէն Ուրհայոյ, բարեպաշտ ծնողաց եւ յոյժ մեծատան զաւակ, որոյ զկնի մահուան ծնողացն մնացին ինչք բազումք եւ ստացուածք յոլովք, բայց նա սիրեալ զկեանս սուրբս եւ զվարս առաքինիս, հետեւեցաւ սուրբ գրոց ընթերցման, եւ եմուտ յաշակերտութիւն մեծ վարդապետին Ղուկասայ Կեղեցւոյ... ... եւ եղեւ այր կատարեալ ամենայն իմաստութեամբ եւ Աստուածաշունչ գրովք... » (էջ 59), «... ոմն քահանայ Բաղդասար անուամբ` այր հանճարեղ եւ իմաստուն եւ հաստատուն ճշմարտութեամբ եւ հաւատովն Քրիստոսի» (էջ 152), «Յովհաննէս անուամբ զոմն քահանայ աշխարհիկ, որ էր այր ճարտար եւ իմաստուն ի բանս եւ ի գործս, որ ի նոյն Էջմիածնի էր» (էջ 189–190) եւ այլն:

Դիմանկարներում մարմնական մանրամասնություններին անդրադառնալիս Դավրիժեցին կենտրոնանում է ոչ թե զուտ դիմանկարային նրբությունների վրա, այլ շեշտում է ֆիզիկական հատկանիշներ, առաջին հերթին նշում այնպիսի գծեր, որոնք ընդգծում են դիմանկարվողի ուժը: Ինչպես` «Այրս այր հանճարեղ բանիւ եւ կորովի խորհրդով, եւ խելամուտ ի գործս իւր, այլ եւ հսկայաձեւ, եւ ուժընդակ, քաջ պատերազմող եւ անպարտելի ախոյեան. որ ի կողմն` յոր եւ միաբանէր` զմիւս ներհակ կողմն յաղթէր, եւ զընդդիմակայ զօրսն իբրեւ զբանջար կոտորեալ ընդ երեսս դաշտաց թափէր... » (էջ 120), «այր ոմն քրիստոնեայ` անունն Գրիգոր, որ էր նախկին նա ի Վայոց ձորոյ` զոր Եղեգնափոր ասեն, ի գեղջէն Արփայու, եւ այժմ ի գաւառին Փարիոյ գոլով` բնակէր ի գիւղն զոր Ներքին Խոյիկան ասեն, եւ էր սա մարմնովն պարթեւահասակ եւ յաղթանդամ եւ սրտիւն արի, բանիւք եւ խելօքն հանճարեղ. եւ հաւատովն եւ սիրովն Քրիստոսի հաստատ եւ ջերմագոյն» (էջ 161) եւ այլն:

Կան դիմանկարի կերտման մասնավոր երեւույթներ. դրանք բնութագրումներ են, որոնք, երբեմն ի մի բերվելով, դառնում են դիմանկար: Նույնիսկ եթե չեն դառնում, ապա շատ կողմերով հարստացնում են տվյալ հերոսի նկարագիրը` երբեմն ծառայելով որպես կերպարակերտման միջոց: Ինչպես` «իմաստուն եւ խոհական այրն» (էջ 173), «էր այր մեծազգի եւ փառաւոր» (էջ 179), «Խոսրով փաշայ, այր բազմահանճար եւ խրոխտ իշխան» (էջ 210), «... խոհական, եւ մեծահոգի, եւ արժանաժառանգ հայրապետն ամենայն Հայոց, կաթուղիկոսն սրբոյ Էջմիածնի տէր Յակոբ» (էջ 180), «էր յոյժ ազնիւ եւ պատուական, գեղեցիկ եւ մեծագին» (էջ 141) եւ այլն:

Հետաքրքիր է, որ Դավրիժեցու պատմագրքում ամենից հաճախ բնութագրվում է պարսից Շահ-Աբաս արքան: Այդ բնութագրումներն այնքան մեծ հաճախականություն ունեն, որ նույնիսկ ապահովում են ներքին բազմազանություն` հնարավորություն ընձեռելով որոշակի դասակարգումների.

ա) խելացի, նաեւ բացասական իմաստով` «թագավորն Շահաբաս էր բազմահանճար` եւ խելացի, եւ նախահոգակ» (էջ 93), «բազմարուեստ հնարագործ այրն Շահաբաս» (էջ 141), «հանճարեղն ի խորհուրդս չարեաց Շահաբասն» (էջ 71, 92, 98), «բազմահնարն Շահաբաս» (էջ 100), «հարուստն ի խորհուրդս չարեաց Շահաբաս» (էջ 115),

բ) խորամանկ` «ըստ խորամանկ բարուց իւրոց Շահաբաս... » (էջ 65), «շահն` որպէս բնաւորեալ գոյ յազգն նոցա խորամանկութիւն» (էջ 116),

գ) զգուշավոր` «... էր Շահաբասն ինքն այր զգոյշ եւ նախագոհակ» (էջ 181),

դ) պատկերավոր բնութագրում-համեմատություն` «աւերիչն աշխարհաց եւ վատնիչն քրիստոնեայ ազանց, բնակարանն Նեսարայ, թագաւորն Շահաբաս» (էջ 78), «անվթար կամարարն սատանայի` երկրորդ Սաբիւռոսս այս Շահաբաս» (էջ 124),

ե) ինքնաբնութագրումներ, որոնք հանդիպում են Շահ-Աբասի հրովարտակներում, եւ որոնք գրեթե նույնությամբ կրկնվում են նրան գովաբանողների խոսքերում` ըստ ամենայնի ինքնաբնութագրումներից ազդված, ու Դավրիժեցու պատմագրքում հանդես են գալիս որպես այլտեքստ` «հզօր եւ ի խաղաղասէր եւ յաշխարհաշէն թագաւորէն Շահաբասայ» (էջ 129), «քրիստոնէասէր եւ աշխարհաշէն եւ խաղաղարար թագաւոր» (էջ 138) եւ այլն:

Զավեն Ավետիսյանը նաեւ նկատում է, որ դիմանկարի տեքստային ծավալը եւ այլ մանրամասներ անպայմանորեն պայմանավորված են դիմանկարվող հերոսի կամ պատմական անձնավորության հանդեպ հեղինակային համակրանքով: Սակայն գոնե Դավրիժեցու պատմագրքի պարագային գրականագետի այս դիտարկումը կարող է հարաբերական նշանակություն ունենալ, քանզի հայ հատկապես հոգեւոր տերերի դիմանկարներին Շահ-Աբասի` բնութագրումներով կազմված դիմանկարը ոչնչով չի զիջում:

Ընդհանրապես` Դավրիժեցու պատմագրքում պարսից Շահ-Աբաս թագավորը հատկանշվում է մեծածավալ ներկայությամբ` ոչ միայն իբրեւ պատմական անձնավորություն, այլեւ իբրեւ գրական կերպար` բնորոշ բոլոր կառուցումներով: Իր ցայտունությամբ այն համեմատելի է Եղիշեի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին» աշխատության որոշ պարսիկ կերպարների հետ: Շահ-Աբասի կերպարը հիմնականում ներկայացվում-ամբողջանում է վերը նշված դիմանկարային, բնութագրային միավորներով, սակայն երբեմն Դավրիժեցին կատարում է նաեւ կերպարային ընդգրկում-պարագրկումներ, ներկայացնում կերպարը նաեւ գործողության մեջ: Առկա են նաեւ Շահ-Աբասի կերպարի հոգեբանական նրբագծեր, որոնք չարը խորհելու ներքին տվայտանքների վկայագրություններ են. «Եւ շահն երկայնամտեալ համբերէր ի տեղւոջն. եւ մտավարժեալ խոկայր ի խորհուրդս չարեաց եւ նենգութեան Լաւասափին եւ Թամրազին» (էջ 134):

Դավրիժեցու պատմագրքի բովանդակային յուրահատկություններն այնպիսին են, որ դրա շրջարկում գլխավոր դերակատարություն է վերապահված նաեւ պարսիկ ժողովրդին: Հատկանշական է այն, որ Շահ-Աբասի բնավորության շատ հատկանիշներ Դավրիժեցին պայմանավորում է հենց պարսիկ լինելու հանգամանքով: Այս կերպ` պարսիկ ժողովրդին եւ Շահ-Աբասին առանձին տրված բնութագրումները միեւնույն ժամանակ լրացնում են միմյանց: Տեքստային առումով էլ դրանք հաճախ կրկնաբանություններ են, ինչպես` «Եւ անողորմ զօրացն Պարսից» (էջ 80), «չարահնար ազգն Պարսից» (էջ 85), «Եւ ողորմելի քրիստոնէիցն տեսեալ զանողորմ սուրն Պարսից ի կոտորեալ զինքեանս» (էջ 85, սա նաեւ հետաքրքիր ոճական հակադրություն է` հիմնված բառային հակադրության հնարանքի վրա), «ի յօձաբարոյ ազգէն Պարսից» (էջ 96), «զօձաբարոյ նենգժոտութիւն ազգին Պարսից» (էջ 97), «դիւանման զօրքն Պարսից» (էջ 75) եւ այլն:

Այդտեսակ բնութագրումներ են ստանում նաեւ ջալալիները. «Սոքա ամենեքեան Ջալալիք էին, որք ոչ հնազանդէին թագաւորին. եւ ո՛չ ի տեղի ուրեք զկայ առեալ բնակէին, այլ աշխարհաւերք եւ աշխարհակործանք. եւ ուր եւ լսէին զհամբաւ շինութեան, դիմեալ անդր հասանէին, աւարեալ կողոպտէին եւ զշինուածսն հրդեհեալ այրէին» (էջ 108):

Սակավ բնութագրումներով ներկայանում է նաեւ վրաց ժողովուրդը, բայց դրանք հատկական են ըստ ամենայնի. «... բիրտ եւ հպարտ եւ ինքնահաճ ազգն Վրաց» (էջ 121) եւ այլն:

Հայ ժողովուրդը եւս հաճախ է արժանանում Դավրիժեցու բնութագրումներին, սակայն դրանք ոչ թե ընդհանրական, այլ մասնավոր բնույթ ունեն եւ թելադրված են այդ պահին վկայագրվող իրադարձության տրամաբանությունից: Ինչպես` «արբշիռ, եւ անագորույն, եւ անիկաստ, եւ անասնաբարոյ ազգս Հայոց» (էջ 149) եւ այլն: Եվս մեկ բնութագրում` «ազգ ապերախտ եւ չար, արժանի բնաջինջ կոտորման» (էջ 153), որը պատմագրքում դրսեւորվում է իբրեւ այլտեքստ. այս կերպ պարսից Շահ-Աբասն է դիմում հայոց մելիքներին:

Ամփոփելով նշենք, որ առանձին խումբ են կազմում Դավրիժեցու պատմագրքի այն կերպարները, որոնք վերաբերում են վարքաբանական-վկայաբանական հատվածներին: Սրանք, ինչպես արդեն տեսել ենք վկայաբանությունների մասին խոսելիս, ենթարկված են որոշակի կարծրակաղապարի եւ միօրինակ են: Իրավացի է Լենա Խանլարյանի այն նկատումը, որ վարքաբանական-վկայաբանական հատվածներում «Դավրիժեցու կերտած կերպարներն անդեմ են եւ ավելի շուտ նահատակների սիմվոլներ են, քան կենդանի մարդիկ» [10]:



[1]       Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, տե՛ս «Առաջաբանը», էջ 30–31:

[2]       Կարեն Յուզբաշյան, Հեղինակի կերպարը միջնադարյան հայ գրականության մեջ, «Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողով (զեկուցումների դրույթներ) գրքում, Երեւան, 1986, էջ 149:

[3]       Հենրիկ Բախչինյան, Ուշ միջնադարի հայ յուշագրութիւնը, առանձնատիպ Հայագիտական Հանդէսի ԺԳ. հատորէն, Պէյրութ, 1995, էջ 53:

[4]       Մայիս Ավդալբեգյան, Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը (V դար), էջ 245:

[5]       Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, տե՛ս «Առաջաբանը», էջ 30:

[6]       Զավեն Ավետիսյան, Հայ պատմավեպի պոետիկան, էջ 264:

[7]       Տե՛ս նույն տեղը, էջ 280:

[8]       Վազգեն Սաֆարյան, Անտիկ-միջնադար ներհակությունը գրականության սկզբնավորման շրջանում, «Քրիստոնեությունը եւ հայ գրականությունը» գրքում, Երեւան, 2001, էջ 21:

[9]       Թովմա Արծրունի եւ Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Երեւան, 1985, էջ 470:

[10]      Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, տե՛ս «Առաջաբանը», էջ 26: