Տնտեսական գործարքների մասին գրառումները

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԵՒՈՆ ԽԱՉԻԿԵԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՄԷՋ ԵՒ ՆՐԱՆՑ ԱՂԲԻՒՐԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

 

Հայերէն ձեռագրերի, ատկապէս Աւետարանների, Յայսմաւուրքների, Ճաշոցների, Մաշտոցների եւ ծիսական բովանդակութիւն ունեցող այլ ժողովածուների դատարկ էջերին ու լուսանցքներին, բացի ձեռագրերի նորոգողների ու յետագայ ստացողների յիշատակարաններից, միջին դարերում գրանցւում էին նաեւ նուիրաբերական արձանագրութիւններ, պայմանագրեր, կալուածագրեր, մուրհակներ եւ տնտեսական այլ գործարքների մասին ուշագրաւ վաւերագրեր։ Ձեռագրերը այս պարագայում կատարում էին ճիշտ այն դերը, ինչ միջնադարեան ճարտարապետական յուշարձանների պատերը՝ վիմական արձանագրութիւնների հաւաքման, վերծանութեան եւ հրատարակութեան գծով անցեալում զգալի գործ է կատարուել, իսկ այժմ ծրագրուած ու լայն ծաւալի աշխատանք է տարւում, ապա ձեռագրերի էջերին գրանցուած արձանագրութիւնները գրեթէ աննկատելի են մնացել առ այսօր։

Հայերէն ձեռագրերի առանձին հաւաքացուներ նկարագրող բանասէրներից մի քանիսը՝ Գ. Սրուանձտեան [1], Ղ. Փիրղալեմյան [2], Հ. Աճառեան [3], Բ. Սարգիսեան [4], Ե. Լալայեան [5] եւ ուրիշներ, ձեռագրերի յիշատակարանների հետ մէջընդխառն ընդօրինակել ու հրատարակել են նաեւ մի քանի արժէքաւոր վաւերագրեր, սակայն նրանցից եւ ոչ մէկը յատուկ ուշադրութիւն չի դարձրել այն իրողութեան վրայ, որ դրանք ձեռագրական յիշատակարաններ չեն եւ որեւէ կերպ չեն առնչւում ձեռագրի բովանդակութեան կամ պատմութեան հետ։ Այլ խօսքով՝ միջնադարեան Հայաստանի տնտեսական կեանքի պատմութեան մի շարք բնագաւառների ուսումնասիրութեան համար հարուստ նիւթեր պարունակողայդ վաւերագրերի գոյութեան մասին իսկ հայագիտութեան մէջ պատշաճ խօսք չիասուել։

1948 թ., զբաղուած լինելով XIV-XV դդ. հայերէն ձեռագրերի յիշատակարանները հաւաքելու եւ հրատարակութեան պատրաստելու աշխատանքով, զուգահեռաբար մենք հաւաքել ենք նաեւ նոյն ձեռագրերի էջերում գրանցուած այդ վաւերագրերը, նպատակ ունենալով դրանք հրատարակել առանձին ժողովածուով [6] ։ Այս նոյն աշխատանքը մասամբ կատարել է նաեւ Մատենադարանի գիտական աշխատող Ս. Լալաֆարեանը, որը հրամտարակութեան է պատրաստում XVI դ. հայերէն ձեռագրերի յիշատակարանները. այսպիսով առ այսօր մենք ձեռքի տակ ունենք Մատենադարանի ձեռագրերից եւ (ոչ մեծ քանակութեամբ) տպագիր ձեռագրաց ցուցակներից քաղուած, XI-XVIII դդ. վերաբերող 300-ից աւելի վաւերագրեր։ Այդպիսիք, անշուշտ, կան նաեւ XVII-XVIII դդ. ընդօրինակուած ձեռագրերի, ինչպէս նաեւ Հայաստանից դուրս պահուող հայերէնձեռագրերի մէջ, ուստի եւ դրանց հաւաքումը առաջիկայում պէտք է շարունակել, ներգրաւելով այդ գործի մէջ այլ մասնագէտների։ Չնայած դրան, արդէն մեր ձեռքի տակ եղող նիւթը, թէ քանակով եւ թէ բովանդակութեամբ՝ հնարաւորութիւն է ընձեռում ընդհանուր գծերով ծանօթանալու վերոյիշեալ փաստաթղթերի բովանդակութեան հետ, արժէքաւորելու դրանք որպէս պատմական սկզբնաղբիւր։

Մեր ձեռքի տակ եղող վաւերագրերի ճնշող մեծամասնութիւնը գրանցուած է հնում Վասպուրականի (յատկապէս Ռշտունիքի եւ Մոկսի) վանական հաստատութիւնների սեփականութիւնը կազմող ձեռագրերի էջերում։ Այս հանգամանքըն, անշուշտ, պատահական չէ. նոյն այդ վանական հաստատութիւնների շինութիւնների պատերից գրեթէ իսպառ բացակայում են վիմական արձանագրութիւնները, այն դէպքում, երբ Պատմական հայաստանի այլ նահանգներում՝ Այրարատում, Սիւնիքում, Գուգարքում, Արցախում եւ այլ վայրերում, վանքերի ու եկաղացիների պատերը ներսից ու դրսից, յաճախ ծայրից ծայր, լիեն մանր ու խոշոր արձանագրութիւններով։ Վասպուրականում գերադասել են նոյն այդ նպատակի համար օգտագործել վանքերում պահուող ձեռագրերը, որոնց վրայ գրանցումներ կատարելը տեխնիկական դժուարութիւնների եւ մեծածախ աշխատանքների հետ կապուած չի եղել։

 

* * *

Ըստ բովանդակութեան ձեռագրերի էջերին գրանցուած վաւերագրերը բաժանւում են հիմնականում հետեւեալ խմբերի.

1. Նուիրական գրառումներ.

2. Պայմանագրեր.

3. Կալուածագրեր։

Նուիրաբերական գրառումները կամ «վակֆերը» [7], որ քանակով ամենից շատ են, իրենցհերթին բաժանւում են ենթախմբերի։

Զգալի թիւ են կազմում վակֆերը, որոնցովայս կամ այն անհատ անձնաւորութիւնը կամ գերդաստանը, որեւէ վանական կամ եկեղեցական հաստատութեան նուիրում է իր սեփականութիւնը («մուլքը») կազմող որեւէ անշարժ կալուածք՝ արտ, այգի, կրպակ, ջրաղաց, ձիթհանք, փոխհատուցում ստանալով որոշակի քանակութեան պատարագ կամ օրհնութիւն։ Այս կարգի վակֆերի հարիւրաւոր օրինակներ են յայտնի վիմական արձանագրութիւններերից. ձեռագրական գրառումները տարբերւում են իրենց վիմական նմանակներից ոճական արձանագրութիւններով։ Սրանք գրուած են աւելի մանրամասնօրէն. տեղ շահելու եւ հակիրճ ու սեղմ լինելու մտահոգութիւնըայնքան էլ չի զբաղեցրել դրանց շարադրողներին։

Ծանօթանանք այդ կարգի մի քանի նուիրաբերական գրառումների.

1. Գրանցուած է 1303 թ., Գրիգոր Լուսաւորչի անապատում. նուիրաբերութեան առարկան է մի խանութ, որը գտնուել է, հաւանաբար, Երզնկայում.

«Ես սիր Սիմոնս, որ տուի զիմխանութն որ ի Քաֆկտրնոցն ոխֆ ի սուրբ Լուսաւորիչն անջինջ, որքանի յայն աւրն Վարագայ խաչին կիրակէն պատարագ լինի՝ ինձ լինի, որ դրել եմ ինձ հոգեբարձ զԹագւորաշահն, որ զիմ հոգիս հոգա զինչ Աստուած իւր ցուցանէ։ Եւ է խանութիւն հատերն՝ մէկ դեհն մեծ պարոն Յատարն, ու մէկն Կարապետաղեղրարն, ու մէկն Սուլէման դանուշմանն, ու մէկն ճանապարհն, որ առաջի եւ /// ի թվ. ՉԾԲ. (1303)» [8] ։

2. Գրանցուած է 1335 թ., նուրաբերութեան առարկան է մի ձիթհարք.

«Յանուն Աստուծոյ եւ կարողութեամբ Սուրբ Հոգւոյն ես պարոն Հայրուտս, որ շինեցի զաօթանոցներ սուրբ մենաստանացս զՔարի վանուցս, զԹանահատի վանուց եւ զսուրբ Կաթողիկէիս, զի այն էր խնդրուածք իմ յԱստուծոյ։ Եւ գնեցի ի Սապուխիորդոյ Մահմատայ զձորի յեզեր ձիթահարքն սուրբ Կաթուղիկէիս լուսացու եւ ետու ի ձեռն Իբրանոս քահանային վասն փրկութեան հոգւոյ իմոյ եւ արեւշատութեան զաւակաց իմոց։

Ես Առաքել վարդապետս միջնորդ եւ վկայ եմ էս հաստատ եւ անդարձ վախմիս ի թուաբերութեան հայկազեան տումարի ՉՁԴ (1335)» [9] ։

3. Գրանցուած է 1461 թ., Ս. Նշանի վանքում. նուիրաբերութեան առարկան է մի այգի.

«Ես Յովհաննէսեւ իմ հարսն Սալյուքն տըւաք զԱմինատնին այգին զշինիտուօն (՞) յիշատակ ի սուրբ Նշանն Ամինատնին հոգուն, իր ննջեցելոցն։ Ի ներքին դեհն Յայւատին տղան եւ ի վերին դիհն աղբիւրն. այլ մարդոյ տաւէ տալապայ չկայ. ի յաղբեիւրէն վայր՝ ամէնն իւր է, այլ մարդոյ չկայ. եկեղեցին գլուխ է, աղբերն եւ ամէն նորա է։

Ես տէր Դաւիթ եւ տէր Սիմէոն եպիսկոպոսք վկայ եմք, եռ ռայիս Ամինաւագս վկայ եմ. ես խոճա Ճալալս վկայ եմ. ես մղտսի Ճիհանպէկս վկայ եմ, ես խօճայ Կարապետս վկայ եմ. ես խօճայ Չոփլուս վկայ եմ այս բանիս։ Ով որ այսոր տաւնէ տալապա առնէ նա զմասն զՅուդային առցէեւ զխաչահանուացն։

Ես Յովհանէսս եւ իմ եղբօր որդիքս Ալէքսանոս եւ Մովսէսն Ը (8) ֆլի (=ֆլորի) տըւաք, եւ գնեցաք զայգին, եւ տըւաք ի սուրբ Նշանն յիշատակ Ամինտնին հոգուն. այլ մարդոյ տաւի տալապա չկայ։

Ի թվ. Ջ. եւ Ժ. (1461)» [10] ։

4. Գրանցուած է Աղթամարի Ստեփանոս Գ կաթողիկոսի աթոռակալութեան տարիներին (1464-1489 թթ) Ռշտունիքում. նուիրաբերութեան առարկաներն են երկու արտեր.

«Ծառայ Աստուծոյ Ստեփաննոս. Հերենըսի որդի՝ Կեմայ տանուտերաց կամօք՝ մեծաց եւ փոխունց, ետու զիս հէրենական գտած մուլքն՝ զՓոս արտն՝ Պուտուլկի վանաց սուրբ Աստուածածնին եւ սուրբ Գէորգ զօրավարին եւ սքանչելագործ Եղիշայ վարդապետի սուրբ աջին ոխվ եւ անջինջ յիշատակ։ Յիշխանութեան Սուլէյման-բէկին եւ ի հայրապետութեան տէր Ստեփաննոսին, ի յառաջնորդութեան Յովհաննէս եպիսկոպոսին ///

Ես Ստեփաննոս Հերենըսի որդիս եւ աստուածատրու որդիքս Չաղարն եւ Ետգարս զձորի դրան արտն ոխվ տուինք Թադէոս առաքելոյն, Աստուծոյ վկայութեամբն եւ հոգեւոր տիրի վկայութեամբն, եւ Յովհաննէս եպիսկոպոսին եւ աւագերիցուն եւ ամենայն Կեմայ տանուտերաց վկայութեամբն։

Զինչ էրէց որ եկեղեցւոյն ծառայութիւն առնէ՝ զէն արտի բերք այն ուտէ եւ ի տարին հինգ անգամ զՀէրենըսենց գերեզմաներն օրհնէ։

Ես տէր Ստեփաննոս կաթուղիկոս վկայ եմ» (ՄՄ, ձեռ. 4515, էջ 229-230)։

5. Գրանցուած է 1581 թ., ներքին Մարմետ գիւղում. նուիրաբերութեան առարկան է մի ջրաղացի մէկ քառորդ մասը, որ տրուած է Սորբի սուրբ Կարապետի վանքին։

«... Յիշեցէք զՆերքին Մարմետու տանուտէրն զպարոն Ղամբարն, որ չարեք մի ի Խոջենց ջաղացէն էառ եւ ետուր ի դուռն սուրբ Կարապետին, ի ձեռն ՀԱյարապետ եպիսկոպոսին եւ յայլ միաբանացն. ի թուականին Հայոց ՌԼ (1581)... ։

Գրեցաւ ձեռամբ Կարապետ աբեղաին, ի գիւղս որ կոչի Ներքին Մարմետ վկայութեամբ սուրբ Ստեփանոսի նախավկաին։ Իմացումն լիցի ձեզ եղբարք, որ ջաղացն ի յԱնանավանք է եւ որք կարդայք ասացէք բոլոր սրտիւ եւ ուղիղ հաւատով Աստուած-ողորմի իւրեանց հոգոյն, ամէն. եղիցի» [11] ։

Այս կարգի նուիրաբերական գրառումներ կարելի է մէջբերել տասնեակներով. նրանց մէջ, ինչպէս տեսանք վերը բերած օրինակներում, փոխւում են նուիրաբերութեան առարկաները )խանութ, ձիթահանք, այգի, արտ, ջրաղաց), սակայն դրանք բոլորն էլ նուիրաբերողներին պատկանող «մուլքեր» են, մեծ մասամբ ձեռք բերուած գնումների ճանապարհով, ուստի եւ նուիրատուները իրաւասու են եղել օտարելու դրանք ցանկացած եղանակով՝ վաճառելու, ժառանգութիւն թողնելու իրենց մերձաւորներին, նուիրաբերելու վանական-եկեղեցական որեւէ հաստատութեան։

XIV եւ յետագայ դարերի նուիրաբերական գրառումների մի պատկառելի քանակութիւնը վերաբերում է գիւղական համայնքի հողային ֆոնդի մէջ մտնող առանձին արտերի ու հողակտորների վանական հաստատութիւններին վակֆ անելու հարցին։ Ուշագրաւ այս երեւոյթը, որ նոր երանգ է տալիս վակֆին, արժանի է յատուկ քննութեան։

Ծանօթանանք նաեւ վակֆերի այդ տարատեսակի բնորոշ մի քանի օրինակների հետ։

1. «Ով դասք քահանայից, յիշեցէք ի սուրբ եւ ի [յերնա՞] լուր յաղաւթս ձեր /// լի պարոնին արդին [Խօ]ճասար պէկն ///թումն տեղ՝ անջրդի արտն՝ որ է ի Կար/// եզերն ողբ իդիր [Աստուած]ածնին, ով որ վա[յելէ] լիտր մն ձէթ [Աստուա]ծածնին տայ։ Ով որ այս բանիս հակառակ լինի կամ զայս արտս խորէ յեկեղեցոյս՝ յազգաց կամ յաւտարաց, զանէծս Կայէնի առցէ եւ ընդ խաչհանուացն պատժեսցի։ Եւ այս բան կամակցութեամբ տէր Աւետեացն եղեւ։ Յիշատակ գնաւղն եւ վաստակաւղն, որ հանապազ զայս ձէթն [վառէ]՝ աստուծոյ անճառ լուս[ոյն] արժանի լիցին, [ամէն]։

Ի թվ. ՊՁ (1431)» [12] ։

2. «Քրիստոս Աստուած... լո[ւ]սաւորեայ զՀայրապտոնց տէր Աբրահամի հոգին, որ կամեցւ զիւր հալալ դատքն՝ Ժ (10) ղռշ. (ղուռուշ) ետուր, զՇիրիկայ բաժին գնեց՝ Խ (40) կոտ ղաբալ, Ժ (10( եթող, Լ (30) ոխւ արար ի վերայ Գ. խորանին յիշատակ իւր, ծնօղաց նորին՝ հուրն՝ տէր Հայրապետին հանգուցելոյն առ Քրիստոս եւ մուրն Ջանաղին... ։ Աստուած զՅառնանից տանուտէրքն աւրհնէ՝ զմեծն զփոքրն, որ այս բանիս վկայ եղան, ով որ հակառակէ, կամ յաւան ձգէ, կամ այլայլէ՝ նա զանէծքն զԿայէնի եւ Յուդային եւ զխաչխանողացն առցէ, ամէն, ամէն, եղիցի» [13] ։

3. «Յիշեցէք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէք Պետունց Գեւօին, հօրն՝ Կարապետին, մօրն՝ Գուլազին, հօրեղբօրն՝ Հայ[ր]ապետին, եւ որդուն՝ Յովանէսին՝ Նիրքին թաղ առտն օհվ արարին ի դուռն սուրբ Կարապետին, կապիճ մի աշընցան կաբալ տան ձեռամբ Ագըլւանայ ըռէս Ներսօին, ըռէս Յօվանէսին, ըռէս Կաղարին, տանուտէրաց՝ մեծամեծաց եւ փուքոց։ Ով հակառակ կենայ՝ անէծք Կայէնին առնէ եւ այլ խաչհանողացն, ամէն... » [14] ։

4. «Յիշեցէք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէք Մարկոսին, որ զՇարակաձոր ոխվ երար ի վերայ սուրբ Գէորգա՝ կէս կապիճ կապալ» [15] ։

5. «Յիշեցէք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէք մահտեսի Աղաջանին եւ մահտեսի Սարուխանին եւ տան մեծի եւ փոքու՝ առհասարակ ամենեցուն, ամէն որ զջաղացի վերեւ ոխվ երար ի վերայ սուրբ Գէորգա՝ կապիճ կէս կապալ, եւ զմի առտ՝ կիսրար, եւ զաւազիկ ոխվ ի վերայ սուրբ Երոսաղեմա՝ կէս ղ[ու]ռ[ուշ] [16] ։

6. «Յիշեցէք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէք մահդասի Գուլամիրին, եւ հօրն մահդասի Ստեփանին, եւ մօրն Զադին, եղբօրն Վարդանէսին, որ կամեցան եւ տուին Կռանայարտ՝ ոխու արարին ի դուռն Ապարանից սուրս Նշանին. տարին Ե (5) կապիճ հաց տան սուրբ Խաչին. Աստուած լուսաւորէ զիւրեանց հոգին, ամէն»։

Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէլ Սահակին, եւ հօրն Նիկ[ո]ղոսին, եւ մօրն Թարեզին, եւ եղբայրն Մուրադին, որ կամեցան եւ տուին զՋրուընիկ՝ ոխու արարի[ն] [ի] դուռն Ապարանից սուրբ Նշանին, տարին գրիւ մի հաց կապալ տան. Աստուած լուսաւորէ զիւրեանց հոգիքն, ամէն... » [17] ։

7. «Կամաւն Աստուծոյ ես՝ Պօղոսի որդի Արազս, իմ եղբայր Պօղոսս, իմ հօրեղբօր թոռն Խեչատուրս եւ մեր որդիքս գիր տուինք առաջի աստուծոյ, որ մեր նախնիքն մէկ աւրայվար հող իւրեանց հոգոյն համար տուել էին Անդրիասանց Սարգիսին, յետոյ Սարգիսն անյիշատակ էլաւ, մեր տուած հողն անտէր մնաց. մենք էլ պարնիցնհողն ճարեցինք, մէկ աւրաւար հող էլ մենք վրէն հաստատեցինք, Բ (2) աւրավար հող տուինք վախմ Սանահնոյ սուրբ Աստուածածնին. ով որ մեր ազգ, մերորդի կամ այլ մարդ վարէ՝ Ե (5) ծել վարող տանի, մէկ ծել ղրկէ Աստուածածնի դուռն, որ միաբանքն ուտեն մեր ննջեցելոցն Քրիստոս որդի ասեն... » [18] ։

Օրինակները համարենք բաւարար։ Ինչպէս տեսնում ենք, վերոյիշեալ գրառումների մէջ վակֆ են արւում վարելահողեր, սակայն նրանք ոչ թէ դրւում են յիշատակուած վանական-եկեղեցական հաստատութիւնների իրաւասութեան տակ, այլ մնում նուիրաբերողի ձեռքում, պայմանով որ նուիրաբերողը կամ վակֆ արուած այդ հողակտորի գալիք մշակողը՝ բաժին հանի վանական հաստատութեանը մի լիտր ձէթ, 40 կոտ բնակվարձի 3/4-ը (30 կոտ), կէս մէկ, մէկուկէս կամ հինգ կապիճ հաց, մի գրիւ հաց, բերքի 1/6 մասը և այլն։

Վակֆ արուած այդ հողակտորները, այսպիսով, չէին դադարում գիւղական համայնքի հողային ֆոնդի մասը լինելուց։ Նրանց մշակող գերդաստանները, որոնք պարտաւոր էին ռենտա- հարկ վճարել պետութեանն ու հողատիրոջը, կամովին յանձն էին առնում յիշատակուած հողակտորների բերքից ամէն տարիորոշակի մաս՝ «զաբալ» (արաբ. «յանձնառութիւն», «համաձայնութիւն» բառից) յանձնել վակֆ ստացող հաստատութեանը։ Գրառուած, վաւերագրի ուժով եւ գիւղական համայնքի տանուտէրերի՝ «մեծի ու փոքրի» յանձնառութեամբ՝ այդ պարտաւորութիւնը տարածւում էր վակֆ արուած հողակտորի յետագայ մշակողների վրայ։

Ընդհանուր առմամբ այսպիսի բովանդակութիւն ունեն վերը բերուած եւ մեր ձեռքիտակ եղող մի քանի տասնեակ միւս վաւերագրերը։ Նրանցմէջսակայն կան նաեւ տարբերութիւններ։

Այսպէս, օրինակ, առաջին վաւերագրից (որը դժբախտաբար լրիւ չի վերծանուած) կարելի է հետեւեցնել, որ վակֆ անողը կալուածատէր է՝ ոմն Խոճասար-բէկ, որի հայրը (անունը անընթեռնելի) մեծարուած է «պարոն» տիտղոսով։ Նկատի առնելով այս հանգամանքը, կարելի է թերեւս եզրակացնել, որ վակֆ արուած «անջրտի արտը» Խոճասար-բէկի կողմից տրուած է եղել վարձակալման եւ տարին մի լիտր ձէթ Ս. Աստուածածնի եկեղեցուն տալու պարտաւորութիւնը դրուել է վարձակալողի («ով որ վայելէ») վրայ։

Ուշագրաւ է նաեւ մէջբերուած երկրորդ վաւերագրերը, Երեք խորան կոչուող սրբավայրին տարին 30 կոտ ցորեն տալու պարտաւորութիւն ստանձնած, վաւերագրի գրանցման ժամանակ արդէն հանգուցեալ Հայրապետոնց Աբրահամը 10 ղուռուշով գնել էր «Շիրիկայ բաժին» կոչուած հողը։ Հողակտորի վարձակալողի (Շիրիկի՞) եւ նրա մէջ համաձայնութիւն էր կայացել ամէն տարուայ բերքից տալ Աբրահամին 40 կոտ ցորեն («Խ. կոտ ղաբալ»)։ Ահա այդ 40 կոտից 30 կոտն է, որ Աբրահամի եւ նրա ծնողների հոգու փրկութեան համար վակֆ է արուել Երեք խորան կոչուող եկեղեցուն։

Մէջբերուած հինգերորդ վաւերագրում, բացի «կապիճ կէս կապալի» մասին յիշատակութիւնից, որ տրուելու էր տարէցտարի ջրաղացի վերեւում գտնուող վարելահողից սուրբ Երուսաղէմին, յիշատակութիւն կայ նաեւ «ձմի» (ծմակային) մի արտի մասին, որպէս կիսրար արտ եւ «աւազիկ» արտի մասին, որի դիմաց պարտաւորուել են եկեղեցուն տալ ամէն տարի կէս ղուռուշ դրամ։

Հողի վարձակալութեան (издольщина) սիստեմի գոյութեան մասին վկայող կիսրար տերմինի հետ սերտ աղերսի մէջ է նաեւ «ոխվերու (իմա՛ վակֆերի») չարեք տերմինը, որը բացատրութեան կարիք է զգում։

XV դ. պահպանուել է մի վաւերագիր, որի մէջ յիշատակուած է այդ՝ «ոխվերու չարեք» տերմինը.

«Քրիստոս Աստուած... ողորմեայ ամենայն հաւատացելոց, եւս առաւել Դովլաթիարին եւ Խոսրովին, Մկրտչին եւ Թումին, եւ ծնողաց նոցին, եւ զոխւերոյ չարէքն բաշխեցին. արարիչն Աստուած զիւրեանց մեղքն թողու, ամէն։ Ընդ նոսին զԽունկանց Կարապետին, որ միջնորդ եղեւ այսմ բարի գործոյս, ամէն» [19] ։

Այդպիսի մի վկայութիւն էլ պահպանուել է 1476 թ. ընդօրինակուած մի Ճառընտրի յիշատակարանի ստորեւ բերուող հատուածում։

 

«Դարձեալ յիշենք զբարեպաշտ հաւատարիմ տանուտէրքն Վանայ քաղաքիս՝ զխոջա Յովանէսն, զմելիք Բախտիարն, զխոջա Պարսամն, զռէս Փերիջանն, զռէս Սարխոշն, զխոջայ Ազնաւուրն, զխոջա Գրիգորն, զխոջա պարոն Գորգն, զխոջա Յովանէսն, միւս խոջա Յովանէսն, զխոջա Կարապետն, զԱնձրեւոնց Մուրատն, զխոջա Էզդանբաշխն, մեծ եւ փոքր քաղաքի տանուտէրքս, որ ամէն եկեղեցեաց ոխֆերու չարէքն բադլեցին» [20] ։

«Չարեք» (իմա՛ «չհար-յեք») կոչւում էին վարձակալութեան տրուած այն վարելահողերը, որոնց մշակման դիմաց անմիջական արտադրող գիւղացին պարտաւոր էր կալուածատիրոջը յանձնել բերքի մէկ քառորդը։

Գիւղական համայնքի մէջ ընդգրկուած գիղացիներից ոմանք վանական տարբեր հաստատութիւններին վակֆ էինանում առանձին հողակտորներ, որոնց օգտագործման իրաւունքն էր միայն գտնւում իրենց ձեռքին «չարեքի» սկզբունքով վարձակալման պայմանով։

Այդ հողակտորների մշակման իրաւունքը երբ անցնում էր վանական այս կամ այն հաստատութեանը, նրանց ռենտայի վճարման պարտաւորութիւնը նոյնպէս, ինքնաբերաբար անցնում էր նոր օգտագործողին (տուեալ դէպքում՝ վանական-եկեղեցական հաստատութեանը)։

Եւ ահա, որոշ դէպքերում քաղաքային եւ գիւղական համայնքների մեծամեծները՝ մելիքներ, ռեսներ, խոջաներ, իրենց համայնքների անունից պարտաւորութիւն էին ստանձնում վճարել վանքերին վկֆ արուած այդ կարգի հողակտորների կալուածատիրական ռենտան՝ «ոխվերու չարեքը», եթէ տուեալ վարելահողը վարձակալման էր տրուած բերքի մէկ քառորդը կալուածատիրոջը յանձնելու պայմանով, կամ կէսը՝ «կիսրարի» դէպքում, կամ էլ մի այլ մասը, նայած վարձակալութեան պայմանին եւ կալուածատիրոջից գիւղացու կախման աստիճանին։

Ինչպէս տեսնում ենք այս («կիսրար» եւ «չարեք») տերմինները հնարաւորութիւն են ընձեռում պարզելու, որ ֆեոդալական շահագործման բնավարձակալման սիսիտեմը լայն տարածում ունէր Հայաստանում՝ XV եւ յետագայ դարերում։

Նուիրաբերական գրառումների երրորդ ենթախմբի մէջ են մտնում մեծաքանակ այն վաւերագրերը, որոնցով տարբեր մասնագիտութեան ու զբաղմունքի մարդիկ յանձն են առնում վանական որեւէ հաստատութեան համար ամէն տարի անվարձ որեւէ ծառայութիւն կատարել կամ որոշեալ չափով նիւթական որեւէ նպաստ բերել։

Ծանօթանանք նաեւ վակֆերի այս տարատեսակի մի քանի բնորոշ օրինակների հետ։

1. «Ես Աւաքս եւ Զըմրուծս՝ սուրբ Աւետարանիս եւ սուրբ Կոստընդնայ։ Ես Զըմցութս ի յիմ ձեռացսի բանէն յամէն տարի Դ. (4) նուկի իրըխտին կիրիոն լընում ու տամ. եւ ես Աւաքս ի յիմ ձեռացս յամէն տարի աղեկ գառ մն սուրբ Գրիգորայ եւ սուրբ Կոստընդնայ ուխտին բերեմ անպատճառ։ Եւ որ ոչ կատարէ զհրաման սուրբ ուխտիս՝ առցէ ի յահեղ դատաստանէն Քրիստոսէ Աստուծոյ մերոյ զվրե/// թէ աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Վկայ է այսբանիս սուրբաւետարանս Քրիստոսի եւ ժողովուրդք, որ աստ յանդիպեցան։

Ես Լուսս վկայ։

Ես Միարեւս վկայ.

Ես Ղարիպշահսվկայ.

Եւ ես նվ[ա՞ստ] Գրիգոր երէցս, որ զգիրս գրեցի՝ վկայ։

Գր. ի թվ. հյ. ՉՂԷ. (1348), ի մայիսի ԻԸ. (18)» [21] ։

2. «Ես վարձիգուրս որդի Ամիրազիզին եկի ի Մաւղնոյ վանք՝դրի յիշատակիմ հոգուս, որ զինչ վանուցն աղունլինի իմ ջրաղացն աղցուի, որ զինչ միաբանք լինին վանքս՝ ուտեն... ։ Եւ միաբանք վանիցս՝ Իգնատիոս եպիսկոպոսս եւ այլ աբեղայքս՝ ի արինմէկ ժամ կատարենք Վարձիգուլին հոգուն, քանի վանքս ենք. եւ յետ մեզ հաստատուն պահաւղքն աւրհնին յԱստուծոյ, ամէն. եւ ով ոքոր վանքս լինին՝ զայս կատարեն» [22] ։

3. «Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զԱղուպշի որդին զՈվանէս, զԲուլիկ, որ զ///ածանէն դաշտապահութիւն ոխֆ արարին սուրբ Քառասնից. զինչ սուրբ Քառասունք պատարագ լինի՝ իւրեանց մասն եւ բաժին [եղիցի]» [23] ։

4. «Քրիստոս Աստուած քո սուրբ ծնաւղի բարեխաւսութեամբդ ողորմեա ամենայն հաւատացելոց, եւս առաւել ուսթա խալիֆին, որ յամէն տարի Բ (2) գութան է տուէր սուրբ Վարդանայ... » [24] ։

5. «Յիշեցէք ի Քրիստոս զուսթայ Միրիջան՝ զՍղերթցին եւ զիւր որդին Էւատշէն, որ ամէն տարի երկու սօլ տայ վանից մշակուն։ Փոխանակ Քրիստոս զերկնից արքայութիւն տայ իւր ծնօղաց եւ ամենայն արեան մերձաւորացն, ամէն» [25] ։

6. «... Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէլ նալբանդ Յակոբուն, որ սուրբ Սահակայ առաջնորդի ձին անվարձ նալէ, որ ոխֆ արար։ Զինչ որ պատարագ մատչի եւ սաղմոս ասուի ի սուրբ եկեղեցիքս՝ մասն եւ բաժին եղիցի իւր եւ իւր ծնօղացն, ամէն» [26] ։

7. «Դարձեալ Աստուածողորմի ասացէք ուսթայ Փանոսին, եւ ծնօղացն՝ հօրն Շեհիջանին եւ մօրն Խանումին. եւ կողակցին Մարգարտին, որ ոխֆ արար զձեռն սուրբ Ծիրանաւոր [ի], որ ինչ կողպէս թէ բալնիս շինելոյ լինի՝ շինի... » [27] ։

8. «Դարձեալ յիշեցէքի Քրիստոս Խէքէնց Էտգարն, որ Ի (20) տարի Ալուրու նախրորդ էկաց եւ վանաց նախիրն ոխֆ եւ նուէր արար սուրբ Գէորգայ դըռանն. ար[ա]րիչն Աստուած զինքն աւրհնէ... եւ զայն մարդ, որ նախորդ կենայ՝ նայ զայսոֆխ[ս] [տ]եղն պահէ, թէ չէ՝ նայ ի սուրբ Գէորգէն սեւերես լինի... » [28] ։

9. «Դարձեալ յիշեցէք... տանուտէրն զներկարար Էմնադին... Պօղոսու քահանայից ներկ թարխան արար» [29] ։

Ինչպէս տեսնում ենք, վանական հաստատութիւնների օգտին անվարձ որեւէ ծառայութիւնկատարելու յանձնառութեան մասին վակֆերը վերաբերում են տնտեսական գործունէութեան ամենատարբեր մարզերի՝ վանքի լուսաւորութեան համար ձէթ հայթայթել, տարին մի գառ նուիրել, վանքի ողունն աղալ առանց վարձի, յանձն առնել վանքի դաշտերի պահպանութիւնը, տարին 2 օր սեփական գութանով ու լծկաններով հերկել վանքի վարելահողը, տարին երկու սոլ (ոտնաման) տալ վանքի մշակների համար, անվարձ պայտել վանահօր ձին, անվարձ շինել վանքի համար անհրաժեշտ կողպէքներն ու բանալիները, անվարձ արածեցնել վանքի նախիրը, անվարձ ներկել քահանաների բուրդն ու հալաւը եւ այլն, եւ այլն։

Նման բովանդակութիւնունեցող բոլոր վաւերագրերի տուեալները, լրացնելով մէկը միւսին, կարող են մեծապէս նպաստել միջնադարեան Հայաստանի վանական տնտեսութիւնների գործունէութեան տարբեր բնագաւառների ուսումնասիրութեանը։

Նուիրաբերական գրառումների շարքում առանձնայատուկ տեղ ունեն նաեւ այն վաւերագրերը, որոնք շարադրուած են դրամական վակֆերի կապակցութեամբ։ Ծանօթանանք այդ կարգի մի-երկու վաւերագրերի հետ։

1. «Ի թուին ՋԽ (1491) եւ նոյեմբեր ամսոյ ԻԷ (27)։ Ես մղտսի Կուլիստան ծառայս Աստուծոյ՝ սուրբ Թորոսու եկեղեցոյն ծառայ եմ եւ հնազանդ, իմ սրտիկամաւս Ռ (1000) սպ[իտակ] կուտամ, որ ամէն տարի զիս յիշեն քահանայքն ժամ առնելով եւ Աստուածանեղ ասեն... ։ Եւ տան զայս սպիտակ ամէն տարի ի մէկ տանուտէր եւ զկաթն առնուն քահանայքն եւ աստուած անեղ ասեն...

