Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Բ)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/151/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՌՈՒՍԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏԵՐԻ ՄԵՋ


Նալբանդյանի կապը ժողովրդական մասսաների հետ: Նոր-Նախիջեւանը կապիտալիզմի ոլորտում: Զինակցություն ազգային-պահպանողական եւ ազգային-լիբերալ տարրերի հետ: Քաղաքային արհեստագործության ճգնաժամը: Քաղաքային մասսաների կապը շրջակա գյուղացիության հետ։ Նալբանդյանի շրջադարձը դեպի գյուղն ու գյուղացիությունը: Հակառակորդները Նալբանդյանի սոցիալական հենարանի մասին: Կ. Հայրապետյանի հաշտվողական ուղեգիծը: Նալբանդյանի պայքարը հաշտվողականների դեմ: Խալիբ-Հայրապետյան պայմանագրի բեկանումը։ Այվազովսկու շրջաբերականը։ Նալբանդյանի կոչը: Պայքարի գրական անդրադարձումը: Այվազովսկու պարտությունը։ Մի տասնամյակ անց։ Նալբանդյանը եւ քաղաքային երիտասարդության պրոգրեսիվ խավը: Դորպատի եւ Մոսկվայի հայ ուսանողության հակամարտը։ Նալբանդյանը որպես հայ առաջավոր ուսանողության պարագլուխ: Նրա վաղեմի «նիհիլիզմը»: Նալբանդյանի դիրքը Մոսկվայի ուսանողական «ժողովում»: Պետերբուրգի ուսանողական «ժողովը» եւ Նալբանդյանը։

 

Ռեւոլյուցիոն-դեմոկրատական բարձրակետից հետադարձ հայացք նետելով Նալբանդյանի անցած իդեական ճանապարհի վրա՝ դժվար չէ «տարբերանշել զարգացման երկու էտապ: Սկզբից եւեթ կղերա-ֆեոդալական ռեակցիայի դեմ պայքարող հայ դեմոկրատիայի մարտական դիրքերի վրա՝ Նալբանդյանը տակտիկական զինակցություն էր կնքում հայ ազգային-պահպանողական եւ ազգային-լիբերալ խմբակցությունների հետ եւ ի վերջո շրջադարձ կատարում դեպի Ռուսաստանի եւ Արեւմուտքի գյուղացիական ազգային-ազատագրական շարժումները, հանդիսանալով հայ իրականության մեջ ոչ միայն կղերա- աղայական, այլեւ ազգային-պահպանողական եւ ազգային-լիբերալ հոսանքների ու խմբակցությունների դեմ պայքարող ռեւոլյուցիոն-դեմոկրատական հրապարակախոսության հիմնադիրն ու ղեկավարը:

Հրապարակախոսի քսանամյա զարգացման ընթացքի մեջ անդրադա հանում է պատմական ժամանակաշրջանների այն հերթափոխությունը, /152/ որ՝ դիտում ենք ռուսահայ կյանքի մեջ հիսունականից վաթսունական թվակաները թեւակոխելիս:

Նալբանդյանի գործունեության սկզբնաշրջանը համընկնում էր Ռուսաստանի եւ Հյուսիսային Կովկասի կապիտալիստական զարգացման հետ: Նոր-Նախիջեւանի հասարակական կյանքը ամբողջովին պայմանավորված էր զարգացման ուղենշող այդ պրոցեսով:

Իր «Развитие капитализма в России» աշխատության մեջ, նկարագրելով այս երկրամասերի տնտեսական զարգացման բուռն թափը հետռեֆորմյան տարիներին, Վ. Ի. Լենինը գրում էր. «…տափաստանային ծայրերկրները հետռեֆորմյան դարաշրջանում կենտրոնական, վաղուց բնակված, Եվրոպական Ռուսաստանի գաղութն էին: Ազատ տողերի առաջ տությունն այս կողմերն էր գրավում վերաբնակվողների Վիթխարի հոծ սանք, որոնք արագությամբ ընդարձակում էին ցանքերը: Առեւտրային ցանքերի ծավալուն զարգացումը հնարավոր էր միայն այս գաղութների տնտեսական սերտ կապի շնորհիվ, մի կողմից՝ Կենտրոնական Ռուսաստանի, մյուս կողմից՝ հացահատիկ ներմուծող եվրոպական երկրների հետ: Արդյունաբերության զարգացումը Կենտրոնական Ռուսաստանում եւ առեւտրային երկրագործության զարգացումը ծայրերկրներում անքակտելի կապակցության մեջ են եւ փոխադարձաբար շուկա են ստեղծում մեկը մյուսի համար: Արդյունաբերական նահանգները հացամթերք են ստանում հարավից, վաճառաբանելով այնտեղ իրենց գործարանային արդյունքները, մատակարարելով գաղութներին բանվորական ձեռքեր, արհեստավորներ, արտադրության միջոցներ (անտառանյութ, շինանյութ, գործիքներ եւ այլն): Աշխատանքի այս հասարակական բաժանման շնորհիվ միայն վերաբնակները կարող էին բացառապես հողագործությամբ զբաղվել տափաստանային վայրերում, մեծ քանակությամբ հացահատիկ վաճառահանելով եւ հատկապես արտասահմանյան շուկաները: Ներքին եւ արտաքին շուկաների հետ ունեցած սերտ կապի շնորհիվ միայն այդպես արագ կարող էր ընթանալ այս վայրերի տնտեսական զարգացումը, եւ դա հենց կապիտալիստական զարգացում էր, որովհետեւ առեւտրային հողագործության աճման առընթեր նույնպիսի արագ ընթանում էր բնակչությունը դեպի արդյունաբերություն քաշելու պրոցեսը, քաղաքների աճման եւ խոշոր արդյունաբերության նոր կենտրոններ ստեղծելու պրոցեսը» [1]:

Զարգացման այս պրոցեսը, մասնավորապես նաեւ Նոր-Նախիջեւանրա ու շրջակայքում, սկսվել էր տակավին նախառեֆորմյան շրջանում: Նոր-նախիջեւանցիները առեւտրական կապեր ունեին Աստրախանի, Մոսկ/153/վայի, Պետերբուրգի, Տագանրոգի, Բահմուտի, Խարկովի, Օդեսայի, Պոլսի եւ արեւմտաեվրոպական վաճառաշահ քաղաքների հետ, ուր արտահանում էին ցորեն, վուշ, երկաթ, յուղ, ճարպ, կաշի, բուրդ, խճճի, եւ այլն [2]:

Հարավային Ռուսաստանի տոնավաճառներում նախիջեւանցիները գնում էին կամ ծախում մեծաքանակ բուրդ, մորթի, կաշի, մահուդեղեն: Նրանք դիմում էին Սիբիր յուղ գնելու համար, որ ապա տակառների մեջ լցրած՝ հանձնում Կամա—Վոլգա գետերի հոսանքին մինչեւ Ցարիցին, ուսկից նույն տակառները ցամաքային ճանապարհով հասցնում էին Կալաչ, Այստեղ ձգոս Դոն գետը, տանում-հասցնում Նոր-Նախիջեւան՝ Հայրապետյանների գետափնյա նավահանգիստը: Նողայի, Ղալմուղի եւ Թաթարի տափաստաններից նրանք հանում էին ձիերի երամակներ ռուս կամ օտար զորաբանակների համար. նույն այդ վայրերում նրանք կատարում էին բրդի, կաշվի, մորթու, ճարպի եւ յուղի գնումների մի մասը: Կապվելով Պոլսի եւ Անատոլիայի հետ՝ նրանք տարածում էին տաճկական ապրանքները Դոնի եւ Ազովի կողմերում եւ ի վերջո առեւտրական հարաբերություններ սկսելով Եվրոպայի հետ՝ նրանք ցորեն արտահանման գրասենյակ հաստատեցին Տագանրոգում [3]:

Նալբանդյանի պատմելով՝ ամառվա եւ, մանավանդ, աշնանային ամիսների ընթացքում քաղաք էին մտնում շրջակա գյուղացիների անհամար սայլեր՝ ցորենով, սեխով, ձմերուկով եւ այլ ընդեղեններով բարձված: Աշնանը մորթվում էին բյուրավոր ոչխարներ, որոնց ճրագուն արտատանվում էր: Խոշոր հայ առեւտրականները զբաղված էին, գլխավորապես, հացի գործով: Նախիջեւանում եւ Ռոստովում կային նաեւ եվրոպական վաճառատներ, որոնցից մեկը հաստատվելով Նախիջեւանում՝ զբաղվում էր մսեղենի վաճառահանությամբ: Համեմատելով Ռուսաստանի ծովեզրյա քաղաքների հետ՝ Նալբանդյանը համարում էր Նախիջեւանը իր հարստությամբ շատ ավելի ակնառու ու ճոխ [4]: Այդ քաղաքի հարուստների գլխավոր աղբյուրը, ասում էր Նալբանդյանը, առեւտուրն է: Ռուսական կենտրոնը մուծում է գործարանային իր արտադրանքը, գլխավորապես՝ մորթեղեն: Արտասահմանից ստացվում են բրինձ, պրովանս, պղպեղ ու գաղութային ապրանքներ: Դոնի ափին զբաղվում էին ձկնորսությամբ: Նշելով Դոնի գետափին կառուցված ամբարներն ու նավահանգիստները, ուսկից ցորեն, ընդեղեններ են լցվում առեւտրական նավերի մեջ, Նալ/154/բանդյանը գրում էր. «Պիտո է ասել, որ Նախիջեւանն յուր աշխարհագրական դրությամբ արեւմտյան Եվրոպայի եւ հացաբեր Ռուսիայի մեջ, կենտրոնական տեղերից մինն է. եւ այդ քաղաքի ամբարներից կշտանում են եվրոպական նավեր: Եթե այդքան մեծագումար հացեղենքը անմիջապես ուղարկվեին Եվրոպա, եթե մեր սիրելի ազգակիցքը Նախիջեւանի մեջ, հաշվատուն կամ գործակալ մարդ պահեին գոնե միմիայն Ֆրանսիայի Մարսեյլ քաղաքի մեջ, այն ժամանակ նոցա շահաստացությունը կրկնապատկվելու էր անշուշտ: Նվ միմիայն հացը չէր, որ գնում էր Եվրոպա, այլ երկաթ, յուղ, եւ կաշի, որոնց ա ու տուրքին ծանոթ են նախիջեւանցիք» [5]:

Առանձնապես պիտի նշենք բացառիկ այն դերը, որ խաղում էին Նոր-Նախիջեւանի հայ առեւտրականները Դոնի, Կուբանի, Ստավրոպոլի եւ, մասամբ, Թերեքի բազմաթիվ քաղաքների եւ գյուղերի տնտեսական կյանքում: Նոր-նախիջեւյսնցիները առեւտրական սերտ կապեր ունեին թե' կովկասյան լեռնցիների, թե՛ Հյուսիսային Կովկասի նորաբնակ ռուսների հետ: Լեռնցիների հետ առեւտուր զարգացնելու համար Ռուսաստանը տած կավին Պոտյոմկինի ժամանակ էր օգտվում հայերի ծառայությունից: Գեորգեւսկում այդ նպատակով կառուցվեց հայ առեւտրականների քարվանսարա (гостинный двор), եկեղեցի, ուսումնարան եւ այլն: Հռչակավոր էին, մանավանդ, Գեորգեւսկում կազմակերպվող տոնավաճառները, որ խոշոր դեր էին կատարում նոր-նախիջեւանցի վաճառականները, կենտրոնացնելով իրենց ձեռքում քաղաքի ամբողջ առեւտուրը եւ դիզելով ահագին հարստությոմն: Նշանակալից է, այնուամենայնիվ, որ նահանգական քաղաքի վերածված Գեորգեւսկի առաջին նահանգապետը նոր-նախիջեւանցի մի հայ էր՝ գեներալ Գասպարովը: Փոքր-ինչ հետո կագեւորություն ստացավ Ստավրոպոլը, ուր հիմնվեց Նախիջեւանից պատվաստված հայ գաղութ, կառուցվեց հայկական քարվանսարա, ստեղծվեց հայկական խանութների շարք (армянские ряды), հայկական փողոց, եկեղեցի, ուսումնարան եւ այլն: Ստավրոպոլի Дивное, Благодарное, Изобильное եւ այլն գյուղերի արգավանդ հողերից հայ առեւտրականներն ստանում էին ցորենի չտեսնված հարուստ բերք: Հացի առեւտուրը անցնում է հայերի ձեռքը: Լեռնցիները, գլխավորապես, զբաղվում էին անասնապահությամբ: Բուրդը, կաշին եւ մորթին գնում էր Նախիջեւան: Կովերի, եզների, ոչխարների հոտերը մորթվում էին այդտեղ, ուղարկվում Մոսկվա կամ արտասահման: Այս բազայի վրա ստեղծվում էր նույնիսկ արդյունաբերության հատուկ ճյուղ: Նախիջեւանում հիմնվում են ճարպի գործարաններ:

/155/ Նույն կարգի դեր էին կատարում նախիջեւանցիները նաեւ Հյուսիսային Կովկասի այլ վայրերում՝ Եկատերինոդարում եւ շրջակայքում: Չեռնոմորի բոլոր ստանիցաներում առեւտուրը նրանց ձեռներն էր անցած: Երբ ռուսները գրավեցին Անապան եւ հիմնեցին Նովոռոսիյսկը, Եյսկը, Արմավիրը, նախիջեւանցիները հաստատվեցին նաեւ այդ վայրերում, տիրելով տեղական արտադրանքների գնման եւ ռուս կամ արտասահմանկան շուկաներ արտահանման գործին: Առեւտրական տներ էին հիմնում նախիջեւանցիները նաեւ Հյուսիսային Կովկասից դուրս՝ Տագանրոգում, Ֆեոդոսիայում, Ազովում, Նովոչերկասկում, Վորոնեժում, Մոսկվայում եւ Պետերբուրգում:

Կարեւոր է նշել, որ առեւտրական կապեր հաստատելով Հյուսիսային՝ Կովկասի կամ Ռուսաստանի այլեւայլ վայրերի հետ՝ նոր-նախիջեւանցիները չէին խորթանում իրենց ծննդավայրին: Մեծահարուստ նախիջեւանցիների միջից ասպարեզ էին գալիս ազգի «բարերարներ», որոնք գումարներ էին կտակում հայրենի քաղաքին, դպրոց կամ եկեղեցի կառուցում այդտեղ եւ այլն: Նախկին եկեղեցական հոգաբարձության մեծ հարստությունը, զանազան քաղաքներում նրան հատկացված տներն ու կրպակներն այդ կարգի կտակների արդյունք էին:

Նոր-Նախիջեւանի «բարերարների» մեջ առավել տիպական էր Հարություն աղա Խալիբը: Նրա մի ոտը գտնվում էր Նախիջեւանում եւ Ֆեոդոսիայում, մյուսը՝ Մոսկվայում եւ Նիժնիում: Մի ձեռքով նա արդար-յուղ էր գնում Սիբիրի կողմերում, մյուսով վաճառում Ռուսաստանի ներքին նահանգներում կամ արտահանում Կ. Պոլիս, ուր ուներ առեւտրական խոշոր ձեռնարկություն: Յուր հարստությունը նա սկսել էր դիզել որպես վաշխառու եւ խնամակալ՝ որբերի, այրիների եւ նյութական նեղության մեջ ընկած մարդկանց ունեցվածքի հափշտակումով: Խալիբի համար եկամուտների մեծ աղբյուր էր սնանկացած առեւտրականների կեղեքումը: Մոսկվայում, Նիժնիում եւ այլուր գնած ապրանքների մի մասի արժեքի վճարում էր կանխիկ, մյուսի փակում մուրհակներով: Երբ մուրհակ ստորագրողներին անբախտություն էր պատահում - մեռնում էին, հրդեհի կեր լինում եւ այլն, ռուս վարկատուները խոշոր զիջումներ էին անում նրանց կամ նույնիսկ երեսի վրա ձգում նրանց մուրհակները: Ահա այստեղ էլ հենց սկսվում էր Խալիբի եռանդուն միջամտությունը: Նա հատուկ գնում էր Մոսկվա կամ Նիժնի, 3-10 տոկոսով գնում այդ մուրSակները եւ մագիստրատի միջոցով դաժանաբար «սաղացնում» դրանք՝ աճուրդի հանելով սնանկացածների կալվածները, գույքերն ու ապրանքները, շատ անգամ էլ հենց ինքը գնելով պարտատիրոջ էժանացրած ապրանքն ու գույքը: Այսպես սկսելով իր հարստության «նախասկզբնային կուտակումը»՝ նա առեւտրական խոշոր ձեռնարկությունների տեր /156/ դառնալուց հետո իսկ չէր մոռանում մուրհակների պայքաբեր գործը: Ավելացրեք սրան եկեղեցական ու վանական գույքերի ու գումարների չարաշահումները, գյուղացիների կեղեքումը եւ դուք կունենաք Խալիբի հարստացման աղբյուրների մոտավոր ցանկը:

Հին համաքաղաքացիների պատմածներով՝ մեծ եռանդի տեր մարդ էր Խալիբը, խորամանկ, քսակը բաց՝ կաշառք տալու համար, խղճից զուրկ, ուժի, զոռի տեր մարդ: Բայց հարստանում ու դիրք էր ստանում ոչ միայն խորամանկություն կամ ուժ բանեցնելով: Եթե գրասենյակում սնանկացնում ու մերկացնում էր իր ճանկերն ընկած զոհերին, գրասենյակից դուրս, փողոցում պատահած աղքատներին նվերներ էր տալիս աջ ու ձախ։ Իր դեմ տրտնջացողների աչքի փոշի ցանելու, իր ավազակությունները «ազգային բարերարի» հռչակով քողարկելու եւ մասամբ գուցե նաեւ իր մեղքերը քաված լինելու համար, ապօրինի կամ գողունի ճանապարհներով դիզած իր հարստությունից երբեմն նա բաժին էր տանում նույնիսկ «ազգային նպատակների» համար, այլ խոսքով՝ փորձում ազգը կաշառելով սվաղել հանցագործություններով սալահատակված իր անցյալը։ Եզակի չէր Խալիբի նկարագիրը. նրա դասակիցներն ու գործակիցները հանդիսանում էին նրա բնավորության ու մորալի տարատեսակությունները: Դարձնելով իր խոսքը դրանցից ոմանց՝ Մինաս Խալիպովի, տեր Եղիա Շապշնիկովի, Գեորգ Խոջաեւի եւ այլոց մասին՝ Ռ. Պատկանյանը գրում էր. «Ձեր անունը վագր է, միշտ ծարավ անմեղ արյունի, ձեր կյանքը ազգին միշտ թանկ կնստի. դուք ազգի արյունով ապրող եք, դուք՝ միշտ հալածող եւ սպանող եք նորա հավատարիմ հովիվներուն, ձեր գազանային անձը եւ ձեր կորյուններուն ապրեցնելու համար պետք է ամբողջ քաղաքի եւ գավառի բնակիչներու արյուն եւ քրտինք. ով որ ձեր գործի, ձեր ստրուկը չէ՝ նա ձեր արյունալի զոհն է. ով չէ սիրում ձեզ, նորա ճակատի վրա գրած է աքսոր, հալածանք եւ մահ» [6]:

Նալբանդյանի ժամանակ Նոր-Նախիջեւանի հայ գյուղացիներին պատկանած հողերը, ինչպես նաեւ քաղաքային կալված պտերերից ու շրջակա կազակներից կապալով վերցված բոլոր հողերը հերկվում էին՝ արդյունքի մեծագույն մասը շուրջ 2 —3 միլիոն փութ հացահատիկ Նախիջեւանի, Ռոստովի եւ Տագանրոգի «ցորենչիների» ձեռքով արտասահման արտահանելու համար:

Ցորենչիներին էին հանձնում իրենց արտադրանքի մեծագույն մասը նաեւ հայ գյուղացիները: Վաճառելիք հացահատիկների դիմաց գյուղացիներին նրանք տրամադրում էին վարկ եւ հարյուրներով պարկեր [7]:

Հողերը հերկում էին իրենք՝ գյուղացիները, լծելով 3-4 զույգ եզ: /157/ Կուսական հողերի հերկման համար պահանջվում էր 6—8 զույգ: Հնձելու եւ կալսելու ժամանակ Նախիջեւանի գյուղերը լցվում էին ռուս կամ թաթար վարձու հնձվորները, բերելով իրենց հետ գերանդիներ ու մանգաղներ:

Բոլոր այս փաստերը գուշակել են տալիս, որ Նալբանդյանի ժամանակ իսկ Նախիջեւանի գյուղացիությունը միատարր չէր: Կուլակային կամ ունեւոր գյուղացիների կողքին կային միջակ եւ աղքատ գյուղացիներ: Որչափ գյուղը կապված էր շուկայի հետ եւ միաժամանակ բանեցնում էր վարձու ձեռներ, հարստացողների կողքին կար եւ հետզհետե շատանում էր նաեւ սնանկացողների ու չքավորների թիվը: Գյուղացիների խոշոր մի մասն ընկնում էր պարտքերի տակ, դառնում կասկալատու հողատերերի եւ վարկատու վաշխառուների ու ցորենչիների շահագործման առարկա: Տակավին Նալբանդյանից առաջ էր ծնվել Նոր-Նախիջեւանում գյուղացիների ու կալվածատերերի սուր բախման պատճառ՝ դարձած ամ եկացավոտ հարցը՝ հողային հարցը:

Արդեն առիթ ենք ունեցել դիտելու, որ հողային հարցի շուրջը բորբոքված այս պայքարի մեջ Նալբանդյանը սկզբից եւեթ գյուղացիության կողմն էր: Սակայն սխալ կլիներ, կանխելով. Հրապարակախոսի հետագ. Հայացքները, պնդել, թե սկզբից եւեթ նա մոտենում էր Նոր-Նախիջեւանում ծագող հարցերին այն հայեցակետից, որ արծարծում էր հետագայում «Երկրագործության» էջերում:

40—50-ական թվականների ընթացքում, մինչեւ համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսի շրջանը, Նախիջեւանի եւ շրջանի բարօրության աղբյուրը նա տեսնում էր «վաճառականության» (այսինքն՝ առեւտրա-արդյունաբերական կապիտալի) եւ «մշակության» (այսինքն՝ վարձու աշխատանքի) զարգացման, այլ խոսքով՝ կապիտալիստական հարաբերությունների զարգացման մեջ:

Այս մի շրջան էր, երբ տոգորված Նոր-Նախիջեւանի քաղաքային եւ գյուղական մասսաների շահերի պաշտպանությամբ՝ նա համատեղ պայքարի ճակատ էր հարդարում ազգային-պահպանողական կամ ազգայինլիբերալ հոսանքների այն մարդկանց հետ, որոնք դիմադրում էին տիրապետող աղայական-կղերական ռեակցիայի ուժերին: Այս հողի վրա է, որ գործակցության եզրեր էին մշակվում նրա եւ Գ. Պատկանյանի, Կ. Հայրապետյանի կամ Մ. Վեհապետյանի միջեւ:

Ինչ խոսք, որ պայքարի միասնական այս ճակատի առկայությունը չէր նշանակում, թե Նալբանդյանը եւ յուրայինները միասնական հոսանք /158/ էին կազմում պահպանողական կամ լիբերալ գործիչների հետ: Վերջիններիս հետապնդած նպատակները բուրժուա-դեմոկրատական նվազագույն պահանջի սահմաններից չէր անցնում: Զինակիցները սահմանազատվում էին Նալբանդյանից ամեն անգամ, երբ երեւան էր գալիս նրա «խռովարար» եւ «անխոհեմ» ոգին: Այդ ոգու դեմ, ինչպես տեսանք Այվազովսկու մասին խոսելիս, պայքարում էր լիբերալ Հայրապետյանը: Նույն այդ ոգու վտանգավոր ընթացքի մասին էր «մարգարեանում» Նազարյանի հետ միասին Մ. Վեհապետյանը: «Անխոհեմ» այդ ոգու դեմ զայրացկոտ խոսքեր էր ուղղելու նաեւ Գ. Պատկանյանը:

Հիրավի, զինակցելով ազգային-պահպանողական եւ ազգային-լիբերալ տարրերի հետ, Նալբանդյանը ի հայտ էր բերում տրամադրություններ, որոնք նրան զատորոշում էին զինակիցներից: Նա միտում էր ավելի հեռուն, քան հաճելի ու ցանկալի էր նրանց: Տակավին իր մղած համադեմոկրատական պայքարի շրջանում Նալբանդյանը արտահայտում էր մտքեր, որոնք անգոսնվում էին զինակիցների կողմից: Ակներեւ է, որ համատեղ պայքարի պահին իսկ նա ելնում էր սոցիալական ուրույն դիրքերից։

Կղերա-աղայական ուժերի դեմ ե՛ւ պահպանողականները, ե՛ւ լիբերալները երբեմն օգտագործում էին քաղա քի եւ գյուղի աշխատավորթյան ուժերը, բնավ ելակետ չունենալով աշխատավորության ուրույն շահերի պաշտպանության հոգսը: Մինչդեռ, ընդհակառակն, Նալբանդյանին մտահոգում էին հենց աշխատավոր այդ մասսաների շահերը: Համատեղ պայքարի այդ շրջանում նա ձգտում էր «ազգային թշվառության» հաղթահարմանը, առաջ մղում քաղաքի եւ գյուղի հարստահարված ու ճնշված, մասսաներին շահագրգռող պահանջներ:

Եթե, այնուամենայնիվ, պայքարի այդ շրջանում նա դրված էր Նախիջեւանի վաճառականության պահպանողական եւ լիբերալ դիմադիր տարրերի հետ զինակցելու խնդրի առաջ, դա հետեւանք էր այն իրողության, որ տակավին զորեղ չէր գյուղի եւ քաղաքի աշխատավորության սոցիալական ուրույն տարերքը: Նալբանդյանը սկսեց իր գործունեությունը մի ժամանակ, երբ ոչ միայն Նախիջեւանում, այլեւ ամբողջ Ռուսաստանում «հարյուրավոր տարիներ կալվածատիրական ստրկության մեջ գտնված ժողովուրդը» տակավին «ի վիճակի չէր ելնելու լայն, բացահայտ, գիտակցական պայքարի ազատության համար» [8] ։ Այդ է պատճառը, որ ցարիզմին նեցուկ կանգնած ուժերի դեմ Նալբանդյանն առաջ էր տանում համադեմոկրատական պայքարը՝ հենված արհեստավորության եւ գյուղացիության տարերայնորեն դրսեւորվող շարժման վրա /159/ եւ միաժամանակ զինակցելով բուրժուազիայի դիմադիր տարրերի հետ:

Համատեղ պայքարի ընթացքում Նալբանդյանի ի հայտ բերած ունույն վարքագիծը մասնավորապես ազդանշում էր խոր այն ճգնաժամը, որ ապրում էր այդ պահին քաղաքային հայ արհեստավորությունը: Քաղաքային սպառեւտրի եւ արդյունաբերության մեր նկարագրած վերելքի պահին ասիական հին, համքարական արհեստավորությունը մահապարտ մի հասարակախավ էր սոսկ:

Ինչպես նշում էր Նալբանդյանը, նախիջեւանցիները մեծ մասով վաճառականներ էին. արհեստագործությունը փոքր տեղ էր բռնում Նախիջեւանում կամ կրում «ասիական» բնույթ, որով անընդունակ՝ բավարարելու շրջակա վայրերի ռուս բնակչության պահանջմունքը [9]:

50-ական թվականների վերջերին Նախիջեւանի տարեկան ապրանքաշրջանառությունը հասնում էր 8 700 հազար ռուբլու, որից Ռուսաստանից ստացվող մանուֆակտուրային եւ գործարանային ապրանքների բաժինը հասնում էր 5 500 հազար ռուբլու: Հասկանալի է, որ տեղական մանր արհեստագործությունը պիտի նահանջեր առեւտրա-արդյունաբերական կապիտալի առաջ [10]:

Այս հանգամանքը հասկանալի է դարձնում այն անկումը, որին հասնելու էր քաղաքի մանր արհեստագործությունը հետագայում: «Հին արհեստները, - գրում էր ներկա դարի սկզբներին Եր. Շահազիզը, պայծառությունը, դերձակությունը, ոսկերչությունը, արծաթպանություննր, կլայեկագործությունը, կղմինդրագործությունը, հացագործությունը եւ մյուսները համարյա թե վերացել կամ վերանալու վրա են, այնպես որ կարելի է ասել, թե նախիջեւանցոց մեջ ներկայումս ոչ արհեստներ եւ ոչ արհեստավորներ կան» [11]:

Իհարկե, չափազանցություն է ասել, թե 20-րդ դարի սկզբներին հայերի արհեստներն ու արհեստագործությունը արդեն իսկ վերացած էին քաղաքում: Դարբինները, փականագործները, ատաղձագործները, կոշկակարները, ոսկերիչները, արծաթպանները եւ գտակագործներն այդ պահին մեծ մասով տակավին հայերն էին: Խնդիրն այն է, սակայն, որ անհետանում էր հին, ասիական արհեստագործությունը, որի տեղը բռնում էին արտադրական նոր եղանակներ ու ձեւեր պահանջող արհեստները: Թե ինչպես էին անհետանում էին արհեստները, այդ մասին պատմում էր դեռ Նալբանդյանը:

/160/ Տեսանք, որ տակավին 50-ական թվականների վերջերին Նալբանդյանը գովաբանում էր Նոր-Նախիջեւանի կանանց թաթարական էին տարազը եւ, մասնավորապես, աղջիկների գլուխը ծածկող ոսկեկար ֆեսը, եւ ափսոսում, որ այդ ամենը «վերջացնում են օրիստ օրե»: Կես դար անց՝ այդ ամենից մնացել էր գրեթե միայն Հուշ: «Քաղաքումս այլեւս չկա կանանց գեղեցիկ աթլաս «վրայնոցը», գրում էր Եր. Շահազիզը, որ, ինչպես ցույց է տալիս բառիս նշանակությունը, հագնում էին զգեստի վերայից, չկան աղջիկների ոսկիներով զարդարված «ֆեսերը», մարգար տազարդ «խուլաները» գոտիներն արծաթյա ճարմանդով, գոգաթազարդ «փերչամբ աշին», «է թեկլու» երկու շար խոշոր, ոսկիները, որ տեր ողորմիսյի պես խաչաձեւ ձգում էին վրայնոցի վերայից, չկա, վերջապես, մարգարտահեռ «գերդանլիկը» մանյակը եւ մարգարտաշար ակնակուռ խաչը, որ ձգում էին վիզները: Հին տարազից քաղաքում ներկայումս մնացել է միայն «փուռին», որ մի մետաքսյա Հաստ նկարեն կտոր է, որին մի տեսակ գլխարկի ձեւ տալով, վարպետորեն ամրացնելով եւ մազերը նորա տակ հավաքելով, դնում կամ կապում են գլխներին Նախիջեւանի պառավները» [12]:

Նալբանդյանի մանկության տարիներին Նախիջեւանի արհեստագործության արտադրանքի նշանավոր չափով սպառում էին Կովկասի լեռն• ցիները: Սակայն կովկասյան պատերազմները եթե ոչ խզել, գեթ թուլացրել էին լեռնցիների հետ եղած կենդանի կապերը: Արհեստավորության տնտեսական միակ հենարան մնաց քաղաքամերձ գյուղացիությունը: Ինքը՝ արհեստավորությունն իսկ դուրս էր եկել առեւտրա-վաշխառուական կապիտալի հարվածների տակ քայքայվող ֆեոդալական գյուղի միջից եւ շաղկապված էր գյուղացիության հետ՝ յուր կենցաղով եւ հասկացություններով, հասարակական-քաղաքական շահախնդրություններով:

Սկզբնապես Նախիջեւանի բնակչության մեծ մասը զբաղվում էր քաղաղաքապատկան հողերի մշակումով: Ունենալով իրենց տրամադրության տակ ընդարձակ եւ առաջնակարգ հողամասեր՝ Հայ գյուղացիները մեծ ջանասիրությամբ մշակում էին ապրանքային հացահատիկների ամենալավ տեսակները: Նախիջեւանի քաղաքաբնակչության մի մասը հողամշակման զբաղմունքը համատեղում էր արհեստագործության հետ: Հին քաղաքացիների ասելով՝ երկրագործության հետ քաղաքացիները կապված էին ոչ միայն Նալբանդյանի ժամանակ, այլեւ, մասամբ, նաեւ տափնյակ տարիներ հետո: Ոչ միայն Նախիջեւանը, այլեւ Անդրկովկասի եւ  Արեւմտյան Հայաստանի հայաբնակ քաղաքներից շատերն ունեին գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող բնակչություն: Պատահական

/161/ չէ, երբ «երկրագործության» հեղինակը հարկ էր համարում անդրադառն այլ նաեւ քաղաքաբնակչության հողօգտագործման իրավունքին:

Քաղաքի եւ գյուղի տնտեսական կապերը սերտ մերձավորություն էին ստեղծում քաղաքաբնակ մասսաների եւ շրջակա գյուղացիների միջեւ: Այդ մերձավորությունն ակներեւ դարձավ, մանավանդ, դասակարգային համառ այն պայքարի շրջանում, որ Նախիջեւանի շրջակա հայ գյուղացիներն եւ քաղաքի վարի հասարակախավը տանում էին քաղքենի աղանեերի, ասել է՝ Ն. -Նախիջեւանի կալվածատիրական եւ առեւտրա-վաշխառուական վերնաշերտի դեմ:

Երես շուռ տալով կապիտալիստական վերելքի ուղին բռնած բոտժուազիայից, որի կողմն էին թեքված իրենց ձգտումներով մի ժամանակ նույնիսկ քաղքենի արտադրողներից շատերը, ի վերջո նրանք դիմաշրջվում էին դեպի գյուղը, այդտեղ նշմարելով իրենց վստահելի զինակիցներին եւ նրանց հետ մեկտեղ պայքարի մեջ որոնում իրենց փրկության ճանապարհը:

Բոլոր տվյալներից պիտի կռահել, որ քաղաքային վերնախավերի եւ շրջակա գյուղացիների հակամարտը հիմնականում առաջացել էր հողային, վարկային եւ առեւտրական շահախնդրությունների շուրջը: Տեղափոխելով հայ բնակչությանը Ղրիմից Դոնի ափերը՝ կառավարությունը հատկացրել էր նրան ընդարձակ հողամասեր: Քաղաքային մագիստրատի զավթել էր այդ հողերի մի մասը, 5 100 դեսյատին, հատկացնելով մասնավոր խուտորատերերին [13]: Գյուղացիները պահանջում էին վերադարձնել զավթածը: Սենատը վճիռ կայացրեց նրանց օգտին, բայց քաղաքային վարչությունը եւ անձնապես Խալիբը չէին կամենում կատարել Սենատի վճիռը [14]: Այսպես, տակավին 1858 թ. Նալբանդյանը գրում էր, թե Նոր-Նախիջեւանի մագիստրատը 20 հազար դեսյատին հող ուներ [15]: Կենտրոնացնելով իրենց ձեռքում այդ հողերը՝ քաղաքի տերերը բարձր կապալավարձ էին գանձում գյուղացիներից: Մասնավորապես Ս. Խաչ վանքը եւս ուներ հողեր, որոնք խլված էին գյուղացիների ձեռից: Անձնապես Խալիքն ուներ մասնավոր կալվածք եւ հիշատակվում է նաեւ որպես ճորտատեր [16]: Մասամբ հենց իրերի այս դրության հետ էր կապված քաղաքային եւ գյուղական մասսաների տրտունջն աղայության եւ կղերի դեմ։ /162/ Հաց արտադրող գյուղացիության եւ հայ սպառող շուկայի միջեւ խցկվում էին, մյուս կողմից, քաղքենի վաշխառուներն ու գյուղատնտեսական մթերքների սպեկուլյանտ-գնորդները՝ ցորենչիները:

Ունեւոր քաղքենիների բոլոր այս շահատակություններից տուժում էին ոչ միայն գյուղացիները, այլեւ քաղաքային սպառողների լայն շերտերը: Ծայր առնելով գյուղացիների եւ քաղաքային մասսաների ֆեոդալվաշխառուական շահագործումից՝ մասսաների պայքարն ընդունում էր քաղաքային վերնախավերի շահերին ծառայող վարչական, դատաստաննական եւ անգամ եկեղեցական-կրթական օրգանների դեմ արծարծվող քաղաքiկան կռվի կերպարանք: Աղա Խալիբը, որի շուրջը կենտրոնանում էր տասնամյակներ տեւող այս պայքարը, խոշոր առեւտրական, կալվար՝ ծատեր եւ վաշխառու լինելու հետ միաժամանակ, անձնապես շահարկում` էր նաեւ քաղաքային վարչության եւ եկեղեցական գումարների հետ կապ: ված իր իրավասությունները: Ինչպես տեսանք, նրա ետեւը կանգնած էին թեմի եւ վիճակի աղայական-կղերական ռեակցիայի ուժերը, նեցուկ ուն ենալով Ներսես Աշտարակեցուն, Կովկասի փոխարքա Վորոնցովին, Եկատերինոսլավի նահանգապետ Սիվերսին, ներքին գործերի մինիստրությունն ու, հատկապես, ոստիկանության դեպարտամենտը: Խալիբի եւ յուրայինների հետ բախվում էին հայ ազգային-պահպանողականները՝ Գ. Պատկանյանի ղեկավարությամբ, լիբերալ բուրժուազիան՝ Կ. Հայրապետյանի գլխավորությամբ, շրջանի հարստահարվող հայ գյուղացիությունը եւ քաղաքի հայ աշխատավորությունը՝ առաջնորդ ունենալու դեմոկրատական դիրքերից մարտնչող Նալբանդյանին:

Նոր-Նախիջեւանի ներքին կառավարության ձեւը, ինչպես նշել էր տակավին Եր. Շահազիզը, զընդհանրապես աղայական լինելով, չի ճանաչել ոչ միայն գյուղացվոց իրավունքները, այլեւ արհամարհել է մինչեւ անգամ եւ քաղաքի ստորին դասակարգի աղքատների իրավունքները» [17]: Քաղաքային մագիստրատի վարիչներն ընտրվում էին բացառապես քաջ ղաքի աղայական դասի ներկայացուցիչներից, որչափ վարչական պաշտոնների մեջ ընտրվելու իրավունքը մագիստրատը տալիս էր միայն «պատվավոր, նյութականապես անկախ մարդկանց, որ ասել է թե ընտրողական իրավունքը հատկացրել է աղաներին, որովհետեւ դոքա են եղել միայն նյութականապես ապահովված անկախ մարդիկը» [18]:

«Հետզհետե բանն այնտեղ է հասել, գրում էր նույն հեղինակը, որ ընտրողական ժողովներին, որոնց մասնակցելու իրավունք են ունեցել հավասարապես եւ քաղաքացիք, եւ գյուղացիք, հաճախ գյուղացիք չեն /163/ էլ հրավիրվել եւ նոցա «մոքոցների» եւ «եղոտ գլուխների», ինչպես կոչում են նոցա քաղաքացիք, ձայն ու քվեն բանի տեղ էլ ամենեւին չի դրվել, շատ անգամ նոցա շատերն էլ նկատի չեն առնվել» [19]:

