Վարանդա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՇԱՆԱՒՈՐ ՎԱՆՔԵՐԸ

ԱՄԱՐԱՍ

Ամարասը գտնւում է Շուշուց դէպի արեւելահարաւ 45 վերստ հեռաւորութեամբ, Մուղանի դաշտի մէջ, որ գալով ընդհարւում է Լուսաւորչի եւ Խազեզի սարերին եւ կազմում մի գեղեցիկ հովիտ, որի միջով հոսում է Ամարասու վտակը, սկիզբն առնելով շրջակայ գիւղերի աղբիւրներից:

Վանքը զետեղուած է մի 94 մետր երկարութեան եւ 56 մետր 50 սանթիմ լայնութեան եւ 5 մետր բարձրութեան պարսպի մէջ, որի չորս անկիւններում բարձրանում են մի մի բուրգ իսկ պարսպի մէջ կան հրացան արձակելու տեղեր:

Վանքը 23 մետր երկարութիւն, 12 մետր 50 սանթիմ լայնութիւն եւ 6 մետր բարձրութիւն ունի: Շինուած է 1858 թուին սրբատաշ մաքուր քարից:

Չորս քառանկիւնի անպատուանդան սիւների վրայ բոլորում են ռոմանական կամարներ, որոնց յենում է ռոմանական կամարակապ ձեղունը: Արեւմտեան կողմի առաջին կամարների միջեւ բացւում է մի մետր տրամագծով մի կլոր անցք, որի վրայ շինուած է մի փոքրիկ կաթուղիկէ, որ ծառայում է որպէս զանգակատուն: Ունի միայն մի դուռն ռոմանական կամարով արեւմտեան պատի մէջ, որի բարձրում նոյնպէս ռոմանական մի պատուհան: Հիւսիսային եւ հարաւային պատերի մէջ եւս բացւում են մեծ եւ լայն նոյն ձեւի, երեքեկան պատուհաններ, ինչպէս ե՛ւ մինն արեւելան պատում: Ունի միայն մի աւագ խորան եւ երկու խորհրդարան: Սեղանի առաջ կախուած է մի գեղեցիկ ջահ:

Ատեանի հիւսիսային կողմից 18 ոտ. սանդուղով իջնում են մի ստորերկրեայ 3 մետր 75 սանթեմէտր երկարութեան, մի մետր 90 ս. լայնութեան եւ 3. 1/2 մետր բարձրութեան մի փոքրիկ վիրապ ուր ամփոփուած է Ս. Գրիգորիս Աղուանից կաթուղիկոսի նշխարները: Այս մատուռը բացի այժմեան դռնից ունեցել է եւ մի ուրիշ դուռն արեւելան կողմից, որ այժմ փակուած է:

Վանքի մէջ, հիւսիսային դասի մօտ, պատին կից գտնւում է մի բաւական գեղեցիկ գերեզմանաքար, որ ընկնում է մատուռի մէջ ամփոփուած Ս. Գրիգորիսի նշխարների վրայ: Գերեզմանաքարը մի պատուանդայի վրայ դրուած դագաղաձեւ միաձոյլ քար է, որի եզրները գեղեցիկ, շղթայակեպ նաշխերով եզրափակուած են: Քարի երեսին քանդակուած է կաթողիկոսական թագ, գաւազան եւ խաչ, իսկ ներքեւում կայ հետեւեալ տապանագիրը.

Տամբարան սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթուղիկոսի թոռին սրբն Գրիգորի Լուսաւորչի Պարթեւի:

Տապանաքարի երկու կողքին` ծնեալ յամի ՁԻԲ-322. օծեալ ՅԽ-340 եւ նահատակեալ ՅԽԸ-348 ի Սանեսան թագաւորէն Մասգգթաց Դրբենդ. բերեալ յԱմաարս սուրբ նշխարս ի ձեռն ձեռնասուն սարկաւագաց նորին Արցախունի:

Արձանաքարս սրբոյն Գրիգորիոսի աշխատութեամբ ճարտարապետ Միքայէլ Տէր Իսրայէլեանց Շուշեցւոց ի յիշատակ կենդանեաց եւ ննջեցելոց իւրոց: 1889 ամի 1 նոյեմբերի:

Գերեզմանաքարի կողքից մի փոքրիկ անցք է բացուած, որտեղից աղօթողներն հող են վերցնում եւ ուտում եւ կամ խառնում ջրի հետ եւ խմում:

Վանքի խորհրդարանում դրուած է Ս. Գրիգորիսի մասունքը արծաթէ ձեռքի մէջ ամփոփուած: Ժողովուրդը մատանիներ է անցկացրել մատերը եւ մի սաթից պատրաստուած ապարանջան դրել թեւը:

Պարսպին կից գտնւում են 24 կամարակապ, բաւական բարձր սենեակնար, որոնք կարոտ են մասնաւոր վերանորոգութեան: Այժմ հարաւային կողմում գտնուած երկրորդ յարկի երեք սենեակը վերանորոգում են վանահօր բնակութեան համար: Կան նաեւ երկու ընդարձակ գոմ եւ երկու սենեակ ձիապանների համար:

1) Վանքի կալուածներն են.

2) Վարելահող` մօտ 300 դես.

3) Այգետեղի` մօտ 340 դես.

4) Մի ջրաղաց:

10 կով, մի ձի եւ մի աւանակ: Տարեկան եկամուտը հասնում է 700 ր.

Վանքը այժմ պահպանում է մի վարդապետ:

ՀԻՐՀԵՐ

Գտնւում է Ամարասից դէպի հարաւ, համանուն լեռնագօտու հիւսիսային լանջի վրայ:

Այս գիւղում նշանաւոր է ս. Գրիգորիսի հոյակապ, սրբատաշ քարերով շինուած եկեղեցին, որի երկարութիւնն է 19, լայնութիւնը 14, իսկ բարձրութիւնը` մօտ 8 մետր: Չորս սիւների վրայ բոլորում են ռոմանական կամարներ եւ ռոմանական ձեղուն: Եկեղեցու ժողովրդեան կանգնած տեղից բարձրանում է մի փոքրիկ գմբէթ: Եկեղեցու մէջ կայ մի սեղան եւ երկու խորան:

Եկեղեցու վրայ կան հետեւեալ արձանագրութիւնները.

Սեղանի ժողովրդահայեաց երեսին.

Կամաւն Աստծոյ ես Պետրոս Կաթուղիկոս Աղուանից սուրբ աթոռոյ Գանձասարայ` նորոգեալ սուրբ աթոռս Ամարասայ արհի եպիսկոպոսութեան բոլոր նահանգի Վարադու եւ Քոչիզու, քանզի փեռեկտեալ եւ պատառեալ էին զվիճակ սորին արարեալ ըստ իւրաքանչիւր կամաց. իսկ մեք զցանկ հայրենի նորոգետլ ժողովեցաք, նորոգեցաք զսիրելի աշակերտս մեր զտէր Բարսեղ արհի եպիսկոպոսն, որ եւ հրամայեցաք սմա շինել զեկեղեցի իմ Հովարան Ամարասայ, զոր եւ շինեալ կատարեաց ըստ մերում հրամանի յաւուր տաւնի այլակերպութեանն Քրիստոսի եւ աւրհնեցաք զսուրբ տաճարս անուանելով զսա սուրբ Գրիգորիսի` բերելով ի նշխարաց սրբոյն Գրիգորիսի ամփոփեցաք երկրիս Վարանդու եւ Քոչիզու, զի եղիցի այս երկու աթոռս մի: Ով ոք զայս վիճակս բաժանել եւ զոք նստեցուցանել այլ տեղի, եթէ կաթուղիկոս իցէ կամ եպիսկոպոս Տէր զայնսլիսին` նզովեալ եղիցի ՅԺԸ. հայրապետացն, ընդ խաչահանուացն դասեսցի. Յուդայի մասնակից եղիցի: Այս կտակ եւ արձանագիր յաւիտեան մնայ հաստատ:

Հարաւային դրան վրայ.

Շնորհօքն Քրիստոսի ես Բարսեղ եպիսկոպոս աշակերտ Պետրոս կաթուղիկոսին եւ ծնողսն իմ Աղայն եւ Գիւլազայն գաւառէն Վարանդու, ի գեղջէ Գիլան` նորոգեալ պայծառացուցի զսուրբ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք հանդերձ յոգնաթիւ սենեկօք, զեկեղեցիս շքեղացուցաք զարդուք, տուաք շինել զեկեղեցիս անուամբ Սրբոյն Գրիգորիսի Հովարան սուրբ աթոռոյն Ամարասայ, որ եւ մասն բերեալ նմանէ ամփոփեցաք աստ, իսկ հիմնարկեցաւ ՌՃԺԶ. թվին, կատարեցաւ ՌՃԻԵ-ին:

Հարաւային խորանի դրան վրայ.

Մեք Հիրհերայ ճամիաթս տանուտէր Ղասումս, մեծ եւ փոքր ճանապարհի գլխի տափին սկիզբն վախմ էր սուրբ Աստուածածնին. մեք եւս վախմ արարաք Սուրբ Գրիգորիսին. ով քակէ, նզովեալ եղիցի յԱստուծոյ:

 

Աջ խորանի մէջ կան երկու գերեզմանաքարեր, որոնցից մեծի վրայ կայ հետեւեալ տապանագիրը.

Այս է տապան Հայրապետի, սրբազան մեծ վեհապետին

Տեառն Իսրայէլ Դիտապետի, տանս Աղուանից հովուապետի.

Աջորդ սրբոյն Եղիշէի, աթոռակալ Գրիգորիսի.

Ժառանգ մեծին Սիմէօնի, եւ թոռն պետին Ներսիսի,

Զի էր որդի մեծասեռի, իշխանազնեայ այն Ապրէսի,

ՌՄԾԷ Հայոց թուի, յուլիսի երեքն վախճանի.

Յիշման առցէ սա արժանի, ով ոք կարդալ հանդիպեսցի:

 

Արեւմտեան դրան վրայ.

«Ես Պետրոս կաթուղիկոս` աշակերտ Ղուկաս վարդապետին ետու շինել կաթուղիկէս յիշատակ ինձ եւ աշակերտին իմոյ Բարսեղ եպիսկոպոսին. յիշեցէք ի Քրիստոս:

Աստուած աւրհնէ Քոչիզու ժողովուրդն այն աւրհնութեամբն, որ ոչ անցանէ. ձեռնտու եղեն կրին եւ քարին:

Զաւրութեամբն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս դառն եւ նեղ ժամանակիս, վասն ծովացեալ մեղաց մերոց եկն մարախ եկեր զերկիրս Աղուանից եւ աւերեաց բազում տեղիս թագաւորութեան Շահ Սուլէմանին, պարոնութեան Միրզա Ղուլի բէկին եւ իշխանութեան երկրիս Վարանդու Մելիք Բաղու որդի Մելիք Շահնազարին եւ օժանդակութեան Ովանիսին եւ քահանայից եւ տանուտեարց, մեծամեծաց եւ փոքունց ամէն. թվին ՌՃԻԲ.

ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

«Կուսանաց անապատ» կոչուած վանքը գտնւում է Չանախչի գիւղի հարաւ արեւմտեան կողմում, մր փոքրիկ քրծի վրայ, որի եզրները լիզում է Քիրսայ գետակը եւ առջեւում բարձրանում Քիրսի, Ղոնդիկի եւ Մաւասի սարերը, այնպէս որ անապատը իւր կոյսերին միշտ նուիրել է մի գեղեցիկ տեսարան: Անապատի արեւմտեան կողմից ձգւում է նախկին պարիսպը, որ գնում միանում է «Քաջքատուն» կոչուած ժայռին:

Դրան ճակատակալ քարի վրայ արձանագրութիւնը- «Եկեղեցիս թվ ՌԿԵ» - պարզում է եկեղեցու հիմնարկութեան ժամանակ: Իսկ Սարգիս եպիսկոպոս Ջալալեանի այս գիւղում տեսած մի գեղեցկագիր Աւետարանի յիշատակարանը [1] հաստատում է, որ վանքը շինել են Գայիանէ եւ Հռիփսիմէ քոյրերը, Տէր Առաքեալի աջակցութեամբ: Այս Աւետարանը ես չգտայ գիւղում, ո՞վ գիտէ ինչպէս է անհետացել:

Բայց աւանդութիւնը այս վանքի հիմնարկութիւնը Աղուանից թագաւոր Վադագան Գ-ին է վերագրում, իբր թէ սա քրիստոնէութիւնը ուրանալուց յետոյ զղջացել, առանձնացել է այստեղ եւ իւր կեանքի մնացած օրերը աւետարան կարդալով է անցկացրել, որի համար ե՛ւ գիւղը Աւետարանոց է կոչուել:

Մի ուրիշ աւանդութիւն էլ ասում է, թէ Աղա Մամադ-Շահի 1797 թուի արշաւանքի ժամանակ, զինուորները մտնում են այս վանքն աւերելու: Բոլոր կոյսերը փախչում են անտառը եւ թաք կենում, բացի մինից, որ որ մի փոքր ուշանում է իւր կիսատ աղօթքը վերջացնելու: Երբ նա դուրս է գալիս, նրա գլխին շողում է զինուորի սուրբ, սակայն նա խոյս է տալիս եւ Աստուածամօր օգնութիւնը հայցելով` քարափից ցած ընկնում եւ աներեւոյթ ուժի զօրութեամբ անվտանգ հասնում գետնին եւ թաք կենում անտառում: Այս արշաւանքի ժամանակ շատ թանգագին իրեղէնների հետ կենաց փայտի մի մասն ամփոփող մի արծաթապատ խաչ եւս գերի է տարւում, որ յետոյ, աւանդութեան ասելով` աղավանի դարձած վերադառնում է վանքը ու նորից նախկին խաչի ձեւն ստանում:

Մի ուրիշ աւանդութիւն էլ ասում է, թէ ամէն տարի զատիկին մի այծեամ Աստծու հրամանով գալիս էր այստեղ եւ մեկնում իւր վիզը` զոհուելու, սակայն յետոյ, մարդկանց մեղքի պատճառով` Աստուած դադարեցրեց այդ զոհը:  

Կուսանաց անապատը շինուած է տեղական տաշած քարից: Յատակագիծը խաչաձեւ է, 12 արշին երկարութեան, 8 արշին լայնութեան եւ 7 արշին բարձրութեան: Երկու բոլորովին հասարակ սիւների վրայ բոլորում են աղեղնաձեւ կամարներ եւ կամարակապ ձեղուն, որ արտաքուստ եռանկիւնաձեւ է: Արեւմտեան կողմում բացւում է մի փոքրիկ դուռն, եւ վերեւում` երկու պատուհան: Հարաւային պատի մէջ եւս կայ երկու, իսկ արեւելեանի մէջ փոքրիկ պատուհան: Ունի մի սեղան, երկու խորան եւ մի աւազան: Անապատի արեւմտեան կողմում կայ մի աղեղնաձեւ կամարակապ ձեղունով անսիւն գաւիթ` 6 մետր մրկ. 9 մ. լայնութեան, իւրաքանչիւր պատին մի փոքրիկ պատուհանով: Սա եղած է Մէլիք Շահնազարեանների իշխանական ցեղի դամբարանը: Այստեղ գտնւում են Մանուէլ վարդապետի, Մելիք Միրզայի, Մելիք Յիւսէինի, Մելիք Յովսէփի, սրանց կանանց եւ մայրապետի գերեզմանները:

Անապատի շուրջը ամուր պարսպով պատածէ եղել, որի միայն հետքերը կան, իսկ պարսպի ներսը եղել են շատ խցեր` կոյսերի բնակութեան համար:

Այժմ վանքը բոլորովին անխնամ է թողնուած:

Թէ կուսանաց անապատում եւ թէ դուրսը գտնուած Մելիքների գերեզմանների տապանագրերից նշանաւոր են հետեւեալները.

Այս է տապան Մէլիք Շահնազարին (Գ)

Որ է որդի Մէլիք Յիւսէինին.

Արցախ գաւառաց իշխանին,

Վարանդու տիրապետողին.

Սա էր հայը Մէլիք Ջիւմշիւտին.

Ըստ ռուսաց պլկովնիկին,

Ազնիւ ոմն Հայոց ազգին,

Արի եւ քաջ զօրավարին

Խնդրեմ առնել զայս արժանին

Միոյ բերան Հայր մեղային,

ՌՄԽ. թվին (1792)

---------------

Այս է տապան Մէլիք Ջիւմշուտին

Սա էր

Թոռն մեծասեռին

Ազնիւ Մէլիք Յիւսէյինին (Բ).

Խնդրեմ առնել զայս արժանի

Միոյ բերան Հայր մեղային,

Թվ. ՌՄԿԱ. ապրիլի ԻԵ (1812)

----------

Այս է տապան Մէլիք Ջհանբաշխին

Իշխող Վարանդայ գաւառին.

Ազնիւ որդոյ Մէլիք Շահնազարին

Վախճանեցաւ 1822.

------------

Մէլիք Խուդա իշխող Վարանդայ

Թոռն ըստ մարմնոյ Մէլիք Ջիւմիշիւտայ,

Այս նորա տապան յորում մարմնով կայ,

Կենդանի հոգւով միշտ եւ յարակայ,

Ամաց քառասնից ել սա յաշխարհէ

Զերծ արդ գտանի յամէնայն չարէ.

Զայս վէմ ետ շինել առն իւրում ձօն,

Ի հատիւ սորա կին սորին զգօն,

Թվ. ՌՄՁԲ. էր» (1833):

ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ԱՆԱՊԱՏ ԿԱՄ ՂՈՆԴԻԿ

Սա  մի փոքրիկ, անտաշ քարերով, առանց կամարի մի մատուռ է Ղեւոնդեանց անունով, շինուած այն բարձր սարի գագաթին, որ միայնակ բարձրանում է Աւետարանաց, Սարգսաշէն, Վերին Թաղավարդ եւ Մոշի-խմհատ գիւղերի կենտրոնում: Մատրան կից է մի գաւիթ: Անապատի դրան հիւմիմային սեմի վրայ գրուած է ՌԷՃ. իսկ գաւթի դրան վերեւ ՌՄԻԷ-ին յիշատակ է գաւիթս Զաքարիա, Յովսէփ եւ Մելքոն վարդապետանց:

Ծերունիները ասել են գեր. Սարգիս եպ. Ջալալեանին, թէ ս. Ղեւոնդ երիցի ազգականները Վարանդայում պտտելով, նրա նշխարներից գտել են եւ բերել ամփոփել այդտեղ եւ կառուցել եկեղեցի: Եկեղեցում կայ Ս. Ղեւոնդի պատկերը, որ գեղարուեստական ոչ մի արժէք չունի:

Այս անապատում կան հետեւեալ մասունքները.

1) Մասն Թադէոսի առաքելոյն, մի արծաթեայ փոքրիկ խաչում:

2 եւ 3) Մասն Յովհաննու Մկրտչի, զետեղուած մի արծաթեայ փոքր եւ մի մեծ խաչում:

Ղեւոնդեանց մասունք, մի արծաթի միջակ խաչում:

Անապատի շուրջը պարիսպ է քաշուած, որի ներսում կան միքանի հին սենեակներ, որ այժմ կիսաւեր են: Այժմ եղբայր են շինում ուխտաւորների համար:

Պարսպի մէջ կան բաւական թուով գերեզմաններ:

Անապատումս բնակւում է իբրեւ պահապան մի քահանայ իւր ընտանիքով:

ԵՂԻՇԱՅ ԿՈՒՍԻ ԱՆԱՊԱՏ

Գտնւում է Շուշուց դէպի արեւելք, Սօս գիւղի, Լուսաւորչի սարի, Քերթ եւ Ղուզի ճարտար գիւղերի միջեւ բարձրացող բաւական բարձր սարի վրայ, ուր կան նաեւ թեղի եւ տխկի ծառեր:

Մենաստանը 16 մետր երկարութիւն, 9 մետր 75 սանտ. լայնութիւն եւ 5 մետր բարձրութիւն ունի: Երկու հասարակ սիւնի վրայ բոլորում են ռոմանական կամարներ ե՛ւ կամարակապ ձեղուն, որի մէջտեղից բարձրանում է մի փոքրիկ կաթուղիկէ, որ ծառայելիս է եղել իբրեւ զանգակատուն: Մենաստանը շինուած է անտաշ որձաքարով: Մենաստանի մէջ կայ մի աւագ սեղան, երկու խորհրդարան, աւազան, չորս լուսամուտ եւ մի դուռն արեւմտեան կողմից:

Աւագ խորանի տակ ամփոփուած է Ս. Եղիշէ կուսի նշխարները, եւ բեմի մէջ կայ մի փոքրիկ խորանաձեւ բացուածք, որի մէջ կայ մի փոքրիկ, բայց շատ խորը ծակ, որ հաւանականօրեն հասնում է մինչեւ կուսի գերեզմանը: Հիւանդները աղօթելուց եւ մօմեր վառելուց յետոյ մի անմեղ երեխայի ձեռքը փաթաթում են շորերով եւ այդ խորանի մէջն են երկարացնել տալիս: Ասում են թէ միքանի րոպէից յետոյ հիւանդի ցաւած տեղին համապատասխանող մի ոսկր թռչում կանգնում է երեխայի թեւին: Անմիջապէս վերցնում են այդ ոսկրը, ձգում ջրի մէջ եւ այդ ջրով լուսանում հիւանդի ցաւող մասը, որ իսկոյն եւ եթ լաւանում է:

Բեմի վրայ կայ մի քարեայ խաչկալ, որի հարաւային դրան երկու սիւնի վրայ գրուած է. « Յիշատակ է Համասուտանց Միրզախանի որդի Մանուէլ Վարդապետիս այս խաչկալս. եղբարքն իմ Պապան եւ Վանլալան, քորար իմ Գուլասմար, ենթաղիհ, ծնողքն իմ Մխանսիմ, կողակից իմ Նազլու, որդի իմ Հախնազար, Շահպատ, Սիրուն, Վռամին, Մագրվանին եւ տատերն իմ Բաջուն, Դոստաշին, թվ. ՌՃԴ.

 

Դրան ճակատի քարի վրայ` Կարողութեամբն ամենազօրին Աստուծոյ ես նուաստ տէր Յոհան անձամբ տկար աբեղայս եւ որդէգիր Փոքր տէր Յովանս շինեցաք սբ. զեկեղեցիս ըստ անուան Սրբուհոյ կուսին Եղիշէի կաթուղիկոսութեան տեառն Երեմիայի եւ տանս Աղուանից որ ի մայր աթոռոյն Գանձասարայ վասնորոյ յիշել աղաչեմք հանդերձ ծնողովք մերովք ՌՃԻԴ.

 

Արեւմտեան պատի մէջ կան խաչաքարեր, որոնցից լուսամուտից վերեւ գտնուողի վրայ գրած է.

  Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, ես անարժան ուստայ Կաբրելս շինեցի այս եկեղեցիս ի ձեռամբ իմով, ով կարդա մէկ բերան ողորմի ասէ. Խաչս յիշատակ է Գաբրելիս եւ ծնողաց իմոց եւ դստերաց եւ որդոց իմոց:

ԲՌԻ ԵՂՑԷ (ԵԿԵՂԵՑԻ)

Հացի գիւղից դէպի արեւելք, փոքր ինչ հեռու մի սարի լանջին գտնիում են բազմաթիւ գերեզմաններ, երկու միմեանց մօտ գտնուող եկեղեցի, երկու մատուռ եւ երեք բեմ: Ժողովուրդը այս բոլորին Բռի եղցէ անունն է տալիս:

Առաջին եկեղեցին գտնւում է լերան գագաթին, մի հարթութեան վրայ եւ ունի 7 մետր երկարութիւն, 7. 1/2 մետր լայնութիւն եւ 8 մետր բարձրութիւն: Շինուած է սպիտակ անտաշ քարով: Սիւներ չունի եւ կամարակապ է, առանց գմբէթի, ունի մի նեղ աւագ սեղան եւ երկու խորհրդարան, որոնց դռները գեղեցիկ նշխերով եւ խաչերով եզրափակուած են: Ձախ խորանը կիսով չափ քանդուած է: Սեղանի առաջ դրուած է մի քար, որի վրայ կայ հետեւեալ արձանագրութիւնը:

Թվին ԶԺԹ: ի տերութեան Տը Ստեփանոսի յե… սիսի (յեպիսկոպոսութեան Ներսիսի) Ես Մխիթար որդի Խ… կանգնեցի զխաչս:

Եկեղեցու մէջ կան բաւական թուով գերեզմաններ, որոնցից մինն ունի հետեւեալ տապանագիրը.

Այս է տապան Տր Յօհանիսին որդի Տր Կարապետին. թվ. ՌՄԽԷ.

Բ. եկեղեցին առաջին արեւմտեան կողմումն է, երեք մետր հեռաւորութեամբ. երկարութիւնն է 6 մետր 50 ս., լայնութիւնը` 4 մետր 18 սանտ. եւ բարձրութիւնը` 7 մետր:

Արեւմտեան պատը գրեթէ ամբողջովին ծածկուած է խաչերով, միակ դռան շուրջը կան գեղեցիկ քանդակներ եւ կողքերին մի մի ռըլիէֆ սիրամարգ, որոնց ձախի կողքում փորագրուած է.

Զխաչենիկ վարդապետ սուրբ եկեղեցոյս յաղաւթս յիշեցէք Քրիստոս:

Բ. մատուռն գտնւում է լանջի ստորոտում. արեւմտեան պատի արտաքին երեսը խաչերով ծածկուած: Արդէն կիսաւեր է: Սրա դրան հիւսիսային սեմի վրայ կայ հետեւեալ արձանագրութիւնը.

Զ. Շահէն վարդապետ եկեղեցոյս յիշեցէք ի Տէր:

 

Դռան վերեւում.

քահանայ եւ եղբայր իմ Վարհամ եւ վարհայք… ունափա շինեցաք զեկեղեցիս բազում աշխատանաւք յեպիսկոպոսութեան Տէր Յովանիսին եւ տէր Ներսիսի յիշատակ հոգոց ազգաց եւ ծնողաց մերոց, որք կարդայք յաղաւթս  յիշեցէք աշխատողք եկեղեցոյս:

 

Ա. բեմն գտնւում է Բ մատուռից փոքր ինչ վերեւ: Բարձրութիւնն է 3 մետր 60 ս., լայնութիւնն է 3 մետր 25 ս., հաստութիւնը 1  մետր 83 սանտ.: Սրա արեւմտեան երեսին զետեղուած են խաչարձաններ, եզրափեկուած գեղեցիկ նշխերով:

Բ. բեմը առաջնի հարաւային կողմումն է, իսկ Գ. փոքր ինչ աւելի հեռու երկրորդից:

Այս բեմերի վրայ կան արձանագրութիւններ, բայց որովհետեւ բաւական եղծուած են, ամփոփ միտք չի դուրս գալիս: Միայն յայտնի է լինում որ առաջինը շինուած է ՆԱ, երրորդը ՉԺ թուին:

ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ

Ծովատեղ գիւղի մօտ մի բլրակի վրայ գտնւում է կարմիր եկեղեցին, որ Մելիք Փաշայեանների դամբարանն է եղած: Սա բաղկացած է մի փոքրիկ, անսիւն, կամարակապ եկեղեցուց եւ երեք ստորերկրեայ մատուռներից, որոնք միմեանց հետ հողորդակցւում են փոքրիկ դռներով: Մատուռների, ինչպէս ե՛ւ եկեղեցու մէջ կան գերեզմաններ, որոնց տապանաքարերը ահագին միապաղաղ քառանկիւնի սեւ քարեր են, առանց մի որեւիցէ գրութեան կամ քանդակի, որոնց ներքին կողմում կանգնացրած են միեւնոյն լայնութեան եւ մի սաժէն բարձրութեան խաչարձաններ, հրաշալի նշխերով եզրափակուած: Խաչերի ներքեւ կան տապանագրեր:

Ա. մատրան ճակատակալ քարի վրայ կայ հետեւեալ արձանագրութիւնը.

Թվ. ՌՀ Դաւիթ եպիսկոպոս` յիշատակ է եկեղեցի վանքս որ լինի սա դամբարան եւ շիրիմ մերոց նախնեաց:

Ա. մատրան խորանի հարաւային խաչի վրայ.

Թվ. ՌԼԵ. հայրապետութեան Դաւիթ, առաջնորդի Մէլիք Փաշիկ, Պետրոս եպիսկոպոս:

Բեմի խաչի վրայ.

Դաւիթ աբեղայ կանգնեցի զխաչս Առան վարդապետի Տորսոնեց… եւ զիս (յիշեա).

Խորանի հիւսիսային կողմի խաչքարի վրայ.

Թվ. ՌԻԵ. ի հայրապետութիւն Տէր Յովհանիսի. առաջնորդութիւն Մելիք Փաշին. յանուն Աստուծոյ ես Սահակ եպիսկոպոս կանգնեցի զխաչս փրկութիւն եղբաւր իմոյ Ղազարին, աղաւթս յիշեցէք:

Բ. մատրան մի մեծ խաչի վրայ.

Այս է Սահակ եպիսկոպոսն, որ փոխեցաւ…

միւս կողմի վրայ.

Անուամբն Աստուծոյ ես Պետրոս եպիսկոպոս, Դաւիթ խան այանս կանգնեցինք զխաչս փրկութիւն Սահակ եպիսկոպոսին, աղաւթեցէք:

Դ. մատրան մէջ մի խաչքարի վրայ.

Կամաւ ամենակալին Աստուծոյ, ես Մելիք Աւան կանգնեցի զխաչս փրկութիւն հօր իմոյ Մէլիք Պապին եւ մաւր իմոյ խոնդի խաթունին, ով որ յիշէք Տէր, յիշեսջիք առ Աստուած. թվ. ՌԺԵ. ին:

Մի ուրիշ խաչի վրայ.

Կամաւ ամենակալին Աստուծոյ ես Մէլիք Աղամ որդի Մէլիք Պապին որդոյ Նախիջանայ թոռանն որդոյն Թոմասին որդոյ մեծի իշխանին Աւանայ կանգնեցաք զխաչս փրկութիւն նախնեաց մերոց, ով որ երկրպագէք, յիշեցէք Տէր, Աստուած զձեզ յիշէ:

Այլ խաչարձանի վրայ.

Իշխանութեան Թահմազին, հայրապետութեան տեառն Գրիգորիսի եւ առաջնորդութեան ուխտիս Սահակայ եպիսկոպոսի…

Այս եկեղեցու շուրջը կան բազմաթիւ գերեզմաններ, որոնց միքանիսի տապանաքարերը շատ գեղեցիկ են: Այստեղ կայ եւ մի այր, ուր Սարգիս Ջալալեանի ասութեամբ ածուած են սրից եւ սովից մեռածների դիակները:

ԲՈՂՐԽԱՆԻ ՎԱՆՔ

Գտնւում է համանուն սարի հարաւ արեւելան կողմում ձգուող մի փոքր ձորակի ձախ լանջին, փոքրիկ հարթակի վրայ: Երկարութիւնն է 9 մետր, լայնութիւնը` 5 մետր 60 ս.: Շինուած է մի կամարի վրայ, անտաշ կաթնագոյն քարով, որ ունի մի դուռն, երեք լուսամուտ եւ երկու խորհրդարան:

Վանքի շուրջը բոլորում է մի պարիսպ, որ ունի մի դուռն: Պարսպի հարաւային եւ արեւմտեան կողմերում ներքուստ շինուած են բազմաթիւ խցեր միաբանների բնակութեան համար, որոնք այժմ բոլորն էլ, բացի վանահօր սենեակից, կիսաւեր են:

ՄԱՒԱՍԻ ՎԱՆՔ

Մաւաս գիւղի մօտ, մի բարձր բլրի վրայ, որի արեւելեան եւ հիւսիսային կողմերում արձանանում են ահագին ժայռեր, միացած միմեանց հետ մի հաստ պարսպով, որի այժմ միայն հետքերն են մնում: Վանքը կառուցուած է երկու սիւների վրայ. խորանի տակ կայ չորս գերեզմանաձեւ շիրիմ: Պարսպի մէջ եղած են խցեր, միաբանների համար, բայց այժմ բոլորն էլ աւերակ են: Այս վանքը եւ իւր շիրիմները մեծ ուխտատեղի են համարւում:

ՇՕՇԿԱՅ ՎԱՆՔ

Խաչմաչ եւ Մսմնայ գիւղերի միջեւ տարածուող լեռնագօտու գագաթին (4669 ոտ. ) է գտնւում: Մի կամարի վրայ հաստատուած 9 մետր երկ. եւ 6 մետր լանութեան վանք է, որ ունի մի սեղան, երեք լուսամուտ եւ մի դուռն արեւմտեան ըողմից: Գաւթում կան միքանի ծառեր, որ սուրբ են համարւում:



[1]            Ճանապարհ. ի Մեծն Հայաստան, Մասն Բ, եր. 246-247։