Այս բանիս վկայ տէր Պետրոսն սուրբ Գորգու.

Այս բանիս վկայ տէր Յակոբն Խոճին եկեղեցուն.

Այս բանիս վկայ տէր Ղազարն սուրբ Թորոսու.

Այս բանիս վկայ պարոն հարիւրաւանդ Նիկաւղոսն.

Այս բանիս վկայ պարոն Պաւրաշն.

Այս բանիս վկայ պարոն Խութլապէկն.

Եւ ես Յոհաննէս աբեղայս այլ վկայ /// , որ զգիրս գրեցի» [30] ։

2. «Ի թուին ՉՂԹ (1550)...

Աստուած աւրհնի Աղբիգան պապային դուստր, որերէտ, սուրբ Թորոսու յիշատակ Ռ (1000) սպ[իտակ]՝ իր մօր հոգւոյն յիշատակ անջնջելի, Աստուած անեղ ասելով։ Կատն (իմա՛ կաթն) առնուն՝ Ճ (100) եկեղեցոյ, Ճ (100) իրիցներուն Աստուած անեղի» [31] ։

3. «Ես վանեցի տէր Ըստէփանոս ԺՌ (10000) դկ. (դահեկան) սուրբ Խաչիկ յաւետարաննին տուի, որ տաճարի տեղն շինեն՝ խարրճեն, յիշատակ իմ հաւրՄխիթարին, իմ մաւր Խանաղին, եղբայր Ատոմին, Աստուածայտուրին, Ախիճանին, Գիրիգորին, իմ որդոյ Ատոմին, Աստուած ընդ երկայն աւուրց անէ, ամէն, հայր։

Թվկ. ՌԼԴ. (1585) էր, փետրուարի Ժ (10)-էն աւրն... » [32] ։

Այս վաւերագրերից ուշագրաւեն յատկապէս առաջին երկուսը, որոնք գրանցուած են, հաւանաբար, Ղրիմի Կաֆա քաղաքում։ Բուն Հայաստանի վանական հաստատութիւններին արուած դրամական նուիրաբերութիւնների մասին մեր ձեռքի տակեղող մի շարք համանման գրառումներից եւ ոչմէկը տեղեկութիւն չի պարունակում նուիրաբերուած գումարի շահով տալու եւ տարէցտարի ստացուող վաշխի տոկոսի մասին։ Վերը բերուած երկրորդ վաւերագրից յայտնի է դառնում, որ 1000 սպիտակ գումարը տարին բերում էր 200 սպիտակ, այլ խօսքով՝ 20 տոկոս շահ։

Առաջին վաւերագրի «եւտան զայս սպիտակս ամէն տարի ի մէկ տանուտէր» արտայայտութիւնից կարելի է արտաբերել, որ Ղրիմում կային վաշխառուական գործարքներ կատարող հայ գերդաստաններ։

Որոշակի հետաքրքրութիւն է ներկայացնում «կաթն» տերմինը, որը Ղրիմի վաւերագրերում գործ է ածուած մայր գումարի ամէն տարի բերող շահի իմաստով։

Մ. Կովալեւսկին իր «Օրէնքն ու սովորոյթը Կոսկասում» ուսումնասիրութեան մէջ կանգ է առնում կովկասեան լեռնականների (բալկաններ, օսեր, կարաչայցիներ) միջավայրում շահի հաշուառման հինաւուրց եղանակի վրայ. «Նրանց մօտ, - գրում է Կովալեւսկին, - շահոյթի հաշուարկման հիմքում դրուած է կովի բնական աճը, դրա հետ մէկտեղ հաշուածեւ այն եկամուտը, որ տալիս է նա կաթի եւ պանրի ձեւով» [33] ։

«Կաթն» հայկական տերմինի գոյութիւնը «շահ», «տոկոս» նշանակութեամբ հնարաւորութիւն է տալիս ենթադրելու, որ հնում շահի հաշուարկման այդպիսի մի եղանակ կիրառուել է նաեւ հայկական միջավայրում։

Ծիսական բովանդակութիւն ունեցող ձեռագրերի էջերին գրանցուած տնտեսական բնոյթի գրառումների մի պատկառելիմասը պայմանագրեր են։ Որպէս պայմանաւորուող կողմեր հանդէս են գալիս ինչպէս տարբեր վանական հաստատութիւններ կամ որեւէ վանական հաստատութիւն՝ մի եւ գիւղական որեւէ համայնքի՝ միւսի կողմից, այնպէս էլ առանձին անհատներ։ Բնականաբար, տարբեր են նաեւ այդ կարգի վաւերագրերի շարադրման առիթները։

Յատուկ հետաքրքրութիւն են ներկայացնում վանական հաստատութիւնների եւ գիւղական համայնքների հողային ու ջրային վէճերի մասին ակնարկներ պարունակող վաւերագրերը, որոնք աղոտ լոյս են սփռում իրենց հոգեւոր տէրերի դէմ հայ գիւղացիութեան մղած սոցիալական պայքարի դրուագների վրայ։

Ծանօթանանք այդ կարգի մի-երկու վաւերագրերի հետ։

1. «Ի թկ. Հայոց ՋԼԶ (1487)։

Այս է վանից սնօր կնգուղօն՝ արդի եոր եւ սասմահ խաչ եւ Քարաշար եւ Կուսանաց սար. եւ գայ ձորն. ձորէ մինչեւ ի խաչի արդի ճանապ /// էս մինչեւ Տօրունօ արդի գլօխ։

Այս բանիս ես՝ տէր Խաչատուր վկայ. ես ռէս Թառ /// վկայ եղեւ մենք հասառակութիւնն այս բանիս մենք /// վկայ։ Եւայս բանիս օվ հակառակ կայցէ՝ Ուդայի եւ Կայէնին առցէ, ամէն» [34] ։

Վաւերագիրը շարադրուած է շատ անգրագէտ ձեռագրով, որոշ բառեր մաշուած են ու անընթեռնելի, այնուամենայնիւ բովանդակութիւնը, իր հիմնական գծերով, պարզ է։

Ինչ-որ վանքի հողային սահմանների շուրջ վէճեր են տեղի ունեցել վանքի եւ մօտակայ գիւղի բնակիչների միջեւ։ Վանականներին յաջողուել է պարտադրել իրենց կամքը եւ շարադրելտալ վանքի սահմանները ճշգրտող այս պայմանագիրը, որի «ճշտութիւնը» հաստատուել է գիղի «հասարակութեան» կողմից՝ յանձինս քահանայի եւ ռեսի։ անէծքի ուժով վանքն ամրացրել է իր ձեռք բերածը։

2. «Թվն. ՌԽԶ )1597), ես՝ Բարսեղ վարդապետս, ի ժամանակս Հուլպա խանին բերդակցիք եւ նորշնցիք տագեցին աղաւաղ բառ) առնուլ զջուր. ԵՃ (500) ղուռուշ խարճեցի եւ սուրբ Առաքելոց օգնականութեամբն յաղթեցի նոցա եւ զաւթ արի, եւ ամենեքեան հնազանդեցան եւ անկան։ Ով ոքելեալ կրկին ջանայ ջրին՝ զանէծս Կայէնի եւ Յուդայի առցէ եւհոգով, մարմնով եւ որդով զրկեսցի յողորմութենէն Աստուծոյ եւ ի սրբոց առաքելոցն, եւ Յիսուսէ՝ տեառնէ մերմէ նզովե[ա]լ լիցի աստեւ ի հանդերձեալն. ընդունողք գրոցս օրհնեալ լիցին. ամէն» [35] ։

Ձեռագիրը, որի դատարկ մի էջի վրայ գրանցուած է այս ուշագրաւ փաստաթուղթը՝ Մշոյ Առաքելոց վանքի նշանաւոր Տօնականն է (Ամենախոշոր հայերէն ձեռագիրը)։

Բարսեղ վարդապետը՝ Առաքելոց վանքի վանահայրը կամ հեղինակաւոր միաբաններից մէկը, 1597 թ. 500 ղուռուշ ծախսելով կարողանում է վանքի սեփականութիւնը դարձնել («զաւթ» անել) ջրանցքը (կամ առուն), որից օգտւում էին նաեւ Բերդակ եւ Նորշէն կոչուող գիւղերի բնակիչները։ Եօթնապատիկ անէծք է բարդւում իրենց տնտեսական շահերի պաշտպանութեան համար Առաքելոց վանքի դէմ ելած գիւղացիների գլխին, եթէ նրանք այնուհետեւ եւս համարձակուէին վէճ բացել այդ ջրի համար («Ով ոք ելեալ կրկին ջանայ ջրին՝ զանէծս Կայէնի եւ Յուդայի առցէ»)։

3. «Գրեցաւ գիրս ի Ջքրաշէն, ի դուռն սուրբ Աստուածածնին, ձեռամբ Աւետիս վարդապետին Ալըրեցոյ, եւ կամակցութեամբ հայր Կարապետին, եւ գիւղի քահանայից եւ դոլւաթաւորաց մարիֆաթով... (թուարկւում են գիղիքահանաների եւ դովլաթաւորների անունները), վասն արտերաց, որ է Բանկլի ձորովն ի յայն դեհն, որ այլ եւ ոչ լինի, թէ մերոց եւ թէ յօտարաց, թէ առաջնոր[դ]աց, թէ քահանայից, թէ յաշխարհականաց եւ որոց հմուտ գիտութեան արտերացս, զոր գրեցաք այլ եւ այլ արասցէ՝ երեք հարիւր եւ Ժ. եւ Ը. հայրապետաց նզովեալ եղիցի. ամէն։

Ի թուականութեանն Հաոց ՌՃ՞ (1651՞)... » [36] ։Այս վաւերագիրը ւես շարադրուած է սահմանավէճերի կապակցութեամբ։ Ջգրաշէնի քահանաներն ու «դովլաթաւորները» հանդէս գալով գիւղական համայնքի անունից, պարտաւորւում են այլեւս վէճ չբացել «Բանկլի ձորովն ի յայն գեհն» գտնուող արտերի վերաբերմամբ, ընդունելով, որ դրանք պատկանում են Ջգրաշէնի Ս. Աստուածածնի վանքին։ Վանական հաստատութիւնների ու գիւղական համայնքների միջեւ հողի ու ջրի համար մղուող տեւական հպայքարի մասին են վկայում նաեւ մի շարք այլ վաւերագրեր, որոնք առաջին հայացքից թողնում են սոսկ այս կամ այն վանքի տարբեր գիւղերում ունեցած վարելահողերի թուարկման տպաւորութիւն։

Այս կարգի վաւերագրերի վերջում գրանցուած անէծքի բանաձեւերը, ուղղուած բոլոր նրանց հասցէին, ովքեր երբեւէ կհամարձակուեն հակառակել եւ չընդունել այդ վարելահողերի պատկանելութիւնը վանքին, ըստ ինքեան վկայութիւն են այն մասին, որ դրանք եւս՝ վերը բերուած առաւել ցայտուն օրինակների նման, շարադրուած են վանականների կողմից, իրենց կամքը շրջակայ գիւղերի համայնքներին թելադրելու եւ այդ համայնքների հողային ֆոնդի մէջ մտնող մի շարք արտերիմշտապէս տիրելու նպատակով։ Ծանօթանանք այդպիսի երկու վաւերագրերի հետ, որոնցից առաջինը շարադրուած է Խառաբաստի վանքում, 1420 թ. առաջ (մինչեւ Կարա Իւսուֆի մահը), որի երկրորդը՝ Ռշտունիքի Կարմրակ սուրբ Աստուածածնի վանքում, 1602 թ. ։

1. «Ի Ղանութեան Ղարայ-Ուսուֆին, եւ ի պարոնութեան Իսպին, եւ յառաջնորդութեան սուրբ ուխտին Կարապետ վարդապետի՝ տուաւ նալաթլամով մուլք՝ Ի (20) մութ (իմա՛ մոթ) ոստին ի կտրած-քար Սուրբ աստուածածնիս, ի գիղն Անիշատ՝ ի շինամէջ՝ երեսուն մութ տեղ ջրով, քսան մութ՝ ոստին, ի Կտրած-քար Ժ (10) մութ ջրով, Ի (20)՝ ոստին, ի Փակաճ՝ ԺԵ (15) մութ տեղ, ի Հայրիկէ՝ ԺԵ (15) մութ տեղ, ի Վառնջիկն՝ Երկու-խաչ արտն, երկու ակն ջաղաց, ի Բոլորամարգն՝ Ա (1) արտ, ի Բլուրն Ա (1) արտ, յԱկանց՝ Դ (4) արտ, յԻրիշատ՝ Ա (1) արտ, ի Մկնաւերն՝ Բ (2) արա, ի Խառաբաստ՝ Զ(6) արտ, Բ (2) ջաղաց, ի Սոսկուն Բ (2) արտ, ի Գանձակ՝ այգի մի։

Ով որ հակառակ լինի՝ զանէքն Ուդային առնու, եւ որ կամակից լինի՝ օրհնի յԱստուծոյ եւ յամենայն սրբոց» . Փիրղալեմեան, Նօտարք հայոց, էջ 31-32)։

2. «Թուին [Ռ]ԾԱ (1602).

Ի Նորիգեղ Քուրտիկանց երկան արտ, Սաթօի գուրու պատ... Մ[ա]րգ[ա]րի ճոթ, արջախո[ր]երն, Սիմոնի տռառիկ, Կռեթին գոմկներ, Փիրի գոմկներ, տռառիկ արջահորերն, Ղազոյի գոմկներն տռառիկ, գանձգին, Քամալի տռառիկ, Առաքելի ցնին, Կարոյի ցնին, Մուրատի խաչի արտ, Կիրակոսի բոլորիկ [ա՞րտ], Խլոի գանձգին, Տարմօէնց արջահորեր, Մարտոյի ցնին, Քաղպարի գանձգին, Շախպազի արեգդէմն, Գլուկանի արտն, Աստուածամօր ճոթ։ Գորդիս Սանդուքարով վեր մինչեւ արեգդէմն, մինչեւ ծմէն՝ ամենեքեան սոքա արծաթագինեն՝ ի դուռն սուրբ Աստուածածնին եւ Կարմրակ սուրբ Նշանին եւ սուրբ Սահակայ գերեզմանին վոխմ է տըւած, որ հակառակ կացցէ՝ ատենին Քրիստոսի պատասխանի տալոց է։ Աստուած զայն տանուտէր օրհնէ, որ անտրտունջ Աստուածածնա տասանորդ տա սպասա[ւ]որի ձեռն, որ վանից պէտսն հոգասցէ։ Եւ որ հակառակէ՝ զանէծք Կայէնի առցէ. ԺԲ (12) քիլա ցորեն է։

/// եւ Սանդսուքարով վայր՝ մինչեւ ծովու յափ Սութգանին թեւ թեւ, մինչեւ Շօռատան գլօխ, Գոտեց դաշտ /// (մի անընթեռնելի բառ) ջուր վանից ոխվ է [ա՞րած], որ հակառակէ անէծք եւ պատիժն Կայէնի առցէ» [37] ։

Պայմանագրային բնոյթ ունեցող վաւերագրերի շարքում կան նաեւ իշխող ու ենթակայ վանքերի, ինչպէս նաեւ վանահօր ու միաբանների միջեւ ծագած վէճերը հարթելու, կամ համապատասխան փոխհատուցում ստանալուց յետոյ որեւէ արտօնութիւն շնորհելու մասին գրառուներ։

1457 թ., օրինակ, Աբրահամ վարդապետից ստանալով չորս գոմէշ եւ չորս եզ, Աղթամարի վանքկ պարտաւորւում է այնուհետեւ չպահանջել Ռշտունիքի Գանձակ գիւղի մօտ գտնուող Թովմա առաքեալի վանքից «աջհամբուրի փարայ» կոչուող եկեղեցական տուրքը [38] ։ Գաբենից վանքի վանահայր տէր Հայարապետը Աղթամարի Ստեփանոս կաթողիկոսից (1465-1489) գնում է «Կողոպուտ» կոչուող եկեղեցական տուրքից Աղթամարին այլեւս մաս չհանելու իրաւունքը [39] ։

Վանքերի եկամուտների մեծագոյն մասը սեփականանելու ձգտում ունեցող վանահայրերի ու առաջնորդների եւ շարքային միաբանների միջեւ տնտեսական հողի վրայ առաջ եկող վէճերի ու դժգոհութիւնների մասին է վկայում 1608 թ. շարադրուած, ստորեւ բերուող իւրայատուկ «պայմանագիրը»։

«... Յիշեցէք ի Քրիստոս զտէր Գրիգոր եւ զիւր հօրեղբայրն յԱսգանդարն, եւ զիւր ծնօղն զԹուրւանդէն, եւ զահմաթաւ զվանաց տոգանքն՝ զպսակդրամն, զխաչխամբուրն՝ զամէն բաշխեց վանից միաբանին, սուրբ Գամաղիէլի վկայութեամբ, ինչ մարդ որ վանից հայր լինի, որ զայս բաներս ղասուլ չառնէ՝ զանէծք զԿայէնին առնէ եւ զպատիժն զՅուդային եւ զխաչհանողացն, ամէն, եղիցի, եղիցի։

Ի թուին տհայոց ՌԾԷ. (1608)» [40] ։

Գիւղական համայնքի ներսում, մի կողմից ռեսների, քահանաների եւ ազդեցիկ տանուտէրերի, միւս կողմից շարքային գիւղացիների միջեւ գոյութիւն ունեցող հակասութիւնների ու պայքարի մասին մութակնարկներ են պարունակում սակաւաթիւ այն վաւերագրերը, որոնցով ռեսները պարտաւորւում են վերացնել ապօրինի որոշ տուրքեր, թեթեւացնել որոշեալ չափից աւելի գանձուող որոշ հարկեր եւ անձամբ մասնակցել այդ հարկերի վճարմանը։

Ծանօթանանք XV-XVI դդ. շարադրուած այդ կարգի մի վաւերագրի հետ.

1. «Քրիստոս Աստուած աւերհնէ զըռես Ստեփանոսն եւ զիւր որդիքն, որ ողորմեցաւգեղիս Մթայ եւ եթող զաղչկան յաղկն, որ ի գեղստանին եւ զշահիգադէն, եւ զմեր շարաֆի /// ըռէսն ի հետ գե]ղին տայ եւ զաւերանիքն ի վերայ գեղիս չի դնէ։ Քրիստոս Աստուած զինքն աւարհնէ եւ զիւրորդիքն եւ զիւր եղբարքն, եւ զգեղի տանուտէրք, որ կամակից եղան՝ զէս բադաղաթս ի գեղէս ի վեր կալին։ Աստուած ողորմի իւրեանց հոգւոյն եւ իւրեանց ծնաւղացն, ամէն։

Ով որ յիրար տայ, կամ առնու, կամ ի յաւան ձգէ, նայ զանէծն զԿայէնին առնու եւ զպատառն զՅուդային եւ զխաչխանողացն, եւ զբարկութիւն Աստուծոյ ի վերայ իւրն բերէ եւ ի վերայ տանն. ամէն» [41] ։

Ուշագրաւ է 1596 թ. շարադրուած նման բովանդակութեամբ մի այլ վաւերագիր, այստեղ ասւում է, որ Կակոս անունով մէկը, դառնալով Բաստ գիւղի ռես, «արար մեծ բարութիւն», «վերուց ի գեղէն զչափ ցորէն ալրզան, որ ամէն տուն չափ մի ցորէն կու տային ի յըռէսն ալեղան, վասն որոյ զմտաւ ածելու զօր մահուն Կակոսն եւ զերկիւղն Աստուծոյ եւ վերուց զայն չար ղաբալն ի գեղէն» [42] ։

Այս եւ նման մի շարք այլ գրառումներ հնարաւորութիւն են ընձեռում ստուարագծելու միջնադարեան հայկական գիւղական համայնքի ներքին կեանքի ու սոցիալ-տնտեսական յարաբերութիւնների պատկերը, մի բան, որ անհնարին էր կատարել այլ կարգի սկզբնաղբիւրների միջոցով [43] ։

Որոշակի արժէք ունեն նաեւ անհատ անձնաւորութիւնների միջեւ կնքուած պայմանագրերը, որոնք վերաբերում են տնտեսական գործունէութեան ու հասարակական եւ ընտանեկան յարաբերութիւնների տարբեր բնագաւառների։

Այդպիսիներից է, օրինակ, կաթոլիկ վանական Պետրոս Սալիթաղեցու եւ ոմն Մխիթարի որդի խտրշահի միջեւ 1442 թ. կնքուած պայմանագիրը՝ ջրաղաց կառուցելու մասին։ Ծանօթանանք պայմանագրին.

«Յանուն Աստուծոյ։ Յամի տեառն ՌՆԽԲ (1442), ես ֆ[րա] Պետրոս Սալիթաղեցի՝ որդի Թաւաքալին, հետ Խտրշին՝ որդո Մխիթարին շինեցինք զջաղացն ի Թաջառինք հողումն։ Տեղն Խտրշին էր եւ առուի տեղն վանիցս։Մեք զամենայն պիտոյքն, այսինքն՝ զքարն, զցիցն, զնաւն, եւ զայլ ամենայն փայտերն, որ ի պէտք է շինութեանն, զամենայն մեք պատրաստեցինք եւ շինեցինք Բ (2) վանիցս, Ա(1( Խտրշին։ Յառաջի՝ շինութեանս յետեւ զինչ պակասութիւն լինի՝ նա Բ (2) ըստակին կանցնի եւ մեք՝ Դ(4) ըստակին։ Ով որ աւալի խաւսի կամ բան՝ յաւելցու Աստուած զամենայն հարուածս զոր ի սմա գրեալ է, եւ թէ պակասեցուսցեն՝ պակասեսցին ի գրոյն կենաց, ամէն» [44] ։

Այս գործարքը շատ բնորոշ է ֆեոդալական յարաբերութիւնների պայմաններին. Խտրշահը կառուցուող ջրաղացի1/3 մասի փայատէր է դառնում, լինելովմիայն այն հողի տէրը, որի վրայ կառուցւում է ջրաղացը։ Կառուցման ծախսերն ամբողջ վերցնում է իր վրայ Պետրոս Սալիթաղեցին։

Հարեւան գիւղացիներիմիջեւ սահմանավէճերի առկայութեան մասին են վկայում XVI դ. վերջերին կամ XVIIդ. սկզբներին շարադրուածհետեւեալ հաշտագրերը.

«Արարիչն Աստուած զտէր Սահակն աւրհնէ եւ զիւր որդիքն... զԿոստանդին աւրհնէ եւ զիւր որդիքն..., որ միջնորդութեամբ Ստեփանոս վարդայպետին եւ Ներսէս աբեղին եւ տէր Բարայղամին բարիշեցան եւ միջաւորան (միջորա՞ն) փուշ տնկեցին, որ շիտակ կենայ՝ ոչ ի դէն կղի, ոչ ի դէն, բայց փուշ Կոստանդին է, որ այլ ու այլ խաբար չի լինի։ Ով որ ի խօսաց ելնու՝ նզովեալ եղիցի» [45] ։

Ձեռագրերի էջերին գրանցուած պայմանագրերից մի քանիսը զգալի հետաքրքրութիւն են ներկայացնում ազգագրութեան համար։

1387 թ., օրինակ, պահպանուել է մի գրանցում, որով Մարգարէ անունով մի երիտասարդի ծնողներ իրենց որդուն յանձնում են ոմն Մովսէս քահանայի «մինչեւ իմահ», պայմանով, որ նրան, ի վերջոյ, երէց դարձնի [46] ։

Յայտնի է, որ Միջնադարեան Հայաստանում արհեստաւորների եւ նրանց աշակերտների ծնողների միջեւ կնքուել են պայմանագրեր ուսուցման ժամկէտի ու պայմանների մասին [47], սակայն դրանցից եւ ոչ մէկը չի հասել մեզ, այդ իսկ պատճառով այս իւրայատուկ եւ եզակի պայմանագիրը որոշակի արժէք է ստանում եւ արժանի է մէջբերման.

«Յանուն Աստուծոյ ես Ովաննէս եւ կողայկիցս իմ Թանգսուղ տուինք մեր աւժարութեամբ զմեր որդիս Մարգարէ՝ հոգոյ որդի Մովսէս քահանայիս՝ մինչեւ ի մահն, որ երէց առնէ. վկայութեամբ Աբուկանայ՝ Ալփիկայ որդոյ, Բեկիկայ՝ Խոչոտայ Լարեցի (՞)։ Զինչ մարդ, որ զայս բանս խաւարէ՝ ՅԺԸ. հայ[րապետաց նզովեալ եղիցի՞]։

Ես Խաչատուր երէց վկայ, որ զգիրս գրեցի» [48] ։

Նոյն այս ձեռագրի նոյն էջի վրայ գրանցուած է մի այլ պայմանագիր եւս. ոմն Արխութա իր դստերը տալիս է հաւանաբար նախորդ գրութեան մէջ յիշատակուած նոյն Մովսէս քահանային։ Ի՞նչ պայմանով է կատարուել այս տարօրինակ «նուիրաբերութիւնը»՝ մութ է մնում։ Կարելի է միայն մեծ հաւանականութեամբ ենթադրել, որ տնտեսական խիստ ծանր վիճակն է ստիպել Արխութային այդպէս տնօրինելու իր դստեր ապագան, որը քահանայի գերդաստանում, ըստ երեւոյթին, լինելու էր աղախնի ստորադաս վիճակում։

Ստորեւ բերում ենք այդ յուրօրինակ ու սեղմ շարադրուած համաձայնագիրը.

«Յանուն Աստուծոյ ես Արխութայ՝ Մայլիքայ որդի միաբանեցայ սուր Աւետարանիս ու տուի զիմ աղչիկս՝ զԷսոյն՝ Մուսէս երիցոյ։ Ով խափանէ՝ դատի Աստուծոյ։ Ով կարդէք լի բերանով ասացէք Աստուած ողորմի Մալիքայ, ամէն զա[ւ]րութէն պահեսցի խորին ծերութենն [49] ։

Պայմանագրեր են պահպանուել նաեւ որեւէ մէկին հոգեւոր որդի կամ եղբայր դարձնելու մասին։

Ոմն տէր Գրիգոր, XVI դ. շատ անգրագէտ ձեռագրով, այսպիսի մի գրանցում է թողել Մատենադարանի 4948 ձեռագրի դատարկ մի էջի վրայ. «Ես՝ տէր Գրի[գ]որս գիր տուի Զայդոյին իմ հոգիս հոգոյէք Կէտէվանի ձեռովն։ Մեծ որդին Զէկէլ, Ա. որդին Զայդոյն, Ա. որդին Ոյհանէս։ Ինչվէն ես մեռ[ն]իմ ձեր բայժան չակայ, որ մեռնիմ՝ դուք գիտէք, թէ քո բաժանիք»։

Գրեթէ ոչինչ չէր հասկացուելու, եթէնոյն այս տողերի տակ մի այլ մէկը, վարժ ձեռագրով ու աւելի պարզ շարադրանքով չկրկնէր վերը բերուած պայմանագիրը, նրան տալով այսպիսի կերպարանք.

«Ես՝ տէր Գրիգոր գիր տուի, Զատէին որդի վեր կալայ. Գ. (3) աղբէր յլինին՝ հողի, ջրի, յիգուն, կարասի, ապրանքի. ով որ սուտ դուրս գայ՝ սէւէրես ինձ գայ։ Ես տէր Գրիգորս վկայ եմ. Աստուած յել որդի տայ, յէն յէլ յիրանց աղբեր իլի» [50] ։

Ձեռքի տակ ունենք նաեւ XVI դ. շարադրուած մի համաձայնագիր Մկրտիչ երէցի եւ Կիպակոս դպրի միջեւ. առաջինը պարտաւորւում է երկրորդին «հոգեւոր եւ հարազատ» եղբայր դարձնելու, «մինչեւ մահ եւ կեանք»։ Եթէ երբեւէ բաժանուելու հարց լինի, «նայ ինչ ես ապրանք որ ունիմ, - գրում է Մկրտիչ երէցը, - հետ նորա (Կիրակոս դպրի) կէս լինի» [51] ։

Մեր հաղորդման հէնց սկզբում ասացինք, որ ձեռագրերի էջերին գրանցուած վաւերագրերի մի պատկառելի մասը կալուածագրեր են՝ անշարժ ու շարժական գոյքերի վաճառքի ու օտարման մասին արժէքաւոր փաստաթղթեր։

Դրանց շարքում առաջնակարգ նշանակութիւն ունեն Մատենադարանի 9165 ձեռագրի 1ա-8բ էջերին գրանցուած 6 կալուածագրերը, որոնց մէջ որպէս գնորդ հանդէս է գալիս անխտիր միեւնոյն անձնաւորութիւնը՝ Ատիբէկի որդի պարոն Միրիման-բէկը, իր Շահւելի, Զուրապ եւ Աւթանդիլ որդիների հետ միասին։

Կալուածագրերից միայն մէկը (6բ էջի վրայ գրանցուածը) ունի թուական՝ ՌՃԺԹ (1670), ուստի դրանք բոլորն էլ գրուած են մերձաւորապէս նոյն տասնամեակներում XVII դ. երկրորդ կէսին։

Միրիման-բէկի գործունէութեան ասպարէզը Լոռին է. կալուածագրերից շատերն աւարտւում են այսպիսի բանաձեւով. «Ով որ յետ ու առաջ տայ Լոռու հէքիմին ԺԲՌ (12000) դահեկան տայ»։ Կալուածագրերից մէկում յիշատակուած է Արդւի գիղը։ Մի դէպքում որպէս վկայ, հանդէս է գալիս ոմն Վարդան պարոնտէր։ Այս տուեալների հիման վրայ կարելի է ենթադրել, որ Միրիման-բէկը Սանահնի կամ մօտակայ որեւէ այլ գիւղի կալուածատէրերից է եւ կալուածագրերում յիշատակուող վարելահողերը գտնուել են Սանահնի շրջակայքում։ Վաճառուող կամ այլ ճանապարհներով Միրիման-բէկի ձեռքն անցած հողակտորները թուարկւում են այսպէս.

«Գ (3) օրավար հող, յԱրտւու ճանբի Դաւթի հողի վեր կռան, Բ (2) աւրավար հող աղբի[ւ]րի դիմաց, Վարդիգուլի հողի տակի Բ (2) աւրավար հողն», «Խէչէրկուտի հողն», «Բնառւի վերին կուռն», «Ճանբի ափանբիսի (՞) վեր հողի կէսն, հին մլի վերին կռան՝ Բ (2) աւրավար հողն, Ծէնկու վանանց հողի վերի կռան հողն», «Մոխրատափկայ Բ (2) աւրավար հողն», «Թալիբիբի վեր հողն», «Ա (1) աւրավար յԵզնանստի հողն, Ա (1) աւրավար միջի ճանբի տակի հողն», «Է (7) աւրավար հողիցն Ա (1) աւրավար հող», «Հատիտոպրակի վանանց հողի վերի կռան հողն», «Կէչի հողի կէսն», «յԱւձանբերի Ա (1) աւրավար հողն»։

Կալուածագրերից մէկը եզակի է իր բովանդակութեամբ. այն չի վերաբերում վարելահողի վաճառքի։

«Ես Թումանի որդի Բայրամս, իմ աղբէր Շահնազարն Միրիմանին պարտքն պարտ էր. իր որդի Գոհարն իր պարտքումն տուի. պակաս հախն էլ առայ, մեր կարեցն արի, այլ ոչ ում բան չկայ, տուինք Միրիմանին եւ իւր որդացն։ Ով որ յետ ու առաջ տա Գ (3) թուման հէքիմին (միւս կալուածագրերում գրուած է՝ Լոռու կամ Լաւռու հեքիմին Լ. Խ. ) տուող ըլի։

Գրիգոր փեսայ Թամազն վկայ. ես Թումանշէս գիրս գրեցի վկայ եմ» [52] ։

Ինչպէս պարզ է դառնում այս կալուածագրից, Թումանի որդի հանգուցեալ Շահնազարը պարտք է վերցրած եղել Միրիման- բէկից։ Ոչինչ չունենալով եղբօր պարտքը մարելու համար, Բայրամը Միրիման-բէկին է տալիս Շահնազարի որդի (՞) Գոհարին։ Հասկանալի է, որ այդ Գոհարը դառնում է Միրիման-բէկի ճորտը։

Կարելի է ենթադրել, որ իրենց հողակտորների կամովին վաճառողների դերում հանդէս եկողներից շատերը ստիպուած են եղել այդ գործարքը կատարելու, նոյնպէս լինելով անվճարունակ պարտապաններ։

Այսպիսով, կարճ ժամանակամիոցում, Լոռուայ հայ կալուածատէրերից մէկը, վաշխառուի իր ցանցի մէջ ձգելով մի շարք գիւղացիների, ընդարձակում է իր կալուածքները նրանց վարելահողերի հաշուին։

Ձեռքի տակ ունենք նաեւ աւելի հին կալուածագրեր. 1483 թ. ՝ մի արտի վաճառքի մասին (ԽՍՀՄ ԳԱ արեւելագիտ. ինստ. ձեռ. C-56), Բեներոց ջրաղացի 4 բաժնի վաճառքի մասին [53], բազմաթիւ ձեռագրերի վաճառքի մասին (օրինակելի ձեւով է շարադրուած 2846 ձեռագրի 149ա էջի վրա գրանցուածը), կովի եւ այլ շարժական ու անշարժ գոյքերի վաճառքի մասին։

Սովորոյթային իրաւունքի նորմարի ուսումնասիրութեան կապակցութեամբ այս կարգի վաւերագրերը մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում։ Ծանօթանանք, օրինակ, կովի վաճառքի մասին կազմուած վաւերագրի հետ.

«Ես Մարտիրոս իմ կովն ծախեցի... թէ որ ծնեցօ՝ ի կովն է, թէ չէ՝ որ յղի չլօ, էն կովն յիս տայ՝ մէկէլն տանի։

Յակոբն վկայ, Ներսէսն վկայ, Մարտիրոսն վկայ, Խար Մէլէքն վկայ, որ գիրս գրեցի է կիրակի օրս» [54] ։

Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» երկրորդ մասի ԾԷ յօդուածով նոյնպէս մէկ տարուայ ժամկէտ է սահմանւում կովի վաճառքը վերջնական համարելու համար։

Ձեռագրերում հանդիպում են նաեւ պարտամուրհակներ (1333, 1504, եւ 1536 թթ. ), վաշխառուի գրանցումներ (XIV դ. ), վանքերի թեմերի ցուցակներ եւ այլ կարգի վաւերագրեր, որոնք լինելով հայերէն լեզուով գրուած այդ կարգի փաստաթղթերից հնագոյնները՝ եզակի արժէք են ստանում։

Մենք աւարտեցինք ձեռագրերի մէջ գրանցուած վաւերագրերը ըստ իրենց հիմնական տեսակների (նուրաբերական գրառումնեպ, պայմանագրեր-համաձայնագրեր, կալուածագրեր) ներկայացնելու եւ բնութագրելու աշխատանքը։

Դրան զուգընթաց ձգտեցինք համառօտակի ցոյց տալ այդ վաւերագրերի նշանակութիւնը սոցիայլ-տնտեսական կեանքի որոշ մութ կողմերի լուսաբանման համար, այն չափով, ինչքան հնարաւոր էր այդ կատարել վաւերագրերի խմբաւորման ու տեսակաւորման հետ զուգընթաց։

Մեր ձեռքի տակ եղող վաւերագրերի գիտական նշանակութիւնը, սակայն, բնաւ չի սպառւում վերոյիշեալով։ Այդ վաւերագրերը վստահելի տուեալներ են պարունակում XIV-XVII դդ. գանձուող հարկերի ու տուրքերի ուսումնասիրութեան համար։ Կան մի շարք հարկային տերմիններ, որոնք այլ աղբիւրներից յայտնի չլինելով՝ գիտական շրջանառութեան մէջ են դրւում քաղուելով հէնց այն վաւերագրերից։ Դրանցից շատերը, լինելով ընդհանուր հարկային տերմիններ, հնարաւորութիւն են ընձեռում լուսաբանելու տիրող դինաստիաների հարկային քաղաքականութեան որոշ կողմերը ոչ միայն Հայաստանում, այլեւ հարեւան երկրներում։

Այս հարցին անդրադարձել ենք մեր մի այլ ուսումնասիրութեան մէջ [55] ։ Աւելորդ չենք համարում, սակայն, այստեղեւս մէջբերելու քններկուող վաւերագրերից քաղուած հարկային տերմինների այբուբենական ցանկը, որոշ յաւելումով ու խիստ համառօտ բացատրականներով.

Աբգան ջրային հարկ (ըստ Ս. Բարխուդարեանի),

Ալեղ, ալեղան անասնակեր, ձիերի համար պահանջուող կեր.

Աղջկան յաղկ հաւանաբար նոյնն է «հարսանեաց դրամը» (տե՛ս).

Բադագաթ, բադիաթ նորահնար, ապօրինի պահանջմունք (այդպիսիք են պարոնի, մուհթասիբի, ղարուղայի եւ թամզաչու օգտին գանձուող տուրքերը).

Դահիանզդէ (պրսկ. դահյանզդահ տասն-տասնմէկ) կալուածատիրական ռենտա, տասանորդ, մուլք.

Էգետներու հախ հաւանաբար տուրք, որ գանձւում էր կամ այգիներում կառուցուած տներից, կամ էլ, աւելի մեծ հաւանականութեամբ, հնձաններից.

Թամզա արհեստանոցներից, հումքի մշտական օբյեկներից գանձուող հարկ (յիշատակուած ունենք՝ ձկան-ձկնորսարանների եւ ընկոյզի ձիթհանների՞ թամզա).

Թթխմաւրի դրամ թթխմոր գործածելու համար հայերից գանձուող ապօրինի տուրք.

Իզու գինի գինուց գանձուող տուրք.

Խարան գլխահարկ (նաեւ պետական ռենտա - հարկ).

Խէքներու հորահաղ ջուլհակներից գանձուող հարկ (՞).

Հարսնեաց դրամ (գրուած խարսնեց դրամ) ամուսնացող աղջիկներից գանձուող հարկ.

Մատղու վարձ մատաղի դիմաց տրուող տուրք (՞).

Մեղաց գին մեղքերի թողութիւն ստանալու համար եկեղեցուն տրուող դրամ.

Շանիգագէ (իմա՛ շանակիզաթ) ապօրինի պահանջմունքներ.

Շառ կալուածատիրական ռենտա.

Չարեկ կալուածատիրական ռենտա, բերքի մէկ քառորդի չափով («ոխվերու չարեք», «ձիթահանաց չարեք»).

Սալամյազի շնորհաւորական տուրք, որ տրւում էր ֆեոդալին որեւէ գիւղ այցելելիս (՞).

Սուլ ջրաղացներից գանձուող հարկ (՞).

Սուտակի պտղի (՞).

Տախրկի դրամ ճախարակից գանձուող հարկ (՞) [56] ։

Միջնադարեան հայկական պատմական սկզբնաղբիւրները գիւղատնտեսութեան զարգացման աստիճանի եւ հողամշակոյթի վիճակի մասին գրեթէ ոչինչ չեն պարունակում։ Քննարկուող վաւերագրերը նոյնպէս հարուստ չեն այդ բնագաւառի նիւթերով։ Այնուամենայնիւ նրանցում. յատկապէս նուիրաբերական գրառումների եւ պայմանագրերի մէջ, հանդիպում ենք գիւղական համայնքի հողային ֆոնդի մէջ մտնող արտերի եւ, ընդհանրապէս, հողերի մանրակրկիտ տեսակաւորման հարուստ փորձի առկայութեան մասին վկայող բազմաթիւ տերմինների, որոնք կարող էին ստեղծուել միայն երկրագործական հազարամեայ կուլտուրա ունեցող եւ հողամշակութեան բնագաւառում նշանակալից յաջողութիւնների հասած ժողովրդի կողմից։

Ստորեւ, այբբենական դասաւորութեամբ, տալիս ենք նաեւ այլ տերմինների ցանկը.

Աղբինք, աղբին պարարտ կամ պարարտացուած հող.

Անջրդի.

Աուոտոց նախապէս առուոյտ ցանուած հող.

Արեգգէմ.

Աւազ, աւազիկ աւազահող.

Գոմկներ հաւանաբար՝ նախկին գոմատեղիների շուրջ եղած հողակտորներ.

Հացուտ բերքառատ.

Կորգ խոպան.

Ձմայ, ձմի, ծմայ ծմակային.

Ճամ, ճէմ ճահճուտ.

Մոխրատափիկ մոխրով պարարտացուած հո՞ղ.

Շամբ ճահճուտ.

Ոստին անջրդի.

Ուռուտ, ուռն.

Չայիր մարգագետին.

Տռառիկ (՞).

Ցնի (՞).

Փշուտ.

Քարուտ.

Քռայ։

Թուարկուած տերմինների բովանդակութեան ճշգրտման, գիւղական համայնքի անդամների միջեւ տարբեր որակի հողերի բաշխման ձեւերի որոշման եւ յարակից այլ հարցերի լուծման համար, անշուշտ, օգտակար կլինի կատարել յատուկ ուսումնասիրութիւն, որը յաջողութեամբ կպսակուի վիմական արձանագրութիւնների արժէքաւոր տուեալները, ինչպէս եւ հարեւան երկրների (յատկապէս Իրանի) երկրագործութեան մասին եղած աղբիւրները օգտագործելու դէպքում [57] ։

Օգտակար տուեալներ կան քննարկուող վաւերագրերում նաեւ միջնադարեան Հայաստանի տարբեր նահանգներում գործածուող չափ ու կշռի միաւորների մասին, որոնցից են, օրինակ՝ գրիւ, կապիճ, կոտ, մոթ (նաեւ մութ), քիլա եւ այլն։ Դրանց միջոցով որոշւում էր յաճախ նաեւ արտի մեծութիւնը՝ «կապիճ ու կէս ցորենի արտ», «Ի (20) մութ ոստին», «Ժ (10) մութ ջրով» եւ այլն, գործածական է նաեւ «օրավար հող» տերմինը։

Քաղաքային կեանքի ու արհեստագործութեան հետ առնչուող վաւերագրերի քանակը չափազանց քիչ է, այնուամենայնիւ չի կարելի արհամարհել նրանց նշանակութիւնը նաեւ հարցերի այդ ոլորտի ուսումնասիրութեան համար։

1303 թ. մեզ արդէն ծանօթ նուիրաբերական գրառման մէջ, որ կազմուած է ամենայն հաւանականութեամբ, Երզնկայ քաղաքում, ասուած է, որ Ս. Լուսաւորչի վանքի վակֆ արուած խանութը գտնւում է «ի Քաֆկըտրնոցն»։ Ինչ էլ որ նշանակելիս լինի այս «Քաֆկտրնոց» բառը (արդեօք սպանդանո՞ց), դրանից կարելի է եզրակացնել, որ Երզնկայ քաղաքում եւս գոյութիւն են ունեցել արհեստի միեւնոյն մասնաճիւղի համար յատուկ թաղեր կամ շուկայական շարքեր։

Մեր վաւերագրերում, այլեւայլ առիթներով, յիշատակուած են երկու տասնեակ տարբեր արհեստի ու զբաղմունքի մարդիկ՝ աղեղրար, բազազ, գդակկար, դարբին, թերզի, խոճա, կոշկակար, հարիւրաւագ, ղազազ, ղազանչի, ղասաբ, նալբանդ, նաղարաճի, նետրար, ներկարար, ոսկերիչ, սառաֆ փամբուղչի, քիւրքչի, ֆառաճ։ Արհեստագործութեան պատմութեան հարցերով զբաղուող մեր մասնագէտները, անտարակոյս, օգտակար նիւթեր կքաղեն այդ վաւերագրերից։

Անգնահատելի ու հարուստ նիւթեր են պարունակում քններկուող վաւերագրերը Պատմական Հայաստանի հին գիւղանունների եւ, յատկապէս գիւղերի հանդերում գտնուող առանձին արտերի անունների ուսումնասիրութեան, այլ խօսքով՝ պատմական միկրոտոպոնիմիկայի համար։ Այդ կարգի բազմաթիւ տեղանուններից են, օրինակ, հետաւեալները՝ Անաշատ, Առաջաձոր,

Առնանք, Աւազախոռ, Աւձանբեր, Բանկլի-ձոր, Բարձեւանայ առու, Բոլորամարգ, Եզնանիստ, Ելեգապատ, Ըռշտոնիկ արտ, Իրիշատ, Կուսանասար, Կռնայարտ, Մկնաւէր, Ջրուընիկ, Վառնջիկ, Ցամաքձոր, Քարափոս եւ այլն։

Վաւերագրերի մեծագոյն մասը գրուած է հազիւ գրաճանաչ, կիսագրագէտ գիւղական քահանաների կողմից։ Այս հանգամանքը ունի իր ե՛ւ բացասական, ե՛ւ դրական կողմը։

Անգրագէտ ձեռագրով ու լեզուով շարադրուած այդ վաւերագրերի վերծանման եւ ճիշտ մեկնաբանման համար պահանջւում է հմտութիւն եւ ջանք. քիչ չեն դէպքերը, երբ որեւէ վաւերագիր կամ նրա այս կամ այն մասերը մնում են անվերծանելի եւ անհասկանալի։ Հայոցլեզուի պատմութիւնն ուսումնասիրողի համար, սակայն, վաւերագրերի այս յատկանիշը զուրկ չէ օգտակարութիւնից։ Դրանք անաղարտօրէն պահապանել են իրենց մէջ միջին հայերէնի, բարբառների եւ միջնադարեան աշխարհաբարի ուսումնասիրութեան համար անսպառ ու կուսական նիւթը, ուստի չպէտք է կասկածել, որ քննարկուող վաւերագրերի ուսումնասիրութեամբ կզբաղուեն նաեւ մեր լեզուաբանները։

Հայերէն ձեռագրերի դատարկ էջերի վրայ գրանցուած նուիրաբերական արձանագրութիւններ, պայմանագրերի-համաձայնագրերի, կալուածագրերի եւ տնտեսական այլ բնոյթի փաստաթղթերի մասին համառօտ այս հաղորդման հիմնական նպատակն էր արժէքաւորել դրանք որպէս Հայաստանի միջնադարեան պատմութեան համար առաջնակարգնշանակութիւն ունեցող սկզբնաղբիւր եւ շահագրգռել հայագէտ բանասէրներին դրանց հաւաքման աշխատանքով զբաղուելու։

Մատենադարանի ձեռագրական ֆոնդերից, ինչպէս ասացինք, այդ վաւերագրերը մասամբ արդէն հաւաքուած են, եւ այդ ուղղութեամբ աշխատանքը շարունակւում է։ Սակայն այդ կարգի փաստաթղթերի ամբողջական ժողովածու ստեղծելու եւ հրաստարակութեան պատրաստելու համար հարկ կլինի ստանալ նաեւ Երուսաղէմի, Վենետիկի, Վիեննայի եւ հայ ձեռագրերի այլ հաւաքածուների մէջ գտնուող նոյնատիպ նիւթերը։

Հայագէտ այն բանասէրներ, որոնք մօտ էին կանգնած հայերէն ձեռագրերի վերոյիշեալ հաւաքածուներին, անգնահատելի ծառայութիւն մատուցած կլինէին օգտակար այս գործին, ուղարկելով իրենց մատչելի ձեռագրերի էջերին գրանցուած նոյնատիպ վաւերագրերի ընդօրինակութիւնները, կամ էլ հրատարակելով դրանք հայագիտական պարբերականներում։



[1]            Գ. Սրուանձտեանց, Թորոս Աղբար, Հայաստանի ճամբորդ, մասն առաջին, Կ. Պոլիս, 1879, մասն երկրորդ, Կ. Պոլիս, 1885

[2]            «Նօտարք հայոց, հաւաքեալ եւ ի լոյս ածեալ ձեռամբ Ղեւոնդ վարդապետի Փիրղալեմեան Տոսբեցւոյ... », Կ. Պոլիւս, 1883

[3]            «Ցուցակ հայերէն ձեռագրաց Սանասարեան վարժարանի ի Կարին», Վիեննա, 1900. «Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի», Վիեննա, 1910 եւ այլն

[4]            «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», հատոր Ա, Վենետիկ, 1914, նոյնի Բ հատոր, Վենետիկ, 1924

[5]            «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», պրակ առաջին, Թիֆլիս, 1915

[6]            Այս մասին խօսել ենք «ԺԴ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» ժողովածուի (Երեւան, 1950) 81-րդ էջի ծանօթագրութեան մէջ։ Իսկ մի շարք կարեւոր փաստաթղթեր օգտագործել ենք «ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» ժողովածուի Բ մասի (Երաւան, 1958) ընդարձակ առաջաբանի «Համառօտ ակնարկ սոցիալ-տնտեսական կեանքի պատմութեան» հատուածը շարադրելիս։

[7]            «Վակֆ» էին կոչւում եկեղեցական հաստատութիւններին նուիրաբերած կալուածքներն ու ստացուածքները, որոնք ենթակայ չէին օտարման։ Այդ (վակֆ) բառը մեր վաւերագրերում գործ է ածուած շուրջ երկու տասնեակ աղաւաղ ձեւերով՝ աւխվ, ոլւ, ոխվ, ոխե, ոխֆ, ոհվ, ոհֆ, ողբ, ուհվ, վահբ, վախբ, վախմ, վախն, վաղուպ, վոխմ, օհվ եւ այլն։

 

[8]            Բ. Սարգիսեան, Մայր ցուցակ..., հտ. Բ, Վենետիկ, էջ 35

[9]            ՄՄ ձեռ. 4515, էջ 94-95

[10]          A Cataloque of the Armenian Manuscripts in the British Museum, by Frederick C. Conybeare, London, 1913, էջ 31

[11]          ՄՄ ձեռ. 4869, էջ 669ա

 

[12]          Ն. Սարգիսեան, Մայր ցուցակ .... հտ. Ա, Վենետիկ, էջ 664

[13]          ՄՄ ձեռ. 4955, էջ 155բ-159ա, ժամանակ՝ XVI-XVII դդ.

[14]          ՄՄ ձեռ. 4915, էջ , ժամանակ՝ XVII դ. վերջերը

[15]          ՄՄ ձեռ. 4915, էջ 137բ, գրանցուած է մերձաւորապէս 1701 թ.

[16]          ՄՄ ձեռ. 4915, էջ 137բ-138ա, գրանցուած է մերձաւորապէս 1701 թ.

[17]          ՄՄ ձեռ. 5526, էջ 138բ, ժամանակ՝ XVI-XVII դդ.

[18]          ՄՄ ձեռ. 3050, էջ 273բ, ժամանակ՝ XVII դդ.

[19]          ՄՄ ձեռ. 4674, էջ 51ա։ Այս նոյն անձնաւորութիւնները, որոնց հետ նաեւ մելիք Ստեփանոսը, նոյն առիթով յիշատակւում են մի այլ ձեռագրի մէջ եւս (տե՛ս «ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», մասն Բ, էջ 405-ի ծանօթագրութիւնը)։

[20]          «ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», մասն Բ, էջ 405

[21]          ՄՄ ձեռ. 3793, էջ 88բ

[22]          ՄՄ ձեռ. 3646, էջ 256ա, ժամանակ՝ XIV-XV դդ.

[23]          ՄՄ ձեռ. 4825, էջ , XV-XVI դդ.

[24]          ՄՄ ձեռ. 1524, էջ 921բ, ժամանակ՝ XV դ.

[25]          ՄՄ ձեռ. 5462, էջ 314բ, ժամանակ՝ XVII դ. սկիզբ

[26]          Ե. Լալայեան, Ցուցակ, էջ 680, գրառման ժամանակը՝ անյայտ

[27]          ՄՄ ձեռ. 4749, էջ 350բ-351ա, ժամանակ՝ XVII դ. սկիզբ

[28]          ՄՄ ձեռ. 5805, էջ 333բ, ժամանակ՝ հաւանաբար XVI

[29]          Ն. Ջուղա, ձեռ. 544, ՄՏՄ, ժամանակ՝ հաւանաբար XV դ.

[30]          ՄՄ ձեռ. 7449, էջ 498

[31]          ՄՄ ձեռ. 7449, էջ 498։ Նոյն այս ձեռագրում, որ գրուած է հաւանաբար Ղրիմի Կաֆա քաղաքում, կան նման գրառումներ նաեւ 1503, 1541, 1543, 1544, 1546, 1557 թթ. ։

[32]          Հ. Աճառեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի, էջ 74

[33]          Максим Ковалевский, Закон и обычай на Кавказе, т. 1, Мм., 1890, с. 208

[34]          ՄՄ ձեռ. 9223, Ե, էջ

[35]          ՄՄ ձեռ. 7729, էջ

 

[36]          ՄՄ ձեռ. 4782, էջ

[37]          ՄՄ ձեռ. 5454, էջ 321ա

[38]          Այդ մասին կազմուած համաձայնագիրը տե՛ս Ղ. Փիրղալեմեան, Նօտարք հայոց, էջ 185-187։

[39]          Ե. Լալայեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի, Թիֆլիս, 1915, էջ 672

[40]          ՄՄ ձեռ. 5462, էջ 314ա

[41]          ՄՄ ձեռ. 4814, էջ 129ա

[42]          Ա. Սիւրմէեան, Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքի, առաջին հատոր, 1948, էջ 358-359

[43]          Այս աշխատանքը մասամբ կատարուած է մեր կողմից (տե՛ս «Պատմա-բանասիրական հանդէս» 1958 թ., 1, էջ 110-133 եւ «ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», մասն Բ, 1958, էջ LXXXVIII-CV):

[44]          Ն. Ջուղա, ձեռ 481՝ քաղուած Ս. Տէր-Աւետիսեանի ձեռագիր ցուցակից։

[45]          ՄՄ ձեռ. 5371, էջ

[46]          ՄՄ ձեռ. 6288, էջ 111բ

[47]          Տե՛ս մեր «Արհեստագործութեան վիճակն ու զարգացման աստիճանը Հայաստանում Ժ-ԺԴ դդ. » յօդուածը («Տեղեկագիր», 1958, 3, էջ 43-44)։

[48]          ՄՄ ձեռ. 6288, էջ 111բ

[49]          նոյն տեղում

[50]          ՄՄ ձեռ. 4948, էջ

[51]          ՄՄ ձեռ. 1625, էջ

[52]          ՄՄ ձեռ. 9165, էջ

[53]          ՄՄ ձեռ. 5196, էջ 297ա

[54]          ՄՄ ձեռ. 5163, էջ 280բ

[55]          Տե՛ս մեր «ԺԵ դ. հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» (մասն Բ) ժողովածուի ընդարձակ առաջաբանի CXVIII-CXXXVI էջերը։

[56]          [Սոյն տերմիններից մի քանիսը մասնաւոր քննարկուած են Ս. Աւագեանի «Վիմական արձանագրութիւնների բառաքննութիւն», (Երեւան, 1978) եւ «Վիմագրական պրպտումներ» (Երեւան, 1986) գրքերում։]

[57]          Այս բնագաւառում ծանրակշիռ աշխատանք է կատարել անուանի արեւելագէտ Ի. Պ. Պետրուշեւսկին, իր “Земледелие и аграрные отношения в Иране XIII-XIV вв. . ., 1960) աշխատութեան մէջ։