Եկեղեցական գումարների խնդրոմ Նալբանդյանը կռվում էր քաղաքային եւ գյուղական մասսաների ոտնահարված իրավունքների պաշտպանության համար. վերջին հաշվով նա հարված էր հասցնում դասակարգային այն հարաբերություններին, որոնք ֆեոդալական հասարակության հրամանատարների ձեռքն էին տալիս աշխատավոր մասսաների հարստահարելու եւ նրանց վրա բռնանալու իրավունքը: Կղերը, հարկավ, նվիրագործում էր աղայական-վաշխառուական տարրերի ոտնձգությունները եւ, իր հերթին, կեղեքում ժողովրդի տգիտությունն ու դյուրահավատությունը: Մասսաների դժգոհությունը կուտակվել էր տակավին Նալբանդյանից. շատ առաջ, եւ այդ՝ ոչ միայն աղաների, այլեւ եկեղեցականներին դեմ: Չուխաճյանին ուղղած իր գրություններից մեկում Խալիբը հայտնում էր, որ Ներսես Աշտարակեցին տակավին Բեսարաբիայի եւ Նոր-Նախիջեւանի վիճակավոր եղած ժամանակ էր խռովել Նախիջեւանի «ռամիկ եւ ստորադաս» ժողովրդից: «Այսպիսի անձինք էին, գրում էր աղան, որ երբեմն վիրաւորեցին զսիրտ հանգուցեալ Ներսէս կաթողիկոսին յաւուրս առաջնորդութեան, որ ամս չորեքտասան մնաց այնպէս եւ չկամ էր անգամ մի հայիլ ի վերայ հասարակութեան եւ քաղաքիս մերոյ, որ ի վերա ժամանակի ի քաղաքապետութեան մերում շիջուցաք զայն ամենայն ի բարին» [20]: Խալիբը նկատի ունի այստեղ այն գժտությունը, որ անցել էր Ներսեսի եւ նախիջեւանցիների միջեւ տակավին 30 —40-ական թվականներին, երբ ժողովրդական հոսանքի գլուխ էր անցած «անհանգիստ» մարդու հռչակ ստացած Գ. Պատկանյանը [21]: Պատկանյանի առաջ կերտ Նալբանդյանը եւս սկզբնապես արձագանքում էր ժողովրդական շարժմանը, որը պարբերաբար պոռթկում էր կղերի եւ աղայական դասի դեմ, չնայած մասսաների տրտունջը փարատելու ուղղությամբ լիբերալ-հաշտվողականների կողմից գործ դրվող հնարներին եւ չնայած քաղաքակյան այն հովանումն, որ տարածում էին Խալիբի ու Ներսեսի վրա իշխան Վորոնցովն ու Եկատերինոսլավի գեներալ-գուբերնատորները:

Դասակարգային այս կռիվների միջից ելած Նալբանդյանն այն մարդն էր հենց, որ կարողացավ ձեւակերպել ժողովրդական մասսաների պահանջները, հստակորեն պարզել դրանց սկզբունքային բովանդակությունը եւ դրանց իրագործման համար ոտքի կանգնեցնել քաղաքի եւ գյուհղի հարստահարված ու ճնշված մասսաներին ազնվական արտոնություն/164/ներ հափշտակած աղայական վերնաշերտի դեմ [22]: Թոթափելով արխիվների փոշին՝ Նալբանդյանը հանեց եւ հրապարակեց «Հյուսիսափայլ»-ում Եկատերինա II-ի եւ Ալեքսանդր I-ի ստորագրած այն հրովարտակները, որոնցով Ղրիմից Նոր-Նախիջեւան գաղթեցված հայ քաղքենիներին ու գյուղացիներին հատկացվում էին, մարդագլուխ 30 դեսյատինի սահմաններում, տասնյակ հազարավոր դեսյատինի հասնող բնակավայրեր, վարելահողեր, արոտատեղիներ, ձկնորսավայրեր, որոնց մեծ մասը ժամանակի ընթացքում դարձել էր խալիբների սեփականություն [23]: Նալբանդյանը խորացնում եւ ծավալում էր մասսաների դատը՝ ճակատ հարդարելով այդ հողերը հափշտակած կալվածատերերի, այլեւ սրանց հետ դաշնակցած եկեղեցականների դեմ:

Տակավին նախիջեւանյան իր պայքարի շրջանում է, որ Նալբանդյանը կապ էր որոնում գյուղացիության հետ: Հանգամանք է այս, որ չի վրիպել անգամ նրա հակառակորդների ուշադրությունից: «Տրամաբանական գիտության հետեւողներուն հայտնի է, գրում էր Այվազովսկին, որ մարդիկ իրենց դատողությանցը մեջ շատ անգամ ասով կսխալին՝ որ պատճառ չեղած բանը պատճառի տեղ կդնեն: Այսպես նաեւ Նախիջեւանի երկպառակությանը իսկական պատճառ՝ ոչ թե եկեղեցական դրամներուն ազգային ուսումնարանի վերա գործածելն էր, ինչպես որ կասվեր, հապա այն հին ատելությունը եւ անողոքելի հակառակությունը՝ զոր իրարու դեմ ունեին մեկ քանի խոսքի տեր ու հարուստ անձինք, եւ նոցա Նախիջեւանի եւ գյուղերուն բնակչաց մեկ մասը, գուցե նաեւ մեծ մասը (ընդգծումները հեղինակինն են, Ա. Հ. ). իսկ եկեղեցական խնդիրը լոկ պատճառանք ու առիթ էր՝ այն հակասությունն ավելի գրգռելու, եւ իբր թե օրինավոր ձեւ տալու նորա» [24]: «Արշալույս Արարատյան» թերթում տպված մի հոդվածում, որի գրողը երեւի դարձյալ Այվազովսկին էր, Նալբանդյանի մասին ասված է, թե նա թափում էր «յուր մթերյալ մաղձից դառնության ու զրպարտության թույները արյունաներկ գրչով առանց աստուծո երկյուղի ներսիսյան եպիսկոպոսաց, իշխանաց, վաճառականաց եւ հոգեւորականաց գլուխը» [25] ։

Այվազովսկուն կուսակից Բեկնազարյան վարդապետը, 1860 թ. վերջերին Նալբանդյանի հնդկական առաքելության մասին գրած իր մի թղթում, ասում էր, թե Նալբանդյանի կատաղի հակառակորդները հանդիսանում էին «ըստ մեծի մասին արք նշանավորք եւ ականավորք քաղաքին /165/ եւ գյուղօրէից նորուն» [26] ։ Շատ գունեղ գծերով է արձանագրել Բեկնազարյանը նաեւ այն իրողությունը, որ Նալբանդյանին հակառակորդ հոսանքի պարագլուխ Խալիբի ուժը ոչ թե նրա պաշտոնական դիրքն էր, այլ «բարեգործ» աղայի այն «հանճարը», որի հորդառատ աղբյուրը նրա տրամադրության տակ եղած եւ ջերմեռանդ աջահամբույրների համար միշտ բերանբաց ոսկու քսակն էր: Արձանագրելով, որ Նալբանդյանին պաշտպանություն է ցույց տալիս նոր քաղաքագլուխ Հայրապետյանը՝ իր շահատակություններով ու բռնաբարություններով վանեցի Պողոսին հիշեցնող Բեկնազարյանը փորձում էր նվաստացնել նոր քաղաքագլխի նվաճած պաշտոնի արժեքը. «Գօլդովայն ոչ այլ ինչ է ի քաղաքին, բայց միայն հավաքող տարեկան հարկին, եւ գործէ իւրով խորհրդակցօք հանդերձ մասնաւոր աննշան արտաքին գործոց. կառավարութեան, մաքրելու զքաղաքն, ընդունէ ղեկաւորս ի զինւորաց տէրութեան եւ այլ այսպիսի գործս՝ որպէս տանուտէրն Վաղարշապատու եւ կամ թէ ռէս Մըկոն Ալիբեկլոյի: Այլ թէ ձայն Խալիպովի բարերարի ազգիս սասանեցոյց զոմանս, առաւել յայնժամ՝ որ երբեմն վարէր զպաշտօն գոլովայի Նախիջեւանայ, լաւ ի միտ առնուլ անկէ, զի այն զօրութիւն նորա ոչ թէ ի զօրու. թեան ուժոյ պաշտօնին իւրոյ, այլ իւր ինքեան իսկ- քանզի նա էր այդ կատարեալ խոտական, հանճարեղ եւ քաջ ընտրեալ ի բիւրաւորաց: Ահա այժմ թէ եւ չէ գոլովակ, սակայն նոյն ի նա որպէս յառաջն եւ եւս մարթի ասել բազմացուցեալ է համարումն մեծի յարգանաց իւրոց որպէս ի քաղաքի անդ, նույնպէս եւ յաչս ամենայն մեծամեծաց որպէս յերեկն եւ յեռանդն» [27]:

Հիսունական թվականների սկզբներին Նոր-Նախիջեւան այցելած Ջալալյււյնի ուշադրությունը այդ քաղաքում գրավում էր աղքատների բազմությունը: Բնական է, երբ Ջալալյանը այդ երեւույթը բացատրում էր մարդկային թուլությամբ, բայց երեւույթի նշումն ուշագրավ է ինքյան [28]: Առեւտրա-վաշխառուական կապիտալը, քայքայելով մասսաների բարեկեցությունը, բանվորական ռեզերվ էր ստեղծում արդյունաբերական կապիտալի համար. սակայն վերջինս դեռ ի վիճակի չէր արտադրության մեջ առնելու այդ ռեզերվները: Թշվատության մեջ դեգերող այդ մասսան առայժմ միայն խտացնում էր դժգոհության այն մթնոլորտը, որ դտյացել էր Խալիբի եւ յուրայինների շուրջը: մի Կաթողիկոսին ուղղած բողոքագրի մեջ ինքը՝ Խալիքը եւս շեշտում՝ էր, թե Նալբանդյանի հնդկական առաքելության հոժարողները քաղաքին իշխանների վստահությանն անարժան «ռամիկ եւ ստորադաս» ժողովրդի   /166/ մարդիկ են, որոնք թեկուզ եւ ստորագրեցին նրա լիազորության թուղթը, այնուամենայնիվ «ոչ զգիրս գիտեն եւ ոչ զզօրութիւն գրոցն» [29]:

Թե ո՞ւմ ներշնչումներով էր առաջնորդվում այդ պահին Հայրապետյանը, դրա մասին հետագայում տեղեկացնում էր Այվազովսկու՝ 1861 թ. ապրիլի 11-ին Էջմիածնի Սինոդի պրոկուրորին ուղարկած տեղեկագիրը, ուր ասված է. «Վնասակար գրգռութիւնք հակառակութեանց, որ ի բազում ամաց հետէ վրդովէին զխաղաղութիւն բնակչացն Նախիջեւանի, թէպէտ եւ հանդարտեցան առ ժամանակ մի յամին 1858, աւարտմամբ գայթակղական վիճմանցն որ յաղագս եկեղեցական գումարաց, սակայն յելանել Գաբրիէլի Պատկանեանց ի բանտէն Ռոստովի, եւ յանցանել Կարապետի Հայրապետեան եւ իւրոցն կուսակցաց ի գլուխ կառավարութեան քաղաքին, եւ ի գտանել Միքայէլի Նալբանդեանց զհամարձակութիւն առաջի նորընտիր վեհափառ կաթողիկոսին մերոյ (որպէս եւ ապա յա հաքել Գրիգորի վարդապետի Աղամիրեանց յԷջմիածնէ ի Նախիջեւան՝ բացարձակ իշխանութեամբ վանահայրութեան վանից Սրբոյ խաչին) բովանդակ ժողովուրդք քաղաքին եւ գիւղօրէիցն՝ գրգռեալք յայտնապէս ի հակառակորդացն ճշմարտութեան՝ ալեկոծէին երկպառակութեամբ ի գն ալ իմում անդր՝ ի սեպտեմբերի 1860 ամին: Քաղաքագլուխն Նախիջեվանի պարոն Հայրապետեան՝ խոստացաւ ինձ յայնժամ խնամ տանել խաղաղութեան քաղաքին. բայց ոչ միայն չեկաց ի խոստմանն, այլեւ առաւել եւս վրդովեաց զայն. որոյ վասն եւ կոչեալ ի նահանգապետէք Կատարինասլաւի, յանդիմանեցաւ ի նմանէ, եւ խոստացաւ չխառնիլ այլեւս ի խնդիրս եկեղեցական իշխանութեան»:

Ն. -Նախիջեւան քաղաքի լայն ժողովրդական խավերի հետ Նալբանդյանի ունեցած կապի ապացույց կարող է ծառայել սենատական գործի քննության ժամանակ նրա անցյալի ու վարքագծի մասին ՆորՆախիջեւանում կազմակերպված պաշտոնական հանրահարցման (повальный обыск-ի) արդյունքը: 1863 թվականին Նալբանդյանի համաքաղաքացիներից հարյուր մարդ 31 վաճառական, գլխավորապես 3-րդ գիլդի կարգից, եւ 69 «քաղքենի», գլխավորապես արհեստավորներ երդմնագիր են ստորագրով, վկայելով, որ բավականաչափ ճանաչում են նրան որպես գերազանց վարքի տեր եւ որեւէ վատ վարմունքի մեջ չնկատված մարդու: Հայտնում են, որ միանգամայն հավանություն են տալիս նրա վարքին, մանավանդ որ համայնքի կողմից Հնդկաստան գնալու համար լիազորված՝ ըստ ամենայնի արդարացրել է համայնքի վստահությունը [30]: Ակներեւ է դրական այն վերաբերմունքը, /167/ որ շարունակում էին ունենալ Նալբանդյանի նկատմամբ Ն. -Նախիջեւանի վարի խավերի մեջ, անգամ այն ժամանակ, երբ նա նստած էր Պետրոպավլովյան բերդում: Փոքր-ինչ հետո, 1864 թ., ներքին գործոց մինիստրին ուղղած մի խնդրագրում խալիբականները, խոսելով իրենց հակառակորդների մասին, հայտնում են, որ վերջիններս Նախիջեւանի ժողովուրդի մեջ «բավական բազմաթիվ հետեւողներ» գտան: Հակառակ իրենց ցանկության եւ սխալ լուսաբանումների, հակառակորդներն իսկ հավաստում են այն իրողությունը, որ Նալբանդյանը հանդիսանում էր հայ դեմոկրատիայի շահերի ու խոհերի արտահայտիչը: «Նոցա մեծ մասը չքավոր, գրում են խալիբականները, առանց բանի էությունը հասկանալու՝ իրենց տերություն անողների կողմը բռնեցին»: Խնդրագրի հեղինակները հայտնում են, թե Այվազովսկու դեմ կազմված հանրագրերի ստորագրվում են «տներու մեջ եւ քաղաքի փողոցներուն մեջ, առանց նայելու ոչ ստորագրողաց աստիճաններուն (sic!) եւ ոչ իսկ հասակին (sic!). այս եւս արին Նախիջեւանի բարեկարգ (sic!) բնակիչներ են գրեթե ծածուկ կերպով» [31] ։

Արհեստավորական այն մասսաները, որոնց Ն. -Նախիջեւանում անմիջորեն հենվում էր Նալբանդյանը, անկարող էին վճռական դեր խաղալ քաղքենի վերնախավերի դեմ մղված պայքարի ելքը որոշելու տեսակետից: «Քաղաքի չքավորությունը, գրում էր Լենինը 1906 թվականին, չի ներկայացնում ո՛չ ինքնուրույն շահեր, ո՛չ էլ ուժի ինքնուրույն ֆակտոր՝ պրոլետարիատի եւ գյուղացիության հետ համեմատած: Վճռական դերը գյուտինն է՝ ոչ թե պայքարը ղեկավարելու իմասէ ով (այդ մասին խոսք անգամ չի կարող լինել), այլ՝ հաղթանակն ապահովելու իմաստով» [32]: Պատահական չէ, որ միշտ ավելի եւ ավելի գիտակցելով գյուղացիական մասսաների կատարելիք դերը՝ Նալբանդյանը, ի վերջո, ոչ միայն երկրագործության մեջ որոնեց ազգի փըրկության «ուղիղ ճանապարհը», այլեւ հասարակական-քաղաքական իր հեռանկարների մեջ ավելի խոշոր ու անմիջական դեր հատկացրեց գյուղացիական մասսաներին:

* * *

Որքան ավելի խորանում էր համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսը եւ շեշտվում Նալբանդյանի շրջադարձը դեպի ազգային-ազատագրական շարժումն ու համառուսական գյուղացիական ռեւոլյուցիան, նույն/168/քան ավելի ակնբախ էր դառնամ լիբերալ-դեմոկրատական համագործակցության անկայունությունը… Ճորտատիրական ռեակցիայի հակագրոհը ակներեւ էր դարձնում, մասնավորապես, Ն. -Նախիջեւանի լիբերալ-բուրժուական այն տարրերի անկայունությունը, որոնց հետ գործակցում է էր Նալբանդյանը Խալիրի դեմ պայքարելիս: Այս մասին էր վկայում արդեն «հաշտության» այն պայմանագիրը, որը կնքել էին խալիբականները հետ հայրապետյանականները արդեն իսկ 1858 թվականին: Թեպետ եւ Ն. -Նախիջեւանի քաղքենի եւ գյուղացիական մասսաների բողոքները եւ նալբանդյանականների ձեռք առած միջոցները ամլության էին մատնում նաեւ այդ հաշտությունը, այնուամենայնիվ ընկրկելով ռեակցիայի առաջ՝ լիբերալներն ի վիճակի չեղան խզելու պայմանագիրը: Ավելին. Հայրապետյանը փորձում էր նույնիսկ «զգուշության» եւ «խոհեմության» քարոզներ կարդալ Նալբանդյանին:

1861 թ. դեկտեմբերին Նալբանդյանին ուղղված նամակում նախազգուշացնելով սպառնացող քաղաքական վտանգի մասին՝ Հայրապետյանը գրում էր նրան. «Միամիտ կաց, եղբայր, սիրտդ ամուր պահիր, աստված մեզ հետ է, իմ մասին եւս միամիտ եղիր… չեմ՝ խաբվելու… Միմիայն շատ կու խնդրիամ՝ ձեզ, պիտո է խոհեմությամբ, երկայնամտությամբ եւ համբերությամբ բան անել. մի նեղանաք, այժմ ամեն կողմից նայում են ձեզ եւ մեր վերա (թեեւ չենք արած բացի լաս - վից, ոչինչ չգիտենք, բացի ճշմարտությունից), ուրեմն պիտո է սգուշություն (sic!): Մեր բարեկամք ամենեքյան լավ են եւ անփոփոխ նույն հաստատ դրության մեջ են. դրսվանց կտոր մը պարկեշտություն, լուռ ու մունջ կենալ պետք է այսպիսի միջոցները» [33]: Հայրապետյանի հաշտվողական «պարկեշտությունն» ակներեւ է նաեւ Ան. Սուլթանշահին ուղղած նրա նամակից: «Այստեղ եկել էր ի վերջ ապրիլի, գրում էր նա, կեներալ-քոբեռնատառն ու քուբեռնատուն, որոնց արժանացանք ընդունել մեր տանը նախաճաշիկի: Ժողովուրդը հանդարտ է: այժմ Չուչոփովի բամպվկի (sic!) եւ բուրթի բանն են խոսում… Պ. Ստեփաննոս Նազարյանցին խոնարհական ողջույն հիշեք եւ ասեք, որ միշտ ճշմարտասեր մարդիկ դատապարտված են մեր ազգի առաջեւ. ի՞նչ պետք է արած, ես մին լավ զենք ունիմ դոցա դիմաց կանգնելու, որ է համեստությունը եւ երկայնամտությունը. արդեն փորձը ցույց է տալիս, որ իմ զենքերը սկսում են հաղթել այն անմիտ բամբասողքը. շատ կարելի է, ժամանակով բամպիվք ու բուրթ դառնան Չոռչոփովի նման» [34]:

/169/ Մեր ձեռքի տակ կան մի շարք նամակներ, որոնք բացահայտում են Հայրապետյանի եւ Այվազ–Խալիբյան խմբակցության միջեւ հարդարվող նոր փոխհարաբերությունները: Այսպես, 1861 թ. դեկտ. 18-ին խալիբական Գեորգ Խոջայանը Խալիբին ուղղած մի թղթում հայտնում է, «Պարոն Հայրապետյանն սրբազանից (իմա՝ Այվազովսկուց, Ա. Հ. ) գիր է ստացյալ դեկտեմբերի 3-ին գրած: Կու գրե սրբազանն թե շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ վասն հաշտությանցն, միայն կու գրե թե ես ժողովրդոց հետ անբավականություն չունեի եւ կասե, որ կռաֆ Սիվերսեն գիր ստացա նոյեմբերի 18-ին գրած, կու գրե որ ես գնացի Նախիջեւան եւ երկպառակյալ ժողովուրդսն հաշտեցուցի եւ պարոն Հայրապետյանին հրամայեցի, որ գա առ Ձեր սրբազնությանն ի Թեոդոսիա ի տեսություն: Առաջնորդն կու գրե Հայրապետովին որ կսպասեմ ձեր գալստյանն եւ երես առ երես կխոսեմք. շատ տելիքաթնի գրել է, Հայրապետովին բարձրացուցել է եւ այլն: Հայրապետովն ալ պետք է երդա Քեֆե (=Ֆեոդոսիա), այժմուս պետք է կռաֆին գրե որ ուվոյլնաթ անե եւ յուր դիտավորությունը ծննդյան վերջին օրերն երդարվե (?)…»: Նամակի վերջում Խոջայանը Հարություն աղային գրում է. «Հայրապետովն հրամանոցդ գալույն կսպասե վասն յուր տալու օպետին (իմա՝ ճաշին, Ա. Հ. ) համար: Երեկի տեր Եղիայն նորա կերդայ: Հայրապետովն կասե թե, արդյոք աղան երբ կուգա, որ մենք ալ մեմը նորա հրավիրենք, կասե, ճաշի»:

«Հաշտվողականությունը» միայն Հայրապետյանին չէ, որ ներգրավել էր, եւ միայն նա չէ, որ այս ժամանակ ճաշկերութային հանդիպումներ էր ունենում խալիբականների հետ: Հայրապետյանի վարքագիծը բնորոշ էր նրա համախոհների համար առհասարակ: Այսպես, մենք ունենք Եղիա Շապշնիկյանի՝ Գեորգ Խոջայանին 1865 թ. մարտի 1-ին ուղղած նամակը, որը հիմք է տալիս ասելու, թե նման տրամադրություններ ի հայտ էր բերում այս շրջանում նաեւ Գրիգոր Մալթիկյանը: «Անցյալ գիշեր, հայտնում էր Շապշնիկյանը, Գրիգոր Կարապետյան Սալթիքյանի տունն էի. բավական միջոց նuտանք, ես որ ասի թե ձեզ գիր գրելու են՝ պարտավորեց զիս որ իրմեն ալ ողջույն մը հիշեմ` ձեզ: Կզարմանա մեր վրան. ես ալ ասի իրեն թե օրինակ առ մեզնե եւ ուսվիր բարեկամության եղանակը եւ եղբայրության սերը որպես ըլալն»: Ուշագրավ է, ի դեպ, որ Նալբանդյանի վաղեմի բարեկամներից մեկը՝ Հարություն Կեոկչեյանն այս պահին Խալիբի համար դատապաշտպանի դեր էր կատարում: 1862 թ. ապրիլի 6-ին իր «բարերար» Հարություն աղային հղած նամակում Կեոկչեյանը հաղորդում էր. «Զամենայն զգործս Ձեր զդատաստանական ուղղեալ են եւ ուղղեն յօգուտ Ձեր, թէ աստ եւ թէ ի Ս. Պ. Բուրգ, որոց քաջ տեղեակ գոլով գրեմ եւ /170/ հայտնեմ վասն Ձերայ միամտութեան, որովհետեւ յայսոսիկ աւուրս եկն այսր Քոնտր ադմիրալ Սիմէն Իլիչ Զելեօնին, որոյ ի հարցունել նորա զտէնջ խօսեցայ բաւական արդեամբ զտէնջ, որ եւ ասաց, ուրեմն ես ջանացայց վասն գործոց նորա, որում եւ արժանի իսկ համարեմ: Այրս այս շատ սիրելի է յաչս մեծ իշխան Կոնստանտին Նիկոլաեւիչի, որ եւ ասաց յայսմ ամարան տեսցուք եւ զնա ընդ սրբազան Առաջնորդին Ձերոյ ի Ֆեոդոսիայ»:

Բամբակ ու բրդի մասին Հայրապետյանի պատմած բոլոր առակներն ապարդյուն անցան: Նալբանդյանի մեջքն այն մետաղից չէր, որ կարող էր ծալվել այդ կարգի արգումենտների բեռան տակ: Զուր էին ներկայացնում նրան Հայրապետյանի «կուսակցի» դերում: Փաստորեն Նալբանդյան–Հայրապետյան «կուսակցությունը» տակտիկական ժամանակավոր զինակցություն էր լոկ, կնքված աղայական–կղերական միացյալ ճակատի դեմ: Որչափ սրվում էր Ռուսաստանի ռեւոլյուցիոն կրիզիսը եւ շեշտվում Նալբանդյանի դիմաշրջումը դեպի երկրում արծարծվող գյուղացիական ռեւոլյուցիան, նկատելի էր դառնում լիբերալ բուրժուազիայի վերադիրքավորումը, նրա թեքումը կղերա-աղայական ռեակցիայի կողմը: Հայրապետյանի խոհեմության քարոզները նմանօրինակ թեքման հայտարարն էին հայ լիբերալ-դեմոկրատական բլոկի ճամբարում: Այվազովսկու կնքած Խալիբ-Հայրապետյան համաձայնագիրը կանխում էր լիբերալների եւ կղերա-ֆեոդալական ռեակցիայի ապագա մերձեցումը: Շարունակելով «խոհեմ» ու «զգույշ» իր վարքագիծը՝ 1861—62 թվականներին Հայրապետյանը երես դարձրեց նույնիսկ «Հյուսիսափայլ»-ից, որի չափավոր խմբագիրը, ժամանակավոր տուրք վճարելով երկրում արծարծվող կրիզիսին, մի պահ սկսել էր խիստ լեզու բանեցնել կղերի եւ մեծատունների դեմ… Նազարյանցին ուղղած նամակում Հայրապետյանը փորձում էր համեստության երասանակ դնել «Հյուսիսափայլ»-ի բերնին: Հանդիպելով ձախողման՝ նա դադարեցրեց նույնիսկ ամսագրին հղվելիք դրամական իր նպաստները: «Պիտո է մտածել, գրում էր այս առիթով Նազարյանցը, որ այդ քաղաքի (Նոր-Նախիջեւանի, Ա. Հ. ) մարդիկը, ինչ բանը մինչեւ այժմ համարել են եւ ընդունել են իբրեւ ճշմարտություն, նույն բանը այժմ երեւում է նոցա ստություն, երբեմն եւ մերժելի» [35]:

Դատապարտելով Հայրապետյանի եւ մյուս լիբերալների ընթացքը՝ Նալբանդյանը ջանում էր խափանել այն: Տեսանք, թե ինչ խոսքեր էր /171/ ուղղում նա հաշտվողականների դեմ տակավին 1858 թվականին «Նկատողությունք» հոդվածում: Հետագայում Սուլթանշահին եւ Բերբերյանին հղած իր ցուցումներով աշխատում էր նորոգել դրամական յուրացումների քննությունը: Ընդարձակ իր նամակներում մերկացնում էր լիբերալների դիրքն այդ հարցում [36]: Մի նամակում նա մերկացնում էր հաշտության պայմանագրի հակաժողովրդական բնույթը: Հաշտվողականները, գրում էր նա, «բարյացակամ են պարտատիրոջը», «փրկում են նրա պատիվը: Օրինական ուժից զուրկ հաշտության համաձայնագիրը նա խորհուրդ էր տալիս բանեցնել… այլ պետքերի համար: Խալիբը հայտարարում էր, թե պարտքի գումարները 73, 5 հազարից չեն անցնում, մինչդեռ սրանից պահանջում են կրկնակին ու ավելին, այն ժամանակ, երբ միայն հենց նրա անվան դպրոցի շենքը կառուցելու համար ծախսել է 152 հազար: Բարեգործական խաբուսիկ այս թվաբանությունը զինաթափ էր անում լիբերալներին եւ, ընդհակառակն, նոր թափ հաղորդում Նալբանդյանի եւ համախոհների գրողներին: Նրանք ցույց էին տալիս կառուցված ուսումնարանի անօգտակարությունը Նախիջեւանի եւ շրջանի պետքերին, մերկացնում նրա քաղաքական դերը, որակում այն որպես «անկելանոց» եւ «որջ»: Կամենալով հասարակության օգտին եւ նրա միջոցով օգտագործել եկեղեցական հասույթները՝ նրանք ենթադրում էին բացել Նոր-Նախիջեւանում այնպիսի մի դպրոց, որն ի վիճակի լիներ ծառայելու բուն ժողովրդի լուսավորությանը:

Հետաքրքրողը եկեղեցական գումարները չէին ինքյան, այլ չարաչար բռնաբարված սկզբունքը, ժողովրդի ոտնահարված իրավունքը: Ելնելով ժողովրդի կարիքներից եւ պահանջներից, քննադատելով նրա սնունից «հաշտություն» ստորագրող լիբերալներին՝ Նալբանդյանը հեգնում էր վերջիններիս, ասելով, թե նրանք վարվում են Խալիբի հետ, ինչպես առակի փութաջան այն արջը, որը քնած տիրոջը անհանգիստացնող ճանճից ազատելու համար քարաթափ արեց ճանճը՝ ջախջախելով միաժամանակ տիրոջ կառափը: Հենց այդպես էլ, ասում է նա, վարվեցին «ձախակողմյանները» (այսինքն՝ հայրապետյանականները, Ա. Հ. ). պաշտպանելով «բարերարի» դատը՝ նրանք բարդեցին նրա պարանոցին այնքան ծախս, որ կբավեր հասարակության պահանջը գոհացնելու համար, այնինչ նա դեռ շարունակում էր պարտապան մնալ հասարակությանը. լավ խրատ այն մարդկանց, որոնք արահետ ուղին գերադասում են լայն պողոտայից: Անգիտացել են, որ դեռ սրանից չորս /172/ հազար տարի առաջ էր ապացուցվել Եգիպտոսում, որ կոր գիծը երկար է ուղիղից [37]: Նշավակ դարձնելով Հայրապետյանի եւ Ընկ. ստորագրած անիրավ համաձայնաթուղթը՝ Նալբանդյանը եւ նրա հետեւորդները վերսկսում էին ընդհատված պայքարը կղերի եւ աղայության դեմ:

Եկեղեցական գումարներից զատ, Նալբանդյանը առաջ էր քաշում Խալիբի դեմ քաղաքային ինքնավարության հետ կապված հաշիվների խնդիրը. «նրանց (խալիբականների, Ա. Հ. ) իդեալը, նախատիպը, կիսաստվածը, այսպես գրում էր Նալբանդյանը Խալիբի մասին, 12 տարի կառավարել է քաղաքն առանց վերահսկողության, առանց որեւէ հաշվետվության, հասարակության վրա ամեն տարի դրվել են հայկեր ու կամայական տուրքեր» [38]:

Խալիբի գործունեությունը, հիրավի, չէր սահմանափակվում բացառապես Նոր-Նախիջեւանի եկեղեցական կամ քաղաքային հարցերով: Խալիբը կենտրոնական դեմք էր «ազգային» մասշտաբով: Կալվածատիրական եւ վաշխառուական կապիտալի այդ սարդը հանդես էր գալիս «ազգի» առաջ՝ «բարեգործության» վերարկուով պարուրված: Դեռեւս 40-ական թվականներին անզավակ մնալով՝ նա խոստացել էր զաղքատանոց» հիմնել համաքաղաքացիների համար: Աղքատանոցի տեղ հետագայում հիմնեց Ֆեոդոսիայի հայ եկեղեցին, դպրոցն ու տարանը: Նորատիան տպարանում շարվելու էին նրա «թախըմին» ծառայող Այվազովսկու պարբերաթերթերը:

Խալիբյան հիմնարկների ղեկավարները Այվազովսկին, ՝ Խ. Գալֆայանը եւ ուրիշներ իրենց խոսքով եւ գրչով սփռում էին «բարերարի» համբավը: 1860 թ. Խալիբին գրած մի նամակում Գալֆայանը հայտնում էր, որ ջանք է թափել փառաբանելու նրա անունը Պոլսի հայերի մեջ, պատմելով ամենքին ու ամենուր դպրոցի գործունեությունը եւ «հերքելով» թշնամիների վատթար կարծիքը, «որ բազում յոյժ էին»: «Ոչինչ ընդհատ ջանիւք եւ զքաջափայլ անունէ իշխանիդ մերոյ վաստակեցայ, պատմելով առ մեծն եւ առ փոքրն առհասարակ, ի տունս եւ առ եկեղեցիս զազգասէր եւ զբազմագովելի ձերդ ձեռնարկութիւն, է հրավիրելով զեղբայրս մեր զՀայաստանեայցս ի սէր ձեր եւ նմանողութիւն» [39]: Խալիբին գրած մի այլ նամակում, 1862 թ., Գալֆայանը շողոքորթության թմբուկից զատ հնչեցնում էր նաեւ ստրկամտության իր քնարը եւ հեղհեղում դարձյալ միեւնույն հանգերգը: «Այլ խնդացի յոյժ, յոյժ, ասում էր նա, - ընդ այցելութիւն կայսեր ուսումնարան, եւ մանաւանդ /173/ ընդ բանս մեծարանաց, որ առ ձերդ ուղղեալ տէրութիւն: Պատմեցի զայդ առ ամենեսին ի Պօլիս եւ ամիրայք մեր զարմացան մեծապէս ընդ ընտանութիւն ինքնակալին ընդ ձեզ: Ցուցի մեծամեծաց եւ փոքունց առ հասարակ զպատկեր ձեր՝ զոր ես լուսով (ֆոտոգրաֆիայի) հանի. ամենեքին իսկ տենչական եւ խնդրեցին ունել առ իւրեանս զմի մի օրինակ պատկերիդ, իբրեւ զկենդանագիր հայրենապանծ իշխանի ազգի եւ բարերարի եւ այլն» [40]: Ուշագրավ են Գալֆայանի այն տողերը, որտեղ շեշտվում է ցարի բարեկամությունը Խալիբի հետ: Նոր-Նախիջեւանի հին քաղաքացիները մինչեւ այսօր իսկ լեգենդներ են պատմում այդ բարեկամության մասին եւ անգամ այն մասին, թե Պետերբուրգում Խալիբը ելումուտ ուներ ցարի մոտ՝ «առանց զեկուցման»: Ինքը՝ Խալիբն իսկ նպաստում էր նման լեգենդների տարածմանը: Դրա համար չէ՞ր հենց, որ նրա անվան ուսումնարանի երկհարկ շենքը բացվեց 1862 թ. սեպտեմբերի 8-ին՝ ցարական Ռուսաստանի սկզբնավորման հազարամյակին, զուգադիպություն, որ առանձին եռանդով վեր էր հանում Ֆեոդոսիայում հրատարակվող խալիբյան ռուսաբառ օրգանը [41]: Կամ դրա համար չէ՞ր, որ նույնպիսի եռանդով Խալիբը եւ նրա արբանյակները Նալբանդյանի եւ նրա համախոհների դեմ քաղաքական ամբաստանություններ էին հղում ոստիկանության դեպարտամենտին:

Ընդառաջելով նախիջեւանցիներին՝ կաթողիկոսը Ս. Խաչի վանահայր կարգեց Աղամիրյան վարդապետին, պարտավորեցնելով սրան վանքում հիմնել «բուն ազգային դպրոց», չեզոքացնելով Խալիբյան դպրոցի ազդեցությունը: 1863 թ. ժամանելով Էջմիածին՝ Անանիա Սուլթանշահը Նալբանդյանի մերձավոր համախոհը կարողացավ է՛լ ավելի բորբոքել կաթողիկոսի եւ Այվազովսկու հակամարտը: Համախոսականներով եւ, մանավանդ, Կովկասի փոխարքայի հանձնարարականով սպառազինված՝ Այվազովսկին մեկնել էր Էջմիածին՝ «թյուրիմացությունները շտկելու եւ եպիսկոպոսական աստիճան ստանալու համար: Սուլթանշահի շնորհիվ ի դերեւ ելան վարդապետի ջանքերը: Գ. Պատկանյանը նշում է, որ իրեն հատուկ կատակաբանություններով Սուլթանշահը կարողացավ հասկացնել կաթողիկոսին նախիջեւանցիների բողոքը [42]: Ձեռնադրության փոխարեն, Մատթեոսը հատուկ հանձնաժողով կազմեց Անդրեաս եպիսկոպոսի գլխավորությամբ՝ վարդապետի գործունեությունը տեղում քննելու համար: Այս նշանակում էր, թե կաթո/174/ղիկոսը հրաժարվեց վավերական ճանաչել Սինոդի եւ կառավարությանն կողմից հաստատված խալիբ-հայրապետյանական համաձայնագիրը:

Ալեքսանդր Թահիրովին գրած մի նամակում Խալիքը տրտնջով է որ կաթողիկոսը վերջնականապես երես է դարձրել Այվազովսկուց, մինչդեռ` սրան գովաբանում են «եվրոպացի բոլոր գիտնականները» եւ ունկնդրում ու հուսադրում Կովկասի փոխարքան եւ Թբիլիսիի «մեծապատիվ իշխանքն»՝ թե՛ հայ եւ թե՛ օտարազգի: «Բայց աւաղ հայոց ազգին եւ աններելի մեծամեծաց եւ իշխանաց Թիֆլիզու հայոց ազգին, -- ավելացնում է Խալիբը, որք չկարացին մտաբերել զայն, որ սա (այսինքն՝ կաթողիկոսը, Ա. Հ. ) երբեմն պատրիարգ էր Պօլսոյ մէջ։ հայոց ազգին զոր յետոյ տեղւոյն ամիրայքն իշխանութեամբ սուդանին արտաքսեցին ի պատրիարգութենէ եւ յետոյ զնա ընդրեցաք ընդհանուր կաթողիկոս կամ գլուխ եկեղեցւոյ» [43]:

Մեր ձեռքի տակ կա 1864 թ. օգոստոսի 24-ին Թահիրովի՝ Խալիբին ուղղած նամակը, ուր նա հասկացնել է տալիս, որ կաթողիկոսի թշնամիները իրենց ձեռները ծալած նստած չեն ո՛չ Թբիլիսիում, ո'չ էլ Էջմիածնում: Նրանք միջոցներ են ձեռք առնում լարելու կաթողիկոսի դեմ փոխարքային: «Միաբան եղբարքն չեն կամեցել ձանձրացուցանե: փոխարքա մեծ իշխանին, բայց օրերոս պետք է ստանվա նոցանեն փոխարքայի անվամբ որպես հարկն է թուղթ, այսպես տեղեկություն կա»: Թահիրովը գրում է, որ Էջմիածնի պրոկուրորը փոխարքային հայտնել է վանքի «միաբանից խղճալի դրությունը եւ գլխի (իմա՝ կաթողիկոսի, Ա. Հ. ) անարգ շարժվիլն»: Հայտնում է, վերջապես, որ կաթողիկոսի դեմ է նաեւ Թբիլիսիի քաղաքագլուխը. «Մեր գլավա աղա Գալուստ Վարդանյանն (իմա՝ Շերմազանյանը, Ա. Հ. ) ձեզ պես վեհանձնություն եւ արդարություն է ցույց տալի. տեսնենք ինչ կծագի, հակառակորդ կողմն շատ է աշխատում ընդդեմ արդարության»:

Ի վերջո, կաթողիկոսի դեմ պաշտպանություն խնդրելու համար Այվազովսկին մեկնեց Պետերբուրգ: Հավանորեն առանց ոստիկանության դեպարտամենտի ցուցմունքների չէ, որ 1865 թ. փետրվարի 19-ին նա Պետերբուրգում գրեց ու տարածեց մի շրջաբերական, ուր թվելով կաթողիկոսի օրինազանցությունները՝ քաղաքական հավատարմության կոչ էր անում հայերին: Պրովոկացիոն այս շրջաբերականի հանդիսավոր ընթերցումից հետո, վարդապետի կարգադրությամբ, կատարվում էր կայսերական մաղթանք…

Հայ եկեղեցու համար հաստատված «Պոլոժենիյե»-ն թեմական /175/ առաջնորդների նշանակման եւ պաշտոնազրկման հաստատումը վերապահում էր ցարին: Իր շրջաբերականում Այվազովսկին շահարկում էր: այս հանգամանքը կաթողիկոսին վարկաբեկելու համար: Կաթողիկոսը խախտել էր «Պոլոժենիե»-ն ոչ թե անձնական քմայքով, այլ` «ազգասերների» թելադրանքով: 1863 թ. նա կառավարությանը ներկայացրել: էր Թբիլիսիի ազգային-պահպանողականների կազմած եկեղեցականվարչական ռեֆորմների այն նախագիծը, որը ցարի հավանության դեպքում պիտի գործադրվեր «Պոլոժենիյե»-ի փոխարեն: Նախագիծը հայ եկեղեցին նկատում էր որպես էքստերիտորիալ մի կազմակերպություն, ենթակա բացառապես կաթողիկոսի միանձնյա վարչությանը: Նրան էր վերապահվում մասնավորապես վիճակավոր առաջնորդներ նշանակելու եւ հեռացնելու իրավունքը [44]:

Կառավարությունն անուշադրության մատնեց թբիլիսցիների նախագիծը: Ներքին գործոց մինիստրը, ապօրինի համարելով նոր առաջնորդի նշանակումը, կազմեց իր կողմից մի հանձնաժողով, որը պիտի ստուգեր Այվազովսկու ընթացքը քննարկողների գործողությունները։ Միաժամանակ կառավարական շրջանները իրենց հայ գործակալների միջոցով ճնշում էին գործ դնում կաթողիկոսի վրա. կաթողիկոսին ուղղած մի նամակում, 1865 թ. հունվարի 25-ին, ցարական կամ երտոնի դեր ստանձնած Խ. Լազարեւը գրում էր. «Ի Ս. Պետերբուրկ ստացեալք: եղեալ լուրք եւ գանգատք թէ եպիսկոպոսն Անդրէաս ի Նախիջեւան անկանոնաբար առնէ զքննութիւն հակառակ հրովարտական եւ օրինաց, եւ թէ յէջմիածնէ այլ ոք առաքի ի Նախիջեւան: Վերին կառավարութիւնն ու նախարարութիւնն համարեն զայդ տարադէպ եւ անվայելուչ» [45]:

Նամակագիրն առաջարկում էր հայ եկեղեցու վարիչներին՝ հնազանդել ցարական օրենքներին: Նա հասկացնել էր տալիս կաթողիկոսին, որ եթե նա չհպատակի կառավարության կամքին, կհեռացվի Հայրապետական աթոռից:

Այլ վերաբերմունք էին ցուցաբերում դեպի Այվազովսկին Պետերբուրգի եւ մյուս վայրերի հայ «ազգասերների»: Իր հուշերի մեջ Պ. Պռոշյանը հաղորդում է, որ շրջաբերականը «Հայ լուսամիտ մասը ձեռքե ձեռք էին շրջեցնում» [46]: Հիշում է այդ մասին նաեւ Աղայանը [47]: Շրջաբերականի դեմ պտույտ էր գործում պսեւդոնիմ մի կոչ, ուր պաշտ/176/պանության տակ էր առնվում հայ եկեղեցու եւ դավանանքի վտանգված անկախությունը: Բողոքելով «հավատը օրացույց շինած եզվիտ աբեղայի» թղթի դեմ՝ կոչի հեղինակը դիմում է հայերին. «Ձեր լռությունը այդպիսի ապստամբական գործի դեմ, տեղի կտա էսօր Այվազին, էգուց Կիրակոսին, մյուս օրը Մարկոսին՝ պատերազմ քարոզել մեր աթոռի դեմ եւ պատրաստել այն հերձվածի եւ բաժան-բաժանության անդունդը, որ սպառնում է կուլ տալ մեր ազգի կորած փառքի վերջին նշխարքը» [48]: Կոչի մեջ գործածված՝ Նալբանդյանի համար բնորոշ մի քանի դարձվածքների առկայությունը հիմք է տվել այդ գրությունը վերագրելու Նալբանդյանին: Սակայն դժվար է, առանց դրական տվյալների, մտքի ու ոճի կողմից ընդհանուր առմամբ անհարթ ու անլվա այդ գրվածքը կապել Նալբանդյանի անվան հետ: Դրա վրա նկատելի է, - գուցե, Նալբանդյանի ազդեցության, բայց ոչ նրա գրչի հետքը [49]

Նույն այդ անցքերի արձագանքը գտնում ենք նաեւ ժամանակի գրական նշանավոր երկի՝ Ս. Շահազիզյանի «Լեւոնի վիշտը» պոեմի մեջ: Պոեմն ակնարկում էր Այվազովսկուն, երբ գրում էր.

 

Խավար բռնավոր եւ ծնունդ դահճի,

Դահիճ արարքով եւ դահիճ հոգով,

Հովվում է հոտը մեր Լուսավորչի,

Անուղղա բարքով, թյուր քարոզներով:

 

Մեծ արվեստ ունի հրապուրանքի,

Եվ խորամանկ է այդ չար հոգին,

Որպես անդունդը օվկիանոսի

Գիտե բանտարկել յուր ահեղ գաղտնին:

 

Որպես գիշերի թանձրամած խավար

Նորա կրծքի մեջ անճոռնի միտքեր

Ալեկոծվում են. նա ստրկարար

Լսում է նոցա, պարզում է ձեռներ…

 

Շարունակությունը ամբողջացնում է «եզվիտ ինքնիշխանի» եւ չարագործ մատնիչի» կարկառուն դիմապատկերը եւ Լեւոնի կերպարով նկարագրում այն պայքարը, որ Նալբանդյանի ղեկավարությամբ վարում էր նրա դեմ ոտքի ելած ժողովուրդը.

Մթին ախտերով զբաղված է նա:

Կամի զբաղվել սիրտը քաղաքի,

/177/

Որ յուր հանցանքը անպատիժ մնա,

Որ նա առավել հասանե փառքի:

 

Բայց ժողովուրդը հոգով բարկացած,

Շատ վշտացած է գավազանի տակ.

Բողոք է կարդում ձեռք ձեռքի տված,

Պատրաստ է հանել նորան հրապարակ…

 

Կանգնում է Լեւոն, կամի բան խոսել,

Բայց լծած է կառք: Հովիվն շտապով

Դիմում է Հյուսիս, կամի գանգատել, որ

Որ օրենքն լինի նորան ջատագով:

 

Մինչ այդ Նախիջեւանի ներքին պայքարը գնալով սաստկանում էր: Դիմելով նոր-նախիջեւանցիներին՝ Գ. Պատկանյանն այս պահին գրում էր Պետերբուրդից. «Նոր-նախիջեւանցիք, լավ հասկացեք, մեծ պատերազմ կա ձեր առջեւ, քաղաքական պատերազմ, ազգամիջյան պատերազմ. ձեր թշնամիք զորեղ են, ձեր հակառակորդք համ՝ շատ են, համ էլ վարժ եւ նոքա շատ էլ համախոհներ ունեն, նոքա շատ վարժապետներ ունեն դուրսեն էլ, ներսեն էլ` ով որ ազգության թշնամի է, ձեր հակառակորդաց օգնական եւ բարեկամ է. դուք նրան չեք տեսնում, բայց նա ձեզ միշտ տեսնում է. դուք նորա ձայնը չեք լսում, նա ձեր ձայնը լսում է, նա ձեր ասածներու համար ականջները միշտ բաց է պահում, եւ ձեր ամեն մեկ քայլը, ասմ են մեկ ոտնափոխը նշմարում է, նորան հարկավոր է իմանալ քո ամեն մեկ որպիսությունը, թե ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես խմում, ի՞նչ ես գործում, ի՞նչ ես մտածում. նա հույս ունի, որ քո ավերակներու վրա շինե յուր բաղտավորությունը, նա ցանկություն ունի, որ չլինես, որ քո տեղը նրան մնա լայն ու արձակ. նա տիվ եւ գիշեր ուրիշ ոչինչ չէ մտածում, բայց եթե քեզ վնաս տալ, որ քեզմով հասարակությունն էլ, քաղաքն էլ վնաս քաշե, որ իրան միշտ կարոտ լինին, որ ինքը պետքական անձն երեւի: Դու շրջապատված ես ներքին եւ արտաքին լրտեսներով. քո ամեն մեկ ակնարկությունը հեռագրական նշանները նման տեղն են հասնում է թարթիլ ական: Այնտեղ հավաքվում են, այնտեղ. խորհուրդ են անում, որ քեզ որ կողմից եւ ավելի հեշտ կարողանան հարկանել, որ ուժդ կտրվի: Շատը այնպես մարդոց գործիք են, որ իրանք էլ չեն իմանում՝ թե ում համար են աշխատում: Դու չգիտես ասսասիններու որոգայթները, դու չգիտես պաթախչիներու մեքենաները. քո չորս պտույտը այնպիսի լարեր եւ թակարդներ են դրված, որ քո ամեն մեկ ոտք փոխելու ժամանակը կա մեկ անակնունելի վտանգ: Ուրեմն դու էլ քուն մի՛ լինիր, արթուն կա՛ց, զգուշացի՛ր, պահպանի՛ր քո անձն, որ հասարակության պահապան ես. քեզ ազատ /178/ պահե որոգայթներում են, որ հասարակաց բարօրությունը ազատ մնա վտանգներեն: Պատերազմի համար դուրս արի հանդես, որ քո թշնամու ձեոքեն խաղաղությունը խլես…» [50]:

1865 թ. փետրվարի 9-ին Նախիջեւանից գրած իր նամակում Մինաս Խալիբովր Գեորգ Խոջայանին ուղղած՝ ներկայիս մեր ձեռքի տակ եղած մի նամակում հաղորդում էր, թե իրենց կուսակիցները՝ խալիբյանների ուրախության մեջ են հիմա. «Նոր արքեպիսկոպոս Հովհաննես Արշարունի եկավ կաթողիկոսեն իբրեւ առաջնորդ եւ երկու օր առաջնորդություն անել տվինք, որ ավելի եւս ամոթով վռնտենք: Ս. Պետերբուրգեն դեպեր եկավ կենեռալ կուպեռնաթոռեն Քոցեպուեն, Հայրապետովին վրա եւ Ռաստովի ուեզդնի նաչալնիքին վրա, որն որ եկավ մեր ժողովանքին մեջ հայտնեց 300 մարդոց մեջ եւ քահանայից որ չի համարձակին ոչ մեկին ընդունել իբրեւ առաջնորդ վիճակիս բաց ի Այվազովսկին, եւ եթե ոմն չի հնազանդի՝ Հայրապետովն պետք է լինի պատասխանատու: Խեղճ ողորմելի մեր քաղաքագլխո վրա մահուան դող եկավ դեպեշները կարդալու ժամանակին ժողովրդին մեջը… Հայրապետովի բոլոր տուները փակվել են, մեծ սգավորության մեջ են: Պերպերովը վաղուց է եկածը Փարիզեն, մեծ հիմարություն արավ շուտով եկածը, ոչինչ տեսած չէ եւ ոչինչ լսած»: Չնայած այս ամենին, Մինաս Խալիբյանը շատ էլ վստահ չէր, թե հաղթող կողմը խալիբականներն են, քանի որ սրանց դեմ ոտքի էին ելել քաղաքի մասսաները. «Երանի ձեզի, գրում էր նա իր նամակի վերջում, որ հեռու ես այն անիծյալ քաղա քեն, շատ գրելու բաներ եւ շատ ասելու բաներ ունեմ, բայց մնան այժմ, կարելի է վիճակներս կլավնա, հույսը մեծ բան է եւ մեծ քաջալերություն անբաղդության մեջ»:

1865 թ. մարտի 1-ին, նկարագրելով Ն. -Նախիջեւանում բորբոքված պայքարը, խալիբական տերտերներից մեկը գրում էր. «Նշմարեմ աստուած ինքնին եւս ոչ կարէ շիջուցանել զայս հրդեհ, մի քան զմի հզօր եւ զօրաւոր. ըստ Նարեկացւոյն տարակուսեալ կամք ի վերա երկուց ճանապարհաց եւ մնացել եմք ի մէջ հրոյ եւ ալեաց ծովու. մի կողմ սպառնայ հեղձուցանել, իսկ միւսն այրել: Ի գալ Յօհաննէս եպիսկոպոսի (խոսքը դարձյալ Արշարունու մասին է, Ա. Հ. ) ես խորհուրդ ետու նմա սպասել ցտնօրէնութիւն նախարարին ու նա յանձն էառ. բայց խռովարար Սայադնովն հարկադրեաց նմա ի ընթեռնուլ զկոնդակ, նստիլ ի մէջ յԱթոռոյ եւ յիշատակել զանուն նորա ի պատարագի, շատ անպատութեամբ ընդունեցին ողորմելոյն, թեպէտ Հայրապետեանք ընդ իւրեանց քահանայից խորհեալ էին եւ պատրաստեալ զանգահարութեամբ /179/ խաչիւ եւ խաչվարաւ ընդունել, բայց միւս կողմնականք փակեցին զդուռն եկեղեցւոյ եւ չթողին անգամ մտանել յեկեղեցի… Այսպիսի աղմուկ, խռովութիւն եւ շփոթութիւն աստուած քեռի արասցէ. սպասեմք այս աւուրքս թնդանոթների ձայնի…» [51]:

  «Թնդանոթի ձայնի» փոխարեն վրա հասավ Պետերբուրգից ստացված լուրն այն մասին, թե Այվազովսկին արձակվում է իր պաշտոնից: Հաշվի առնելով ընդհանուր դժգոհությունը՝ ցարը հոժարեց ազատել Այվազովսկուն այնքան աղմուկ հանած առաջնորդի պաշտոնից:

Վարդապետի պաշտոնավարության վերջին օրը զուգադիպեց նրա դեմք պայքարող կաթողիկոսի վերջին օրվան: Չուխաճյանը մեռավ՝ անտեղյակ վարած պայքարի դրական արդյունքին: Այս փաստն ուներ նկատի Ստ. Նազարյանցը, երբ 1865 թ. սեպտեմբերի 25-ին գրում էր Նալբանդյանին. «Սատակեցավ Այվազը, բայց մեռավ եւ կաթողիկոսը, առանց տոնախմբելու յուր Հաղթության տոնը, որ կայսերական հրամանով պատրաստված էր նորան» [52]:

Չուխաճյանի, գուցե եւ Նազարյանցի համար կարող էր հաղթության օր լինել Այվազի «սատակման» օրը. Նալբանդյանը ավելի հեռուն էր միտում անշուշտ: Նրա համար հաղթության իսկական օր կլիներ միայն նման գործիչներ սնող ռեժիմի սատակում էր: Այվազովսկին հետագայում եւս շարունակում էր լինել այդ ռեժիմի հավատարիմ պահապաններից մեկը, այն զանազանությամբ միայն, որ կատարելով նոր մի շրջադարձ՝ հայ կյանքում նա հենվում էր հիմա ոչ միայն վաղեմի համախոհների, այլեւ նոր զինակիցների՝ լիբերալ բուրժուազիայի վրա: 70-ական թվականներին նրա անունը հիշատակվում էր արդեն կովկասահայ լիբերալ գործիչների շարքում: Նա գրավով էր աջ ֆլանգը ցարիզմ ի շահերին նվիրված հայ այն խմբակցությունների, որոնց «ձախ» ֆլանգը գրավում էր Գր. Արծրունին: 1877 թվականին Կ. Եզյանին ուղղած մի նամակում Գեւորգ Եվանգուլյանը, Թբիլիսիի հայ ազգային-պահպանողական բուրժուազիայի ազդեցիկ լիդերներից մեկը, թվելով Արծրունու քաղաքական բարեկամների անունները՝ գրում էր. «Ալ. Անանովի եւ Հով. Խատիսովի վրա մենք ոչինչ վստահություն չունենք։ Նոքա ներկայացնում են տերունական շահերը, նոցա մեջ տեսնելով եւ յուրյանցը… Ավելի լավ ճանաչելով այդ մարդոց եւ սրբազան Այվազովսկուն, երբեք ազգային գործերի մասին հետը չենք խոսի, փորձից իմանալով, որ մյուս օրը մեր խոսակցությունը իշխան Միրսկին կամ մի այլը գիտե» [53]:

/180/ Նոր զինակցության սուր ծայրը 70-ական թվականներին, ինչպես եւ դրանից առաջ, ուղղված էր, մի կողմից, ցարիզմի արտաքին քաղաջ, քականության, մյուս կողմից՝ նրա ներքին թշնամու՝ ռեւոլյուցիոն շարժման դեմ: Ռուս-տաճկական պատերազմի տարիներին բուրժուական լիբերալները հնձում էին այն, ինչ համառուսական ռեւոլյուցիոն կրե զիսի տարիներին ցանել էր կղերա-աղայական ռեակցիան: Եղած տարաձայնությունները երկրորդական հանգամանքներ էին արդեն ոչ միայն «ազատամիտ» Արծրունու, այլեւ նրա «խավարամիտ» դաշնակիցների համար:

Նման տարաձայնությունների քաղաքական իմաստը պարզ էր արդեն չներին: Տակավին 60-ական թվականների կեսերին է, որ կղերամիտ Հակոբ Կարենյանը գրում էր իր մի համախոհին, հայտնի հակաշանշյանական Գեւորգ վարդապետ Արամյանին. «Ժամ է արդ քաջ գիտել, թէ հայք ոչ ռուսական եւ ոչ կաթոլիկական, այլ միայն յեղափոխին (ընդգծումը հեղինակինն է, Ա. Հ. ), յորում ըստ վարդապետութեան նորասիրաց ամփոփեալ պահին վասն մեր երկրաւոր եւ երկնաւոր թագաւորութիւն. երկնաւոր կրօնակցաց նորընդունելի կրօնի, եւ երկրաւոր օժանդակությամբ հաւատոյ՝ առանց բարի գործոց: Ցնորաբա՛ն վարդապետութիւն, կործանիչ ազգի եւ եկեղեցւոյ: Զիարդ բարւոյն զոր ոք ունի՝ քաջ ճանաչէ երբ կորնչէ: Այսօրինակ մոլորամիտ վարդապետութեամբ եւ սնոտի յոյսով պատրեցին երբեմն (սուտ մարգարէք) զժողովուրդն Իսրայէլի ընդդէմ տիրոջ ազգին, կսկծեցուցին զսիրտն տիրողաց, եւ այնու ածին յինքեանս զբարկութիւն աստուծոյ եւ մարդկան՝ յանկանգնելի կործանումն իւրեանց ցայսօր ժամանակի: Եւ ոյք իցեն հնարք զառաջս առն ելոյ այսօրիկ աղէտից: Ըստ իմ կարծեաց՝ միմիայն ճար է միաբանութիւն ամենայն ճշմարիտ ազգասիրաց հոգեւորականաց եւ աշխարհականաց. թողուլ միմեանց զյանցանս որ առ միմեանս. կոչել յասպարէզ զամենայն քանքարաւոր հոգեւորականս, խրախուսել զնոսա, քաջալերել, նաեւ աղաչել, առ ի գործ դնել զքանքար իւրեանց յօգուտ եւ ի պահպանութիւն ազգի եւ եկեղեցւոյ»:

Ռեակցիոն այս ստրատեգիայի հեղինակը շատ լավ էր հասկանում նաեւ Խալիբի ու նմանների դրամական զոշաքաղության երկրորդական դերը: Պայքարի միասնական ֆրոնտ հարդարելու համար, մտածոմ էր Կարենյանը, պետք է մոռացության տրվեն առտնին հաշիվները: «Թող կորչեն դրամք եւ դրամական հաշիւք. դիւրաւ մարթ է լնուլ զտեղի նոցա՝ եթէ գոյ ազգն: Այսուհետեւ պարտ է գիտել, զի որք ցանկան զկործանումն անձին՝ որ իւրովք քանքարօք կարէ զառաջս առնուլ /181/ նորաղանդութեան, են ի թուոյ տարածողաց զայն վարդապետութիւն՝ գիմակաւորեալ յայլ կերպարան. սատանայ ի կերպարանս օձի» [54]:

Ռեւոլյուցիոն «նոր աղանդության» դեմ պայքարելու խնդիրը 70ական եւ հաջորդ տասնամյակներին ավելի այժմեական էր հայ հասաՍակական վերնախավերի համար, քան դրանից առաջ՝ 60-ական թվականներին, երբ գրի էր առնում իր տողերը Հ. Կարենյանը, պարապ ժամերին գրականությամբ եւ գիտությամբ զբաղվող ճարպիկ այդ վաշխառուն ու սպեկուլյանտը, որն սկսեց իր գործունեությունը Թբիլիսիի փողոցներում թեզբեհ ու հողաթափներ վաճառելով ու ավարտեց իր մահկանացուն որպես քաղաքային ջերմուկների կապալառու, անմեռ հետք թողնելով Մ. Աղաբեկյանի «Ծիլն Ավարայրի»-ում ու Պռոշյանի «Հուշիկներ»-ում, ինչպես նաեւ Նալբանդյանի «Հռոմեական նամակ»-ում գծագրված ազգային ջոջերի պատկերասրահում [55]: Բնականաբար, ավելի քան առաջ, այժմեական պիտի համարվեր նաեւ «միության» կարիքը, որ զգալի էր դարձել ոչ միայն ազգի կղերա-աղայական թափթփուկների, այլեւ նրանց դիրքերը գրավող բուրժուական վերնախավի համար, որին, ինչպես իր ժամանակին Կարենյանին, եկամուտ եւ իշխանություն էին խոստանում, մանավանդ, ցարիզմի արտաքին քաղաքականության հետ կապված Հեռանկարները: Եվ այդ հեռանկարները չէի՞ն մասամբ, որ իշխան Միրսկիների ընդունարանն էին առաջնորդում ռեակցիայի մարդկանց:

* * *

Հակառակորդներն անգոսնում էին Նալբանդյանի «ջահելությունը», նրա եւ նրա կուսակիցների կապը «երիտասարդության» հետ: Մեղադրանքը բնորոշ էր մի դարաշրջանի համար, որի ընդերքում սուր հակամարտ էր առաջացել էին կարգերի փեշից կախված «հայրերին եւ նոր գոյավիճակի մուտքն ավետող «որդիների» միջեւ: Խալիբին եւ յուրայիններին հուզող «երիտասարդությունը» ֆիզիոլոգիական կատեգորիա չէր անշուշտ, այլ հին սերնդին հակադարձ, խորհող ու քննող, ակտիվ ու մարտունակ նոր հասարակախավ, որը գոտեմարտի էր բռնվել հին կարգերի ու ավանդների հետ, ջանալով ճանապարհ բացել նոր կարգերի ու հասկացությունների առաջ: Վերջին հաշվով, եթե ոչ միշտ իր ծագումով, գեթ իր գաղափարախոսությամբ՝ հասարակական «երիտասարդ» այդ խավը կապված էր քաղաքի եւ գյուղի աշխատավոր այն ժողովրդի հետ, որի շահերի մարտական արտահայտիչն էր հանդիսանում Նալբանդյանը:

/182/ Թե որքան անմիջական էր որոնող եւ պայքարող երիտասարդ այս սերնդի վրա Նալբանդյանի ազդեցությունը, այդ մենք տեսանք քննության առնելով «Հյուսիսափայլ»-ի եւ ընթերցողների առնչության հարցը: Սակայն այստեղ խնդիրը մեզ հետաքրքրում է ոչ թե հրապարակախոuի ունեցած ազդեցության, այլ նրա անմիջական կապերի, նրա առօրյա եւ կենդանի հասարակական-քաղաքական շփումների տեսակետից:

Ուշագրավ է Նալբանդյանի մտերմությունը Մոսկվայի ուսանող իր ընկերների հետ, ինչպես նաեւ անմիջական այն մասնակցությունը, որ ունեցել է նա ժամանակի ռուսահայ ազատախոհ ուսանողների կազմակերպման գործում:

Ռուս եւ հայ ուսանողության գաղափարական օրրանը Դորպատի համալսարանն էր: Լեզվի եւ գրականության, հայրենիքի եւ ազգության մասին ռուսահայ մտավորականության մեջ մուտք գործող ազգային եւ հայրենասիրական հայացքները գալիս էին անդրանիկ դորպատյաններից: Աբովյանին եւ Նազարյանցին հաջորդող դորպատյան ուսանողների սերունդը սնվել էր գերմանական կորպորացիաների իդեական այն մթնոլորտում, որի մեջ թափանցած էր 1848 թվականի ռեւոլյուցիայի շորշոփը: Այս դրությունը սկսում է փոխվել հիսունական թվականների կեսերից, երբ մասամբ ուսանողությանը եւս սկսում են անդրադառնալ 1848 թվականին հաջորդած ռեակցիայի տրամադրությունները: Ժամանակ էր այդ, երբ սկսում էր խամրել նաեւ Դորպատի հայ ուսանողության գաղափարականությունը: «Նոր եւ հին ուսանողների ձգտումների մեջ, գրում էր Լ. Տիգրանյանը, - զանազանությունը շատ մեծ էր, ուղղությունը շատ տարբեր: Նորերից շատերի մեջ չկար ձգտում դեպի գիտությունը, հայությունը, հայրենիքում գործելու փափագը: Այս վերջին ցանկություններն արտահայտվում էին միայն խնճույքում, քեֆ անելիս…» [56]: Միաժամանակ նվազում է հայ ուսանողների հոսանքը դեպի Դորպատ եւ ուժեղանում նրանց համախմբումը Մոսկվայում եւ Պետերբուրգում: Նալբանդյանի ուսանողական տարիներին մտավոր այս կենտրոններում է հենց, որ հատ համալսարանական երիտասարդության առաջավոր ջոկատները համակվում էին ռուս գիտության եւ գրականության պատվաստած իրատես եւ քննադատական մտածելակերպով եւ երկրում հասունացող քաղաքական արմատական տրամադրություններով: Ազգային-պահպանողական հայացքներով տարված «կենսուրախ» եւ «սիրատոչորդորպատյանները ծաղրում էին Մոսկվայի ու Պետերբուրգի «ցնորամիտներին» ու «պոլիտիկոսներին», ծանակում նրանց «փղշտացիությունը»:

/183/

Եղբարք, պետք է հայրենիք վերադառնամ

Ու մոսկվացիների պես փղշտացի դառնամ…

երգում էին ուսանողական «Gaudeamus»-ին եւ «Krampambuli»-ին արձագանքող թխամորթ բուրշերը: «Փղշտացի» մոսկովցիները պարտքի տակ չէին մնում. նրանք հղում էին «Էպիկուրի աշակերտներին» սպանիչ էպիգրամներ:

 

Թե ուզում ես գիտության

Մագիստրոսի աստիճան՝

Գնա մտիր դորպատյան

Բարձրագույն… սըրճարան.

 

Այնտեղ պետք չէ գիտություն,

Գրքեր, ուսում, աշխատանք,

Ուսիր միայն մեկ հմտություն,

Արաղ, գինի ու հեշտ կյանք:

 

Դորպատցիները զուրկ չէին ռոմանտիկ ազգասիրությունից, բայց նրանց ազգասիրությունն այն հեuանը չէր, որի վրա կարող էր սրվել երիտասարդության քննադատական միտքը: Նրանք պատկանում էին այն մարդկանց թվին, որոնց ազգասիրությունը ուռչում էր գարեջրային գոլորշիների ազդեցության ներքո, եւ պատահական չէ, որ Աբովյանի ժամանակներից եկող գաղափարական մղումների փոխարեն՝ Դորպատի շրջանավարտները ժառանգություն էին թողնում իրենց հաջորդներին ուսանողական կոլեկտիվին պատկանած խորովածի շամփուրներ միայն: Հարկավ, ուսանողական զվարթ հանդիպումներից չէին հրաժարվում նաեւ Մոսկվայի «փղշտացիները»: Սակայն նրանց հայրենասիրությունը սնունդ էր առնում ազգային կարիքների ռեալիստական ըմառնումից, տիրող կարգերի հանդեպ հանգում դիմադիր տրամադրությունների։

Ուսանող Նալբանդյանը մոսկովյան «փղշտացիների» պարագլուխն էր անշուշտ: Ազգակից դասընկերներին նա գերազանցում էր ոչ միայն տարիքով, այլեւ ունակություններով ու զարգացմամբ: Եթե հաշվի առնենք նաեւ նրա դյուրահաղորդ բնավորությունն ու ղեկավարողի բնական ձիրքը, հասկանալի կդառնա, որ նա էր հենց մտավոր եւ բարոյական այն բեւեռը, դեպի` որը հակվում էին նրանց սրտերը:

Նալբանդյանի հին ընկերներից մեկը, Հ. Բերբերյանը, վերհիշելով նրա ուսանողական տարիները՝ գրում էր. «Ի բնե բարի եւ համակրելի բնավորության տեր լինելով՝ նա յուր խելացի դեմքով, սրախոսությամբ եւ /184/ ընկերական վարմունքով բոլոր հայ ուսանողներին, նաեւ աշակերտներին (իմա՝ լազարիստներին, Ա. Հ. ) յուր կողմը գրավեց: Թե հասակով եւ թե զարգացումով զանազանվելով յուր շրջապատողներից, նա բոլորի վրա միշտ ամենաօգտակար ազդեցությունն է ունեցել… Մյուս կողմից այժմ էլ, ինչպես եւ միշտ, յուր սուր, անսանձ լեզվի շնորհիվ, նա պատրաստում է իրեն հակառակորդներ եւ ոխերիմ թշնամիներ… Նալբանդյանցն առհասարակ ծայրահեղներից էր. նա սիրում էլ էր, ասում էլ էր բոլոր սրտով» [57]:

Բանտից գրած մի նամակում, վերհիշելով նույն այդ ժամանակաշրջանը, Նալբանդյանը լիրիկական հարցում է ուղղում Ա. Սուլթանշահին. «Հիշու՞մ ես անցյալը, երբ ջերմ ընկերական շրջանում գիշերներ էինք լուսացնում, ո՞ւր են այժմ մեր անատոմիա-պաթոլոգիական եւ ֆիզիկո-բժշկական նիստերը, գրքերը, տետրակները, խոսքն ու աղմուկը եւ որպես «այս ամենի անհրաժեշտ ատրիբուտներ՝ շշերն ու բաժակները» [58]:

Բժշկական գրքերն ու տետրակները մեծ տեղ էին բռնում բնական գիտություններով տարված «ռեալիստների» կյանքում, սակայն բանտի պայմանները նամակագրին թույլ չէին տալիս ասելու, որ ուսանողական ժողովներում չէին զբաղված սոսկ բժշկական գրքերով ու տետրակներով: Նմասն ժողովներում առավել չափով քննվոմ էին հաճախ համալսարանական կամ ֆակուլտետային վարչության գործերը, ո. եակցիոն դասախոսների վերաբերմամբ բռնելիք վարքագիծը եւ այլն: Այս հողի վրա տեղի ունեցած բախումները ի վերջո դուրս եկան ակադեմիական նեղ սահմաններից եւ ընդունեցին քաղաքական երանգ:

Չափազանց բուռն, ու եռուն պիտի եղած լինի Նալբանդյանի ուսանող ղական կյանքը, մանավանդ 1857 թվականին: «Колокол»-ի էջերում հանդիպում ենք Մոսկվայի համալսարանի մի շարք լիբերալ պրոֆեսորների` Սոլովյեւի, Բոդյանսկու, Լեոնտեւի, Եշեւսկու եւ Չիչերինի «Պատմական հուշագիր»-ը, ուր նկարագրված են ուսանողական կյանքի՝ այդ տարում ընդունած բուռն ընթացքը, սկսած այն վայրկյանից, երբ միջամտելով համալսարանի ներսում տեղի ունեցած «հուզմոմն քներին»՝ ոստիկանությունը կոպիտ ու բռնի իր գործողություններով բորբոքեց ուսանողների ընդհանուր վրդովմունքը: Բանը հասավ դատարանին: Սակայն դատարանն արդարացրեց «անկարգ» ուսանողներին, որով նոր թափ ստացավ ուսանողների ակտիվությունը: «Այս անցքը առաջին անգամը լինելով իրենց միասնության միտք հուշարկեց ուսանողներին: Մինչ այդ նրանք չէին : նեցել ընդհանուր գործեր, ուստի եւ չէին լինում ոչ ժողովներ, ոչ /185/ դեպուտատներ… Ընկերների նկատմամբ գործ դրված բռնությունը ընկալվեց որպես ամենքին հասցված վիրավորանք: Քանի որ նախապես միջոցներ չէին ձեռք առնվել քննություն կատարելու համար եւ դեպքը սպառնում էր անհետեւանք մնալ, ամբողջ համալսարանը բռնվեց ալեկոծությամբ: Այն ժամանակ պ. հոգաբարձուն ուսանողներին առաջարկեց ամեն կուրսից երկուական դեպուտատ ընտրել, որոնք կարող լինեին մշտական հարաբերության մեջ մտնել վարչության հետ գործի ընթացքին Հետեւելու համար… Այդ օրվանից ի վեր նրանց մոտ արմատացավ ժողովներ եւ դեպուտատություններ ունենալու սովորությունը: Շուտով դրան միացավ ուսանողական գանձարկղի կազմակերպությունը, որի գլուխս էին անցնում ընտրվածները…» [59]: Ուսանողները սկսում են սուլել ռեակցիոն պրոֆեսորների . Ա. Մայկով, Ն. Ա. Վարնեկ, Օրնատսկի) դավախոսությունները եւ ի վերջո պահանջում նրանց վտարումը եւ հասնում իրենց նպատակին: Հետագայում համալսարանի վարչությունը սկսում է վտարել «խռովարարներին», որով ուսանողների եւ վարչության հարաբեիրությունները գնալով սրվում էին:

1858 թվականը Մոսկվայի համալսարանի կյանքում նշանավորվեց նրանով, որ այդ տարում երեւացին ուսանողական ձեռագիր պարբերականներ: Դրանց մեջ առավել արմատական հայացքներով համակվածը՝ «Կայծ»-ը իր առաջնորդողում գրում էր. ««Կայծ»-ը պիտի հանդիսանա համալսարանական ռեֆորմի հազիվ արթնացած մտքի զարգացման արտացոլումը: Ո՞րն է «Կայծի»-ի ապագան: Ինչ մեզ է վերաբերում, ապա անկեղծորեն ցանկանում ենք, որ նա իրավունք ունենա ըստ կարելույն շուտ փոխել իր համեստ անունը, ավելի վեհաշուք դարձնի այն, օրինակ՝ Հրդեհ… Մեր կողմից պիտի օգտվենք մեզնից կախում տնեցած բոլոր հնարավոր միջոցներից, որպեսզի տարածենք մասսաների մասին ավելի առողջ հասկացություններ, որպեսզի հրահրենք եւ Հրդեհի վերածենք Կայծը» [60]: Փոքր-ինչ հետո, ռեւոլյուցիոն կրիզիսի տարիներին, ուսանողների անբավականությունները արտահայտվում էին մասսայական «խլրտումների» աղմկահույզ ցույցերի ու սպառնալիքների միջոցով: Համալսարանական ներքին հարցերից զատ, ուսանողները ներգրավվում են երկրի ընդհանուր խնդիրների, գյուղացիական հարցի, երկրի քաղաքական ազատագրման եւ հարակից այլ նյութերի քննարկման մեջ: Հաճախակի էին դառնում այն դեպքերը, երբ նման խնդիրների քննարկությամբ։ զբաղված հավաքույթներն ու ցույցերը ցրվում էին ոստիկանների ուժային ժան/186/դարմների անուններով: «Ան հանգիստ» ուսանողներին քաշում էին ոuտիկանատուն եւ նստացնում բանտ [61]:

Բոլոր այս իրադարձությունները խորապես ազդում էին հարկավ Նալբանդյանի վրա ոչ միայն այն տարիներին, երբ նա հաճախում էր Մոսկվայի համալսարանը, այլեւ հետագայում, երբ նա հեռացել էր համալսարանից, բայց շարունակում էր հաճախակի հանդիպումներ ունենալ համալսարանական ընկերների կամ համալսարանում ուսանող երիտասարդների հետ, առիթ ունենում կապելու նրանց զբաղեցնող ազգային խնդիրները Ռուսաստանի ընդհանուր քաղաքական կացության եւ ռուս ռեւոլյուցիոն շարժման ընդհանուր հարցերի ու խնդիրների հետ:

Ուսանող Նալբանդյանի մասին վկայում են, թե կարդում էր եւ ուսումնասիրում Բելինսկու, Չերնիշեւսկու, Դոբրոլյուբովի եւ եվրոպական ուտոպիստ-սոցիալիստների գրվածքները [62], տեղեկանք, որի սկզբնաղբյուրը Նալբանդյանի ուսանող ընկերներն էին անշուշտ, հավանորեն՝ Սուլթանշահը կամ Բերբերյանը: Պատմում են, որ նման ժողովներում մեծ հարգ ուներ «Современник»-ը: Ան հավանական չէ, որ «փղշտացիների» ձեռքն ընկած լինեին եւ «Полярная звезда»-ի կամ «Колокол»-ի համարները: Հայտնի է Գ. Պատկանյանի վկայությունն այն մասին, որ Նալբանդյանը ռուս «նիհիլիստների խորթամիտ ուսմունքի» ազդեցության տակ էր ընկել դեռ` Հնդկաստան մեկնելուց առաջ՝ Լազարյան ճեմարանում պաշտոնավարելիս եւ ապա՝ Մոսկվայի համալսարանում ուսանելիս: Ընկնելով արտասահման՝ նույն ուղղությամբ նրան խրախուսել էին «նիհիլիստ» մի քանի հայեր, որոնց ծանոթ էր դեռ Ռուսաստանից [63]:

Գ. Պատկանյանը դատապարտում էր «ուղեկորույս» իր սանի «նիհիլիստական մոլորությունները». դրանք, ասում էր նա, այլ ինչ չեն, քան ցանկություն՝ բանալու գլխով ճանապարհ ապառաժի մեջ»: Կասկած չկա, որ Պատկանյանն այստեղ կրկնում է միայն ուրիշներից լսածը եւ ամենից առաջ՝ աննպաստ այն տեղեկանքը, որ Նալբանդյանի մասին (հրամցնում էր նրան դորպատյան տրադիցիաներով սնված իր բանաստեղծ որդին: Տակավին 50-ական թվականների կեսերին է, որ Ռ. Պատկանյանը «ծուռ» ընթացքի վրա գտնվող մեկն էր համարում Նալբանդյանին, որին, նրա կարծիքով, չի կարելի վստահել եւ որի հետ չի կարելի /187/ ունենալ ընդհանուր որեւէ բան: «Պետք չէ մեր ուխտը (այսինքն՝ շրջանը կամ ընկերությունը, Ա. Հ. ) ամենայն օյին մարդիկ մտցնել», գրում էր նա Գ. Քանանյանին Նալբանդյանի մասին: 1856 թ. մարտի 5-ին նույն Քանանյանին ուղղած մի նամակում Ռ. Պատկանյանը գրում էր. «Եթե Նալբանդյանին հանձնած նամակս ստացել ես, ի հարկե որ զարմացմունքից զարմացմունք պիտի մտնել. մի՝ որ Նալբանդյանին (ընդգծումը Ռ. Պատկանյանինն է, Ա. Հ. ) նամակ եմ հավատացել, երկրորդ՝ քո երկու զռլամա նամակներուդ մի ծեկլո պատասխան եմ գրում. վերջինը հասկանալի է առաջինով վախեցա տալ նրա ձեռը այնպիսի մի նամակ, որ չէր այնքան ծանրակշիռ, բայց խնդրեմ, որքան կարելի է ուղղես իմ սխալը. ես միանգամայն մոլորվեցա, երբ որ տվի նորան Իսկանդերի նամակը դեպի այժմվա թագավորին, որ նա ձեզ հասցնե. խնդրեմ, հենց այս գիրս ստանալու րոպեիդ երթաս նրա մոտ (թեկուզ ջահաննամի մեջը), որպես եւ իցե հնարքով առնում այն վտանգավոր ծրագիրը (թերեւս պիտի չլինի՝ «ծրարը», Ա. Հ. ), թե չէ, նորա ձեռին այն չար գործի է, եւ ինձ միամտացնել. Նալբանդյանին այստեղ (Պետերբուրգ, Ա. Հ. ) գալու պատճառը ըստ ամենայնի ինձ հայտնի չէ, բայց ինչպես որ ինքն է ասում, իբր թե Օդիլիոնից մայրեր գնելու համար է եկել. ինչեւիցե. բայց դու աչքերդ բաց պահի. այդ թեեւ ազգասիրական խնդիր է, բայց՝ մեր կոորստյան դուռն է (ակնարկը երեւի վերաբերում է այն վտանգին, որ սպառնում էր «Հյուսիսափայլ»-ի հրատարակությունը «Գամառ-Քաթիպա» վերտառությամբ լույս տեսնող ժողովածուների տարածմանը, Ա. Հ. ), լավ է, եթե մի ուրիշ մարդ եւ ոչ Նալբանդյանը ձեռն արկեր այդ սրբազան ձեռնարկությունը, վերջինի համար… Ինչ ասեմ մնացածը, կհասկանաս, ասելս այն էր, որ չի քնենք» [64]:

Պատկանյանի այս գրությունը բացահայտում է քաղաքական այն տարաձայնությունները, որ կային արդեն իսկ այդ պահին նրա եւ Նալբանդյանի միջեւ: «Колокол»-ի այն համարը, ուր լույս էր տեսել Իսկանդերի, այսինքն՝ Գերցենի, նամակը Ալեքսանդր II-ին, Նալբանդյանի ձեռքը տալուց հետո, Պատկանյանին անհանգստացնում էր, ըստ երեւույթին, այն միտքը, թե Քանանյանին հանձնելուց առաջ Նալբանդյանը կարող էր կարդալ եւ քննության առարկա դարձնել իր բարեկամների շրջանում Իսկանդերի «վտանգավոր» նամակը… են «Ինքյան հասկանալի է, գրում էր ցարին այդ նամակում Գերցենը, իմ զինադրոշը Ձերը չէ, ես անուղղա սոցիալիստ եմ, դուք ինքնակալ իմպերատոր: Բայց Ձեր եւ իմ դրոշակի միջեւ կարող է լինել ընդհանուր մի բան… սեր դեպի ժողովուրդը: Տվե՛ք հողը գյուղացիներին, /188/ դա առանց այն էլ նրանց է պատկանում: Լվացե՛ք Ռուսաստանի երեսից ճորտատիրական վիճակի խայտառակ բիծը, բուժեցե՛ք մեր եղբայրների մեջքի վրա եղած կապույտ սպիները դեպի մարդը եղած ատելության այդ զարհուրելի հետքերը: Ազատություն տվեք ռուս խոսքին… Առաջին նվագ մեղ այդ էլ բավական է»: Պատկանյանին սարսափ էր ազդել ամենից շատ երեւի հենց նամակի մեր ընդգծած տողերը: Նա մտահոգված էր, թե Գերցենի ազատախոսությունը կարող էր վարակի օջախ դառնալ «Հյուսիսափայլ»-ի համար…

Ինչքան էլ սակայն մեծ լիներ Նալբանդյանի «նիհիլիստական» հարցասիրությունը դեպի Գերցենը, կասկած չկա, որ ուսանող Նալբանդյանի գրությունները չեն մատնում տակավին ռուս ռեւոլյուցիոն հրապարակախոսության ուղենշող ազդեցությունը նրա հայացքների վրա: Առայժմ` նրա մտքերն ամփոփված մնացին «Հյուսիսափայլ»-ի լեգալ հրապարակախոսության սահմաններում: Երկու-երեք տարի հետո է միայն, որ դեպքերի բերումով եւ անշուշտ նաեւ Լոնդոնի անլեգալ հրատարակությունների օրինակից խրախուսված՝ նրա մեջ միտք հասունացավ անցնել արտասահման եւ հիմք դնել հայ ռեւոլյուցիոն ժուռնալիստիկայի:

Հավանորեն Նալբանդյանը հետեւում էր Լոնդոնի հրատարակություններին տակավին 1858–59 թվականներին: Արտասահմանյան երկրորդ ուղեւորության ժամանակ գրված նրա «Ազատն աստված»-ը կարծես արձագան քում էր Օգարյովի «Свобода» բանաստեղծությանը, որ լույս էր տեսել 1858 թվականին էմիգրանական «Полярная Звезда»-ի էջերում.

Но если бы грозили бы беда и невзгоды

И рук для борьбы захотела свободы,

Сейчас полечу на защиту народа,

И если паду я средь битвы суровой

Скажу умирая, могучее слово:

Cвoбода! Cвoбода!

Ենթադրում են, որ Նալբանդյանի հանրածանոթ «Իտալացի աղջկա երգին» խթան էր եղել դարձյալ նույն պարբերականի 1859-ի համարում տպված իտալական պոետ Լ. Մերկանտինիի «Սապրիե» «Հասկահավաք»-ի ռուսերեն ազատ թարգմանությունը [65]: Անհավանական չէ նաեւ, որ Նալբանդյանը կարդացել էր նույնպես Գերցենի հոդվածը Միլլի «On Liberty» գրքի մասին, որը նա հիշատակում էր հետագայում «Երկրագործության» մեջ. այդ հոդվածը, ուր մուտք գործեց «Былое и думы»-ի մեջ, նախապես լույս էր տեսել «Колокол»-ի 1859 թ. NN 40—41-ում :

Չպիտի ենթադրել, թե միայն արտասահմանում հրատարակվող ռուս /189/ էմիգրանտների օրգանների միջոցով էր Նալբանդյանը ծանոթանում «նիհիլիստական» հայացքների հետ: Նա հնարավորություն ուներ տեւապես հաղորդակից դառնալու այդ հայացքներին նաեւ Ռուսաստանում լույս տեսնող հրատարակությունների եւ, ամենից առաջ, «Современник»-ի միջոցով: Արտասահմանում նա առիթ ուներ հանդիպելու կամ լսելու նաեւ առաջավոր մտքեր քարոզող այլ մարդկանց:

1859 թվականի ուղեւորության ժամանակ նա առիթ էր ունեցել հանդիպել: Արեւմուտքում իրենց ազգի գործերով կամ ընդհանուր մարդկության մասին հոգացող «գեղեցիկ եւ պատվական հոգու տեր մարդերի» [66], իսկ 1861 թվականին հայտարարում էր, թե գիտե հարգել նաեւ Օուենին, Պրուդոնին, Ֆուրյեին եւ այլն [67]:

Ուսանող երիտասարդության «մոլորությունների» դեմ պայքարելու, համար պահպանողական եւ լիբերալ տարրերը չէին շատանում «զրախոսությամբ»: Նրանք ձեռք էին առնում նաեւ ազդու միջոցներ: Հիսունական թվականներին Մոսկվայում եւ Պետերբուրգում ստեղծվեցին հայ ուսանողական կազմակերպություններ: Համալսարանի ուսանողներին թույլ էր տրվել ունենալ փոխօգնության դրամարկղ, գրադարան-ընթերցարան եւ այդ կազմակերպելու համար հատուկ հավաքույթներ՝ ուսանողական «ժողովներ»: Մոսկվայի հայ ուսանողական «ժողովը» հիմնվել էր 1858-59 ակադեմիական տարում: Դա, ինչպես վկայում են ժամանակակիցները, ունեւոր ուսանողների միություն էր, որ նպատակ ուներ օգնել չքավոր ընկերներին [68]: «Օգնության» պիտակի տակ «ժողովը» հայ ուսանողների մեջ տանում էր նաեւ քաղաքական աշխատանք: Ժամանակակիցներից մեկը՝ Աղ. Երիցյանը, գովասանքով է խոսում դրա մասին: «Շատերը, գրում է նա, պատկառանք կրելով ժողովից եւ ընկերական բարոյական դատաստանից վախենալով՝ զսպել են իրենց երիտասարդական կրքերը եւ առհասարակ հեռու են մնացել այն խլրտումներից, որոնց ենթարկվել են մոսկվայաբնակ մյուս ազգությունների պատկանող ուսանողները» [69]: Ժողովի եռուն գործունեության ժամանակամիջոցը 1858–63 թվականներն էին: «Սակայն եւ այդ ժամանակամիջոցին, պատմում է Երիցյանը, Մոսկվայի հայ ուսանողների մեջ կային ոմանք, որ ոչ միայն չէին մասնակցում այդ ընկերությանը, այլեւ ծաղրում էին դրան: Նրանք պնդում էին, թե «ժողովը»՝ ոչ միայն օգտավետ չէ, այլեւ կաշկանդող ու սահման ասիակող հայ երիտասարդների զարգացումը եւ /190/ աշխարհայեցողությունը, եւ այդպես խոսելով, իրանք անտարբեր էին մնում դեպի մայրենի լեզվի ուսումը եւ առհասարակ հայությունը» [70]: «Ժողովի նիստերում, - պատմում է մի այլ ժամանակակից՝ Գաբր. Տեր-Հովհաննիսյանը, ուսանողները զբաղվում էին հայերեն խոսակցությամբ, վիճաբանությամբ, արծարծում էին մի որեւէ գիտական կամ ազգայնական հարց, կարդում էին հայերեն հոդված, թարգմանություն, ռեֆերատ եւ այլն, կազմակերպում էին թատերական ներկայացումներ, զբաղվում էին երբեմն ուսանողական կենցաղի հարցերով եւ այլն» [71]: Հետաքրքրական է «ժողովի» 1859—60 թթ. աչքի ընկած այցելուների անունները, Մն. Թիմուրյան, Հարություն Համասփյուռ, Հայրապետ Վարդազարյան, Տեր-Գրիգորյան, Միք. Շահպարոնյան, Հովհ. Խատիսյան, Գ. Քանանյան, Ս. Ստեփանյան . Ստեփանե), Գ. Տեր-Հովհաննիսյան (Քաջբերունի) եւ այլն:

Ժողովի ուղղությունը որոշելու համար մատնանշենք նաեւ, որ նրա հաճախորդներից երկուսը, Թիմուրյանը եւ Քանանյանը, մտնում էին այն «Գամառ-Քաթիպա» «ուխտի» մեջ, որի երրորդ անդամը Ռ. Պատկանյանն էր: 1860 թ. «ժողովում» կարդացվեց վերջինիս «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմը: Առանց խտրության՝ «ժողովին» հրավիրված էին դասախոսելու Ստ. Նազարյանցն ու Մսերը [72]:

Այս տվյալները բնորոշում են «ժողովի» բնույթը: Եթե, մի կողմից, այդ կազմակերպությունը ազգային զարթոնքի ծնունդ էր, մյուս կողմից՝ ուսանողությունը ռեւոլյուցիոն-դեմոկրատական խմորումներից հեռու պահելու միջոց:

Չնայած դրան, ինչպես երեւում է, ռեւոլյուցիոն տեղաշարժերի այս տարիներին ոչ միայն «ժողովի» շուրջը, այլեւ «ժողովի» ներսում իսկ չկար հայացք» երի ու նպատակների միասնություն, մանավանդ, նրա գոյության սկզբնաշրջանում: Այս է պատճառը, որ Նալբանդյանը եւ իր ընկերները, մուտք գործելով «ժողովը», աշխատեցին ազդել նրա անդամների վրա, կամենալով, կարծես, խախտել Ռ. Պատկանյանի այն նւսխազգուշացումը, թե իրենց «ուխտից» պիտի հեռու պահել «ամեն օյին մարդկանց»: Պատահական չէ, որ Ռ. Պատկանյանի համախոհ Քանանյանը, որին իրայինները հայ ուսանողական ժողովի «Հիմնադիրն» էին համարում, պայքարելով Նալբանդյանի դեմ՝ անվանում էր նրան «ավանտյունիստ» եւ «շառլատան», ակնարկելով դրանով, անշուշտ, նրա քաղաքական «անբարեհուսությունն» ու «նիհիլիզմը», որոնց մասին նրան, մասամբ, նախազգուշացրել էր դարձյալ Ռ. Պատկանյանը: Իր հերթին «Սատանա/191/յի պաշտոնական մեծ հանդեսի» հեղինակը Քանանյանին ուներ նկատի, դուրս բերելով դեւերի արբանյակների մեջ Քանանի ուրվականը [73]: Պայքարը Քանանյանի եւ Նալբանդյանի հետեւորդների միջեւ այնքան զորեղ էր, ըստ երեւույթին, որ դրա արձագանքները չէին մարել անգամ տասնյակ տարիներ անց, երբ արծարծված էր «ժողովի» հիմնադրության 40-ամյակը տոնելու խնդիրը [74]:

Որ Նալբանդյանն անվերապահ մերժողական դիրք չէր ունեցել դեպի «ժողովր», գեթ նրա գոյության սկզբին, քանի դեռ չէր հեռացել համալսարանից կամ կտրվել համալսարանական ընկերների շրջանից՝ երեւում է նրանից, որ «Հյուսիսափայլ»-ում լույս էին տեսնում նրա ստորագրությունը կրող խրախուսանքի խոսքեր «ժողովի» նախաձեռնությամբ կազմակերպված ուսանողական թատերախաղերի մասին: Իր հերթին, «ժողովը» եւս չէր գոցում իր դռները Նալբանդյանի եւ նրա կուսակիցների առաջ: Ժողովի ներսում Նալբանդյանն ուներ ուսանողական իր խոսքը: Ինչպես հաղորդում է Խ. Փորքշեյանը, Հ. Բերբերյանի բերնից ինքը լսած է եղել Մոսկվայի իրենց «խմբի» մասին, ուր «գլխավոր դերը խաղացել են Նալբանդյանը եւ Սուլթանշահը… Եռանդն ու կիրքը Նալբանդյանի մեջ պետքից ավելի էին, Սուլթանշահը նրա հանդեպ կատարում էր «զսպողի» դեր»:

Հ. Բերբերյանը եւ Ան. Սուլթանշահը Նալբանդյանի խմբի աչքի ընկնող դեմքերն էին: Նշում ենք իր ուսանողական տարիներին Նալբանդյանի նրանց հետ ունեցած համագործակցության մասին մեր ունեցած տեղեկությունները:

Բերբերյանը մտել էր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը Նալբանդյանի հետ միաժամանակ՝ 1854 թվականին: «Հյուսիսափայլ»-ի էջերում տպագրվեց Կարամզինի «Թշվառ Եղիսաբեթ» պատմվածքի նրա կատարած թարգմանությունը: Առավել ուշագրավ է 1858 թ. Մոսկվայում՝ նրա լույս ընծայած «Այբբենարան հայկական լեզվի» դասագիրքը: Դասագրքի նյութերն ակնբախ են դարձնում ուսանող Բերբերյանին համակած հայացքներից մի քանիսը: Իբրեւ լուսավորական գաղափարներով տարված իդեալիստ-մտավորական՝ Բերբերյանն ուներ այդ պահին այն համոզմունքը, թե բոլոր մեր ազգային ապաբախտությունքը հառաջացած են տգիտութենից, որի հետեւանքն էր անբարոյականություն յուր սարսափելի մոլորություններով» [75]: Մտահոգված ազգի մանուկների լուսավորության խնդրով՝ նա եւս տուրք էր վճարում ազգի գոյու/192/թյունը պայմանավորող հիմնական երեք գործոնների մասին Նազարյանցի աոաջ քաշած տեսությանը: «Մի ազգի ազգությունը կուլ տալու եւ ոչնչացնելու համար, գրում էր Բերբերյանը, պիտո է խորտակել այդ ազգի հաստատ մնալու երեք սյուները, առաջինը թագավորությունը, երկրորդը կրոնը եւ երրորդը լեզուն. սոքա են այն հիմքերը, որոնց վերա վերաշինվում է եւ հաստատվում է ազգության շինվածքը» [76]:

Ազգաշինության մարզում ընդգծելով կրոնի կոնստրուկտիվ դերը, Բերբերյանը, այնուամենայնիվ, ասում էր, թե՝ «Աշխարհիս երեսը կրոնի համար մարդ զրկելուց եւ վշտացնելուց առավել մեծ բարբարոսություն չկա, որ դուրս է գալիս տգիտութենից եւ կույր մոլակրոնութենից» [77]: Նա դատապարտում է տարամերժ ազգայնությունը եւ հաշտության եզրեր որոնում՝ սկզգության եւ մարդկության գաղափարների միջեւ: «Ընդհանուր պարտականություն է, գրում էր նա, սիրել մարդկությունը, բայց յուր ազգը սիրել հատում եւ սեփական պարտականություն է. պատճառ՝ յուր ազգի մարդկությանը առավելապես մոտ է յուրաքանչյուր մարդ… Թո՛ղ ուրիշի ազգի պատվավոր լինելը եւ ձեր ազգի անպատվությունը ամենեւին պատճառ չտա ձեզ մտածելու փոխել ձեր ազգը…» [78]:

Հայ մանուկների ազգային դաստիարակության համար իր կազմած դասագրքում ակամա տեղ հատկացնելով ազգային պատմության իշխող կոնցեպցիային՝ Բերբերյանը, այնուամենայնիվ, հույս է հայտնում, թե մոտ շամանակներում «մեր ազգասեր եւ ճշմարտապես ազգի վերա սիրտ ցավեցնող գերապատիվ Նազարյանց Վարդապետը» պիտի գրի հայոց պատմությունը, «առանց կողմնապահության, ամենեւին լուսավոր գաղափարներով», քանի որ այն, ինչ գրված է մինչեւ այսօր, «դոքա սատմական արժանավորությունից զրկված բաներ են» [79]: Բերբերյանը դատապարտում էր հայ նեղմիտ հեղինակներին (անշուշտ աչքի առաջ ուներ մխիթարյաններին), որոնք աշխատում են խլել «ազգության եւ լեզված խոսության առաջնությունը ուրիշ… ազգերից» [80]: Տարակույս հայտնելով Մար-Աբասի «Քաղդեական հիշատակարան»-ից քաղված հայոց նախապատմության գիտական արժեքի մասին՝ նա գրում էր. «Մենք կարծում ենք, որ բովանդակ աշխարհի երեսին պատահած իրողությունքը, տեսակ տեսակ հնությունների հիշատակարանքը, պետք է որ քաղդեականի չափ արժեք ունենան փոքր ի շատե խելապատակումը բանականություն ունեցող մարդերի համար: Ցանկանում ենք, որ այս խնդիրը ամենեւին /193/ լուսավոր գաղափարներով քննվեր, արժանի բան լիներ լուսավորյալ Եվրոպայոց առաջ եւ կարդալու առանց կարմրելու եւ ամաչելու» [81]:

Այս մտքերը կարող են առիթ տալ կարծելու, թե ուսանողական իր տարիներին Հ. Բերբերյանը գտնվում էր ավելի շուտ Նազարյանցի, քան Նալբանդյանի գաղափարական ազդեցության տակ: Իրողությունն այն է, սակայն, որ նա դրվատում էր Նազարյանցին նրա այն մտքերի համար, որոնց ժամանակին ձայնակցել էր նաեւ Նալբանդյանը: Մասնավորապես ազգային պատմության խնդիրների նկատմամբ Բերբերյանը պաշտպանում էր հայացքներ, որոնք, ինչպես պիտի տեսնենք, արծարծում էր հենց Նալբանդյանը: Քննադատելով մխիթարյանների ազգայնամոլ հայացքները՝ մի ժամանակ Նալբանդյանը եւս Նազարյանցից էր ակնկալում հայոց պատմության գիտական լուսաբանությունը [82]:

