Յիշատակարան Կոմս Էմմանուէլի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԴ.

1860 թ. Յունիս:

Պ․ Չերքեզեանցի հայհոյութիւնքը. Պ. Խուդաբաշեանի գիրքը. Պ. Բաբկէնեանցի նամակը. Սկայորդու տարածած լուրերը․– «Հիւսիսափայլը» եւ Յիշատակարանս. Կ. Պոլսի Հայոց եւ Յունաց պատրիարքների փոփոխութիւնքը:

 

§1. Մեզ գրում են, թէ ինչո՞ւ համար լուռ մնացինք՝ կարդալով Տէր-Մանդինեանցի «Մեղուի» մէջ (համար 13) Պ. Չերքեզեանցի հայհոյութիւնքը, որ ամենայն առատութեամբ թափում էր «Հիւսիսափայլի» թէ՛ հրատարակողի եւ թէ՛ նորա գործակիցների վերայ:

§2. Մեզ գրում են, թէ ի՛նչ պատճառով մինչեւ այժմ մի քանի բառ չխօսեցինք Պ. Խուդաբաշեւի «Обозрение Арменіи» մակագրով գործի վերայ, մինչդեռ շատ նիւթ կար այնտեղ Յիշատակարանիս համար:

§3. Մեզ գրում են, թէ ո՛ր զանցառութեան պատճառով չմերժեցինք լուրերը, որ Ճռաքաղից յետոյ (Հոկտեմբերի 17-ին) ծնած Սկայորդին քանի մի անգամ հրատարակեց Տէր-Մանդինեանցի «Մեղուի» մէջ, որպէս թէ «Հիւսիսափայլը» խափանուելու էր, որպէս թէ մեք, հեռանալով հրատարակողի գործակցութենից, դադարել էինք աշխատելուց եւ թէ ինչո՛ւ մինչեւ այժմ չյայտնեցինք մեր երկարատեւ լռութեան պատճառը:

§4. Մեզ գրում են, թէ ինչո՛ւ համար Յիշատակարանս կամ «Հիւսիսափայլը» չէ նուիրում այնքան ուշադրութիւն բուն ազգային խնդիրների, որքան լցնում է իւր էջերը կա՛մ ընդհանուր լուսաւորութեան վերաբերեալ բաներով, կա՛մ շատ եւ շատ հարեւանցի քերուելով ազգային խնդիրների մօտից:

Այս չորս խնդիրքը հասել են մեզ բազմաթիւ նամակներով, թէպէտեւ առ ի սրտէ պատրաստ էինք յարգել մեր ազնուամիտ թղթակիցքը՝ պատասխանելով նոցա հարցմունքին, բայց ֆիզիկական անկարելութիւնը՝ առանձին պատասխանել այդ բոլորին, յաղթահարում է մեզ եւ հարկադրում է դիմել դէպի մամուլի օգնութիւնը: Այս պատճառով եւս որոշեցինք Յիշատակարանիս միջնորդութեամբ խօսել, ուր մաքուր խղճմտանքով կ՚աշխատենք հանդէս հանել մեր պատճառները եւ կերպարանագործել մեր հայեացքը, որ ունէինք այս առաջարկած խնդիրների մասին:

§1. Պ. Չերքեզեանցին յարգութիւն ցոյց տուած պիտի լինէինք՝ պատասխանելով նորա գրուածին։ Բայց մեք կարող չէինք յարգել մի մարդ, որ պարսաւ էր գրում փոխանակ կրիտիկայի եւ մի գործ քննելու տեղ, անդուռն բերանով հայհոյում էր այդ գործի հեղինակը: Եթէ նորա գրածը լինէր մի այնպիսի բան, որի օրինակը տեսուած լինէր որեւիցէ քաղաքակրթեալ ազգի դպրութեան մէջ, անշուշտ, կը հարկադրուէինք պատասխանել, բայց Պ. Չերքեզեանցի գրուածի մէջ, բացի անամօթ հայհոյութենից, բան չգտանք, ուստի եւ հարկ եղաւ լռութեամբ մերժել, որ պատասխանելով մի գուցէ մեք եւս ընկերանայինք արժանի գրուածի արժանի հեղինակին:

Եւ ինչ հարկ կար պատասխանելու մի գրուածի, մինչդեռ հասարակաց կարծիքը դատապարտեց նորա հեղինակը: Ճշմարիտը խօսելով՝ մեք անչափ ուրախացանք՝ տեսանելով մի այդպիսի թէ՛ գրողին եւ թէ՛ հրատարակողին արժանի յօդուած: Պարոնը, շատ ժամանակից սկսած, լրացեալ եւ անթերի իմաստութիւն վաճառելով մի տեսակ մարդերի, մանաւանդ պանդոկների անկիւններում, կարծիք էր տարածել ամբոխի մէջ իւր գերածայրեալ լուսաւորութեան մասին: Հնարը, որով Պ. Չերքեզեանցը կարողացել էր ներկել անդաստիարակ եւ անկիրթ պարոնների աչքեր, եղած էին նորա անյագ չարախօսութիւնքը այս կամ այն պարոնի վերայ՝ հրատարակելով սորանց տգէտ եւ առաթուր կոխելիք իւր բարձրագոյն գիտութեան ոտքի տակ:

Այս բանին մեծապէս օգնել էր նաեւ այն սոփեստական քննութիւնը ռուսաց լեզուով Հայ Քերականութեան վերայ, որ Պ. Չերքեզեանցը հրատարակել էր՝ ցոյց տալու համար իւր գիտութիւնը հայկական լեզուի մէջ: Մի քանի բազմադէմ կամ, աւելի լաւ է ասել, անդէմ մարդիկ փոքր էր մնացել, որ կիսաստուածների կարգը դասէին այդ քննութեան հեղինակը [1]: Դոցա մէջ էր գտանուել եւ մեր բարեկամներից մինը, որ 1853 թուականից սկսած, շատ անգամ գովելով մեզ այդ անզուգական գիտնականը, յորդորում էր մեզ մօտենալ դորան։ Բայց մեք, վաղուց արդէն հասկացած լինելով մեր բարեկամի գովասանած մարդու որպիսութիւնը, հրաժարուելով հրաժարուել էինք այդ բարեկամի առաջարկութենից՝ միեւնոյն ժամանակ չկարողանալով թաքուցանել մեր սրտի ցաւը մեր սիրելի բարեկամի պարզամտութեան եւ անփորձութեան մասին:

Ինչեւիցէ, Պ․ Չերքեզեանցը, ահա այսպիսի կերպերով հիմնելով իւր փառքի կոթողը վերոյիշեալ մարդերի ուսերի վերայ, աւելի քան թէ քսան տարու մէջ չէր դադարում հողմ արածելուց: Պ. Չերքեզեանցը իւր բոլոր կեանքում միշտ գտանուել է վարագուրի քամակում եւ իւր հսկայական գիտութեան ապացոյցքը գրաւորական կերպով բերած դրած չէ հանդիսի մէջ, որ հասարակութիւնը կարող լինէր բան հասկանալ եւ չհաւատալ այնուհետեւ չար լեզուների խօսածին, թէ «դատարկ տակառը մեծ ձայն է տալիս»:

Պարոնը մինչեւ այժմ երկու տող բան գրած մարդ չէ. համբերում էր…

Վերջապէս «հատել է նորա համբերութիւնը», պիտոյ էր տպագրութեամբ հայհոյել։ Եթէ այդպիսի ծայրագոյն իմաստասիրութեան համար արծաթ եւս վճարող չլինի… գո՛նէ, մի քանի տարի ժամանակով, դարձեալ կ՚ապահովէ իւր գիտութեան համբաւը, որ սկսել էր արդէն գունաթափուիլ:

Ի՛նչ կ՚ըլլայ եղեր:

Բայց արդեօք այդ գրուածովը հասա՞ւ գրողը իւր նպատակին, կարողացա՞ւ բժշկել մի քանի սրտի խոցուածք:

Արհեստաւորը, կատարելով իւրեան ապսպարուած գործը, կարօտութիւն չունի մտանել այն խնդրի մէջ, թէ ի՛նչ չափով պիտանի էր այդ գործը ապսպարողին: Նորանից խնդրում են կօշիկ, նա կարում է. մանաւանդ եթէ ապսպարողը եւս իւր կողմից երբէք մտածել չէ այն բաների արժանաւորութեան վերայ, որ գործակատարը յանձն էր առել պատրաստել:

Ուրեմն, уплата той же монетой!

Անտարակո՛յս:

Արժանաւոր հատուցումն:

Մեք կտրում ենք այս մասնաւոր խօսակցութեան թելը, որ մի տան անկիւնում երկու մարդու մէջ կար: Մեք դառնում ենք դէպի հասարակութիւնը, որի համար, գո՛նէ արտաքին ձեւով, տպուել էր այդ գործը. մեք կամինք այստեղ նկատել դորա հետեւանքը վերաբերութեամբ դէպի հեղինակը:

Հասարակութիւնը միաբերան մերժեց այդ հայհոյութիւքը, այլեւ հալածեց հեղինակի գլխից այն կախարդական լուսակամարի երեւոյթը, որի մէջ մի քանի մարդերի աչքում պատկերանում էր պարոնը: Հասարակութիւնը իրաւունք տուեց այն բոլոր մարդերին, որ երբեւիցէ բամբասուած էին Պ. Չերքեզեանից. հասարակութիւնը ստուգապէս ճանաչեց այժմ նորան իւր գրուածից: Վարագոյրը յետ քարշուեցաւ, եւ հերոսը գտանւում է թատրոնաբեմի վերայ։ Ո՛վ կը համարձակուի բերան բանալ. խոստովանիմ եւ հաւատամ:

Չենք կարող ուրանալ, որ այդ գրուածը հաւանելի էր եղել մի թեթեւամիտ պառաւի, որ երբեմն մի քանի կեղծաւոր մարդերի բերանով համեմատուել էր Հոմերոսի եւ Միլտոնի հետ (որպիսի՛ սրբապղծութիւն)։ Բայց մի՞թէ ստոյգ չէ առածը. «Նման զնմանն սիրէ»: Դարձեալ պիտոյ է ասենք ճշմարտութեան պարծանքի համար, որ այդ պառաւը իւր վայրիվերոյ խօսակցութեան պատուհասը ընդունեց մի կտրիճ բանասէրից մի բազմութեան մէջ, մինչեւ որ անուանուած Հոմերոսը ինքը ուրախութեամբ ընտրեց Զաքարիայի իննամսեայ լռութիւնը:

Չենք ուրանում նոյնպէս, որ Պ. Չերքեզեանի գործը շատ եւ շատ հաճելի էր եղել մի այլ երկակենցաղ պարոնի, որ թէեւ ատում էր գործի հեղինակը, բայց, աւելի մեծ ատելութիւն ունենալով դէպի «Հիւսիսափայլի» գործակատարքը, այնքան ուրախացել էր, որ մինչեւ անգամ ոգեւորուել էր… Բայց զարմանում ենք, թէ ինչպէս «Կոտրած ոտքով կովի» անմահ տաղերգուն մի տաղ չէ ասել Պ. Չէրքեզեանցի յիշեալ հսկայական քաջագործութեան վերայ:

«Մեղուի» 13-երորդ թերթը հրատարակուելուց յետոյ մեք բաւական միջոց քննեցինք այն տպաւորութիւնքը, որ այդ գրուածը արեց հասարակութեան վերայ, եւ տեսանելով, որ ժողովուրդը զզուելով մերժեց եւ դատապարտեց, մեք հասանք մեր վճռական նպատակին:

Մեր սիրտը եւ հոգին վկայում է մեզ մեր գործի արդարութիւնը: Այս վկայութիւնը հերիք մխիթարութիւն է մեզ եւ անսպառելի աղբիւր մինչեւ ի մահ գործականութեան:

Մինչեւ այսօր չենք նայած ուշադրութեան անարժան արգելառիթների վերայ։ Այսուհետեւ եւս նայողը չենք՝ կտրելով մեր ճանապարհը հայկական քարերի եւ փուշերի մէջ:

Նախատինք համարելու էինք մեզ «Մեղուի» եւ նորա համախոհների գովեստը, եթէ դոքա մի օր սխալուելով տալու լինէին մեզ, նախատինք համարում ենք ներկայումս եւ պիտի համարենք ապագայում, ըստ որում, չենք կարող մեր անձը չանարգել՝ թոյլ տալով մեզ ընդունել այդպիսի գովեստներ: Մեծ ուրախութիւն է, որ այդպիսի մարդիկ հայհոյում են մեզ, եւ ներկայումս շատերը բացերեւ տեսանում են «Հիւսիսափայլի» եւ «Մեղուի» ուղղութիւնքը:

Տհաճ չենք՝ տեսանելով սեւ բամբասանքի գունդերը մեր վերայ յարձակուած: Հայհոյութիւնքը, որ բղխում են Հայ սրտերից եւ դուրս են երեւում Հայ մամուլներից, մեք համեմատում ենք այն նեխած շարաւի հետ, որ այսքան դարերով հաւաքուել է հայկական հիւանդ կազմուածքի մէջ: Մարդասէր վիրաբոյժը տեղիք չունի բարկանալու, եթէ մի մահառիթ խոց կամ ուռոյց կտրելու ժամանակ արիւն ու թարախ էր զարկում այնտեղից նորա երեսին: Վիրաբուժի խորհուրդն է դուրս բերել հիւանդի կազմուածքից այդ ապականութիւնքը:

Իջանելով Հայ դպրութեան ասպարէզը՝ մեք գիտէինք, որ դարաւոր տգիտութիւնը պատերազմ պիտի յայտնէ գիտութեանը, որին լինելով մի լոկ սպասաւոր՝ օրհնեցինք եւ ընդունեցինք այդ պատերազմը:

Անհնարին էր, որ ուրիշ ազգերի մէջ պատահածը չպատահէր եւ մեր մէջ. այս րոպէում անչափելի է մեր ուրախութիւնը, ըստ որում, Հայութիւնը մի քայլափոխ արել է արդէն:

Թշնամութիւնքը չունին այն զօրութիւնը, որ կարողանային մոլորեցնել մեզ մեր ուխտեալ ճանապարհից. մեր աստղը քարշում է մեզ դէպի այդ խորհրդական ճանապարհի ելքը, եւ մեք հետեւում ենք այդ ճակատագրական ձգտողութեանը:

Երանի էր մեզ, եթէ ունենայինք խելացի հակառակորդք, բայց, որպէս Հայ, զրկուած ենք ներկայումս այդ պարծանքից:

Չկամինք առաւել խօսել Պ. Չերքեզեանի գրուածի պատճառով, այլապէս դէպի չարը պիտի գործ դրած լինէինք ընթերցող հասարակութեան համբերութիւնը՝ ձանձրացնելով նորա սիրտը մեր աւելի երկար դադարելովը մի անխորհուրդ ունայնաբանութեան վերայ, որ իւր սրտի յաւելուածից բաշխել էր պարոնը «Մեղուի» հասարակութեանը:

Յաջողութիւն մաղթելով Չերքեզեանցին՝ Պ. Նազարեանցի պատճառով գրելու գրքի մէջ, դառնում ենք դէպի երկրորդ խնդիրը, որ արել էին մեզանից:

§2. Երբ առաջին անգամ դուրս երեւեցաւ Պ. Խուդաբաշեւի գիրքը, մեք հարկադրուեցանք կարդալ նորան ակամայ, ակամայ կարդում էինք՝ յառաջուց ճանաչած լինելով պարոնի թէ՛ հայագիտութեան եւ թէ՛ այլ բաների մասին ունեցած տեղեկութեան չափը: Եւ մեր ընթերցանութեան հետեւանքը հաստատեց մեզ, որ իրաւունք ունէինք չկարդալու յօժարութեամբ եւ ախորժանքով մի այդպիսի գրուած: Մի փոքր ներքեւ կը յայտնուի ընթերցողներին մեր իրաւունքը:

Մեր դաւանութիւնը Հայոց ազգի ամբողջական ապահովութեան վերաբերութեամբ այսպէս է, թէ ազգը պիտի իւր գոյութիւնը պահպանէ իւր եկեղեցու միջնորդութեամբ: Համաշխարհական յեղափոխութենների մէջ եկեղեցու ինքնուրոյնութիւնը եղել է եւ մեր ազգի ապահովութեան գրաւականը: Մեք միշտ ուրախութեամբ ենք յիշել, որ Հայոց ազգը իւր յիշատակի արժանաւոր Բաբկէն, Աբրահամ եւ այլ կաթողիկոսների ձեռքով մերժել է մի այլ եկեղեցու իրաւասութիւն իւր վերայ, ըստ որում, դորա բարոյական ազդեցութիւնը պիտի վտանգէր ազգութիւնը: Հայոց ազգի ներկայ սերունդը (բացի մի քանի ախտացած մարդերից) կատարեալ իրաւունք է տալիս այդ մարդերին, որ, պահպանելով իւրեանց եկեղեցու անկախութիւնը, պահպանեցին ազգի գոյութիւնը, եւ մեր համար սուրբ են նոցա յիշատակքը: Այս երախտագիտական զգացմունքի չափով, որ ցոյց էր տալիս իւր խնկելի եւ տօնելի բարերարներին, Հայոց ազգը արհամարհութիւն ունի դէպի այն մարդիկը, որ կա՛մ անձնական օգտի, կա՛մ երկիւղի, կա՛մ այլ յարակցութեան պատճառով օտարի հետ, խախտեցին երանելի նախնեաց ուխտը, նենգեցին մեր ազգի եւ նորա եկեղեցու ինքնուրոյն գործականութիւնը: Եզր անունի սկզբնատառը, դարաւոր ժամանակներից սկսած, գլխիվայր է գրում ազգը, եւ այդ հերոստրատեան պարծանքը ուխտադրուժների մեք պիտի կտակենք մեր զաւակներին:

Պ. Խուդաբաշեանի գրուածի հոգին հարկադրում էր մեզ պաշտել մի ամենեւին լռութիւն՝ թոյլ տալով, որ ինքնըստինքեան թանձրանայ դորա վերայ ժամանակի յաւիտենական դատապարտութիւնը: Աւելորդ էր նաեւ ընդդէմ զինուորուիլ մի աշխատութեան, որ իւր չնչին կարծիքները եւս կամ այս ու այն տեղից (օրագրերից եւ լրագրերից) մուրացած տեղեկութիւնքը եւ հայեացքը հաստատելու համար աղճատում էր պատմական իրողութիւնքը եւ զրպարտում էր այնպիսի մարդիկ մեր երանելի Հայրապետներից, որոց եւ ոչ կօշիկների խրացը արժանի էր լուծանել: Այդպիսի աշխատութեան հատուցումը է մի սառն արհամարհութիւն, որ լիամասն կերպով ընդունեց ազգից:

Շատ ժամանակ է, որ մեք ստացել էինք մեր թղթակիցներից մի քանի արդարացի նկատողութիւնք այդ գործի վերայ։ Չտպեցինք նոցանից եւ ոչ մինը եւ տպելու եւս չէինք, եթէ, ինչպէս Յիշատակարանիս սկզբումը ասացինք, բազմաթիւ նամակներ անհանգիստ արած չլինէին մեզ: Մի քանի տողից յետոյ կը դնենք այդ նկատողութեններից մինը, որ ստացել ենք նամակի ձեւով, եւ որ ունէր այսպիսի ստորագրութիւն՝ «Աբրահամ Դիոսկորոսեան Բաբկենեանց»:

Պ. Բաբկենեանցի նամակը կարող է մի փոքր ճաշակ տալ մեր ընթերցողներին, թէ ո՛րպիսի բան էր Պ. Խուդաբաշեւի գիրքը:

Մեր կողմից (բացի ծանօթութեններից) ուրիշ բան չենք յաւելացնում այդ նամակի վերայ, այլ միայն խնդրում ենք արգոյ ժողովագրից, որ, խնայելով իւր ութսունամեայ հասակին, հանգիստ տայ իւր անձին եւ ազատ թողու բռնաբարութենից Հայոց եկեղեցին, որ երբէք չէ խնդրել պարոնի փաստաբանութիւնը եւ այսուհետեւ եւս կամք չունի խնդրել:

Չենք կարծում, թէ Պ. Խուդաբաշեւի ցանկութիւնը եղած լինի ընկնել Հայ մատենագրերի կարգը. եթէ այդպէս լինէր, ապա նորա աշխատութիւնքը պիտի լինէին Հայերէն եւ հարկաւորապէս այլ կերպարանքով եւ այլ հոգով։ Թողնում ենք, որ ներկայումս, մի փոքր աւելի բան հարկաւոր է Հայ մատենագրին, քան թէ ունէր Պ. Խուդաբաշեւը:

Յոյս ունինք, որ խաղաղ հոգով կը լսէ մեր գրածը Պ. Խուդաբաշեւը, ըստ որում, ինչպէս մի ժամանակ առակ էին արել Թիւրքիայի Հայերը, «արտաքին թշնամանք չէ, այլ ներքին համոզումն»: Յոյս ունինք, թէ եւ դպրութեան Դոն Քիշօդները կը դադարեն մի օր իւրեանց ասպետական քաջագործութեններից, ինչպէս Սերուանտէսի հերոսը դադարեցաւ, եւ այս մեր ակնկալութիւնը, անշուշտ, յառաջանում է ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ բարոյական պատճառներից:

 

Մեհեկի 16, Հայոց 1309 թ., Դուինի աւերակներում.

ԱՐԳՈՅ ՊԱՐՈՆ

Կոմս Էմմանուէլ.

 

«Եթէ զանարժանն ըստ պիտոյիցն ոչ
յանդիմանես, մի՛ լինիր վարդապետ»:

Եզնիկ

Երկար ժամանակ մտատանջութեամբ չարչարուելուց յետոյ որոշեցի գրել Ձեզ այս նամակը եւ, սրտիս ցաւը թափելով, մի փոքր ազատ շունչ առնուլ:

Իհարկէ, պիտի հարցանես, թէ այս ինչ մարդ է, որ բոլորովին անծանօթ լինելով ինձ, արդէն նամակի սկզբիցը վարւում է որպէս մի մօտ բարեկամ, որպէս մի վաղեմի ծանօթ: Այո՛, Եւրոպացիք, ինքեանք աւելի քաղաքավարի լինելով, իրաւունք ունին ուրիշներից եւս ճիշդ քաղաքավարութիւն պահանջելու, բայց մեք՝ ասիացիքս, զուրկ ենք այդպիսի բարակ բաներից. մեր մէջ ասիական կոպտութեան հետ թագաւորում է հին նահապետական հոգին՝ պարզութեամբ դիմել դէպի մի մարդ եւ առանց վարագոյրների յայտնել սրտի խորհուրդը:

Թողունք այս եւս, ես Հայ եմ, Դուք եւս Հայ էք. մի՞թէ այս անունը չունի իւր մէջ այն ոյժը, որ երկու այդպիսի անունով մարդիկ, թէեւ հազարաւոր մղոններով միմեանցից հեռի, մօտեցնէր միմեանց գէթ սրտով եւ հոգով։ Մի՞թէ իմ եւ Ձեր Հայութիւնը գրաւական չեն մեր մտերմութեան, ինչ եմ ասում ես, մեք պիտի աւելի լինենք, քան թէ մտերիմ, ըստ որում, մեք եղբայրք ենք, ըստ որում, մեր երկուքի արիւնը եւս մի աղբիւրից է: Ես կարծում եմ, որ այս բոլորը իրաւունք են տալիս ինձ ընտանեբար վարուիլ Ձեր հետ՝ գրելով միգուցէ երկարախօս նամակ: Ես յոյս ունեմ, որ Դուք բաց գրկով կ՚ընդունիք Ձեր հեռաւոր եղբայրը եւ մասնակից կը լինիք այն տխրութեան, որով շրջապատուած է հոգիս ներկայ րոպէում:

Չկարծէք, թէ իմ տխրութիւնը յառաջանում էր մի մասնաւոր կամ անձնական ցաւի կամ վտանգի պատճառով. քա՛վ լիցի, ես մի անհամ մարդ պիտի լինէի, որ սեպհական ինձ վերաբերեալ բանի համար անհանգիստ առնէի մի ուրիշ եղբայր։ Տխրութեանս աղբիւրն է մեր արտասուելի ազգը:

Ո՛հ, որքան թշուառութիւնք, որ մինը միւսի քամակից յաջորդում են մեր անմիաբանութենից եւ միմեանց դաւաճանելուց։ Այո՛, մի մասնով այս եւս կարելի է ասել, որ «մեր հայրերը ազոխ կերան, իսկ մեր ատամները հարուեցան»: Բայց այսպիսի վտանգաւոր դրութեան մէջ, մինչ մեր անիւը կանգնած է իւր դարձակէտի վերայ, որ վազէ կա՛մ դէպի փրկութիւն, կա՛մ դէպի յաւիտենական կորուստ, այսպիսի մի խորհրդաւոր ժամանակամիջոցում, երբ Նախախնամութիւնը կշռում է եւ չափում է ազգերը, կը վայելէ՞ մեզ նոր ի նորոյ քրքրել հին կրօնական վէճերի քուրան, որին այնքան զոհ տուեց Հայաստանը մինչեւ այսօր: Մեր աչքով տեսանում ենք ուրիշ թառամած ազգերի վերստին ծաղկիլը, ճնշուած եւ չորաբեկ սրտերի նոր զօրութեամբ զուարթանալը եւ ընդարձակուիլը, այդ բաները լինում են մեր քթի տակ, բայց մեք կրօնական վէճերը քրքրելուց աւելի բան չունինք: Այդ քուրայի մոխիրը եւ գազախը հերիք է որքան կուրացուցել է մեզ։ Լուանանք մի փոքր մեր աչքերը եւ դադարենք գէթ այսուհետեւ կուրութեան գազանին զոհ գնալուց:

Աղետալի անցքեր, որ պատահում են ամենայն օր մեր կողմերում, յատկապէս այս կրօնական վէճերի պատճառով, շատ մեծ շարժառիթք են, որ նստիս ու լաս, մինչեւ որ թաղման գերեզմանդ լցուի աչքիդ արտասուքով։ Իհարկէ, ազգային օրագրերից գոնէ հարիւրից մինը իմանում էք եւ գիտէք, խօսք չկայ, որ մի թշուառ բան է այս։ Բայց մեք այս կողմերում՝ խաւար ժողովրդի բնակակից, գուցէ մի փոքր ներողութեան եւս հանդիպինք, յայտնի բան է, շատ չնչին ներողութեան, եթէ աչքի տակ ձգուին բոլոր մեզ շրջապատող պայմանքը:

Իսկ ի՛նչ ասենք, մինչդեռ Դուք եւս, լինելով Եւրոպայի մէջ, ազատ չէք այս թշուառութենից, ի՛նչպէս ներենք Ձեր աշխարհում բնակուող մեր եղբայրներին, որոնք այսպիսի լուսաւորեալ ժամանակում, բան ու գործ թողած, ընկնում են այդ վէճերի քամակից: Օտարոտի են Ձեզ իմ խօսքերը, այնպէս չէ՞։ Պարզեմ, որ հասկանաք:

Այս միջոցներումս ձեռքս ընկաւ մի ռուսաց լեզուով գիրք՝ այսպիսի մակագրով՝ «Обозреніе Арменіи» А. Худабашева։ Մեծ հաճութեամբ նայեցայ վերնագրին, բայց երբ սկսեցի կարդալ արդէն յառաջաբանը, ասես թէ ապտակ իջեցուց երեսիս. հարկ չկայ ասել, որ բոլոր գիրքը կարդալը հաւասար էր կից ընդունելու:

Թողունք առանց ուշադրութեան այլ սխալները, որովք շատ փարթամ է Պ. Խուդաբաշեւի գիրքը. պատճառ, ուղղել այդ բոլորը, մէջ բերելով նորա աղճատաբանութիւնքը եւ օրինաւոր կարգով հերքելով նորա բոլոր սխալական գաղափարը, պիտի հարկադրուէինք մի նոր գիրք գրել՝ երկու անգամ մեծ Պ. Խուդաբաշեւի գրքից (պարոնի գործը չարժէ այսպիսի աշխատութեան)։ Թողունք, որ պարոնը, «Եւժեն Բօռէի աշխարհագրութենից օգուտ եմ քաղել» ասելով, հասկանում է եղած իւր բառ առ բառ թարգմանելը։ Թողունք Պ. Խուդաբաշեւի ծուռ եւ սխալական հայեացքը ազգային պատմութեան մէջ երեւեցած իրողութենների վերայ, բայց ի՛նչպես լուռ մնանք՝ համր դեւի պէս պապանձուած, կամ ի՛նչպես չբողոքենք այն զրպարտութենների ընդդէմ, որ պարոնը ժողովում է մեր երանելի եւ սուրբ նախահարց գլխին, որպիսիք էին Սուրբ Պարթեւը, Սուրբ Մովսէս Խորենացին եւ Սուրբ Ներսէս Շնորհալին, որոնց անունը խնկւում է հայկական եկեղեցու մէջ, եւ որոնց գերեզմանի հողը համբուրելի են մեզ:

Ի՛նչպես չհարցանենք Պ. Խուդաբաշեւից, թէ Խորենացու ո՞ր բանը իրաւունք է տուել նորան, որ նա Խորենացին անուանէ թեթեւամիտ [2]: Խորենացին՝ մեր պատմութեան հայրը, իւր ժամանակի անզուգական փիլիսոփան, ազգի համար մինչեւ ի մահ աշխատողը եւ այն խոհե՛մ, ծա՛նր, խելացի եւ իմաստուն ծերունին, մի թեթեւամիտ հռչակել եւ այն՝ օտար լեզուով, մինչ եւրոպական գիտութիւնը ընդունել է նորան եւ, օրինաւոր քննութիւն առնելով, հատուցել է արժանի վարձը: Ո՞չ ապաքէն առաւել, քան թէ թեթեւամիտ է նա, որ այսպիսի անհիմն եւ անտեղի կարծիք ունի այն երկնաքաղաքացի ծերունու վերայ:

Առաջին անգամ լսելով այս բանը Պ. Խուդաբաշեւից՝ բնաւ չտարակուսեցանք կարծել, որ պարոնը կա՛մ ամենեւին չէ կարդացել Խորենացին, կա՛մ թէ չէ հասկանում նորա գրուածքը: Մի փոքր աւելի ընթերցանութիւնը Պ. Խուդաբաշեւի գրքի հաւաստեց մեզ եւ երկրորդ կարծիքը:

Առաջին կարծիքը՝ նորանով, որ պարոնը, ապացուցանել կամելով Հայաստանում մոգական կրօնի, այսինքն՝ կրակապաշտութեան թագաւորեալ կրօն լինելը, իբրեւ վկայութիւն մէջ է բերում Խորենացու հոգաբարձութեամբ մեզ հասած ազգային երգի կրօնը՝ Վահագնի մասին, եւ Հայոց լեզուի մէջ զենդական խօսքերի երեւելը: Խորենացին կարդացողը, եթէ օրինաւոր կարդացել էր, պիտի անշուշտ տեսանէր, որ Հայերը տիրապէս կռապաշտ են եղած, եւ Վահագնի երգը ցոյց է տալիս, ինչպէս, այո՛, պատմութիւնը եւս վկայում է, որ ազգը Վահագնին եւս անցուցել է իւր դիւցազների կարգը եւ պաշտել է: Բացի սորանից, Պ. Խուդաբաշեւը, զենդական խօսքերի անունը յիշելով եւ նորանց ապացոյց բերելով Հայոց կրակապաշտութեան, ապացուցանում է լուսաւորեալ աշխարհի առաջեւ, որ բնաւ իսկ գաղափար չունի, թէ ի՛նչ ասել է Հնդկա-եւրոպական լեզուներ, կատարելապէս ապացուցանում է, որ անտեղեակ է այդ լեզուների ծագման եւ կերպարանագործութեան ընդհանուր պատմութեանը:

Երկրորդ կարծիքը, այսինքն՝ Խորենացու գրուածքը չհասկանալը (թէպէտ հարկաւոր եւս չէր այս բանի համար ապացոյց ներս բերել) նորանով, որ նոյն այդ յառաջ բերած «Երկնէր երկին եւ երկիր» ամենին յայտնի երգը թարգմանում է այսպէս.

Зачинало небо, зачинала земля,

Tакже точно такъ и море пурпуровое.
Терзали муки зачатія и красный тростникъ;
Изъ вершинокъ его вырывался дымъ и вскоре показывалось пламя.
Изъ пламени этого исходилъ юноша съ русыми власами.
Пламя обняло кудри его и прядало около его бороды;
Очи его и веки были два солнца [3] (երես 83)։

Այսպիսի բաներ հազարաւոր ունինք նկատած այդ գրքի մէջ, որ ինքնըստինքեան ոչ այլ ինչ է, բայց միայն ժողովածու՝ տեղի եւ անտեղի, հում եւ խակ նիւթերի, որ առանց ընտրութեան, առանց կարգի, այս ու այն տեղից հաւաքել է եւ, տպելով խոշոր տառերով, այլեւ ցանցառ տողերով, կազմել է մի հաստլիկ գիրք, որպէսզի տեսանողը, գոնէ երեւութին նայելով, յօժարի վճարել որոշած գինը:

Բայց մեք այդ բաների վերայ խօսելու միտք չունինք՝ լռութիւնը համարելով ամենարդար դատապարտութիւն այդպիսի պակաս եւ անկազմ ծնունդների համար… Բայց Աստուծոյ սիրու համար ասացէք՝ ինչպէս թողունք հետեւեալ տողերը. «Ներսէսի մահուց յետոյ դրուած է Հայոց եկեղեցու ընդհանրականից բաժանուելու կորստական սկիզբը։ Ներսէսի յաջորդ Սահակը, ջերմեռանդութեամբ պաշտպանելով ոչ այնքան եկեղեցու օգուտը, որքան իւր անձնական արտօնութիւնքը եւ իրաւունքը, չկամեցաւ այլեւս Կեսարիա դիմել՝ իւր կաթողիկոսական իշխանութեան հաստատութիւն ստանալու համար, եւ այլն, եւ այլն» (երես 105):

Այստեղ յիշուած Ներսէսը եւ Սահակը են մեծ Պարթեւները՝ բուն Լուսաւորչի ցեղից, որոնց յիշատակը հանդիսավեհութեամբ տօնում է մեր եկեղեցին, որոնցից սուրբ Սահակին ճանաչում է Հայոց ազգը մեծ պատճառ իւր լուսաւորութեան, այլեւ հիմնադիր թարգմանութեան Սուրբ Գրքի: Չգիտենք՝ ի՛նչ մտածել Պ. Խուդաբաշեւի խղճմտանքի մասին, որ չէ երկբայում մուր քսել այսպիսի անմերձենալի մարդու վերայ՝ կարծիք տարածելով մեծ Սուրբի մասին, որպէս թէ նա, ոչ այնքան եկեղեցու օգուտը, որքան իւր անձնականը պաշտպանելու մտքով չէ դիմել դէպի Կեսարիա:

Եթէ, արդարեւ, սուրբ Սահակի օրով լինէր դադարեցուցած մեր կաթողիկոսների ձեռնադրութիւնը Կեսարիայում, այն ժամանակ եւս սուրբ Սահակի վարքը, որքան մեզ յայտնի է, տեղիք չէր տալիս մտածելու, թէ այդ առաքինի հոգին, եկեղեցու եւ ազգի համար կենդանի նահատակը, երբեւիցէ կարող էր իւր անձնականը գերադաս համարել եկեղեցական օգուտից:

Այդ երանելի եւ սուրբ Կաթողիկոսները ե՞րբ եւ ո՞ւր ցոյց են տուել անձնական օգտի կամ փառասիրութեան ծարաւ. խեղճերը ազգի օգտի համար անդադար նեղութեան, հալածանքի մէջ տարուբերուելով, մինչեւ անգամ իւրեանց մարմնաւոր պիտոյքի մասին նեղութիւն կրելով, նեղութիւն եւ ցաւ հալածանքից, աքսորից, սովից, նեղութիւն եւ ցաւ սուտ բարեկամներից եւ դրուժաններից. այդ հոգիացած առաքինի մարդերից ոմանք՝ ծեծի տակ հոգին փչելով (մի խրտուիլակ թագաւորի հրամանով), ոմանք՝ մի պիղծ թագաւորի ձեռքով թունաւորուելով, ոմանք՝ կապած ձեռք ու ոտքով այս կամ այն բռնակալի դուռը տանուելով, բերուելով եւ շղթաների մէջ իւրեանց անարատ հոգիները արձակելով, եւ այս բոլոր տառապանքը, վիշտերը եւ վերջապէս՝ մահու բաժակը ազգի անունով, ազգի լաւութեան եւ եկեղեցու հաստատութեան համար մինչեւ տակը խմելով, պիտի՞ համարուին իւրեանց օգուտը, անձնական իրաւունքը գերադասողք: Համօրէն Հայոց ազգի անունով բողոքում ենք Պ. Խուդաբաշեւի ընդդէմ:

Ուշադրութեան արժանի է եւ այն, որ Պ. Խուդաբաշեւը, մեղանչելով սուրբ Սահակի անձին ընդդէմ, ինչպէս վերեւում ասացինք, մեծապէս մեղանչում է եւ պատմութեան ընդդէմ՝ իւր կամեցածի պէս աղճատելով իրողութիւնքը:

Լսենք մի փոքր մեր Յովհաննէս պատմաբան Կաթողիկոսի խօսքերը, որ, պատմելով Արեւելքի առանձին առանձին պատրիարքութենների հիմնարկութիւնքը եւ հաստատութիւնքը, շարունակում է․ «Սոցա նման եւ մեր Արշակ թագաւորը եւ Հայոց նախարարութիւնքը, համարձակութիւն ստանալով, պատրիարք կացուցին Հայոց ազգի վերայ Մեծ Ներսէսը. ինչպէս արժան էր, իրաւախոհ պատճառ մէջ բերելով մեր Բարթողիմէոս եւ Թադդէոս սուրբ առաքեալքը, որ Տիրոջից վիճակուեցան Հայերին, որպէս քարոզք եւ աւետարանիչք, որոնց եւ նշխարուած ոսկերքը կան մեր մէջ, եւ որոնց աթոռը ստացաւ կենդանի մարտիրոս Գրիգորիոսը, եւ այլն, եւ այլն» [4]:

Այս ծանրակշիռ վկայութիւնը հերիք է՝ ապացուցանելու համար ազգային եւ եկեղեցական պատմութեան անտեղեակ Պ. Խուդաբաշեւին, թէ Հայոց ազգի ինքնուրոյն Կաթողիկոսութիւնը սուրբ Սահակից շատ յառաջ՝ դեռ Մեծ Ներսէս Պարթեւի կաթողիկոսութեան սկզբումը հաստատուած լինելով, եւ մինչեւ սուրբ Սահակը, Շահակ, Զաւէն, Ասպուրակէս, առաքինի կաթողիկոսքը, ինքնուրոյնաբար կաթողիկոսութիւն արած լինելով, սուրբ Սահակը պատճառ չունէր Կեսարիա դիմելու, թէ եւ պարոնը չէ ուղարկում նորան Կեսարիա՝ հրատարակելով նորան անձնական շահասիրութեամբ վարակուած մարդ:

Ինչպէս թողունք Պ. Խուդաբաշեւին ասել, թէ «Հայոց եկեղեցու ընդհանրականի հաղորդութենից բաժանմանը յարակից եղան կորստական հետեւանք ազգի բարօրութեան վերաբերութեամբ: Բաժանուելով Ասորաց եկեղեցուց [5], որպէսզի կախողութիւն չունենայ նորա հոգեւոր իշխանութենից, իսկ այժմ կտրելով իւր հաղորդութիւնը Յոյներից եւ բոլոր Արեւմտեան եկեղեցիներից, որ այն ժամանակ ընդհանրական եկեղեցու հետ մի էին, Հայերը զրկուեցան օգնականներից եւ պաշտպաններից, որ միմիայն կարող էին պաշտպանել նորանց կրակապաշտ պարսկի նեղութեններից» (տե՛ս երես 110):

Պ. Խուդաբաշեւը, այս տողերը գրելով, ապացուցանում է մեզ, թէ ազգի հոգին եւ հասկացողութիւնը քաղաքականութեան կամ կրօնի մասին երբէք նիւթ չէ եղել նորա մտածութեան: Բոլոր Հայոց պատմութեան մէջ Պ. Խուդաբաշեւը ոչ մի տեղում չէ կարող ցոյց տալ մեզ, որ Հայերը իւրեանց կրօնը կամ դաւանութիւնը զոհ բերած լինէին իւրեանց քաղաքականութեան կամ մի այլ ապահովութեան:

Նոքա լաւ էին հասկանում, որ կրօն ասացեալը, դաւանութիւն ասացեալը, խղճմտանքի բան լինելով, բնաւ վերաբերութիւն չունէր օտար կամ դրացի ազգերի: Հայերը խիստ լաւ գիտէին, որ իւրեանց կրօնը կամ դաւանութիւնը վնասակար չէր նոցա, որ կամ դրացի էին Հայաստանին, կամ տիրապետել էին նորան: Հայերը գիտէին, որ այդ օտար դրացու կամ հարստահարողի փոյթը այն չէր, որ Հայերը հասանելու չէին փրկութեան՝ պատկանելով մի ինքնուրոյն, ազատ եւ անկախ եկեղեցու։ Հայերը գիտէին, որ այդ օտար պետութիւնքը, ձեռք տալով նորա կրօնին կամ դաւանութեանը, կամենում էին վեր առնուլ այն որոշող պատը, որ բաժանում էր միմեանցից այդ ազգերը, որպէսզի հեշտ լինի նոցա այնուհետեւ կուլ տալ խե՜ղճ Հայաստանի որդիքը: Այս բաների գիտութենից հետեւում է մեր պատմութեան մէջ այն իրողութիւնը, որ Հայերը սուր են ցոյց տալիս կրօնի կամ դաւանութեան դաշինքներին փոփոխութիւն առաջարկողին. այս պատճառով մեծ խորհուրդ է ունեցել եկեղեցին Հայոց անցած գնացած կեանքի մէջ:

Աւելորդ մի բան էր ասել եւ հաստատել, որ Բիւզանդական կայսերութիւնը, իւր փտած սկզբունքով, երբէք չէ կարողացել, այլեւ չէ կամեցել մի հիմնաւոր եւ շարունակ դաշնակցութիւն պահպանել Հայաստանի հետ: Կտոր փշուր եղած դէպքերը եւս ապացուցել են արդէն վաղուց, որ Հայաստանին օգնելու մտքով չէր, այլ՝ իբրեւ մի որոգայթ, խորամանկ քաղաքական խորհրդով:

Ո՛ր մինը կարդաս. «Հայոց հոգեւորականութիւնը, որ հասկացել էր այս բաժանման (Հայոց եւ Յունաց) կորստական մի բան լինելը, իւր հոգու մէջ սաստիկ ցանկանում էր միաւորուիլ եւ խաղաղութիւն առնել (Յունաց հետ), ծածուկ արտասուելով սխալական վարդապետութեան եւ ախտաւոր ձգտողութեան այսքան դառն պտուղները» (երես 114, բառական թարգմանութիւն ):

Այս բաները վերաբերւում են Ներսէս Երրորդի ժամանակակից անցքերին: Ո՛ր Հայը, որ փոքրիշատէ կարդալ գրել գիտէր, չէ տեսանելու Պ. Խուդաբաշեւի սխալանքը պատմութեան ընդդէմ: Ներսէս Երրորդի օրով բոլոր ազգը պահանջեց Կաթողիկոսից, որ սա անխախտելի պահէ ազգային եկեղեցու անկախութիւնը եւ ինքնուրոյնութիւնը, երբ Յունաց Կոստանդին կայսրը, գրգռուելով իւր՝ Հայոց մէջ գտանուած զօրքերից, պահանջեց, որ Հայոց եկեղեցին միանայ Յունաց եկեղեցու հետ: Հայք՝ իւրեանց Կաթողիկոսով եւ ազգային եպիսկոպոսների ժողովով, նամակ գրեցին կայսրին եւ յայտնելով, թէ Հայերը, շատ եւ անտանելի նեղութենների համբերելով, մեռանելով, նահատակուելով Պարսից ձեռքով եւ ի վերայ այնր ամենայնի անխախտ պահելով իւրեանց կրօնը եւ դաւանութիւնը, չեն կարող ընդունել կայսրի առաջարկութիւնը: Այս բանի մանրամասն պատմութիւնը գտանում ենք Սեբէոս Եպիսկոպոսի Պատմութեան մէջ, ուր պահուած է եւ վերեւում յիշուած նամակի պատճէնը:

Բայց երբ Կոստանդին կայսրը բազմաթիւ զօրքով խաղաց Հայաստանի վերայ, որ հպատակեցնէ իւրեան, եւ երբ Դուին քաղաքում բնակուեցաւ Կաթողիկոսի տանը, հրամայեց իւր հոգեւոր դասուն քարոզել Հայոց եկեղեցու մէջ Քաղկեդոնեան ժողովը եւ պատարագել, ուր Ներսէսը՝ իւր եպիսկոպոսներով հանդերձ, ստիպուեցաւ հաղորդուիլ:

Սակայն պիտոյ է ասել, որ դոյն այդ հաղորդութեան օրում, մի եպիսկոպոս չհաղորդուեցաւ եւ, դուրս գնալով բեմից, ծածկուեցաւ ամբոխի մէջ, եւ երբ կայսրը գանչեց նորան եւ յանդիմանեց, նա ուրիշ այլ բաների մէջ պատասխանեց եւ այս, թէ ինքը՝ Ներսէսը, հակառակ է յունական հաղորդութեան: Կայսրից փոքր յանդիմանութիւն չլսեց Ներսէսը այս բանի մասին: Իսկ երբ, թէեւ ակամայ, Կաթողիկոսը հաղորդուեցաւ յունական խորհրդին, այն ժամանակ մեծ շշունջ ընկաւ ազգի մէջ, մինչեւ որ Ներսէսը հարկադրուեցաւ փախչել գնալ իւր հայրենի գաւառը: Այն ժամանակ ազգը Յովհաննէս Մանասկերտցի վարդապետին յանձնեց աթոռի տեղապահութիւնը, որ ազգային հոգեւորների ժողովով 651 թուականին նզովեց Մանասկերտի մէջ Քաղկեդոնեան ժողովը:

Ազգային պատմիչների վկայելով՝ այսպէս է եղել բանի ընթացքը, իսկ այսպիսի երկիւղի համար րոպէական ընդունելութիւնը մի՞թէ նման չէ Վարդանանց մոգութիւն ընդունելուն եւ մի՞թէ կարելի է մտածել, եւ արդեօք թո՞յլ է տալիս լօգիկան եզրակացնել, թէ Հայք, վերստին (իսկոյն) մերժելով այդ հաղորդութիւնը, ցաւէին իւրեանց բաժանուելու վերայ: Եթէ պիտի ցաւէին, նշանակում է հոգով եւ սրտով ընդունել էին, իսկ թէ ընդունել էին, ի՞նչ հարկ կար վերստին բաժանուելու:

Չգիտենք, թէ ի՛նչ աղբիւրից գիտէ Պ. Խուդաբաշեւը, որպէս թէ հոգեւորականութիւնը ծարաւում էր միաբանութեան եւ սրտի խորքում արտասւում էր հերձուածի դառն պտուղների վերայ: Իբրեւ վկայութիւն այս բանին՝ կարո՞ղ է արդեօք պարոնը յառաջ բերել մեզ մի պատմական իրողութիւն: Բայց մինչեւ նորա այս առաջարկութիւնը ընդունելը կամ մերժելը, թող ներուի մեզ կարծել, թէ Պ. Խուդաբաշեւը ուրիշ տեսակ չէ իմանում այս բաներս, այլ միայն իւր երեւակայական զօրութեամբ, որ ինչքան եւս հանդէս ունենայ բանաստեղծութեան մէջ, պատմական գործերում զրկուած է ամենայն արժէքից:

Դարձեալ Պ. Խուդաբաշեւը գրում է. «Թէեւ կարելի էր, յետոյ, մօտից ճանաչելով ճշմարտութիւնը, ընդունել Քաղկեդոնեան ժողովի սահմանադրութիւնքը, ինչպէս Վրացիք ընդունեցին, բայց, ձախողակի, Հայերը մնացին միեւնոյն սխալ դատողութեան մէջ» (երես 184), այսինքն՝ մերժեցին Քաղկեդոնեան ժողովը:

Պարտականութիւն համարում ենք հրապարակով յայտնել անարուեստ կոմպիլատորին, թէ մեք, քննելով եւ քրքրելով Հայոց պատմութեան թերթերը, ոչ մի տեղում չենք գտանում բուն ազգի կամ նորա հոգեւորականութեան մէջ միաւորութեան ձգտողութիւն, իսկ դորան հակառակ՝ միտումն ամենայն քայլափոխում, մինչեւ որ Լամբրոնացին հարկադրուեցաւ չափաւորութիւն քարոզել, որովհետեւ եկեղեցու անկախութիւնը պաշտպանելու եւ օտարից հեռանալու զգացողութիւնը բարձրացել էր մինչեւ թշնամութեան աստիճան:

Որքան խօսք ու ժողովք եղած են միաւորութեան խնդրի մասին, այդ բոլորը միշտ պատահել են նախ՝ Յոյների առաջարկութեամբ եւ երկրորդ՝ ազգի անիշխանութեան կամ մի այնպիսի ժամանակ, երբ Բիւզանդիոնը մեծ ազդեցութիւն ունէր Հայաստանի վերայ: Իբրեւ ապացոյցք մեր այս մասին ասածներին՝ դնում ենք Պ. Խուդաբաշեւի առաջեւ մեր ազգային հեղինակների գործերը եւ խորհուրդ ենք տալիս նորան մի փոքր ուսումնասիրել այդ հեղինակութիւնքը: Յոյս ունինք, որ այդպիսի ուսումնասիրութիւնը աւելի մխիթարական կը լինի նորան իւր երեկոյացեալ հասակում, քան թէ նոր տպած գործի պէս աշխատութենների հրատարակելը, որ բանի տեղ չանցանելուց յետոյ, անլուանալի մեղադրութեան պատճառ են լինում, քանի որ Հայոց տառը պիտի կարդացուի:

Անյայտ չէ Հայերից, որ սուրբ Ներսէս Շնորհալու ժամանակ, ինչպէս նաեւ նորա եղբօր՝ Գրիգոր Կաթողիկոսի ժամանակ Յունաց Մանուէլ կայսրը, շատ եւ շատ ցանկանալով Հայոց եկեղեցու՝ Յունաց հետ միաւորութեան, բացել էր մի շարունակ դաւանաբանական գրագրութիւն այս առարկայի վերայ՝ ուղարկելով ուրիշների հետ Թէորիանոս անունով իմաստասիրութեամբ հռչակուած Յոյն աբեղան, որ սա բերանացի խօսէ Շնորհալու հետ եւ կարգի դնէ միաւորութեան խնդիրը:

Այս բաների մասին, որպէս պատմական գրաւոր յիշատակարան, մեք միմիայն Ընդհանրական գիրքը ունինք, իսկ նորանից աւելի՝ ոչինչ. այս պատճառով եւս այդ անցքերի պատմութեան վերայ նայում ենք այն չափով եւ այն հայեացքով, ինչ չափով եւ ինչ հայեացքով աւանդւում են այնտեղ:

Պ. Խուդաբաշեւը, որպէս ստոյգ պատմութիւն ընդունելով մի յունական գիրք՝ նորա ռուս թարգմանութենից, որ ունէր ինքը, եւ ուր որպէս թէ գրուած էին Շնորհալու եւ Թէորիանոս աբեղայի խօսակցութիւնքը, իւր ներկայ աշխատութեան մէջ նկարագրում է Ներսէս Շնորհալին որպէս մի երկդիմի մարդ՝ իւր ազգը խաբող, յունական օգուտը պաշտող եւ աւելի Յոյն, քան թէ Հայ: Բացի սորանից, մի քանի բաներ, որ վերաբերւում էին մեր եկեղեցու յատկական բնաւորութեան, որ մինչեւ այսօր պաշտւում են, եւ որ Պ. Խուդաբաշեւի սրտի մեծ ցաւի համար պիտի մինչեւ վերջը պաշտուին, պարոնը ճանաչում է «կարօտ ուղղութեան»:

Ահա նորա խօսքերը. «Որովհետեւ այն բաները, որ մեղադրանք էին համարուել Հայերին, ոչ բոլորը միօրինակ նշանաւոր էին, եւ մի քանի մեղադրութեան պատճառներ Ներսէսը իւր նամակների մէջ հրատարակել էր բոլորովին սուտ, այն ժամանակ Թէորիանոսը ուշադրութիւն դարձուց այն բաների վերայ, որ աւելի մեծ էին նորա աչքում եւ որ յիրաւի կարօտ էին ուղղութեան, որպէս՝ ա. Յիսուսի Քրիստոսի բնութեան, կամքի եւ ներգործութեան վարդապետութիւնը. բ. Քրիստոսի ծննդեան եւ մկրտութեան մի օր տօնելը. գ. Սուրբ Աստուածի մէջ խաչեցար վասն մեր յաւելացնելը եւ դ. Դրոշմի խորհրդի մէջ մզեալ իւղերի գործադրութիւնը» (երես 222):

Ահա այս չորս բաները Պ. Խուդաբաշեւն եւս՝ Թէորիանոսի հետ համաձայն, կարօտ է ճանաչում ուղղութեան:

Փոքր է այս, լսեցէ՛ք եւ հետեւեալքը:

«Երբ այս կերպով քննուեցան անհամաձայնութեան նշանաւոր խնդիրները, եւ ողջից գլխաւորը, որ բովանդակում էր իւր մէջ Քրիստոսի երկու բնութեան կամքերի եւ ներգործութենների վարդապետութիւնը, ընդունեց Կաթողիկոսը (Ներսէս Շնորհալին), իսկ ծէսերի զանազանութիւնքը մեծ մասով ճանաչուեցան հեշտութեամբ ուղղուելիք: Ներսէսը խոստացաւ ուղղափառ եկեղեցու հետ միանալու համար ամենայն հնար գործ դնել: Այս օրից, ասում էր նա, կը սկսեմ գրել բոլոր Հ այոց եպիսկոպոսներին եւ դէպի ժողովը կը հրաւիրեմ նորանց այս գործի համար եւ, երբ նոքա հաւաքուին, կ ՚ առաջարկեմ նոցա այն բոլոր վկայութիւնքը, որոնց վերայ մտածում են Հ այերը հաստատել իւրեանց վարդապետութիւնը, նոյնպէս եւ քո ցոյց տուածները. եւ սկզբում ինձ ցոյց կը տամ Հ այոց կողմում, յետոյ փոքր առ փոքր, աստիճան առ աստիճան եւ զգուշութեամբ կը սկսեմ բանալ նոցա իւրեանց մոլորութիւնքը՝ մեղադրելով նորանց եւ Յովհաննէս Կաթողիկոսի գրուածներով: Մի խօսքով, ես Յ ոյն կ ը լինիմ եւ Յ ոյների համար, կամ աւելի լաւ, կ ՚ աշխատեմ ճշմարտութեան համար, Հ այերի ընդդէմ, եւ յոյս ունիմ, որ իմ ոչխարքը կը լսեն իմ ձայնին եւ այլն, եւ այլն, եւ այլն» (երես 232):

«Այս բոլորը աւարտելուց յետոյ, շարունակում է Պ. Խուդաբաշեւը, Ներսէսը, միայն մնալով Թէորիանոսի հետ, արտասուքը աչքերում, յանձնեց նորան խնդրել թագաւորից, որ Կոստանդնուպօլսի մէջ իւրեանց խոստովանութիւնը հաստատուելուց յետոյ հրամայէ պատրիարքին… խաչը ձեռքին օրհնել Հայոց ազգը, որ այսքան ժամանակ դուրս էր մնացել եկեղեցուց, եւ յետոյ աղօթք առնել մոլորութեան մէջ (այսինքն՝ Յունաց դաւանութիւնը չընդունելով) մեռածների համար, որ Աստուած ներէ նոցա անգիտութեան մեղքը:

Հրաժարական ողջոյն տալով Թէորիանոսին (1170 թուականի Դեկտեմբերի մէջ)՝ Ներսէսը յանձնեց նորան երկու նամակ Կայսեր անունով. մինը՝ ծածուկ, իսկ միւսը՝ յայտնի: Առաջին (այսինքն՝ ծածուկ [6] ) նամակի մէջ նա ուղղակի ցոյց էր տալիս իւր առ ի սրտէ ցանկութիւնը՝ ուղղափառ եկեղեցու հետ միաւորուելու, եւ վկայում էր, թէ, հաւասար առաջին երեք ընդհանրական ժողովների, ընդունում է Քաղկեդոնեան ժողովը: Իսկ միւս նամակում (յայտնի նամակում) նա աշխատում էր միայն մի փոքր մեղմել զանազանութիւնքը Հայերի եւ Յոյների մէջ՝ թէ՛ ծէսերի եւ թէ՛ հաւատի վարդապետութեան» (երես 233–234):

Կո՛մս, չափեցէ՛ք այս անիրաւութիւնքը որ չափով եւ կամիք, բայց մեք ընդունել այսպիսի բաներ չենք կարող: Այս բոլորը հրատարակում ենք անարգ զրպարտութիւնք Ներսէս Շնորհալու վերայ եւ ոչ մի վկայութեամբ չհաստատուելիք:

Թէորիանոսի՝ Շնորհալու հետ խօսակցութիւնը բովանդակող գիրքը, որ Պ. Խուդաբաշեւը ընդունում է որպէս պատգամ սրբութեան եւ որի վերայ հիմնուելով՝ Հայերի եւ օտարների առաջեւ սեւացնում է Ներսէս Շնորհալին, գիտութիւնը չէ կարող ընդունել: Այդ դեռ ապացոյց չէ, եթէ ոչ մի տեղում չեղած եւ ոչ մի ուրիշի վկայութեամբ հաստատուած բանը երեւում է Թէորիանոսի գրքի մէջ: Ի՛նչպէս կարելի է ընդունել այն խօսքերը որպէս սեպհական խօսքեր Շնորհալու, որի հոգին եւ ուղղութիւնը քաջ յայտնի են մեզ բոլորովին այլ կողմից, նոյնիսկ՝ Շնորհալու ընդհանրական թղթերից, հոգեշարժ շարականներից կամ այլ աշխատութեններից:

Մեք բողոքում ենք այն խօսքերի ընդդէմ, որ Թէորիանոսը կամայաբար դնում է Շնորհալու բերանը, մերժում ենք որպէս մերկ սուտ նորա արտասուալի պաղատելը Թէորիանոսին եւ Հայերը մոլորուած ճանաչելը, մերժում ենք սաստկութեամբ նորան վերագրուած երկդիմի բնաւորութիւնը, մերժում ենք եւ ծածուկ նամակի գրութիւնը կամ գոյութիւնը:

Ազգի եւ ազգային եկեղեցու անունով խնդրում ենք բոլոր հայկական օրագրերից եւ լրագրերից, բոլոր գրչաւոր եւ բանագէտ մարդերից հրապարակով յայտնել իւրեանց կարծիքը այս մասին, որպէսզի այսպիսի այլանդակ գաղափարք չհամարձակուին միւս անգամ մարմին առնուլ եւ երեւել ազգի մէջ:

Կո՛մս, Դուք պարտակա՛ն էք ազգի բողոքը ընդդէմ այս բաների հրատարակել, եթէ այդպիսիք Ձեր անունով ուղարկուին [7]:

«Հիւսիսափայլը», որպէս մի բարոյական գործարան, պարտակա՛ն է պաշտպանել իւր ազգը եւ եկեղեցին:

Հերի՛ք է, արտասուքը խեղդում են խօսքերս կոկորդիս մէջ, աչքերս ընդունակ են այժմ առաւել լալու, քան թէ գիր գրելու։ Վերջացնում եմ նամակս եւ ցանկութիւն չունիմ միւս անգամ ձեռք առնուլ այդ գիրքը: Ես այս օրից մոռանում եմ յաւիտեան որպէս գիրքը, նոյնպէս եւ նորա հեղինակը:

Փոքրիշատէ տեղեկութիւն տալ ազգին այդ գրքի վնասակար ուղղութեան մասին անմերժելի պարտականութիւն համարեցինք մեզ՝ առաւելը թողնելով ուրիշներին:

Յոյս ունիմ, որ այս նամակս տեղ կը գտանէ Ձեր Յիշատակարանի մէջ, իսկ ես մնամ եւ այլն…

Աբրահամ Դիոսկորոսեան Բաբկէնեանց

Տարակոյս չկայ, որ, կարդալով այս նամակը, կը հասկանան ընթերցողքը մեր դրութիւնը, թէ ինչո՛ւ մինչեւ այժմ լռեցինք եւ լռել ենք Պ. Խուդաբաշեւի չնաշխարհիկ ժողովածուի ընդդէմ: Ի՛նչ խօսէինք դորա վերայ։ Դիցուք թէ Պ. Խուդաբաշեւը, ձանձրոյթից ստիպուած, ձեռք է զարկում այդպիսի բաների, կամ աւելի ճիշդ խօսելով, ուրիշներին աշխատեցնում է այդպիսի եգիպտական գործի վերայ, բայց մեք ինչպէս կարողանանք կարգաւոր քննութեան տակ ձգել մի գործ, որ յառաջաբանից մինչեւ վերջը պատկերացնում է մի անկարգութիւն, մի զարհուրելի խաօս, որպիսի հազիւ թէ եղած է տիեզերքի արարչագործութենից յառաջ:

Լսւում է, թէ Պ. Խուդաբաշեւը ձեռք է զարկել այժմ Վրաց պատմութիւն գրելու։ Բարի՛ ճանապարհ։ Եթէ կամի, այդ գործը աւարտելուց յետոյ թող պարապի Բուխայի ընտանեկան կեանքի նկարագրութեամբ… Միայն թէ հեռի պահէ իւր հեղինակական քանքարը Հայոց ազգից:

Ազգը կարօտ չէ նորան եւ երբէք խնդրած չէ նորա փաստաբանութիւնը։ Պարոնը ինքնակամ, իւր սենեկի անկիւններում աստուածաբան դառնալով, մէջ է մտանում կրօնական խնդիրների եւ ծիծաղելի է կացուցանում որպէս Հայոց ազգը, նոյնպէս իւր տարժանելի աշխատութեան արդիւնքը:

Սորանից աւելի բան չունինք ասելու եւ ցաւում ենք շատ, որ իբրեւ յիշատակագիր, մի փոքր մերկանդամ հարկադրուեցանք ցոյց տալ Պ. Խուդաբաշեւին ճշմարտութեան երեսը՝ գուցէ թերեւս դրդելով նորա սեպհական կարծիքը իւր (օգտակար անուանած) գործի մասին:

Այժմ դառնանք դէպի երրորդ խնդիրը:

§3. Սկայորդու տարածած լուրերը աւելորդ էինք համարել մերժել. պատճառ, մեզ քաջ յայտնի էր նորա հրատարակած համբաւների ստութիւնը, գիտէինք, որ «Հիւսիսափայլը» դադարելու չէր ներգործելուց, գիտէինք, որ մեք ինչպէս յառաջ, այժմ եւս գործակից էինք այս հրատարակութեան: Ընթերցող հասարակութիւնը, տեսանելով «Հիւսիսափայլը», տեսանելով մեր գործակցութիւնը, կարո՛ղ է վկայել մեր ասածի ստուգութեանը:

Թշնամութիւնը եւ կատաղի նախանձը հարկադրել էին Սկայորդուն ցանկանալ թէ՛ «Հիւսիսափայլի» վերջանալուն եւ թէ՛ մեր հրաժարուելուն այդ օրագրի գործակցութենից: Շատ անգամ սաստիկ ցանկութիւնքը ձգում են մարդս մի ջլային թուլութեան մէջ, շատ անգամ զառանցանքը, մանաւանդ՝ մի այդպիսի խե՜ղճ վիճակում, պատկերացնում է մի վայրկեան հիւանդի աչքին այն ամենայն բանը կատարուած, որոնց փափագով ցանկանում էր նա:

Մեք գիտէինք, որ մի այդպիսի ողբալի վիճակում գրել է Սկայորդին իւր վսեմական նամակները դէպի «Մեղուն», այս պատճառով եւս աւելորդ համարեցինք մի երկու բառ խօսել, մանաւանդ ցանկանում էինք, որ մի փոքր յարատեւէ նորա ուրախութիւնը, ըստ որում, եսականութիւն համարում էինք լուծանել նորան: Թո՛ղ եթէ կամի, այսուհետեւ եւս հրապարակէ այդպիսի լուրեր, մեք արգելք չենք. եւ յիրաւի, ի՛նչ այլ պաշտօն ունէր նա, բացի սորանից, կատարելու:

Մեղայ, մեղայ. նա ինքը իւր անձը ձգել է այժմ կրիտիկոսների կարգը՝ քննելով Գամառ-Քաթիպայի Եզովպոսի առակները: Այս բանում եւս չէ կարելի չտեսանել նորա պարկեշտութիւնը՝ իւր ասպարէզը սկսանելով կէս մատնաչափ մի գրքից, մանաւանդ՝ քննութեան արժանի առաջին բանը համարելով հանդէս հանել տպագրութեան սխալները:

Ամենայն յաջողութիւն ցանկանում ենք պարոնին այս նոր ասպարէզի մէջ եւ հաւատում ենք, որ նորա ջանքը կը պսակուի՝ կատարելագործելով եթէ ոչ Հայ հեղինակների աշխատութիւնքը, գոնէ հայատիպ մամուլների գրաշարութիւնը:

Մեր երկարատեւ լռութեան մասին այսքան միայն արժան ենք համարում ասել, որ դա մի կամայական բան չէր:

Մեք միշտ «Հիւսիսափայլի» հետ ենք եղել եւ կը մնանք. «Հիւսիսափայլի» դաւանութիւնը է եւ մեր սրտի խոստովանութիւնը: Եւ եթէ պատահի մեզ, ո՛վ գիտէ, ճանապարհորդութեամբ կամ այլ զանազան՝ մեզանից չկախուած պատճառներով աւելի երկար լուռ մնալ, այնուամենայնիւ, անբաժան ենք «Հիւսիսափայլից», եւ Յիշատակարանը պիտի երեւի նորա մէջ: Բացակայութեան ժամանակ ճանապարհորդութեան փոշիների միջից եւս կ՚աշխատենք լսելի կացուցանել մեր ձայնը ընթերցող հասարակութեան, որքան եւ որչափ հնարաւոր կը լինի մի այդպիսի վիճակի մէջ գտանուող մարդու գործ կատարել:

Աշխատենք պատասխան տալ եւ հետեւեալ խնդրին:

§4․ «Հիւսիսափայլը» կամ Յիշատակարանս կարելի եղածի չափ պարապում են ազգային բաներով եւ միշտ պիտի պարապին այն չափով, ինչ չափով կարող է մի փոքրիկ հասարակութիւն գործակատար գտանուիլ: Մեք խնդրում ենք այն մարդերից, որ թեթեւ աչքով նայում են մի շարունակ հրատարակութեան վերայ, իջանել հայկական դպրութեան ասպարէզը եւ դորանով ոչ միայն լցուցանել մեր պակաս թողածքը, այլեւ փորձել աշխատութիւնը: Պահանջել շատ հեշտ է, բայց ամենայն պահանջողութիւն պիտի լինի բանական դատողութեամբ:

Աւելորդ ենք համարում ասել, թէ ոչ ոք իրաւունք չունի բռնադատել ուրիշի սրտի վկայութիւնը։ «Հիւսիսափայլի» ուղղութիւնը յայտնի է արդէն. նա մինչեւ վերջը հաստատ պիտի մնայ իւր ուղղութեան մէջ՝ պարտական չհամարելով իւր անձը ուշադրութիւն դարձուցանելու անկիւնախօս ճարտասանների իմաստակութեան վերայ:

Ազգի էական օգուտներին զոհել ենք եւ պիտի զոհենք ամենայն բան։ Պատասխանելու չենք տրտնջանքին, որ ժամանակ առ ժամանակ բարձրանում են այսպիսի չնչին զոհերի պատճառով: Դորա հակառակ շնորհակալ կը լինինք, եթէ մի բանասէր ցոյց տայ մեր վնասը ազգի ընդհանրութեանը եւ նորա ապագայ ճակատագրին:

Ազգի լուսաւորութեան եւ հասկացողութեան աստիճանը, այլեւ այն շրջապատը, որի մէջ կանք մեք, վաղուց արդէն հարկադրել են մեզ հայկական դպրութեանը տալ այն ակնարկական ուղղութիւնը, որ երբեմն յայտնի էր Փրանսիայում անունովս՝ Litérature allusionelle:

Շատ ժամանակ չէ, որ ասել էինք, թէ ազգութեան տունկը, ինքնուրոյն գործականութեան աղբիւրը է գիտակցութիւնը, իսկ գիտակցութիւնը դուրս է բղխում լուսաւորութենից: Եթէ օրագիրքը մի կողմից պարտական են պահել իւրեանց ազգայնութեան նեղ շրջանակը, միւս կողմից չէ պիտոյ նոցա ձեռքից թողուլ ընդհանուր լուսաւորութեան լայն ասպարէզը: Մեր կարծիքով, առաջինը, առանց երկրորդին, երբէք յաջողութիւն չէ գտանելու, եւ քաղաքակրթութեան պտղաւէտ սկզբունքը մեք պարտական ենք որոնել երկրորդի մէջ:

Ճշմարի՛տ է եւ այն, որ շատ բան եւս չէ կախւում օրագրի հրատարակողից կամ նորա գործակիցներից․ երկիրը շատ անգամ բուսուցանում է դալար ծիլեր, բայց եւ շատ անգամ հիւսիսի ցուրտը պաղեցնում է նորանց արեւագալից յառաջ…

Նայելով մեր ներկայ վիճակին՝ մեր մխիթարութիւնը պիտի որոնենք անդադար գործականութեան մէջ. շարժողութիւնը, ինչ կերպով եւս յայտնուի մարդկութեան մէջ, օրհնած է, որովհետեւ հոգի կայ նորանում, որովհետեւ կեանք ունի:

Աւարտելով մեր խօսքը այն չորս խնդիրների մասին, որ եղած էին մեզանից՝ չենք կարող չյայտնել մեր ցաւը այն պատճառով, որ չենք կարող այս անգամս ուրիշ բաների վերայ խօսել, ըստ որում, առանց նոցա եւս բաւական ձգուեցաւ բանի ընթացքը: Բայց եւ այնպէս, կարելի չէր զանց առնել եւ չյայտնել Կոստանդնուպօլսի Ամենապատիւ սրբազան Գէորգ Արքեպիսկոպոսի պատրիարքական աթոռից իջանելը եւ նորա փոխանակ Բրուսսայի առաջնորդ Ամենապատիւ սրբազան Սարգիս Արքեպիսկոպոսի պատրիարքական գաւազան ընդունելը:

Սորանից մի քանի շաբաթ յառաջ մասնաւոր նամակներ տեղեկութիւն էին տալիս մեզ, թէ պատրիարքական գաւազանը երրորդ անգամ պիտի յանձնուի Ամենապատիւ Յակոբոս սրբազան Արքեպիսկոպոսին, բայց ազգի քուէարկութիւնը չճշմարտեց մեր թղթակցի կարծիքը: Յունաց պատրիարքը նոյնպէս փոխուած է:



[1] Պ. Էմինի «Քերականութիւնը», որի վերայ գրուած էր վերեւում ասուած քննութիւնը, այնպիսի մի գործ չէր, որի թերութիւնքը ցոյց տալու համար հարկ լինէր քննութիւն գրել: Ինքը՝ Պ. Էմինը, երբէք չէ համարել այդ գործը սխալներից ազատ: Գլխաւոր ուշադրութեան արժանին այն է (իհարկէ, եթէ հաւատանք չար լեզուների խօսածին), որ այդ քննութեան հեղինակը եղել է ոչ Պ. Չերքեզեանցը, այլ Սալլանթեան Միքայէլ եպիսկոպոսը, որ անձնական թշնամութեան պատճառով Պ. Էմինի հետ, շարադրել է այդ քննութիւնը եւ տուել է Պ. Չերքեզեանցին Ռուսերէն թարգմանելու՝ շնորհելով նորան գրուածքի տակ «Астраханскій Армянинъ» ստորագրելու իրաւունքը որպէս վարձ աշխատութեան:

Մեր համար, ով եւ լինէր դորա հեղինակը, այդ քննութեան մէջ տեսանում ենք միայն միակողմանի իմաստակութիւն՝ педантизмъ, զուրկ, կրիտիկայի վերաբերեալ, ամենայն արժանաւորութենից: Թողնում ենք առանց ուշադրութեան այն անպատշաճութիւնը, որ Հայերէն գործի վերայ գրել են Ռուսերէն։ Ինչպէս եւ իցէ, մեր կողմից արգելք չկայ այդ գործի՝ Պ. Չերքեզեանցին սեպհական համարուելուն, որովհետեւ շատ մօտաւորութիւն կայ ուղղութեան մասին, որ վերեւում յատկացուցինք: Է՛հ, ինչ հարկաւոր է հին բաները քրքրել…

[2] Երես 18։

[3] Պ. Էմինի թարգմանութիւնը մեզ աւելի մօտ է թւում բնագրին, ուստի եւ դնում ենք այստեղ, որ ընթերցողքը համեմատեն նորան Պ. Խուդաբաշեւի թարգմանութեան հետ:

Въ мукахъ рожденія находились небо и земля;

Въ мукахъ рожденія лежало и пурпуровое море;

Море разрешилось красненькимъ тростникомъ;

Изъ горлышка тростника выходилъ дымъ;

Изъ горлышка тростника выходило пламя;

Изъ пламени выбегалъ юноша,

У него были огонь-волосы,

Борода была из пламени,

А очи словно два солнышка.

См. Ист. Арм. Моисея Хоренскаго, переводъ г. Эмина, стр. 70. Թէ Պ. Խուդաբաշեւը ինչպէս է հասկանում Խորենացուն եւ առհասարակ նորա հայագիտութիւնը, ցոյց տալու համար դնում ենք այստեղ մի պարբերութիւն մեր բարեկամներից մինի գրած նամակից:

Պ. Խուդաբաշեւը քրքրում է Պ. Էմինի՝ Խորենացու թարգմանութիւնը եւ իւր կարծիքով մի աններելի սխալ է գտել «оскопить скопцовъ». Հայերէնում գրած է «խզել զներքինիս»: Պ. Խուդաբաշեւը հանդիպողին ցոյց է տալիս այս բանը, նորա հետ միասին եւ մի կտոր թուղթ. այդ նորա կարծիքն է: Ինչ է Պ. Խուդաբաշեւի կարծիքը. թէ «խզել զներքինիս յազգէն յայնմանէ» նշանակում է հեռացնել ներքինիքը այն ազգից. ահա նորա բուն խօսքերը, որ ասում է բարեկամական ոճով:

«Какже, братецъ, оскопить скопцовъ, человекъ после известной операціи становится скопцомъ, ведь нельзя повторить этой операціи; здесь г. Эминъ не только не понялъ оригинала, но даже согрешилъ противъ логики. «Խզել զներքինիս յազգէն յայնմանէ» նշանակում է «удалить скопцовъ отъ этого народа»:

Պ. Խուդաբաշեւին պատասխանում են, թէ Հայոց լեզուով «խզել զներքինիս» նշանակում է ներքինացուցանել։ Ցոյց են տալիս այդ ոճի գործածութիւնը եւ Յովհաննէս կաթողիկոսի մէջ, վերջապէս ցոյց են տալիս բառարանի մէջ: Պ. Խուդաբաշեւը այս բոլորը թոյլ ապացոյցք է համարում՝ իւր կարծիքը հերքելու համար, մանաւանդ՝ իւր բառարանը տպած օրից դադարել է բառարանի հաւատալուց: Դնենք, թէ Պ. Խուդաբաշեւը կատարեալ իրաւունք ունի իւր բառարանին չհաւատալու, բայց մի՞թէ երկհատոր Հայկազնեան բառարանը եւս արժէք չունի նորա աչքում: Որքան եւս բամբասուէր այդ Վենետկի բառարանը, այնուամենայնիւ, դեռ նորա մէջ չտեսանք «Աւշակ» տե՛ս «Օշակ»ՙ «Օշակ» տե՛ս «Աւշակ» եւ այլն, եւ այլն, եւ այլն, ինչպէս տեսանում ենք Պ. Խուդաբաշեւի բառարանում:

[4] Ըստ սմին սակի ապա եւ մերն թագաւոր Արշակ եւ նախարարութիւնք Հայոց համարձակութիւն առեալ, կացուցին ի պատրիարքութիւն տանս Թորգոմայ զմեծն Ներսէս, փաստս իրաւախոհս ըստ արժանին ի մէջ առեալ զսուրբ առաքեալսն մեր՝ զԲարթուղիմէոս եւ զԹադէոս, որք Ասքանազեանս ազին վիճակեցան ի Տեառնէ քարոզք եւ աւետարանիչք, եւ նշխարեալ ոսկերք նոցա կան ի միջի մերում, զորոց եւ զաթոռն իսկ ընկալաւ կենդանի մարտիրոսն Գրիգորիոս (տե՛ս Յովհ. Կաթ., տպ. ի Մոսկուա, երես 28-29):

[5] Չգիտենք, թէ Հայոց եկեղեցին ե՛րբ կախումն է ունեցել Ասորոց եկեղեցուց, որ դորանից ազատուելու համար հարկ լինէր բաժանուիլ Ասորիներից: Բացի սորանից, Պ․ Խուդաբաշեւի ասածից դուրս է գալիս, թէ Հայերը յառաջ Ասորոց եկեղեցուց են բաժանուել եւ յետոյ՝ Յունաց եկեղեցուց: Արդեօք այս բանը դիմանո՞ւմ է կրիտիկական պատմութեանը, կը տեսանենք իսկոյն:

ա․ Հայոց եկեղեցին կամ նորա հոգեւոր դասը երբէք կախողութիւն ունեցած չէ Ասորոց եկեղեցուց կամ նորա հոգեւոր իրաւասութենից, ուստի եւ ոչ երբէք ապստամբած եւ հեռացած, ինչպէս կամի ցոյց տալ մեզ Պ. Խուդաբաշեւը:

բ. Բուն Ասորիք, այսինքն՝ նոքա, որ, մեր հետ միասին երեք ժողովք ընդունելով, մնացին (եւ ոչ նոքա, որք սահեցան դէպի նեստորականութիւն), մինչեւ այժմ ընդունում են Հայոց եկեղեցու հաղորդութիւնը. սորան իբրեւ կենդանի ապացոյց կարող է լինել այն, որ շատ անգամ նոցա քահանայք կամ եպիսկոպոսները բուն իսկ Էջմիածնի մէջ  պատարագած են, որպէս նաեւ մեր օրերում՝ Թիֆլիզի մէջ հանգուցեալ Ներսէս Կաթողիկոսի ներկայութեամբ:

Պ. Խուդաբաշեւը չէ կարող ապացուցանել մեզ սոցա ընդդէմը:

Գիտելի է դարձեալ, որ Հայերը բաժանուեցան Յոյներից Քաղկեդոնեան ժողովի ժամանակ եւ դոյն այդ ժողովի պատճառով. արդեօք իրաւունք ունէ՞ին կամ ո՛րչափով, թող պատասխանեն մեզ ազգային ուսումնականք:

Քաղկեդոնի ժողովից յառաջ եղած էր Եփեսոսի ժողովը, ուր դատապարտուեցաւ Նեստորը 431-432 թուականների մէջ: Նա ունէր շատ կողմնակից եպիսկոպոսներ, որպէս Թէոդորէտ, Իբաս եւ Յովհան եպիսկոպոս Անտիոքի: Այս Յովհանը, որ, Եփեսոսի ժողովի ընդդէմ մի փոքրիկ ժողով կազմելով, արդարացուցել էր Նեստորը եւ նզովել էր Կիւրեղ Աղեքսանդրիու պատրիարքը, իւր համախոհ ընկերներով, յունական հոգեւոր եւ քաղաքական իշխանութեան ձեռքով դատապարտուելով, դուրս ձգուեցաւ Յունական եկեղեցու հաղորդութենից: Բայց երբ այս դատապարտեալքը տեսան, որ Նեստորը ընկաւ անկանգնելի եւ նորա թշնամիք զօրացան, ինքեանք եւս հարկադրուեցան արտաքին ձեւով հաշտուիլ Կիւրղի հետ եւ հաղորդուիլ Յունական եկեղեցուն: Յունական եկեղեցին ներեց նորանց եւ ընդունեց:

Երբ 451 թուականին՝ Եփեսոսի ժողովից քսան տարի յետոյ, սկսուեցաւ Քաղկեդոնի ժողովը, որի մէջ ներկայ գտանուողների թիւը երկու երեք անգամ շատ էր, քան թէ առաջին, երկրորդ եւ երրորդ ժողովներում, վերոգրեալ Յովհան Անտիոքացին, Թէոդորէտը եւ Իբասը՝ իւր միւս ընկերներով նոյնպէս, հրաւիրուեցան նստելու այդ ժողովի մէջ: Բայց որովհետեւ այն բոլոր աշխարհների բնակիչներին յայտնի էին այս մարդիկը որպէս աշակերտք եւ հետեւողք Նեստորի, որովհետեւ գիտէին սոցա Կիւրղի նզովելը եւ Նեստորի արդարացնելը իւրեանց մասնաւոր ժողովով, որ կազմել էին մի պանդոկի մէջ, որովհետեւ գիտէին, որ այս մարդիկը թերեւս վախից կամ հացից չզրկուելու խորհրդով հաշտուել էին Յունական եկեղեցու հետ, այս պատճառով Հայք, Վրացիք, Ասորիք, եւ Հապէշք բողոքեցին, որ այդ մարդիկը աթոռ չստանան Քաղկեդոնի ժողովի մէջ: Հռովմի Լեւոն Առաջին Պապը չընդունեց այս բողոքը եւ, յուսալով իւր անմեղանչական իշխանութեան վերայ, այլեւ համախոհ գտանուելով Յունաց եպիսկոպոսների հետ, հաստատեց, որ այդ մարդիկը աթոռ ստանան Քաղկեդոնեան ժողովում: Երբ բողոքող ազգերը տեսան, որ իւրեանց արդարացի առաջարկութիւնը մերժուեցաւ, պատասխանեցին, թէ ինքեանք չկամին մասնակից լինել մի այնպիսի ժողովի, ուր պիտի դատաւոր նստին դատապարտուածքը, եւ այս պատճառով եւս ո՛չ գնացին, ո՛չ տեսան:

Մեք անհիմն կարծիք ենք համարում այն, որ նորերումս տարածւում է, թէ Հայք, Վարդանանց պատերազմի պատճառով չկարողանալով անձամբ անձին գնալ այդ ժողովը, հետեւաբար եւս, անտեղեակ լինելով ժողովի իսկական եւ էական դրութեններին, հրաժարուել են ընդունելուց: Մեզ երեւում է, որ այս կարծիքը հաստատուած է շատ խախուտ հիմքերի վերայ, մանաւանդ պարծանք չէ մեզ չքմեղ լինել ժողովը չգնալու համար: Աւելորդ է մեզ յիշել այստեղ ժողովի անցքերը, Դիոսկորոսի ժանդարմներից պաշարուիլը, այն բարձրաձայն բողոքները եւ աղմուկները, որ Տէրութեան քաղաքապահ զօրքի օգնութեամբ շիջուցին: Աւելորդ է յիշել Յունաց կայսրների այս ժողովը անվաւեր համարելը, չընդունելը եւ նզովելը, ինչպէս նաեւ վկայում է մեր Յովհաննէս Կաթողիկոսը: Աւելորդ համարում ենք նոյնպէս Հռովմի Փելիքս Երկրորդ Պապի՝ Բիւզանդեան Զենոն կայսրը եւ նորա հրովարտակը նզովելը, որ գրուած էր Քաղկեդոնեան ժողովը անվաւեր համարելու համար, բայց այս միայն հարկաւոր ենք համարում յիշատակել, որ Հայք վերոգրեալ պատճառներից եւ անցքերից յետոյ չէին կարող առանց իւրեանց անձը, իւրեանց ազգը եւ իւրեանց եկեղեցին անարգելու ընդունել Քաղկեդոնեան ժողովը: Մեք խնդրում ենք Պ. Խուդաբաշեւից կարդալ եւ ուսումնասիրել ընդհանուր եկեղեցական պատմութիւնը. այս մասին կարող է նորան մեծապէս օգտակար լինել ուրիշ հեղինակների հետ եւ Բարոնիոս՝ եկեղեցական պատմութեան հեղինակը (բնագիրը լատիներէն է, բայց կայ նորա եւ ֆրանսիական թարգմանութիւնը):

Այո՛, դեռեւս շատ բաներ կարող էինք հանդէս հանել Պ. Խուդաբաշեւի ընդդէմ եւ նորա գաղափարների սխալականութիւնքը աւելի մերկանդամ ցուցանել, բայց յոյս ունինք, որ ընթերցողք կը հերիքանան այս փոքրով եւս, մանաւանդ եթէ յիշեն, որ մեր դրութիւնը հրաժարական է եւ պաշտպանողական միայն. յարձակողական դրութիւնը ինքեան է գրաւել Պ. Խուդաբաշեւը… (ծան. Բաբկէնեանցի):

[6] Այդ ծածուկ նամակը մեք մերժում ենք ու չենք սխալւում՝ ազգը մեր հետ կարծելով (ծան. Բաբկէն)։

[7] Ինչ չափով կամ ինչքան հնարաւոր էր մեզ հանդէս տալ ազգի օգտի կամ նորա պաշտպանութեան համար եղած բողոքներին, միշտ պատրաստ ենք եւ պիտի լինինք (ծան. Կ. Էմմ.