Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ

............................................ ցաք,
Ներհակ ՚ւ անմիաբան կացաք,
Նենգիւ զմիմեանս մատնեցաք,
Եղբայր զեղբայրս խաբեցաք:
Քանի բանիկ մի այլ ասեմ,
Վասն Հայոցն, որք ի Լովն են,
Զի հպարտ եւ անձնահաճեն,
Զի բնական անեցիք են:
Իսկ քահանայք, որք ի նմա կան
Գոռոզ, յանդուգն, ամբարտաւան,
Ո'չ ումեք են նոքա հաւան,
Չտեսի յայլ տեղ սոցա նման:
Չգիտեն բնաւ սահման ուսման
Եւ չգիտեն զլեզուս հայկեան,
Եւ ինչ կարդան` չի հասկանան
Եւ գիտողաց վրայ խրոխտանան:
Փարիսեցւոց նմանեցան
Եւ չար դպրաց Հրէիցն այն,
Որք Քրիստոսի ընդդէմ դարձան
Եւ զնա ինքեանց մեծ չընկալան:
Այսքան չարեացս պատճառ եղան,
Անմիաբան հայք, որ ի Լով կան,
Ինատ արին, յանդգնեցան,
Ձգեցին զմեզ անվի բերան:
Զի այսքան հարիւր ամք են,
Որ ազգս Հայոց ի Լեհ բնակեալ են,
Այսպէս կսկիծ բան տեսել չեն,
Որ մեր գլուխս այժմ եկել են:
Այս փորձանացս ո՞րք պատճառ են,
Թէ ոչ քահանայք, որք յիմարք են,
Որք զհայ լեզուն բնաւ չգիտեն,
Չեն հասկանալ, ծուռ իմացնեն:
Որպէս ասէ Աւետարան,
Թէ կոյր կուրի յորժամ դիպան,
Երկուքն ի խորխորատ անկան,
Այսօր ի մեզ բանքս լցան:
Երկու կենօք եմք մեք զրկած
Եւ յաստուծոյ աչաց ելած,
Զի յօրինաց եմք հեռացած
Եւ անհնազանդ պատուիրանաց:
Մեք թագաւոր չունիմք օծած,
Ոչ իշխանութիւն մեզ տըւած,
Յամէն ազգաց եմք մեք կոխած,
Քրիստոնէից եւ յայլազգեաց:
Չունիմք աթոռ ըստ օրինաց,
Ոչ առաջնորդք ի վրայ խելաց,
Ամէնք խմած են ու հարբած,
Մամոնայի ծառայ եղած:
Զինչ որ կասեն ինքեանք չառնեն
Եւ վասն դրամի քարոզեն,
Յամէն քաղաք ժողովք կառնեն,
Ով որ քիչ տայ, կու բանադրեն:
Կուտեն, խմեն, կուրախանան,
Վասն օրինաց բնաւ չհոգան,
Զոչխարս ձգեն գայլոց բերան,
Փրկել զոգիս բնաւ չի ջանան:
Վա'յ եւ եղուկ հազար բերան,
Զի հայք հոգով մարմնով կորան.
Ո՞ւր են նախնի հայրապետքն այն
Եւ քաջ հովիւքն սրբազան,
Որք վասն հօտին զանձինս եդին,
Զգայլս եւ գազանսն փախուցին,
Ըստ բանի տեառն Յիսուսի փրկչին,
Արքայութեան ժառանգ արին:
Այժմս հովիւք վարձկան եղեն,
Տեսեալ զգազանս ի յետ փախչեն,
Գազանք զգառինս յափշտակեն
Եւ պատառեալ զնոսաւ ցրուեն:
Որպէս այժմուս հազար թըւին
Եօթանասուն հինգերորդին,
Եկն Մելքիսեթ քաղաք Լովին,
Կորոյս զմեզ զամենեսին:
Բազում վնաս յիւրմէն տեսաք,
Շատ եւ յոլով տուգանք տըւաք,
Անթիւ արծաթ, ոսկի տարաք,
Թէ նովաւ զհոգիս փրկէաք:
Իսկ նա բնաւ ամենեւին
Չառնէր փոյթ փրկել զմեր հոգին,
Կոչէր առ ինքն զամենեսին,
Թէ ձեռնադրեմ զձեզ, զի՞նչ տայք ինձ:
Վանքերն այլ աբեղայ չի մնաց,
Ամենքն եկին իւրեանց յետւանց,
Ղուռուշ, դեկան բերին հիտրաց,
Լինել պարոնտէր թարց թեմաց:
Դպիր մ՚այլ կայր ի յայս տեղաց,
Նիկօլ անուն Թորոսովեաց,
Որ ի Ստամպօլ ելեալ գնաց,
Մտաւ ի կարգն աբեղաց:
Լըւաւ զհամբաւ երկրին Լեհաց,
Թէ Մելքիսեթն շատ ձեռնադրեաց,
Փութանակի Լով ժամանեաց,
Մելքիսեթին աշակերտեաց:
Իբրեւ ամիսք քանի՚մ անցին,
Մելքիսեթն ասաց Նիկօլին`
Քանի հարիւր մառչիլ տաս ինձ,
Զքեզ առաջնորդ դնեմ Լովին:
Ասաց` Երթամ յազգականքն իմ,
Քերց եւ եղբարց ասեմ վասն իմ:
Նոքա լըւան եւ խնդացին
ԶՍէֆէրն առ նա յուղարկեցին:
Զոր յետ բազում երթեւեկին,
Հարիւր յիսուն ղուռուշ կտրեցին,
Հետ մէկ մէկի թուղթ գիր արին,
Որ յետ շաբթու մի օրհնէին:
Իսկ ժողովուրդն երբ լսեցին,
Քահանայք զամբոխս կուտեցին,
Օրհնելուն ժամն վանք գնացին,
Այդ ի՞նչ բաներ կանես, ասին,
Մեք զնա չուզեմք, ո'չ կընդունեմք,
Ո'չ յեկեղեցիս մտանեմք,
Չըլնի թէ զնա օրհնես մեզի,
Թէ չէ նա շատ աղմուկ լինի:
Կաթողիկոսն քան խփած,
Մտիկ չարաւ նոցա խօսաց.
Խաբեց զնոսա, ասաց` Գնացէք,
Չեմ օրհներ զնա, երբոր չուզէք:
Ժողովուրդն ի տուն գնացին,
Նորա խօսացն հաւատացին,
Իսկ նա ելեալ մէջ գիշերին,
ԶՆիկօլն գաղտ ձեռնադրէին:
Ընդ արշալուսն առաւօտին
Եկեալ քաղաքն իմաց արին,
Քահանայք զամբոխ վերուցին,
Փութով ի վանքն դիմեցին:
Մելքիսեթեկն երբ զայն լսեց,
Մտաւ ի խուցն, դռվին ախեց,
Քաղցր ձայնիւ պատասխանեց,
Ապա ի սիրտն ոխ պահեց:
Մտին ամենքն յեկեղեցին,
Զինչ յիշոց կայր նոցա տվին,
Եպիսկոպոսք, հաբեղանին
Յոյժ վախեցան եւ լուռ կացին:
ԶՆիկօլն ուզէին բռնէին,
Կտոր-կտոր զնա առնէին,
Հազիւ զերծեալ ձեռաց նոցին,
Մտեալ սաքրեստան, ախեց դռվին:
Բազում վնաս անդ գործեցին
Կամէին զդռվին կոտօրէին,
Մինչ Մելքիսեթն ներքուստ ձայնեց,
Թէ` Զնա հետ մեր տանիմ, ասեց:
Ապա զամբոխն համոզեցին
Եւ զխռովարարսն հաշտեցուցին,
Ամենեքեան ի տուն գնացին,
Խաղաղ լովցիք քաղաք մտին:
Ծեր ՚ւ ալեւոր էր մոլարած,
Օրն երեք հետ լինէր հարբած,
Եպիսկոպոսք ունէր խուզած,
Քան զճէլալի հանած, վարած:
Բայց Մելքիսեթն ՚ւ իւր ընկերնին,
Որք ունէին ոխ ի սրտին,
Հնարս իմացան ընդ համախոհին,
Բանադրանք Հայոց գրեցին,
Թէ` Եկին զվանքն կոխեցին,
Սրօք բրօք ի ներս մտին,
Ի մեր վերայ սուր քաշեցին,
Մելքիսեթին ձեռք վերուցին:
Ահա հայերն վախեցան
Եւ ի յերկուս բաժանեցան,
Մի կողմն կաթողիկոսի եղան,
Մի կողմն շիւար, նկուն դարձան:
Ժողովեցին յոլով դէկան,
Արծաթ բազում, առեալ տարան,
Արտասուելով ոտքն անկան,
Ապա կապիցն արձակեցան:
Մելքիսեթ գնաց Եազլովցան,
Հետ իւր տարաւ զչար Նիկօլայն,
Ասաց` Տեսնուք թէ ինչ անեմ,
Որ լովրոցմէն վրէժս հանեմ:
Շրջաբերնի ետ Նիկօլին,
Թէ ամենքն քեզ հնազանդին
Եւ որք զքեզ ոչ ընդունին`
Իմ հրամանէս բանադրեսցին:
Եկեալ ի քաղաքն Լովին,
Խրոխտ բանիւ սպառնայց նոցին,
Թէ` Թուղթ ունիմ Մելքիսեթին,
Որ ամէն հայք զիս ընդունին:
Ժողովուրդն էր ի տարակոյս
Եւ քահանայք մնացին անյոյս,
Ասեն` Վայեր եկ մեր գլխոյս,
Երբ սա հովիւ կայ մեր հոգւոյս:
Եպիսկոպոս մանուկ ի տիս,
Ունէր քսան երեք տարիս,
Հպարտացաւ ի վրայ ազգիս,
Ասէր, թէ` Է՞ր չընդունիք զիս:
Ժողովուրդն ալ յիրմէն երկեաւ,
Կաթողիկոսէն վախեցաւ,
ԶՆիկօլն յակամայ ընկալաւ,
Թղթով, գրով հնազանդեցաւ:
Յետոյ գացին դուռն արքային,
Պէրաթնի, էմրէր հանեցին,
Նիկօլն է առաջնորդ Հային
Եւ հայրապետ Լովայ քաղաքին:
Քանի՚մ ամիսք ի վրայ անցին,
Թղթեր Հռոմայ փափէն եկին,
Ի ձեռն տէր Յովանէսին`
Ջուղայու աւագերիցին.
Թէ` Կաթողիկոսն Մելքիսեթ
Ընդ ֆռանգաց ուխտ ու դաշն էդ,
Ճահուկ գրքով ձեռնադրանք ետ,
Զմեզ այլազգեացն գերի ետ:
Ապա լւեհցիքն մեզ ասին`
Մելքիսեթն թապի է փափին,
Դուք ալ եկէք ի կրօնս Ֆռանգին,
Ապա չէք հնազանդ ձեր գլխին:
Տեսէք, թէ ինչ բերին մեր գլխին
Սուտ անիրաւ առաջնորդնին,
Սուրբ հարքն զմեզ արեամբ գնեցին,
Այժմուն վարձկանքն կորուսին:
Կաթողիկոսն յետոյ մեռաւ,
Հայոց գլուխն շատ բան անցաւ,
Եպիսկոպոսն ալ զօրացաւ,
Ընդ ազգս Հայոց մաքառեցաւ,
Անօրէնս խորհեցաւ,
Պատուիրանացն ի դուրս ելաւ,
Ֆռանկաց հաւատն հաճեցաւ,
Լուսաւորչին չհաւանեցաւ:
Ելեալ գնաց ի Կամենից
Եւ անդ արար զգործ վնասից,
Ելաւ նա յաստուծոյ աչից,
Զօրէնս Հայոց ետ կոխ ոտից:
Մինչդեռ նա էր գործս չարին,
Քակէր զօրէնս եւ զաւանդնին,
Հասաւ Գրիգոր Կեսարացին,
Յանդիմանեաց զնա յատենին.
Վասն է՞ր քակես դու զկարգն Հային,
Ունկն չդնես դու կանոնքին,
Խախտիչ եղեր մեր սահմանին,
Հարցէ զքեզ օձն անջրդին:
Նիկօլն եղեւ նմա դիմադարձ`
Մեծ վարդապետին դասասաց.
Ես եմ, ասէ, էմրով նստած,
Իսկ դու ո՞վ ես, հանած վարած:
Ապա եղեւ փքով լցած,
Զինչ զպիղծ շուն եւ կատաղած,
Զեկեղեցին արար կպղած,
Զնա արտաքսեաց յեկեղեցեաց:
Ապա մօտ ստարօստան գնաց
Եւ զվարդապետն չարախօսեաց,
Ասաց` Չաշուտ, թուրքէն եկած,
Խռովեցուցիչ եւ մեծ հերձուած:
Պարոնն ղրկեց մարդ Գրիգորին,
Թէ` Բերէք զնա իմ առաջին,
Դատեմ զնա զինչ զխային,
Ըստ Նիկօլայ դատախազին:
Յորժամ հայերն զայս լսեցին,
Ծերք եւ տղայք դուրս վազեցին,
Գնացին ի բերդն մօտ պարոնին,
Ասեն` Ամենքս եմք տէր սմին:
Սա վարդապետ է անուանի
Եւ պատրիարք Ըստամպօլի,
Սուրբ է, սրտիւ առաքինի,
Չուտէ սա միս, չըմպէ գինի:
Պարոն լսեց եւ իմացաւ,
Չարաց երեսնին սեւացաւ,
Եւ Գրիգորն ի մեծ սուգ մտաւ,
Չեկաւ Լովն, այլ հետ դարձաւ:
Իսկ ժողովուրդն դիմեցին
Ի դարպաս եպիսկոպոսին,
Կուզէին զնա քարկոծէին,
Թէ չէ տվեալ զբալնիք ժամին:
Իսկ ի վաղեան առաւօտին
Վախեաց Նիկօլն ի յիւր սրտին,
Փախուստ արար դէմ ի Լովին,
Կորուստ հնարէր իւրոյ ազգին:
Իբրեւ ամիս ու կէս անցին,
Գրիգորէն բանադրանք բերին,
Եօթն թիզ էր թուղթն որ տվին,
Շատ նզովք ու անէծք կայր միջին:
Ժողովուրդն երբ զայն լսեցին,
Պարոնտիրէն հրաժարեցին,
Յեկեղեցեացն ի բաց կացին,
Բանադրանացն վախեցին:
Գնացեալ յետոյ ասեն նմին,
Թէ` Եկին քեզ անէծք նզովին,
Գնա օրհնէնքն առ Գրիգորին,
Որ զքեզ ընդունիմք կրկին,
Ապա թէ ոչ չհնազանդիմք
Առաջնորդի կարգն զքեզ չունիմք:
Այս էր պատճառն առաջին,
Որ սկիզբն եղեւ ամէն չարին:
Իսկ նա ասէր նմա չար յոլով
Եւ դիւահար զնա կոչելով,
Թուրք թլփատած անուանելով,
Ազգի-ազգի հայհոյելով,
Ես առաջնորդ եմ էմրերով
Եւ տեղացի, լեհցի գոլով,
Մելքիսեթեկն եդ զիս ի Լով,
Եւ ես մեծ եմ քան զնա յոլով:
Զբանադրանք նորա չբռնեց,
Զթուղթն ի յանարգ տեղի ձգեց,
Յեկեղեցին համարձակեց,
Առջեւ խորանին աղօթեց:
Քահանայք երբ զայն լսեցին,
Ժողովրդովք դուրս վազեցին,
Բնաւ այլ ժամն չմտին
Եւ ոչ զաջն համբուրեցին:
Ժամն մնաց դատարկ, ունայն,
Եպիսկոպոսն երգեր միայն
Եւ իւր օրհնած աբեղայքն այն
Ամէն մէկ տեղ մի փախեան:
Նիկօլն մնաց շիւարած,
Մէկ մարդ մի իւր մօտն չի գնաց,
Յամէն դիաց տարակուսած,
Մէկ մի իւր հետն չի խօսաց:
Ապա մարդն յազանին յղեաց,
Ճամբու խարճլխ նացմէ խնդրեաց.
Երթամ մօտ վարդապետն, ասաց,
Մեղայ ասեմ, ընկնիմ յոտաց:
Աղայք եւ ժողովուրդ խնդաց,
Տվին դրամ ըստ իւր կամաց,
Իսկ նա մինչեւ Պուռսա գնաց,
Տէր Գրիգորին ոչ հնազանդեաց:
Եւ անդ յոլով չարիս գործեաց,
Եւ ի ճանապարհն մեղանչեաց
Եւ զինչ ունէր զամէնն վատնեաց,
Բազում պարտեօք ի Լովն եկաց:
Սուտ, խաբեբայ թղթեր գրեաց,
Թէ` Գրիգորէն բերի, ասաց,
Եւ ժողովուրդն նմա չաւտաց,
Գիտէին որ չէր ողորդասաց:
Ասեն` Ատեն մի համբերեմք,
Սորա չարեացն մենք լռեմք,
Ապա թէ ընդ նա յիրար ընկնիմք,
Շատ մեծ աղմուկ մեք անկանիմք:
Սկսան գնալ յեկեղեցին,
Փառաւորել զՀայր եւ զՈրդին,
Խաղարար զՀոգին հայցեն,
Զի խռովութեան յոյժ պէզրած են:
Այլ յետ բազում ժամանակին
Ի Գրիգորէն թղթեր բերին,
Կրկին անիծած Նիկօլին,
Որ չի գնաց նա Կեսարին:
Դարձեալ ամէնքն խռովեցան,
Նիկօլայէն յոյժ գարշեցան,
Յեկեղեցին բնաւ չմտան
Եւ ոչ բարեւ անգամ տվան:
Հազար եօթանասուն թուին
Եւ իններորդ աւելորդին,
Դարձեալ Հայոց փորձանք եկին,
Այլ առաւել քան զառաջին:
Զի թշնամիք Նիկօլին
Ըստամպօլու նուիրակ բերին`
Զտէր Խաչատուրն Ղայսարցին,
Որ ունէր ոխ չար ի սրտին:
Զինչ թունաւոր օձ դառնացած
Զմեզ կու ձգեն մէջ փորձանաց,
Որպէս այժմ այս նուիրակս եկած,
Ընդ եպիսկոպոսն մեր մախաց:
Թէպէտ Նիկօլն ընդդէմ գնաց,
Աւուր մի ճամբայ նմա ընդ առաջ,
Եւ էր նմա յոյժ խոնարհած,
Վասն իւր գործոց եւ չար մեղաց:
Իսկ չար մարդիկն որ զնա բերին`
Վատ եւ անբախտ անիծածնին,
Նվիրակին զաչվին բացին,
Շատ չար խրատ նմա տվին,
Թէ` Է՞ր խօսիս ընդ Նիկօլին,
Առնուս ի քովդ ի ժամ հացին,
Ժամն ալ կանգնի հետ քեզ ի դասին,
Որ է նա մեզ մեծ թշնամին:
Իսկ նվիրակն եղկելին
Հաւանեցաւ խօսաց նոցին,
Ասաց` Չնստիլ ի սեղանին,
Չասել աղօթք առջեւ խորնին:
Իսկ նա իբրեւ որ զայն լուաւ,
Ընդ նվիրակն յոյժ կռվեցաւ,
Գնացեալ ի բերդն գործեաց շատ դաւ,
Որպէս յայտնի յետոյ ցուցաւ:
Տեսան հայերն, որ բանն մեծցաւ,
Օր քան զօր չարն յաւելցաւ,
Բազում ղուռուշ ոսկի տվաւ,
Հազիւ նվիրակն զերծաւ:
Ապա ամբոխն կուտեցաւ,
Ի կողմն նվիրակին դարձաւ,
Իսկ պարոնտէրն յոյժ երկեաւ
Եւ մարդ յիւր կողմն չմօտեցաւ:
Նվիրակին թուղթ գիր տվին,
Թէ` Մեր գլուխն ի քո ճամբին,
Միայն դու առ զկարգ Նիկօլին,
Կարէ զփլէշն եւ զմազ գլխին:
Տօլվաթաւորք խիստ շատ կային,
Ոսկի հազարով ունէին,
Հպարտ, գոռոզ կու խօսէին,
Թէ զՆիկօլն առնեմք հաւսար գետնին:
Երբ պարոնտէրն զայն լուաւ,
Բնաւ այլ ժամն չմտաւ,
Վախեց ու ի խուցն արգելաւ,
Տասնուչորս շաբաթ ի դուրս չելաւ:
Իսկ ժողովուրդն ոչ զղջացեալ,
Թէպէտ զխոնարհութիւնն տեսեալ,
Բազում չարիս նմա խորեալ,
Ի դատաստան մահու հրաւիրեալ:
Նա զազգականսն առ նա յղեալ
Եւ շատ աղաչանս արարեալ,
Զնվիրակն պաղատեալ,
Թէ` Թող զյանցանս իմ չարաչար:
Իսկ նա բնաւ նմա չի լուաւ,
Այլեւ միջնորդաց բարկացաւ,
Ասաց, թէ` Չէ արժան կարգի,
Ոչ աստիճան քահանայի:
Քանզի Նիկօլն է յոյժ կոտրած,
Հայոց միջէն ի դուրս ելած,
Ես զնա դատիմ ըստ օրինաց,
Առնում զկարգն կուլակ կտրած:
Ունէր նա շատ ազգ եւ ազին,
Որ հաւսար է կէս քաղքին,
Ամէնք ժողվան ի միասին,
Անկան ի յոտք նվիրակին:
Ասեն` Գթա պարոնտիրին,
Վասն աստուծոյ եւ մեր խաթրին,
Զի է մանուկ տիս հասակին,
Նստեալ էմրով փատիշահին,
Չլնի թէ տայ տեղ սատանին,
Հակառակի հետ մեր ազգին,
Ունիմք մեք շատ չար թշնամի,
Չերթայ ՚նդ նոսա միաբանի:
Երբ նվիրակն զայն լսեց,
Սակաւ մի իւր սիրտն վախեց,
Յօժարեցաւ կոչել զնա,
Սիրով սրտիւ հաշտիլ ընդ նա:
Իբրեւ լուաւ ազգս Հայոց,
Թէ նվիրակն է հաշտելոց,
Որ տեղ որ կայր հանած վարած,
Շուտ մէկմէկի արին իմաց:
Եկեալ ասեն նվիրակին,
Թէ` Այդ ի՞նչ բան քո արածնին,
Հաշտի՞լ կամիս ընդ մեր թշնամին,
Ընդ բազմամեղ չարագործին:
Եւ թէ հաշտիս դու ընդ նմին,
Մենք կուրանամք զԷջմիածին,
Զքեզ կու ձգեմք վրայ երեսի,
Կառնեմք նման Նիկօլայի:
Մեք ժողվեցաք բազում դեկան,
Յոլով ղուռուշ եւ շատ դրամ,
Պիտ որ բերեմք զնա յատեան,
Առնումք զկարգն, ձգեմք կոխան:
Եւ այլ բազում չար խօսեցան,
Իբր զՀրեայս, թէ` Ի խաչ հան,
Ապա թէ ոչ չես բարեկամ
Ազգիս Հայոց, որ ի Լեհ կան:
Իսկ նվիրակն` երկչոտ հոգին,
Հաւանեցաւ խօսից նոցին,
Հրաման արար տունս ամենին,
Թէ մի' ոք ընդ նա խօսեսցին:
Ամենեքեան ազգ եւ ազին
Լւան խօսից նվիրակին,
Բանադրանացն ալ վախեցին,
Բնաւ այլ մօտն չգնացին:
Լսեց, թէ շատ են դատախազք,
Ունին շատ գանձ եւ դասասածք,
Վասն այն եղեւ տարակուսած,
Զի ազգն յիւրմէն եղան դարձած:
Այլ եւ տեսաւ որ չի մնաց մին,
Ի յօտարաց եւ յիւր տոհմին,
Հառչեց ի լաց ողորմագին
Եւ վայ կարդաց իւրոյ անձին:
Ասաց` Ամբոխն է թշնամի
Եւ նվիրակն կողմն նոցին,
Ազգականացս եմ ատելի,
Քահանայք տան վճիռ ինձի:
Ունէր փեսայ մի նա բարի
Սահակն որդի Յակոբշայի,
Խիստ երկիւղած եւ անուանի,
Շինող վանացն Սուրբ Խաչի:
Նա խղճացաւ պարոնտիրին,
Խոստացաւ դրամ նվիրակին,
Հինգ հարիւր ղուռուշ Էջմիածնին,
Խաչ եւ սկիհ սուրբ սեղանին:
Տէր Խաչատուրն չի մռեց,
Աղաչանացն չի լսեց
ԶՍէֆէրն ալ ի դատ քաշեց,
Զայլ բարեխօսն նզովեց:
Յետոյ սթարօստան քաղաքին,
Եւ մեծ տիկինն Պլէցքին,
Ղրկեցին խնդիրք նվիրակին,
Թէ` Թող զյանցանս իբր ճահիլին:
Նա չի լսեց ամենեւին,
Չկատարեց զխնդիր նոցին,
Ինատ արաւ ի յիւր մտին,
Այլ եւ ոմանք նմա հէլ տային:
Դարձեալ հրաման եհան կրկին,
Որ ամէնք գան, վկայ լինին,
Քաղաքացիք եւ դրսեցին,
Ասեն զամէն վնաս Նիկօլին:
Ժողովեցան ամենեքեան,
Նզովից նվիրակին երկեան
Եւ զինչ վնաս վրան գտին,
Գրեալ` ի դուռն ժամուն զարկին:
Զայն լուեալ քոյրքն Նիկօլին
Յաւագերէցն վազեցին,
Առ ոտսն անկեալ աղաչէին,
Թէ` Թողէք մնա եղբայրս հօտին:
Նաեւ այլք ՚ւ երիցանին,
Անփոյթ արին զխնդիր նոցին,
Նվիրակին չիմացուցին,
Զկորուստ նորա զի հոգային:
Քանզի գոռոզք, հպարտք էին,
Զամէնքն ցած, գէշ ունէին,
Ասեն` Կուզէ թող թուրք լինի,
Մէկ մարդու պակսելն ի՞նչ լինի:
Դարձեալ խորհուրդ մի չար արին
Հայոց աղայք եւ քահանին,
Զեկեղեցիս ամրացուցին,
Մեծ-մեծ կուպղայք դրանցն եդին:
Իբրեւ վաղիւն լուսացաւ,
Տեսաւ զդրունս կպղեալ ժամին,
Առեալ զէմրէրն թարիգանին,
Գնաց նա մօտ ի եէզվիդնին:
Լալով ասաց զիւր գանգտնին,
Թէ` Հայք իմ գլուխս զինչ անցուցին.
Ասեն. Թէ լինիս թապի փափին
Եւ ընդ մեզ դնես ուխտ ու դաշին,
Մեք օգնական լինեմք քեզի,
Փրկեմք զքեզ ամէն վտանգի,
Զքեզ առնեմք մեծ անուանի,
Զզուեմք զՀայք ազգի-ազգի:
Եպիսկոպոսն այն խիստ թերի,
Հաբեղայիւքն ամենայնի,
Մտան Լեհու եկեղեցին,
Երդուան լինել կրօնս Ֆռանկին:
Կային անդ Լեհու վանաց հարք,
Մեծ դատաւորք, բանիս վկայք,
Գրեցին ի թուղթ զայն դաւանանք,
Թէ Հայոց մեծն եղեւ Ֆռանկ:
Դարձեալ եկաւ Նիկօլն ի տան,
Խնդայր, թէ` Ունեմ շատ օգնական,
Թողի զհաւատն սուտ եւ ունայն,
Որ Հայոց գլուխն բերեմ շատ բան:
Ո'վ եղկելի Նիկօլ թերի,
Նմանեցար Պօղ երիցի
Կամ Վասակայ չար իշխանի
Եւ այլ բազմաց ուրացողի:
Վայ եւ եղուկ ի քո գլխի
Եւ որք պատճառք եղեն քեզի,
Թողեր զհաւատն Լուսաւորչի,
Ելար յօրինացն Հայի:
Է՞ր չի գնացեր յԷջմիածին,
Որ մնայիր ի քո հաւտին,
Այլ սիրեցեր զփառս աշխարհի,
Առաւել, քան զփառս արարչի:
Շատ ոք քեզի խրատ տվին,
Թէ` Հնազանդիր դու Գրիգորին,
Այլ դու չար մարդկանց լսեցիր
Եւ զհոգիդ մարմնով կորուսիր:
Ինատ արիր հետ ամենին,
Չի լսեցիր բարեկամին,
Նստար ի ձին սատանային,
Սկսար առնել չար դէմ լաւին:
Թէ Կամենից չէիր գնացել,
Վատ մարդկանց չէիր հետեւել,
Չարեաց թղթերն չէիր առել,
Ի քո հաւատդ էիր մնացել:
Ո'հ, ո'հ, թէ ի՞նչ բան քեզ արին,
Հազար ափսոս քո սուրբ հաւտին,
Աստուած առնէ վրէժ նոցին,
Որ զքեզ ի քո հաւտէն հանին:
Նախանձ մտաւ ի չար երիցնին,
Որպէս յաւուրս Յիսուս Փրկչին,
Զքեզ չկամեցան նման նմին,
Կորեան կորուստն յաւիտենին:
Յետոյ յղեաց մարդ յաղանին,
Թէ` Թող բանան զեկեղեցին,
Թէ չէ կոտրեմ զմեծ կպղաքնին,
Բռնութեամբ մտնամ յեկեղեցին:
Աղանին զայս ճուղապ տվին,
Թէ` Դու ելած ես մեր միջին,
Ժամն է Հայոց եւ մեր ձեռին,
Թող նա երթայ ժամն Լեհին:
Երբ զայն ասին պարոնտիրին
Էառ զէմրէրն, եդ ի ծոցին,
Գնաց ի սէյրան սթառօստին
Եւ յարքեպիսկոպոսն Լեհին:
Ապա ի ռաթուշն քաղքին,
Ուր մեծ դատաւորք նստէին,
Ասաց` Ունիմ էմր արքային,
Ժամերն եւ հայք իմ ձեռս պիտին,
Բայց հայքն չեն հնազանդ ինծի,
Չթողուն մտնել յեկեղեցի.
Երետ զէմրէրն, եւ կարդացին,
Պագին եւ ճակատնին դրին:
Մարդ ղրկեցին առ աղանին,
Թէ թող բանան ժամին դռվին,
Նոքա ինատ արին, չբացին,
Թէպէտ քան հետ մարդ ղրկեցին:
Նո'ք ալ Հայոց յոյժ բարկացան,
Արքեպիսկոպոսն եւ փաշան,
Զինուորքն ալ դուռն գնացին,
Զերկաթէ դրունս կործանեցին:
Բացեալ զօռով ի ներս մտին,
Թէսլիմ արին պարոնտիրին,
Իսկ Հայոց ազգս, որ անդ կային,
Վայ եւ եղուկ անձանց տային:
Իսկ նվիրակն յորժամ լսեց,
Զմազն եւ զմօրուքն իւր ճողեց,
Զքովն նստած զհայքն վարեց,
Զպատճառ եղողնին անիծեց:
Հայերն լալով հառաչէին,
Առ նվիրակն երթային,
Ողբալով յոյժ կսկծագին
Աղիողորմ, զայս ասէին.
Տէր Խաչատուր, այդ զի՞նչ արիր,
Դու մեր գլուխն ի՞նչ բան բերիր,
Մի՞թէ առ մեզ վասն այն եկիր,
Որ զմեր ժամերն խլել տայիր:
Է՞ր դու չար մարդկան լսեցիր,
Նոցա խրատովն ի շուրջ եկիր,
Միշտ զՆիկօլն դատ քաշէիր
Եւ հազար գէշ նմա ասէիր:
Քեզ ի՞նչ պիտէր ի Լով գալու,
Կամ թէ զնա կարգէն ձգելու,
Գիտէիր դու զնա շահելու
Եւ զայս չար բանս չերկարելու:
Քէմ լսեցիր դու ի Ստամպօլ,
Թէ որչափ չարիս արար Նիկօլ:
Բաժանեալ էին հայք որ ի Լով,
Չի մռեցեր, հասար փութով,
Եկիր ՚ւ եղար կողմ չար մարդկան,
Կանչէիր` Կառնեմ դատաստան,
Այժմիկ եղար խիստ փոշիման,
Տեսնուս գլխուդ ինչ բաներ գան:
Լաւ էր զմին չարն շահէիր,
Քան զմեզ զամէնքս կորուսիր,
Յեկեղեցեացն զրկեցիր,
Զմեզ այլազգեաց ձեռք մատնեցիր:
Էջմիածինն այլ խատր արիր,
Քու մուրատիդ այլ չհասիր
Զմեզ հոգւով մարմնով կորուսիր,
Մեծ փոթորակ թողիր, գնացիր:
Նիկօլն սկսաւ ոճիրս գործել,
Վտանգ Հայոց գլուխն անցնել,
Զքահանայսն չարչարել,
Զեօթն խորհուրդն արգիլել:
Զոմանս ի բանտ կու ձգէր,
Զայլս բռնաւորաց ձեռս մատնէր,
Զոմանս ծեծէր եւ հարկանէր,
Դատաւորօքն տուգանէր:
Լեհցոց առջեւ զհայք նախատէր,
Պիղծ հերձուածող զնոսա կոչէր,
Անհաւատ ՚ւ ուրացող ասէր
Եւ եւտիքեան զհայս անուանէր:
Եւ յիւր ազգերն ինչ աղջիկ կայր,
Լեհաց կտրիճներուն կու տար,
Օր քան զօր կու զօրանայր,
Յետոյ ի դուռն արքային գնար:
Կամէր զնվիրակն ալ տանել,
Յերկաթի շղթայս զնա ածել:
Ապա հայերն շատ դրամ տվին,
Հազիւ ձեռացն զնա թափեցին:
Խորհուրդ մ՚ալ չար եդ ի մտին,
Թէ ինչ բան ունի նա յիմ թեմին,
Ղրկեց ի վրայն զիւր հայտուքնին,
Թէ` Թող կորչի իմ թշնամին:
Դարձեալ հայերն դրամ ժողվեցին,
Մեծ պարոնաց պարգեւք տվին,
Մինչ երեք օր հազիւ կարցին
Ըզնա պահել իւրեանց միջին:
Զի էր յաւուրս ձմերայնի,
Սաստկասառոյց եւ ցրտայնի,
Յունվարի մէկն` օրն կաղանդի,
Հանին զնա խեղճեւ լալի:
Գնաց Կամենից տրտմագին,
Զոր եւ անտից ալ վարեցին,
Մեք մնացաք Լով լալագին,
Զմեր քահանայսն փախուցին:
Թագաւորէն էմրէր հանեց,
Զիշխանութիւնս Հայոց խլեց,
Զվանորայսն յափշտակեց,
Զվախիֆ տներն առաւ յիրմէնց:
Երեք տարի յայս վիշտ կացաք,
Ի յօրինացս հեռացաք,
Անհաղորդ ՚ւ անխոստովանանք,
Մեռեալք մեր մնացին անթաղք:
Այս ամեն չարքս որ մեզ դիպան,
Սեւագլխացն մեր եղան,
Մեք եմք չարեացս այս պարտական,
՚Ւ այս ամէն չարքս մեզնէ ելան:
Վայ եւ եղուկ հազար բերան
Ազգիս Հայոց, որ ի Լով կան,
Ամեն քաղքնին են հանգստեան,
Միայն աթոռս է դեգերման:
Մինչ մեք եաք ի յայս վշտի,
Ի տառապանս ազգի-ազգի,
Խուլ պատրիարգն Ըստամպօլցի,
Մեր մեղքն եբեր քաղաքն Լովի,
Որ միաբան հետ Նիկօլի,
Մտան երկուքն յեկեղեցի,
Հնազանդեցաւ Քաղկեդոնի,
՚Ւ արար ընդ մեզ բազում տաւի:
Ի ծերութեան ժամանակի
Ընկեց զօրէնս Լուսաւորչի,
Գովէր զգործն Նիկօլի`
Դառնալ ի կրօնս Ֆռանգի:
Նա զհայերն հերձուածող կոչէր
՚Ւ ամէն ազգաց բաժնած ասէր,
Պարոնտիրին հետն շրջեր,
Յոր տեղ նստէր զՀայս հայհոյէր:
Լեհ կարգաւօրքն երբ զնա տեսան,
Մեծ որովայնին հաճեցան,
Ասին` Ի Հայք չկայ քեզ նման
Եկ դու ընդ մեզ եւ լեր միաբան:
Պատասխանեց նա ամենին,
Թէ պարոնտէրն է իմ որդին,
Ես եմ գլուխ եւ մեծ Հային,
Սա իմ օրհնածս է եւ չրախ իմ:
Իսկ Իլախնուն երիցանին,
Որպէս զսուրբ զնա պաշտէին,
Յեկեղեցիս շուրջ ածէին,
Յընթրիս տարեալ մեծարէին:
Իշխանքն ալ զնա ի հաց տարին,
Եպիսկոպոսն ալ Էլախին,
Յետոյ տարին սեւ երեցնին,
Արքային առջեւ կացուցին:
Այլ եւ անդ զՀայս չարախօսեաց
Եւ մեր հաւատոյն շատ վատ ասաց,
Իսկ թագաւորն եւ վէզիրնին,
Թագուհին ալ զնա սիրեցին:
Ի Լովն ալ զմեզ չարչարեց,
Անէծք, բանադրանք մեզ ղրկեց,
Թ՚ Եկէք յեկեղեցին մտէք,
Առաջնորդին ձեր լսեցէք:
Բայց նմա ոչ ոք հնազանդեց
Եւ ոչ բանից նորա լսեց,
Ասեն` Մեք եմք Լուսաւորչի,
Հնազանդ մեր կաթողիկոսի:
Ղափին մեզ չար յոլով արարեալ,
Վասն այն մեր բանն եղեւ յամեալ,
Բազում դրամ, ոսկի տվեալ,
Հազիւ եղեն նմանէ փրկեալ:
Ասէր` Կաթողիկոսն ո՞վ է,
Իմ պատիւս քան զնա մեծ է,
Ամէն Հայոց աշխարհ իմն է,
Նա իմ աշկերտն ալ չէ:
Անտի ի մեծ Հռովմ գնացեալ
Ուրացողն, յոտս փափին անկեալ,
Իսկ փափն զնա յոյժ մեծարեալ,
Դարպաս, ռոճիկ նմա տվեալ:
Ամ մի բոլոր նա անդ կացեալ,
Հռոմայ գահիցն պատուեցեալ,
Յոլով դարանս Հայոց կազմեալ
Եւ զմեր դարպասն փախուցեալ:
Այս ամենայն բանքս որ գրեցան,
Մեր կարգաւորաց մեզ դիպան,
Զի սեւագլուխք մեր ուր երթան,
Կորուսանեն զհոգիս մարդկան:
Այլեւ մեր ազգս Հայկազան,
Ընկերատեացք եւ ամբարտաւան,
Միշտ կռւով կենան ՚ւ անմիաբան,
Բնաւ սէր չունին, չեն միաբան:
Ո՞ւր են գաւառք մեր հայրենի,
Ո՞ւ ր են աթոռքն հայրապետի,
Ո՞ւր կան թախտերն թագաւորի,
Մեծ Արշակայ եւ Տրդատի:
Եղեալ եմք ցիրուցան երկրի,
Օտար աշխարհ եւ յոյժ հեռի,
Ի սփեւռս ցրուեալ հեթանոսի,
Կոխան եղեալ ամէն ազգի:
Ի Լեհն էաք միայն հանգստի,
Չորս-հինգ հարիւր ամ աւելի,
Որք պատճառ եղեն այս չարի,
Արկցին ի հուրն գեհենի:
Այլ չի մնաց տեղ հանգստի,
Ոչ բնակութիւն այլ քաղաքի,
Աշխարհս ամէն մեզ թշնամի
Եւ զաստ կանեն մեր սուրբ հաւտի:
Զիա՞րդ գրեմ զողբս աղէտի
Տառապանաց իմոյս ազգի,
Սեւագլուխք մեր անբարի
Զայս չարիքս բերին մեր գլխի:
Այս երեք ամքս որ անցին
Հոգւով մարմնով զմեզ նեղեցին,
Լեհաց բերան զմեզ ձգեցին,
Կասեն` Թապի եղէք փափին:
Երսուն հազար ղրուշ խարճեցին
Լովն եւ ի դուռն ղափիճին,
Հայք քան մի առնել չկարացին,
Ոչ թափել զեկեղեցի մին:
Գնացեալ դարձեալ հայք ի ղափին,
Թագուհին էր կողմ Նիկօլին,
Միշտ կշտամբէր զհայս յատենին,
Ասէր` Գնացէք զկնի Նիկոլին:
Խոստովանահայրն ալ արքային,
Եպիսկոպոսք, կարգաւորնին,
Չտային թոյլ թագաւորին
Դարձնել մեզ զեկեղեցին:
Դարձան հայք ի տուն լալագին,
Նիկօլ խրոխտայր ի վերայ նոցին,
Թերի կոչէր զհաւատ Հային
Եւ նախատէր զամենեսին:
Ապա աստուածն ողորմած
Եղեւ Հայոց ազգին գթած,
Զի թագուհին գնաց առ աստուած,
Խոստովանահայրն ալ յետեւանց:
Դարձեալ հայերն ղափին գնացին,
Ասեն` Զօռ մի անել Հային
Թէպէտ չտաս զեկեղեցին,
Կարգ կատարել տուր քահանային:
Արքայն արար պատասխանի.
Է՞ր չհաւնիք դուք մեր հաւտին,
Ես չեմ ի տալ զեկեղեցին
Մինչեւ չհնազանդիք ձեր մեծին:
Բազում պարոնք ի իշխանքնին
Միջնորդ եղան Հայոց ազգին,
Թէ հաշտեցնեմք ընդ եպիսկոպոսին,
Հայք չկամեցան ամենեւին:
Եպիսկոպոսն զօրացաւ,
Եւս առաւել նա զայրացաւ,
Զերիցանին, զորն որ գտաւ,
Ի շղթայս եւ ի բանդն արգիլաւ:
Պահնորդ եդիր քաղքին դռվին,
Որ յայլ տեղ զմեռեալս չտանին,
Ոչ զերեխայսն մկրտեն,
Եւ ոչ զհիւանդսն հաղորդեն:
Այսպէս չարիք ո՞վ է տեսել,
Որ այժմ ի մեր գլուխս եկել,
Ով որ պատճառ այսմ է եղել`
Նա Յուդայի է նմանել:
Ամէն քաղաք Լէհ, ուր հայք կան,
Են յիւրեանց ժամս եւ հանգստեան,
Միայն հայերն, որ ի Լով կան,
Են չարչարանս մեծ նեղութեան,
Ո'չ տօն գիտեն, ո'չ պահք շաբթին
Եւ ո'չ զկարգ ժամատեղին:
Ո'չ լսեմք զձայն Աւետարանին
Եւ ո'չ զպաշտօն պատարագին,
Ո'չ գնան ի թաղումս մեռելին
Եւ ո'չ կնունք երեխային:
Չտեսնուն զպսակ սուրբ ամուսնին,
Վայ եւ եղուկ եկ մեր գլխին,
Հիւանդք անկեալ ի մահճին,
Յոյժ փափագին քահանային:
Բայց հնար չկայ գալոյ նոցին,
Զի Նիկօլէն երկնչէին,
Յորժամ մարդիկ մեռանէին,
Անթաղ մնային մինչ կէս տարին,
Դնեն մաղազան եւ սքլեփնին,
Զայլն տանին յայլ քաղաքնին:
Տղայք ծնեալք յորովայնին,
Մնան անկնունք, ո'չ մկրտին,
Պսակ, թաղում ո'չ կատարին
Եւ ո'չ խորհուրդ պատարագին:
Ոմանք հոտեալ են եւ նեխին
Կէսքն փտեալ, մարդիկ գարշին,
Զայլսն ծածուկ գիշերային
Տարեալ թաղեն յանարգ փոսնին:
Հաղորդ չտան քահանային
Եւ ոչ թաղեն զմեռելնին,
Սնտուկն դնեն համալնին,
Զայլս փախցնեն գիւղաքաղքնին:
Դարձեալ հրաման եհան կրկին
Եպիսկոպոսն Ունիաթին,
Թէ` Կալայք զօտար երիցնին,
Որ չգան տան պսակ Հային:
Բազում ունէր նա օգնական,
Կարգաւորք եւ աշխարհական,
Դատաւորք եւ պարոն ՚ւ իշխան,
Արք եւ կանայք որ ի Լեհ կան:
Այսպէս եղաք մեք ատելի,
Լեհաց ազգին մեծ թշնամի,
Որպէս ի հնում Իսրայելի
Ազգին Հրէից Սամարացի:
Յետոյ սկսաւ այլ չար գործել,
Եկեղեցեաց զինչսն վատնել
Խաչ ու բուրվառք, սկիհք ծախել,
Շուրջառ եւ զթագսն վաճառել:
Այնչափ խազնան աւանդատան
Ոչնչացոյց զամենեսեան,
Չմնաց կազի, ոչ խատիֆան,
Ոչ աթլասի եւ ոչ քիմխան:
Ապա զվանքերն ալ կողոպտեց,
Ոսկին ՚ւ արծաթ զանօթս թալնեց,
Զայնքան անթիւ գանձն ցրվեց,
Որ քանի բիւր դեկան արժեց:
Յետոյ զամեն գրեանս ժողովեաց,
Որ ի գրատան էին պահած,
Աւետարանք ոսկով գրած,
Արծաթապատ կողքով կազմած:
Անգիւտ գրեանք որ Լով կային,
Սըսայ խազնիցն ելեալ էին,
Ազնիւ գրքեր, Շարակնոցնին
Ցրուեաց, կորոյս զամենեսին:
Յետոյ էառ զվախֆնին,
Եկեղեցիաց քար դարպասնին,
Զդպրտներն եւ զհոգէտներն,
Զայգիս, դրախտս եւ զպարտէզնին:
Էր յոյժ պճնող, վատնող դրամին,
Կորոյս զամէնն եւ զիւր հոգին,
Նախնեացն մեր յիշատակնին
Ոչ մին չմնաց յեկեղեցին:
Սուղ ժամանակ մի վրայ անցին,
Մեռաւ Զիկմունտ արքայն Լեհին,
Զօրքն ամէն եւ մեծ իշխանքնին
Զմեծ որդին կու կամէին:
Նստաւ յաթոռն հայրենի,
Արժանաժառանգ այն թախտի,
Վլատիսլաւուս անունի,
Որ էր հզօր, քաջ եւ արի:
Որ շուտափոյթ գնացեալ Մոսքով,
Զյոլով քաղաքս աւերելով,
Զոմանս եսպան, զայլս գերելով
Եւ զապստամբս հնազանդելով:
Շատ քաջութիւն անդ առնելով,
Աղէքսանդրու նմանելով,
Էառ զքաղաքն, գաւառս յոլով,
Տիրեաց թախտին, որ է Մոսքով:
Սա գնաց ընդդէմ Օսմանին,
Հզօր եւ յաղթող խօնդքարին,
Յորժամ եկեալ էր նա Խօթին,
Տիրել բոլոր Լեհաց ազգին:
Ունէր բազում հեծել՚ւ անթիւ
Եօթն հարիւր հազար ի թիւ,
Իսկ նա չունէր վաթսուն հազար,
Ջնջեաց, եսպան զամէնն իսպառ:
Փաշայք ամէն եւ վէզիրնին,
Եէնկիչէրիք եւ սպանհինին,
Պէկլէր պէկիք եւ սէրտարնին,
Եայապաշիք եւ սօլախնին,
Աճէմօղլանքն եւ չօրպաճիքն,
Խառնիճաղանջքն եւ չուրանին,
Թօփճիքն եւ ըղտապաննին,
Բնաջինջ եղեն ի միասին:
Ապա Օսմանն շվարեալ,
Ինքն եւ իւր զօրքն նկուն եղեալ,
Վլատիսլաւին պատգամ յղեալ,
Թէ` Եկ, լեր դու ընդ մեզ հաշտեալ…