Library

Smbat Bagratouni

Սմբատ Բագրատունեաց իշխանը (աւելի շատ Վրկանից մարզպան կոչուած) ապրել է Զ դարի վերջին եւ Է դարի առաջին տասնամեակներին: Եղել է Հայաստանի մարզպանը մօտաւորապէս 600 թ.: Եթէ ճիշտ է կայսերական զօրքերի կազմում Վահրամ Չուբինի դէմ կռուած եւ կայսեր խանդին արժանացած Բագրատունի Սմբատի հետ նոյնացման ենթադրութիւնը (ըստ Սեբէոսի առասպելականացուած ներկայացման), ապա իր գործունէութիւնը սկսել է նախ Բիւզանդիայում, հետագայում (Աֆրիկայի աքսորից յետոյ) անցել Սասանեան Իրան: Է դարի առաջին տարիներին նշանակուել է Վրկանի մարզպան, եւ յաջողութեամբ պաշտպանել տէրութեան միջինասիական սահմանները։ Այդտեղ էլ ստացել է իր միւս պատուանունները՝ Տերանց զինուոր, Խոսրով Շում (Շնում), Բարեյաղթ։ 607 թ. ուղարկուել է Հայաստան՝ ըստ ամենայնի՝ Հայոց, Վրաց եւ Աղուանից հնազանդութիւնը Բիւզանդիայի դէմ հերթական անգամ պատերազմող Սասանեան տէրութեանն ապահովելու առաքելութեամբ: Նպաստել է թափուր կաթողիկոսական պաշտօնում Աբրահամ Աղբաթանեցու ընտրութեանը՝ երկաբնակութեան դատապարտման հողի վրայ: Մեծ ջանքեր է գործադրել Վրաց կաթողիկոսութիւնը եւս քաղկեդոնականութիւնից հեռու պահելու համար, սակայն, հանդիպելով Վրաց եկեղեցու եւ իշխանների համառ դիմադրութեանը, ըստ երեւույթին, ստիպուած է եղել բաւարարուել Սասանեան տէրութեանը վրացիների քաղաքական հնազանդութեան ապահովումով: Մասնակցել է 615 թ. Տիզբոնում այսպէս կոչուած Պարսից ժողովին, որտեղ Սասանեան Իրանի քրիստոնեայ բնակչութեան համար միակ ընդունելի ուղղութիւն հռչակուեց միաբնակ հաւատամքը: