Միքայէլ Նալբանդեան. Ազգութեան հրապարակախօսը

Հեղինակ

Բաժին

Թեմա

II. ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Միք. Նալբանդեանի գրական կոչման մասին թէեւ շատ վէճեր են տեղի ունեցել մեր գրականութեան եւ մա մուլի մէջ, բայց եւ այնպէս խնդիրը, կարծես, դեռ բաւարար չափով վճռւած չի համարւում եւ շարունակւում են տարբեր եւ հակասական ընդունակութիւններ վերագրել ազգութեան հրապարակախօսին։

Գրական որեւէ ճիւղի մէջ տեւական կերպով հանդէս գալը եւ մինչեւ կեանքի վերջը ստեղծագործութեան մի որոշ տեսակին ծառայելը՝ արտաքուստ միեւնոյն գրելակերպը գործածելով, յաճախ անվիճելի կերպով որոշում է գրագէտի տաղանդի բնոյթը: Սակայն խնդիրը բոլորովին այլ բնաւորութիւն է ստանում, երբ գրողը ասպարէզ է գալիս գրական մի քանի ճիւղերում, իւր կեանքի ընթացքում թեւակոխում է ստեղծագործութեան մի քանի տեսակներ եւ արտաքուստ փորձում է այլ եւ այլ գրելակերպներ: Վէճ է ծագում այդպիսի դէպքում, թէ արդեօք ո՞րն է այդ հեղինակի բնածին տաղանդի հիմնական բնոյթը, ստեղծագործութեան այն տիրապետող տունը, որով հոսում են բոլոր գրւածները՝ կրելով մի ընդհանուր երանգ, համոզիչ կերպով դրոշմելով հեղինակութիւնների ներքոյ կերպարանքը։ Չէ՞ որ ստեղծագործողը, ով որ էլ լինի նա, չի կարող լինել ե՛ւ հրապարակախօս, եւ բանաստեղծ, եւ քննադատ, եւ վիպասան… Ստեղծագործութեան տարբեր բնագաւառներ են դրանք. հասարակագիտական հոգեբանութեան տեսակէտից անհնարին, դժւար մտածելի մի բան է, օրինակ, բանաս/67/տեղծական եւ հրապարակախօսական ստեղծագործութիւնների նոյնացումը, համահաւասար չափով մէկին ե՛ւ բանաստեղծ, ե՛ւ հրապարակախօս կոչելը, որովհետեւ վերջ ի վերջոյ պիտի համոզւել, որ մէկը եթէ հրապարակախօս է, բանաստեղծ լինել չի կարող եւ ընդհակառակը:

Բայց այդ բոլորը, ասես, նկատի չի առնւում, երբ հարցը վերաբերում է Նալբանդեանին։ Ով որ ծանօթ է, սրա մասին եղած գրական երկերին, նա արդէն տեսած կ՚լինի թէ ի՛նչ այլազան տիտղոսների է արժանացած նա, որին մենք ճանաչում ենք միայն եւ եթ իբրեւ ազգութեան հրապարակախօս։

Նրա մասին խօսող հեղինակներից ոմանք առանց այլեւայլութեան բանաստեղծ են համարում նրան: «Բանաստեղծ Նալբանդեանը» այս արաւ, այն արաւ եւ այլն, չյիշատակելով եւ ոչ մի բառով, որ այդ «բանաստեղծը» գրականութեան մէջ առաւելապէս ճանաչւած է իբրեւ հրապարակախoս։ Միւսները չեն ընդունում, որ Նալբանդեանը «բանաստեղծ» է, ընդհակառակը նրանք համոզիչ կերպով փաստաբանում են, որ այդ գրողի ստեղծագործութեան էական բնոյթը հրապարակախօսական է, իսկ բանաստեղծութիւնը մեծ մասով նրան չի յաջողել, իսկ եթէ յաջողւածներն էլ ունի դրանք չեն փոխում նրա գրական կոչման բնաւորութիւնը: Այդ ճիշտ դիտողութիւնից յետոյ յիշածս մտածողները բացադրութեան մի ձեւ են թոյլ տալիս իրենց, որ պարզ կերպով ցոյց է տալիս, որ խնդիրը նրանց համար եւս ըստ ամենայնի պարզ չէ. այդ մասին քիչ յետոյ։ Մի երրորդ կարգի գրողներ, ընդունելով որ Միք. Նալբանդեանի բոլոր գրւածքների մէջ նկատւում է շնորհք, ձիրք, իսկ այդ գրւածքները տարբեր տեսակի են գրականութեան թէօրիայի տեսակէտով հնարաւոր են համարում Նալբանդեանի մասին խօսել մի շարք «իբրեւ»ներով. «Նալբանդեանը իբրեւ հրապարակախօս», «Նալբանդեանը իբրեւ բանաստեղծ», «Նալբանդեանը իբրեւ /68/ քննադատ» այլն: Եւ այդ բոլոր «իբրեւ»ները ապացուցանելը հեշտ է ըստ ինքեան. ամեն մի ճիւղից մի կամ երկու յաջող կտոր ցոյց տալ եւ համապատասխան անւանակոչութիւնը վերջացած է արդէն։

Հարկաւոր է մտքի յստակութիւն մտցնել այդ քաօսի մէջ եւ տեսնել թէ ո՞րտեղից է ծագում հենց ինքը այդ քաօսը։ Մենք կ՚սկսենք վերջին կէտից եւ ապա կ՚անցնենք առաջնին։

Եթէ պարզ լինէր այն հարցը, թե ի՛նչ է հրապարակախօսութիւնը, այն ժամանակ մէջ տեղից կ՚վերանար ինքին հնարաւորութիւնը մէկին կոչել ե՛ւ հրապարակախօս, եւ բանաստեղծ, եւ չգիտենք ինչ:

Բայց խնդիրն էլ հենց այդ է, որ մի շարք հասկացողութիւններ մեզանում յստակօրէն չեն ձեւակերպւած եւ թիւրիմացութիւնների տեղիք են տալիս։

Քսան եւ հինգ տարուց աւելի գրականութեան գրէթէ բոլոր ճիւղերում աշխատող մի հեղինակ այսպէս է ձեւակերպում մեզ հետաքրքրող հարցի ի՞նչ է հրապարակախօսութիւնը պատասխանը:

«Հայկական հրապարակախօսութեան հիմքը, - ասում է այդ հեղինակը, - դրւեց այն ժամանակ, երբ հայերն էլ հասկացան կեանքի երեւոյթները քննադատելու անհրաժեշտութիւնը: Մեզանում իսկական հրապարակախօսներ հանդիսացան այն անհատները, որոնք, տոգորւած լինելով լայն առաջադիմական հանրամարդկային գաղափարներով, բարձրացրին բողոքի ձայն հայրենի անշարժութեան, հնամոլութեան դէմ» (տես Լէօ, «Ստ. Նազարեանց», II հատ. երես 26)։

Այս տեսակէտով ո՞ւմ չի կարելի հրապարակախօս անւանել. բոլորին, ովքեր հասկանում են «կեանքի երեւոյթները քննադատելու անհրաժեշտութիւնը»։ Իսկ այդպիսիները շատ շատ են. գրականութեան բոլոր ճիւղերի տաղանդաւոր եւ անտաղանդ սպասաւորները հասկանում են /69/ «կեանքի երեւոյթները քննադատելու անհրաժեշտութիւնը», ի հարկէ, իւրաքանչիւրը իւր տեսակէտից. հրապարակախօս է ե՛ւ բանաստեղծը, հրապարակախօս է ե՛ւ քննադատը, հրապարակախօս է ե՛ւ վիպասանը, հրապարակախօս է ե՛ւ դրամատուրգը… Այս որոշումը, ինչպէս տեսնում էք, իւր մէջ պարունակում է աւելի լայն բովանդակութիւն, քան հարկաւոր է հրապարակախօսութիւնը բնորոշելու համար: Լէօի որոշման մէջ տեղի է ունեցել, այսպէս ասած, մի տրամաբանական ցատկում: Որոշման առաջին մասում թոյլ տալով իրեն այդպիսի լայն ընդհանրացում, որ ամենքին հրապարակախօս անւանելու պահանջն է յարուցանում, նոյն հեղինակը յետագայ դատողութեամբ մի տարօրինակ սահմանափակում է մտցնում իւր որակման մէջ։ Դուրս է գալիս, որ մեզանում «իսկական հրապարակախօս» նրանք միայն կարող էին կոչւել, որոնք «առաջադիմական գաղափարներով են տոգորւած եղել», «բարձրացրել են բողոքի ձայն հայրենի անշարժութեան, հնամոլութեան դէմ»։ Ուրիշ խօսքով, «իսկական հրապարակախօսները» լիբերալներ են կամ մեշչանական դասակարգի իդէօլօգները, որոնց թւին պատկանում է ե՛ւ Լէօն։

Այդպիսի մի որակում տրամաբանօրէն խախուտ եւ անհիմն լինելով, ուրեմն եւ անընդունելի, սխալ է ե՛ւ փաստապէս, չհամապատասխանելով իրականութեան տւեալներին:

Հրապարակախօսական ստեղծագործութիւնը հասարակագիտական հոգեբանութեան տեսակէտից մի հետաքրքրական երեւոյթ է, պսիխիական մի իրողութիւն, որի քննութիւնը անհրաժեշտ է մեր ներկայ ուսումնասիրութեան համար ազգութեան հրապարակախօսին հասկանալու նպատակով:

Քաղաքակրթութեան սկիզբը հասարակական համատարր խմբակցութեան զանազանաւորման շրջանն է։ Տարբեր խմբակցութիւնների հանդէս գալը համընթաց է նրանց /70/ միջեւ տիրող կռւին, որովհետեւ իւրաքանչիւր մի հասարակական գրուպպա մի ամբողջութիւն ներկայացնելով հոգեկան նիւթական տեսակէտից հակադրւում է միւսին կամ միւսներին թէ իբրեւ պաշտպանւող եւ թէ իբրեւ յարձակւող: Այստեղ մենք չենք մտնի այն վէճի մէջ թէ ինչով են բնորոշւում տարբեր խմբակցութիւնները կամ դասակարգերը, արդեօ՞ք իրենց դերով արդիւնաբերութեան մէջ, եկամտի աղբիւրով թէ մի այլ բանով. իրողութիւնը մնում է իրողութիւն, որ գոյութիւն ունեն տարբեր դասակարգեր եւ նրանց միջեւ տիրում է շարունակական կռիւ։ Այդքանն էլ բաւական է մեր առաջադիր նպատակի համար։

Դասակարգային կռւի մէջ յօրինւում են տարբեր խմբակցութիւնների բարեհայեցողութիւնն ու իրաւահայեցողութիւնը, առաջինը իբրեւ համախմբման, իսկ երկրորդը իբրեւ նւաճման սկզբունք։ Խմբակցութեան անդամների միջեւ ներքին կապը հզօրացնելու կամ ամրապնդելու համար անհրաժեշտ է որակել կոլլեկտիւի եւ առանձին անդամների փոխյարաբերութիւնը, իսկ երբ այդ արդէն արած վերջացած է, այսինքն երբ յօրինւում է որոշ էթիկա, սրա լրացումն է հանդիսանում կոլլեկտիւի յարաբերութեան որոշումը դէպի մի այլ կոլլեկտիւ։

Իւրաքանչիւր մի դասակարգի անդամ տարբեր չափով է իւր կոլլեկտիւի կեանքով ապրում. մէկը կարող է սահմանափակւել ինք իրենով եւ, այսպէս ասած, ապադասակարգային կեանք վարել, բոլորովին անտարբեր մնալով իւր խմբակցութեան հանուր կեանքի նկատմամբ, մի ուրիշը կընդգրկի իւր կոլեկտիւը նրա ամբողջութեան մէջ՝ խորապէս գիտակցելով նրա բարոյահայեցողութիւնն ու իրաւահայեցողութիւնը. վերջինս կ՚լինի այդ դասակարգի իդէօլօգը կամ հրապարակախօսը։ Որքան տարբեր դասակարգեր կան, այնքան էլ տարբեր հրապարակախօսութիւններ գոյութիւն ունին. կայ խոշոր հողատերութեան հրա/71/պարակախօսութիւն, կայ բուրժուազեայի հրապարակախօսութիւն, կայ պրոլետարեատի հրապարակախօսութիւն…

Ամեն մի դասակարգի իդէօլօգ առանց այլ եւ այլի «իսկական» հրապարակախօս է. նա կարող է տոգորւած չլինել «լայն առաջադիմական հանրամարդկային գաղափարներով» եւ այնուամենայնիւ լինել ամենալայն հրապարակախօս. նա կարող է «հայրենի անշարժութեան եւ հնամոլութեան դէմ» չկռւել, այլ սատարող հանդիսանալ հայրենի անշարժութեան եւ հնամոլութեան բայց եւ այնպէս լինել եւ մնալ ամենամաքուր հրապարակախօսական ստեղծագործութեան ներկայացուցիչ:

Այսպիսով, ուրեմն, Լէօի տւած որոշումն «հայկական հրապարակախօսութեան» մասին չի համապատասխանում իրականութեան տւեալներին. այդ հեղինակի կարծիքն ընդունելով՝ մենք ստիպւած կ՚լինենք հետեւեալ սխալ դատողութիւնը տալ. ազատամիտները եղել են (եւ են) «իսկական հրապարակախօսներ», իսկ սրանց դէմ պայքարող հասարակական այլ խմբակցութիւնների իդէօլօգները —հրապարակախօսներ չեն։

Սակայն ճիշտը այն է, ինչ որ մենք վերեւ ասացինք։

Այժմ հետաքրքրական է տեսնել, թէ ո՞ր խմբակցութեան իդէօլօգն է Միք. Նալբանդեանը եւ նրա գրական գործունէութիւնն արդեօք համապատասխանում է մեր նրա մասին տւած որոշման հետ։

Ե. Շահազիզը, Նալբանդեանի կեանքի նկարագրութեան մէջ առաջ բերելով նրա գրւածքների ցանկը, որից երեւում է, որ «հանգուցեալը ձեռնարկել է ամեն տեսակ գրական աշխատանքի, գրականութեան համարեա թէ բոլոր ճիւղերի մէջ էլ փորձել է իւր ոյժը», այն ճիշտ կարծիքն է յայտնում, որ նա «ոչ թարգմանիչ է, ոչ կրիտիկոս, ոչ վիպագիր, ոչ բնագէտ, ոչ գիտնական եւ ոչ, վերջապէս, բանաստեղծ, այլ հրապարակախօս, որովհետեւ թէեւ նա մասնաւոր կերպով յաջողութիւն է գտել բոլոր իւր գրաւոր ձեռնարկութիւնների մէջ, բայց նորա տաղանդը /72/ լայն ասպարէզ է գտել, իւր բոլոր ոյժով արտայայտւել է միայն նորա՝ հրապարակախօսական գրւածներում» (Յիշեալ գրւածքը եր. 126-127):

Մենք ճիշտ անւանեցինք այս կարծիքը միմիայն պայմանական առումով. օրինակ, մենք համաձայն չենք, որ Նալբանդեանը «յաջողութիւն է գտել» թէկուզ «մասնաւոր կերպով» վիպական եւ բանաստեղծական ստեղծագործութեան մէջ: Մեր կարծիքով նրա բոլոր երկերն էլ իրենց վրայ կրում են հրապարակախօսական ստեղծագործութեան կնիքը եւ այնչափ յաջող եւ սիրելի են համարւում, որչափ յաջող եւ սիրելի է դիտւում նրա հրապարակախօսութիւնը ինքնին։ Եթէ մէկի սրտովն է նրա հրապարակախօսութիւնը, վերջինովս, ներկւած, ներշնչւած ու թափանցւած նրա ոտանաւորներն էլ համարում է «բանաստեղծութիւններ» եւ նրան էլ «բանաստեղծ»։

Այդպիսի մի հանգամանք պատահել է եւ պ. Ե. Շահազիզի հետ: Ինչպէս տեսանք, նա պաշտպանում է այն կարծիքը, որ Նալբանդեանը, ինչ էլ որ «մասնաւոր» յաջողութեամբ գրած լինի, հրապարակախօս է։ Մամուլի մէջ էլ («Տարազ» շաբաթաթերթ, 1900 թ. ) նա բանակռիւներով աշխատել է ընդունելի դարձնել իւր այդ ըստ ինքեան ճիշտ կարծիքը: Բայց պ. Շահազիզի հրապարակախօսական ստեղծագործութեան մասին յստակ ըմբռնումն չունենալը առիթ է եղել իւր մի այլ գրւածքում («Խորէն արք. Գալֆայեան եւ Նալբանդեանի «Աղցմիքը»») Նալբանդեանին բանաստեղծական ստեղծագործութեան եւս ընդունակ համարելու, չգիտենք «մասնաւոր» թէ մի այլ կերպով:

Ի՞նչ հայեացք ունի պ. Շահազիզ հրապարակախօսական ստեղծագործութեան մասին եւ որոնք են նրա կարծիքով այդօրինակ ստեղծագործութեան տարրերը. «Աշխարհայեացքի լայնութիւն, - ասում է նա, - առաջարկութիւնների նպատակայարմարութիւն, հրապարակի վերայ /73/ եղած կամ դրւած խնդիրների բազմակողմանի քննութիւն, ժամանակակից հանգամանքներին մօտ ծանօթութիւն, ամենախճճւած խնդիրների մասին պարզաբանութիւն, բազմակողմանի գիտութիւն, դժւար հասկանալի վերացական մտքերի դիւրըմբռնելի կերպով բացադրելու եւ ժողովրդականացնելու ընդունակութիւն, սուր գրիչ, անդիմադրելի փաստաբանութիւն եւ ազնիւ, անկաշառք համարձակութիւն ահա նրա (Նալբանդեանի) գրւածների գլխավոր յատկութիւնները» (ibid)։

Այդ բոլորը պ. Շահազիզ համարում է «այն բոլոր տարրերը, որ յատուկ են հրապարակախօսներին»։ Սակայն հարցը մնում է հարց եւ պ. Շահազիզը չի պարզում մեզ իւր բոլոր պերճախօսութեամբ թէ ի՛նչ է իսկապէս հրապարակախօսական ստեղծագործութիւնը եւ մենք ի՛նչպէս պէտք է տարբերենք վերջինս գեղագիտական ստեղծագործութիւնից. չէ՞ որ նա Նալբանդեանին վիպագիր եւ բանաստեղծ չի համարում, սակայն ինչո՞ւ այդպէս, չնայած որ նա «մասնաւոր յաջողութիւն է գտել» թէ իբրեւ այս եւ թէ իբրեւ այն։

«Յայտնի է, - ասում է պ. Շահազիզ, - որ մի ազգի հրապարակախօսը այդ ազգի իւր ժամանակի մտաւոր կեանքի ճիշտ պատկերը, հայելին է. նորա մէջ արտացոլում, պատկերանում են ազգի ժամանակակից կեանքի երեւոյթները իրենց բոլոր լաւ եւ վատ կողմերով։ Ահա՛ այդ տեսակէտից նայելով եւ Նալբանդեանի վերայ, կարելի է ասել, որ նորա՝ հրապարակախօսական գործունէութեան մէջ պատկերանում է յիսնական եւ վաթսընական թւականների Հայոց կեանքը… (ibid)։

Մենք կ՚խնդրէինք այս վերջին նախադասութիւնների մէջ «հրապարակախօս» բառի տեղը դնել «գեղագէտ» բառը. եւ դա կ՚լինէր շատ ճիշտ դատողութիւն գեղագիտական ստեղծագործութեան վերաբերեալ։ Այդպիսի «ընդհանուր տեղիներով» կարելի է բացադրել ամեն ինչ, ըստ էութեան չասելով ոչինչ։

/74/ Եւ այսպէս, պ. Շահազիզի ասածների մէջ ճիշտ է միայն մի երկու բառ՝ «հրապարակախօս», որ նա աւելացնում է Նալբանդեանի անւանը, բայց թէ ինչու է նա հրապարակախօս մեզ համար մնում է առեղծւած։ Ճիշտ է եւ մի այլ բառ՝ «ազգի», որ նա աւելացնում է «հրապարակախօս» բառի վրայ, բայց թէ ինչ իմաստ ունի այդ եւ ինչով է տարբերւում Նալբանդեանը ոչ-ազզի հրապարակախօսներից կամ ազգի բանաստեղծներից դարձեալ մնում է մութ եւ անհասկանալի ոչ միայն ընթերցողին, այլ եւ հէնց իրեն, պ. Շահազիզի համար:

Մենք արդեն ասել ենք, որ հրապարակախօսական ստեղծագործութիւնը հասարակագիտական հոգեբանութեան պսիխիական ֆենօմէններից մէկն է։ Մարդկային հոգու յատկութիւններից մէկն է դա, որ անհրաժեշտօրէն տարբերւում է հենց այդ հոգու այլ յատկութիւններից։ Ամեն բան կարելի է իրար հետ շփոթել առօրեայ կեանքում, սովորական խօսք ու զրոյցի մէջ, ի հարկէ, առանց մեծ դժբախտութիւններ առաջացնելու, սակայն գիտական մտածողութիւնը իւր պահանջներն ունի, որոնց անհրաժեշտ է նկատի առնել չծնելու համար մտքերի շփոթութիւն, այլ եւ այլ թիւրիմացութիւններ եւ «մտաւոր էկօնօմիայի» տեսակէտով ապարդիւն աշխատանք։

Հրապարակախօսական ստեղծագործութեան ամենաէական յատկանիշն է հակադրման ապրումն, մի կոլլեկտիւի հակադրումն միւսին, հետեւապէս պայքարի սկզբունքով տոգորւիլը։

Տարբերիչ մօմենտն այդ է մնացած ստեղծագործութիւններից, բոլոր այլ յատկութիւնները պէտք է համախմբւին դրա շուրջը իբրեւ երկրորդական, երրորդական հանգամանքներ։

Ոչ ոք չի ժխտի, որ հրապարակախօսութիւնն աւելի փայլուն կ՚լինի, եթէ հրապարակախօսը տիրապետի «սուր գրչի», ունենայ «անդիմադրելի փաստաբանութիւն» եւ առհասարակ այն բոլոր յատկութիւնները, որ պերճախօսoրէն /75/ մատնանշել է պ. Շահազիզ, բայց ճիշտ է եւ այն, որ այդ բոլորը յստակօրէն չեն ցոյց տալիս հրապարակախօսական ստեղծագործութեան էութիւնը եւ այդ «տարրերից» շատերը չունենալով էլ՝ կարելի է լինել լաւ եւ «իսկական» հրապարակախօս։

Իսկ գեղագիտական ստեղծագործութիւնը բոլորովին այլ բնոյթ ունի: Այդ ստեղծագործութեան ամենաէական յատկանիշն է որեւէ կոլլեկտիւի կեանքով տոգորուիլը, ներշնչւիլը առանց հակադրման եւ կռւի ապրումների ։ Եթէ հրապարակախօսութիւնը հոգեբանօրէն երկ-կողմանի բնոյթ ունի, գեղագիտական ստեղծագործութիւնը մի-կողմանի յատկութիւն ունի։ Հրապարակախօսը չի կարող ստեղծագործել առանց նկատի ունենալու մի այլ, հակադիր կոլլեկտիւ, որից պաշտպանւել կամ որի դէմ յարձակւել նրան համար անհրաժեշտ է օդի չափ։ Գեղագէտը ներշնչւում է ինքն իրենից իր կոլլեկտիւից, ապրում է վերջնիս կեանքն ու յոյզերը ինքն իր մէջ առանց կռւի եւ հակամարտութեան ապրումների։ Երկու տեսակի ստեղծագործողներն էլ իրենց կոլլեկտիւի «մտաւոր կեանքի ճիշտ պատկերը, հայելին» են, նոցա մէջ «արտացոլում, պատկերանում են» իրենց կոլլեկտիւի «ժամանակակից կեանքի երեւոյթները իրենց բոլոր լաւ եւ վատ կողմերով»։ Սակայն երկուսն էլ հասարակագիտական նոյն սնունդն ունենալով՝ տարբեր կիրառումն են հանդիսաբերում: Օրինակ, «ազգի հրապարակախօսը» կռւում է իւր կուլտուրական արժէքներով զինւած մի այլ հասարակական խմբակցութեան իդէօլօգների դէմ, որոնք յարձակւում են այդ արժէքների վրայ եւ թոյլ չեն տալիս, որ նրանք կեանքի մէջ արմատանան, բարգաւաճեն եւ զարգանան, իսկ ազգի գեղագէտը գուրգուրում է այդ արժէքները, «երգում» է նրանց, ընդհանրացնում է գեղեցիկ պատկերների մէջ, կազմակերպում է տւած փորձը, միտքը լայնացնելու, զգացմունքը խորացնելու եւ կամքը ամրապնդելու համար՝ շաղկապելով իր կոլլեկտիւի բո/76/լոր անդամներին միատեսակ ապրումներով, յարանման յոյզերով:

Ազգային կոլլեկտիւը, որից սնունդ են քաղում թէ հրապարակախօսը եւ թէ գեղագէտը, իր ամենաէական յատկանիշով ոչ այլ ինչ է, բայց եթէ մի կուլտուրական ամբողջութիւն կամ կապակցութիւն. իւրաքանչիւր դարաշրջանում ազգութիւնը յօրինւում է այս կամ այն խմբակցութեան կուլտուրական արժէքների շուրջը։

Վերոյգրեալ նախապատրաստական ծանօթութիւններից յետոյ հնարաւորութիւն ունինք իմանալու թէ Նալբանդեանը ո՞ր խմբակցութեան իդէօլօգն է, ո՞ւմ դէմ է կռւում եւ ինչ միջոցներով:

Այդ բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար հէնց ինքը, ազգութեան հրապարակախօսը մեզ համար անսպառ նիւթ է մատակարարում իւր գրւածքներով:

***

Ասում են, որ իւրաքանչիւր գործիչ իւր ժամանակի ծնունդն է, որ «մեծ մարդիկ սունկի պէս չեն բուսնում», որ դարաշրջանն է ծնում իւր փայլուն ներկայացուցիչներին։

Այդ բոլորը շատ ճիշտ է:

Դժւար կ՚լինի, անգամ անհնարին Նալբանդեանին փոխադրել կովկասահայոց XVIII դարը, երբ այդ ժողովուրդը արիւնաքամ էր եղած մահմեդական սատրապների լծի տակ, տակաւին գտնւում էր նատուրէլ տնտեսութեան շրջանում, չունէր զարգացած քաղաքային կեանք, ապրանքային փոխանակութիւն եւ այլն։

Ռուսական տիրապետութիւնը, XIX դարասկզբում կովկասահայ կեանքի մէջ արդէն կատարւած յեղաշրջմանը հնարաւորութիւն տւեց ազատ արտայայտւելու, կարելի/77/ութիւն ընձեռեց վաշխառւական կապիտալի մեկուսացման եւ առեւտրական կապիտալի ներմուծման եւ բարգաւաճման»։ XIX դարասկզբի կովկասահայ կեանքի պատմագիրը Ալ. Երիցեան նկատել է այդ հանգամանքը, սակայն փոխանակ բացատրելու երեւոյթը, բաւականացել է երեմիականներ կարդալով լաւ-լաւ ժամանակների անդարձ կորստեան առթիւ։

Ռուսական տիրապետութիւնը Կովկասում մի շարք երկարատեւ պատերազմներով հնարաւոր եղաւ. դարասկզբի ռուս-պարսկական եւ ռուս-տաճկական պատերազմները պսակն են կազմում ռուս պետութեան յաղթական նւաճումների. միլլիօններ մտան Կովկասը թէ պատերազմներ մղելու եւ թէ Պարսկաստանից եւ Տաճկաստանից հայ, մասամբ էլ ոչ-հայ գաղթականութիւնները դուրս բերելու համար. տիրողների եւ տիրւողների փոխ-յարաբերութիւնը յեղաշրջւեց ոչ միայն կառավարութիւնների, այլ եւ ուրոյն դասակարգերի վերաբերութեամբ։

Օր աւուր նոր կուլտուրա էր յօրինւում, որ այլ եւս նման չէր` նահապետական ժամանակների ստեղծածին։ Ժամանակները փոխւում էին եւ մարդիկ էլ նրանց հետ։ Ալ. Երիցեանը ասում է, որ Օսմանեան պատերազմում Պասկեւիչի արած տնտեսական ծախքը հազիւ հասաւ վեց միլլիօն ռուբլի թղթադրամի, որ համեմատաբար շատ քիչ էր։ Ժողովրդի մէջ հանդէս եկաւ, Երիցեանի միամիտ տերմենօլօգեայով, «Փոդրաթչի դասակարգը, որ միանգամայն կայացած էր հայերից»։

Առեւտրական կապիտալն էր ներմուծւում իւր առաւել եւ թերի կողմերով, իւր լուսաւոր եւ խաւար երեւոյթներով։

Ալ. Երիցեանը նկատում է միմիայն թերին ու խաւարը։ «Սակայն, - ողբում է կաթողիկոսների ներբողագիրը, - որքան որ մեծ լինէր փօդրաթների տւած օգուտը, այնքան աւելի եւս նշանաւոր էր յառաջացած վնասը՝ անբարոյակա/78/նացնելով նահապետական համեստութեամբ ապրող հայերին եւ կոտրելով ազգիս անունը օտարների առաջ։ Հետամուտ լինելով կարճ միջոցում հարստութիւն դիզելու, հայ փoդրաթչին կեղեքում էր երկրագործ գիւղացոց եւ քաղաքացի արհեստաւորաց ու ամեն ցածութիւն եւ անխղճութիւն սառնասրտութեամբ էր տանում: Միւս կողմից՝ գործերի պատճառով շարունակ շփւելով ռուսաց ստոր պաշտօնէից հետ, հայ փoդրաթչին այն համոզմունքի էր գալիս, որ աշխարհիս վրայ չկայ անկարելի բան, որ կաշառքով կարելի չդառնայ. նա պաշտօնէից արարքը չափում էր միայն սոցա այս եւ այն գումարը լայեղ անելուց… Պաշտօնէիցը կաշառք տալով, նա լռեցնել էր տալիս իւր զրկած ազգայնոց բողոքները եւ կարծում էր ծածկել իւր սուտը, կեղծը, խարդախութիւնը եւ անզուսպ շահասիրութիւնը։ Կաշառք առնողները կաշառքն առնում էին եւ շնորհակալութեամբ թոթւում տւողի ձեռքը, բայց իւրեանց մէջ կազմում այն կարծիքը, թէ հայքը խաբեբայք են, քսու, ցածահոգի, դրամ պաշտող եւ միով բանիւ անբարոյական ժողովուրդ… Ռուսաց ձեռքով երկրիս մէջ մտցնւող լուսաւորութիւնից եւ քաղաքակրթութիւնից հայոց ռամիկ եւ տգէտ մասը, ինչպէս որ այդ պատահում է ամեն ազգերի մէջ էլ, ըմբռնեց եւ ընդունեց միայն արտաքին փայլը զեղխութիւնը եւ անբարոյականութիւնը։ Սկսւեց ոտնահարւել առաջւայ ընտանեկան համեստութիւնը։ Անուս, տգէտ կանայք, պարծենալով իրենց փօդրաթչի ամուսնոց հարստութեամբ, աշխատում էին արհամարհել նահապետական կեանքը եւ հետամուտ էին միայն փառասիրութեան… Եւ այսպէս, չորս տարւայ պատերազմը որքան որ իւր օգուտները ունեցաւ, այնքան էլ յեղափոխեց ժողովրդի նահապետական համեստ կեանքը` եւ կեղծ լուսաւորութիւն մտցրեց մանաւանդ անպատրաստ ռամիկ հայ հասարակութեան մէջ։ Երկրիս մէջ յառաջ եկան արհեստական սնանկութիւններ, /79/ վերացաւ վարկը, հաւատարմութիւնը եւ խօսքի ազնւութիւնը, շատացան մատնիչները եւ բանսարկուք, երեւացին կեղծ վկայականներ յօրինողներ, կեղծ դրամ շինողներ եւ այլն։ Այսպիսի ոճրագործութիւններով շատ հարուստ են պատերազմի եւ յետագայ տարիքը ու, դժբախտաբար, յանցանաց նշանաւոր մասը վերաբերում է հայերին…» (տե՛ս Ալ. Երիցեան, «Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում», Մասն Ա., երես 444, 445 եւ 447)։

Եթէ հանգուցեալ Երիցեանին օտար ազգերի պատմութիւնն էլ այնպէս լաւ ծանօթ լինէր, ինչպէս հայոց կաթողիկոսների պատմութիւնն էր ծանօթ, այն ժամանակ գուցէ նա իւր ողբին այլ կերպարանք տար եւ իւր ազգային զգացմունքը այնքան էլ վիրաւորւած չզգար «օտարների» կարծիքից իւր ազգին վերաբերեալ: Եւ եթէ նա այնքան համոզւած կերպով «կեղծ լուսաւորութեան» թշնամի չլինէր, մանաւանդ եթէ այդ վերաբերում է հայ ընտանիքին, այն ժամանակ նա ցոյց կ՚տար այդ «կեղծ լուսաւորութեան» ե՛ւ փայլուն, ե՛ւ արգասաւոր, ե՛ւ շինարար կողմերը: Գուցէ մենք չունենայինք Երիցեանի Երկհատոր պատմութիւնը, որ տպւած է, թերեւս «փօդրաթչի», «պ. Աբրահամ Բարանեանի ծախքով», եթէ չլինէր Ալեքսանդր պատմագրի «կեղծ լուսաւորութիւնը»։

Կովկասահայերի համար այդ կեղծ լուսաւորութիւնը՝ նոր դարաշրջան էր բաց անում. ստեղծւում է մի նոր դասակարգ իւր կուլտուրական նոր արժէքներով, ստեղծւում են նոր կարիքներ, նոր պահանջներ: Առեւտրական կապիտալի տիրապետութեան շրջանն էր դա։ Կործանարար երեւոյթների կողքին նա հանդէս էր բերում եւ շինարար երեւոյթներ։ Երիցեանը մի առանձին թափով շեշտում է միմիայն կործանարարը եւ բաւարար ուշադրութիւն չի դարձնում շինարարի վրայ։ Քաղաքային կեանքի զարգացումը /80/ իւր լուսաւոր կողմերով, իրարուց կտրած գիւղերի եւ քաղաքների միջեւ հեշտ հաղորդակցութեան միջոցներ հաստատելը՝ որ նպաստեց թէ առեւտրական յարաբերութիւններին եւ թէ մտաոր շփումին, կրթութեան ծաղկումը բազմաթիւ եւ տեսակ տեսակ դպրոցներով, նահապետական հնացած եւ միամիտ արժէքների տապալումն՝ կենսական նոր արժէքների առաջ, որոնք գլխովին բարձր էին առաջիններից այդ բոլորը նոր դարաշրջանի ծնունդն էին եւ նրա լուսաւոր յատկութիւնները։ Մեշչանական դասակարգը, որ նոր ի նորոյ ծնւում էր, կործանելով հանդերձ ստեղծագործում էլ էր, իւրն էր դնում հնի, կործանւածի դէմ: Ամենուրեք էլ եղել են, ասւել են Երիցեանների բողոքներն ու ախ ու վախերը նահապետական լաւ-լաւ ժամանակների չքացման առիթով, սակայն այդ երեմիականները, ի հարկէ, չեն կասեցրել նոր դարաշրջանի յաղթական ընթացքը:

Մեշչանական դասակարգը իւր արժէքները ստեղծելով՝ միաժամանակ աշխատում էր նրանց անարգել զարգացմանը նպաստել։ Աւատական-նահապետական կեանքի մնացորդներին հակադրելով իւր ստեղծած կեանքի երեւոյթները, թշնամաբար վերաբերւելով դէպի առաջին կարգի երեւոյթները՝ նա ստեղծում է իր իդէօլօգեան, իւր սեպհական շահերի ջատագովման աշխարհայեացքը, որի մշակումն ու զարգացումն նա յանձնում է իւր հիմնած դպրոցներից ելած ինտելիգենցիային։

Ինտելիգենտները կամ մտքի աշխատաւորները իդէապէս ջատագովում են այն բոլորը, ինչ որ իրական կեանքի մէջ ստեղծագործւում է իրենց սեպհական դասակարգի նւաճումներով, աւատական-նահապետական կեանքի դէմ տարած յաղթանակներով: Հին կեանքի ծանր պայմաններից ազատելը եւ անխափան առաջադիմելը նոր ուղիով դառնում է ձգտման նպատակակէտ, դա կռիւ էր եւ միեւնոյն ժա/81/մանակ շինարար ստեղծագործութիւն, որ արտայայտւում էր իդէապէս. որպէս ազատութեան սկզբունքի երկրպագութիւն։

Այդ սկզբունքի ջատագովումն բղխում է մեշչանական դասակարգի իրական շահերից: Կործանելով հին արժէքները եւ նրանց փոխարէն դնելով նորերը, իրականութեան յարաբերութիւնները փոխելով եւ դրա հետ միասին նոր ճանաչողութիւններ հանդէս բերելով մտքի սահմաններում, հասարակութեան մէջ իւր տիրապետութիւնը հաստատել ճգնելով հին յարաբերութիւնները եւ ճանաչողութիւնները փոխելու եւ ոչնչացնելու ճանապարհով, մեշչանական դասակարգը իր անխափան զարգացման հնարաւորութիւնը գտնում է իրական ազատութեան մէջ թէ քաղաքականօրէն եւ թէ կուլտուրականօրէն եւ նա դառնում է յանձինս իւր իդէօլօգների հետեւողական պաշտպան ազատութեան սկզբունքի:

Այդ սկզբունքը, ի հարկէ, իդէօլօգեական բարձունքներից եթէ իջեցնենք իրական աշխարհը վերջ ի վերջոյ դուրս պիտի գայ այն, ինչ որ է իսկապէս. երրորդ դաuակարգի ազատութիւնը շահագործելու եւ իւր տիրապետութեան հիմունքներն ամրապնդելու, քանի դեռ նա կռւող խմբակցութիւն է եւ տակաւին ձեռք չի բերել գերիշխանութիւն հասարակական այլ գրուպպաների նկատմամբ։ Այդ դասակարգը ազատութեան սկզբունքի ջատագովն է, քանի դեռ կռւող է, քանի դեռ չի հաստատել իւր բացարձակ տիրապետութիւնը. այդ բոլորը լինելուց յետոյ նա կ՚դառնայ հետեւողական թշնամի ազատութեան սկզբունքի։

Բայց մենք դեռ այն շրջանում ենք, երբ մեշչանական դասակարգը տակաւին բարեկամ է ազատութեան սկզբունքի եւ իւր իդէօլօգների միջոցով փառաբանում եւ /82/ երկինք է բարձրացնում այդ հիանալի սկզբունքի ստեղծագործող էութիւնը:

Ամբողջ տիեզերքը թափանցւած է այդ սկզբունքով, ազատութիւնն է իշխում բնութեան մէջ եւ միմիայն նրանով կարող է շնչել եւ բարգաւաճել. պէտք է մարդկային կեանքն էլ նման լինի բնութեանը, այնտեղ եւս պիտի լինի եւ տիրէ ազատութեան սկզբունքը, մանաւանդ որ մարդը իբրեւ բնութեան թագաւոր չի կարող հակասել իւր թագաւորութեան մէջ տիրող բնական սկզբունքին: Մարդիկ արհեստական կապանքներ եւ բնութեան ոգուն անհամապատասխան արժէքներ են ստեղծել, որոնք պէտք է մէջտեղից վերացւեն մարդկային կեանքը բնութեան եւ աստւածադիր օրէնքներին համապատասխան դարձնելու համար։ Ինչ որ հակառակ է այդ սկզբունքին, հակառակ է բանականութեանը, որովհետեւ վերջինս աստիճանական զարգացման օրէնքով գոյութեան կռւի մէջ ծագել է բնական աշխարհի տւեալներից, ուստի եւ բանականութեան մէջ էլ տիրում է նոյն սկզբունքը, ինչ որ բնութեան մէջ. այդ սկզբունքը ազատութեան սկզբունքն է։

Նալբանդեանն էլ համարեա թէ այդպէս է դատում եւ մէկէն յայտնագործում իւր հրապարակախօսական ստեղծագործութեան բնոյթը, իբրեւ ջատագովումն երրորդ դասակարգի շահերի, իդէօլօգեապէս՝ լիբերալիզմի»։

«Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարեանք» յօդւածում նա հետեւեալ կերպով է բացադրում ազատութեան սկզբունքը, որի ջատագովն է նա։ «Մարդը որոշւում է այլ կենդանածին անասուններից իւր բանականութեամբ, - ասում է ազգութեան հրապարակախօսը: - Քննութեան տակ ձգելով մարդը ֆիզիքական եւ հոգեբանական կողմից, նկատում ենք, որ նորա կազմւածքը ցոյց է տալիս մի այնպիսի կենդրոն, արարչի ձեռքից դուրս եկած գործարանաւոր մարմինների մէջ, ուր ժողովւած են բոլոր մարմ/83/նեղէն կատարելութիւնքը, որ ցիր ու ցան երեւում են առանձին առանձին կենդանական եւ բուսական թագաւորութիւնների մէջ. նկատում ենք հոգեկան կարողութիւնք եւ ունակութիւնք, որ միւս շնչաւորների մէջ փոխանակւում են բնական ազդեցութեամբ: Այս բոլոր նկատողութիւնքը հաւանեցնում են մեզ, թէ մարդը ստեղծւած է ազատ լինելու համար. նորա ազատութիւնը հետեւանք է նորա ֆիզիքական կատարեալ կազմութեանը եւ աննիւթ եւ իմացական կարողութեանը։ Ազատութիւնը կամ ազատութեան վերամբարձ ցանկութիւնը, որով միայն մարդը որպէս բանական էակ գիտակցաբար ճանաչած է լինում իւր արժանաւորութիւնը այլ արարածների մէջ, վառւում է, բորբոքւում է մանաւանդ, եթէ մի սեղանապիղծ ձեռք կամ իրողութիւն, փորձ փորձէր կապել այս ինքնագոյ, հոգեկան ձգտողութեան եւ անձնզգայութեան բնական իրաւունքը» («Երկերը», հատ. II, եր. 200-201)։

Արդ՝ ո՞րն է այդ «սեղանապիղծ ձեռքը», որ ուզում է «կապել» ազգութեան հրապարակախօսի հասարակական խմբակցութեան «բնական իրաւունքը». ուրիշ խօսքով՝ Միք. Նալբանդեանը երրորդ կամ մեշչանական դասակարզի իդէօլօգ լինելով՝ նա պէտք է նկատի առնէր մի հակադիր եւ հակառակորդ դասակարգ, որի դէմ իրականութեան մէջ կռւում է իւր խմբակցութիւնը՝ ժխտելով նրա կենսական ու կուլտուրական արժէքները։

Եւրոպայում, օրինակ Ֆրանսիայում, մեշչանական դասակարգը, իւր տիրապետութիւնը ամրապնդելով, կռւում էր երկու հակառակ ծայրերում կանգնած թշնամիների դէմ. աջ կողմից կանգնած էր արիստօկրատիան եւ հոգեւորականութիւնը բացարձակապետական իշխանութեամբ հանդերձ, իսկ ձախ կողմից յաւելեալ արժէք արտադրող բանւորութիւնը, որ հետզհետէ գիտակ էր դառնում իր դասակարգային ուրոյն շահերին եւ ընդդիմադրութեան /84/ զգացումներով լեցւում դէպի մեշչանական դասակարգը, որովհետեւ ազատութեան սկզբունքը մինչեւ երկինք փառաբանող բուրժուազեան, որ «սիրտ խառնելու չափ յաճախ» հնչեցնում էր «ազատութիւն, եղբայրութիւն եւ հաւասարութիւն» բառերը, ճնշում էր ամեն ինչ, ամեն մի քայլ, որ հակառակ էր իւր դասակարգային շահերին եւ նրանք, ովքեր կամենում էին կեանքի մէջ քիչ թէ շատ իրագործել նրա սիրած բառերը` արեան բաղանիքների մէջ էին խեղդւում. եւ տակաւին չէին մարած մեծ յեղափոխութեան յիշողութիւնները՝ երբ Բաբեօֆը գլխատւեց յանուն «ազատութեան, եղբայրութեան եւ հաւասարութեան»։

Հայ մեշչանական դասակարգը իւր սկզբնական քայլերում չունէր եւրոպական մեշչանականութեան թշնամիները նոյն քանակութեամբ եւ նոյն դիրքերից: Աջից պակասում էր միապետութիւնը, իսկ ձախից բանւորութիւնը։ Պարսկական եւ տաճկական բռնակալութեան տակից դուրս եկած կովկասեան հայութիւնը ռուսական միապետութեան նկատմամբ միայն քնքոյշ եւ բարեկամական զգացումներ տածել եւ ստանալ կարող էր փոխադարձաբար։ Նորանւաճ երկիր լինելով Կովկասը, պետութիւնը աշխատում էր նրան կապել իրեն հետ զանազան արտօնութիւններով, մանաւանդ հայ ազգը առանձին առանձնաշնորհումներից էր օգտւում, որոնք հատուցում էին այն բոլոր աշխատանքներին, որ ցոյց էր տւել հայ ազգը ռուսական տիրապետութիւնը ամրապնդելու համար Կովկասում, յաճախ զէնքը ձեռքին պաշտպանելով ռուսական կառավարութեան շահերը թէ պարսկական եւ տաճկական պատերազմների ժամանակ եւ թէ վրացական ապստամբութիւնը ճնշելու միջոցին XIX դարասկզբին։ Պարսկական եւ տաճկական անլուր անիրաւութիւնների տակ հեծող հայութիւնը տեսնում էր ռուսական պետութեան մէջ միայն եւեթ առաւելութիւններ մահմեդական պետութիւնների համեմատութեամբ. Տաճկաս/85/տանի եւ Պարսկաստանի համեմատութեամբ Պաւլի, Ալէքսանդր I-ի, Նիկոլայ I-ի եւ Ալէքսանդր II-ի պետութիւնը իրաւական պետութիւն էր, որի շահերը հայերը պաշտպանում էին՝ զերծ մնալու համար հին տարտարոսն ընկնելու վտանգից, որից դուրս էին եկել անթիւ զոհողութիւնների գնով։ Կովկասեան հայութիւնը, ուրեմն եւ նրա մեշչանական դասակարգը իւր զարգացման սկզբնական քայլերում, չէր կարող միապետութեան բացարձակ թշնամին լինել:

Աջից պակասում էր միապետութիւնը, իսկ ձախից բանւորութիւնը։ Կովկասում տակաւին չէր զարգացած արդիւնաբերական կապիտալը, դեռ չկար գործարանային կեանք, իրար հանդէպ կանգնած չէին ոխերիմ թշնամիները բուրժուազեան եւ բանւորութիւնը, երկուսն էլ դեռ սաղմնային շրջանումն էին գտնւում զարգացման կողմից:

Հայ մեշչանականութեան առաջ կանգնած էին մնում արիստօկրատեան եւ հոգեւորականութիւնը։ Եւ նա սկսեց կռւել այդ երկուսի դէմ էլ իւր տիրապետութիւնն ամրապնդելու համար: Աւատական-նահապետական կեանքը յանձինս այդ երկու խմբակցութիւնների շարունակում էր իւր գոյութիւնը թէ իրականապէս եւ թէ իդէօլօգապէս: Այդ կեանքի վերջնական ջախջախումը թէ իրականապէս եւ թէ իդէօլօգապէս հնարաւորութիւն կ՚տար մեշչանական դասակարգի կուլտուրական արժէքների անխափան զարգացմանն ու բարգաւաճումին։ Միք. Նալբանդեանը, իբրեւ այդ դասակարգի իդէօլօգ, շատ լաւ էր հասկանում իւր առաքելութիւնը։ Նրա թշնամութիւնը հակադիր դասակարգի դէմ մղւում էր անզուսպ եռանդով, կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ, որ կարող էր այսպէս թէ այնպէս իւր սեպհական խմբակցութեան տիրապետութիւնը ամրապնդել: Խոշոր հողատերութեան, աղաների դէմ կռիւը ազգութեան հրապարակախօսը զուգընթաց կերպով առաջ էր մղում /86/ աբեղայականութեան դէմ պայքարի հետ: Թէ առաջին եւ թէ երկրորդ խմբակցութիւնների տիրապետութեանը ընդդիմանում էր նա թէ կեանքի եւ թէ մամուլի մէջ։ Առաջինների դէմ կռիւը կօնկրէտ արտայայտութիւն ստացաւ Խալիպեան խնդրում, իսկ երկրորդների դէմ Այվազեան վարդապետի հետ մրցակցելիս։

Նախորդ գլխում մենք արդէն տեսանք թէ ո՞վ էր Խալիպը եւ ինչո՞ւ համար էր նրա դէմ պայքարում Միք. Նալբանդեանը: Այժմ տեսնենք թէ ով էր Այվազեանը եւ թէ ինչու նրա դէմ կռւում էր ազգութեան հրապարակախօսը։

Այդ հոգեւորականի հետ անձամբ գործ ունեցողներից մէկը Ղ. Աղայեան իւր ինքնակենսագրութեան մէջ հետեւեալ կարծիքն է յայտնում նրա մասին. «Մեծ գիտնական էր (Այվազեանը), - ասում է Աղայեանը, - բայց ոչ դրական, այլ բացասական մտքով առած այդ բառը: Լաւ է, որ մարդ բոլորովին տգէտ լինի եւ պարզամիտ, քան թէ ամբարւած բացասական գիտութիւններով: Այդպիսի մարդը մի ժողովրդի գլուխ անցնելով նրան կ՚տանի դէպի նախապատմական խաւար դարերը։ Սրանք են, որ կապկացնում են մարդիկներին եւ ոչ նրանք, որոնք ասում են՝ մարդը կապկից է առաջ եկել…» (տե՛ս եր. 36)։

Այս հակիրճ եւ բնորոշ կարծիքը ինքնին պարզում է Միք. Նալբանդեանի անշէջ ատելութեան հիմունքը դէպի այդ «մեծ գիտնականը»։

Պատմականօրէն եկեղեցին իւր լաւագոյն եւ ծաղկած շրջանում եղել է մի հողատիրական աւատական հիմնարկութիւն մեզանում, ինչպէս եւ Եւրոպայում, եւ նոյն ընդհանուր հիմունքներն է ունեցել, ինչ որ նախարարական կազմակերպութիւնը: Որպէս այդպիսին եկեղեցին իւր մէջ ներշնչել է ազատական կուլտուրայի արժէքները, ինչպէս շատ ճիշտ կերպով նկատում է պր. Ն. Ատոնց իւր մագիստրո/87/սական աշխատութեան մէջ, «նախարարիզացիայի» է ենթարկւել (տե՛ս «Арменія въ эпоху Юстиніана», «Нахарарскій строй» գլուխը)։

Նոր եւ նորագոյն դարերում եկեղեցին բոլորովին չկորցրեց իւր բնոյթը, թէպէտ եւ նա դադարեց լինել այն, ինչ որ էր միջնադարում: Նա դարձեալ մնաց աւատական կենսահայեցողութեան ջերմ ջատագովը եւ յաճախ աւատական արժէքների խնկարկուն նոր կուլտուրայի դէմ կռւելիս: Թէեւ նա վերջ ի վերջոյ տեղի տւեց, բայց նրա հետեւողական իդէօլօգները Այվազեան վարդապետի պէս ձգտում էին, ինչպէս բնորոշում է Ղ. Աղայեանը, ժողովրդին տանել դէպի նախապատմական դարերը, այսինքն դէպի այն ժամանակը, երբ աւատականութիւնն էր կազմում հայ ազգայնութեան հասարակական-քաղաքական խարիսխը։

Միք. Նալբանդեանը իբրեւ երրորդ դասակարգի, ուրեմն եւ հայ նոր ազգայնութեան իդէօլօգ, պէտք է յանձինս Այվազեանի դիտէր մի սկզբունքային թշնամու, որի բոլոր արժէքների դէմ կռւելը պարտաւորական էր իրեն, որպէս մեշչանական հրապարակախօսի։ Եւ այդ է պատճառը, որ Նալբանդեանի կռիւը մեզ զարմացնում է այսօր իւր ըմբոստ թափով, եւ հրապարակախօսական ստեղծագործութեան անծանօթ մարդկանց առիթ տալիս կարծելու, որ այդտեղ դեր է խաղում ազգութեան հրապարակախօսի սոսկ «անձնական կիրքը»։

Սակայն դա սխալ կարծիք է, ինչպէս կ'տեսնիք յետոյ։

Այվազեանի դէմ կռւելով Միք. Նալբանդեանը չէր դաւաճանում իւր հրապարակախօսական առաքելութեան։ Այդ պայքարը նա գործադրում էր իւր դասակարգակիցներին համախմբելու նոր արժէքների շուրջը՝ դեմօկրատիական ընդհանուր սկզբունքների անունով: Ահա թէ ինչպէս է պատկերացնում պ. Ե. Շահազիզ Նալբանդեանի /88/ կռիւը Այվազեանի եւ նրա համախոհների դէմ. «Նալբանդեանի ձեռքից եկած միջոցները, - ասում է ազգութեան հրապարակախօսի կենսագիրը, - իւր հզօր եւ ազդու գրիչն էր, որ նա իւր բոլոր ոյժով գործ դրեց ժողովրդի դատը պաշտպանելու: Մէկ կողմից նա մամուլի մէջ քննադատում էր Այվազեանի գործունէութիւնը, սկզբունքի խնդիր շինելով նրա առաջնորդութիւնը, միւս կողմից նա իւր նամակներով ողողում էր Նախիջեւանը, իւր բարեկամներին եւ կուսակիցներին ընդհանուր խորհուրդներ եւ գործելու եղանակ ցոյց տալով: Իւր մէկ նամակի մէջ նա հետեւեալ կերպով է ամփոփում բարեկամներին տւած իւր այդ ընդհանուր խորհուրդները՝ «միայն այսքան իմացէք, որ դուք միաբանելով շատ բան կարող էք առնել, իսկ միմեանցից հեռանալով ամենքդ եւս ջոկ ջոկ կ՚տկարանաք, աշխարհս որ կայ միաբանութեամբ կայ, եթէ այն նիւթերի միաբանութիւնը քակտւի աշխարհս եւս կ՚քանդի, այս բաները լաւ հարկաւոր է իմանալ եւ իմացածը գործ դնել խելօք կերպով, պէտք է այլ մարդու սիրտ ունենալ եւ կին չդառնալ, եւ եթէ մենք կ՚կամենայինք, որ մեզ ուրիշները պատւեն պէտք է, որ նախ եւ յառաջ մենք մեր անձը պատւենք, եթէ այս չենք կատարում մենք, կ՚անարգենք մեր անձը եւ պատճառ կտանք ուրիշներուն եւս անարգել մեզ» (տես «Մ. Ղ. Նալբանդեանց» երես 69-70)։

Մեր առաջ կանգնած է մի որոշ խմբակցութեան իդէօլօգ, որ գիտէ թէ ինչո՞ւ համար է կռւում եւ թէ ի՞նչպէս եւ ի՞նչ միջոցներով պիտի կռւել յաղթանակ տանելու համար. ոյժերի զինւորագրում, միեւնոյն կեցութիւնը, շահերը եւ մտածողութիւնը ունեցող մարդկանց համախմբում ահա՛ նրա սեւեռեալ գաղափարն ու գործելակերպի խթանը:

Միք. Նալբանդեանի կռիւը Այվազեան վարդապետի /89/ դէմ սոսկ անձնական ատելութեան արգասիք չէր. դա երկու տարբեր դրօշակների պայքար էր։ Բացի Նալբանդեանից նրա դէմ զինւած էր եւ այն խումբը, որի դրօշակակիրն էր ազգութեան հրապարակախօսը։ Այվազեանը նախակին մխիթարեան էր եւ ապա լուսաւորչական եկեղեցու գոգը դարձած: Նա յայտնի էր իւր զարգացմամբ, տոկունութեամբ եւ աշխատասիրութեամբ։ Ինչպէս Նալբանդեանը, այնպէս էլ «Հիւսիսափայլի» միւս հրապարակախօսները սկզբունքային հիմունքներ ունէին նրա դէմ պայքարելու համար։ Այվազեանը այն կղերամիտ իդէօլօգն էր, որի իդէալները պիտի փնտրել միջնադարում, հետեւապէս Երրորդ դասակարգի հրապարակախօսների մահացու թշնամին էր նա։ Նրա դէմ այդ հրապարակախօսները կռւում էին ոչ միայն Ռուսաստանում, այլ եւ Եւրոպայում՝ Ստեփան Ոսկանի ղեկավարութեամբ։ «Անկասկած, - ասում է պ. Լէօ, - Գ. Վ. Այվազեանը այն ժամանակւայ մեր հոգեւորականութեան մէջ մի խոշոր դէմք էր, որ աչքի էր ընկնում իւր եռանդով, զարգացմամբ։ Մխիթարեան միաբանութեան մէջ էլ նա շատ յայտնի էր իբրեւ գրող, մանաւանդ իբրեւ հայերէնագէտ, ուրեմն որքա՜ն մեծ պիտի լինէր նրա համբաւը մեր լուսաւորչական հոգեւորականութեան մէջ, որ առհասարակ մտաւոր անապատ էր ներկայացնում: Այդ բոլորը սակայն չի արգելում ասելու որ Այվազեանը, իբրեւ կաթոլիկ վանքում կղերական ոգով կրթւած մարդ, իւր գրական եւ դպրոցական գործունէութեան մէջ յետադէմ մտքեր էր դաւանում։ Խալիպեան դպրոցը նա ենթարկեց համարեա նոյն կանոններին, որոնք գոյութիւն ունէին Մուրադեան եւ Հայկազեան վարժարաններում։ Դա մի փակ, վանական դպրոց էր. ամեն ինչ կարգադրւած էր այնպէս, որ աշակերտները միայն այն սովորեն, ինչ հարկաւոր է կղերական տեսակէտից. սահմանւած էր խիստ հսկողութիւն աշակերտների վրայ, /90/ բանը նոյն իսկ այն տեղին էր հասնում, որ աշակերտները պիտի լրտեսէին իրար։ Առարկաների դասատւութիւնը յանձնւած էր այնպիսի ուսուցիչների, որոնք համապատասխանում էին գլխաւոր ղեկավարի վանական հասկացողութիւններին» (տե՛ս Լէօ, «Ստ. Նազարեան», II հատ, եր. 271 եւ 267):

Երրորդ դասակարգի իդէօլօգի համար այդքանն էլ բաւական էր Այվազեանին սկզբունքային եւ դասակարգային թշնամի համարելու համար։

Որ Միք. Նալբանդեանը միայն եւ եթ անհատներ չունէր նկատի, այլ կռւում էր որոշ կենսահայեցողութեան դէմ, շատ ապացոյցներ ունենք մենք: Նրա գրական ամբողջ գործունէութիւնը ոչ այլ ինչ է, բայց եթէ մի պայքար աւատական-նահապետական արժէքների դէմ, պայքար որ հիմնովին ժխտում էր հայութեան անցեալ եւ ապրւած ազգայնութեան ձեւը իւր կուլտուրական բովանդակութեամբ։ «Աբեղայական խուցը, - ասում է նոր ազգայնութեան հրապարակախօսը, - չէ՛ եւ չէ՛ այն դիտանոցը, որ տեղից կարելի լինէր ազատ տեսողութենով նկատել աշխարհի իրողութիւնքը, եւ նկարագրել այնպէս, ինչպէս որ կային» (տե՛ս «Երկերը», II հատ., եր. 130)։

Երկու տարբեր կուլտուրական բովանդակութիւնների արժէքները միմեանց յանդիման դնելով՝ ազգութեան հրապարակախօսը հանդէս է բերում հակադրական զարգացման մեթօդը իւր սեպհական խմբակցութեան բարգաւաճման եւ ծաղկման համար: Իբրեւ իսկական հրապարակախօս նա այլ մեթոդ առաջադրել էլ չէր կարող: Ինչպէս ասել ենք, հրապարակախօսական ստեղծագործութեան հիմնական յատկանիշն է երկու տարբեր խմբակցութիւնների հակադրական շահերի ըմբռնումն եւ դրանից բղխող պայքարի սկզբունքը. առանց այդ հասկացողութեան չկայ իսկական հրապարակախօսութիւն։ Իւր սեպհական խմբակցութեան /91/ էական շահերի եւ կենսահայեցողութեան հակադրումը մի ուրիշ թշնամի խմբակցութեան շահերի եւ կենսահայեցողութեան, գիտակցութիւնը այն բանի, որ իւր սեպհական խմբակցութիւնը պէտք է ընթանայ իւր ինքնուրոյն ճանապարհով՝ զարգացնելով իրեն յատուկ արժէքները, հակադրելով դրանց խորթ եւ օտար խմբակցութեան արժէքներին այդ բոլորը գերազանցօրէն գիտակցում եւ քարոզում էր ազգութեան հրապարակախօսը, որ իւր յստակ աշխարհայեացքով, հետեւողական կենսահայեցողութեամբ հայ նոր ազգայնութեան ամենախոշոր իդէօլօգը լինելու իրաւունքն ունի։ «Ամենայն մարդ, - ասում է Նալբանդեանը՝ բացատրելով իւր հակադրական մեթօդը, - պիտոյ է իւր սեպհական կերակուրն ունենայ, իւր սեպհական կենդանութիւնն ունենայ. ինձ ինչ օգուտ է, եթէ ես տեսնում էի մի հարուստ մարդ եւ մասնակից չէի նորա հարստութեանը, այսպէս ինչ օգուտ է օտարի առողջութիւնը եւ կենդանութիւնը, եթէ ես հիւանդ այսօր կամ վաղը սպասում եմ մահին, հայոց ազգի անբաղդ զաւակները մինչեւ այսօր օտարի հացով են իւրեանց ստամոքսը յագեցնում եւ օտարի կենդանութենով ապրում են, եւ սորանով հետզհետէ օտարանում են, այսու ամենայնիւ նոքա չեն մեղաւոր, ժամանակի հարկաւորութիւնքը անխնայ պահանջում են, նա իւր սեպհականը չունենալով օտարի հացի եւ կեանքի միջնորդութենով գործ է կատարում» («Երկերը», II հատ, եր. 468)։

Ասացինք, որ հակադրական մեթօդի կիրառումը բղխում է հրապարակախօսական ստեղծագործութեան էութիւնից։ Երկու տարբեր խմբակցութիւնների հակադրումը, նրանց զանազան շահերի պարզ գիտակցութիւնը եւ ուրոյն ճանապարհներով ընթանալու համոզումն, հանդէս է բերում ի վերջոյ կռւի անհրաժեշտութիւնը սեպհական արժէքների յաղթանակի համար։ Նալբանդեանը իբրեւ սոս/92/կական մարդ, ինչպէս տեսանք նրա կեանքի հանգամանքներից, եղել է միշտ կռւող, պայքարող անձնաւորութիւն. նա այդ կռիւը կեանքից փոխադրեց մամուլի մէջ եւ դարձաւ մի ամբողջ խմբակցութեան հրապարակախօս։ Ինքն էլ գիտակցում էր յստակօրէն իւր մղած կռւի անհրաժեշտութիւնն եւ յաճախ թէ նամակների եւ թէ յօդւածների մէջ նա հանդէս է գալիս, որպէս կռւի պաշտամունքի ներկայացուցիչ: Շատ սխալ կ՚լինի նրա այդ «կռւարարութիւնը» «անձնական կրքի արդիւնք» համարելը։ Հրապարակախօսական ստեղծագործութեան հոգեբանական վերլուծումն եւ տարբեր դասակարգերի հրապարակախօսների կեանքի եւ գործունէութեան քննութիւնը բոլորովին այլ բան են ցոյց տալիս: Դուրս է գալիս, որ ընդհանրապէս հրապարակախօսական բնոյթ ու պսիխիկա ունեցող մարդիկները բոլորն էլ ընդհանուր առումով այս կամ այն չափով եղել են եւ են «կռւարար»։ Համարել որ բոլորն էլ տարւած են եղել իրենց «անձնական կրքով» կամ նրանց բոլորի միջավայրն էլ կուլտուրապէս ստոր մակարդակ է ներկայացրել եւ սնուցել նրանց մէջ այդ անձնական թերութիւնը կ՚լինէր առնւազն միամտութիւն։ Իւրաքանչիւր խմբակցութիւն ունի իւր իդէօլօգիան, իւր սեպհական աւետարանը։ Խմբակցութեան հրապարակախօսը շատ պարզ եւ յստակ կերպով պատկերացնելով իր աւետարանի ճշմարտութիւնները եւ հակառակորդ խմբակցութեան աւետարանի մոլորութիւնները, վերջապէս, տեսնելով որ իր բոլոր ջանքերը համոզել հակառակորդին իւր մոլորութիւնների մէջ՝ անցնում է ապարդիւն, այդ բոլորը ստեղծում են հոգեբանօրէն հասկանալի մի դրութիւն, որ ծնել կարող է յաճախ անհամբերութիւն, եռանդի որոշ թափ, եթէ կուզէք՝ կիրք, բայց ոչ անձնական, այլ հրապարակախօսական, որ բոլոր իդէօլօգների մօտ արտայայտւում է նման պսիխիական բովանդակութեամբ։ Մենք «անձնական կրքով» /93/ տարւած չենք կարող համարել այնպիսի փայլուն հրապարակախօսների, ինչպէս Արծրունի Գ., Միքայէլեան Քր., Պլէխանով, Միլիւկով եւ այլն, եւ այլն, որոնց գրական գործունէութիւնը, լցւած կռւի բոլոր տրամադրութիւններով, յաճախ ստանում էր եւ է անհամբերութեան, եռանդի որոշ թափի եւ հրապարակախօսական կրքոտութեան կերպարանք: Բոլոր հրապարակախօսներն էլ զգում են կռւի անհրաժեշտութիւնը եւ գործադրում են իրենց ստեղծագործութեան միայն յատուկ պրեօմները՝ խորապէս զգալով իրենց հրապարակախօսական կոչումն, կռիւների մէջ պաշտպանելով եւ դրւատելով սեպհականը, միաժամանակ հալածանք եւ խստութիւն բարձրացնելով օտարի դէմ։ Նալբանդեանն էլ այդ իսկական հրապարակախօսներից մէկն էր. նա էլ զգում էր կռւի անհրաժեշտութիւնը, իւրայինների համախմբման կարեւորութիւնը որոշ շահերի եւ կենսահայեցողութեան շուրջը։ «Եղբայր, - գրում է ազգութեան հրապարակախօսը իւր կուսակիցներից մէկին, - մենք առանց ձեզ ոչինչ ենք, նոյնպէս եւ դուք առանց մեզ, պէտք է ձեռք ձեռքի տալ եւ միաբան ուժով ջարդել խաւար վիշապի գլուխը»։ Մի այլ նամակի մէջ նա վստահօրէն յայտարարում է. «Աստուած ողորմած է ճշմարտութիւնն մերն է եւ նա կ՚պահէ մեզ»։ Եթէ «ճշմարտութիւնը» հրապարակախօսի կողմն է, այլ եւս ի՞նչից պիտի նա վախենայ. ակնարկելով իւր հակառակորդների վրայ՝ նա ասում է մի այլ նամակում խիզախաբար՝ «ես նոցա ցոյց կ՚տամ իւրեանց հօր հարսանիքը. հանգիստ կացի՛ր, եղբայր, մեք այդպէս կիրակոսներու լեզւի տակ չենք մնալու…» (տե՛ս Ե. Շահազիզ, «Մ. Ղ. Նալբանդեանց», եր. 61 եւ 79)։

Կռւի անհրաժեշտութիւնը դրւատելով՝ ազգութեան հրապարակախօսը միաժամանակ գիտակ է իւր կոչման. նա կռւիէ մարդ, իսկ կռւող հրապարակախօսն ունի իւր պարտաւորութիւնը, իր բարոյահայեցողութիւնը: Սեպհական /94/ անձը նւիրաբերել իւր խմբակցութեան օգտին ահա՛ այդ բարոյահայեցողութեան քւինտ էսսենցիան։ «Մեր համար, - ասում է իւր հրապարակախօսական կոչումն գերազանցօրէն ըմբռնող Միք. Նալբանդեանը, - ազգութիւնը եւ ամբողջ ազգի կատարելութեան գաղափարը այնքան ծանր կշիռ ունի, որ դորան պահպանելու եւ օգնելու մտքով պատրաստ ենք ամենայն զոհաբերութեան, ինչ որ միայն կարող էր մի մատենագիր մարդ… Մեր սիրտը լցւած է արիւնով. մենք այս տեղ չենք ծառայում մեր ախտերին, ինչպէս մի քանի գիշերադէմ մարդիկ հայհոյեցին մեզ, այլ սպասաւորում ենք ազգի օգտին. գուցէ մեղաւոր ենք նորանով, որ մեր աչքի առաջեւ են Հայոց ազգի համար սորանից հարիւր տարի յետոյ գալոց օրերը…» («Երկերը», հատ. I, եր. 347 եւ 349)։

Հրապարակախօսական ստեղծագործութեան տեսակէտից չափազանց հետաքրքրական մի խոստովանութիւն է դա, որ կողմնակի կերպով պարզաբանում է մեր վերեւ բացատրածները։ Հրապարակախօսական ոգեւորութիւնը, անհամբերութիւնն ու անշեղ հետեւողականութիւնը բղխում է գլխովին այն հանգամանքից, որ հրապարակախօսը պայծառօրէն տեսնում է իւր խմբակցութեան ապագան պարզ աչքով եւ այն ճամբաները, որոնք տանում են դէպի այդ ապագան. շատ ճիշտ է նկատում ազգութեան հրապարակախօսը, որ իւր «աչքի առաջեւ են Հայոց ազգի համար նորանից հարիւր տարի յետոյ գալոց օրերը…»:

Նկատելով «Հայոց ազգի համար հարիւր տարի յետոյ գալոց օրերը» հրապարակախօսը խանդավառութեամբ կոչ է անում. «Սիրելի Հայք, յառա՛ջ, դէպի յառաջ, եւ մի հատ աւազը կորած չէ սարի ահագին կազմւածքի մէջ, ամենայն կայծ կարող է բորբոքել մի կրակ, եթէ ձեռնտու լինեն հանգամանքների յարմարութիւնքը» («Երկերը», հատոր I, երես. 266):

/96/ Սեպհական խմբակցութեան ապագան եւ դէպի վերջինս տանող ուղիները պարզ տեսնելով՝ Միք. Նալբանդեանը իսկական հրապարակախօսի պէս անխնայ էր դէպի այդ ապագայի եւ այդ ուղիների թշնամիները, միեւնոյն ժամանակ գորովալից վերաբերմունք ցոյց տալով իւր համախոհhերին։ Հրապարակախօսական ստեղծագործութեան հոգեբանական բովանդակութիւնն ըմբռնելու համար այդ գիծն եւս հետաքրքրական է: Մենք արդէն տեսանք, թէ նա ինչպէս էր վերաբերւում իւր հակառակորդ Խալիպեաններին, Այվազեան վարդապետին, պէտք է աւելացնել նաեւ, մեղւականներին: Թշնամիների դէմ պայքարելիս նրա յօդւածների լեզուն եւ ապացուցութիւնը մի առանձին ոյժ եւ թովչութիւն են ստանում, ծաղրանքի ոյժով խարանելու նրա ընդունակութիւնը հասնում է ծայրագոյն աստիճանի։ Բոլորովին փոխւում է ազգութեան հրապարակախօսի հոգեկան վիճակն ու տրամադրութիւնը, երբ խօսելու առիթ է ներկայանում իւր համախոհների մասին։ Այս դէպքում նա այնպէս է վերաբերւում դէպի նրանց, ինչպէս դէպի իրեն. իսկ նա իւր մասին խօսելու շատ առիթներ էր գտնում։ Հրապարակախօսն իւր մէջ արտացոլելով իւր սեպհական խմբակցութեան համայն կեանքը, իւր գործունէութեան եւ արարքներին վերաբերւում է նոյն գորովագութ տրամադրութեամբ եւ սիրալիրութեամբ, ինչպէս եւ իւր խմբակցութեան մէջ արտայայտւող իւրաքանչիւր դէպի ապագան ձգտող անձին եւ երեւոյթին։

Այսպէս, առանց քաշւելու Միք. Նալբանդեանը գովում եւ դրւատում է իր գործածած լեզուն, համարելրվ այն «ընտիր լեզու»։ Ազգայնութեան խոշորագոյն ֆակտօրներից մէկն էր համարում նա լեզուն, ուստի եւ նա գուրգուրում էր ազգային լեզւի յառաջադիմութիւնը, իսկ սեպհական լեզուն, որ ժամանակի ամենամաքուր գրական աշխարհաբարն էր, նա խնկարկում էր դարձեալ ազգային /96/ տեսակէտով։ Միայն իւր լեզուն չէ, որ նա գովաբանում է. նա իւր անձն էլ է առաջ մղում, գիտակցելով իւր հրապարակախօսական կոչումն ու արժէքը։ Ահա՛ թէ ինչ կարծիք է յայտնում իւր մասին ազգութեան հրապարակախօսը կողմնակի կերպով. «Այս խեղճ մարդը դարձել էր մի ամենազգաստ ծանրաչափ–բարօմետր ազգային բաների համար, որոնց եւ վերջինը, ամենաթեթեւը մեծ ազդեցութիւն էին գործում նորա վերայ» («Երկերը», հատոր I, երես 77)։

Նա գրեթէ այդ նոյն կարծիքն ունի խմբակցութեան օրգանի մասին, որ դարձեալ պիտի հանդիսանայ, ինչպէս եւ ինքը, «ամենազգաստ բարօմետր ազգային բաների մասին»։ Շատ ճշգրիտ հայեացք ունի Նալբանդեանը հրապարակախօսական օրագրի մասին։ Նա պէտք է հանդիսանայ այն ամբիոնը որտեղից քննութեան խօսք է լսւելու խմբակցութեան անցեալի մասին եւ նոր ճամբաներ մատնանշւելու դէպի ապագան: Նա այն «հրապարակական դատաստանն» է, որ խարանում է խմբակցութեան սայթաքումները եւ դրւատնում նրա ուղիղ եւ կանոնաւոր քայլերը դէպի առաջ: «Հիւսիսափայլը» Նալբանդեանի կարծիքով հէնց այդ ցանկալի օրգանն է, որ պէտք է ամրապինդ բազկով պաշտպանի ազգութեան շահերը եւ մտրակի նրա թշնամիներին: Ի՜նչպիսի գուրգուրանքով, սիրով եւ համակրանքով է վերաբերւում ազգութեան հրապարակախօսը դէպի այն օրգանը, որի ճակատին դրօշմւած էին հետեւեալ բառերը «Օրագիր ընդհանուր ազգային լուսաւորութեան եւ դաստիարակութեան»։ Ի՞նչպէս էին պատկերանում այդ «օրագիրն» ու նրա հրապարակախօսները Միք. Նալբանդեանի աչքում. «…Հիւսիսափայլի մէջ նոքա բարձրացնում են ճշմարտութեան դրօշակը եւ մտանելով միլլիոնաւոր քնած մարդերի մէջ, անխնայ զարթեցնում են նորանց մի վնասակար եւ թուլացուցիչ քնից, հրաւիրելով դէ/97/պի արթնութիւն, հսկողութիւն եւ գործունէութիւն։ Այս մարդիկը կորած համարում են այն րոպէները, որ չէին ծառայել մեր ազգին մի ճշմարտութիւն յայտնագործելով կամ նորա իրաւունքը հաստատելով հայկական մարդկութեան մէջ։ Հիւսիսափայլը համարձակ Հիւսիսափայլը անմասն սնոտի երկիւղից, անմասն կեղծաւորութինից, երեսպաշտութենից, անբաժին դժոխային, եզւիտական հոգուց, Հիւսիսափայլը ամենայն հարազատութեամբ սպասաւորելով Աստուածային ճշմարտութեանը, իւր գործակատարների հաստատուն ձեռքով ճեղքում է, պատառում է մի հազար կարկատաններով թանձրացուցած վարագոյր, որի տակ ամենայն խնամքով թագուցած էին խաւարապաշտները մեր ազգի բարոյական խոցերը եւ վէրքերը… (տե՛ս «Երկերը», հատ. II, եր. 253)։

Այդպիսի կարծիք ունենալով իւր խմբակցութեան հրապարակախօսական բերանի օրգանի մասին՝ ազգութեան հրապարակախօսը հէնց որ հասաւ ինքնագիտակցութեան որոշ աստիճանի այդ եղաւ Մոսկւայում կարիք զգաց հրատարակելու մի «օրագիր» Ստ. Նազարեանի հետ։ Նամակներից մէկում նա հետեւեալն է գրում իր բարեկամին. «Երկար ժամանակ է, որ ես եւ պարոն Նազարեանցն ցանկանում էինք դուրս տալ մի Հայկական օրագիր, աշխարհաբար լեզւով հասարակին հասկանալի։ Երկար ժամանակ այս խորհուրդը մնացել էր մեր սրտումը բոլորովին անգործ, պատճառ որ զանազան հանգամանք արգելք էին լինում այս ազգասիրական գործին» (տե՛ս Ե. Շահազիզ՝ «Մ. Ղ. Նալբանդեանց», եր. 58)։

Սակայն շուտով արգելքները վերանում են եւ Նալբանդեանը հնար է գտնում տեսնել իւր «ազգասիրական գործը» իրականացած։ Հիւսիսափայլի մէջ նրա հրապարակախօսութիւնը ստանում է իւր վերջնական ձեւակերպութիւնը. ազգութեան հրապարակախօսը մինչեւ կեանքի վերջը հա/98/ւատարիմ մնաց այն սկզբունքներին, որ քարոզել էր Նազարեանի հրատարակութեամբ լոյս տեսնող «օրագրում»։ Իւր հրապարակախօսական դիմագծի համար ամենից բնորոշ եւ յատկանշական յօդւածները նա հրատարակել է «Յիշատակարաններ կոմս Էմմանուէլի օրագրութեան թերթերից» խորագրի տակ։

Շատ յարմար միջոց էր ընտրել Միք. Նալբանդեանը իւր ազգային հրապարակախօսութիւնը կիրառելու համար։ «Յիշատակարանները» նրան տալիս էին մի շարք դիւրութիւններ իւր մարտնչող դէմքը ցուցադրելու ամբողջովին։ Գրական մի այլ ձեւ թերեւս հնարաւորութիւն չտար այն արտայայտելու եւ այնպէս, ինչ որ եւ ինչպէս որ նա արտայայտում էր իւր «Յիշատակարանների» մէջ: Գրական այդ ձեւը ըստ ամենայնի հանդէս է բերում հեղինակի ներքին, ինտիմ հակումները, նրա կեանքն ու համոզումները իրենց մանրամասնութիւններով եւ հնար ընձեռում «Յիշատակարան» գրողին ըմբռնելու բովանդակապէս։ Հրապարակախօսը սոսկ այն չէ, ինչպէս որ նա երեւան է գալիս իւր զուտ հրապարակախօսական յօդւածներում, ուր նա սոսկ համոզումի մարդ է, պաշտպանում է իւր համոզումները եւ յարձակւում այլոց, իւր թշնամիների համոզումների դէմ։ Նա ե՛ւ մարդ է բովանդակ առումով. ունի իւր կենսահայեցողութիւնը, որ սոսկ համոզումների մի գումար չէ, այլ որոշ զգացումների, յոյզերի մի կոմպլեքս, որի արտայայտման հնարաւոր միջոցներից մէկն էլ կարող է հանդիսանալ «Յիշատակարանը»։ Համոզումի եւ կենսահայեցողութեան այդ զուգորդումը «Յիշատակարանում», աւելի րէլիէֆ է շինում հեղինակի դէմքը, իսկ հրապարակախօսութիւնը դարձնում առաւել հիւթալից, ուժեղ եւ դուրեկան, եթէ գրողը, ի հարկէ, ունի գրական տաղանդ: Նալբանդեանի «Յիշատակարաններում» այդ յատկութիւններն աւելի եւս ցայտուն արտայայտութիւն են գտել, որովհետեւ նրա «օրագրութիւնները» թափանցւած են երգիծանքով։

/99/ Վերջինս հրապարակախօսական ստեղծագործութեան բնորոշ գծերից մէկն է, որ բղխում է իդէալի եւ տւեալի հակադրութիւնից։ Սխալ կ՚լինի Միք. Նալբանդեանի այդ երգիծանքը, որ երբեմն սրութեան գագաթնակէտին է հասնում, նրա անհանգիստ, կրքոտ բնաւորութեան արդիւնք համարել։ Դա, իսկապէս, հրապարակախօսական ստեղծագործութեան արդիւնք է եւ ուրիշ ոչինչ: Իւրաքանչիւր իսկական հրապարակախօսութիւն զերծ չէ այս կամ այն քանակի եւ տեսակի երգիծանքից։

Հետաքրքրական է այժմ տեսնել թէ ինքը, ազգութեան հրապարակախօսը ինչ կարծիք ունէր իւր «Յիշատակարանների» մաuին։ Թախծով եւ տխրութեամբ է Դրօշմւած նրա այդ կարծիքը։ Միք. Նալբանդեանը իւր խմբակցութեան ամենից գիտակից անդամներից մէկն էր. շատ չէր նրանց թիւը, որ համոզումի եւ կենսահայեցողութեան իսկական ընկեր լինէին նրան, մի մարդու, որ պարզ աչքով տեսնում էր իւր խմբակցութեան հեռաւոր ապագան եւ այն մութ բաւեղները, որոնց մէջ դեգերում էր այդ խմբակցութիւնը: Այստեղից արդէն հեռու չէ բարոյական եւ մտաւոր միայնութեան թախիծը։ Չպէտք է մոռանալ, որ Միք. Նալբանդեանը հայկական երրորդ դասակարգի անդրանիկ ինդելիգենտներից մէկն էր եւ, այսօրւայ տերմինով, իսկական մտաւոր պրօլետար։ Դասակարգային ինքնագիտակցութեան հասնելով՝ նա զարնում է իւր հրապարակախօսական շեփորը եւ կամենում է, որ իւր շուրջը համախմբւին իւր պէս գիտակիցների լեգիոններ: Բայց նրա ձայնը համեմատաբար շատ քչերի սրտումն է արձագանք գտնում. հողը տակաւին խոպան էր եւ մշակների թիւը սակաւաւոր։

Անցողիկ հիասթափութեան վայրկեանների ծնունդ պէտք է համարել այն տողերը, որ ազգութեան հրապարակախօսը գրել է իւր «Յիշատակարանների» մասին։ Մի /100/ տեղ նա իւր յիշատակարանը հետեւեալ կերպով է բնորոշում. «իմ յիշատակարանը իմ անմխիթար միայնութեան արդիւնքը» («Երկերը», հատ. I, եր. 165): Մի այլ տեղ՝ «Յիշատակարանս իմ միայնութեան եւ տխրութեան զաւակը» (հատ. I, եր. 218):

Հրապարակախօսի համար միայնութեան զգացումը հոգեբանօրէն տեւական մի երեւոյթ չէ հանդիսանում: Մի ամբողջ խմբակցութեան ձգտումների արտայայտիչը լինելով, իւր մէջ արտացոլելով սեպհական խմբակցութեան կեանքը, գուրգուրելով նրա նպատակը եւ պարզ տեսնելով այն բոլոր ուղիները, որոնք տանում են դէպի այն հրապարակախօսը իրեն միայնակ չի զգում. նրա մէջ խօսում է մի ամբողջ կոլլեկտիւի ձայնը եւ անպակաս է խրախոյսի ներշնչումն նրա մէջ: Ուրիշ հոգեկան վիճակ ունի ապադասակարգային ինդելիգենտը, այն մարդը, որ կտրւած է մի խմբակցութիւնից իւը մտքի եւ կեցութեան հանգամանքներով եւ դեռեւս չի որդեգրւել մի այլ խմբակցութեան։ Այդպիսիի համար բնորոշ է տեւական հոգեբանական միայնութեան զգացումն: Բայց մենք արդէն գիտենք, որ Միք. Նալբանդեանը չէր պատկանում ապադասակարգային ինդելիգենտների թւին. նա երրորդ դասակարգի իդէօլօգն էր, ուրեմն եւ միայնութիւնը նրա պսիխիական բովանդակութեան համար չէր կարող հանդէս գալ իբրեւ յատկանշական մի գիծ: Կռւի տաքութեան մէջ, երբ նրա եռանդը հասնում էր իւր գագաթնակէտին, երբ նա կուզենար բոլոր խոչընդոտները մի հարւածով ոչնչացնել տենչալի նպատակին հասնելու համար, երբ նա կ՚կամենար տեսնել իւր խմբակցութեան բոլոր անդամներին ոգեշնչւած մի ընդհանուր բաղձանքի շուրջը ահա՛ այդ ժամանակ նա նկատում է դժկամակութեամբ, որ իրերը ընթանում են դանդաղօրէն, որ համախմբումը կատարւում է ոչ ուժգին թափով, որ նպատակի իրագործումն արագ /101/ կերպով չի կատարւում։ Հոգեբանօրէն հնարաւոր է այդպիսի վայրկեաններում թախծի եւ միայնութեան զգացումը, որ իբրեւ մի անցողիկ երեւոյթ գալիս է եւ շտապով անհետանում, չթողնելով խորունկ հետք: Յիշեալ տխուր եւ հիասթափեցնող կարծիքներից յետոյ, ահա՛ թէ նա ինչ է գրում իւր «Յիշատակարանների» մասին. «Ոչինչ մարդու ծառայ չէ իմ յիշատակարանը. ես նորան չեմ տպում, օտարի չեմ ցոյց տալիս, ունիմ երկու հարիւր ութսուն բարեկամ միայն նոքա են տեսանում…» (հատոր. I, երեւս. 168):

***

Այս բոլոր գծերը, ինչ որ մենք մինչեւ այժմ մէջ բերինք, թւում է մեզ, ճիշտ կերպով բնորոշում են Միք. Նալբանդեանի ստեղծագործութիւնը իբրեւ հրապարակախօսական ըստ ամենայնի։ Համոզւելու համար, որ մենք մի իսկական հրապարակախօսի հետ գործ ունենք եւ ոչ թէ բանաստեղծի, վիպասանի, քննադատի կամ մի այլ կարգի ստեղծագործողի հետ, կարեւոր ենք համարում քննութեան առնել ազգութեան հրապարակախօսի քննադատական եւ բանաստեղծական գործերը, վերջնականապէս մեր կարծիքը նրա մասին ամրապնդելու նպատակով: Բայց նախ քան այդ՝ աւելորդ չի լինիլ մի հետաքրքրական հանգամանք եւս նկատի առնել: Հոգեբանօրէն խիստ արժէքաւոր մի երեւոյթ է, որ Միք. Նալբանդեանը մեր հին գրականութեան մէջ իւր սիրոյ եւ գուրգուրանքի առարկան էր դարձրել մի դօկումենտ։ Դա Ղազար Փարպեցու «թուղթն» է, որ գրաբարից բանտում թարգմանել է աշխարհաբար։ Եւ ոչ միայն թարգմանել է, այլ եւ ճոխացրել է բազմաթիւ հետաքրքրական ծանօթութիւններով, որոնց մէջ արտայայտել է իւր հրապարակախօսական բնոյթը ուրւագծող /102/ կարծիքներ: Վերջիններս արդէն կասկածի եւ ոչ մի նշոյլ չեն թողնում, որ Նալբանդեանը ազգութեան հրապարակախօս է։ Եւ մեր այդ կարծիքը շեշտւում է այն ժամանակ, երբ արդէն (բանտարկւելուց առաջ) նա գրած ունէր «Երկրագործութիւնը», բարեկամացած Բակունինի, Գերցէնի եւ Օգարեւի հետ եւ ոմանց կարծիքով սօցիալիստ դարձած: Բայց Ղազար Փարպեցու «թղթի» ծանօթութիւնները բոլորովին այլ բան են ապացուցանում։

Բայց մեզ այստեղ չի հետաքրքրում Նալբանդեանի ազգութեան հրապարակախօս լինելը, այլ նրա ստեղծագործութեան բնոյթը, որ հրապարակախօսական է: Հրապարակախօս Նալբանդեանի սրտին շատ մօտ պիտի լինէր Ղազար Փարպեցու թուղթը, որ գրւած է «ստախօս աբեղաների» դէմ: Մենք արդէն գիտենք, թէ ինչու եւ ինչպէս էր վերաբերւում ազգութեան հրապարակախօսը XIX դարու հայ աբեղաներին։ Նա կռւում էր իւր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով թէ աբեղաների եւ թէ աբեղայամիտների դէմ։ Այդ կռիւը ստեղծել էր նրա համար բազմաթիւ թշնամիներ յատկապէս «աբեղաների» մէջ, որոնցից մէկի վրայ նա կասկածում էր իւր բանտարկութեան համար: Բայց բանտարկութիւնից առաջ էլ նա իւր յօդւածների մէջ միշտ սիրով եւ համակրանքով էր յիշում Ղազարի «թղթի» մասին այն բոլոր դէպքերում, երբ հարկաւոր էր շեշտել հայ ազգութեան թշնամանքն ու հալածանքը դէպի իւր գիտակից որդիները։ Կ՚նշանակի բացի ընդհանուր ատելութիւնը դէպի աբեղաները կամ Ղազարի եւ Նալբանդեանի մէջ եւ այն մերձեցնող գիծը, որ այնքան բնորոշ է հրապարակախօսական ստեղծագործութեան համար ուժգին պայքարի տենչը հակառակորդների դէմ, նրա բողոքող հոգին։

Այդ հանգամանքներն են պատճառը, որ Ղազար Փարպեցու «թուղթը» արժանացաւ Նալբանդեանի կողմից բոլորովին ա՛յլ բան են ապացուցում /103 / քրտնաջան աշխատանքի ուսումնասիրութեան նպատակով: Այղ թուղթը. ազգության հրապարակախօսի համար , հրաշալի թուղթ է. եւ նա, մորմոքւում է, որ ամբողջութեամբ չի դա հասել մեր ձեռքը (II հատ., եը. 522)։

* * *

Մեզ մնում է այժմ տեսնել Միք. Նալբանդեանին «իբրեւ քննադատ» եւ «իբրեւ բանաստեղծ»։

Այն բոլորը, ինչ որ մինչեւ այժմ շեշտեց, բաւականաչափ պարզեց արդէն նրա ստեղծագործութեան բնոյթը։ Առանց այլ եւ այլութեան կարելի է պնդել, որ հրապարակախօսը մնում է հրապարակախօս նաեւ քննադատութեան եւ բանաստեղծութեան մէջ եւ նրա «օրհնեա՜լ է պատերազմը» լօզունգը մնում է իւր ոյժի մէջ այդ երկու գրական բնագաւառներում։

Ուրիշ կերպ էլ լինել չէր կարող:

Պէտք է նկատի առնել այն հանգամանքը, որ այս կամ այն հեղինակի ստեղծագործութիւն ասելով չպետք է հասկանալ նրա ստեղծագործութեան արդիւնքները, որոնք յաճախ կարող են մոլորեցնել ստեղծագործության բնոյթը մեկին կերպով ըմբռնելու համար։ Նալբանդեանի ստեղծագործութեան բնաւորութիւնը, եթէ մեզ համար պարզ է, այլ եւս չպէտք է շփոթւենք նրա քննադատութիւնների, բանաստեղծութիւնների, լեզւական եւ այլն յօդւածների հանդէպ։ Ստեղծագործութիւնը մի պսիխիական երեւոյթ է, մտաւոր մի պրոցես. արդիւնքները կարող են ենթարկւել գրականութեան տեսութեան այլ եւ այլ որակումներին։ Բայց մնում է բոլորի համար ընդհանուր մի յատկութիւն, որ կարմիր թելի պէս անցնում է բոլոր երկերի միջով. դա յօրինողի հոգեկան ապրումի որոշ բնոյթն է, որ իւը կնիքը դնում է իր ամենատեսակ արդիւնքների վրայ։ Մի /104/ խօսքով՝ հրապարակախօսական ստեղծագործութիւնը չի կորցնում իր առանձնայատկութիւնը, եթէ նա հանդես է գալիս ոտանաւորի ձեւով կամ քննական յօդւածի բնաւորութեամբ։

Այստեղ հարկաւոր է մի հանգամանք պարզել թիւրիմացութիւնից զերծ մնալու համար: Քննական յօդւածներ գրել չի նշանակում քննադատ լինել, ինչպէս եւ ոտանաւորներ գրողը դեռ բանաստեղծ չէ։ Նախ տեսնենք առաջին երեւոյթը։

Քննադատ ասելով մենք հասկանում ենք գեղարւեստական երկեր ուսումնասիրողին։ Եթէ քննութիւնները կատարում են ոչ այդ բնագաւառում, այն ժամանակ ուսումնասիրողը կարող է լինել ամեն ինչ, ինչ կուզէք, բայց ոչ քննադատ. օրինակ՝ նա կարող է լինել հրապարակախօս, «գիտնական», փիլիսոփայ եւ այլն։ Այս եւս պարզ է, որ ամեն մի գեղարուեստական երկեր ուսումնասիրող քննադատ չէ դեռ, եթէ նրա ստեղծագործութեան բնոյթը չի համապատասխանում այդ գրական կոչումի պահանջներին: Գեղարւեստական ստեղծագործութիւնը այլ ստեղծագործութիւններից տարբերւում է իւը մեթոդով. Ո՞րն է այդ մեթոդը: Այդ մեթօդը տոգորման մեթոդն է։ Մի փոքըիկ համեմատութիւն կպարզի խնդիրը: Մենք արդէն տեսանք, որ հրապարակախոսական ստեղծագործութեան մեթօդը ըստ ամենայնի հակադրման մեթոդ է. այդ ստեղծագործութիւնը սնունդ է ստանում մի եւ մի այլ խմբակցության հակադրութեան ապրումից։ Գեղարւեստական ստեղծագործութեան մէջ հակադրութեան ապրումը գոյութիւն չունի. մի որեւէ խմբակցութեան յոյզերով տոգորւելը աղբիւր է հանդիսանում այն ապրումին, որ սնունդ է տալիս գեղարուեստական ստեղծագործությանը: Վերջինս նկատի ունի խմբակցութիւնը ինքն իւր մէջ, իսկ հրապարակախօսութիւնը հակադրում է նրան միւսին։ Գե/105/ղարւեստական քննադատության մեթոդն եւս տոգորման -հոգեբանական այդ խիստ որոշ ապրումի վրայ է յենւած. երկուսն էլ մեթոդի կողմից ոչ մի տարբերութիւն չունենալով՝ զանազանում են իրենց տաղանդի բնաւորութեամբ. գեղարուեստակէտը պատկերներ է յօրինում է յօրինում, իսկ քննադատը պատկերներ է վերլուծում, ցոյց տալով ներշնչման այն աղբիւրները, որոնք սնունդ են տւել գեղագէտի պատկերներին։

Մենք արդեն գիտենք, թէ ստեղծագործութեան ինչ մեթօդ ունէր Միք. Նալբանդեանը. դա հրապարակախօսության հարկադրման մեթոդն է: Վերջինս չէր կարող հնարաւորութիւն ընձեռել նրան քննադատ լինելու, եւ եթէ մենք նկատի առնենք, թէ ինքը, ազգության հրապարակախօսը ի՞նչ կարծիք ունի քննադատութեան մասին, կը տեսնենք որ նա չի դաւաճանում եւ չէր էլ կարող դաւաճանել իւը հրապարակախոսական մեթօդին։

Քննադատութիւնը, ազգային հրապարակախօսի կարծիքով, ազգային իդէօլօգիայի հասունութեան չափ է հանդիսանում։

Ուրիշ խօսքով նա քննադատութիւնն ըմբռնում է իբրեւ հրապարակախօսութիւն եւ ուրիշ ոչինչ:

«Խօսելով ընդհանրապէս կրիտիկայի վրայ, ասում է Նալբանդեանը, այս եւս պիտի ասել թէ նա մի չափ է, մի նշանացոյց է, մի այնպիսի կշիռ, որով իսկ եւ իսկ հասկացւում է որեւիցէ ազգի լուսաւորութեան աստիճանը, որ րեւ իւրաքանչիւր ազգի կրիտիկա յայտնում է մեզ նոյն ազգի տեսութեան եւ հայեացքի պարզությունը կամ պղտորութիւնը... » (Երկերը, հատ, II, եր, 138): -

Եւ պէտք է ասել, որ այդ «չափով» էլ ազգության հրապարակախօսը քննադատում էր ե՛ւ գիրք, ե՛ւ անձ, ե՛ւ խմբակցութիւն։ Այսինքն նա միշտ եւ ամենուրեք մնում էր հաւատարիմ ինքն իրեն, իւը հրապարակախօսական ստեղ/106/ծագործության պահանջներին: Այսպէս, նա թարգմանում է մի վէպ - Եւժեն Սիւի «Թափառական հրեան», որին յարակցում է մի բացատրական նախաբանութիւն, որով մերկացնում է իր կատարած գործի նպատակը, այն դիտաւորութիւնը, որով ղեկավարել է թարգմանութիւնն անելիս։ Եւ ի՜նչ է դուրս գալիս. հրապարակախօսի համար այդ վէպի գեղարւեստական տեսակէտով ինչ լինելը հետաքրքրական չէ ամենեւին, նա քննադատին վայել պահանջներով չի մօտենում այդ վէպին, այլ հրապարակախօսական իւր յայտնի չափով ազգային իդէօլօգիայի տեսակէտով. որի «պարզութիւնն ու պղտորութիւնը» ամեն ինչ է նրա համար: Միք. Նալբանդեանը ազգութեան հրապարակախօս է, ուրեմն եւ ազգային եկեղեցու ջերմաջերմ պաշտպան. նա մի այլ ո՛չ ազգային եկեղեցու դէմ կռիւ ունի, նա իւր ազգային փարախը «գառնազգեստ գայլերից» մաքրելու պարտականութիւնն է յանձն առել, նա` իւր ազգային եկեղեցին պիտի, ինչ էլ որ լինի, յաղթական դուրս թերի պապականութեան հանդէպ: Եւ ահա նա թարգմանում է Սիւի վէպը իր պայքարի յաջողութիւնն ապահովելու մտադրությամբ: Նա մի «մտաւորական ինկվիզիցիօ» է հանդեսաբերում պապականութեան վրայ։ «Այն մարդիկը, ասում է ազգության հրապարակախօսը, - որ երբեմն ինկվիզիտորների ձեռքով դատապարտում էին դէպի բանտ, դէպի հուր, դէպի սուր, նոյն մարդիկը կրկնում եմ մի անփախչելի մտաւորական ինկվիզիցիօ են կարգել եւ դէպի յաւիտենական ամօթ դատապարտում են Պապականութեան անքրիստոնեայ գործերը» («Երկերը», 1 հատոր, երես. 131)

Ուրեմն, ամենուրեք Նալբանդեանի բերանում հնչում է մեզ յայտնի նրա լոզունգը. «Օրհնեա՜լ է պատերազմը»։ Վէպի քննադատութեան մէջ եւս նա հանդիսանում է իբրեւ մարտնչող հրապարակախօս Պռօշեանցի «Սօս եւ Վարդի/107/թերը» վէպի այն քննադատութիւնը, որ մեր ձեռքն է հասել. ըստ մեծի մասին լեզւի մշակության խնդիրներին է նւիրւած, պաշտպանում է աշխարհաբար լեզւի դատը մի այնպիսի կրակոտ եռանդով, որ միայն Նալբանդեանին է յատուկ: Հրապարակախօսը պաշտպանում է իր լեզւական հայեացքները, կռւում հակառակ կարծիքների դէմ եւ իւր ստեղծագործութեան բնոյթին յատուկ շեշտով յայտնում իւր պատրաստակամութիւնը «հեշտությամբ չթողնելու պատերազմի ասպարէզը» («Երկերը». II հատ. օր. 440)։

Պատերազմը օրհնւած է նաեւ նրա «բանաստեղծութիւնների» մէջ, որոնք ոչ այլ ինչ են, բայց եթէ «հրապարակախօսութիւն ոտանաւորով», եւ այն մարդիկ, որոնք առանց այլ եւ այլի գործ են ածում «բանաստեղծ Նալբանդեանց» բառերը, թւում է թէ պարզ հասկացողութիւն չունին գեղարվեստական ստեղծագործութեան բնոյթի մասին։ Մեր գրականութեան մէջ, որքան գիտենք, առաջին անգամ պ. Ն. Շահազիզը պաշտպանեց այն ճիշտ կարծիքը, որ Նալբանդյանը բանաստեղծ չէ, չնայած որ ոտանաւորներ ունի գրած։ Բայց նա հետեւողականօրէն չմնաց այդ կարծիքին եւ թոյլ տւեց մի որոշ կոմպրոմիս, որ խախտում է հիմնովին նրա պաշտպանած տեսակէտը, Այդ խախտումը տեղի ունեցաւ այն ժամանակ, երբ հրատարակեց պ. Շահազիզը Նալբանդեանի «Աղցմիքը» իւր բացատրութիւններով հանդերձ: Այդ մասին մի քիչ յետոյ:

Եթէ կարճ ուզենանք ձեւակերպել մեր վերաբերմունքը Նալբանդեանի բոլոր ոտանաւորների մասին պիտի ասենք այն, ինչ որ գրել է պ. Ե. Շահազիզը ազգութեան հրապարակախօսի սկզբնական ոտանաւորների մասին, Իսկ նա գրել է հետեւեալը. «Դոքա արդիւնք են հեղինակի ոչ այնքան բանաստեղծական բուռն երեւակայության, որն քան Հայոց նորաբողբոջ աշխարհաբար գրականութեան /108/ մէջ եւս, ինչպէս ուրիշ ազգերի նոր սկսող գրականութեան, զանազան երգեր ունենալու ցանկութեան» (տես Ե. Շահազիզ Մ. Ղ. Նալբանդեանց, եր. 64-66)։

Նրա անդրանիկ ոտանատորները, նոյն Շահազիզի կարծիքով, այն ուղղության դրոշմն են կրում, «որին նա հաւատարիմ մնաց մինչեւ իր կյանքի վերջը», այսինքն ոչ այլ ինչ են, բայց եթէ արդիւնք հրապարակախօսական ստեղծագործութեան (ibid, եր. 44):

Ուրիշ կերպ էլ լինել չէր կարող, որովհետեւ գեղեցկագիտութեան մէջ եւս Միք. Նալբանդեանը հանդիսանում է իբրեւ հրապարակախօս. «Պարզ է, - ասում է ազգութեան հրապարակախօսը, թէ պէտքը նախընտիր է, քան թէ գեղեցկութիւնը, որովհետեւ կեանք չկայ, եթէ պէտքերը չհոգացւին։ Ցրտի տակ ընկած մերկ մարդը էլ գեղեցկութեան չի նայիլ, միայն թէ մի բան գտնէ, որի մէջ պատսպարէ իւր անձը ու չպաղի սատկած ձուկի պէս, քաղցածը էլ համին չի նայիլ միայն թէ ուտելիք գտնէ, իսկ երբ մարդը հոգացել էր բոլոր էական պէտքերը, երբ այդ բոլորին ասում ենք հոգալով ապահովել էր իր կեանքը, այն ժամանակ միայն զարթնում են նորա մէջ միւս հոգեկան քաղցերը կամ ցանկութիւնքը, որոնց շատը դեռ անծանօթ եւս են շատ միլիոնների, բայց այդ միլիոնները նոյնպէս ապրում են, ինչպէս ապրում են շատ նկարիչք, որ քսան երեսուն տարիներով Հռովմ են նստում սիրահարւելով անտիկեան գեղեցկութեան կամ ճարտարութեան» (II հատ., եր. 480-482).

Թէպէտեւ ազգության հրապարակախօսի այս կարծիքը յատկապէս գեղեցկագիտութեան մասին նրա հայեացքը արտայայտելու համար չէ մէջ բերած, բայց եւ այնպէս բնորոշ է դա մի հրապարակախօսի բերանում եւ յար եւ նման է այն կարծիքին, որ ունէր հրապարակախօս Գր. Արծրունին գեղեցկի մասին։ Հրապարակախօսական ստեղ/109/ծագործութեան ներկայացուցչի համար առաջնութիւնը պատկանում է «օգտի» սկզբունքին, ինչպէս պէտք է մարդկանց ապահովել նիւթապէս, կերցնել եւ հագցնել՝ ապա գալիս են «միւս հոգեկան քաղցերը. հոգալու ցանկութիւնքը»: Թէ հասարակագիտական տեսակէտով ո՞րն է առաջնագոյն ֆակտորը կենսամարտի մէջ՝ «տնտեսական գործառնութիւնը» թէ «իդէօլօգիական վերնաշէնքը» մենք չենք մըտնի այդ վէճի մէջ եւ դա այստեղ շոշափւած խնդրին էլ չի վերաբերում, այսքանը միայն կասենք, որ հրապարակախօսական ստեղծագործութեան համար խիստ բնական հանգամանք է «բոլոր էական պէտքերի» շեշտումը եւ գեղեցիկը երկրորդական հանգամանք սկսելը, քանի որ հրապարակախօսի ամբողջ ուշադրութիւնը կլանւած է հակադրման սկզբունքով, իսկ վերջնիս ամբողջ բովանդակութիւնը յենւած է «էական պէտքերի» վրայ, շատ քիչ չափով շոշափելով «միս հոգեկան քաղցերը»։ Մի գեղագէտի կամ բանաստեղծի համար խիստ տարօրինակ կլինէր այդպէս մտածել, որովհետեւ նրա ստեղծագործութեան պսիխիական բնաւորութեան համար ոչ մի տարակոյս չկայ - կոպիտ արտայայտելով—թէ ո՞րն է գերազանց՝ «ջութակներ շինելը, թէ ջութակի վրայ նւագելը»։ Բանաստեղծի հոգեկան արտայայտութիւնները բոլորովին այլ ուղիով են ընթանում, նրա ստեղծագործութիւնը տոգորման բնոյթ է կրում, ուրեմն եւ հարկադրման մեթօդի բոլոր հրապարակախօսական պահանջներն անզօր են նրա հիմնական սկզբունքի հանդէպ. գեղարւեստը գեղարւեստի համար...

Այդ հիմնական տեսակէտով, եթէ մօտենալու լինենք առաջադիր խնդրին՝ պիտի ասենք կտրականօրէն, որ Նալբանդեանի ստեղծագործութիւնը չի կորցնում իւր էական բնոյթը նրա, այսպես կոչւած, «բանաստեղծութիւնների՝ մէջ եւս. նրա մէջ հրապարակախոսական ստեղծագործու/110/թիւնը ոչ թէ մի «ջիղ» է, որ կարող է տեղի տալ մի ուրիշ «ջղի», այլ մի ամբողջական պսիխիական համայնապարփակ երեւոյթ։ Մեզանից իւրաքանչիւլն էլ ունի որոշ բանաստեղծական «ջիղ», որոշ պայմանների ազդեցութեան տակ կարող է ամեն մի մահկանացու էլ «յաջողւած» ոտանաւորներ գրել։ Եւ զարմանալի էլ կլինէր, եթէ այդպէս չլինէր: Այն յատկութիւնը, ինչ որ սովորական մահկանացուների մէջ քիչ չափով է արտայայտում, անզարդացած ձեւով հանդես գալիս, ընտրեալների մեջ արտայայտում է մեծագոյն չափով եւ զարգացած ձեւով: Բանաստեղծական ստեղծագործութիւնը մի պսիխիական երեւոյթ է, որի հիմնական տարրերը յատուկ են առհասարակ մարդկային հոգուն, մտքի եւ լեզւի հոգեբանութիւնը տալիս է այն ատաղձը, որից հիւսում է գեղագէտը իւր պատկերները: Այն, ինչ որ գեղագէտի համար հոգեբանօրէն մի տիրապետող հանգամանք է, հոգեկան մի գերիշխող ուղղութիւն, իրականութեան մէջ սոսկ պատկերներ տեսնելու եւ համադրելու յատկութիւն, սովորական մահկանացուի մէջ դրանք երկրորդական հանգամանքներ են եւ սաղմային, անզարգացած տրամադրութիւնները։ Ստեղծագործութեան հոգեբանության տեսակետից երկու սկզբունքային տարբերութիւն ունեցող, հիմնականօրէն իրար բացասող ստեղծագործութիւններ չեն կարող պարփակւել որեւէ ստեղծագործական պսիխիկայի մէջ. հրապարակախօսը միժամանակ չի կարող լինել գեղագէտ, եւ ընդհակառակը։

Այդ հիմնական սկզբունքի տրամադրութեան համաձայն մենք սխալ ենք համարում Միք. Նալբանդեանի մասին արտայայտած այն կարծիքը, թե նրա ոտանաւորներն առհասարակ բանաստեղծական ոչինչ չունին իրենց մէջ, բայց կան յաջողւած բանաստեղծութիւններ, որոնք իսկական ներշնչման արդիւնք են եւ ազգության հրապա/111/րակախօսը դրանց մեջ հանդիսանում է «իբրեւ իսկական թերթող»:

Մեր կարծիքը բոլորովին այլ է. իսկական հրապարակախօսը չի կարող լինել ե՛ւ իսկական քերթող, կամ մէկը, կամ միւսը, իսկ երկուսը միաժամանակ երբէ՛ք։ Բայց Միք. Նալբանդեանի գրաբար ոտանաւորների այն շարը «Աղցիք» որ նա գրել է բանտում իբրեւ մի parodia Խորէն վարդապետ Գալֆայեանի «Վարդենիքի», որը եւ «զուտ սիրահարական բանաստեղծութիւնների մի հաւաքածու է» եւ ցուցադրում է վարդապետին «իբրեւ մի սիրահար երգիչ աշխարհային մտքով» - ասես թէ գալիս է հաստատելու, մեր պնդածի հակառակը եւ ազգության հրապարակախօսին ցույց տալու իբրեւ իսկական բանաստեղծ։ Պ. Ե. Շահազիզը, որ հրատարակել է «Աղցմիքը» բացատրական ծանօթութիւններով հէնց այդ կարծիքի է «Նալբանդեանցը, ասում է պ. Ե. Շահազիզը, Աղցմիքում ինքն իրան համեստությամբ բանաստեղծ չի համարում, այն ինչ իսկապէս նա հէնց իւր այդ գրածքում հանդիսանում է իբրեւ քերթող» (տես, Ե. Շահազիզ «Խորէն արք. Գալֆայեան եւ Նալբանդեանի Աղցմիքը», եր. 171)։

Պ. Ե. Շահազիզը իւր այդ գրւածքում մի գլուխ դրւատում է Աղցմիքը, հիացած նրա բանաստեղծական առանձնայատկութիւնների վրայ, այն ինչ մի ուրիշ հեղինակ, որի գրական կիրթ ճաշակը եւ գեղարւեստական գրականութեան նկատմամբ զարգացած լինելը վեր է ամեն կասկածից, հէնց նոյն այց Աղցմիքի մասին բոլորովին այլ կարծիք ունի, համարելով նրան «տղայական խաղերի» արգասիք, որ արժանի էլ չէ տպագրւելու պատին: Այդ հեղինակը պ. Ն. Ադոնցն է, որ ասում է հետեւեալը. «Բնաւորութեամբ խիստ կրքոտ կիրք՝ որին հլու էին լեզուն եւ գրիչը, Նալբանդեանց ընդունակ էր անելու այնպիսի տղայական խաղեր, որպիսին է «Աղցմիք», որ այն/112/քան արտասովոր համարձակութեամբ տպեց «Լումայ» հանդէսը։ «Լումայի» ղեկավարներին թւում է, թէ ինչ որ կրում է մահկանացւի ձեռքով, կարելի է տպել անխտիր եւ մանաւանդ, «Լումայում»։ Չէինք կարծում, որ անխտրութիւնն այդքան հեռու կարող է գնալ գրական հետաքրքրութիւնն ամենից առաջ պահելու է գրական մաքրութիւն եւ անցնելու չէ վայելչութեան սահմանները: Բայց արժանապատիւ հօր՝ տէր Գիւտի հետաքրքրութիւնն արշաւասոյր հասել է մինեւ Հայոց Կոկիսոնը... ի վնաս Նալբանդեանի դալար լիշատակին եւ հայ գրի անարատութեան. (տես «Բանբեր գըրականութեան եւ արւեստի», գիրք Բ. եր. 204)։

Այդ երկու հակադիր կարծիքները խնդիրը չեն պարզում բովանդակապէս, Աղցմիքը ո՛չ բանաստեղծական ստեղծագործութեան արգասիք է եւ ոչ էլ տղայական խաղեր։ Դա ո՛չ այլ ինչ է, բայց եթէ «հրապարակախօսութիւն ոտանաւորով» Պ. Ե. Շահազիզը, որ այնքան հմուտ կերպով բացատրում է Աղցմիքը եւ աւելի հմուտ կերպով զուգահեռագիծ անցկացնում նրա եւ Գալֆայեանի «Վարդենիքի» միջեւ, զարմանալի է, որ ոչ մի խոսքով չի ակնարկում, որ ինքը գործ ունի հրապարակախօսական ստեղծագործութեան մի նմուշի հետ. նա տալիս է գրւածքի շարժառիթը, որ շատ բան է պարզում հանգուցեալ Նալբանդեանցը, ասում է պ. Շահազիզ, կարդալով իւր միայնութեան մէջ Խորէնի այդ գրւածքը (Վարդենիքը), արձագանք է տւել, պատասխանել է դորան մի ուրիշ գրւածքով, որ ըստ արտաքին երեւոյթին, մի բոլորովին անկախ գրւածք է, բայց, ըստ ներքին բովանդակութեան, մի կծու քննադատութիւն «քերող-քերթող» կոչւած Խորէնի դէմ ընդհանրապէս եւ նորա Վարդենիքի դէմ մասնաւորապէս. Գալֆայեանը այն չորս վարդապետներից մեկն էր, որ վերադարձել էր կաթոլիկութիւնից հայոց եկեղեցու գիրկը. նա Գաբրիէլ Վ. Այվազեանի ընկերակիցն էր, /113/ այն Այվազեանի, որի ոխերիմ թշնամին էր ազգութեան հրապարակախօսը, Գալֆայեանը զործակից էր եղել Այվազեանին վերջնիս ազգակործան գործունէութեանը, յատկապէս «Խալիպեան դպրոցի» Նալբանդեանի կարծիքով, վատթար կառավարութեան եւ դաստիարակութեան գործում (ibid, եր. 162, 163-164),

Մենք Նալբանդեանին ճանաչեցինք արդէն իբրեւ «աբեղայական» բոլոր արժէքների դեմ պայքարող մի հրապարակախօս. Աղցմիք բանաստեղծական «կծու քննադատութեան» մէջ եւս նա շարունակում է իր գործը չափածոյ խօսքով. նա մերկացնում է «աբեղայական» սիրոյ կեղծութիւնն ու անարդութիւնը այն բոլոր մերկացումներ որից յետոյ, որ նա արել էր նրանց այլ արժեքների նկատմամբ. պայքարի ջիղը թէ արձակ եւ թէ չափածոյ գրւածքներում նոյն ընդհանուր բնույթն ունի, արդիւնք է հրապարակախօսական ստեղծագործութեան եւ զուրկ իսկական, զուտ բանաստեղծութեան անկռիւ ապրումներից, որոնք արգասիք պիտի լինին տոգորման մեթօդի, այն ինչ Աղցմիքը ըստ ամենայնի ծնունդ է հակադրման մեթօդի եւ պայքարի ապրումների... ։

Այդպէս է Միք. Նալբանդյանը եւ իւր միւս «գեղարւեստական» գործերի մէջ՝ լինին վէպ թէ ոտանաւոր. ամենուրեք նա հրապարակախօս է։ Նրա ստեղծագործութեան բնոյթը պարզելուց յետոյ մենք աւելորդ աշխատանք ենք համարում մէջ բերել եւ քննութեան առնել նրա միւս «գեղարւեստական» գործերը եւ ապացուցանել մեր տեսակետի ճշտութիւնը: Հիմնական սկզբունքը, նրա պսիխիական բովանդակութեան որոշիչ եւ տիրապետող ուղղութիւնը պարզելուց յետոյ մեր կարծիքն արդեն պարզ պիտի լինի նրա բոլոր երկերի նկատմամբ առանց բացառութեան. մեր համոզումով Միք. Նալբանդեանի հրապարակախօս լինել ոչ մի երկբայութեան չպիտի ենթարկ/114/ւի եւ տեղի չպիտի տայ ո՛չ մի կոմպրօմիսի առաջ։

Եւ այսպէս. որքան հնարաւորութիւն ունեցանք եւ որ քանի որ ներում էին մեր ոյժերը, մենք ապացուցեցինք, որ գրականութեան այն բոլոր ճիւղերում, որոնց մէջ հանդէս է եկել Միք. Նալբանդեանը իւր ոյժերը փորձելու, նա մնացել է հաւատարիմ ինքն իրեն, իւր ստեղծագործական առաքելութեանը, իւր հրապարակախօսական կոչումին։ Մենք տեսանք այս գլխի սկզբում, որ մեր գրականութեան մէջ տիրում է մի կատարեալ խառնափնտորութիւն Նալբանդեանի գրական կոչման շուրջը, որ նրան վերագրում են միաժամանակ տարբեր եւ հակասական ընդունակութիւններ։ Մի շարք «իբրեւ»ներով - Նալբանդեանը «իբրեւ հրապարակախօս», «Նալբանդեանը «իբրեւ բանաստեղծ» Նալբանդեանը «իբրեւ քննադատ» եւ այլն - մթագնւել է մեզանում Նալբանդյանի տաղանդի բնոյթը. եւ եթէ յաջողւած լինի մեզ մի փոքր այդ խնդիրը պարզաբանել եւ ուղիղ դնել - դա անկարեւոր չէր լինի Միք. Նալբանդեանին բովանդակապէս հասկանալու համար։