Արդեն իսկ այս փաստերը բավական են գիտակցելու, որ տարիներ առաջ մեղանչում էինք ճշմարտության դեմ, կարծելով, թե Բերբերյանի. եւ Նալբանդյանի գաղափարակցությունը սահմանափակվում էր սոսկ նորնախիջեւանյան խնդիրների շրջանակով [83]: Նյութերի ուշադիր քննությունը համոզում է, որ Բերբերյանը մեկն էր այն գործիչներից, որոնք սերտ կապ ունեին նույնիսկ Նալբանդյանի ռեւոլյուցիոն գործունեության հետ: 90-ական թվականներին, պատմելով Եր. Շահազիզին իր հիշողությունները, Բերբերյանը խոհեմորեն լռում էր Նալբանդյանի ռեւոլյուցիոն գործունետության մասին, ասելով, թե «իմ բերանը փակ է այն օրից, երբ նոկան (իմա՝ Նալբանդյանին, Ա. Հ. ) բռնեցին» [84]: Ըստ երեւույթին, նա ոչ միայն տեղյակ էր Նալբանդյանի ռեւոլյուցիոն խոհերին ու գործունեությանը, այլեւ անձնապես համախոհ ու գործակից էր եղել նրան. Բերբերյանը նախազգուշանում էր բերան բացելու այդ մասին, հավանորեն երկյուղ կրելով, թե դրանով կարող է վտանգի ենթարկել թե՛ իրեն եւ թե՛ ուրիշներին: Այս հանգամանքը պարզ է նաեւ այն փաստից, որ Նալբանդյանի ձերբակալումից հետո նա շտապել էր ջնջել Նալբանդյանի հետ ունեցած իր նամակագրության հետքերը: Հ. Բերբերյանի որդիներից մեկը, գրականագետ Մ. Բերբերյանը, հիշատակելով Նալբանդյանի կորած նամակները, նշում է. «Բավականի շատ նամակներ ունեցել է իմ հայրը, բայց` վաթսունական թվականներին ոչնչացրել է» [85]:

Թե որքան վտանգավոր էին համարվում Նալբանդյանի նամակները, /194/ երեւում է ի դեպ այն փաստից, որ անգամ 1894 թվականին, տրամադրելով Հ. Բերբերյանին Նալբանդյանի իր մոտ գտնված նամակները՝ Անանիա Սուլթանշահը խնդրում էր, որ եթե հարկ լինի տպագրության տակ Հնդկաստանից իրեն՝ Սուլթանշահին հասցեագրված նամակը, դուրս ձգեք դրա մեջ հանդիպող «ազատամիտ» բառը [86]:

Դժբախտաբար, շատ բան չէ հասել մեզ նաեւ Նալբանդյանի եւ Ան. Սուլթանշահի ուսանողական ժամանակաշրջանի համագործակցության մասին:

1859 թ. Անանիա Սուլթանշահը տպեց «Հյուսիսափայլ»-ում «Հայոց ազգի լուսավորիչքը» պիեսը, որ Խալիբյան դպրոցի եւ Լազարյան ճեմարանի «ազգային լուսավորիչների» Այվազովսկուն, Գ. Քանանյանին (Մադամյան) եւ այլոց ծաղրող մի կատակերգություն էր, որի խմբագրմանը մասնակցել էին նաեւ Նալբանդյանն ու Ս. Շահազիզյանը [87]: Պիեսը զուրկ չէր գրական ուրույն արժեքից, թեպետ «հայացնում» էր «Современник»-ի 1859 թ. N 9-ում տպված Ս. Ն. Ֆեոդորովի «Воспитатели» թատերական գրվածքը: Հակառակորդները Սկայորդին . Մսերյանը) «Մեղու Հայաստանի»-ում եւ ավելի ուշ նաեւ Ա. Երիցյանը «Փորձ»-ում հարձակվեցին Նազարյանցի վրա այդ «պլագիատի» առթիվ: Ներկայիս այդ պիեսը մասամբ արժեք ունի հենց իր «պլագիատ» լինելու հանգամանքով, կոնկրետ մի փաստ է այդ, որ մատնում է Չերնիշեւսկու օրգանի ազդեցությունը Նալբանդյանին շրջապատող «փղշտացիներին» վրա: Ուշագրավ է միաժամանակ, որ Սուլթանշահի այդ պիեսի բեմադրվեց Մոսկվայի ուսանողական ուժերով, հանգամանք, որ ցույց է տալիս, թե ուսանողական «ժողովի» ներսում այդ պահին բացակայում էր կարծիքների այն միասնությունը, որին հետամուտ էին նրա ռետրոգրադ ղեկավարները:

Դրությունը փոխվեց համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսին հաջորդող տարիներին: Նալբանդյանը կալանքի տակ էր, նրա հետեւորդները՝ ցաքուցրիվ եւ անկարող բացահայտորեն նժարի վրա նետելու նրա կենդանի եւ անմիջական ազդեցությունը: Ուսանողական «ժողովում» կարող էր ապահովված համարվել քանանյանականների մենատիրությունը: Կարծում ենք, որ նրա գաղափարների դեմ գրոհի անցած հակառակորդների տրամադրությունների ծայրահեղ արտահայտություններից մեկն էր հենց Գ. Պատկանյանի «Փայտի ձիու վրա նստած հառաջադիմություն» պամֆլետը, ավելի ճիշտ՝ պասկվիլը:

Այդ ակներեւ է, մանավանդ, Մոսկվայի «ժողովի» նմանությամբ Պե/195/տերբուրգում ստեղծված «ժողովի» օրինակից: Վերջինս հաշվի էր առնում ռեւոլյուցիոն-դեմոկրատական միջավայրում իշխած բնագիտական գաղափարներն ու մատերիալիստական ուսմունքները: Դարվին, Հելմհոլց, Ֆոխտ, Բոկլ, Պիսարեւ եւ այլն ահա անուններ, որոնք շրջանառության մեջ էին այդ ժամանակ: Հարկավոր էր իրազեկ լինել դրանց հայացքներին, ասում էին այդ ժամանակ հայ «ազգասերները», «ժամանակից հետ չմնալո» եւ, մանավանդ, «ծայրահեղ հետեւություններից» հայ ուսանող մասսան զերծ պահելու համար: Խոսելով Պետերբուրգի «ժողովի» այս շրջանի գործունեության մասին՝ Երիցյանը շեշտում է, որ այդ կազմակերպությունը եւս «կարողացավ շատերին հետ պահել այն նորագույն ուղղություններից եւ խլրտումներից, որոնց ենթակա եղան նույն ժամանակվա ուրիշ ազգությունների ուսանողները: Հետ չմնալով բոլորովին գիտությունից եւ ուրիշներից ոչ պակաս ծանոթ լինելով Բոկլի, Դարվինի, Բյուխների, Մոլեշոտի եւ այլոց, ինչպես նաեւ ռուսաց Պիսարեւի եւ հետեւողների գրվածների հետ, հայոց շրջանը կարողացավ իրեն զսպել տիրապետող շարժումներից» [88]: Զբաղված հայոց լեզվի, գրականության ու պատմության հարցերով եւ շոշափելով մանկավարժական, գիտական ընթացիկ խնդիրներ՝ «ժողովին նիստերին արդեն իսկ 1864 թ. կարդացվում էին Տաճկահայաստանից եւ այլ վայրերից ստացվող նամակներ, որոնք կոնկրետ նյութ էին մատակարարում հայկական այս կամ այն հատվածի քաղաքական կամ տնտեսական դրությանն անդրադառնալու համար [89]: Ուսանողներից զատ, «ժողովին» մասնակցում էին հաճախ Պետերբուրգի հայ գաղութի անդամները: Ազգային-քաղաքական սալոնի կերպարանք առած սայս կազմակերպության նույն տարվա արձանագրությունների մեջ հիշատակվում են մի շարք ծանոթ անուններ՝ Կ. Եզյան, Անդրեաս եւ Գրիգոր Արծրունիներ, Գեւորգ Եվանգուլյան, Ղ. Աղայան, Բ. Թավաքալյան, Աբգ. Հովհաննիսյան, Մարտիրոս Սիմեոնյան եւ այլն [90]: Հետզհետե դրանց միանում են Ռ. Պատկանյանի, Մ. Միանսարյանի, Ա. Երիցյանի եւ այլոց անունները: Ղ. Աղայանը հիշում է նաեւ այս «ժողովին» մասնակցած Ռ. Ջալալյանին, Ավ. Բաբայանին եւ Սենեքերիմ Արծրունուն: Նպաստում է «ժողովին» նյութապես Մ. Սանասարյանը [91]: Անդրեաս Արծրունու՝ 1867—70 թվականներին Եզյանին գրած նամակներից երեվում է, որ անցնելով արտասահման՝ Արծրունի եղբայրները շարունա/196/կում էին վառ հետաքրքրություն պահպանել Պետերբուրգի «ժողովի» նկատմամբ:

Բոլոր տվյալներից երեւում է, որ՝ Պետերբուրգի հայ ուսանողներին եկեղեցու եւ ազգության տրադիցիտն հեղինակությունների շրջանում պահպանելու գլխավոր հոգսն ընկնում էր Եզյանի վրա: Եզյանի միջոցով է հենց, որ Սանասարյանը նյութապես օժանդակում էր «ազգասեր» ուսանողներին: Հովանավորությունից զրկվում էին բոլոր «մոլորվածները»: Աղայանը պատմում է, որ Եզյանը դիմաշրջվեց` իրենից, նկատելով, որ երիտասարդ գրողը տարվում է «եվրոպական իզմերի եւ իստերի» նոր հովերով: Մի այլ տեղ Աղայանը վկայել է, որ այդ ժամանակ ինքը շոշափված է եղել ռուսական «նիհիլիզմի» հովերից: 60-ական թվականների կեսերին վրա հասած ռեակցիայի պայմաններում նման «շեղումները» մեծ ծավալ չէին ընդունում. հարկավ, իր հերթին, «ժողովի» անդամների մեծ մասը հետագայում եւս հավատարիմ մնաց Եզյանի ուղղությանը: «Մշակ»-ի հրատարակման սկզբում Գր. Արծրունուն շրջապատում էին Պետերբուրգի «ժողովի» նրա ընկերակիցներից շատերը: Նույն այդ ժամանակ Եզյանին ուղղված իր նամակներում Գր. Արծրունին օժանդակություն եւ բարյացակամ վերաբերմունք էր խնդրում Եզյանից դեպի իր թերթը: Եզյանի ա ռաջ Անդրեաս Արծրունին տրտնջում էր Վենետիկից, թե մխիթարյան հայրերը, Ղ. Ալիշան եւ մի ուրիշը՝ Հ. Հովհաննես (երեւի՝ Սործուճյանը, Ա. Հ. ), կա՛մ չեն հետաքրքրվում ազգային-քաղաքական խնդիրներով եւ կա՛մ էլ, բաղդատելով երկու պետությունները Թյուրքիան եւ Ռուսաստանը գերադասելի են համարում վերջինս, քանի որ, նրանց կարծիքով, «ռուսաբանակ» հայերն ավելի կրթություն կստանան եւ ավելի օգտակար կարող են լինել, քան «տաճկաբնակ» հայերը: Ա. Արծրունին դժգոհ էր, որ մխիթարյանները ջանք չեն գործ դնոա խորհելու «երկրորդ ճանապարհի վրա», այսինքն՝ Հայաստանի ազատագրման ճանապարհի վրա, որ նախընտրելի էր համարում Եզյանը եւ «որը երկուսեն լավագույնն է» նաեւ իրա՝ Անդրեաս Արծրունու կարծիքով [92]:



[1]     Վ. Ի. Լենին, Երկեր, 111, Եր. 314 եւ հետ:

[2]     Հմմ. Վերջը կիմանաք, Միջնավեպք հայոց ազգի պատմության, ՍՊԲ, 1863, էր. 74 եւ հետ. ։

[3]     Հմմ. Եր. Շահազիզ, Պատմական պատկերներ, եր» 182 եւ հետ, եւ «Խորհրդային գրականություն», 1935, N 2, էր. 152:

[4]     Հմմ. Ե. Լ. Ժ., 1, եր. 347 եւ հետ., 206 եւ հետ., IV, եր. 321 եւ հետ.:

[5]     Ե. Լ. Ժ., 1, եր. 355։

[6]     Ռ. Պատկանյան, Երկեր, եր. 734:

[7]     Այստեղ հիշատակված փաստերն առավելապես վերցրել ենք Նոր-Նախիջեւանի եւ Հյուսիսային Կովկասի հայ գաղթավայրերի անցյալին լավատեղյակ Խ. Փորքշեյանի մեզ հաղորդած տեղեկություններից

[8]     Վ. Ի. Լենին, Երկեր, XVII, եր. 87:

[9]     Ե. Լ. Ժ., 1, եր. 345։

[10]   Նույն տեղը, IV, եր. 222 եւ հետ.:

[11]   Եր. Շահազիզ, Նոր-Նախիջեւանը եւ նոր-նախիջեւանցիք, Թիֆլիս, 1903, եր, 173 եւ հետ.:

[12]   Նույն տեղը, եր. 117:

[13]   Օգտվում ենք Նախիջեւանի քաղաքային համայնքի կողմից Կովկասի փոխարքա Մ. Ս. Վորոնցովին ուղարկված խնդրագրից, որի պատճենը ստացել ենք բժ. Մ. Աթոյանից:

[14]   Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, 1849 թ., թղթապ. N 144, վավ. N 290, Հմմմ. նույն տեղը, եր. 314:

[15]   Հմմ. Ե. Լ. Ժ., 1, եր. 360:

[16]   Հմմ. Գ. քահ. Պատկանյան, Նոր-Նախիջեւանի պատմությունը, եր. 108:

[17]   Եր. Շահազիզ, Նոր-Նախիջեւանը եւ նոր-նախիջեւանցիք, եր. 191 եւ հետ.:

[18]   Նույն տեղը, եր. 192:

[19]   Նույն տեղը:

[20]   «Դիվան», եր. 357 եւ հետ.

[21]   Հմմ. Աղ. Երիցյան, Պատմություն 75-ամյա գոյության եւ այլն, եր. 474 եւ հետ. ։

[22]   Հմմ. Ե. Լ. Ժ., 1, եր. 280 եւ II, եր. 232 եւ հետ.:

[23]   Հմմ. նույն տեղը, I, եր. 338 եւ հետ. ։

[24]   Այվազյան, Պատմութ. Խալիբյան ուսումնարանին ազգիս հայոց, եր. 132 եւ հետ.:

[25]   «Արշալույս Արարատյան», 1867, N 819-20։

[26]   Այվազյան, նույն տեղը, եր. 292:

[27]   Նույն տեղը, եր. 292 եւ հետ.:

[28]   Ջալալյան, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, II, Եր. 462 եւ հետ.:

[29]   «Դիվան», եր. 357:

[30]   Տե՛ս Սենատական գործ, 2, եր» 348 եւ հետ.:

[31]   Այվազյան, Պատմություն Խալիբյան ուսումնարանին, եր. 367:

[32]   Վ. Ի. Լենին, Երկեր, XI, եր. 426:

[33]   «Անտիպ երկեր», եր. 378:

[34]   ՀՍՍՌ Գրականության թանգարանի նյութերից:

[35]   Տե՛ս 1862 թ. ապրիլի 9-ին Հ. Սայաթնովյանին գրած նամակը, «Հանդես գրականության եւ պատմության», գիրք III, եր. 136

[36]   Հմմ. «Դիվան», եր. 301 եւ հետ., 333 եւ հետ., Նալբանդյանի՝ 1864 թ. հունվարի 1-ին Ա. Սուլթանշահին գրած նամակը եւ վերջինիս նամակը Գր. Նալբանդյանին:

[37]   Հմմ. Ե. Լ. Ժ., IV, եր. 232 եւ հետ.:

[38]   Նույն տեղը, եր, 137:

[39]   «Լումա», 1905, N 5, եր. 113 եւ հետ.:

[40]   Նույն տեղը, N 6–7, եր. 111:

[41]   «Радуга», 1862, N 3, էջ 130 եւ հետ.:

[42]   Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 660:

[43]   ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. N 149, վավ. . 6:

[44]   Հմմ. Իզմիրլյան Մ., Տեղեկագիր կաթողիկոսական երկրորդ հանձնաժողովոյ առ ազգային ընդհանուր ժողովն, Կ. Պոլիս, 1883, եր. 62 եւ հետ.:

[45]   Տե՛ս «Մեղու», 1865, N 267:

[46]   Պ. Պռոշյան, Հուշիկներ, եր. 253:

[47]   Տե՛ս Ղ. Աղայան, Երկեր, III, Եր. 42 եւ հետ.:

[48]   Տե՛ս Եր. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, Մոսկվա, 1897, եր. 73:

[49]   Կոչի երկու ընդլայնված օրինակը, Ռ. Պատկանյանի ձեռքով արտագրված, հանդիպում ենք նրա արխիվում (ՀՍՍՌ Գրականության թանգարան, Պատկանյանի արխիվ, թղթապ. N 248):

[50]   ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թղթապ. N 137, վավ. N 67, թ. :

[51]   ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. N 149, վավ. N 28:

[52]   «Լումա», 1904, N 6, եր. 269:

[53]   Հմմ. Институт Востоковедения AH CCCP, Կ. Եզյանի արխիվային թղթերը։

[54]   Այվազյան, Պատմություն Խալիբյան ուսումնարանին, եր. 395:

[55]   Հմմ. Ե. Լ. Ժ., 11, եր, 377-80:

[56]   «Լումա», 1903, N 6, եր, 84:

[57]   «Նոր-դար», 1891, N 138:

[58]   Ե. Լ. Ժ., IV, եր. 162:

[59]   «Колокол», 1862, No 162.

[60]   «Голос минувшего», 1915, եր. 216:

[61]   Հմմ. «Колокол», NN 127 եւ 128:

[62]   Տե՛ս «Գաղափար», Աթենք, 1894, N 2, եր. 144:

[63]   Հմմ. Եր. Շահազիզ, Տեր-Գաբրիել Պատկանյանց, եր, 115 եւ «Տեղեկագիր Գիտ. եւ Արվեստի ինստիտուտի», N 5, եր. 17 եւ ետ.: Դժվար է ասել, թե վերջին դեպքում ո՞ւմ նկատի ուներ Գ. Պատկանյանը: Հնարավոր է, որ աչքի առաջ ուներ Անանիա Սուլթանշահին ու Հովհաննես Բերբերյանին, որոնք հաճախ լինում էին արտասահմանում:

[64]   «Մուրճ», 1905, N 4, եր. 65:

[65]   Տե՛ս Ե. Լ. Ժ.,, եր, 506։

[66]   Նույն տեղը, 1, եր. 412:

[67]   Նույն տեղը, III, եր. 17:

[68]   Հմմ. «Մեղու Հայաստանի», 1865, եր. 110, ուսանող Եղիա Բաստամյանի նամակը:

[69]   Աղ. Երիցյան, Նյութեր հայոց պատմության համար, Ա, Թիֆլիս, 1890, եր. 56:

[70]   Նույն տեղը, եր. 57:

[71]   «Արարատ», 1916, եր. 714:

[72]   Տե՛ս նույն տեղը, եր. 713 եւ 717:

[73]   Հմմ. Ե. Լ. Ժ., 1, եր. 213 եւ հետ.:

[74]   Հմմ. Եր. Շահազիզ, Սմբ. Շահազիզյանի կենսագրությունը, եր. 74:

[75]   Հ. Բերբերյան, Այբբենարան հայկական լեզվի, Մոսկվա, 1858, եր. 42:

[76]   Նույն տեղը, եր. 37:

[77]   Նույն տեղը, եր. 31:

[78]   Նույն տեղը, եր. 32։

[79]   նույն տեղը:

[80]   Նույն տեղը, եր. 34։

[81]   Նույն տեղը:

[82]   Տե՛ս Ե. Լ. Ժ., II, Եր. 42:

[83]   Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 721:

[84]   Եր. Շահազիզ, Մեր քննադատները Մ. Նալբանդյանի կենսագրության մասին տե՛ս «Տարազ», 1900, եր. 232:

[85]   «Լոմա», 1901, 2, եր. 174:

[86]   ՀՍՍՌ Գրականության թանգարան, Մ. Բերբերյանի արխիվ:

[87]   Հմմ. Ս. Շահազիզյան, Ամառնային նամակներ, Մոսկվա, 1897, եր. 175:

[88]   Աղ. Երիցյան, նույն տեղը, եր. 58:

[89]   Տե՛ս Ստեսար., Պետերբուրգի հայ կազմակերպված 50-ամյակը, «Հորիզոն», 1913, N 283:

[90]   Նույն տեղը,

[91]   Ղ. Աղայան, Երկեր, III, եր. 72 եւ հետ., 145:

[92]   Քաղել ենք նամակի բնագրից, որ հանդիպել ենք Կ. Եզյանի՝ Инст. Востоковедения AH CCCP-ում պահված արխիվում: