ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

«ԲԺՇԿԱՐԱՆ ՁԻՈՅ» ԵՐԿԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԱՐԱԲԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ !

Համահեղինակ՝ Արամ Տեր-Ղեվոնդյան

Հայ-արաբական մշակութային կապերի դրսևորման առավել կարևոր երևույթներից է Կիլիկյան հայոց Սմբատ արքայի (1296-1298 թթ. ) կարգադրությամբ ասորի բժիշկ Ֆարաջի կազմած «Բժշկարան ձիոյ և առհասարակ գրաստնոյ» ձիադարմանության երկը։ Ըստ Ֆարաջի թողած հիշատակարանի՝ իր աշխատանքը գրելու համար նա օգտվել է հնդկական ու արաբական աղբյուրներից, ինչպես ինքն է նշում՝ «ի բազում իմաստասիրաց՝ Ճընայ և Ապի Ուսուֆին և Ըռայշիտայ և այլ բազում հնդկաց և Պաղտըտայ իմաստասիրացն» [1] ։

XIII դարի երկրորդ հիսնամյակում շարունակվում էր Կիլիկյան հայոց պետականության առաջընթաց զարգացումը, ընդարձակվում էին նրա քաղաքական ու տնտեսական կապերը հարևան և հեռավոր երկրների ու իշխանավորների հետ։ Երկրի քաղաքական ու ռազմական հզորությունը ամրապնդելու, ուժեղացող արտաքին վտանգին դիմագրավելու համար հայ իշխանավորները ինքնաբերաբար ավելի մեծ ուշադրություն էին դարձնում երկրի տնտեսության, մասնավորաբար գյուղատնտեսության վերելքին և արտաքին ու ներքին առևտրի ծավալմանը։ Այս ժամանակներում է, որ արաբերենից հայերեն են թարգմանվում «Գիրք վաստակոցը», ինչպես նաև աստղագիտության, քիմիաբանության, ձիադարմանության, պողպատաձուլության և թրագործության վերաբերյալ գրքեր [2] ։

Հայաստանը վաղուց անտի ճանաչված էր որպես ձիաբուծության կարևոր կենտրոն, իսկ այդ ավանդները շարունակվում էին նաև Կիլիկյան հայոց պետականության գոյության ժամանակներում։ Եվ դա հասկանալի է. մարտական ու տոկուն ձիերի ու գրաստների մեծ կարիք ուներ հայկական հեծելազորը, ձին միաժամանակ եկամտի կարևոր աղբյուր էր և արտահանվում էր շատ երկրներ։ Հետևաբար, պատահական չէր, որ Կիլիկիայում ձիաբուծական ձեռնարկներ էին կազմվում։

Բժիշկ Ֆարաջի կազմած ձիագիտական երկից միայն մեկ ամբողջական ձեռագիր է մեզ հասել, մինչդեռ ըստ մատենագիտական տեղեկությունների միջնադարում գործածության մեջ են եղել դրա այլ ընդօրինակությունները ևս, որոնցից մեզ հայտնի են 1504 թ. Սեբաստիայի օրինակը (1788 թ. սրանից կատարվել էր «Բժշկարանի» վրացերեն թարգմանությունը) և ներկայումս Վենետիկի Մխիթարյան մատենադարանում պահվող «Ի գրաստու բժշկարանէն փոխած» խորագիրը կրող ձեռագիր պատառիկը [3] ։ Ֆարաջի «Բժշկարան ձիոյ» երկի մի ամբողջական օրինակը 1906 թ. Իրանի Թավրիզ քաղաքում տեսել և նկարագրել էր պրոֆ. Հր. Աճառյանը։ Հետագայում այդ մատյանը երկար ժամանակ հրապարակից դուրս էր եկել ու կորսված էր համարվում և միայն 1971 թ. Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր արևելքի երկրների բաժնի վարիչ, պորֆ. Ա. Սանջյանի աջակցությամբ այն հայտնաբերվեց Լոս Անջելոսի բնակիչ Զարեհ Սարաջյանի մոտ։ 1972 թ. հոդվածիս հեղինակներից Բ. Չուգասզյանին բախտ է վիճակվում տեսնել այդ մատյանը և ստանալ դրա մանրաժապավենը, իսկ փոքր-ինչ ավելի ուշ՝ 1980 թ., նրա աշխատասիրությամբ Երևանում հրապարակվում է «Բժշկարանը»՝ համապատասխան առաջաբանով և ընդարձակ ստուգաբանական բառարանով։ Այս երկը, որ միջնադարյան հայ բժշկագիտության կարևոր հուշարձաններից է, արժեքավոր է նաև իր բառագանձով՝ հայերեն անծանոթ նոր բարդություններով, օտար՝ հիմնականում արաբերեն ու պարսկերեն, բառերի ու տերմինների փոխառություններով։

Բ. Չուգասզյանը, «Բժշկարանը» ըստ ամենայնի համեմատելով մի խումբ արաբերեն ու պարսկերեն միջնադարյան ձիադարմանության երկերի հետ, որոնք չափազանց մանվածապատ, ավելորդ մանրամասներով, բարդ շարադրանք ունեն [4], եկել է այն եզրակացության, որ բժիշկ Ֆարաջը, օգտվելով հանդերձ իր ձեռքի տակ եղած օտար աղբյուրներից, ստեղծել է շատ ինքնատիպ, պարզ ու դյուրըմբռնելի մի երկ, որի տարբեր ընդօրինակությունները դարերի ընթացքում օգտագործվել են հայկական ձիաբուծական կենտրոններում։

Վերջերս հայտնի դարձավ, որ Վաշինգտոնի զինվորական գրադարանում պահվում է ձիադարմանության արաբերեն ձեռագիր մի երկ, որ թարգմանված է հայերենից [5] ։ Արաբերեն ձիագիտական այս երկի ուսումնասիրությունը (մանրաժապավենի հիման վրա) հնարավորություն ընձեռեց բացահայտելու արաբ-հայկական հարաբերությունների նոր, հետաքրքիր մի էջ։ Այս իմաստով կարևոր է ձեռագրի հետևյալ առաջաբան-հիշատակարանը.

«Սա մի գիրք է, որ պարունակում է ձիու նկարագրությունը և նրա հիվանդությունների բուժումը։ Սա հայերեն գրով էր և վերածվել է արաբերեն գրի։ Բանն այն է, որ մեծ իշխան մուջահիղ (իմա՝ պայքարող) Հուսամ ալ-Դին Լաջինը, որը ծանոթ է Սարխադի անվամբ և աստվածապահ Եգիպտոսի մեծամեծ ամիրաներից է, այն (իմա՝ հայերեն բժշկարանը) վերցրել է հայոց թագավորի գանձապահարանից, գտնելով այն այլ գրքերի մեջ, երբ թշնամին ջարդվել և խեղճացել էր աստվածապահ Հոմս հայտնի քաղաքից այն կողմում [տեղի ունեցած ճակատամարտում], Մանսուրի (իմա՝ Հուսամ ալ-Դին Լաջինի) տիրակալության օրերին, աստված փառավորի նրա իշխանությունը։ Նա [գիրքը] տվել էր իր խոնարհ ծառա Իբրահիմին, որը հայտնի է բանակի քարտուղար անվամբ, դրոշների պահեստում, երբ այնտեղ ձերբակալված էր։ Նրա մոտ բերվեցին մի խումբ հայ գերիներ, որոնք գիտեին այդ գիրը։ Նա (իմա՝ Իբրահիմը) ստուգեց և այն վերածեց արաբերենի, հետևեց դրանց իմաստին ու ուղղեց, որ հասկանալի լինի և յուրաքանչյուր հատվածը համապատասխանի [հայերենին]։ Գիրքը բովանդակում էր գիտելիքներ ընտիր ձիերի մասին, դրանց նշանները, և վատ ձիերի նշանները, հիվանդությունները, ախտերը, դրանց բուժումը դեղերով, դեղաբույսերով, քրտնեցումով, կտորներով, գորգերով, արցունքով, [տեղում] կանգնեցնելով և այլ միջոցներով։ Դեղերի ու դեղաբույսերի անունները և եզրերը (տերմինները) [հաճախ] արաբերեն անհասկանալի էին և բարձրյալն աստված նրան օգնեց հայ գերիների մեջ արհեստին գիտակ մի վիրաբույժ գտնել, որը անհասկանալի բառերը բանիմացորեն բացատրեց, քանզի այդ գիրքը բովանդակում էր այն, ինչ նա ստուգել էր փորձով, իսկությունը ճշտել և ճշմարտությունն իմացել էր։

Հայոց թագավորը այն (գիրքը) ձեռք էր բերել Բաղդադի գիտության տնից՝ խալիֆայական գանձատնից, երբ պարտված (sic) այնտեղ էր գնացել թշնամու մոտ ծառայության ժամանակ, և գիրքը արաբերեն էր, որ նա հայերենի վերածեց։ Այսպիսով [գիրքը նորից արաբերենի վերածելով], արդարությունը վերադարձավ իր տեղը։ Աստված է հաջողություն բերողը, և նրան ենք ապաստանում նպատակին հասնելու և իղձերն ու ծրագրերը իրականացնելու համար՝ եթե նա կամենա։

Եվ այս Տիբրի ճակատամարտը վերոհիշյալ Հոմսից այն կողմ [տեղի է ունեցել] ռաջաբ ամսի տասնիննին, կենտ օրը, հինգշաբթի, հիջրի վեց հարյուր ութ թվականին, փառք Աստուծո»։

«Բժշկարանի» արաբերեն թարգմանության առաջին գլուխն ունի նաև հետևյալ տեղեկությունը.

«Հիվանդությունների, լավ ու արատավոր նշանների մասին, ինչ որ հետաքրքիր է բժիշկ Մուհամադ իբն Խալիֆա Յակուբին՝ արաբական ցեղից, և նրա հետ այդ բանում մասնակցել է Սադ-ալ-Դին իբն ալ-Զահիր պարսիկը։ Իսկ նա, որ հայերենի է վերածել, կոչվում է Մահբուբ և նրա ընկերը՝ Աբու-լ-Ֆարաջ, նա [Մահբո՞ւբը] արաբերեն, ինչպես նաև այլ լեզուներ լավ չգիտեր։

Հայոց թագավորը Բաղդադ քաղաքի գիտության տնից գիրքը վերցրել էր Եգիպտոսի և Ասորիքի (Շամ) տեր ալ-Զահիր Ռուքն ալ-Դին Բայբարսի թագավորության ժամանակ [1260-1278 թթ. ]. աստված նրա հոգին սրբացնի և նրա շիրիմը լուսավորի։

Սա մի օգտակար գիրք է ձիու, նրա հիվանդությունների, լավ ու արատավոր նշանների մասին»։

Տարբեր ձեռագրատներում պահվող արաբերեն ձեռագրերի ցուցակների ստուգումից պարզվում է, որ ձիադարմանության հայերեն այս երկի արաբերեն թարգմանության երեք այլ ընդօրինակություններ ունեն՝

1. Բրիտանական գրադարանը (նախկին թանգարանը), Or. 3133 (=815), ընդօրինակված 1854 թ. [6] ։ Ռիույի նկարագրությունից պարզվում է, որ ի տարբերություն ամերիկյան ռազմական բժշկական գրադարանի «Ախրապատինի» արաբական թարգմանության տարբերակի, այս մատյանը 182 գլխի փոխարեն բաղկացած է 183 գլխից, բայց ունի նույնատիպ առաջաբան-հիշատակարան։

2. Գոթայի գրադարանը, 2087 [7] ։ Ըստ Ռիույի (անդ) այս օրինակը չնչին տարբերությամբ արձագանքում է Բրիտանական թանգարանի օրինակին։

3. Արաբական թարգմանության մի տարբերակ ևս նկարագրված է դոկտ. Ջոն Լիի ձեռագրացուցակում [8] ։ Ձեռագրի ներկայիս հասցեն հայտնի չէ։ Ըստ Ռիույի (անդ) այս օրինակը ևս համընկնում է Բրիտանական թանգարանի տարբերակին։

«Բժշկարանի» արաբերեն նորահայտ թարգմանության մանրամասն համեմատությունը Ֆարաջի կազմած հայերեն «Բժշկարանի» հետ հնարավորություն է տալիս ճշտելու այս երկու բնագրերի փոխադարձ կապը, ինչպես նաև Ֆարաջի երկի ստեղծման, հետագա ճակատագրի մասին հանգելու նոր և ավելի հավաստի եզրակացությունների.

1. Աներկբայորեն հաստատվում է, որ արաբերեն «Բժշկարանի» հիմքը Ֆարաջի երկն է եղել. ինչպես Ֆարաջի մոտ, արաբերեն թարգմանության սկզբում ևս դրված է գրքի 182 գլուխների ցանկը, սակայն արաբերենում պահպանված է միայն 47 գլուխ, մյուս գլուխները պակասում են, չկան նաև գրքի սկզբում գտնվող Ճնա իմաստասերի և հետագա շարադրանքի մեջ առկա ձիու գծապատկերները և խարանանշանները (դաղերը)։ Հայերեն «Բժշկարանի» առաջին գլխի բովանդակությունը, որտեղ քրիստոնյա Ֆարաջը մի քանի նախադասությամբ անդրադառնում է աշխարհի արարչությանն ու կենդանիների անվանադրությանը և ձի բառը ստուգաբանում է հայ մարդու մտածողությամբ որպես «ձիգ ընթացող և արագ արշավող» փոխարինված է վերը բերված հիշատակարանի երկրորդ հատվածով, որտեղ խոսվում է Բաղդադում հայոց արքայի գտնվելու և Մահրուբի ու Աբու-լ-Ֆարաջի կողմից արաբերեն ձիագիտական մի երկ հայերեն թարգմանելու մասին։ Արաբերեն բժշկարանի մնացյալ 46 գլուխները փոքր հապավումներով, բայց համարյա բառացիորեն, համընկնում են հայերեն բնագրին։

2. Մեր ձեռքի տակ գտնվող Ֆարաջի բժշկարանի ընդօրինակության մեջ պակասում է ԺԷ գլուխը՝ «Վասն նշաննոյ և հետ որոյ լինի ձին», մինչդեռ այն առկա է արաբերեն թարգմանության մեջ * ։ Նշանակում է հայերեն հիմք-բնագրից արդեն 1296-98 թվականներին ընդօրինակություններ են եղել, որից և մեկը մեզ հայտնի օրինակն է (տպված 1980 թ. ), իսկ մամլուկների կողմից հայոց արքայի գանձարանից վերցվածը, թերևս, հիմք-բնագիրն է եղել և կամ ավելի ամբողջական ընդօրինակությունը։

3. Ֆարաջի «Բժշկարանի» արաբերեն նորահայտ թարգմանության հիշատակարան-առաջաբանում, ինչպես տեսանք վերը, ասված է, որ հայերեն «Բժշկարանը» Եգիպտոսի ամիրա Հուսամ ալ-Դին Լաջինը (որին և Մանսուր էին անվանում) վերցրել է հայոց թագավորի գանձարանից՝ Հոմս քաղաքի մոտ տեղի ունեցած Տիբրի ճակատամարտից հետո, որ տեղի է ունեցել հիջրի 608 թվականին, այսինքն՝ 1212 թ. ։ Սակայն այս թվականը անհարիր է Լաջինի իշխանության տարիների հետ, որ են 1297-1299 թթ. ։ Վերջինս ստույգ է, հետևաբար, գրչական սխալ պիտի համարել 1212 թվականը։

Հայկական և արաբական աղբյուրները Լաջինի հարձակումը Կիլիկիայի վրա որոշակիորեն նշում են 1298 թ. ։ Հայտնի է, որ այդ ժամանակ Կիլիկիայում թագավորական գահի համար պայքար էր սկսվել երկու եղբայրներ Սմբատի և Կոստանդինի միջև, իսկ Եգիպտոսի սուլթան Լաջինը (նաև՝ Լաչին), առիթը հարմար գտնելով, հրամայում է իր զորաբանակներին մտնել Կիլիկիա։ Երկու զորամասեր ամիր Բեդ էղ-Դին Բեկթաջի և Հալեպ էդ-Դին Սինջարի հրամանատարությամբ երկու կողմից ներխուժում են Կիլիկիա։ Սինջարի զորամասերը հասնում են Սիս։ Ինչպես գրում է Սամվել Անեցու պատմության շարունակողը, «մսրցին (իմա՝ եգիպտացին) եմուտ ի Կիլիկէ և առհասարակ այրեաց զգեօղ և զքաղաք և զբազումս եսպան և զայլս վարեաց։ Եւ այլք զայս ՉԽԷ (747+551=1298) թվին ասեն ելեալ. և ճիշդն այն է» [9] ։ Արաբ ժամանակագիրներից Աբու-լ-Ֆիդան, որ մասնակցել է այդ արշավանքներին, վկայում է, որ Լաջինի բանակները Սսի երկիր են մտել երկու անգամ. առաջինը հիջրի 697 թվականի ռաջաբ ամսի երկրորդ տասնօրյակին (1298 ապրիլի 23 մայիսի 2)՝ կողոպտելով և ավերելով երկիրը, և երկրորդը ավելի ուշ՝ նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ շրջապատում և  գրավում են Համուս ամրոցը [10] ։ Ամենայն հավանականությամբ, այս Համուսը (որ և Նաշիմա է կոչվել) արաբական «Բժշկարանում» հիշված Հոմսն է։ Ինչպես տեսնում ենք 1298 թ. մամլուկների հարձակումը Կիլիկիայի վրա զուգադիպում է Ֆարաջի «Բժշկարանի» ստեղծման տարիներին՝ 1296-1298 թթ. ։ Այստեղից պետք է եզրակացնել, որ 1298 թ. հայոց թագավորի գանձատնից կողոպտված ձիադարմանության երկը Լաջինի հրամանով կարող էր թարգմանված լինել 1298 թ. վերջերին և կամ 1299 թ. ՝ նրա սուլթանության վերջին տարում։

4. Հայտնի է, որ ժամանակի արաբական աշխարհում բազմաթիվ ձիամատյաններ կային, բայց հավանաբար դրանցից և ոչ մեկը Ֆարաջի կազմածի պես պարզ ու դյուրըմբռնելի, ավելորդաբանություններից ու սնոտիապաշտությունից զուրկ չեն եղել։ Բացի այդ, Ֆարաջի «Բժշկարանի» մեջ գրաստների հիվանդությունների բուժման համար հանձնարարվող դեղորայքն ու միջոցները մեծ մասամբ փորձված են եղել։ Դրանով իսկ պիտի բացատրել, որ Լաջինը կարգադրել է այն թարգմանել արաբերեն։

5. Հետաքրքրական է նաև արաբական թարգմանության առաջին գլխում բերված տեղեկությունը հայերեն այս «Բժշկարանի» Բաղդադում թարգմանված լինելու մասին։ Մի հանգամանք, որի յուրովի արձագանքը գտնում ենք Փարիզի Ազգային մատենադարանում պահվող հայերեն ձեռագիր «Գիրք արուեստի քիմիական» երկի հիշատակարանում, որտեղ ասվում է, որ հայոց Հեթում Ա թագավորը, երբ «գնաց ԺԸՌ (18. 000) հեծելով ի վերայ թշնամոյն սուլտանին և կոտորեաց և սպառեաց զամենեսին և գնաց մեծաւ պատվով ի Պաղտատ առ Նսոր խալիֆայն», Ստեփանոս անունով մի ուսյալ սարկավագի թարգմանել տվեց «Գիրս Վասն ձիոյ պայթարնման և Վասն թրի շինելոյ և Վասն արեգական և լուսնի արուեստին» և բերեց հայոց աշխարհ [11] ։

Ինչպես տեսնում ենք, այս հաղորդումը իր որոշ տվյալներով ՝ հայոց թագավորի Բաղդադում գտնվելու և ձիադարմանության երկ թարգմանելու մասին, ինչպես և ժամանակի՝ 1263 թ., առումով համընկնում է «Բժշկարանի» արաբական նորահայտ թարգմանության տվյալներին՝ հայոց թագավորը գիրքը ձեռք է բերել Բաղդադի գիտության տնից, Բայբարսի օրոք, որ իշխել է 1260-ական թվականներին։ Բայց հարկ է նշել, որ չեն համընկնում թարգմանիչների անունները. վերի հայկական հիշատակարանում՝ Ստեփանոս, իսկ «Բժշկարանի» արաբական թարգմանության մեջ՝ Մահբուբ և Աբու-Ֆարաջ։ Ֆարաջի անվան հիշատակումը այստեղ և հայկական «Բժշկարանում» ենթադրել է տալիս, որ թերևս 1260-ական թվականներին Ֆարաջը նույնպես եղել է Հեթում Ա-ի ծառայության մեջ և շատ ավելի ուշ՝ 30-35 տարի հետո, 1296-98 թթ., ելնելով քաղաքական իրադրությունից, իր կազմած «Բժշկարանը»՝ Թորոս քահանայի խմբագրությամբ, ձոնել է Սմբատ արքային։

1980 թ., երբ հրատարակության էր պատրաստվում Ֆարաջի կազմած «Բժշկարանը», Հեթում Ա-ի ժամանակ Ստեփանոսի թարգմանած «Վասն ձիոյ պայթարնման» երկը մի այլ, մեզ չհասած բժշկարանի էր համարվել։ Արաբական նորահայտ թարգմանության տվյալների լույսի ներքո կարելի է ենթադրել, որ թերևս դրանք նույն երկի տարբեր խմբագրություններ են եղել։

6. Օտարերկրյա ներխուժողների կողմից հայկական միջնադարյան մատենադարանների կողոպուտների մասին մեր աղբյուրներում բազմաթիվ տեղեկություններ են պահպանվել։ Ֆարաջի «Բժշկարանի» արաբական սույն թարգմանությունը վկայում է մի այլ, ցարդ որևէ այլ տեղ չհիշատակված, կիլիկյան գանձատան ավերման մասին, որտեղ և որպես մի թանկարժեք մատյան պահվել է Ֆարաջի կազմած ձիադարմանության երկը։ Չի բացառվում, որ սրա հետ մեկտեղ հայոց արքայական գանձապահարանում բազում այլ մատյաններ ևս եղած լինեն, որոնք մամլուկների կողմից ավարի են ենթարկվել։ Այն, որ օտար ներխուժողները գանձատունը թալանելիս ուշադրություն են դարձրել գրչագիր մատյաններին, վկայում է, որ նրանք շատ լավ գիտակցում էին գրավոր, հատկապես գանձատանը պահվող հուշարձանների արժեքը, որոնցից նրանք օգտվել են հօգուտ իրենց մշակույթի։

7. Ֆարաջի «Բժշկարանի» արաբերեն նորահայտ թարգմանությունը թույլ է տալիս խորհելու, որ, հավանաբար, հայերենից արաբերեն թարգմանված այլ երկեր ևս լինեն, որոնք ցարդ հայտնի չեն հայագիտությանը, ուստի այս նկատառումով վերջին տարիներին լույս տեսնող արաբական ձեռագրացուցակները պետք է լինեն բանասերների ուշադրության կենտրոնում։

8. Արաբ-հայ միջնադարյան մշակութային առնչությունների փաստերը հարուստ չեն. հայերենից արաբերեն թարգմանված միայն երկու հուշարձան է հայտնի՝ Ագաթանգեղոսի «Պատմությունը» և «Աղվեսագիրքը»։ Այս իսկ առումով արժեքավոր է Ֆարաջի «Բժշկարանի» արաբերեն նորահայտ թարգմանությունը, որը մի նոր և հետաքրքիր էջ է բացում արաբ-հայկական մշակութային կապերի պատմության մեջ։

 

НОВОВЫЯВЛЕННЫЙ АРАБСКИЙ ПЕРЕВОД СОЧИНЕНИЯ
«ЛЕЧЕБНИК
ЛОШАДЕЙ »

Соавтор Арам Тер-Гевондян

Резюме

В 1296 - 98 гг. по поручению кил икийского армянского царя Смба та III врач-сириец Фарадж составил на армянском языке руководство, озаглавленное им «Лечебник лошадей и вообше вьючных животных». В средние века это сочинение переписывалось неоднократно, однако до нас дошел его единственный экземпляр, ныне являющийся собс твенностью частного лица в США. На основе микрофильма, снятого с этого экземпляра, Б. Чукасзян в 1980 г. опубликовал в Ереване текст «Лечебника».

Ныне стало известно, что в 12 98 г. войска Хусам аль-дина Ла джина (Сархада) во время похода на Киликию обнаружили в казне армянского царя список «Лечебника лошадей» на армянском языке и перевели его на арабский. Арабский текст предваряет подобное предисловие, в котором говорится, при каких обстоятельствах был обнаружен армянский текст и кто перевел его на арабский язык. Ныне четыре списка с текстом «Лечебника» на арабском языке хранятся в зарубежных библиотеках.

Сравнение арабского перевода с армянским доказывает, что имеющиеся в них расхождения незначительны и тексты совпадают.

Известно, что в средние века с армянского на арабский были переведены лишь «История Агафангела» (V век) и сборник притч «Лисья книга». Найденный «Лечебник лошадей» третья книга, которая открывает новую страницу в истории арабо-армянских отношений.

 


 



!      Տե՛ս «Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան 1985, 11, էջ  63-68։

[1]     «Բժշկարան ձիոյ և առհասարակ գրաստնոյ» (ԺԳ դար), աշխատասիրությամբ Բ. Լ. Չուգասզյանի, Երևան, 1980, էջ 163։

[2]     «Բազմավեպ», 1867, էջ 354, Գ. Զարպհանալյան, Հայկական թարգմանությունք նախնյաց, Վենետիկ, 1889, էջ 558, Տոքթ. Վահրամ Հ. Թորգոմյան, Հայ բժշկական ձեռագիրք ս. Ղազարու վանքին, «Բազմավեպ», 1924, էջ 387-388։

[3]     Տե՛ս «Բազմավեպ», 1867, էջ 354։

[4]     Տե՛ս «Բժշկարան ձիոյ և առհասարակ գրաստնոյ» երկի հրատարակության առաջաբանը, էջ 24։

[5]     Այս արժեքավոր տեղեկությունը 1984 թ. շնորհակալությամբ ստացել ենք Քլիվլենդի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, հայագետ-լեզվաբան Ջոն Գրեփինից, որի սիրալիր օժանդակությամբ ստացվեց նաև արաբերեն ձեռագրի մանրաժապավենը։ Ձեռագրի նկարագրությունը տե՛ս Schullian D. M., Sommer F. E., Catalogue of incunabula and manuscripts in the Army Medical Library, 1948, N. Y., p. 298.

[6]     Ch. Riew, Supplement to the Catalogue of the Arabic MSS in the British Museum, London, 1984, p. 552-555.

[7]     W. Pertsch, Die arabischen Handschriften der herzoglichen Bibliothek zu Gotha, vierter Band, Gotha, 1883, s. 110-111.

[8]     J. Lee, Oriental MSS Purchased in Turkey, N. 141.

*     Բերենք այստեղ արաբերեն Բժշկարանի ԺԷ գլխի թարգմանությունը, որով լրացվում է 1980 թ. հրատարակության համապատասխան պակաս հատվածը։

Գլուխ տասնութերորդ

Խալերի և մահիկների անունները և այնպիսինների, որոնք ձիերին հատուկ խալերի նշաններ ունեն։

Եթե դրանց մեջ կան սպիտակ մահիկներ կամ սպիտակ խալեր, կոչվում են միագույն (անխառն)։

Իսկ եթե դրանցում նշան չկա, կոչվում են առանց նշանի։

Եթե մահիկները սպիտակ վզով են, թեքված, և եթե [ձիան] երկու աչքերն ու թարթիչները սպիտակ են, կոչվում են մուրիր [սպիտակ արաբական ձիեր ունեցող]։

Եթե երկու աչքերը շեկ են և դրանցում մահիկներ չկան՝ լայն ուժեղ սպիտակ [են]։

Դրանցում կան բարձրահասակներ և կան այնպիսիք, որոնք նրա քթին են հասնում [միանում]։

Կա այնպիսին, որ սպիտակ է մինչև երասանակի [լկամ] տեղը։

Այս անունները բոլորը կոչվում են մահիկներ։

Եթե ճակատին լինի կլորաձև սպիտակ, ապա կոչվում է մահիկ։

Եթե վերևի կեսում կա սպիտակություն, կոչվում է ռուսմա [քթի մի կողմը սպիտակ]։

Եթե սպիտակ է ինչպես քիթը, կոչվում է ներկված։

[9]     «Սամուէլի քահանայի Անեցւոյ հաւաքումն ի գրոց պատմագրաց», Վաղարշապատ, 1893, էջ 153-154, հմմտ. Г. Микаелян, История Киликийского армянского государства, Ереван, 1952, с. 430.

[10]   «Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին», կազմեց Հ. Նալբանդյան, Երևան, 1965, էջ 240։

[11]   Տե՛ս «Բազմավեպ», 1867, էջ 354։