Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

II. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ XVIII ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴՈՒՄ

Ազատագրական շարժման արտահայտումները Երեւանում մինչեւ XVIII դարի սկիզբը։ Իսրայել Օրու նամակ-խնդրագրերն ու զեկուցագրերը եւ Երեւանը։ Երեւանի ազատագրման հարցը Օրուն փոխարինած Մինաս վարդապետի նամակներում ու զեկուցագրերում։ Հայոց կաթողիկոսի եւ Թիֆլիսի արքեպիսկոպոսի նամակները՝ ուղղված Մինաս վարդապետին։ Պետրոս դի Գիլանենցի օրագրությունը: Պետրոս I-ի կասպյան արշավանքը եւ ազատագրական շարժման աշխուժացումը։ Ազատագրական պատերազմները Ղարաբաղամ եւ Սյունիքում։ 1724 թվականի Երեւանի պաշտպանության մասին եղած ոկզբնաղբյուրներն եւ ուսումնասիրությունները։ Պարսկաստանի ու Անդրկովկասի ներքին դրությունը XVIII դարի առաջին քռորդի վերջերին եւ թուրքական արշավանքը։ Թուրքական բանակի առաջավոր ջոկատի արշավանքը Յալղուզ Հասանի եւ Ղոչ Ալիի գլխավորությամբ. Եղվարդի ճակատամարտը եւ Կարբիի դեպքերը։ Երեւանի պաշարումը եւ աոաջին կոիվները հայ-պարսկական ուժերի ու թուրքական բանակի միջեւ։ Թուրքական բանակի նոր ստացած համալրումները։ Թուրք պատմագիր Չելեբիի վկայությունները։ Երեւանի եւ շրջակա գյուղերի բնակիչներից կազմված զորքերի թիվը, ջոկատները, ղեկավարները, քաղաքի պաշտպանության համակարգը ըստ նախօրոք մշակված պլանի։ Հերոսամարտեր։ Նոր համալրում։ Վերջին հերոսամարտը։ Երեւանի գրավումը թուրքական բանակի կողմից։ Երեւանի 1724 թվականի պաշտպանության նշանակությունը։ Թուրքական տիրապետության հաստատումը երկրում եւ բնակչության ծանր վիհակը։ Սոցիալական շարժման արտահայտությունները Երեւանում XVII դ. աոաջին քառորդում

Դժվար է անվերապահորեն ընդունել Երվանդ Շահազիզի այն տեսակետը, թե հայերը թուրք-պարսկական «կռիվների ժամանակ կամ իրենց հոժար կամքով փախել, մտել են բերդը եւ ապավինել նրա ամրություններին, կամ բռնի փոխադրվել բերդը, եթե մի որեւիցե բանով իշխողներին կասկածելու տեղիք են տված եղել, ինչպես այդ պատահել է ռուսաց արշավանքների ժամանակները» [1] ։ Ինչ խոսք, հայերի համար թուրք-պարսկական պատերազմներին մասնակցելը վնասակար էր, իրենց շահերից չբխող։ Սակայն նրանք քաջ գիտակցում էին, որ յուրաքանչյուր նոր հարձակում ու ասպատակություն միայն նոր ավերում էր բերում մեր երկրին։ Այդպիսի պայմաններում նրանք չէին կարող անտարբեր մնալ արհավիրք բերող պատերազմների նկատմամբ, անկախ նրանից, թե այդ պատերազմն սկսել էր Թուրքիան, թե Պարսկաստանը։ Պատմությունից հայտնի է, որ Երեւանի հայերն ու ադրբեջանցիները իրենց դժգոհություններով մի քանի անգամ հարկադրել են պարսից շահին Երեւանից ետ կանչելու անբարիշտ, չափն անցկացրած խաներին [2] ։ Հայերն իրենց վիճակը թեթեւացնելու համար փորձում էին օգտվել նույնիսկ նվազագույն պայմաններից։ Նրանք սկզբնական շրջանում անգամ մեծ հույսեր էին կապում Շահ-Աբասի արշավանքի հետ եւ բարյացակամ էին տրամադրված նրա նկատմամբ։ Զաքարիա Սարկավագը պատմում է, որ 1625 թվականին Ամիրգունա խանին փոխարինած Թահմազ-Ղուլի խանը Վրաստանի կողմերում արշավանքի գտնվելու ժամանակ Էրզրումից Սաղ ու Սոլ կոչված աղաները եւ ոմն Շխիջան-փաշան իրենց զորքերով ավերում են Շիրակը, Նիգը (Ապարան) եւ Արայի լեռան հյուսիսային կողմով մտնում Կոտայք, ապա՝ Եղվարդ գյուղը՝ շրջապատելով նրա ամրոցը։ Անզեն եղվարդցիները այնուամենայնիվ դիմադրում են ավարառուներին։ Նրանք քարկոծելով կարողանում են առժամանակ թույլ չտալ թշնամուն գյուղն ավարի ենթարկելու։ Քարերն սպառվելուց հետո միայն թուրքերին հաջողվում է մտնել գյուղ, սպանել 30 մարդու, գյուղը ենթարկել ավարի, գերեվարել որոշ թվով մարդկանց եւ Աշտարակի կամուրջներով ու Թալինի վրայով շուտափույթ վերադառնալ Կարս, որովհետեւ լուր էին առել, որ Թահմազ-Ղուլի խանն արդեն վերադարձել է. «... Ժողովեցան Օսմանցիք՝ եւ գնացին ի գաւառն Շիրակայ եւ Նգայ եւ ի Հիւսիսոյ կողմանէ Արայ լերինն գնացին ի գաւառն Կոտէից. եւ աւար առին զոր ինչ գտին. եւ եկին յԵղուարդ գիւղ. եւ պատեցին զամրոց նորա, եւ գեղականքն պատերազմեցան ընդ նոսա քարամբք։ Իսկ Օսմանցիքն տեւեցին մինչեւ սպառել քարանց նոցա։ Եւ ապա դիւրաւ առին զամրոցն, եւ կոտորեցին ի նոցանէ արս Լ, եւ գերեցին զորս գտին ի նմա՝ մարդ եւ անասուն... », գրում է նա [3] ։ Եղվարդի դեպքը եզակի երեւույթ չէր։ Նայած ուժերին եւ հանգամանքներին, մեր ժողովուրդը միշտ էլ պայքարել է արտաքին նվաճողների դեմ։ Այդ պայքարը մերթ արտահայտվել է դիվանագիտությամբ, մերթ անբավականությամբ ու դժգոհությամբ, մերթ համեմատաբար փոքրաթիվ անհատների գործունեությամբ, մերթ ժամանակավորապես մեկ թշնամու հետ միասին մյուս ավելի գիշատիչ թշնամու դեմ մաքառելով, մերթ էլ ազատագրական պատերազմով։ Այդ ընդհանուր ազատագրական պայքարի բաղկացուցիչ մասն է կազմել նաեւ Երեւանի բնակչության մղած պայքարը արտաքին նվաճողների դեմ։ Ավելին, անկախ նրանից, թե ազատագրական պայքարի կենտրոնը որտեղ էր գտնվում՝ էջմիածնում, թե Սյունիքում, Մադրասում, թե Պետերբուրգում կամ Թիֆլիսում, միեւնույն է, ամբողջ երկրի ազատագրության հանգուցակետը համարվել է Երեւանը՝ Արեւելյան Հայաստանի հիմնական կենտրոնը, «մայրաքաղաքը», ինչպես մեր հեղինակներն են այն կոչում, թեպետեւ Երեւանն այդ ժամանակներում սոսկ խանության կենտրոն էր եւ Հայաստանը չուներ իր պետականությունը։

Երեւանում ազատագրական բացահայտ շարժումները սկսվում են XVIII դարի առաջին քառորդից եւ շարունակվում մինչեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը, որից հետո Հայաստանի այդ մասում ազատագրական շարժումը՝ մանավանդ XIX դ. վերջերից ռուսական պրոլետարիատի հեղափոխական պայքարի ազդեցության տակ ընդունում է ավելի լայն բովանդակություն եւ վերջ ի վերջո պսակվում հաղթանակով՝ Արեւելյան Հայաստանում սովետական կարգերի հաստատմամբ։

Երեւանի եւ նրա շրջակայքի գյուղերի բնակիչները օսմանյան զավթիչների դեմ ազատագրական պատերազմի են դուրս եկել 1724 թվականին, 1722 թվականին սկսված թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։ Հարց է առաջանում, թե ինչ դրդպատճառներ ու պայմաններ կային այդ ազատագրական պատերազմի համար եւ ինչպիսի դեպքեր են նախորդել դրան։

Հայ ազատագրական շարժումը XVII դարի վերջերին եւ XVIII դարի սկզբներին թեւակոխում է մի նոր ժամանակաշրջան։ Մինչ այդ, եթե Հայաստանի ազատագրությունը ներքին ուժերից բացի, կապում էին արեւմտաեվրոպական պետությունների օգնության հետ, ապա այժմ ստեղծված նոր պայմանները հայ առաջավոր ներկայացուցիչներին թելադրում էին արտաքին օգնության հարցում վերանայել իրենց նախկին կողմնորոշումը եւ արեւմտաեվրոպական պետությունների փոխարեն երկրի ազատագրության համար օգնության դիմել Ռուսաստանին։ Այդ նոր կողմնորոշման պիոներն Իսրայել Օրին էր։ Նա իր բազմամյա ու անխոնջ գործունեության շնորհիվ եկել էր այն եզրակացության, որ արեւմտաեվրոպական պետությունները Անդրկովկասում առայժմ քաղաքական շահեր չունեին եւ նրանցից շոշափելի օգնություն հնարավոր չէր ստանալ։ Միակ ռեալ ուժը, որին կարելի է դիմել օգնության համար, դա Ռուսաստանն էր։ Իրոք որ XVIII դարի սկզբներին Ռուսաստանը ոտք էր դրել Անդրկովկասում ու կարեւոր դեր էր խաղում նրա արտաքին քաղաքական կյանքում։ Հենց միայն այդ հանգամանքը բավական էր, որպեսզի հայ առաջավոր գործիչները՝ Իսրայել Օրին, Մինաս վարդապետը, Պետրոս դի Սարգիս Գիլանենցը, ինչպես նաեւ եկեղեցական մի քանի գործիչներ, մելիքներ ու այլ կարգի գործիչներ մեր ժողովրդի ազատագրության համար ամենատարբեր միջոցներով դիմեն Ռուսաստանին եւ խնդրեն նրա օգնությունը, խոստանալով իրենք իրենց հերթին կատարել հնարավոր ամեն ինչ ռուսական զորքի հաղթանակի համար։

Իսրայել Օրու նամակներում եւ զեկուցագրերում առանձնահատուկ տեղ է տրված Երեւանին՝ նրա բերդի նկարագրությանը, ստրատեգիական ու քաղաքական նշանակությանը, զինվորական այն ուժերին, որ քաղաքը կարող էր դուրս բերել խանության շրջանների հետ միասին, քաղաքի ազատագրման կարեւորությանը։

Դեպի Պարսկաստան կատարած իր մի ճանապարհորդության մասին տված բացատրականներից մեկում Իսրայել Օրին գրում է, որ Երեւանը հայկական քաղաք է, նրա 12 ավագները հայեր են, որ հայերը պարսիկների կողմից ճնշվում ու հալածվում են եւ խորհրդակցելով որոշել են իրենց ազատագրության համար դիմել ձերդ կայսերական մեծությանը [4] ։ Անգեղակոթի 1699 թվականի ժողովի լիազորմամբ գրած նամակներից մեկում Օրին հավանական է համարում, որ ռուսական զորքը Անդրկովկաս մտնելուց հետո թուրքերը կարող են պատերազմ հայտարարել, բայց այդ պատերազմն ըստ Օրու, նրանց ոչ մի օգուտ չի բերի, «որովհետեւ առնելու մի քաղաք միայն կա, այն է Երեւանը» [5] ։ Հայաստանում Երեւանի ազատագրումը համարելով ռուսական զորքի ենթադրվող արշավանքի ամենահիմնական խնդիրներից մեկը, Օրին 1701 թվականի իր հուշերում պատմում է Երեւանի բերդի պաշտպանական կառույցների, կայազորի եւ հրետանու ու ռազմամթերքի մասին։ Ինչպես իր մյուս նամակներում, հուշերում, այնպես էլ այստեղ նա Պետրոս Առաջինին հավատացնում է, որ Երեւանը չնայած ունի քարաշեն բերդ, 30 դաշտային թնդանոթ՝ 200 թնդանոթաձիգներով եւ այլն, բայց այն ռուսական զորքով կարելի է գրավել նույնիսկ առանց մարտի, որովհետեւ, ինչպես Օրին է հաղորդում, բերդում չկան ռումբեր, վառոդ։ Վառոդը եւ մյուս ռազմական զինամթերքները գտնվում են հայերի ձեռքին, որ հայերի ձեռքին են նաեւ դրամահատությունը, բերդի ունեցած երկու դարպասները պաշտպանում են միայն մեկական զինվորներ, որ այստեղ ապրող հայերը հեշտությամբ կարող են բաց անել դարպասները եւ այգիների միջով դրանց մոտեցած զորքերը հեշտությամբ կգրավեն բերդը [6] ։ 1703 թվականի նոյեմբերին գրած մի այլ նամակ-խնդրագրի հետ միասին Իսրայել Օրին Պետրոս Առաջինին է ներկայացնում Հայաստանի բավական մանրամասն քարտեզը եւ վերջինիս ուշադրությունը հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկրում (Արեւելյան Հայաստանում) միակ բերդը Երեւանի բերդն է, այլ ամուր բերդաքաղաքներ ամբողջ երկրում չկան [7] ։ Հայտնի է, որ Իսրայել Օրին նախ արեւմտաեվրոպական երկրների պետական գործիչներին, ապա Պետրոս Առաջինին եւ ռուսական բարձրագույն իշխանությունների մյուս ներկայացուցիչներին ոչ միայն խնդրել է իրենց զորքերով օգնել թուրք-պարսկական լծից Հայաստանն ազատագրելու, այլեւ նրանց հավաստիացնում էր, որ այդ գործում հսկայական դեր է խաղալու հայ ժողովուրդը՝ ապահովելով դրսից եկած բանակներին պարենով, անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելով, հայաբնակ շրջաններում ու քաղաքներում համապատասխան օգնություն ցույց տալով եւ, ամենից կարեւորը, մեծ թվով զորքեր տրամադրելով։ Օրին շատ է չափազանցրել ենթադրվող հայկական զորքերի քանակը։ Նա Պետրոս Առաջինին հավաստիացնում էր, որ Պարսկաստանի վրա հարձակվելու դեպքում ռուսական զորքն անցնելու է բարեկամ Հայաստանով եւ Պարսկաստանը չի կարողանա այդ տարվա (1700 թվականի) ձմեռվա ընթացքում ու գարնանը լուրջ գործողություններ ձեռնարկել արշավող զորքերի դեմ եւ երկրորդ՝ Հայաստանում ու հարեւան շրջաններում պարսկական խաները ռուսական զորքերի դեմ կարող են դուրս բերել ամենաշատը 48 հազար մարդ, իսկ հայերը՝ մոտ 192 հազար մարդ, որոնք, ըստ նրա, հեշտությամբ կհավաքվեն եւ միանալով ռուսական զորքերին, կհեշտացնեն նրա առաջադրանքի կատարումը, չհաշված վրացիների եւ մյուս քրիստոնյաների զորքերը, որոնք եւս մեծ թիվ են կազմում [8] ։ Ընդ որում հայկական այդ մեծաթիվ զորքին ամենից շատ մարդիկ տալու էին Մեծ Ղափանը (60000 մարդ), Գանձակը (15000 մարդ), Գեղարքունիքը (15000) եւ Երեւանը (15000 մարդք) [9] ։ Մինաս վարդապետը եռանդագին շարունակել է Իսրայել Օրու սկսած գործը՝ հնարավոր բոլոր միջոցներով հորդորելով ռուսական իշխանություններին՝ Պարսկաստանի վրա արշավելու եւ Հայաստանը ազատագրելու համար։ Իսրայել Օրու նման Մինաս վարդապետն էլ Հայաստանի ազատագրության գործում կարեւոր նշանակություն էր տալիս Երեւանին։ Պարսկաստանի ներքին դրության մասին 1717 թվականին գրած իր զեկուցագրում նա հաղորդում է, որ ինքը ծանոթանալով Ռուսաստանին սահմանակից պարսկական սահմանային քաղաքներին՝ Դերբենդին, Շամախուն, Գյանջային, Թիֆլիսին, Երեւանին, Արդաբիլին, եկել է այն եզրակացության, որ դրանք թույլ են պաշտպանված, կառուցվածքները հին են, հրետանին՝ փոքր, եւ հեշտությամբ կարելի է գրավել [10] ։ Իսկ Պարսկաստանի ներքին դրության մասին 1722 թվականի դեկտեմբերի 9-ին գրած զեկուցագրում նա Պետրոս I-ին տեղեկացնում է, որ Պարսկաստանի ներքին դրությունը խառն է եւ, որ եթե սրանից առաջ հայերն ունեին միայն 20 հազար զորք, ապա նրանք այժմ ունեն 30 հազար եւ կազմ պատրաստ սպասում են նորին կայսերական մեծությանը [11] ։ Սակայն Մինաս վարդապետը չէր գործում միայնակ։ Անդրկովկասի եւ Պարսկաստանի ներքին դրության ու հայ ազատագրական ուժերի վիճակի մասին նրան իրազեկ էին դարձնում տեղացի գործիչները։ Այսպես, ռուսական բարձրագույն իշխանություններին հաղորդելու համար հայոց կաթողիկոսը 1718 թվականի սեպտեմբերի 24-ին մի նամակ է գրել Մինաս վարդապետին՝ Պարսկաստանի ներքին խառը դրության եւ Անդրկովկասի՝ հատկապես Արարատյան աշխարհի վատթարագույն պայմանների մասին։ Կաթողիկոսը նրան հաղորդում է, որ արեւմուտքից դավադիրների բանդաները ներխուժելով Հայաստան՝ ավիրել են նրա բազմաթիվ շրջանները եւ ժողովրդի մեջ ընդհանուր դժգոհություն կա պարսկական տիրապետության դեմ [12] ։ 1722 թվականի դեկտեմբերի 12-ին Մինաս վարդապետին ուղղված նամակում Թիֆլիսի արքեպիսկոպոսը՝ խոսելով Պարսկաստանի ներքին դեպքերի, Մեծ Ղափանի ապստամբական դրության եւ այլնի մասին, նշում է, որ Երեւանը Իրանի բանալին է եւ այն գրավելուց հետո թուրքերն ու պարսիկներն այլեւս ոչինչ չեն կարող ձեռնարկել. «... Այսքան քրիստոնեից ազգին, գրում է արքեպիսկոպոսը, դուք գիտէք, ճշմարիտն այս է, որ ես արզ արարի, թէ մինչի մարտի ամիսն [13], կամ թագաւորին, եւ կամ ի ԼՌ զօրք ՛ի Շամախի չեկեք ոչ, համ մեր բանն ու մասլահաթն կու աւերվի, մանաւանդ թագաւորին բանն այլ դժար կու ինի, թէ ասես, ինչպէս օսմանլուն կու շարժի, Աստուած մի արասցէ զԵրեւանու երկիրն զափթ կանէ, վերջն նեղութիւն շատ կրեմք, եւս խզըլպաշն կու զօրանայ, զմեր ազգն կու փչացնէ, հազիւ ԳԴ տեղ գլուխ են արել, միաբանել են նոցա գլուխն եւ զմիաբանութիւն կու ցրվեն, եւս յԵրեւան իրանու երկրին բանալիքն է, քիչ եւս զահիր է մեր մաթլապն, այս է, որ Երեւան ձեռք բերեմք, այլ օսմանլուն եւ խզըլպաշացն ոչ ինչ կարել չեն պաշարում... » [14] ։

XVIII դարի առաջին քառորդի հայ ազատագրական շարժման հայտնի գործիչներից մեկր՝ Պետրոս դի Սարդիս Գիլանենցն է, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի արտահայտությամբ «պարսկահայ վաճառականների մեջ» առաջինը, «որ ենթարկվեց ժամանակի այդ պահանջին» [15] ։ «Նա առաջինն էր հայ կապիտալի այն ներկայացուցիչներից, որոնք նետվեցին գործոն ազգային քաղաքականության գիրկը» [16] ։ Նա XVIII դարի 20-ական թվականների սկղբին օրագրի ձեւով Մինաս վարդապետին է ուղարկել մի բավական մանրամասն տեղեկագիր՝ Պարսկաստանի ներքին դրության եւ հայ ազատագրական շարժման վիճակի մասին, որն առաջին անգամ տպագրված է «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրի մեջ (1863 թ. 3)։ Պետրոս դի Սարգիս Գիլանենցը Հայաստանի ազատագրությունը պատկերացնում է միայն Ռուսաստանի միջոցով եւ մեծ հույսեր էր կապում նրա հետ։ Նրա օրագիր-զեկուցագրից երեւում է, որ պարսիկներն ու թուրքերը ռուսների Անդրկովկասում ծավալած գործողությունների պատճառներից մեկը համարում էին հայերին [17], որոնք այնքան հավատարիմ էին Ռուսաստանին եւ բոլոր միջոցներով պատրաստ էին նրան օգնել Անդրկովկասը թուրք-պարսկական լծից ազատագրելու համար։

Այսպես ուրեմն, XVIII դարի սկզբներին պայմաններ են ստեղծվում Ռուսաստանի համար Անդրկովկաս թափանցելու։ Այդ հողի վրա Հայ ազատագրական շարժման մեջ Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրումը պարսկական ու թուրքական ծանր տիրապետությունից դառնում է հիմնական ուղղությունը՝ սկսած Օրուց եւ վերջացրած Պետրոս դի Սարգսով։ Նրանք իրենց նամակներով, զեկուցագրերով, տեղեկագրերով ու խնդրագրերով Պետրոս I-ին անհրաժեշտ տեղեկություններ են հաղորդում Պարսկաստանի ներքին դրության, Հայաստանում ու Անդրկովկասում սկսված ազատագրական շարժման մասին եւ խնդրում նրան զորավիգ լինել ռուսական զորքով՝ խոստանալով վերջինս ապահովել բոլոր տեսակի մթերքներով ու օգնել նրան մեծաթիվ զինված ջոկատներով։ 1722 թվականին սկսվում է Պետրոս I-ի պարսկական արշավանքը։ 1722 եւ 1728 թվականների ընթացքում ռուսական զորքերը մեկը մյուսի ետեւից գրավում են Ղերբենդը, Բաքուն եւ Ռեշտը։ Աֆղանների կողմից 1722 թվականին Պարսկաստանի Սպահան մայրաքաղաքի գրավումը, երկրում բռնկված քաղաքական երկպառակությունները բացառում էին ռուսական զորքերին էական դիմադրություն ցույց տալը։ Անդրկովկասի ազատագրական շարժման չորս հիմնական կենտրոններում՝ Քարթլիում, Ղարաբաղի Մեծ ու Փոքր Սղնախներում եւ Սյունիքում (Ղափան) մեծ եռուզեռ է սկսվում. բոլորը հավատացած էին, որ Պետրոս I-ի զորքերը մերձկասպյան շրջանները գրավելուց հետո գալու են իրենց օգնության։ Լավատեսորեն էր տրամադրված մանավանդ շարժման ականավոր ղեկավարներից մեկը՝ Վրաստանի Վախթանգ թագավորը։ Նա Պետրոս I-ին ուղղված իր նամակներից մեկում գրում է, որ եթե նորին կայսերական մեծությունը ազատ ժամանակ չունի Անդրկովկաս գալու, ապա գոնե թող հրամայի իր զորքերին գալու Շիրվան եւ իրենք կգնան կմիանան նրան ու այնուհետեւ կտիրեն բոլոր հողերը՝ մինչեւ Երեւան [18] ։

Սակայն ոգեւորությունը վաղ էր։ Առայժմ Ռուսաստանի քաղաքական շահերը չէին հարկադրում Անդրկովկասը գրավել։ Պետրոս I-ի համար առաջին հոգսն ուղղված էր դեպի այլ կողմ։ Այդպես էլ չիրականացավ նրա խոստացած օգնությունը։ Այժմ ազատագրական շարժման ուժերը միայնակ մնացին Պարսկաստանի դեմ։ Սակայն թշնամին եւ տիրողը միայն Պարսկաստանը չէր։ Ռուսական զորքերի հարձակման լուրն առնելով Անդրկովկաս ներխուժեցին թուրքերը, որոնց Ռուսաստանի դեմ պատերազմի էին հրահրում եվրոպական մի շարք պետություններ, խոստանալով այդ պատերազմում օժանդակություն եւ օգնության ցույց տալ նրանց [19] ։ Չորս օջախներում կենտրոնացած ազատագրական ջոկատները մեն-մենակ պետք է կռվեին նաեւ թուրքական մեծաթիվ բանակի դեմ։ Թուրքական կառավարությունը, պատերազմի պատրաստվելով, նպատակ էր դրել գրավել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող ամբողջ Անդրկովկասը եւ խեղդել հայերի, վրացիների ու ադրբեջանցիների ազատագրական շարժումները [20] ։

Այդպիսի պայմաններում Անդրկովկասի ժողովուրդների ազատագրական շարժումը վերաճեց ազատագրական արյունահեղ պատերազմի, որն ուղղված էր Թուրքիայի եւ Պարսկաստանի դեմ։ Այդ ազատագրական պատերազմի գագաթնակետը Եսայի Հասան-Ջալալյանի, Դավիթ-Բեկի եւ նրա հաջորդ Մխիթար սպարապետի Սղնախների եւ Մեծ Ղափանի մոտավորապես ութ տարի տեւած (1722-1730 թթ. ) հերոսական կռիվներն էին։

Անդրկովկասում ծավալված ազատագրական հուժկու շարժման փայլուն օղակներից մեկը Երեւանի 1724 թվականի հերոսական պաշտպանությունն էր թուրքական մեծաթիվ բանակի դեմ։

Ղարաբաղի եւ Սյունիքի ազատագրական շարժումները մեր պատմագրության մեջ համեմատաբար լավ են ուսումնասիրված։ Անցյալում եւ մեր օրերում դրանց մասին գրվել են ամբողջական մենագրություններ, տասնյակներով գիտական հոդվածներ ու հաղորդումներ, կազմվել փաստաթղթերի ու հուշերի ժողովածուներ եւ այլն։ Այդ տեսակետից համեմատաբար անբավարար է ուսումնասիրված 1724 թվականի Երեւանի պաշտպնությունը։ Նախկինում հայագիտության այդ բացը պատճառաբանում էին հիմնականում աղբյուրների աղքատությամբ, այժմ այդ բացառվում է։ Համապատասխան մատենագրական երկեր երեւան հանելով եւ հրապարակի վրա դնելով, մանր ժամանակագրությունների, վրացական ու թուրքական աղբյուրների թարգմանությամբ եւ հրապարակումով, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համապատասխան ժամանակներում ընդօրինակված ձեռագրերի, հիշատակարանների ուսումնասիրությամբ հայտնի դարձավ, որ ավելորդ է աղբյուրների սակավության մասին նախկինում եղած տրտունջը։ 1724 թվականի Երեւանի ու շրջակայքի գյուղերի բնակչության հերոսամարտի վերաբերյալ կան բազմաթիվ հիշատակություններ, վկայություններ եւ նույնիսկ մի ամբողջական մատենագրական երկ՝ Աբրահամ Երեւանցու «Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ. », որից ձեռագիր վիճակում իր ժամանակին օգտվել են Ղ. Ալիշանը եւ Լեոն, իսկ հրատարակվել է 1938 թվականին Երեւանում [21] ։

Ճիշտ է, Աբրահամ Երեւանցուց բացի, մյուս հեղինակների վկայությունները խիստ համառոտ ու հաճախ կցկտուր եւ անորոշ են, իսկ թուրք պատմագիր Չելեբիի ընդարձակ հաղորդումները միակողմանի ու միտումնավոր, այնուամենայնիվ, դրանք նշանակալի չափով լրացնում ու ճշտում են 1724 թվականի պաշտպանության պատմության շատ կողմեր ու մանրամասնություններ։

Երեւանի 1724 թվականի պաշտպանության պատմության առաջին ուսումնասիրողը պետք է համարել Ղ. Ալիշանին, որն օգտվելով իր ձեռքի տակ եղած Աբրահամ Երեւանցու նշված երկից, հայտնի «Այրարատ» աշխատության մեջ մանրամասն շարադրել է թուրքական բանակի՝ դեպի Երեւան կատարած արշավանքը եւ Երեւանի ու շրջակա գյուղերի բնակչության մղած հերոսամարտերը։ Ղ. Ալիշանի աշխատությունը հրապարակի վրա դրվելուց հետո բոլոր այն գիտնականները, ովքեր իրենց ուսումնասիրությունների ընթացքում առնչվել են XVIII դարի առաջին քառորդի հայ ազատագրական շարժումների պատմության հարցերի հետ, այս կամ այն լափով անդրադարձել են նաեւ 1724 թվականի Երեւանի պաշտպանությանը։ Ղ. Ալիշանից բացի, այդ հարցին տարբեր առիթներով անդրադարձել են Գ. Ա. Էզովը, Լեոն, Ա. Հովհաննիսյանը, Ա. Աբրահամյանը, Պ. Հարությունյանը, Ս. Պողոսյանը եւ ուրիշներ։ Սակայն այն հատուկ ուսումնասիրության նյութ է դարձել «Հին Երեւանի» հեղինակ Երվանդ Շահազիզը եւ Երեւանի պատմության մասնագետներից մեկի Արմենակ Միրզոյանի համար։ Ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է ասել, որ Երվանդ Շահազիզը բավարարվել է միայն Ղ. Ալիշանի «Այրարատ»-ից վերցրած Աբրահամ Երեւանցու պատմության բովանդակության հակիրճ վերարտադրումով, իսկ Ա. Միրզոյանը հատուկ հոդված է նվիրել նշված հարցին եւ իր ձեռքի տակ եղած աղբյուրների հիման վրա ձգտել է հնարավորին չափ համակողմանի ներկայացնել մեր ժողովրդի մղած այդ հերոսամարտը [22] ։

Այժմ տեսնենք ինչպիսի ծավալ, ընթացք եւ վախճան է ունեցել Երեւանում իր նախորդը չունեցող 1724 թվականի հերոսական պաշտպանությունը։

Չնայած 1639 թվականին կնքված թուրք-պարսկական հաշտությամբ մինչեւ հաջորդ դարի առաջին քառորդի վերջերը արեւելյան երկու բռնապետությունների միջեւ պատերազմներ չկային եւ պարսկական տիրապետության տակ գտնվող Երեւանի խանությունն իր Երեւան կենտրոնով հնարավորություն էր ստացել մի փոքր շունչ քաշելու, բայց եւ այնպես դրությունն անմխիթարական էր։ Օտարի ծանր լուծը, կրոնական հալածանքները, Անդրկովկասի պարսկական խաների ու թուրքական հարեւան փաշաների միջեւ տեղի ունեցող կռիվներն ու երկպառակությունները, թալանն ու կողոպուտը, կաշառակերությունն ու ծանր հարկերը աշխատավոր բնակչության հոծ զանգվածներին հասցրել էին ծայրահեղ աղքատության դուռը։

XVIII դարի առաջին քառորդում Պարսկաստանի ներքին դրությունը անկայուն էր։ Աֆղանների արշավանքների ու պետության մայրաքաղաք Սպահանի գրավումը, երկրում ծայր առած երկպառակություններն ու ներքին կռիվները պետությանը հասցրել կին օրհասական վիճակի։ Պարսկաստանի ներքին խառնակ դրությունը հայտնի էր նրա դարավոր ախոյանին՝ օսմանյան Թուրքիային։ Վեր֊ ջինս նաեւ տեղյակ էր ռուսական կասպյան արշավանք կազմակեր֊ պելու մասին, որի դեմն առնելու համար եվրոպական պետությունները՝ հատկապես Անգլիան, Թուրքիային հրահրում էին Ռուսաստանի դեմ պատերազմելու՝ խոստանալով այդ պատերազմում նրան ցույց տալ օգնություն եւ օժանդակություն [23] ։ Եվ այսպես, Թուրքիան եռանդագին նախապատրաստվում էր Անդրկովկասը գրավելու, հայ ազատագրական շարժումներն արյան մեջ խեղդելու եւ Ռուսաստանը Անդրկովկասից դուրս մղելու համար։ Մեր երկիրը նորից էր դառնում թուրքական հրոսակների ավազակային պատերազմների ոլորտ։ Սակայն այս անգամ մեր ժողովուրդը անտարբեր չէր այդ պատերազմների նկատմամբ, այլ զենքը ձեռքին դուրս եկավ իր հայրենիքն ազատագրելու եւ թուրք-պարսկական դարավոր լուծը տապալելու։ Այդ միահամուռ պայքարում իր պատկառելի բաժինն ունի նաեւ Երեւանի ու նրա շրջակայքի գյուղերի բնակչությունը։

Աբրահամ Երեւանցին հաղորդում է, որ 1723 թվականին օսմանցիները գրավում են Վրաստանը։ Թուրքական զորավար ՍարուՄուստաֆա փաշան Մցխեթից սուլթան Ահմեդին իրազեկ է դարձնում, որ աֆղանցիները գրավել են Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը ու Համատան քաղաքը եւ պատրաստվում են հարձակվել Երեւանի վրա [24] ։ 1724 թվականի սկզբին Էրզրումում գումարվում է մի խոշոր բանակ, որին հրամայվում է անհապաղ արշավել դեպի Երեւվան։ Մարտ ամսին այդ բանակն արդեն գտնվում էր Ախուրյան գետի ափին՝ թուրք-պարսկական սահմանագլխին։ Թուրքական բանակի գլխավոր հրամանատար էր նշանակված Քյոփրուլու-Աբդուլա փաշան։ Երեւանի վրա հարձակվող այդ բանակն իր կազմում ուներ 75 հազար հեծյալ եւ հետիոտն զինվորներ [25] ։ Թուրքական բանակն ամայացնում է Երեւան տանող ճանապարհի վրա ընկած «վայրերն ու գյուղերը եւ ... ավելի քան 20000 երկսեռ բնակիչ վերցնում գերի» [26] ։ Նախքան թուրքական բանակի Երեւան գալը, գլխավոր հրամանատար Քյովտրուլու-Աբդուլա փաշան Յալղուզ Հասանի եւ Ղոչ Ալիի հրամանատարությամբ հետախուզության նպատակներով 1800 հոգուց բաղկացած մի ջոկատ է ուղարկում Երեւանի կողմերը։ Այս ջոկատը գրեթե առանց լուրջ դիմադրության հասնում է Եղվարդի դաշտը։ Երեւանի Միհրալի խանը, լուր առնելով թուրքական ջոկատի Եղվարդ գալու մասին, 12 հազար զինվորներից բաղկացած իր զորքով դուրս է գալիս օսմանցիների դեմ։ Մարտը տեղի է ունենում նույն Եղվարդի դաշտում։ Աբրահամ Երեւանցին վկայում է, որ մարտր արյունահեղ էր եւ երկու կողմերից կային բազմաթիվ վիրավորներ։ Օսմանցիները վերջ ի վերջո մարտից դուրս են գալիս հաղթանակով։ Նրա ասելով օսմանցիները խանի զորքից ոչնչացնում են 11 հազար, իսկ մնացած հազար հոգին խանի հետ միասին փախչում են Երեւանի բերդը եւ այնտեղ մնում թուրքական ամբողջ հարձակման րնթացքում. «Եւ առաքեաց առաջի երեսաց իւրոց ի գրգիռ մարտի զերկուս յիւրոց զօրականաց անտի, գրում է Աբրահամ Երեւանցին, որոյ միում անուն էր Եալղուզ Հասան, եւ ինքն էր կարնեցի, եւ երկրորդին՝ Ղօչ Ալի։ Եւ երկոքին ունէին զօրս իբրեւ հազար ութ հարիւր։ Այն ինչ հասին նոքա ի տեղի մի Եղեվարդ անուանեալ մերձ Երեւանայ, ազդ եղեւ իշխանին Երեւանայ, որում անուն էր Միհրալի. եւ ել նա ընդդէմ նոցա երկոտասան հազար սպառազինօք։ Ի դիմի հարաի միմեանց երկոքին դիմամարտքն, եւ յայնմ վայրի բազում վիրաւորք յերկոցունց կողմանց անկանէին։ Հարին, կոտորեցին օսմանցիքն ի զօրացն պարսից աւելի քան զմետասան հազար սպառազէն, եւ եկեալ ի քաղաք անդ ամրանային եւ միւս անգամ ելանել արտաքս ոչ իշխէին» [27] ։

Երեւանի Միհրալի խանին պարտության մատնելուց եւ դեպի Երեւան հալածելուց հետո Յալղուզ Հասանն ու Ղոչ Ալին իրենց ջոկատով գալիս պաշարում են Կարբին, որն այն ժամանակ բավական բարեկարգ եւ մարդաշատ գյուղաքաղաք էր։ Կարբեցիները վճռում են հանուն իրենց պատվի, որդիների ու դուստրերի դիմադրել թուրքական ջոկատին։ Դրա հետ միաժամանակ գյուղաքաղաքի գլխավորները իրար հետ խորհրդակցելով որոշում են օգնության համար դիմել Երեւանի խանին։ Նրա մոտ են ուղարկում գյուղաքաղաքի բնակիչներից մեկին՝ հանձնարարելով խանին հաղորդել Կարբիի պաշարված լինելու մասին եւ օգնություն խնդրել օսմանցիների դեմ կռվելու համար՝ խանին իրազեկ պահելով, որ գյուղաքաղաքի բնակիչները որոշել են եւ պատրաստ են խանական զորքի հետ միասին մարտնչել օսմանցիների դեմ ու նրանց ետ մղել Կարբիի սահմաններից [28] ։ Նրանք ամրացնում են իրենց տները եւ հսկողություն սահմանում գյուղաքաղաք մտնող ճանապարհների վրա։ Թուրքական ջոկատը չի հանդգնում գրոհել գյուղաքաղաքի վրա [29] ։ Միառժամանակ Կարբին մնում է պաշարված վիճակում։ Գյուղաքաղաքի հերոս պաշտպանները բնակչության հետ միասին սպասում էին Երեւանի խանի օգնությանը։ Սակայն Երեւանի խանի զորքերը նույնիսկ չէին բավականացնում խանի անձը եւ բերդը պաշտպանելու համար։ Նա առաջին հերթին մտածում էր իր անձի պաշտպանության մասին եւ ապաստանել էր բերդի ամրությանը [30] ։ Շուտով վրա է հասնում թուրքական հիմնական բանակը Քյոփրուլու Աբգուլա փաշայի հրամանատարությամբ։ Վերջինս իր հիմնական նպատակը համարելով Երեւանի գրավումն ու արշավանքը դեպի Ատրպատական, որոշում է Կարբին գրավել ոչ թե հարձակմամբ, այլ բանակցությունների միջոցով գյուղաքաղաքն ավերումից եւ նրա բնակչությունը կոտորածից ու գերեվարումից զերծ պահելու պայմանով։ Գյուղաքաղաքի գլխավորները հավաքվում են խորհրդի։ Որոշվում է առայժմ չհանձնվել եւ թուրքական փաշայից 10 օր ժամանակ պահանջել մտածելու, որպեսզի այդ ժամանակաընթացքում օգնության համար նորից դիմեն Միհրալի խանին [31]. «Յետ այսորիկ, գրում է պատմիչը, առաջակայք գիւղաքաղաքին զայր մի առաքեցին ի ծածուկ առ Միհրալի իշխանն Երեւանայ՝ ասելով, թէ «Մենք ահաւասիկ պաշարեալ ի զօրացն օսմանցւոց՝ առ հարկի բանս եդաք զօրագլխի նոցա յետ տան աւուրց զԿարբի տալ, զի ոչ կարեմբք գդեմ ունել այնչափ զօրաց նոցա բազմութեան»» [32] ։

Կենտրոնից օգնության հույսը կտրած խանը, ի պատասխան կարբեցիների խնդրանքի, պարտավորեցնում է նրանց մարտնչել թշնամու դեմ եւ չհանձնվել, խոստանալով ուղարկել վառոդ եւ այլ պարագաներ։ Հայրենասեր պատմիչը գրում է, որ անպարիսպ ու ամրություններից զուրկ Կարբին միայնակ չէր կարող դիմադրել թուրքական խոշոր բանակին, որ այդ դիմադրությունը փաստորեն կարբեցիների համար կլիներ միայն կոտորած, գերեվարում, ավերում, թեպետեւ նրանք կարող էին բավական թվով զինվորներ դուրս բերել մարտի։ Պատմիչի խոսքերով ասած. «Ի կորուստ անձանց նոցա վարէր զնոսա թշուառականն, զի էր օտարազգի եւ անհաւատ (խանը Թ. Հ. ), եւ ոչ ինչ փոյթ էր նմա գերութիւն եւ կոտորումն քրիստոնեայ ազգին մերոյ» [33] ։ Միհրալի խանը կարբեցիներին մղելով անհավասար կռվի՝ նրանց հուսադրում էր նրանով, որ Թահմազ շահի մոտ գնացած հայոց կաթողիկոսին կհաջողվի հոգալ օգնության գործը, մինչդեռ նա շահի մոտ էր գնացել վերջինիս հրավերով բոլորովին այլ առիթներով։

Այդպիսի պայմաններում գյուղաքաղաքն ավերումից եւ նրա բնակչությունը կոտորածից փրկելու միակ ելքը համարվում է երկկողմանի համաձայնությամբ դիմադրության դադարեցումը։ XVIII դ. առաջին տասնամյակներին ծավալված ազատագրական շարժումներն ուսումնասիրելիս թվում է, ուշադրություն պետք է դարձնել Կարբիի հանձնման համար տեղի ունեցած բանակցությունների մի «մանրուքի» վրա։ Դա այն է, որ Աբդուլա փաշան, ընդունելով կարբեցիների ներկայացուցիչներին, առաջին հերթին հարցնում է գյուղաքաղաքի բնակիչների թվի մասին եւ ապա պայման դնում, որ զորքը չի մտնի գյուղ եւ չի կողոպտի «Եթէ ճշմարտիւ խոստանայք մեզ հպատակ լինել, հանէք յամեայն տանց եւ յանձանց զամենայն զէն պատերազմ ի եւ բերէք առ մեզ» [34] ։ Իսկ այդ ցույց է տալիս, որ թուրքական փաշան երկյուղ էր կրում կարբեցիների հետագա ընդվզումներից եւ թուրքական բանակին թիկունքից հարվածելուց։ Միաժամանակ ակնհայտ է դառնում, որ թուրքերն այս անգամ պետք է գործ ունենային ոչ թե «հլուհնազանդ» ենթարկվողների, այլ զինված եւ իր ազատության համար զոհվելու պատրաստ քաջամարտիկների հետ։ Քյոփրուլու-Աբդուլա փաշան ըստ երեւույթին այդ լավ էր հասկանում եւ բնակչությանը զինաթափելուց հետո անհրաժեշտ է համարում գյուղաքաղաքում թողնել հատուկ զորամաս, որն ամենայն հավանականությամբ ոչ թե բնակչությանն ասպատակություններից պաշտպանելու համար էր, ինչպես պատմիչն է ասում («Եւ փաշայն, ըստ բանից սուլտանին հրովարտակի, զգուշացոյց զզօրս յասպատակելոյ եւ եդ անդէն գունդս զինուորաց ի պահպանութիւն») [35], այլ երկյուղ էր կրում նրա զինված ելույթից։ Գյուղաքաղաքի չորս գլխավորների՝ Աղբաբի, Սարգսի, Պողոսի եւ Ավագի հետ Կարբիում վերջացնելով իր գործը եւ այնտեղ թողնելով նշված զորագունդը՝ Քյոփրուլու-Աբդուլա փաշան իր բանակով արշավում է դեպի Երեւան եւ 1724 թ. ապրիլի 7-ին գալիս կանգ առնում բերդի դիմաց, Հրազդանի աջ ափին։

Ականատես պատմիչն այնուհետեւ քայլ առ քայլ պատմում է Երեւանում տեղի ունեցած դեպքերը։ Աբդուլա փաշան նախ եւ առաջ փորձում է բերդը գրավել առանց մարտի։ Բանակցելու համար Միհրալի խանի մոտ է ուղարկում հատուկ պատվիրակություն։ Սակայն բերդը խաղաղությամբ հանձնելու վերջինիս արած առաջարկին խանը պատասխանում է, որ այդ կարող է վճռել միայն շահը եւ խորհուրդ է տալիս, որ պատվիրակություն ուղարկվի նրա մոտ եւ եթե նա համաձայնի ու հրաման տա, ապա ինքը պարտավոր է անհապաղ կատարել այն. «Առաքեսցուք զբանս ձեր առ շահն մեր, պատասխանում է Միհրալի խանը, եւ եթե հաճեսցի եւ հրաման տացէ մեզ, տացուք ձեզ բերդն. իսկ թէ ոչ, ոչ իշխեմք մենք մեզէն տալ» [36] ։ Խանի այդ երկդիմի պատասխանը համարելով մերժում թուրքական փաշան սկսեց պաշարել քաղաքը, դասավորել հրանոթները, փորել տալ խրամատներ եւ հրետանային կրակ բաց անել բերդի վրա։

Կարծում ենք, որ Միհրալի խանի մերժողական պատասխանը հիմնականում հետեւանք էր այն բանի, որ նա իրազեկ էր հայերի մարտական տրամադրություններին եւ հույս ուներ հիմնականում նրանց ուժերով հակահարված տալ պաշարողներին. «Յայանժամ հրաման ետ Միհրալին պարսկացն՝ երթալ, խառնիլ ընդ հայսն եւ ի միասին մարտնչիր» [37] ։ Երկու ամիս շարունակ քաղաքը պաշտպանողները կռվում են մի քանի անգամ մեծ համալրումներ ստացած օսմանական հսկայական բանակի դեմ՝ թույլ չտալով նրան մուտք գործել հայրենի քաղաք։ Ընդ որում պաշտպանության ընթացքում պարսիկները լքում են հայերին եւ փախչում բերդ, նրանց մենակ թողնելով մեծաթիվ ու լավ զինված թշնամու դեմ։

Երեւանի հերոսական պաշտպանության մասին ընդարձակ վկայություն ունի Հովակիմ դպիրը։ Նա 1725 թվականին վերաբերող մի հիշատակարանում այսպես է նկարագրում թուրքական արշավանքն ու Երեւանի պաշտպանությունը. «... Յորժամ լուան (թուրքերը Թ. Հ. ) զիրս եղելոյն որ գործեցաւ ի պարսիկսն եւ ի հայս եւ որոնեալ իմացաւ զամայութիւն եւ զանիշխանութիւն տանն հայոց։ Յայն ժամ ձայն տուեալ միմեանց, ի սադրելոյ արքային իւրեանց, որ ի Կոստանդինուպօլիս. զօրս կուտակեցան եւ յոգնահանդէս խումբ կառուցան զինուք եւ սուսերօք արեանարբոյ եւ խստասրտիւք արամբք երկդիմի գազանօք անթիւ եւ անքանակ հեծելազօրօք բարկութեամբ եւ դառնութեամբ սաստկութեամբ եւ զայրացմամբ հասին ի վերայ բազմավէր եւ ցաւալից տանցն հայոց, վրաց եւ պարսից։ Առաջին զՏփխիս քաղաքն վրաց աւարաւ եւ գերութեամբ եւ յետ առնելոյն զՎիրս յարեն զայրացմամբ ի վրա տանն Արարատու։ Ճակատ առ ճակատ պատերազմունս մղելով ընդդէմ հողաշէն եւ բարձրաբերձ ամրոցին եւ դղեկին Երեւանայ, իսկ ազգն պարսից հօժարութեամբ իւրեանց ոչ ետուն զբերդն, այլ ընդդիմութեամբ մաքառեալ ամրացեալք ի դղեկի ընդդէմ կացեալ ազգին հզօրաց... տալով ամիսս երիս եւ աւելի կամ պակաս... » [38] ։ Հիշատակագիրը հիմնականում ճիշտ նկարագրելով թուրքական արշավանքն ու Երեւանի պաշտպանությունը՝ այնուամենայնիվ թուրքական զորքերի որոշակի քանակը տալու փոխարեն բավարարվում է ասելով, թե թուրքական զորքի քանակն «անթիւ ու անքանակ» էր, իսկ Երեւանի պաշտպանությունը վերագրում միայն պարսիկներին։ Երեւանի հերոսական պաշտպանությունը բացառապես պարսիկներին է վերադրում նաեւ թուրք պատմագիր Չելեբին [39] ։ Սակայն վերջինս, չնայած խիստ կողմնակալությանը, իր մանրամասն նկարագրություններով հնարավորություն է տալիս զգալի չափով լրացնել ականատես եւ ամենաարժանահավատ պատմիչի՝ Աբրահամ Երեւանցու վկայությունները։ Չելեբին ամեն մանրամասնությամբ նկարագրել է թուրքական զորքի տեսակները, առաջին անգամ Երեւանի վրա արշաված զորքի քանակը (60000, իսկ ըստ Աբրահամ Երեւանցու՝ 75000), առանձին փաշաների հրամանատարությամբ գործող զորամասերը, թնդանոթների քանակն ու տեսակները, մարտերը, երկու կողմերի զոհերը (չափազանցնելով պարսիկների քանակը), գերեվարությունը, պաշարողների եւ պաշարվածների միջեւ մի քանի անգամ տեղի ունեցած բանակցությունները, թուրքական լրացուցիչ զորամասերի գալը, բերդի գրավման պայմանները եւ այլն, եւ այլն։ Նախքան Երեւանում տեղի ունեցած մարտերը նկարագրելր նկատենք, որ Չելեբին չնայած շատ է սիրում օսմանյան բանակը տեղի անտեղի համարել «անհաղթ» կամ «հաղթական», այնուամենայնիվ, նրա նկարագրություններից որոշակի երեւում է, որ այդ «հաղթական» բանակը 1724 թվականին Երեւանի տակ մի քանի անգամ մատնվել է անհաջողության եւ հուսալքվել։ Նշելով, որ Երեւանի պաշարումն ու պատերազմական «գործողությունները» իբր «մոտավորապես» շարունակվել են մեկ ամիս` թուրք պատմագիրը խոստովանում է. «Սերասքերից ստացված հրամանագրում հայտնվում է, որ ենիչերիների՝ վարոշում երկար ժամանակ զրկված դրության դատապարտված լինելը եւ երկարատեւ պաշարումից տոկալը դժվարին գործ է, [զինվորների] մի մասը կորցրել են իրենց հաստատակամությունն ու վճռականությունը եւ փախուստի դիմելու դիտավորություն են ցույց տալիս, բացի այդ, շատ գործածվելու հետեւանքով թնդանոթների ֆալիյները (փողերը Թ. Հ. ) բացվում են, ըստ երեւույթին պաշարումը երկարատեւ լինելու պատճառով, ռազմամթերքն ու վառոդը կարող են բավականանալ, իսկ նորից հայթայթելը անհնար է... ։ ... Սերասքերը, որ նախապես հակամետ չէր գործը հեշտ եւ թեթեւ համարելու, այժմ մշտապես հետամուտ էր փող եւ ռազմամթերք ձեռք բերելուն եւ հաղթական բանակին նոր օգնական ուժեր ապահովելուն։ Նախապես դեպի Թավրիզ ուղարկելու համար նախատեսված զինվորներին՝ նկատի ունենալով կարեւորության եւ առաջնության աստիճանը, հրամայվում է իբրեւ օժանդակ ուժ ուղարկել Երեւանը գրավելու համար նշանակված բանակին միանալու. 3000 ընտրյալ եգիպտական կտրիչ զինվորներ... հասան եւ բանակին միացան։ Այս օժանդակ ուժերի տեղ հասնելը, պաշարման երկարատեւ օրերի եւ պատերազմական դժվարությունների պատճառով մեծ տանջանքների ենթարկված իսլամական զինվորներին նոր կյանք եւ մեծ ուժ տվեց... Եգիպտական զինվորները Անադոլուի զինվորների խրամատները մտնելով՝ հերոսաբար կռվել սկսեցին, գիշեր-ցերեկ թնդանոթի եւ հրացանի պատրաստությամբ զբաղվեցին» [40] ։

Այնքան պարզ է ասված, որ մեկնաբանման կարիք ամենեւին չի զգացվում։ Դեպքերի իրական րնթացքը հարկադրել է Չելեբիին՝ ընդունելու դառը ճշմարտությունը, իր գոված «հաղթական» բանակի հուսալքումը, փախուստի տրամադրությունները, թնդանոթների շարքից դուրս գալը, վառոդի պակասությունը, հիվանդությունները, օգնական ուժերի խիստ կարիքը, թուրքական զինվորների տանջահար լինելը եւ պատերազմական այլ դժվարությունները, որ հարուցել էր Երեւանի բնակչությունը։ Թուրք պատմագիրը իզուր է նախքան նշված «դժվարությունները» նկարագրելը, գրում, թե երբ լսեցին, որ «Նախիջեւանը մեկ հարվածով գրավվել է... Երեւանի բնակչությունը գրավման վախից սրտաբեկ եղավ» [41] ։ Չէ որ այդ նույն բնակչությունն էր թուրքական «հաղթական» բանակին «դժվարություններ» պատճառել։ Եգիպտական երեքհազարանոց «ընտրյալ» զորքը նույնպես չի կարողանում փոխել մարտի ելքր։ «Եղանակը խիստ վատ էր, գրում է Չելեբին հաջորդ դեպքերի մասին, եւ կռվի ու պատերազմի պատճառով իսլամական զինվորների... հիվանդությունները եւ դժվարությունները կառավարությանը լավ հայտնի եւ պարզորոշ լինելով, փադիշահական Հատուկ գրությամբ նրանց կորով եւ եռանդ տալու անհրաժեշտություն զգացվեց» [42] ։ Հետագայում եւս նոր համալրումներ ստացած թուրքական բանակը մի քանի անգամ մատնվում է անհաջողության։ Հարկ է լինում ավելի մեծ համալրումների։ Չելեբիի հիշատակության համաձայն, սուլթանի հրամանով Թիֆլիսում գտնվող վեզիր ՀաջիՄուստաֆա փաշան Երեւան է շտապում իր մեծ բանակով եւ միանում այստեղ գործող բանակին՝ երկու անգամ ավելացնելով վերջինիս քանակն եւ ուժը։ Ահա պատմիչի խոսքերը. «Գենջեի շրջանում հավաքված 30 հազար կըզըլբաշ զինվորներ, իրենց դեմ դուրս գալու համար նշանակված Արաբ-Ալի Աղայի 800-ի չափ քաջարի զինվորների վրա կատարած անսպասելի գիշերային հարձակումով, նրանց երկու սուլթաններին եւ բանակը ցրեցին։ Այս ցավառիթ դեպքը թուլացրեց կրոնասեր զինվորների հավատքը եւ ձգձգելով պատերազմը ու ավելի սաստկացնելով դժվարությունները՝ հաղթական զինվորների ամրակուռ բազուկներին խիստ մեծ թուլություն պատճառեց։ Այս պատճառով փադիշահական ֆերմանով հրաման տրվեց Թիֆլիսում գտնվող Էրզրումի վալի վեզիր Հաջի-Մուստաֆա փաշային, որ նախապես ծառայել էր Շիրվանի եւ Շամախիի շրջանում, անմիջապես իր էյալեթի զինվորներով շարժվել դեպի Երեւան։ Վերոհիշյալ վեզիրը մեծ արագությամբ շարժվեց եւ ամսի 29-րդ օրը իր բանակը հաստատեց կայսերական բանակի շրջակայքում։ Սրանով նա բանակի զինվորների ուժր երկու անգամ ավելացրեց եւ ուժեղացրեց։ Հիշյալ վեզիր Սերասքեր փաշայի եւ ենիչերիների միջեւ գտնվող խրամատներում ամրանալով, կատարյալ հաստատակամությամբ կռվի եւ մարտի անցավ» [43] ։

Բայց նույն պատմիչի հետագա նկարագրություններից երեւում է, որ լրացուցիչ այդ մեծ բանակը Երեւանում գործող զորքին միանալուց հետո էլ շարունակվել են մարտերը եւ Երեւանի քաջարի պաշտպանները անհավասար կռիվներ էին մղում թվով իրենցից մոտ 10 անգամ գերազանցող թուրքական զորքերի դեմ։

Չելեբիի ուշադրությունը գրավել էին միայն թուրքական բանակի գործողությունները։ Նրա վկայությունները, ինչպես ասացինք, միակողմանի ու միտումնավոր են։ Գրանցով հնարավոր չէ իմանալ իրերի իսկական ընթացքը։ Հետեւապես երեւանցիների 1724 թվականի հերոսամարտերի իրական պատկերը կարելի է ներկայացնել միայն ականատես պատմիչի՝ Աբրահամ Երեւանցու վկայությունների հիման վրա։

Մենք տեսանք, որ ըստ Աբրահամ Երեւանցու հիշատակության Քյոփրուլու-Աբդուլա փաշան 75 հազարանոց զորքով բավական երկար ժամանակ ապարդյուն փորձեր է կատարել Երեւանը գրավելու, բայց հանդիպելով քաղաքապաշտպան հայ-պարսկական միացյալ ուժերին, ետ է մղվել իր նախկին դիրքերը։ Թուրքական զորավարը, տեսնելով, որ հնարավոր չէ իր ձեռքի տակ եղած բանակով կոտրել պաշարվածների դիմադրությունը, օգնության է կանչում քրդական մի մեծ բանակ (ըստ Աբրահամ Երեւանցու այն բաղկացած էր 35000 զինվորներից), բայց դրանցով նույնպես անհնար է լինում պարտության մատնել Երեւանի քաջարի պաշտպաններին [44] ։ Պատմագրի վկայություններից երեւում է, որ թուրքական բանակը իր գրոհների ժամանակ տալիս էր մեծ թվով զոհեր։ Այդ անհաջողությունը հաշվի առնելով՝ Աբդուլա փաշան վճռում է այլեւս մարտի չգնալ մինչեւ նոր համալրումներ ստանալը, «Իբրեւ ետես փաշայն զհաստատութիւն քաղաքացւոցն եւ զնուազութիւն իւրոցն, գրում է Աբրահամ Երեւանցին, լքաւ այնուհետեւ զզօրսն յառաջ մխելոյ։ Եւ առաքեաց հրովարտակ առ սուլտան իւր ասել, թէ «Բազում են զօրք քաղաքիս, եւ ի մէնջ անկան բազումք. զի՞նչ արդեօք հրամայես առնել. առաքեա մեզ զօրս ի թիկունս եւ կամ հրամ տաս դառնալ»» [45] ։

Սուլթանի հրամանով շուտով Աբդուլա փաշային օգնության է գալիս 10 հազարանոց մի բանակ։ Օգնական զորքը գալուց երեք օր անց թուրքական փաշաները վճռում են գրոհել քաղաքի վրա։ Թուրքական զորքը մեծ զանգվածներով առաջ շարժվելով մտնում է քաղաքի Ձորագյուղ թաղը։ Այստեղ նրանց հետ մարտի են բռնվում քաղաքի պաշտպանները, որոնք բացառապես հայերից էին։ Պատմագիրը վկայում է, որ թուրքական հարձակումից վախեցած՝ պարսիկները խանի հետ միասին փախել էին ու մտել բերդը՝ հայերին մենակ թողնելով մարտի դաշտում. «Եւ սոքա էին միայն հայք, գրում է Աբրահամ Երեւանցին, քանզի պարսիկքն ընդ իշխանի քաղաքին փախուցեալ՝ ի բերդն ամրացան եւ զհայսն թողին յանպարիսպ քաղաքի անդ մարտնչիլ» [46] ։

Ձորագյուղի մարտից սկսած Երեւանի պաշտպանությունն ամբողջապես ընկած էր հայերի վրա։ Թուրքական բանակատեղիի նկատմամբ բարձր դիրք ունեցող Երեւանի բերդից երբեմն-երբեմն արձակված թնդանոթային արկերը թշնամուն գրեթե ոչ մի վնաս չէին պատճառում։

Թուրքերի դեմ Ձորագյուղում մղված այդ մարտում հայերը շուրջ 2000 զոհ տալով հանդերձ ցուցաբերեցին անօրինակ քաշություն եւ անվեհերություն։ Զինված ժողովրդի այդ հերոսամարտը ղեկավարում էին Հովհաննես Հունդիբեկյանը, Պողոս Քիչիբեկյանը, Կառչիկ Հովհաննեսը եւ Դավիթ Միրզեջանյանը։

Սակայն դրանով ոչ թե ավարտվում, այլ նոր էին սկսվում ամենադաժան եւ արյունահեղ մարտերը։ Այդ լավ էին գիտակցում ե՛ւ պաշտպանության ղեկավարները, ե՛ւ շարքայինները։ Քաղաքի ու նրա բնակչության հետագա պաշտպանությունը կազմակերպելու համար Ձորագյուղի սբ. Սարգիս եկեղեցու վարդապետը՝ Գրիգորը, նույն եկեղեցում գիշերով, մեծ թվով մարդկանց մասնակցությամբ ժողով է գումարում, ուր որոշվում է հետագա անելիքները։ Քաղաքի պաշտպաններին միանալու համար Կոնդ թաղամասում հայ բոշաներին արված առաջարկը. վերջիններիս կողմից ընդունվում է ուրախությամբ։ 100 տնից բաղկացած այդ թաղամասի հայ բոշաների ղեկավարները՝ պարոն Ղազարոս Բաբուրյանը, պարոն Կլդոզը, պարոն Դավիթը, պարոն Բեյրամն ու պարոն Պետրոսը պատրաստակամություն են հայտնում իրենց «քաջասիրտք» եւ պատերազմի մեջ «վարժք» բոշաներով մասնակցել հայրենի քաղաքի պաշտպանությանը [47] ։ Նրանցից պարոն Ղազարոս Բաբուրյանը, որն ըստ երեւույթին բոշաների գլխավոր ղեկավարն էր, Գրիգոր վարդապետի առաջարկին առանց վարանելոլ պատասխանում է, որ ինքը պատրաստ է իր երկու հարյուր վարժ եւ քաջամարտիկ երիտասարդներով միանալ քաղաքի պաշտպաններին. «Պատասխանի ետ Ղազարն եւ ասէ զվարդապետն. «Վարդապետ, ահաւասիկ ես երկու հարիւր քաջամարտիկ երիտասարդս ունիմ, որոց ամենեքեան ունին զզէնս եւ վարժք են սրոյ եւ հրացանաց արձակելոց։ Ըզնոսա ես ժողովեցից զօքօք հանդերձ ոգով չափ պատերազմեցայց»», գրում է Աբրահամ Երեւանցին [48] ։ Ղազարոսից հետո ժողովում նույնը խոստացան անել նաեւ մյուս հայ մեծամեծները՝ պարոն Հովհաննես Հունդիբեկյանը, պարոն Փերիգուլը, պարոն Արզումբեկը, պարոն Թադեոսը, պարոն Մղունը, պարոն Մկրտիչը, պարոն Մալխասը, պարոն Նիկողայոսը, պարոն Ավետիս Սրապիոնյանը, պարոն Աղազատեն, պարոն Նուրին, պարոն Զոհրապը, պարոն Ալեքսանը, պարոն Աղամը, պարոն Գալուստը եւ պարոն Երամը։ Սրանց մի մասը Երեւանից էր, իսկ մյուսները՝ Երեւանի շրջակայքի գյուղերից՝ Փարաքարից, Գոգումբեթից, Կավակերտից, Առինջից, Ավանից, Ձագավանից եւ Ձագից, որովհետեւ. «ամենայն այր կարող պատերազմի գիւղօրէիցս այսոցիկ եկեալ ժողովեալ կային յարձակաքաղաքն Երեւանայ», վկայում է պատմագիրը [49] ։ Այդ գյուղերից եւ Երեւանից հավաքված զորքի ամբողջ թիվը հասնում էր 9. 443 մարդու, որոնք քաջ կռվողներ էին եւ զինված էին սրերով ու հրացաններով։ Ինչպես պատմիչն է վկայում, դրանք բոլորը տունը թողնելով կանանց, մանուկներին եւ մարտի համար անընդունակ մարդկանց, իրենք իրենց հրամանատարների հետ միասին գալիս հավաքվում են Ձորագյուղ թաղամասում «վասն անձանց եւ վասն կանանց ու որդւոց իւրեանց» պատերազմելու օսմանյան զավթիչների դեմ։ Զորամասերը բաշխում են ըստ թաղամասերի եւ հանձնարարում հսկել քաղաք մտնող ճանապարհների վրա։ Վճռում են միշտ մնալ մարտական պատրաստության մեջ, բայց նախահարձակ չլինել։ Մարտի նետվել միայն այն ժամանակ, երբ թշնամին կանցնի գրոհի եւ կփորձի մտնել քաղաք։

Պատմագրական վկայություններից երեւում է, որ թուրքական զորքը երկար ժամանակ չէր հանդգնում անցնել Հրազդան գետը եւ քաղաքի պաշարումն սկսել գետի ձախ ափից՝ երկյուղ կրելով կտրվել հիմնական ուժերից։ Թուրքական զորքի դիրքերը Հրազդանի աջ ափին, բերդի դիմաց ունեին այն առավելությունը, որ բերդին մոտիկ ու նրա նկատմամբ ցածր լինելով՝ գրեթե զերծ էր մնում հրետանային կրակից, որ պարսկական կայազորը երբեմն թուրքերի դեմ բերդից բաց էր անում [50] ։ Սակայն քաղաքի պաշտպանների համար մեծ առավելություն էին ստեղծում այգիներն ու ծառաստանները եւ Հրազդան գետն իր խոր ու զառիվեր ձորով։ Դեպքերին քաջատեղյակ ու ականատես հեղինակը անպարիսպ քաղաքի հերոսական պաշտպանության երաշխիքներից մեկը համարում է հենց այդ՝ բնական ամրությունների երկու գծի՝ այգիների ու ծառաստանների եւ Հրազդանի զառիվեր ձորի առկայությունը. «Զի շուրջ զքաղաքաւն էին այգիք եւ ծառատունկք ուռեաց բազում խիտք, գրում է Աբրահամ Երեւանցին, զորս ի վաղ ժամանակաց տնկեալք էին լինիլ ի պահպանութիւն, ի պատսպարութիւն քաղաքին։ Իսկ եւ արտաքոյ ծառաստանացն էր մեծ գետն Զանգու, եւ վասն սմին իրի զօրն օսմանցւոց զանգիտէր միանգամայն ի քաղաք անդ մխիլ, զի ի մեջ խիտ ծառաստանաց անհնար էր զզէնս ի գործ արկանել, այլ զտեղի առեալ յայնկոյս գետոյն՝ զդոբս արձակէր ի վերայ քաղաքին եւ զհնարս խնդրէր յառաջ ընթանալոյ» [51] ։

Այդ պատճառով էլ, ինչպես պատմագիրն է վկայում, թուրքերը քաղաքի վրա իրենց պարբերական հարձակումները կատարում էին ոչ թե բոլոր կողմերից, այլ միայն Ձորագյուղից, որտեղ ծառաստաններ քիչ կային եւ պաշարվածների դիրքերը քիչ էին քողարկված։

Այն ժամանակ, երբ քաղաքի եւ նրա շրջակայքի բնակչությունը կենաց ու մահու կռիվ էր մղում ահավոր նվաճողների դեմ, Երեւանի խանը պարսիկ վերնախավայինների, 12 հայ մեծամեծների, նրանց ընտանիքների եւ կայազորի հետ միասին փակվել էր բերդում ու պասսիվ դիտողի դեր էր խաղում։ Դժվար է ասել, թե պարսից զորքի ու մեծամեծների նման հայ մեծամեծները նույնպես կամովին էին լքել քաղաքի պաշտպանությունը եւ իրենց ընտանիքներով պատսպարվել բերդում, թե չափից ավելի զգուշավոր խանն էր նրանց հարկադրաբար քշել բերդի պարիսպներից ներս։ Ինչպես էլ ուզում է եղած լինի, 12 հայ մեծամեծներ՝ մելիք Աղամալի որդի մելիք Սահակն ու նրա եղբայր Աղավելը, պարոն Կարապետը, Միքայել Բարխուդարյանը, Բաբաջան Մոծակյանը եւ մյուսները պարսիկների հետ միասին փակվել էին բերդում՝ վախկոտաբար լքելով ժողովրդին։

Այսպիսով քաղաքի պաշտպանությունն ամբողջապես ընկած էր վերը նշված 9. 443 հայ մարտիկների վրա, որոնք ջոկատների բաժանված, հետեւում էին թշնամու գործողություններին եւ պատրաստ էին հայրենի քաղաքի համար կռվել մինչեւ վերջ։ Թուրքերը շուտով անկարգորեն նախահարձակ են լինում եւ տեղի է ունենում Երեւանի 1724 թվականի պաշտպանության ամենադաժան ու արյունահեղ մարտերից մեկը։ Պատմիչի ասելով թուրքական գլխավոր հրամանատարը այդ հարձակման համար կարգադրություն չէր արել։ Առանց հրամանի հարձակումն սկսել էր նոր համալրում ստացված եգիպտական 3000-անոց զորքը, որն առանձին ջոկատով դիրքեր էր գրավել Ձորագյուղի դիմաց։ Ավելի գազանաբարո այդ զորքը ակնկալում էր քաղաքի գրավմամբ ստանալ մեծ պարգեւներ եւ ձեռք բերել հարստագույն ավար [52] ։ Եգիպտացիների եւ նրանց հետեւող թուրքական զորամասերի հարձակումը Ձորագյուղ թաղամասի վրա տեղի է ունենում անակնկալ եւ սկզբում նրանց հաջողվում է նեղել քաղաքի այդ թազամասը պաշտպանող հայկական ջոկատին՝ հարկադրելով նրանց անկանոն նահանջել մինչեւ Ջրաղացների թաղը [53] ։ Լուր առնելով Ձորագյուղի ջոկատի անհաջողության մասին՝ մյուս թաղամասերից շուտափույթ այնտեղ են ուղարկվում սրերով ու հրացաններով լավ զինված 300 հայ բոշաներ, որոնք տեղի ջոկատի հետ միասին մարտի ընթացքը փոխում են հօգուտ իրենց։ Հայերի դիրքերը հարձակվող թշնամիների նկատմամբ բարձր էին եւ հարմար։ Նրանք հերոսաբար կռվելով ջարդում էին թշնամուն եւ ետ շպրտում իր ելման դիրքերը։ Ըստ պատմագրի հաղորդած տեղեկության, այդ մարտում թուրքերի սպանվածների թիվը հասնում էր 6000 մարդու, իսկ հայերինը՝ 1300 [54] ։ Մարտի արդյունքներից զայրացած՝ Աբդուլա փաշան կարգադրում է առանց իր հրամանի ոչ մի հարձակում չկատարել։

Թուրքական զորքերի գլխավոր հրամանատարը գտնում էր, որ իր ձեռքի տակ եղած զորքերով անհնար է Երեւանը գրավել, թեպետեւ դրանք մի քանի անգամ գերազանցում էին քաղաքապաշտպան հայերին։ Նա այդ մասին վաղօրոք տեղեկացրել էր սուլթանին, որի հրամանով Սարու Մուստաֆա եւ Ռաջաբ փաշաները իրենց զորքերով պետք է օգնության գային։ Իրոք որ շուտով լուր է ստացվում, որ նրանք մոտ են եւ շուտով կլինեն Երեւանում։ Սակայն մինչեւ նրանց գալը Աբդուլա փաշան եւս մի փորձ է կատարում քաղաքը գրավելու։ Այս անգամ թուրքական զորքը հարձակվում է Կոնդի վրա, բայց հայկական ջոկատները միահամուռ ուժերով թշնամուն ետ են շպրտում իր նախկին դիրքերը։ Այդ մարտում հայերը տվել են 440 վիրավոր, որից 40-ը՝ բոշաներ [55] ։

Դրանից հետո մինչեւ Սարու Մուստաֆա փաշայի եւ Ռաջաբ փաշայի 38-հազարանոց բանակի ժամանումն այլեւս մարտեր տեղի չեն ունենում։ Թուրքական լրացուցիչ զորքերը գալուց հետո փաշաները որոշում են քաղաքի վրա միանգամից հարձակվել չորս կողմից եւ մարտնչել մինչեւ վերջ՝ թույլ չտալով զորքին որեւէ նահանջ կատարելու [56] ։ Թուրքական մեծաթիվ բանակի համար մարտավարության այդ ձեւը հարմար էր։ Չորս կողմից հարձակվելով մեծ տարածության վրա փռված քաղաքի փոքրաթիվ պաշտպանների վրա՝ թուրքերը դրանով փաստորեն ապակենտրոնացնում էին հայերի ուժերը եւ խափանում նրանց ջոկատների փոխադարձ օգնության գործը։

Հերոս պաշտպանների դրությունը դառնում էր սպառնալից։ Թուրքական հինգ փաշաների հսկայական բանակը քաղաքը պաշարել էր բոլոր կողմերից։ Աբրահամ Երեւանցին հետեւյալ կերպ է նկարագրում հայկական ջոկատների անելանելի դրությունը. «Իբրեւ լուան քրիստոնեայքն, զի երկու փաշայքն եւս եկին, յալելան ի զօրս օսմանցւոց եւ յամենայն կողմանց իբրեւ զաւազ ծովու բազմութեամբ պատեալ, պաշարեալ սպառնագին զինքեանս կլանել, զահի հարան յերեսաց նոցա, զի գիտացին այնուհետեւ, թէ որչափ եւ կոտորեսցին նոքա, այլ զհետ նոցա գալ եւ լնուլ զտեղիս նոցա ոչ պակասին։ Իսկ զայս ինքեանց առնել ոչ էր հնար, որովհետեւ ի քաղաքի անդ փակեալ, պաշարեալ կային յամենայն կողմանց իբրեւ զձկունս ի ցանց. ոչ ուստեք էր յոյս նպաստութեան» [57] ։ Այո, խիստ ծանր էր թուրքական ահռելի բանակի նկատմամբ չնչին թիվ կազմող հայկական ազատագրական ջոկատների գրությունը։ Նրանք գտնվում էին թշնամու պաշարման օղակի մեջ եւ դրսից օգնության նշույլ անգամ չկար։

Այդպիսի պայմաններում առայժմ լավագույն միջոց համարվեց հատուկ պատվիրակ ուղարկել թուրքական բանակը՝ որոշ պայմաններով զինադադար ու հաշտություն կնքելու համար։ Դժվար էր պատվիրակի համապատասխան թեկնածու գտնելը, քանի որ թուրքական բանակի համար դրության խաղաղ ելքը ցանկալի չէր, թուրքական զինվորները ծարավ էին ավարի, թալանի, բռնութքան։ Նրանք թույլ չէին տալիս պաշարվածների կողմից ուղարկված պատգամավորին գլխավոր հրամանատարի մոտ հասնելու։ Մինչ այդ, բանակցելու համար փաշայի մոտ էր ուղարկված ոմն Հարությունի, որին զինվորները բռնել ու սպանել էին կիսաճանապարհին [58] ։

Այնուամենայնիվ, նորից փորձեցին բանակցությունների մեջ մտնել եւ գտնվեցին անձնազոհ մարդիկ, որոնք ինքնակամ հանձն առան իրենց կյանքի գնով փրկել պաշարվածներին։ Այդ քաջերն ու անվեհերներն էին Միրզե Ախիջանյանը եւ նրա ծառան։ Աբրահամ Երեւանցին հասարակության փրկության համար իր կյանքը տալու պատրաստ Միրզե Ախիջանյանի բերանում հետեւյալ խոսքերն է դրել, «Ես վասն սիրոյ տեառն մերոյ Յուսիսի Քրիստոսի յանձն առնում գնալ ի պատգամաոբութիւն, եւ եթէ սպանեցեն զիս, յօժարութեամբ մեռայց. իսկ եթէ ապրեցայց, հասից առ փաշայն եւ զոր ինչ յանձնէք ինձ առ նա խոսիլ, խոսեցայց [59] ։

Նրան իր ծառայի հետ մեծ նվերներով ուղարկում են թուրքական փաշայի հետ բանակցելու։ Սակայն ճանապարհին թուրքական զորքերը Միրզե Ախիջանյանին բռնում կողոպտում են եւ իրեն էլ սպանում։ Իսկ ծառային հաջողվում է մի կերպ փրկվել թուրքական ավազակաբարո զինվորներից եւ, իրեն գցելով Հրազդանի ձորը, վերադառնալ ու հաղորդել Միրզեի վախճանի մասին։ Այժմ մնում էր միայն մի ելք՝ կռվել մինչեւ վերջ եւ թանկ ծախել կյանքը, առանց կռվի հանձնվելու դեպքում միեւնույն է կոտորածներն ու բռնություններն անխուսափելի էին։ Պաշարվածները վճռում են կռվել մինչեւ վերջին շունչը։ Վերը նշված Գրիգոր վարդապետը զինված բնակչությանը մարտի նետվելուց առաջ հավաքում է սբ. Սարգիս եկեղեցի, մատուցում պատարագ եւ խոստովանություն ընդունում նրանցից [60] ։

1724 թվականի հունիսի 7-ին, ուրբաթ օրը, առավոտյան վաղ սկսվում է ճակատամարտը։ Օսմանական բանակը չորս մեծ խմբերի բաժանված չորս կողմից գրոհում է պաշարվածների դիրքերի վրա։ Ձեռնամարտի վերածված ճակատամարտը տեւում է ամբողջ օրը՝ մինչեւ ուշ երեկո։ Երկու կողմերը տալիս են մեծ թվով զոհեր։ Զոհերի գնով այնուամենայնիվ թուրքերին հաջողվում է կոտրել պաշտպանների դիմադրությունը, կոտորել նրանց եւ շատերին գետահեղձ անել։ Նույն օրը թուրքերը գրավում են բուն քաղաքը՝ գերեվարելով նրա հերոս պաշտպանների կանանց ու երեխաներին եւ նրանց նկատմամբ գործադրելով բարբարոսական բռնություններ։ Այս ձեռնամարտից առաջ, չհաշված պարսկական կայազորի հետ մղած մարտերը, միայն հայկական փոքրիկ ջոկատը 3-4 անգամ ջարդել էր թշնամուն եւ ետ շպրտել հայրենի քաղաքից։ Երեւանցիների եւ թուրքական նվաճման ու բռնությունների վտանգից խուսափելու համար քաղաքում ապաստանած Առինջի, Ավանի, Կավակերտի, Փարաքարի եւ մյուս գյուղերի բնակիչների մղած այդ հերոսամարտերը կազմում են մեր ժողովրդի պատմության ամենափայլուն էջերից։ Այդ մի յուրահատուկ Ավարայր էր, որտեղ օտարի լծի տակ գտնվող ժողովուրդը դուրս էր եկել համբերությունից եւ պատրաստ էր մարտնչել, իր կյանքը զոհել հանուն ազատության։ Աբրահամ Երեւանցին հետեւյալ կերպ է նկարագրում Երեւանի համար թուրքական զավթիչների դեմ մղված ճակատագրական վերջին մարտը. «Եւ եղեւ ի վաղիւ անդր, որ օրն էր ուրբաթ, զօրքն օսմանցւոց ի չորս առաջս բաժանեալք մխեցան ի քաղաքն ի չորից կողմանց։ Եւ մարտ եդեալ յառաւօտէ մինչեւ ցերեկոյ, սոքա՝ ուստի, եւ նոքա՝ անտի, խառնեցան ընդ միմեանս հայքն եւ օսմանցիքն. եւ այնչափ եղեւ հեղումն արեան, մինչեւ կարմրանալ Զանգու գետոյն եւ երկրին, որ առ գետովն. եւ հոտ արեանց եւ դիականց կոտորելոցն զքաղաքն բովանդակ մինչեւ ի հեռաւոր տեղիս լցին։ Եւ առավ քաղաքն յեօթներորդում աւուր ամսեանն յունիսի, յամին հազար հարիւր եօթանասներորդի երրորդի հայկազեանս թուականի (1724 թ. Կոտորեցան հզօրքն հայոց ի սուր սուսերի եւ գետահեղձ եղեն բազումք ի նոցանե։ Ի գերութիւն վարեցին օսմանցիքն զկանայս նոցա եւ զմանկունս եւ տարեալ լցին զնոսա ի բանակս իւրեանց եւ չար գործովք ապականեցին զնոսա» [61] ։

Երեւանի հերոսամարտերի նշանակությունը չէր սահմանափակվում միայն քաղաքի մասշտաբներով։ Դեպի արեւելք արշավող թուրքական հսկայական բանակին ամիսներ շարունակ Երեւանի տակ գամելու, մի շարք ճակատամարտերում նրան պարտության մատնելու եւ մեծ զոհեր խլելու շնորհիվ քաղաքի հերոս պաշտպաններն անուղղակիորեն օգնեցին Ղափանում եւ Ղարաբաղում ծավալված ազատագրական շարժմանը՝ ժամանակ շահելու, ուժերը վերադասավորելու եւ թշնամուն ավելի պատրաստ դիմավորելու համար։ Վերջապես գաղտնիք չէ, որ XVIII դ. առաջին քառորդում ծավալված ազատագրական հուժկու շարժումը (որի օղակներից մեկն էլ Երեւանի պաշտպանությունն էր) հարկադրեց պարսկական բռնակալներին՝ Թահմազին ու նրան հաջորդած Նադիր շահին, հաշվի նստել հայերի հետ եւ որոշ արտոնություններ տալ հայ մեծամեծներին ու սանավանդ եկեղեցուն։

Բերդում փակված խանը եւ պարսիկ ու հայ մեծամեծները մտածում էին միայն իրենց անձի փրկության մասին։ Նրանք ոչնչով չէին օգնում քաղաքի պաշտպանությանը: Երեւանը պաշտպանելու համար ոչինչ չձեռնարկեց նաեւ շահ Թահմազը, որն այդ ժամանակներում գտնվում էր Թավրիզում եւ իր տրամադրության տակ ուներ ընդամենը 6000 հոգուց բաղկացած մի ջոկատ։ Նա այդ փոքր ջոկատով Երեւանին օգնության գնալը համարում էր անօգուտ եւ հեռանում է դեպի Խորասան, իսկ նրա մոտ գտնվող հայոց Աստվածատուր կաթողիկոսը վերադառնում է Էջմիածին։ Բերդում փակվածները կաթողիկոսի միջոցով բանակցություններ են վարում Աբդուլա փաշայի հետ եւ իրենց կյանքը փրկելու պայմանով խոստանում բերդը հանձնել թուրքերին [62] ։ Պայմանի համաձայն, թուրքական զորքը գրավում է բերդը, նրա զինանոցներն ու պահեստները։ Միհրալի խանը եւ մյուս մեծամեծներն ազատ են արձակվում, բացի երեքի՝ Ղասում բեկի, Շհալի բեկի եւ Աբաս-Ալի բեկի, որոնց Աբդուլա փաշայի կարգադրությամբ գլորում են Հրազդանի ձորը [63] ։ Այնուհետեւ Երեւանում կայազոր թողնելուց հետո Աբդուլա փաշայի զորքն արշավում է դեպի Խոյ ու Թավրիզ [64] ։

Թուրքական նվաճումների հետեւանքով շատ ծանր դրություն էր ստեղծվել երկրում եւ Երեւանում։ Արյան մեջ ճնշելով երեւանցիների զինված դիմադրությունը գերեվարում, տանջանքների ու բռնությունների են ենթարկում կանանց ու երեխաներին։ Հովակիմ դպիրը 1725 թվականի հիշատակարանում Երեւանի պաշտպանության մասին խոսելուց հետո գրում է, որ դրսից օգնության հույս չունենալու եւ սովի պատճառով հարկադրված են եղել բերդը հանձնել օսմանցիներին, ապա նկարագրում այն կոտորածներն ու գերեվարությունները, որ թուրքերը կատարեցին Երեւանում ու երկրում։ Ահա նրա խոսքերը. «Եւ ի մրրկաամպ մառախլապատ ժամանակին յորամ ոչ էին առեալ զբերդն զայրացմամբ ու բարկութեամբ զինուք եւ սուսերօք յարեան ի վերայ քաղաքին եւ ամենայն տանն Արարատու եւ ոչ կարողասցի բաւել զանչափութիւն աղետիցն ողբոց եւ աղաղակացն քանզի հասեալ էր ի վերա նոցա ամպն կարկտաբեր որով տեղաց ի ծաղկափայլ եւ ի նորաբողբոջ բուրաստանս սրբոց լուսավորիչին։ Ուստի սուր ի վերայ եդեալ անողորմաբար առհասարակ կոտորեցիք, զբնակիչս երկրին այնմիկ վարդապետք եւ քահանայք, սարկաւագունք եւ եկեղեցականք, իշխանք եւ իշխեցեալք, մեծամեծ եւ փոքրունք, անմեղք եւ մեղանչականք, հայք եւ պարսիկք» [65] ։

Չելեբին բոլորովին այլ ձեւով է ներկայացնում Երեւանի հանձնման պայմաններն ու դրանից հետո քաղաքում ստեղծված դրությունը։ Նա գրում է, որ իբր փադիշահական հրամանի համաձայն Երեւանի բնակչությանը տրվեց անձի, ունեցվածքի, ընտանիքի ու երեխաների ապահովություն, որ իբր օսմանցիներն իրավունք չունեին գրավել այգիները, պարտեզները, խանութները, բաղնիքները, ջրաղացները, իբր հարկերը պարսկական տիրապետության հարկերից շատ չպետք է լինեին եւ իբր քաղաքի բնակչությունից այլ վայրեր տեղափոխվողներին ազատ իրավունք էր տրվելու գնալ եւ այլն, եւ այլն [66] ։ Այդ պայմաններն ավելի սահմանափակ իրավունքներով հավանաբար տրվեցին խանին ու մի քանի մեծամեծների միայն։ Չելեբիի՝ Երեւանի գրավման արարողությունների եւ պայմանների նկարագրություններից արժանահավատը միայն այն վկայություններն են, որոնց համաձայն Երեւանի գրավումը մեծ հանդիսավորությամբ են նշել օսմանյան, Թուրքիայի մայրաքաղաքում [67] ։

Ո՞ւմ հայտնի չեն թուրքական բանակների գազանություններն ու բռնությունները, թալանն ու կողպուտը, բնակչության զանգվածային սպանությունները։ Թուրքական տիրապետության հետեւանքով երկրում ստեղծված ծանր դրության մասին վկայողները միայն Աբրահամ Երեւանցին եւ Հակոբ դպիրը չէին, որոնց հիշատակությունները մեջբերվեցին վերեւում։ Այդ ծանր կացությունը սրտի կսկիծով են նկարագրել ուրիշ շատ հեղինակներ։ Եսայի ու Ներսես կաթողիկոսները եւ Ղարաբաղի մելիքները 1724 թվականի նոյեմբերի 18-ին թվագրված իրենց նամակում, նկարագրելով երկրի մեծ մասում հաստատված թուրքական ծանր լուծը եւ Ղարաբաղին ու Գանձակին սպառնացող վտանգը՝ ռուսաց ցարից խնդրում են շուտափույթ օգնության հասնել, այլապես ժողովուրդն ամբողջովին ձեռքից կգնա։ Ահա նրանց խոսքերը, «Ահա մինչեւ ցայժմս կերպիւ ինչ ճանապարհ եմք գնացեալ մեր չորս կողմի թշնամեաց հետ կռիւ անելով. հիմա թուրքաց թագաւրի զօրքն եկն էառ բազում տեղիս ղզլպաշի հողէն, այսինքն Թարվէզ, Նախջուան, Երեւան, Թփլիզ, Պօրչալու, Ղազախ, այս ամենայն առաւ հոռմցին այժմ գալու է Գանջու եւ մեզ վրայ. ահա այսօր է մեզ օգնութեան օրն. խնդրեմք եւ աղաչեմք մի անփոյթ եւ անտես առնէր զմեզ, այլ փութանակի հրաման հանեալ զօրացն որ ծովուն այս կողմս կան գալ եւ հասանել մեզ օգնութեան. իսկ վասն հացի եւ խորակի կողմանէ զօրացն մենք կու հոգամք, մինչեւ ԵՌ (5000), ԶՌ (6000) թղր ցորէն մենք կու հոգամք միայն թէ հրաման լինի զօրացն մինչեւ ի Ղարապաղու երկիրս եւ ի Շամախի գալն. ապա թէ անփոյթ արասցէ տերութիւն քոյ ի մէնջ ճշմարիտ որ այս ԲԳ ամսում կառնուն զմեզ եւ կոտորեն եւ բնաւին քրիստոնեայ ազգն կու ջնջեն» [68] ։

Թուրքական բանակի կատարած ավերումները, բռնություններն ու զանգվածներով գերեվարությունը անհուն կսկիծով է նկարագրել Դավիթ-Բեկի գլխավորած ազատագրական պատերազմի պատմագիրը։ Նա գրում է, որ սուլթան Ահմեդի հրամանով թուրքական անհամար զորքերը գրավեցին Մեծ Հայքի պարսկական մասի գավառներն ու քաղաքները։ Որտեղ հասնում էր թուրքական զորքը, այնտեղ ամայանում էր, բնակչությունը ենթարկվում ոչնչացման։ Այդ նույն բանակը երկարատեւ պաշարումից հետո գրավում է նաեւ Երեւանը՝ նրա բնակչությունը եւս մատնում սրի. «Ուստի հրաման տայր (Ահմեդ սուլթանը Թ. Հ. ) իշխանի զօրուն ելանել զօրաժողով լինիլ յամենայն աշխարհաց, եւ երթալ հասանիլ ի վերայ Պարսից, եւ ունիլ զքաղաքս նոցա։ Եւ ել նա ըստ հրամանի արքային անթիւ եւ անհամար զօրօք ի կողմանս Մեծին Հայոց, որ ի վիճակի Պարսից։ Եւ ուր ուրեք հասանէին, ի սուր սուսերի սատակէին զամենայն դիմակացս իւրեանց, եւ զօրքն ամենայն դառնային բազում աւարաւ ամ յամէ, մինչեւ չղփացան փարթամացան, եւ լցրին զամենայն քաղաքս եւ գիւղս իւրեանց ի բազմութիւնէ աւարաց, եւ գերեաց ի Հայոց, եւ ի Պարսից։ Բայց ո՞վ կարէ պատմել զաղետս մարց եւ տղայոց ի ձեռաց անորէն գերչացն, եւ նոցին հարց, եւ եղբարց անողորմ կոտորածն։

Արդ՝ սոքա իբրեւ այսպէս զօրացան ի կողմանս յայնոսիկ, եւ զմայրաքաղաքն Երեւանայ յետ բաղում ժամանակաց պաշարմանն առին, եւ զամենայն բնակիչսն ի սուր սուսերի մաշեցին», գրում է նա [69] ։

Արեւելյան Հայաստանում օսմանական զորքերի կատարած բարբարոսությունների մասին ընդարձակ վկայություններ կան նաեւ այլ աղբյուրներում։ Մխիթար բեկի եւ Սյունիքի ազատագրական շարժման մի շարք ղեկավարների 1728 թվականի մարտի 24-ին ռուսական իշխանություններին հասցեագրված ուղերձում ասված է, «... օսմանցիք բազու[մ]ք քաղաք, վանք, անապատք, գեղօրանք առան տիրեցան, եւ քրիստոնեայք անխնայապար կոտորեցին։ Զի անչափ անիրաւութիւն առնէին, որ երկու տարեկան, մէկ տարեկան եւ կէս տարեկան աղջկունք երեխէք առեալ տանէին ի մօրց կրկէն առ յաչս մօրն սրախողոխ առնէին. /եւ/ մայրքն կերի առեալ /ա/ւար առնէին. եւ եկեղեցիք ձիանք կապէին՝ թաւլա շինէին, խաչ եւ սրբութիւնք ջարթէին, կուս աղջկունք ի մէջ եկեղեցու պղծէին, զի այնպէս անառակ բան առնէին, որ ոչ է պարտ ասելն եւ կամ ճառելն զի ոչ է պարտ քրիստոնէից լսելն» [70] ։

Մի ոմն գրիչ 1724 թվականին ավետարանի վերջում թողած հիշատակարանի մեջ Երեւանի բերդի գրավման եւ բնակչության կողոպուտի ու գերեվարության մասին հաղորդում է. «Եւ դարձեալ ի սոյնում ամի (1724 թվականին Թ. Հ. ) առեալ եղել Օսմանցին եւ բերթն յԵրեւան. եւ շատ կանայք եւ մանկունք գերեցան. եւ բազում մարդիկ մեռան, ոմանք սրով ել ոմանք մահուամբ, վասն երկիւղի եւ սպառնալեաց քանզի յոյժ աւերութիւն եղեւ աշխարհիս հայոց» [71] ։

Հակիրճ, բայց ավելի ամբողջական է նկարագրված օսմանցիների կողմից Արեւելյան Հայաստանի ու նրա շրջակա մարզերի գրավումն ու ավերումը, բնակչության գերեվարումն ու կոտորածները Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրության մեջ։ Նա «Առումն աշխարհաց Պարսից Օսմանցոց» վերնագրի տակ հետեւյալ կերպ է նկարագրում օսմանյան արշավանքների հետեւանքով ստեղծված անտանելի պայմանները. «Արդ ի սոյն թվի (1724 թ. Թ. Հ. ) եւս զօրքն Օսմանցոց ելին ի վերայ Երեւանայ եւ պատերազմեցան յոյժ սաստիկ, ապայ կամաւ ետուն զբերդն։ Եւ մինչդեռ գային զօրքն Պարսից ի վերայ Երեւանայ, մտին զօրքն Օսմանցոց ի շրջակա գաւառս նորա եւ ողորմելի ազգս Հայոց բազումս կոտորելով գերեցին բազում անձինս յոյժ։ Առին եւ Նախչվան ամենայն Գողթանս տամբ եւ Չօրս, Մարաղայ մինչ ի Գանջայ ամենայն գաւառօք։ Եւ անճարակ ազգս Հայոց մեծաց, եթէ ի Շամախու եւ Շրվանայ երկիրն, եթէ Գանջայ եւ գաւառսն մինչի Թիֆլիզ եւ Երեւանայ մինչ ի Արդաւէլ եւ Թարվէզ եւ Չօրս, Մարաղայ, որ եթէ ի Լագզեացն, եթէ ապստամբ՝ եւ թէ այս Օսմանցոց այնպէս տապալեցան մինչեւ զի մեծ մասն Հայոց սրոյ ճարակ եղեն եւ գերեցան, որպէս այժմ տեսանեմք» [72] ։

Իսկ ոմն Ավետիս դպիրի որդի Հակոբ գրիչը 1724 թվականի օգոստոսին, երբ նա ընդամենը 12 տարեկան էր, Թոխաթ քաղաքում գրած իր հիշատակարանում ասում է. «Արդ գրեալ եղեւ սայ ի քաղաքն Թոխաթ... ի թաղն Մահմատէճիպ... ։ Գիրքս գրեցի ի խնդրոյ հօրըն իմոյ, որ կոչի Գալուստի որդի, Աւետիս դպիր, ի տղայ հասակութեանն ԲԺ (12) ամեայ ի թվին ՌՃՀԳ (1724)-ին յամսեանն օգոստոսի, դառըն եւ դըժնակ ժամանակի, որ գնացին Օսմանցիքն ի վերայ Էջէմիստանու պատերա(զ)մն եւ առին Թիֆլիզ եւ Խոյ եւ Երեւանու երկիրն եւ առին ի նոցանէ բազում գերիս Հայք եւ Տաճիք անթիւ եւ անհամար, որ ոչ գրով կարեմք գրել եւ ոչ լեզւով ճառել, բայց ես ի վերայ նորայ պատերազմի են ապագայն ոչ գիտեմք թէ զինչ կու լինի... » [73] ։

Սակայն դրանցով էլ չեն սահմանափակվում Երեւանում, Արեւելյան Հայաստանում եւ նրա սահմանակից երկրներում օսմանցիների կատարած բռնությունների, գերեվարումների ու բարբարոսական-թալանչիական արշավանքների նկարագրությունները։ Վկայակոչված աղբյուրներից բացի, այդ դեպքերի մասին տեղեկություններ են հաղորդում նաեւ ուրիշ բազմաթիվ հիշատակագիրներ, գրիչներ ու ժամանակագիրներ [74], որոնց վկայությունները ցրված են մեր բազմահարուստ Մատենադարանի XVIII—XIX դարերում ընդօրինակված ձեռագրերում, եւ որոնց մի մասը առ այսօր դեռեւս գտնվում է ձեռագիր վիճակում։

Անհրաժեշտ ենք համարում մեջբերել եւս մի վկայություն, որը տեղ է գտել XVIII դարի Անանուն Վանեցու ժամանակագրությունում։ Ահա այդ վկայությունը.

«Եւ հրամանաւ թագաւորին ի ՃՌՀԲ (1723) եկն ի Վան Ամասիոյ փաշայն, Ուրհայու փաշան, Չանգրու փաշայն, եւ այլ փաշայք զօրօք իւրեանց եւ հեծելովք առ Ավտուլլահ փաշայն, որ եղեւ նոցա զօրագլուխ եւ սարասքար, եւ գնացին ի վերայ Պարսից եւ առին զԽոյ, զՈրմի, զԵրեւան, զԹավրիզ, զՀամատան, զՄուղան, եւ այլ բազում փոքր քաղաքս։

Բայց թէ ո՞րչափ անողորմ արիւնս հեղին եւ գերի բերին, որ թիւ եւ ի գիր ոչ մտանէ. զի ոչ մնաց աշխարհ, որ ԴՃ ԵՃ (400-500) ոչ տարան, մինչ զի Ատամբօլ Անկիւրեցի նորընծայ կաթողիկոս ԸՃ (800) գերի գնեալ ազատեաց. թող զայն որ ուրացուցին եւ այլազգի գերիս կրկին էին քան քրիստոնէից գերիս, որք ամենեքեան ցիր ու ցան եղեն, եւ ցրուեալ խառնեցան յայլ ցեղս եւ յազգս եւ ի լեզուս օտարս, եւ նեղեալք ըստ ամենայն յամենայնի» [75] ։

Ինչպես տեսնում ենք, ժամանակագիրը թվարկում է օսմանցիների կողմից գրավված մի քաի հայտնի քաղաքներ՝ Խոյ, Ուրմիա, Երեւան, Թավրիզ, Համադան եւ նշում, որ նրանք պարսիկներից նվաճել էին նաեւ բազմաթիվ փոքր քաղաքներ։ Անանուն Վանեցու ժամանակագրությունը թուրքական այդ նվաճումների մասին եղած աղբյուրների մեջ այն հազվագյուտներից մեկն է, որոնցում նշվում է գերեվարվածների թիվը։ Ըստ ժամանակագրի, բոլոր տեղերից թուրքերը վերցրել էին տարբեր ազգություններին պատկանող գերիներ, որոնց վաճառում էին ստրկության կամ հարկադրում հավատափոխ լինել։ Վերցված գերիներին վաճառքի համար քշել էին մինչեւ Ատամբուլ եւ այլ հեռավոր քաղաքներ։

Թուրքական նվաճումների մասին նույն բովանդակությամբ վկայություն ունի նաեւ Անանուն Վանեցու ժամանակակից (XVIII դ. ) Մարտիրոս Խալիֆա ժամանակագիրը։ Նա էլ իր ժամանակագրության մեջ նշում է թուրքական անթիվ զորքերի կողմից Խոյի, Ուրմիայի, Երեւանի, Թավրիզի, Արդաբիլի եւ այլ քաղաքների նվաճման մասին ու ավելացնում՝ «եւ որչափ գերի տարան եւ արիւն հեղին, եւ աւար առին թիւ ոչ մտանէ. զի ոչ մնաց երկիր ոչ չորս հինգ հարիւր գերի ոչ տարան. եւ Ավտուլայ փաշայն ամենայն տեղիս փաշայ եւ զօրագլուխ եդ. եւ ինքն եկաց ի թաւրէզ մինչի ՌՃՀԵ (1726) թիւն» [76]:

Այդպիսին էր վիճակն Անդրկովկասում թուրքական նվաճումներից հետո։ Երեւանը գրավելուց հետո օսմանյան բանակները շարունակեցին իրենց երթը դեպի արեւելք. նրանք գրավեցին ամբողջ Ատրպատականը եւ տարիներ տեւած արյունահեղ մարտերից հետո արյան մեջ խեղդեցին Ղափանի ու Ղարաբաղի ազատագրական շարժումները։ Արեւելյան Հայաստանը եւ Անդրկովկասի մեծագույն մասն ու Ատրպատականը ընկան թուրքական ծանր տիրապետության տակ։ Շուտով բռնկվեցին պարսկա-թուրքական նոր պատերազմները, որոնք, ինչպես տեսանք իր տեղում, փոքր ընդհատումներով շարունակվեցին մինչեւ 1736 թվականը, երբ նադիր շահն իր հաղթական արշավանքով դաժան պարտության մատնեց օսմանյան բանակին եւ հարկադրեց օսմանյան Թուրքիային հաշտություն խնդրելու՝ հրաժարվելով 14 տարվա ընթացքում կատարած իր նվաճումներից՝ Անդրկովկասի մեծագույն մասից եւ Ատրպատականից։

Թուրք-պարսկական տիրապետության մռայլ ժամանակաշրջանում արտաքին վտանգը դամոկլյան սրի նման միշտ կախված է եղել մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Հարատեւ ամբողջական շրջանների ավերումով, զանգվածային կոտորածներով ու գերեվարումներով ուղեկցվող նվաճողների միջեւ մղվող այդ պատերազմները միշտ սարսափի մեջ էին պահում ժողովրդին։ Բնական է, որ այդպիսի պայմաններում հասարակության սոցիալական խմորումներն ու տարբեր շերտերի միջեւ եղած պայքարը համեմատաբար թույլ էին արտահայտվում։ Ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը առժամանակ հասարակության բոլոր խավերի ուշադրությունը գամում էր արտաքին թշնամոլ դեմ, ըզ– գալի չափով միավորում էր հասարակության տարբեր դասակարգերի ուժերը՝ արտաքին թշնամուն հակահարված տալու համար։ սակայն արտաքին քաղաքական պայմանները ինչպիսին էլ ուզում են լինեի դրանք երբեք չեն կարող թեկուզ ժամանակավորապես իսպառ վերացնել հասարակության տարբեր խավերի միջեւ եղած հակասություններն ու դասակարգային պայքարի արտահայտումները։ Արեւելյան Հայաստանի XVII դարի սկզբների պայմանները նպաստավոր էին նրանց համար։ Շահ-Աբաս I-ի կատարած բռնագաղթն ու երկրի ամայացումը, նրա արշավանքին հաջորդած սոսկալի սովը, թուրքական արշավանքներն ու ջալալիների ասպատակությունները աշխատավոր բնակչոլթյանը հասցրել էին ծայրահեղ աղքատության ու անապահովության դուռը։ Այդ բոլորով հանդերձ, բավական արտոնյալ վիճակում էր գտնվում հայկական եկեղեցին։ Թե՛ օսմանյան Թուրքիան եւ թե՛ սեֆեւյան Պարսկաստանը Էջմիածնի նկատմամբ ընդհանուր առմամբ մեղմ էին ու նրան տալիս էին ֆեոդալական զանազան արտոնություններ։ Էջմիածինն ու մյուս վանքերը տեր էին դարձել հսկայական կալվածքների եւ շարժական ու անշարժ ունեցվածքի։ Հարյուրների հասնող եկեղեցու հայրերը՝ վանահայրերը, վարդապետները եւ մյուսները անսահմանափակ օգտվում էին դրանց բարիքներից ու գտնվում էին արտոնյալ վիճակի մեջ։ Հայոց վանքերից յոլրաքանչյուրը դարձել էր խոշոր կամ փոքր կալվածատեր։ Նույնպիսի վիճակի մեջ էին գտնվում նաեւ մահմեդական կրոնի սպասարկու հոգեւորականները։ Նրանք ավելի արտոնյալ էին եւ մշտապես հովանավորվում էին պետության կողմից։ Մզկիթներից շատերը հսկայական կալվածքների տեր էին, շահագործող մեծ ապարատներ։

Ֆ. Էնգելսը, ուսումնասիրելով միջնադարյան Եվրոպայի գյուղացիական-սոցիալական շարժումները, նշել է, որ դրանք սովորաբար հանդես էին գալիս աղանդավորական քողի տակ եւ առաջին հերթին ուղղված էին ֆեոդալիզմը սրբագործող պաշտոնական եկեղեցու դեմ, որը նույնպես ենթարկված էր ֆեոդալականացման եւ իրենից ներկայացում էր ֆեոդալական խոշոր ապարատ։ Հայ իրականության մեջ այդ կարգի շարժումներից էին մծղնեականների, բորբորիտների, պավլիկյան, թոնդրակյան շարժումները, որոնք ճնշվել են պաշտոնական եկեղեցու եւ աշխարհիկ ֆեոդալների միացյալ ջանքերով։ Ֆ. Էնգելսը միանգամայն բնական է համարում ընդհանրապես ֆեոդալիզմի դեմ ուղղված սոցիալական շարժումների աղանդավորական քողը, նշելով, որ «Միջին դարերում, հենց այն չափով, ինչ չափով ֆեոդալիզմն էր զարգանում, քրիստոնեությունն ընդունում էր նրան համապատասխանող կրոնի կերպարանք՝ համապատասխան ֆեոդալական հիերարխիայով» [77] ։

Մի ուրիշ առիթով դարձյալ անդրադառնալով նույն հարցին, Ֆ. Էնգելսը գրում է, թե՝ եկեղեցին «Գոյություն ունեցող ֆեոդալական հասարակարգի ամենից ընդհանուր սինթեզն ու սանկցիան էր հանդիսանում» [78] եւ «Այն բոլոր ընդհանուր բնույթ կրող հարձակումները, որ կատարվում էին ֆեոդալիզմի եւ ամենից առաջ եկեղեցու դեմ, ինչպես նաեւ հեղափոխական, հասարակական եւ քաղաքական բոլոր ուսմունքները միաժամանակ նաեւ աստվածաբանական հերետիկոսություններ պիտի լինեին։ Տիրող հասարակական հարաբերությունների վրա հարձակումը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ էր հեռացնել սրբության այն շղարշը, որով սքողված էին այդ հարաբերությունները» [79] ։

Այնպիսի հուժկու շարժումներ, ինչպիսիք էին պավլիկյան ու թոնդրակյան շարժումները Հայաստանում մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում ընգհարապես տեղի չեն ունեցել վերը նշված հայտնի պատճառներով։ Այնուամենայնիվ, ինչպես ասվեց XVII դ. առաջին քառորդում որոշ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել սոցիալական շարժումների արտահայտման համար։

Այդ շարժումներից համեմատաբար հայտնին Մեխլուի ղեկավարած շարժումն է, որը տարածված է եղել որոշ գավառներում եւ առնչվել է նաեւ Երեւան քաղաքի ու նրա շրջակա գյուղերի հատկապես Քանաքեռի եւ Նորքի հետ։ Մեխլուի անվան հետ կապված այդ շարժումը տեղի է ունեցել Շահ-Աբաս I-ի նշանակած Ամիրգունա խանի ժամանակներում (1604-1625 թթ. Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը գտնում է, որ՝ «Մեխլուի մասին պատմական անցքերը պիտի դրվեն 1606-1620 թվականների արանքում» [80] ։

Մեխլուի ղեկավարած շարժման մասին հիշատակություններ ունեն մեր պատմագիրներից Զաքարիա Սարկավագը եւ Գրիգոր Դարանաղցին, բայց նրանք, լինելով քրիստոնեական եկեղեցու սպասարկուներ, գույների որոշակի խտացմամբ են նկարագրել այդ շարժումը եւ նրա ղեկավարին ներկայացրել են իբրեւ մի խումբ «թոփուզավորների» գլուխ անցած բախտախնդիր գուշակ եւ կախարդ։ Հարցի գիտական ուսումնասիրությունը դժվարանում է նաեւ նրանով, որ մեզ հայտնի չէ շարժման կողմնակից որեւէ հեղինակ, որի վկայությունները համադրելով նշված պատմագիրների հիշատակությունների հետ հնարավոր լիներ մոտավորապես ճիշտ եզրակացություններ անել։

Այնուամենայնիվ հայտնի է, որ Մեխլուն ուտիացի հայ աբեղա էր։ Նա Ուտիքի, Գեղամա երկրի, Կոտայք գավառի եւ այլ կողմերում ուներ հարյուրավոր կողմնակիցներ, որոնցից 500 հոգի անմիջապես գտնվում էին նրա հետ եւ մասնակցում նրա քարոզչական թափառումներին։ Դրանցից 12 հոգի նա առանձնացրել էր որպես մի հատուկ ջոկատ, որը զինված էր մահակներով ու սրերով։ Մեխլուի հետեւորդների թվում կային եւ´ հայեր, եւ´ ադրբեջանցիներ [81]: Դեռեւս լրիվ պարզաբանված չի կարելի համարել Մեխլուի շարժման կազմակերպչական եւ գաղափարախոսական հարցերը։ Դժվար է կռահել, թե իրեն ենթակա համայնքի ներսում Մեխլուն ինչպիսի կարգեր էր սահմանել, ինչ իրավունքներից էին օգտվում նրա համայնքի անդամները եւ իրավական տեսակետից ինչ տարբերություններ կային շարժման մասնակիցների միջեւ։ Հայագիտության մեջ այդ առթիվ արտահայտվել են իրարամերժ կարծիքներ։ Ոմանք

Մեխլուին համարել են մի ձախողակ եւ հետամնաց հոգեւորական, որը «թոփուզավորների» գլուխ անցած կատարում էր արկածախնդրային թափառումներ։ Նրանք համենայն դեպս հակված չեն Մեխլուին համարելու լուրջ սոցիալական շարժման ղեկավար, իսկ մյուսները, ընդհակառակը, Մեխլուի շարժումը համարում են մեծ տարածում ստացած սոցիալական շարժում, որը նրանց կարծիքով ուղղված էր ֆեոդալիզմի՝ առաջին հերթին ֆեոդալականացած եկեղեցու՝ մանավանդ վանական հողատիրության դեմ։ Օրինակ, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը այդ շարժումը համարում է թոնդրակյան շարժման համարժեք երեւույթ [82] ։ Մինչդեռ Մեխլուի շարժումը իր ծավալով անչափ փոքր էր, կազմակերպչական կազմով՝ համեստ, իսկ գաղափարախոսությամբ՝ խղճուկ։ Այդ շարժումն այնքան «անվտանգ» է եղել ու քիչ արմատներ ձգած, որ նրա ղեկավարի արտաքսմամբ փաստորեն դադարում է գոյություն ունենալուց։ Տարակուսելի է նաեւ Ա. Հովհաննիսյանի առարկություն չհանդուրժող այն եզրակացությունը, թե՝ «Մեխլուի հետեւորդներն ապրում էին համայնքային տրադիցիաներով նվիրագործված իրավահավասար եղբայրության սկզբունքներով» [83] ։

Մենք նպատակ չունենք այդ շարժման գաղափարախոսության հարցերին անդրադառնալ ըստ էության։ Մեխլուի շարժումը մեզ հետաքրքրում է միայն այնքանով, որ այն որոշ չափով առնչվել է նաեւ Երեւանի հետ։ Մեխլուն, ինչպես հաղորդում է Զաքարիա Սարկավագը, իր հետեւորդներով Ուտիքից, Գեղարքունիքի վրայով, զալիս է Կոտայք, այստեղից էլ նախ գալիս Նորք, ապա՝ Երեւան [84]. Պատմագրի հիշատակության համաձայն Ամիրգունա խանը, տեսնելով նրա շուրջը համախմբված մեծ բազմությունը, ահաբեկված հարցրել է, թե այդ ի՞նչ բանակ է հավաքված, «իսկ Ամիրգունայ խանն ելեալ ի բերդէն՝ երթայր ՚ի զնին. եւ հայացեալ տեսանէ զբանակն. եւ զարհուրեալ հարցանէ, ո՛հ զի՞նչ է գումարն այն։ Ասեն, նա է Մեխու բաբայն, զոր պատմէին եւ ապա դարձաւ Խանն՝ եւ եմուտ ի բերդն» [85] ։ Այնուհետեւ պատմագիրը նշում է, որ Մեխլուն եւս իր հետեւորդների հետ միասին մտնում է բերդը եւ գնում Ամիրգունա խանի մոտ, որտեղ գտնվում էր նաեւ հայոց կաթողիկոսը երկու եպիսկոպոսների հետ միասին՝ նկարագրելով խանի, կաթողիկոսի եւ Մեխլուի միջեւ տեղի ունեցած կարճատեւ հարց ու պատասխանը եւ խանի կարգադրությամբ վերջինիս պատժելը։ Զաքարիան հետեւյալ կերպ է նկարագրում Երեւանի բերդում տեղի ունեցած այդ դեպքերը, «Եկն եւ մեխլուն, եւ նա եւս եմուտ ի բերդն՝ բազմութեամբ իւրով) եւ գնաց առաջի Խանին։ Էր անդ առ Խանն եւ Աւետիս Կաթուղիկոսն եւ Բ եպիսկոպոս ընդ նմա։ Եհարց Խանն՝ եւ ասէ զմեիյլուն, ի՞նչ մարդ ես, ուստի՞ գաս, կամ ո՞ւր գնաս։ Ասէ մեխլունք սեւագլուխ եմ՝ աղօթող վասն կենաց քոյ։ Եւ Խանն ձգեալ զձեռն դէպ ի Կաթուղիկոսն, եւ ասէ, սոքա բաւական են աղօթող վասն իմ. եւ դու երթ աղոթեա վասն Ղաւութ Խանին (ապստամբ խան էր Թ, Հ. )... ։ Եւ հրամայեաց արկանել զնա ի հաւուզն եւ խեղդել ի ջուրն... Եւ հրամայեաց Խանն կողոպտել զԲԺսն նորա՝ իբրեւ ի մօրէ մերկացուցանել՝ Բ Տաճկի եւ Ա. Հայի ի հեծելոց նորա կողոպտել. եւ աղերսանօք Կաթուղիկոսին հանին զնա ի ջրոցն. եւ կարգեցին զինուորս, զի յերկրէն Երեւանայ հեռացուսցեն զնա, եւ հանեալ ի բերդէն, առեալ տանէին զնա դէպ ի Քանաքեռ. եւ տգետ ռամիկքն Քանաքեռոյ՝ յոր ժամ լուան զգալուստ նորա, գրոհ տուեալ ելին ընդ առաջ նորա՝ մինչեւ տնարգել աղջկունքն եւս գնային ի տես կախարդին այնորիկ... ։ Եւ եր անդ ի Քանաքեռ եւ Կաթուղիկոսն եւ զինուորք Խանին. զոր լուեալ զայս, եւ հանեալ վարեցին զնա մինչեւ ի Նիգ (Ապարան Թ. Հ. ) գաւառ. եւ գնաց մինչեւ ցԱրզրում. եւ ասէր, գամ, Երուսաղեմ» [86] ։ Նույն բնույթի են նաեւ մյուս պատմագրի՝ Գրիգոր Դարանաղցու վկայությունները [87] ։ Նրա ասելով, «Մխլո վասն այն կոչէին, որ տեգս ունելով ի ձեռին որպէս նիզակի հարկանէր մահուամբ զսեւագլուխք», գրում է նա [88] ։ Դեպքերի հետագա նկարագրություններից հայտնի է դաոնում նաեւ, որ հայոց կաթողիկոսական աթոռը Մեխլուին Երեւանի խանության սահմաններից հեռացնելուց հետո դարձյալ շարունակում է Էրզրումում ու այլ տեղերում եղած բարձրաստիճան հոգեւորականների միջոցով հետապնդել նրան։




[1]            Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 105։

[2]            Տե՛ս, օրինակ՝ Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, էջ 340-341։

[3]            Զաքարիա Սարկավագ, Պատմադրութիւն, հ. I, էջ 85։

[4]            Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 92։

[5]            Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 544։

[6]            Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ88. Հմմտ. Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 538։

[7]            Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 173, Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 556։

[8]            Տե՛ս Լեո, Հայոց պատմություն, հ. III, էջ 540 եւ 543։

[9]            Տե՛ս նույն տեղում, էջ 540։

[10]          Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 325։

[11]          Տե՛ս նույն տեղում, էջ 334։

[12]          Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 326։

[13]          Պահպանել ենք բնագրի ուղղագրությունը։

[14]          Տե´ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 338։

[15]          Աշոտ Յովհաննիսեան, Պետրոս դի Սարգիս Գիլանենց (պատմակենսագրական ակնարկ), Էջմիածին, 1916 (արտատպված «Այրարատ» ամսագրից, 1916, հունվար-փետրվար, էջ 105—1281), էջ

[16]          Նույն տեղում։

[17]          Տե՛ս Աշոտ Յովհաննիսյան, Պետրոս դի Սարգիս Գիլանենց, էջ 13։

[18]          Տե՛ս "Переписка, на иностранных языках, Грузинских царей с Российскими государями", СПб, 1861, էջ 143։ Հմմտ. Լեո, Հայոց պաամություն, հ. III, էջ 621։

[19]          Տե՛ս "История дипломатии", т. I, Москва, 1941, էջ 271։

[20]          П. Т. Арутюнян, Освободительное движение армянского народа в первой четверти XVIII века, Москва, 1954, էջ 163։

[21]          Աբրահամ Երեւանցու երկից բացի, Երեւանի 1724 թ. պաշտպանության մասին տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 843 (էջ 38ա-38բ), 1221 (էջ 367բ–368ա), 7903 (էջ 50ա), Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Մաշտոցք, էջ 193, Ավետարանք, էջ 346։ Հրաչեայ Յ. Աճառեան, Ցուցակ հայերեն ձեռագրաց Թաւրիզի, Վիեննա, 1910, էջ 42, Արքեպ. Սիւրմէեան, Ցուցակ հայերեն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր հաւաքումներու, հ. I, Փարիզ, 1950, էջ 32, Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 381, Ա. Աբրահամյան, Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրությունը («Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու», 1), Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 370-371, հ. II, էջ 432, 433, 439, 486, պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին, Հ. Գ, էջ 26, «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրղների մասին», հ. Ա, էջ 141-151։

[22]          Տե՛ս Ղ. Ալիշան, Այրարատ, էջ 305, Լեո, Պատմութիւն Երեւանի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, Թիֆլիս, 1914, էջ 71-78, Նույնի «Հայոց պատմություն», հ. III, էջ 640-645, նույնի «Խոջայական կապիտալ», Երեւան, 1934, էջ 322-324, Երվանդ Շահազիզ, Հին Երեւանը, էջ 105-108, Ա. Միրզոյան, Երեւանի 1724 թ. հերոսական պաշտպանությունը թուրքական զավթիչներից («Տեղեկագիր» ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտութ., 1953, 3), Թ. Խ. Հակոբյան եւ Ա. Պ. Սիմոնյան, Երեւան-2750, Երեւան, 1968, էջ 50-55 եւ այլուր։

[23]          Տե՛ս "История дипломатии", т. I, М., 1941, էջ 271։

[24]          Տե՛ս Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 9:

[25]          Տե՛ս նույն տեղում։

[26]          Տե՛ս П. Т. Арутюнян, Освободительное движение армянского народа в первой четверти XVIII века,, էջ 167։

[27]          Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 9-10։

[28]          Տե՛ս նույն տեղում, էջ 10։

[29]          Տե՛ս նույն տեղում։

[30]          Տե՛ս նույն տեղում, էջ 10-11։

[31]          Տե՛ս նույն տեղում, էջ 11։

[32]          Նույն տեղում, էջ 11-12։

[33]          Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 12։

[34]          Նույն տեղում, էջ 12-13։

[35]          Նույն տեղում, էջ 14։

[36]          Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721- 1738 թթ., էջ 14։

[37]          Նույն տեղում։

[38]          Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 2121, էջ 367բ։

[39]          Տե՛ս «Թուրքական աղբյուրներ Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 141-145։

[40]          «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 146-147։

[41]          Նույն տեղում, էջ 145-146։

[42]          «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ. Ա, էջ 147։

[43]          Նույն տեղում, էջ 148։

[44]          Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 14-15։

[45]          Նույն տեղում, էջ 15։

[46]          Տե´ս Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 15-16։

[47]          Տե´ս նույն տեղում, էջ 16։

[48]          Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721 1736 թթ., էջ 16։

[49]          Նույն տեղում, էջ 17։

[50]          Նույն տեղում, էջ 18։

[51]          Նույն տեղում, էջ 17-18։

[52]          Տե՛ս Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 18։

[53]          Նույն տեղում։

[54]          Նույն տեղում, էջ 19։

[55]          Նույն տեղում։

[56]          Նույն տեղում։

[57]          Նույն տեղում, էջ 19-20։

[58]          նույն տեղում, էջ 20։

[59]          Նույն տեղում։

[60]          Նույն տեղում, էջ 21։

[61]          Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 21։

[62]          Տե՛ս Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., էջ 21-25։

[63]          Նույն տեղում, էջ 25-26։

[64]          Նույն տեղում, էջ 27-29։

[65]          Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 2121, էջ 368ա։

[66]          Տե՛ս «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի եւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հ, Ա, էջ 149։

[67]          Նույն տեղում, էջ 150-151։

[68]          Տե՛ս Г. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, էջ 381։

[69]          Ստեփաննոս Վրդանեսեան Շահումեան, Ընտիր պատմութիւն Դաւիթ Բէգին եւ պատերազմաց Հայոցն Խափանու, որք եղեն ընդ դեմ Թուրքաց ի մերում ժամանակի, այն է յամի տեառն 1722, եւ Հայոց 1171, Վաղարշապատ, 1871, էջ 42-43։

[70]          Տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» (հաս. գիտութ. ), Երեւան, 1952, 3, էջ 98-99։

[71]          Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ, Ավետարանք, 1472, էջ 346։

[72]          Տե՛ս Վ. Հակոբյան, Մեր ժամանակագրություններ, հ. II, էջ 433։

[73]          Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 438-439։

[74]          Տե՛ս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Մեսրոպ Մագիստրոսի արխիվ. Մաշտոցք, 1724 թիվ, էջ 193, Մատենադարան, ձեռ. 7903, էջ 50ա, Հրաչեայ Յ. Աճառեան, Ցուցակ հայերեն ձեռագրաց Թալրիզի, Վիեննա, 1910, էջ 42 եւ այլուր։

[75]          Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. I, էջ 370-371։

[76]          Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 486։

[77]          Ֆ. Էնգելս, Լյուդվիգ Ֆոերբախը եւ գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, տե՛ս Կ. Մարքս, Ընտիր երկեր, հ. Ա, Երեւան, 1941, էջ 519։

[78]          Ֆ. Էնգելս, Գյուղացիական պատերազմը Գերմանիայում, Երեւան, 1940, էջ 46։

[79]          Նույն տեղում, էջ 46։

[80]          Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմությունից, գիրք առաջին, Երեւան, 1957, էջ 474։

[81]          Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 49։

[82]          Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմությունից, գիրք առաջին, էջ 475։

[83]          Նույն տեղում։

[84]          Տե՛ս Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. Ա, էջ 49։

[85]          Նույն տեղում, էջ 43-50։

[86]          Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. Ա, էջ 50-53։

[87]          Գրիգոր Կամախեցի կամ Դարանաղցի, ժամանակագրութիւն, էջ 470-472։

[88]          Նույն տեղում, էջ 472։