Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀՈԳՈՒ ԵՒ ՀԱՆԴԵՐՁԵԱԼ ԿԵԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Մարդը տարբերւում է կենդանիներից նաեւ` նրանոդ, որ սա հոգի, իսկ նրանք միայն շունչ ունին: Մարդու հոգին մի լուսաւոր բան է, որ բնակւում է մարդու ձախ կողմում: Մեռնելիս հոգին դուրս է գալիս բերանից, եթէ արդար է` աղաւնու, իսկ եթէ մեղուոր` սեւ թռչունի նմանութեամբ: Մի պառաւ պատմում էր, թէ մի ծառի տակ իւր հիւանդ թոռը խնամելիս, ննջում է եւ տեսնում մի աղաւնի, որ երեխայի բերանից դուրս է գալիս եւ կանգնում ծառի վրայ: Արթնանալով նա գտնում է իւր թոռանը` մեռած: Բոլոր երեխաների հոգիները արդար են, իսկ չափահասներինը` մեծ մասով մեղաւոր:

Հոգին բերանից դուրս գալուց յետոյ մինչեւ այգը կատարելը սաւառնում է դիակի շուրջը ու երբ միւս օրը վաղ առաւօտեան տան մեծը գալիս է երեք անգամ «վա՜յ» է բղաւում, ապատով կերպով սաւառնում է դէպի երկինք: Այստեղ բոլոր թռչունների կերպարանքով մնում են` արդարները` մի ծաղկալից, ծաղկազարդ այգում, մեղաւորները` մի մթին տեղ, իսկ ո'չ արդար, ոչ մեղաւորները` արդարների յետեւը: Այստեղից նրանք հսկում են իրենց գերեզմանների վրայ եւ սպասում, որ իրենց ազգականները գան, գերեզմանները օրհնել տան: Եւ եթէ օրհնել են տալիս, իրենք ուրախացած, օրհնում են օրհնել տուողներին եւ սաւառնում երկինք, իսկ եթէ չեն օրհնել տալիս, տխուր տրտում, ազգականներին անիծելով` բարձրանում են:

Երբեմն էլ պատահում է, որ հոգին դեռ մարդու կենդանութեան ժամանակ թողնում է մարմինը եւ ինքը գնում:

Այդ թափառման միջոցին մարմինը բոլորովին անզգայ ընկած մնում է, մինչեւ որ հոգին նորից վերադառնում է: Այսպէս մի անգամ Քառասնի գիւղացի Աղաջանը գիշերը գնում է եկեղեցի եւ գրկելով որդու դագաղը, երկար ժամանակ լաց է լինում եւ անզգայացած ընկնում վայր: Երբ մի երկու օրից զգաստանում է, պատմում է թէ ինչպէս իւր որդու հոգու հետ միասին ինքն էլ բարձրացել է երկինք, տեսել դրախտը, խօսել Աստուածութեան հետ եւ այլն:

Այստեղ , այս երկնային կայեանում հոգիները անհամբերութեամբ սպասում են վերջին դատաստանին, երբ Քրիստոս կը գայ եւ Գաբրիէլ հրեշտակապետի փողով բոլոր ննջեցեալները յարութիւն կ'առնին: Այդ ժամանակ կը կախեն արդարութեան կշիռը եւ բարի ու չար հրեշտակները, որոնք մարդու կենդանութեան ժամանակ նստած բարին` աջ, չարը ձախ ուսին, գրում էին նրա գործերը, կը հանեն իրենց մատեանների միջից բարին` բարութեան, իսկ չարը` չարութեան գործերը եւ կը դնեն կշռի նժարների մէջ: Եթէ բարութիւնը կշռէ, մարդը կանցնի Քրիստոսի աջ կողմը, իսկ եթէ չարութիւնը` ձախ: Յետոյ արդէն աջակողմեանները դրախտ, իսկ ձախակողմեանները դժոխք կերթան:

Դրախտը մի հրաշալի այգի է, լի մշտադալար ծառերով, անուշահամ ծաղիկներով, քաղցրահամ աղբիւներով եւ բիւրաւոր գեղեցիկ թռչուններով:

Իսկ դժոխքը մի մութ խոր անդունդ է, ուր թոնիրներից, խարոյկներից, կուպրի կարասներից ահագին հուր է բարձրանում եւ տանջում երկաթեայ տրեխներ հագած մեղաւոր մարդկանց: