Վարանդա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՀ, ԹԱՂՈՒՄՆ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ.

Ժողովուրդը հաւատում է, թէ մարդու մահուան օրը նախապէս որոշուած եւ գրուած է ճակատին, որ ոչ մի միջոց չի կարող հեռացնել կամ մօտեցնել այն: Այդ օրերի հաշիւը պահւում է երկնքում դարսուած կճուճներում, որոնց մէջ իւրաքանչիւր տարի մի կաթիլ ջուր է կաթում: Երբ կճուճը լցւում է, օրը լրացած է լինում եւ մարդը մեռնում է: Մրեւնոյն ժամանակ ամէն մարդ մի աստղ ունի երկնքում, երբ օրը լրանում է, աստղը ընկնում է եւ մարդն էլ մեռնում:

Երբ մարդու վախճանը հասնում է, եթէ բարի է` բարի, իսկ եթէ չար` չար հրեշտակը գալիս է հոգին առնելու: Բարի  մարդը շատ հանգստութեամբ, ասելով, ծիծաղելով յանձնում է հոգին հրեշտակին, ստանալով նրանից ծաղկի մի փունջ, իսկ չարը երկար տանջւում է չար հրեշտակի հարուածների տակ: Վերջինս սուրը խրելով հիւանդի կողքը, ամուր սեղմում է բկից, այնպէս որ նա ոչ մի բան չի կարողանում ասել եւ իւր «սրտինը սրտումն է մնում»: Մեռնելու րոպէին մեռնողը լսում է իւր ազգական ննջեցեալների ձայնը, որոնք կանչում են. «Ե՜կ, ե՜կ, այստեղ լաւ է»: Ինքն էլ պատասխանում է. «Գալիս եմ, գալիս»:

Երբ մարդը հօգին աւանդում է, բոլոր տնեցիները սաստիկ լալիս են, իսկ փոքր ինչ աւելի սրտոտները դարձնում են մեռելի երեսը դէպի արեւելք, շորերը հանում են, կզակին մի թաշկինակ կապում, ոտների բթամատները բամբակի թելով կապկապում, աչքերը ծածկում, ձեռքերը կրծքին խաչաձեւ ծալում, վերան մի շոր ձգում եւ մի հաց դնում սրտին:

Իսկոյն գալիս են ազգականները եւ ծանօթները, մխիթարական խօսքերով հանգստացնում սգաւորներին. «Աստուած սրտներդ մխիթարի, դուք ողջ լինիք: Բոլորս էլ մեռնելու ենք, Աստուած ննջեցեալի հոգին լուսաւորի, համբերող եղէք» եւ այլն: Գալիս է եւ քահանան  ու օրհնում ջուրն ու պատանը: Տղամարդ ննջեցեալին լողացնում են գիւղերում` հարեւանները, իսկ քաղաքում` ժամկոչները: Կին ննջեցեալներին` գիւղում հարեւան կանայք, իսկ քաղաքում` աղքատ կանայք եւ կամ, եթէ հարուստ է եղել, կոյսերը` աղօթքներ մրմնջալով: Լողացնելուց յետոյ ննջեցեալի ձեռքին մի մի մոմ են դնում, որպէսզի միւս աշխարհում իւր բարեկամ ննջեցեալներին ճրագի լույսով տեսնի: Յետոյ պատանում են սպիտակ կտաւով, փաթաթում մի կապերտում եւ դնում նաժի մէջ եւ վերան ձգում դիազարդը:

Տասն տարեկանից բարձր ննջեցեալների համար ութ օր շարունակ մոմեր կամ կանթեղներ են վառում նրանց լողացրած տեղերում, որպէս զի նրանց հոգիների ճանապարհը դէպի երկինք լուսաւոր լինի:

Երբեմն պատահում է, որ հարուստ ննջեցեալների համար դագաղ են պատրաստել տալիս եւ հետեւելով քաղաքի սովորութիւններին, ծերինը անում են սեւ, հաստկաւորինը` կապոյտ, իսկ երիտասարդինը` կարմիր, գոյնզգոյն ծաղիկներով զարդարուած:

