ՀԱՅԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա

0. ՀԱՄԱՌՕՏ ԱԿՆԱՐԿ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Հայ ժողովուրդը կազմաւորուել եւ ձեւաւորուել է Հայկական լեռնաշխարհի տարածքում, որը արեւմուտքից յարում է Անատոլիական եւ արեւելքից՝ Իրանական սարահարթերին: Հիւսիսից հասնում է Պոնտոսի լեռնաշղթային, իսկ հարաւից՝ Հայկական Տաւրոսին: Հայկական լեռնաշխարհով հոսում է Արաքս գետը, այստեղ են սկիզբ առնում Կուրը, Տիգրիսն ու Եփրատը, որի գլխաւոր վտակն է Արածանին (Արեւելեան Եփրատը): Հայկական լեռնաշխարհի սահմաններում են գտնւում Վանայ, Կապուտան (Ուրմիա), Սեւանայ լճերը, Մեծ Մասիս լեռը (ծովի մակերեւոյթից 5165 մ բարձրութեամբ) եւ նրա հետ թամբով կապուած Փոքր Մասիսը (3914 մ), Սիփանը (4434 մ), Սեբելանը (4821 մ), Արագածը (4090 մ): Հայկական լեռնաշխարհի տարածքը հաւասար է շուրջ 300 000 կմ 2, այսպիսով Հայաստանի Հանրապետութիւնը գրաւում է նրա մօտաւորապէս 1/10 մասը:

Հայաստանի կլիման խիստ ցամաքային է. ամառը՝ հեղձուկ շոգ, ձմեռը՝ սառնամանիք, ընդ որում որոշ տեղերում ջերմաստիճանի անկումը կարող է հասնել -46 o : Երկրի անտառազուրկ տարածքի մի զգալի մասը կազմում են չոր տափաստանները եւ կիսատափաստանները: Հողագործութիւնը հնարաւոր է ցածրադիր եւ միայն մասամբ՝ նախալեռնային ու լեռնային վայրերում: Ալպեան մարգագետինները ապահովում են անասունների առատ կերը: Ընդհանուր առմամբ՝ Հայկական լեռնաշխարհի բնական հարստութիւնները ի վիճակի են ինքնին ապահովել բնակիչների գոյութիւնը:

Հայ ժողովուրդը տեղաբնիկ ցեղերի եւ ցեղային միութիւնների համախմբման եւ միաձուլման արդիւնքում է ձեւաւորուել, հայերը առաջին ազգ-էթնոս ն են, որը գոյացել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Նրանք իրենց գոյութիւնը պահպանած աշխարհիս ամենից հին ազգերից մէկն են: Հայերի ինքնանուանումը, ինչպէս նաեւ երկրի անունը՝ Հայ-ք, Հայ-ա-ստան, եւ նրանցից՝ հայոց լեզու, հայերէն ձեւերը, շարունակում են մնալ գիտական քննարկման առարկայ: Յոյն պատմիչ Հերոդոտոսը (մօտ 485-425 մ. թ. ա. ) օգտագործում է   jArmevnioi եզրը բնակիչների, իսկ   jArmevnih ձեւը՝ երկրի համար: Նոյն արմատը (armՏna-) ունեն նաեւ հին պարսկերէն բնագրերը, իսկ վրացիները հայերին անուանում են սոմեխի, երկիրը՝ Սոմխեթի, ուր եթ-ը հաւաքական յոգնակի ցուցիչն է (=ստան), իսկ ի-ն՝ յոլովի վերջաւորութիւնը: Մինչեւ 1915 թ. ցեղասպանութիւնը հայերը բնակւում էին Լեռնաշխարհի ողջ տարածքում, այժմ խիտ բնակչութիւնը մնում է միայն Հայաստանի Հանրապետութիւնում, Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանի՝ Հայաստանին յարող որոշ մասերում:

Ձեւաւորուելով որպէս առանձին ժողովուրդ՝ հայերը ստիպուած էին հաշուի առնել հարեւան զօրեղ պետութիւնների մշտական ձգտումը՝ իրենց ենթարկելու Հայաստանը: Այդ հանգամանքը անընդհատ խոչընդոտում էր սեփական պետութեան ձեւաւորմանը: Միւս կողմից, այդ պետութիւնները մշտապէս ընդդիմամարտութեան մէջ էին գտնւում միմեանց հետ, եւ պատճառը (կամ պատճառներից մէկը) Հայաստանին տիրանալու նրանց   ձգտումն էր: Այդ երեւոյթը մնալու է որպէս օրինաչափութիւն մինչեւ XX դարը:

Վանի (Բիայնելե, Ուրարտու) թագաւորութեան անկումից յետոյ Հայաստանում հաստատուել էին տեղացի հայախօս թագաւորներ, բայց միառժամանակ անց երկիրը կախման մէջ յայտնուեց մարերից (մեդացիներից), այնուհետեւ՝ Աքեմենեան պարսից թագաւորներից: Աքեմենեանների զօրեղ պետութեան կազմում հայերը ենթարկւում էին արքայի կողմից նշանակուած դրսեկ կառավարիչներին, սակայն որոշ ժամանակ անց այդ կառավարիչ-վարչապետերը, ձեռք բերելով որոշ ինքնուրոյնութիւն, համապետական շահերի հետ մեկտեղ սկսեցին արտայայտել նաեւ տեղական շահերը:

Հելլենիստական շրջանում . թ. ա. III-I դդ. ) Հայաստանում եւս տեղի ունեցան էական փոփոխութիւններ պետական շինարարութեան եւ մշակոյթի բոլոր բնագաւառներում: Տեղական քաղաքակրթութիւնը զգալի չափով սկսեց զարգանալ հելլենիզմի ընդհանուր օրինաչափութիւնների համաձայն:

Հռոմէական զօրքերի ներխուժումը Փոքր Ասիա եւ դրան յաջորդած Սելեւկեան պետութեան անկումը նպաստեցին, որպէսզի Հայաստանում առաջանան սեփական պետութիւններ: Արտաշէս Ա թագաւորը (189-160 մ. թ. ա. ) եռանդուն կերպով նուիրւում է հայկական հողերի հաւաքմանը: Մեծ Հայք պետութեան կազմի մէջ մտնում են գերազանցապէս Եփրատ գետից դէպի արեւելք գտնւող հայկական հողերը: Գալով իշխանութեան՝ Տիգրան Բ թագաւորը (95-55 մ. թ. ա. ) ընդարձակեց իր տէրութեան սահմանները՝ հայկական պետութեան կազմի մէջ մտցնելով Մարաստանը (ներկայիս Իրանական Ատրպատականը), Հիւսիսային Միջագետքը: Նորաստեղծ կայսրութեան մէջ, որը ձգւում էր մինչեւ Կիլիկիա, կամաւոր եղանակով մտաւ Ասորիքը: Դա կարծես միակ դէպքն էր, երբ Հայոց պետութիւնը ընդգրկում էր ոչ միայն հայաբնակ տարածքը, այլեւ հարեւանների հողերը:

Սակայն Հռոմի զաւթիչ քաղաքականութիւնը շատ շուտ վերադարձրեց Հայաստանն իր նախկին սահմաններին: Երկրին տիրանալու համար Հռոմի եւ Պարթեւների միջեւ սկսուեց երկարատեւ պատերազմ, որն աւարտուեց (ճիշտ է, ժամանակաւորապէս) փոխզիջում-համաձայնութեամբ. Հայոց գահի վրայ հաստատուեց Տրդատ Ա թագաւորը, որը պատկանում էր Արշակունի Պարթեւ արքայական հարստութեանը, սակայն իշխանութեան նշանները նա ստացաւ Հռոմի կայսեր ձեռքից (66 մ. թ. ): Ժամանակի ընթացքում այդ կարգը մոռացութեան տրուեց, Հայաստանում Արշակունիները ձեւաւորուեցին որպէս թագաւորական տեղական հարստութիւն՝ միաժամանակ ստիպուած լինելով անընդհատ խուսանաւել երկու զօրեղ հարեւանների միջեւ: III դ. վերջերից եւ մինչեւ IV դ. 80-ական թթ. գերակշռում էր Հռոմի ազդեցութիւնը, բայց Սասանեանները թափ էին առնում, եւ 387 թ. երկու մեծ պետութիւնները, փոխադարձ զիջումի եղանակով եկան համաձայնութեան՝ բաժանելով Հայաստանը երկուսի: Երկրի արեւելեան տարածքը կախման մէջ ընկաւ Պարսկաստանից, արեւմտեանը՝ Հռոմէականի անմիջական ժառանգ Բիւզանդական կայսրութիւնից: Երկու մասերում էլ հայերն օգտւում էին ինքնավարութեան կարեւոր իրաւունքներից: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եփրատից դէպի արեւմուտք գտնւող տարածքին՝ Փոքր Հայք ին, ապա այն արդէն I դարում լիովին մտել էր Կայսրութեան կազմի մէջ՝ ստանալով համապատասխան կարգավիճակ:

Մեծ Հայքի տարածքում Արշակունի թագաւորական իշխանութիւնը պահպանուեց մինչեւ 428 թ., նրա վերացումով Հայաստանի այդ մասը դարձաւ մարզպանութիւն, Սասանեաններին ենթակայ վարչական միաւոր: Երկրի այս մասում եւս, աւելի լայն չափով քան արեւմուտքում, գործում էին ինքնավարութեան կարեւորագոյն հաստատութիւններ: Հայաստանում վաղուց ի վեր արմատացել էր յատուկ հասարակական-տնտեսական կարգ: Դրա ներքոյ ազնուականութիւնը՝ նախարարները, ժամանակին ենթակայ լինելով Հայոց թագաւորին, իսկ այժմ ճանաչելով պարսից շահանշահին որպէս գերագոյն տէր, իշխում էին իրենց հողերում եւ հարկ եղած դէպքում պատրաստ էին զէնքը ձեռքին պաշտպանել իրենց շահերը:

Հայկական քաղաքակրթութիւնը ձեւաւորուել էր մշակութային մի ոլորտում, որը պայմանականօրէն անուանում ենք իրանական: Դարեր անընդհատ այստեղ տիրում էր զրադաշտութեան ձեւերից մէկը: Հայաստան մուտք գործած հելլենիստական մշակոյթը որոշ կերպով ազդեց նաեւ հաւատալիքների վրայ, եւ ահա այդ յետնախորքի վրայ ձեւաւորուեց հայկական քրիստոնէութիւնը: Որոշակի կերպով ասել, թէ երբ է սկսւում Հայաստանում նոր վարդապետութեան քարոզը, անհնարին է. կարելի է միայն վստահօրէն պնդել, որ II-III դդ. ընթացքում մեծ քանակութեամբ քրիստոնեաներ եղել են ոչ միայն հարեւան Ասորիքում ու Փոքր Ասիայում, այլ նաեւ Հայաստանում: Աւանդական եւ տարածուած տեսակէտը, թէ քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ճանաչուել է 301 թ., այժմ շատ մասնագէտների կողմից վերանայւում է՝ հնարաւոր նկատելով, որ դա տեղի է ունեցել 314 թ. (տարբերակ՝ 311 թ. ), այսինքն՝ այն շրջանում, երբ նոր հաւատքը ճանաչում էր գտել Հռոմէական կայսրութիւնում եւ նրան ենթակայ կամ նրա հովանաւորութեան տակ գտնուող երկրներում: Հէնց այդ թուականի աշնանը Գրիգոր Լուսաւորիչը, ձեռնադրուելով Կեսարիա քաղաքում, գրաւեց Մեծ Հայքի կաթողիկոսական աթոռը:

Հայաստանը սկզբում սերտօրէն կապուած էր Բիւզանդական եկեղեցու հետ։ Նա ճանաչեց 325, 381, 431 թթ. տիեզերական ժողովների որոշումները, սակայն մերժեց 451 թ. Բիւզանդիայի Քաղկեդոն քաղաքում գումարուած ժողովի սահմանումներն ու կանոնները, իսկ VI դ. կէսերին վերջնականապէս դուրս եկաւ կայսերական եկեղեցու ոլորտից: Պառակտումը տեղի ունեցաւ միաժամանակ ե՛ւ նուիրապետական, ե՛ւ դաւանական հողի վրայ: Կոստանդնուպոլսի եկեղեցին ձգտում էր բոլոր առումներով իրեն ենթարկել քրիստոնեայ ողջ աշխարհը, եւ Արեւելքի եկեղեցիները յամառ կերպով դիմադրում էին դրան: Պառակտում տեղի ունեցաւ, բնականաբար, ոչ միայն վարչական, այլ նաեւ դաւանական ոլորտում: Այդ շրջանից սկսած՝ Հայոց եկեղեցին հաւատարիմ մնաց երեք տիեզերական ժողովների սահմանած վարդապետութեանը, ընդունեց Քրիստոսի միաբնակութեան գաղափարը, մինչդեռ բիւզանդականը (ինչպէս նաեւ Արեւմուտքի եկեղեցիները) հետեւում էին երկաբնակութեան գաղափարին: Միացման փորձերը, որ տեղի ունեցան հետագայում, հազուադէպ էին ու կարճատեւ:

Ժամանակի ընթացքում հայերի մի մասը յարեց երկաբնակութեանը (ուղղափառութեանը), մէկ այլ հատուած անցաւ կաթոլիկութեան, մի փոքր մասն էլ ընդունեց բողոքականութիւն: Անկախ դաւանական առանձնայատկութիւններից՝ քրիստոնէութիւն ընդունելով՝ Հայաստանը փաստօրէն դուրս եկաւ Իրանի մշակութային ոլորտից՝ միաժամանակ գրաւելով իր ամուր տեղը բիւզանդականում:

Հիմնական օջախները, որտեղից քրիստոնեայ ուսմունքը թափանցում էր Հայաստան, ասորալեզու Անտիոքն էր եւ յունալեզու Կեսարիան, երկուսն էլ՝ Կայսրութեան սահմաններում: Համապատասխանաբար քարոզի լեզուն ասորերէնն էր կամ յունարէնը: Սեփական դպրութեան բացակայութիւնը խոչընդոտում էր նոր հաւատքի տարածմանն ու արմատաւորմանը, եւ 405 թ. իր դարաշրջանի ամենից լուսաւոր անձերից մէկը, յունարէնին եւ այլ լեզուների քաջ տիրապետող վանական ու միաժամանակ քաղաքական գործիչ Մաշտոցը ստեղծում է 36 տառից բաղկացած հայոց այբուբենը (այն երկու լրացումով շարունակում է գործել առ այսօր): Մաշտոցի նպատակն էր յունարէնի օրինակով կազմել մի համակարգ, որը լրիւ կը համապատասխանէր հայերէնի հնչիւնային կազմին, եւ նա փայլուն կերպով լուծեց այդ խնդիրը: Այդ սկզբունքը նա փոխանցեց նաեւ վրացիներին ու աղուաններին. երկու հարեւան ժողովուրդները նոյն բարդութիւնների առջեւ էին գտնւում, ինչ որ եւ հայերը:

Նոր այբուբենի հիման վրայ Մաշտոցն անցաւ Ս. Գրքի թարգմանութեանը: Աստուածաշունչը ազդակ հանդիսացաւ հայոց գրականութեան ստեղծմանը՝ թարգմանական եւ ինքնուրոյն, որտեղ ներկայացուած են քրիստոնեայ Արեւելքում տարածում գտած բոլոր կամ համարեա բոլոր գրական տեսակները: Գրչութեան արուեստը տարածուեց Հայաստանով մէկ, արմատացաւ նաեւ գաղութներում: Միաժամանակ թափ առաւ նաեւ ճարտարապետութիւնը, V-VII դ. տաճարներն օրինակ դարձան յաջորդ ժամանակաշրջանների համար: Կարելի է ասել, որ մանրանկարչութիւնը եւ առհասարակ գրքի արուեստը, միաժամանակ նաեւ ճարտարապետութիւնը կազմում են հայերի ամենից բարձր ներդրումը համամարդկային ստեղծագործական ոլորտում:

V դարում Այսրկովկասի երկրները, որոնք կախում ունէին Սասանեաններից, կանգնեցին բռնի կրօնափոխութեան վտանգի առջեւ: Մուտք գործած քրիստոնէութիւնը դարձել էր ոչ միայն կրօնական հաւատալիքների համակարգ, այլեւ ազգային ինքնագիտակցութեան, որոշ առումով նաեւ ազգային ինքնուրոյնութեան խորհրդանիշ: V դ. կէսերից Սասանեանները պարբերաբար ծրագրեր էին մշակում այդ ժողովուրդներին ամբողջութեամբ ենթարկելու իրենց իշխանութեանը: 451, 482-484, 571-572 թթ. ապստամբութիւնները դրսեւորեցին հայերի, վրացիների, աղուանների ձգտումը դէպի ինքնավարութիւն, հաւատարմութիւնը քրիստոնեայ հաւատքին, որը միաժամանակ հանդէս էր գալիս իբրեւ այդ ձգտումների խորհրդանշան: Առկայ էին, այսպիսով, նաեւ զուտ աշխարհիկ՝ քաղաքական հանգամանքներ: Ապստամբ ժողովուրդները հայերի գլխաւորութեամբ ձգտում էին հնարաւորին չափ պահպանել ինքնավարութեան, տնտեսական կեանքի աւանդական հաստատութիւնները եւ այդ առումով եւս հասան ակնառու յաջողութիւնների:

Յուստինիանոս կայսեր օրօք (527-565 թթ. ) կորցնելով եղած արտօնութիւնները՝ ողջ Բիւզանդական Հայաստանը բաժանուեց Առաջին, Երկրորդ, Երրորդ եւ Չորրորդ Հայքի, իսկ 591 թ. կայսրութեան սահմաններում յայտնուեց Հայատանի գերակշռող մասը: Սակայն VII դ. կէսերից սկսուեց արաբական արշաւանքը, եւ յաջորդ դարի սկզբից Հայաստանն ընկաւ խալիփայութեան լծի տակ: Սովորական դարձան բնակչութեան զանգուածային ոչնչացումը, գերեվարութիւնը, գոյքի յափշտակութիւնը: Այնուհանդերձ, այս պայմաններում եւս ինքնավարութեան կարեւոր ձեւեր շարունակում էին գործել: Եւ հէնց դրանց վրայ յենուելով՝ 886 թ. երկրում վերականգնուեց թագաւորութիւնը՝ « Մեծ Հայք » աւանդական անունով: Շատ շուտ, սակայն, նորաստեղծ պետութիւնը սկսեց բաժանուել մասերի: Դրան մեծ չափով նպաստեց բիւզանդական քաղաքականութիւնը. առաւելութիւններ շնորհելով նորաստեղծ թագաւորութիւններին եւ իշխանութիւններին՝ կայսրութիւնը ձգտում էր քաղաքական այդ միաւորները «կամաւոր» կերպով մտցնել Բիւզանդական պետութեան մէջ: XI դ. կէսերին Հայաստանի մեծ մասը դարձել էր Կայսերական տարածք՝ համապատասխան վարչական կառուցուածքով: Բայց այդ ժամանակ արդէն թափ էր առել թուրք-սելջուկների արշաւանքը, եւ նոյն դարի վերջերին Հայոց երկիրը յայտնուեց սելջուկեան լայնածաւալ պետութեան կազմում:

XII դ. առաջին տասնամեակներից Հիւսիսային Հայաստանը կազմում էր Վրաց պետութեան մասերից մէկը՝ օժտուած լինելով ինքնավարութեան լայն իրաւունքներով: Բայց արդէն XIII դ. 40-ական թուականներից ողջ Հայաստանը գտնւում էր մոնղոլների լծի տակ։ 1387 թ. այստեղ ներխուժեցին Թամուրլանգի զօրախմբերը՝ տիրելով ողջ երկրին, իսկ 1405 թ. նրա մահից յետոյ Հայաստանում տէր դարձան Միջին Ասիայից եկած Կարա-Կոյունլու եւ Աղ-Կոյունլու քօչուոր ցեղային միաւորումների առաջնորդները: Այս շրջանից հայերի գոյավիճակը աւելի քան երբեւէ կախուած էր երկրում հաստատուած, բայց միշտ անհարազատ քաղաքական կարգից: Վարչական սեփական հաստատութիւնները վերացել էին (այդ առումով եկեղեցին միակ բացառութիւնն էր), ազգային իւրայատկութիւնները դրսեւորում էին լեզուն, հաւատքը, մշակոյթի որոշ տարրեր, բայց ոչ՝ քաղաքացիական կարգը, որը կ'ապահովէր իրաւական ինչ-որ նորմեր: Բնակչութեան առանձին խմբեր կամ նոյնիսկ առանձին համայնքներ կարող էին գտնուել աւելի բարւոք պայմաններում, քան հիմնական զանգուածը, սակայն ընդհանուր առմամբ հայութիւնն իր հայրենիքում կախուած էր հաստատուած օտար քաղաքական վարչակարգի կամայականութիւնից: Այդ կարգերը կայուն չեն եղել, Հայոց հողի վրայ բախւում էին տարբեր տէրութիւնների շահերը, եւ, որպէս հետեւանք, տեղի էին ունենում երկարատեւ կռիւներ՝ ողբերգական բոլոր հետեւանքներով: Անկայունութեանը նպաստում էր նաեւ առանձին տիրակալների միջեւ ծագող անընդհատ երկպառակութիւնը: Այդ հանգամանքները դրդում էին եւ առաջ բերում հայերի գաղթը դէպի հիւսիս, արեւելք եւ արեւմուտք: Գաղթավայրերի թիւը անընդհատ աճում էր, բնականաբար, այդ վայրերն էին տեղափոխւում նաեւ հոգեւոր կեանքի հիմնական օջախները:

Որոշ ժամանակ անց Հայաստանը դարձաւ Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ վարուող, կործանարար արդիւնքներ ունեցող ռազմական գործողութիւնների թատերաբեմ: 1555 եւ 1639 թթ. այդ պետութիւնների միջեւ ստորագրուեցին հաշտութեան պայմանագրեր, համաձայն որոնց Արեւմտեան Հայաստանն անցաւ Օսմանեան Թուրքիային, իսկ Արեւելեանը մնաց Սե‎‎ֆեան Պարսկաստանին: Բաժանումը պահպանեց իր ուժը մինչեւ 1828 թ., երբ ռուս-պարսկական պատերազմի յաջող աւարտից յետոյ Արեւելեան Հայաստանի մեծ մասը միացուեց Ռուսաստանին: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդիւնքն էր Կարսի մարզի մուտքը Ռուսական կայսրութեան մէջ:

Բնիկ ժողովրդի տեղափոխումը հայրենիքից դուրս Հայոց պատմութեան տխուր առանձնայատկութիւններից մէկն է: Արտագաղթը տարբեր դրսեւորումներ ունէր, նրա չափանիշները որոշակի չէին, բայց իբրեւ օրէնք՝ դա տեղի էր ունենում, երբ հասարակական եւ ազգային ճնշումը օտար ստրկացնողների կողմից դառնում էր անտանելի: Նոյն ուժերը կարող էին իրականացնել նաեւ բռնի տեղահանում: Գաղթի, օտարութեան մէջ կամաւոր կամ բռնի գտնուելու գաղափարը մտել էր հայի գիտակցութեան մէջ եւ որոշ պայմաններում կարող էր վերացնել հոգեբանական խոչընդոտները նրանց մօտ, ովքեր ստիպուած լքում էին հայրենիքը:

Գաղթի ամենից վաղ օրինակները կապուած են Բիւզանդիայի հետ: Մտնելով կայսրութեան սահմանները՝ հայերը բնակութիւն էին հաստատում ոչ միայն այն տարածքում, ուր նրանց հայրենակիցներն ապրում էին արդէն նախորդ ժամանակներում (խօսքը վերաբերում է Փոքր Հայք ին եւ մասամբ Մեծ Հայք ի արեւմտեան տարածքին), այլեւ դրանց սահմաններից դուրս գտնուող հեռաւոր վայրերում: Նորեկները իրենց տեղն էին գտնում առաջին հերթին իբրեւ զինուորներ: Վեցերորդ եւ յաջորդող դարերում հայերը մեծ տեղ էին գրաւում կայսրութեան բանակում, ճանաչում գտնում որպէս ականաւոր զօրապետեր:

Ձգտումը դէպի Բիւզանդիա, որն առաջացել էր պարսից տիրապետութեան շրջանում, պահպանեց իր ուժը նաեւ խալիփայութեան կազմի մէջ գտնուելու դարերին: Բիւզանդական կայսրերը յաճախակի օգտագործում էին հայերին, որպէսզի նրանք մնան Պարսկաստանից յետ առած տարածքում եւ հաստատուեն այնտեղ որպէս կանոնաւոր զօրամաս: Հայերն իրենց դրսեւորեցին գործունէութեան տարբեր բնագաւառներում, մասնաւորապէս՝ գիտական. նրանց հասարակական ակտիւութեան մասին է խօսում այն փաստը, որ նրանցից շատերը հաստատուեցին կայսերական գահի վրայ: Այդ թիւը զգալիօրէն կ'աճի, եթէ օրինական թագակիրների շարքին աւելացնենք պարտութիւն կրած յաւակնորդներին:

Գաղթելով Բիւզանդիա՝ հայերը, յատկապէս նրանք, ովքեր բարձր պաշտօնի էին հասնում, ընդունում էին կայսրութեան տիրող դաւանանքը, այն է՝ ուղղափառութիւն: Բիւզանդական պետականութեան պայմաններում, բիւզանդական մշակոյթի ազդեցութեամբ նրանք իրենց բիւզանդացի էին ճանաչում, թէպէտ դարեր շարունակ պահպանում էին ազգային տոհմանուններ (երեխային անուն էին տալիս ըստ ընտանեկան աւանդոյթի): Միաժամանակ, նրանցից շատերը հաւատարիմ մնացին իրենց բնիկ հաւատքին, մշակոյթին, լեզուին: Հոծ զանգուած լինելով՝ Հայոց եկեղեցու զաւակները կազմում էին այդ եկեղեցուն ենթակայ համայնքներ:

Սելջուկների արշաւանքը դրդում էր գաղթի նոր հոսանքների, եւ հայերն ապաստան էին որոնում կայսրութեան տարբեր վայրերում, հաստատւում Եդեսիայում (Ուրֆա), Անտիոքում, Մելիտենէում (Մալաթիա) եւ յատկապէս Կիլիկիայում: XI դ. վերջերին այստեղ հաստատուեց հայկական իշխանութիւն, իսկ 1198 թ. այն ընդհանուր ճանաչում գտաւ որպէս թագաւորութիւն: Երկարատեւ թափառումներից յետոյ հէնց այստեղ հաստատուեց Հայոց եկեղեցու կաթողիկոսարանը՝ վերադառնալով Վաղարշապատ-Էջմիածին միայն 1441 թ.: Որպէս առանձին քաղաքական միաւոր՝ Կիլիկիայի հայկական թագաւորութիւնը գոյատեւեց մինչեւ 1375 թ. ՝ դրանից յետոյ ի վիճակի չլինելով դիմադրել մամլուքների նուաճմանը: Հայկական Կիլիկիայի պետական կառուցուածքը եւ մշակոյթը զարմանալի մի խառնուրդ են ազգային եւ դրսից՝ Բիւզանդիայից ու խաչակիր պետութիւններից իւրացուած բազմաթիւ տարրերի:

Հայոց գաղութների թիւը շարունակում էր աճել: Ապաստան ընտրելով՝ հայերը կազմում էին համայնքներ եւ պահպանւում այստեղ դարերի ընթացքում: Շրջապատի համեմատութեամբ հայկական համայնքներն աչքի էին ընկնում ոչ միայն անդամների ծագումով, լեզուով, մշակութային աւանդոյթով, հաւատքով, այլեւ առանձին մասնագիտութիւններով: Մեծ համայնք է առաջանում Կոստանդնուպոլսում, որը 1453 թ. դարձաւ 0սմանեան կայսրութեան մայրաքաղաք, ապա՝ Իզմիրում եւ Անատոլիայի այլ քաղաքներում: Հայերի գործունէութեան ընդգրկումը լայն է եղել. նրանք հանդէս էին գալիս իբրեւ փորձառու շինարարներ եւ արհեստաւորներ, նուիրւում մտաւորական մասնագիտութիւնների, մասնակցում էին թէ՛ ներքին առեւտրի, թէ՛ արտաքին՝ Իրանի, Ղրիմի, Ռուսաստանի եւ այլ երկրների հետ: Սկզբնապէս նրանց դիրքն ապահովուած է եղել: Թուրքական նուաճումը ինքնին որեւէ էական փոփոխութիւն չմտցրեց Հալէպի, Կահիրէի, Ալեքսանդրիայի կեանքում՝ քաղաքների, որտեղ հայերը վաղուց ի վեր ապաստան էին գտել:

XVII դ. սկզբներին Պարսից շահ Աբասը Հայաստանից բռնահանեց հայերի հոծ զանգուածների եւ նրանց բնակութեան տարաւ Իրանի տարբեր վայրեր: Ամենից մեծ գաղութն առաջացաւ երկրի մայրաքաղաք Իսֆահանի արուարձան Նոր Ջուղայում: Այս քաղաքի հայ վաճառականները ապրանքներ էին առաքում դէպի Մերձաւոր Արեւելք, Կոստանդնուպոլիս, Սեւ ծովի հարաւային ափի նաւահանգստային քաղաքներ: Նրանք հասնում էին մինչեւ Չինաստան եւ Ճապոնիա, իսկ արեւմուտքում՝ մինչեւ Ֆրանսիա, Հոլանդիա, Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, Սկանդինավիա:

Մի մեծ գաղութ ձեւաւորուեց Հնդկաստանում՝ Կալկաթա, Մադրաս, Բոմբեյ: XIX դ. գաղութներ առաջացան Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Եթովպիայում: Իսկ Երուսաղէմի հայկական թաղամասի պատմութիւնը սկիզբ է առնում քրիստոնէութեան առաջին դարերից:

Հայազգի վտարանդիները ապաստան էին գտնում նաեւ Ռուսաստանում. Մոսկուայի հայ բնակիչներին վերաբերող տեղեկութիւնները XIV դ. երկրորդ կէսից են: Այդ շրջանից սկսած՝ գաղութն անընդհատ աճում էր, աճում էր նաեւ հայերի գործունէութեան տարածքը: Մոսկուայի հայերը առեւտրականներ էին եւ արհեստաւորներ, զինուորականներ եւ աստիճանաւորներ, ձեռնարկատէրեր եւ մտաւորականներ՝ նկարիչներ եւ գրքի մարդիկ: Պարսկաստանի հայ վաճառականները կայուն կապեր են հաստատում Մոսկուայի հետ, 1667 եւ 1673 թթ. պայմանագրեր կնքում ռուս թագաւորի հետ եւ դրանցով ձեռք բերում կարեւոր արտոնութիւններ: Պետերբուրգում հայերը երեւացին նոր մայրաքաղաքի հիմնադրութեան արդէն առաջին տարիներին, այստեղ մասնաւորապէս առեւտրական կապեր հաստատեցին արեւմուտքի հետ՝ արտահանելով արեւելեան ապրանքներ:

XVI դարի երկրորդ կէսից հայերը հաստատւում են Աստրախանում: XVIII դարի 30-ական թուականներին Հիւսիսային Կովկասում կառուցւում է Ղզլար ամրոցը, եւ հողամասեր ստանալով մօտերքում՝ 1736 թ. հայերն անցնում են նրանց մշակմանը: Ղզլարում հայկական թաղամաս է ձեւաւորւում: 1763 թ. հիմնւում է Մոզդոկ քաղաքը, ուր հաստատւում են նաեւ հայերը: Նրանց թիւն անընդհատ աճում էր, եւ XVIII դ. վերջերին այստեղ գործում էր երկու եկեղեցի:

1768-1774 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետեւանքներից մէկը Ղրիմի խանութեան անջատումն էր Թուրքիայից, ինչը հնարաւորութիւն տուեց հանել Ղրիմից 13. 600 հայերի եւ բնակեցնել նրանց Ռուսաստանի հարաւում՝ այդ վայրերի տնտեսական իւրացման համար: 1778 թ. Ղրիմի հայերը տեղափոխւում են եւ ներկայիս Դոնի Ռոստովի սահմաններում հիմնում Նոր Նախիջեւան անունը ստացած թաղամասը: Հայկական գիւղեր են առաջանում նաեւ շրջակայքում: Փորձը կրկնուեց նաեւ 1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմից յետոյ: Այն ժամանակ Մոլդովայից եւ Բեսարաբիայից դուրս բերուեցին շուրջ 4000 հայեր, որոնք 1792 թ. Դնեստր գետի մօտ հիմք դրեցին Գրիգորիոպոլիս քաղաքին, իսկ մօտերքում՝ Վասիլիեւկա եւ Իոսիֆովկա գիւղերին: Կարեւորութիւն տալով Ռուսաստանի հարաւում առաջացած հայ գաղութներին՝ կառավարութիւնը շնորհում էր նրանց արտոնութիւններ, ապահովում որոշ ինքնավարութիւն:

Հայերի վիճակը 0սմանեան կայսրութիւնում միշտ էլ ծանր է եղել, իսկ XIX դարի վերջերին դարձաւ սպառնալի: Ճիշտ է, Կոստանդնուպոլսում առաջացաւ հայ ազգային բուրժուազիա, հակառակ եղած պայմանների զարգանում էր մշակոյթը, բայց գաւառներում շարունակւում էր տնտեսական ու դաւանական միջնադարեան հալածանքը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի աւարտից յետոյ Սան-Ստեֆանոյ քաղաքում ստորագրուած պայմանագրի մէջ մի առանձին յօդուած էր մուծուած, որի համաձայն թուրքական կառավարութիւնը յանձն էր առնում Արեւմտեան Հայաստանում բարեփոխումներ կատարել եւ ապահովել բնակչութեան անվտանգութիւնը: Այդպէս առաջացաւ Հայկական հարցը: Սակայն Բեռլինի վեհաժողովում (1878 թ. ) այդ դրոյթը վերանայուեց: Եթէ առաջ դրա իրականացման երաշխաւորը կոնկրետ երկիր էր՝ Ռուսաստանը, ապա նոր տարբերակով բարելաւումները պիտի ընթանային միջազգային հսկողութեան ներքոյ: Մեծ պետութիւնների միջեւ բարդ յարաբերութիւններ էին առաջացել, եւ սպասելիքը դառնում էր ապարդիւն: Ի սաստումն հայերի ձայն բարձրացնելու փորձերի՝ 1894-1896 թթ. Թուրքիայում տեղի ունեցան զանգուածային կոտորածներ, որոնց զոհ գնացին շուրջ 300 հազար հոգի: Այդ շրջանում արդէն ձեւաւորուել էին հայոց ազգային քաղաքական կուսակցութիւններ, սակայն նրանք ի վիճակի չգտնուեցին ապահովել Թուրքիայում հայրենակիցների անվտանգութիւնը: Ուստի նոյն ժամանակ ձեւաւորւում են ֆիդայինների խմբեր, որոնք ռազմական գործողութիւններ էին վարում թուրք իշխանութիւնների եւ տեղական աւազակախմբերի դէմ: Սակայն ուժերի յարաբերակցութիւնն այնպիսին էր, որ այդ քայլերը մեծ արդիւնք չունեցան:

1908 թ. սուլթան Աբդուլ-Համիդը գահավէժ եղաւ, իշխանութիւնն անցաւ երիտթուրքերի կուսակցութեան ձեռքը, որի ծրագիրը նախատեսում էր միացեալ ազգի ձեւաւորում, այսինքն՝ բոլոր ոչ մահմեդական ժողովուրդների ձուլում, էթնիկ միատարրացում: Խօսւում էր այն մասին, որ ազգային ճնշումը կը վերանայ, եւ բոլորը ձեռք կը բերեն քաղաքական իրաւունքներ: Արեւմտահայութեան որոշ մասը, այդ թւում նաեւ ամենից հեղինակաւոր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը, համաձայնեցին երիտթուրքերի յորդորներին, սակայն 1909 թ. գարնանը Ադանայ քաղաքում (Կիլիկիա) տեղի ունեցած կոտորածը, երբ զոհուեցին 30. 000 հայեր, լրիւ բացայայտեց նոր իշխանութիւնների իսկական ծրագրերը: Ռուսաստանը եւ եւրոպական երկրները փորձեցին որոշ ապահովութիւն եւ բարենորոգումներ նախատեսել Արեւելեան Թուրքիայի հայ բնակչութեան համար, սակայն սկսուեց առաջին համաշխարհային պատերազմը, եւ այդ ճիգերը դադարեցին:

1915 թ. ՝ պատերազմի թէժ պահին, երիտթուրքերը զանգուածային կոտորածի ենթարկեցին Թուրքիայի տարածքում ապրող եւ այդ երկրի քաղաքացիներ հանդիսացող հայերին: Հայերի կոտորածը՝ XX դարի առաջին ցեղասպանութիւնը, երիտթուրքերի լպիրշ ազգամոլութեան ծնունդ էր, արիւնոտ սուլթան Աբդուլ-Համիդի ժառանգորդութեան ապացոյց: Հայերին դիտում էին որպէս Մեծ Թուրանի ճամփին գտնուող խոչընդոտ, մի տէրութեան, որը կոչուած էր միացնել մէկ պետութեան սահմաններում Կովկասը, Ղրիմը, Մերձվոլգեան տարածքը, Միջին Ասիան:

Այդ գործողութիւնները բերեցին նրան, որ ողջ Արեւմտեան Հայաստանը կորցրեց իր բուն բնակչութիւնը: Զոհերի թիւը եղել է ոչ պակաս, քան 1, 5 միլիոն: Շուրջ 800 հազար հայեր դարձան գաղթական եւ ցրուեցին աշխարհով մէկ: Այժմ նրանց ժառանգները կազմում են Եւրոպայի եւ Ամերիկայի բազմաթիւ հայ համայնքների կորիզը: Թուրքիայում մնացել է մօտ 200. 000 հայ (60-70. 000 հազարը՝ Կ. Պոլսում), մինչդեռ պատերազմից առաջ նրանց թիւը հասնում էր 2, 5-3 միլիոնի:

1917 թ. Փետրուարեան յեղափոխութիւնը Ռուսաստանում եւ Ժամանակաւոր կառավարութեան իշխանութեան գալը հայերին յոյս ներշնչեցին, որ Հայկական հարցը կգտնի իր լուծումը, սակայն տեղի ունեցաւ խորհրդային յեղաշրջումը, եւ Ռուսաստանի դուրս գալը պատերազմից առաւել բարդացրեց վիճակը: Այսրկովկասի ղեկավար կուսակցութիւնները միացեալ պետութիւն ստեղծելու փորձ կատարեցին, բայց այն անկենսունակ գտնուեց: 1918 թ. մայիսի 26-ին իր անկախութիւնը յայտարարեց Վրաստանը, 27-ին՝ Ադրբեջանը եւ 28-ին՝ Հայաստանը: Այդ օրերին Հայաստանին յաջողուեց կանգնեցնել թուրքական բանակի առաջխաղացումը եւ հասցնել նրան մի շարք զգալի հարուածներ: Այնուամենայնիւ, մինչեւ տարուայ վերջը, երբ Թուրքիան ճանաչեց աշխարհամարտում իր կրած պարտութիւնը եւ դուրս եկաւ պատերազմից, դրութիւնը մնում էր ծայրաստիճան վտանգաւոր:

Տարածքի շուրջ առաջացած վէճը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ շատ շուտ գտաւ իր լուծումը: Նոյն հողի վրայ բարդացան յարաբերութիւնները Ադրբեջանի հետ եւ այս դէպքում դարձան սպառնալի: Տնտեսապէս երկիրը գտնւում էր ծայր աստիճան ծանր պայմաններում, 1918 թ. վերջերին սկսուեց կատարեալ սով: Ամերիկայի Միացեալ Նահանգներից եւ Անգլիայից եկող օգնութիւնը կարող էր մեղմացնել դրութիւնը միայն չնչին չափով: Միաժամանակ իրական պայմաններ առաջացան, որպէսզի ձեւաւորուի հայկական պետութիւն, ընդգրկելով պատմական Հայաստանի մեծ մասը, Երեւան մայրաքաղաքով: Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում գտաւ Սեւրում ստորագրուած պայմանագրում (10-12 օգոստոսի, 1920 թ. ), եւ կարծես հեռանկար էր բացւում սահմանների կարգաւորման համար: Սակայն նոյն թուականի սեպտեմբերին, գաղտնի դաւադրութեան մէջ մտնելով խորհրդային կառավարութեան հետ, Քեմալական Թուրքիան վերսկսեց իր յարձակումը Հայաստանի վրայ՝ սպառնալով բնաջնջել նաեւ Արեւելեան Հայաստանը: 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը, համաձայնութեան եկաւ Ռուսաստանի հետ եւ, փաստօրէն զրկուելով իր տարածքի համարեա կէսից, ճանաչուեց Խորհրդային հանրապետութիւն: Այդ կարգավիճակով նորաստեղծ պետութիւնը 1921 թ. մարտին զրկուեց Նախիջեւանի գաւառից եւ այլ տարածքներից (Կարսի ռուս-թուրքական պայմանագրով), իսկ 1921 թ. յուլիսին՝ նաեւ Լեռնային Ղարաբաղից (Կաւբիւրոյի որոշումով):

Նոր իշխանութեան հաստատումը իր բոլոր անկապտելի յատկութիւններով, այն է՝ կուսակցական ղեկավարութեամբ ամենուրեք եւ ամէն ինչում, վարչա-հրամայական կառուցուածքով, կենտրոնից եկող թելադրանքով, ազատամտութեան փաստօրէն բացառումով եւ այլն, այնուամենայնիւ, երկիրը դուրս բերեց անել վիճակից: Այդ բոլորի խորքի վրայ զարգանում էր տնտեսութիւնը, գիւղատնտեսութիւնը, գիտութիւնը, կրթութիւնը, մշակոյթը՝ հասնելով շատ բնագաւառներում բարձր մակարդակի: 1941-1945 թթ. հայերն իրենց հերոսաբար դրսեւորեցին Հայրենական պատերազմի ռազմաճակատներում, իսկ Հայաստան մտնելու համար պատերազմի ելքին սպասող Թուրքիան ստիպուած էր հաշուի նստել յաղթանակած երկրի գոյութեան փաստի հետ:

Խորհրդային տարիներին ժամանակ առ ժամանակ արտասահմանում ապաստան գտած հայերի ներգաղթ էր տեղի ունենում. առանձնապէս խոշոր էր այն 1946-1948, 1960-1970 թուականներին: Շփումը աշխարհի բազմաթիւ երկրներից եկող հայրենակիցների հետ ինչ որ չափով լայնացնում էր տեղացիների մտահորիզոնը, հետաքրքրութիւն բորբոքում ազգային անցեալի նկատմամբ, քանզի դրսի հայութեան պատմական յիշողութիւնն աւելի ամուր էր, քան նրանց խորհրդայնացուած հայրենակիցներինը:

1965 թ. ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում նշուեց հայերի ցեղասպանութեան յիսնամեակը: Երեւանում առանց իշխանութիւնների թոյլտւութեան տեղի ունեցաւ զանգուածային ցոյց: Միաժամանակ ցեղասպանութեան յիշատակը թափանցեց նաեւ պաշտօնական գաղափարախօսութեան շրջանակ, որի նիւթականացած արտայայտութիւնն էր Երեւանում Մեծ եղեռնի յուշարձանի կառուցումը: Այդ տարիներին ոչ միայն արտասահմանում, այլեւ բուն Հայաստանում անընդհատ շօշափւում էր Թուրքիայում մնացած հայկական հողերի՝ Արեւմտեան Հայաստանի վերադարձի խնդիրը: Ի տարբերութիւն Ռուսաստանի՝ քաղաքական այլախոհութիւնը Հայաստանում պտտւում էր մեծ մասամբ այդ թեմայի շուրջ: Ընդհանուր առմամբ, դրա հետ էր կապուած նաեւ ղարաբաղեան շարժումը, որը հսկայական ազդեցութիւն գործեց հայերի ինքնագիտակցութեան վրայ:

1988 թ. փետրուարին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) խորհուրդը դիմեց ԽՍՀՄ Գերագոյն խորհրդին, միաժամանակ նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի Գերագոյն խորհուրդներին՝ խնդրելով հաւանութիւն տալ ԼՂԻՄ-ի դուրս գալուն Ադրբեջանի վարչական կազմից եւ Հայաստանի կազմի մէջ մտնելուն: Այդ դիմումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ սահմանադրութեանը եւ այնուամենայնիւ վերեւներում փոթորիկ առաջացրեց: Նոյն ամսի վերջում Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ջարդ տեղի ունեցաւ, որը իշխանութիւններն էին սադրել, կամ առնուազն այն տեղի էր ունենում նրանց կողմից ցուցաբերած կատարեալ անտարբերութեան մթնոլորտում: Ջարդին զոհ դարձած մի քանի տասնեակ հայերն ու ողջ մնացածների ապաստանումը Հայաստանում ազգային յիշողութեան մէջ արթնացրին դարասկզբի իրողութիւնները: Մոսկուան հրաժարւում էր գնալ որեւէ զիջման, ԼՂԻՄ-ի դիմումը ամբողջութեամբ մերժուեց, միաժամանակ ժողովրդական շարժումը մեծ թափ ստացաւ: Նրա ղեկավարման համար ձեւաւորուեց «Ղարաբաղ» անուամբ կոմիտէ, որի կազմի մէջ մտան հիմնականում երիտասարդ մտաւորականներ (միակ բացառութիւնը՝ աւագ սերնդից ակադ. Ռաֆայէլ Ղազարեանն էր), այդ թւում՝ հայագէտներ Լեւոն Տէր-Պետրոսեանը, Համբարձում Գալստեանը եւ Ալեքսան Յակոբեանը:

1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժն իր կործանիչ հետեւանքներով բարեպատեհ առիթ ծառայեց իշխանութիւններին՝ կոմիտէի անդամներին մի քանի ամսով կալանաւորելու համար: Բայց շարժումն անհնարին էր կանգնեցնել:

1990 թ. ամռանը Գերագոյն խորհրդի նոր ընտրութիւններում ժողովրդավարական ուժերը կազմեցին մեծամասնութիւն: Օգոստոսի 23-ին Գերագոյն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախութեան հռչակագիրը: ԽՍՀՄ-ի փլուզմանը զուգընթաց 1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացաւ հանրաքուէ, եւ նրա արդիւնքները հիմք հանդիսացան անկախ Հայաստանի հանրապետութեան հռչակման համար: 1991 թ. դեկտեմբերի 21-ին հանրաքուէ տեղի ունեցաւ նաեւ Լեռնային Ղարաբաղում, որով ժողովուրդը վերահաստատեց սեպտեմբերի 2-ին մարզային եւ շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակուած անկախութիւնը: Ադրբեջանի սանձազերծած պատերազմը յանգեցրեց հայոց պատմական այլ տարածքների ազատագրմանը: Ռազմական գործողութիւնները Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ աւարտուեցին կրակի դադարեցման 1994 թ. մայիսի 12-ի Բիշկեկի համաձայնութեամբ:

Ներկայումս Հայաստանը ձգտում է յաղթահարել այն դժուարութիւնները, որոնք առաջացել էին սոցիալիստական համակարգի կործանումով եւ ղարաբաղեան պատերազմի հետեւանքով. սկսել է ձեւաւորուել շուկայական տնտեսութիւն, հասարակական կեանքում եւ կենցաղում արմատ են ձգել նոր հասկացութիւններ: Այդ առումով Հայաստանը քիչ է տարբերւում նախկին ԽՍՀՄ այլ հանրապետութիւններից: Միաժամանակ առաջացան նաեւ իւրայատուկ հանգամանքներ, մասնաւորապէս սահմանային շրջափակումներ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որոնք չափազանց բարդացրին եւ որոշ առումով շարունակում են բարդացնել երկրի վիճակը: Հայաստանի տնտեսութիւնը միշտ կապեր է ունեցել հարեւան հանրապետութիւնների եւ մանաւանդ՝ Ռուսաստանի հետ: Ներկայ պայմաններում այդ երբեմնի կայուն կապերը կրճատուել են կամ լրիւ վերացել:

Անկախութեան առաջին տարիներին տագնապալից չափերի էր հասել բուն բնակչութեան արտագաղթը: Յոյսերը կորցնելով ապահովութիւն ձեռք բերել հայրենիքում՝ հայերը լքում էին երկիրը եւ հաստատւում արտասահմանում, նախ եւ առաջ՝ Ռուսաստանում եւ Միացեալ Նահանգներում: Բարեբախտաբար, վերջին տարիներին արտահոսքը կրճատուել է: Ռազմական գործողութիւններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չեն ընթանում, սակայն լարուածութիւնը շարունակւում է:

Նոյնպիսի բարդ պայմաններում է գտնւում նաեւ Լեռնային Ղարաբաղի պետութիւնը: Պաշտօնապէս ճանաչում չստանալով որեւէ պետութեան կողմից՝ Արցախն, այնուամենայնիւ, աւելի ու աւելի է հաստատւում իբրեւ քաղաքական առանձին միաւոր: Դրա հետ մէկտեղ ե՛ւ Հայաստանի բնակչութիւնը, ե՛ւ ղարաբաղցիները դիտում են իրենց որպէս մէկ ժողովուրդ:

Անցեալ դարի 80-90-ական թուականների վերջերին սկսուած եւ մասամբ մինչեւ այսօր շարունակուող պատմական դէպքերը մեծ փորձութիւն են եղել հայերի համար: Սակայն կարելի է համոզուած լինել, որ հայերը կարողացան ճիշտ ընտրել ուղին, դրսեւորեցին իրենց ձգտումը դէպի համամարդկային արժէքները, դէպի ազատութիւն եւ ժողովրդավարական սկզբունքները: Պատմական փորձից կարելի է եզրակացնել, որ դարերի ընթացքում, երբ համապատասխան պայմաններ էին առաջանում, մեր ժողովուրդն իրեն դրսեւորում էր աւելի որպէս արեւմտեան, քան արեւելեան ժողովուրդ: Վերջին տարիների փորձը եւս մէկ անգամ ապացուցեց այդ առանձնայատկութիւնը:

 

Այսօրուայ սփիւռքը, թէպէտ եւ ունի ընդհանուր առմամբ բազմադարեան ակունքներ, ձեւաւորուել է զգալի չափով XX դարում՝ ընդգրկելով Արեւմտեան Հայաստանի տարագրեալներին, Կիլիկիայի եւ Թուրքիայի մի շարք այլ վայրերի հայոց ողջակիզումից փրկուածների սերունդներին: Գաղթականները ապաստան էին գտնում իրենց հայրենակիցների մօտ, որոնք վաղուց ի վեր հաստատուել էին օտարութեան մէջ, կամ ստեղծում նոր գաղութներ: Ներկայումս կայուն հայ համայնքներ գոյութիւն ունեն Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներում (Իրան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Յորդանան, Իսրայէլ), Բալկանեան թերակղզում (Բուլղարիա, Յունաստան, Ռումինիա), Արեւմտեան Եւրոպայում (Ֆրանսիա, Իտալիա), Աֆրիկայում (Եգիպտոս, Եթովպիա), Հիւսիսային Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա), Հարաւային Ամերիկայում (Արգենտինա, Ուրուգուայ): Վերջին տասնամեակների քաղաքական անցուդարձերը որոշ արտահոսք առաջացրին Եգիպտոսից, Լիբանանից, Կիպրոսից, Պարսկաստանից, Իրաքից դէպի ԱՄՆ եւ նոյնիսկ Աւստրալիա:

Նախկին ԽՍՀՄ տարածքում հայերը շարունակում են բնակուել Հիւսիսային Կովկասում, Ղրիմում, Վրաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում: Հայերի հալածանքը Ադրբեջանում աւարտուեց նրանով, որ այդ հանրապետութիւնից մազապուրծ հեռացան աւելի քան 300. 000 բնակիչ: Վրացիների եւ աբխազների ընդհարումը բերեց նրան, որ շուրջ 30. 000 հայեր ապաստանեցին Հիւսիսային Կովկասում: Ներկայումս հայեր կան Ռուսաստանի գրեթէ բոլոր երկրամասերում եւ մարզերում:

***  

Հայ ժողովրդի պատմական անցեալին, հայկական քաղաքակրթութեանը վերաբերող ընդհանուր աշխատութիւններից կարեւոր է նախ եւ առաջ «Հայ ժողովրդի պատմութիւն» վերնագիրը կրող ութհատորեակը, որը լոյս է տեսել Երեւանում 1967-1984 թուականներին, Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի հրատարակչութիւնում [0. 1]: Թեմային վերաբերող գլխաւոր հարցերը ընդգրկուած են այստեղ աւելի լայն ձեւով, քան նման որեւէ այլ երկում: Աշխատութիւնը հիմնուած է բազմալեզու սկզբնաղբիւրների վրայ, մասնագիտական գրականութեան լայն ընդգրկումով, ութհատորեակի ստեղծմանը մասնակցել են Հայաստանի՝ համապատասխան ժամանակաշրջանները հետազօտող մասնագէտները: Այդ գործը հրատարակութեան էր պատրաստւում մի շրջանում, երբ «մարքս-լենինեան պատմագրութիւնը» ստիպուած էր որոշ չափով վերանայել իր քարացած դիրքերը, եւ հեղինակներին յաջողուել է որոշ զգուշաւորութեամբ ներկայացնել Հայոց աշխարհը ողջ ընդգրկմամբ՝ պատասխանելով զուտ գիտական պահանջներին:

1982 թ. Ֆրանսիայում Ժիրայր Դէդէեանի խմբագրութեամբ լոյս տեսաւ մէկ հատորով «Հայերի պատմութիւն» ֆրանսերէն լեզուով [0. 2]: Այդ աշխատութեանը մասնակցեցին Ֆրանսիայի եւ Միացեալ Նահանգների ճանաչուած հայագէտներ: Գիրքն ընդգրկում է հայ ժողովրդի գոյութեան ողջ շրջանը, սակայն փաստերը ներկայացւում են աւելի հակիրճ ձեւով, քան վերեւում յիշատակուած ութհատորեակը: Խօսքը վերաբերում է յատկապէս հին եւ միջին դարաշրջաններին, համառօտուած է նաեւ մշակոյթի շարադրանքը: Այդուհանդերձ նիւթը ներկայացուած է ամուր գիտական հիմքերի վրայ, իսկ շարադրանքի խտութիւնը կարող է դիտուել նաեւ որպէս առաւելութիւն: Աշխատութեան իւրաքանչիւր բաժնին կցուած է մատենագիտութիւն:

Կառուցուածքով եւ ուղղուածութեամբ ֆրանսերէն «Հայերի պատմութիւն» աշխատութեանը մօտ է 1997 թ. Ռիչարդ Յովհաննիսեանի խմբագրութեամբ անգլերէն լոյս տեսած պատմութիւնը, որը դարձեալ ընդգրկում է Հայոց պատմութեան ողջ շրջանը [0. 3]։ Մասնակիցների մի խումբը նոյնն է, ինչ որ եւ ֆրանսերէն գրքում: Այստեղ եւս ամէն մի բաժնին կցուած է նորագոյն գրականութեան ցանկ:

Այս երեք աշխատութիւնների թէ՛ բուն շարադրանքը եւ թէ՛ նշած գրականութիւնը կարող են ելակէտ ծառայել հայագիտութեան բազմաթիւ խնդիրների մէջ խորանալուն:

1998 թ. Երեւանում հրապարակուեց ռուսերէն «Հայկ նահապետի ժառանգները» վերնագիրը կրող Հայոց պատմութիւն, որի առաջին 14 գլխի հեղինակն է Կարէն Իւզբաշեանը, մնացած մասինը՝ Կոնստանտին Խուդավերդեանը, իսկ խմբագիրը՝ Գագիկ Սարգսեանը, որը եւ ապահովել է բովանդակութեան ու շարադրանքի շիտակ տեսքը [0. 4]: Գիրքն ամբողջութեամբ հիմնուած է սկզբնաղբիւրների վրայ, օգտագործուած է եղած գրականութիւնը, սակայն ի տարբերութիւն նախորդ երեք աշխատութիւնների՝ այն հասցէագրուած է լայն ընթերցողին, ուստի աղբիւրները յանուանէ չեն յիշատակւում, պարզեցուած է նաեւ շարադրութեան ոճը: Միւսների համեմատութեամբ «Հայկ նահապետի ժառանգները» աւելի մատչելի է սկսնակ պատմաբանին:

Հայոց պատմական աւանդոյթը մեծ կարեւորութիւն է տալիս կենդանի դէմքերի ներկայացմանը՝ պետական գործիչներից սկսած եւ շարքային մարդկանցով աւարտուած: Ծանօթութիւնն այդ դէմքերի հետ հնարաւորութիւն է տալիս աւելի անմիջական եղանակով ըմբռնել անցեալը: Այդ առումով եզակի է Հրաչեայ Աճառեանի կազմած «Հայոց անձնանունների բառարանը»՝ հինգ հատոր, մինչեւ XVIII դար ներառեալ [0. 5]: Նոր ժամանակների պատմութեան, մշակոյթի ու գրականութեան անձնաւորման հարցերում Հ. Աճառեանի բառարանի շարունակութիւն կարելի է դիտել Գառնիկ Ստեփանեանի «Կենսագրական բառարանի» երեք հատորը [0. 6]:

Հայոց ազգագրութեանը նուիրուած ստուարածաւալ գրականութիւնից յանձնարարելի են Վարդ Բդոյեանի եւ Ալլա Տէր-Սարգսեանցի աշխատութիւնները, որոնք իրենց մենագրական բնոյթով հանդերձ կարող են նկատուել իբրեւ ուսումնական ձեռնարկներ [0. 7-8]: