Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱԼԿՈԼԻ ԱՃԵՑՈՒՆ ՍՊԱՌՄԱՆ ԵՒ ԼՈՒՍՆՈՏՈՒԹԵԱՆ, ԱՊՇՈՒԹԵԱՆ ՈՒ ԽԵԼԱԳԱՐՈՒԹԵԱՆ ՅԱՐԱՏԵՒ ԱՒԵԼԱՑՄԱՆ ՄԷՋ ՄԻ ՈՒՂՂԱԿԻ ԱՌՆՉՈՒԹԻՒՆ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ՞

David (Չիկագօից, Ամերիկա). - «Վերևի հարցման առանց վարանելու պէտք է այո՛ պատասխանել։ Բացի սրանից, պարզ քննութիւնը ցոյց է տալիս, որ մարդս որքան աւելի ալկոլ է խմում, այնքան աւելի շուտ ենթակայ է լինում ցրտառութեան և հիւանդութեան, և նուազ ֆիզիգական ու մտաւոր աշխատութիւն կարողանում է կատարել։ Ալկոլը՝ ջրի և սպիրտային նիւթերի համար մի զօրաւոր մերձաւորութիւն ընծայելով, խանգարում է արիւնը, վնասում է նեարդային դրութիւնը և հետևաբար նաև ծննդագործական գործարանները։ Ուրեմն պատճառած վնասները ժառանգական են։ Ահաւասիկ այս բոլոր ճշմարտութիւնները հաստատող իրողութիւններ, նախապէս անասունների վրայ կատարուած փորձերը նշանակենք։

Ալկոլի շոգի պարունակող մի մթնոլորտում թխսւած ձուերից մեծ մասամբ կիսակատար և հիւանդոտ ճուտեր արտադրուած են. և այն շուներից, որոնց ամեն օր բաւական չափով ալկոլ են խմեցնում, այնպիսի լակոտներ են ծնւում, որոնց մեծագոյն մասը ծնւելուց մի քանի օր յետոյ մեռնում են, մնացածները ապրում են լուսնոտներ լինելու համար, և շատ քիչերն առողջ՝ մի չափահաս տարիքի են հասնում։

Անասունից մարդիս անցնելով, հետևեալ իրողութիւնը նկատւում է։ Ուժեղ և ժուժկալ մի կին մի գինեմոլի հետ ամուսնացաւ, որից ունեցաւ հինգ զաւակ, նրանցից չորսը տասն օրից առաջ մեռան, միայն մէկը մինչև 5 տարեկան ապրեցաւ։ Մարդը մեռաւ և կինը նորից ամուսնացաւ, և այս անգամ իրա նման ուժեղ և ժուժկալ մի մարդի հետ։ Նրանից երկու զաւակ ունեցաւ, որոնցից մէկը այժմ չորս տարեկան է և միւսը մի քանի շաբթուան, երկուսն էլ հրաշալի կերպով առողջ են։

Կարճ խօսքով, ասում է մի ուրիշ բժիշկ, ալկոլը ձգտում է ստեղծել մշտակայ աղքատութիւն, հիվանդութիւն և ոճիր։ Քիչ կամ մեծ չափով ալկոլ խմողներ եթէ ստիպուած են մի միայն իրար հետ ամուսնանալ, նրանց ամբողջ ցեղը առնուազն մի կամ երկու դարում ջնջուելու է. ժուժկալ անհատների հետ միանալով է, որ իրանց ցեղի բնաջինջ լինելուց ազատւում են. սակայն միևնոյն ժամանակ այս կերպով է, որ իրանց երակների թոյնը տարածում են ընկերական բոլոր խաւերում, և աւելի լցնում են բանտերը, յիմարանոցները և հիւանդանոցները, քան թե դպրոցները և եկեղեցիները, և հաւասարապէս ամեն օր թերթերի սիւնակներն են լցնում, իրանց անառակութեանց, գողութեանց, մարդասպանութեանց և անձնասպանութեանց պատմութիւններով, նոյնիսկ մեր քրիստոնէական կոչած քաղաքակրթութեան ծոցում։ Իսկապէս, հանրային գիտակցութիւնը տկարացած պէտք է լինի, ամենատարրական ողջամտութիւնը՝ նոյնիսկ ալկոլի ներգործութեամբ՝ վատթարացած պէտք է լինի, որպէս զի մի այսպիսի թոյնի պատրաստութիւնն ու վաճառումը տակաւին արտօնուած լինի, մինչդեռ միւս կողմից, հարկաւոր է լինում զգաստարանների և բանտերի թիւը շատացնել, այս թոյնի զոհերին այնտեղ փակելու համար»։