Նոյն օրը քահանան կատարում է տան կարգը եւ ննջեցեալը տանւում է եկեղեցի: Ննջեցեալը վերցնելուց յետոյ անմիջապէս նոյն տեղը մի քար են դնում, որպէս զի ննջեցեալի յիշատակը հաստատ մնայ այդ տան մէջ:

Մինչեւ թաղման օրը թէ սգաւորները եւ թէ նրանց ազգականներն ու ծանօթները ժամերգութիւնների ժամանակ եկեղեցի են գնում, իսկ առաջին ժամերգութիւնից յետոյ բոլորը գալիս են ննջեցեալի տուն, քահանան հոգուց ասել տալիս, մխիթարում սգաւորներին եւ մի մի բաժակ օղի խմում, հեռանում:

ԹԷ գիւղերու եւ թէ նոյնիսկ քաղաքում կան լալկան կանայք, որոնք հրաւիրւում են ննջեցեալի վրայ յատկապէս լաց լինելու: Սովորաբար «մայր ողբոց» հանդիսանում է ննջեցեալի մայրը եւ կամ մեծ քոյրը: Սա նստում է ննջեցեալի սնարի, իսկ մի ուրիշը ոտների մօտ, միւս կանայք շրջապատում են ննջեցեալը: «Ողբոց մայրը» թւում է ննջեցեալի առաքինութիւնների երգի եղանակով, միւսները կրկնում են վերջին խօւքերը եւ բարձրաձայն լալիս:

Երբ ննջեցեալը եկեղեցումն է դրուած լինում, միեւնոյն երեւոյթը անյտեղ էլ է կրկնւում, եւ շատ անգամ աւելի սաստկութեամբ, որովհետեւ աւելի մեծ բազմութիւն է ներկայ լինում: Սակայն սրանով էլ չի վերջանում, եւ միշտ շարունակւում է տանը: Այստեղ առաջ են բերում իիջեցեալի շորերը եւ մէկ մէկ բարձրացնելով, հոտոտելով, համբուրելով գովում եւ լաց են լինում: Գիւղի ամենահեռաւոր կէտից էր լսելի է լինում ննջեցեալի տան ողբն ու կոծը:

Եթէ ննջեցեալը հարուստ է եղել, նրա համար պատարագ են մատուցանում եւ յետոյ թաղում, իսկ եթէ աղքատ, շուտով տանում թաղում են:

Թաղման ծէսը կատարելիս, կանայք դարձեալ շրջապատում են ննջեցեալին եկեղեցում եւ ողբեր ասելով լալիս: Եթէ ննջեցեալը նոր նշանադրուած է եղել, սգաւորները կարմիր խնձորի վրայ սպիտակ դրամներ շարած նշանի մատանին սեւ քօղով պատած` դնում են ննջեցեալի վրայ եւ լաց լինում: Շատ անգամ լալկան կանայք ննջեցեալի կողմից մնաս բարեւ են ասում նշանածին, եւ պատուէրներ տալիս նրան: Սովորաբար քահանան էլ նպաստում է ողբ ու կոծին գանձ ասելով, չնայելով որ ոյդ արգելուած է:

Լալն ու կոծը գնալով սաստկանում են եւ շատ անգամ ննջեցեալի մայրը եւ քոյրը պատաշոտում են իրենց երեսները, քանդում, քաշում մազերը, թակում գլուխները, ուշագնաց լինում:

Վերջապէս կանանց հեռացնում են եւ վերցնու դագաղը տանում դէպի գերեզմանատում: Կանայք լաց լինելով եւ բարձրաձայն ողբեր ասելով` վերադառնում են տուն եւ շարունակում շորերի վրայ կոծելը:

Տղամարդիկ քահանայի եւ խաչ ու խաչվառի առաջնորդութեամբ տանում են ննջեցեալը գերեզմանատուն: Դիակառքեր գիւղերում բոլորովին չկան, իսկ քաղաքում կայ մի շատ հասարակ: Չորս կամ վեց հոգի բռնած նաժից կամ դագաղից, առաջ են գնում, շուտ շուտ փոփոխուելով: Նոր բռնողն ասում է. «Աստուած ողորմի»: Միւսը թողնելով դագաղը` պատասխանում է. «Աստուած ողորմի ծնողացդ»:

Այս յուղարկաւորութեան ժամանակ քահանան չգուշանում է յետ նայելուց, որովհետեւ եթէ յետ նայի, նոյն տնից մի ուրիշն էլ կը մեռնի:

Եթէ գերեզմանը լաւ փորուած է լինում եւ հողը քարքարոտ է լինում, շշնջում են թէ ննջեցեալը մեղաւոր էր: Աստուած նրան հողի մէջ էլ մի հանգիստ տեղ չտուեց:

Նախ քան ննջեցեալը գերեզման իջեցնելը, մօտիկ ազգականները գրկախառնում են նաժը, համբուրում են ննջեցեալին եւ լաց լինում: Յետոյ, ննջեցեալին հանում են անժից եւ իջեցնում գերեզման: Քահանան օրհնում է հողը մօտիկ ազգականի ձեռքում եւ ձգել տալիս գերեզմանի մէջ:, Անմիջապէս բոլոր յուղարկաւորները մի մի բուռ հող են ձգում ննջեցեալի վրայ` ասելով. «Աստուած ճանապարհդ բարի անի, բարեւ տար մեր հին ննջեցեալներին»: Յետոյ արդեն գերեզման հատողները ածում են հողը գերեզմանի մէջ եւ վերան մի թումբ կազմում:

Թաղման ծիսակատարութիւնը կատարելուց յետոյ քահանան ննջեցեալի տնեցիների կողմից հրաւիրում է յուղարկաւորողներին ննջեցեալիտունը ` ճաշելու: Այս ճաշը տեղական բարբառով կոչւում է «ժըմահաց» կամ «պատարագ»: Սովորաբար եփում են շիլաճաշ. շատ անգամ մորթում են մի մեզ եւ կամ մի ոչխար, թխում են 10-15 փութ հաց, գնում են մեծ քանակութեամբ օղի եւ գինի: Ոչ միայն եկողներին, այլ եւ բացակայ անձինքներին եւ հիւանդիերին կերակուրներ են ուղարկում, որպէս զի տեղի չտան ո'չ մի չարախօսութեան: Ահագին բազմութիւնը լռելեայն եւ մեծ ախորժակով ճաշելուց յետոյ, լսում են քահանայի օրհնութիւնը նոյն տան հին եւ նոր ննջեցեալներ հոգու փրկութեան մասին եւ ապա, մխիթարութիւն բարեմաղթելով տնեցիներին, ցրւում:

Միւս օրը, լուսաբացին, ննջեցեալի հայրը եւ կամ եղբայրը գնում են գերեզմանատուն, համբուրում ննջեցեալի գերեզմանը, եւ երեք անգամ վա՜յ կանչում, որպէս զի հոգին, որ մինչեւ այդ կանչը սաւառնում է գերեզմանի շուրջը, անդորրութեամբ ուղեւորուի դէպի երկինք:

Նոյն օրը, ժամը 10-ին, սգաւորները գնում են գերեզմանատուն «իքնաւող»-ը (այգ) կատարելու: Այնտեղ են հաւաքւում եւ ննջեցեալի ազգականներն ու ծանօթները, մանաւանդ կանայք, բերելով իրենց հետ օղի, գինի եւ խմորեղէններ:

Քահանան օրհնում է գերեզմանը, իսկ սգաւորները լաց են լինում, ողբեր ասելով: Վերջապէս երբ այլ եւս արցունք չի մնում աչքերում, վեր են կենում, համբուրում գերեզմանը, խաչհամբոյր տալիս: Մի կին ջուր է ածում գերեզմանի վրայ, որից բոլոր սգաւորները խմում են, կրծքերին քսում, երեսները լուանում, որպէս զի եթէ վախեցած են, վախն անցնի: Յետոյ գերեզմանի հողից վերցնում, սգաւորների«սրտերին» են քսում, որպէս զի «սրտերը հովանան» եւ այլ եւս երկար չսգան:

Այս ամենից յետոյ բոլորը, թէ տղամարդ եւ թէ կին, մի մի բաժակ օղի են խմում երկար բարեմաղթութիւններով, ուտում բերած խմորեղէնները եւ ապա թողնելով մնացորդները գերեզմանի մօտ, վերադառնում սգաւորի տունը ճաշելու: Ճաշից յետոյ կրկին մի քիչ լաց են լինում, ննջեցեալի մասին խօսում եւ ապա ցրւում:

Հիւրերը հեռանալուց յետոյ տնեցիները ննջեցեալի շորերը մաքուր լուանում են, որպէս զի հոգին մաքուր եւ անարատ գնալ հասնի իւր տեղը:

Գիւղերում ութ օր շարունակ ննջեցեալի ազգական ու հարեւան կանայք նորից հաւաքւում են ննջեցեալի տունը եւ լուանում սգաւորների գլուխները, որ մինչեւ այդ ժամանակ անլուայ են մնում: Նոյն երեկոյին մօտ ազգականներից «սգահան» է ուղարկւում սգաւորներին: Սգահանը բաղկացած է լինում զանազան տեսակ խմորեղէններից, եփած հաւից, օղուց, գինուց եւ մեծ սգաւորի համար մի «խալաթից»:

Եօթներորդ օրը, այսինքն «եօթին» ազգականներն ու հարեւանները նորից հաւաքւում են ննջեցեալի տունը եւ սգուորների հետ միասին գնում գերեզմանատուն, երկար լաց լինում, ողբեր ասում, եւ յետոյ վերադառնում տուն, ճաշում: Ճաշից յետոյ քահանան օրհնում է բոլոր հին եւ նոր ննջեցեալների հոգին եւ ստանում 40 կ. -մի րուբլի վարձատրութիւն:

***

Առաջ բերենք մի քանի նախապաշարումներ.

Եթէ գիւղում ննջեցեալ լինի, ոչ ոք գլուխ չի լուանում, ոչ էլ լուացք կանի, վախենալով թէ մի գուցէ, հրեշտակը, որ ննջեցեալի պատճառով գիւղումն է, «կուփէ» (խըփէ):

Կնոջ գերգզմանը մի արշին աւելի խոր են փորում, որովհետեւ կինը խօսք ման ածող է, խռովարար եւ սատանի հետ բարեկամ:

Եթէ մի ննջեցեալից յետոյ տնեցիներից հիւանդանում են, կարծում են, թէ ննջեցեալը իսկապէս մեռած չէ եւ տնեցիներից եօթը հոգի տանելու է: Որոշելու համար, թէ ննջեցեալը իսկապէս մեռած է թէ ոչ, գերեզմանի վրայ գարի են ածում եւ ձին տանում մօտը, եթէ կերաւ, այդ ապացոյց է, որ ննջեցեալը իսկապէս մեռած է: Իսկ եթէ չկերաւ` դա նշան է, որ մեռած չէ: Այս դէպքում բաց են անում գերեզմանը, ննջեցեալի գլուխը ջախջախում, կամ մի մեխ խփում գլխին, մէկն էլ սրտին: Մի քանիսն էլ մեռելի սրտից մի կտոր կտրում եւ հիւանդին են տալիս, որ ջրով ընդունէ եւ առողջանայ:

Արեւը մայր մտնելուց յետոյ ննջեցեալ չեն թաղում, ապա թէ ոչ գիշակեր կենդանիները կը հանեն գերեզմանից եւ կուտեն: