Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այս ժամանակագրության մեզ հասած երկու տարբերակներից, համեմատաբար լավ պահպանված է N 1495 ձեռագրինը։ Սա ընդօրինակված է 1684 թ. Եփրեմ վարդապետի կողմից, որը եւ ընդունեցինք հիմք, իսկ ժամանակագրության երկրորդ՝ N 6354 տարբերակի տարընթերցվածքները դրեցինք տողոտակ։ Ժամանակագրությունն սկսվում է Ալ. Մակեդոնացու Պարսկաստանի նվաճման համառոտ վկայությամբ, այնուհետեւ թվարկվում է վերջինիս հաջորդների, պարթեւական դինաստիայի եւ հայկական նախարշակունի եւ Արշակունի թագավորների հաջորդական կարգը, ընդ որում թվարկման այս կարգի մեջ գտնում ենք յուրաքանչյուրի թագավորության տարիների քանակը միայն։ Ժամանակագրությունն այնուհետեւ թվում է Հայաստանի մարզպանների կարգը, մինչեւ Դավիթ Սահառունին, դարձյալ նրանց իշխանության տարիների քանակով, իսկ Դավիթ Սահառունուց հետո, մինչեւ Բագրատունիների հաստատումը, տրված է ոչ միայն յուրաքանչյուրի մարզպանության տարիների գումարը, այլեւ յուրախանչյուր մարզպանի իշխանության տարեթիվը։ Մարզպանների կարգին հաջորդում է Բագրատունիների թագավորների, Կիլիկիայի հայկական իշխանների եւ ապա թագավորների գահակալության տարեթվերը, ինչպես նաեւ նրանց իշխանության տարիների քանակը։

Կիլիկիայի հայկական թագավորության կարգը ժամանակագրության մեջ հասնում է մինչեւ Լեւոն Ե-ի թագավորության շրջանին [321+|16], որից հետո ժամանակագրության հեղինակը հանրագումարի է բերում իր թվարկած կարգը, թե որ դեպքից, մինչեւ որ դեպքը քանի տարի է լինում եւ այլն։ Ժամանակագրության վերջին եզրը, ինչպես ասացինք, վերջանում է 1337 թվականով [1321+16]։ Սակայն այդ բանը մեզ հիմք չի տալիս ենթադրելու, թե ժամանակագրությունը կազմվել է XIV դարի առաջին կեսում, որովհետեւ ժամանակագրության վերջում հանդիպում ենք այսպիսի մի հաշվի «Եւ յառաջնոյ ամէ թագաւորութգեանն Լեւոնի վերոյ գրեցելոյ (Լեւոն Բ. - Վ. Հ. ) մինչեւ ցվերջին Լեւոնի Ե-երորդի, որդւոյ Օշնի, են ամք՝ ՃԽ. եւ թագաւորք՝ ԺԱ, եւ ի Քրիստոսէ՝ ՌԳՃԼԶ. եւ Հայոց ՉՁԵ։ Իսկ ի վերջոյ ամէ հինգերորդի Լեւոնի թագաւորին Սըսոյ, մինչ ցառ մեզ են ամք՝ ԳՃԽԳ, եւ ի Քրիստոսէ մինչեւ ցառ մեզ են ամք՝ ՌՈՀԹ [= 1679] եւ Հայոց ՌՃԻԸե։

Այսպիսով 1679 թիվն [1336+343] իրիվամբ կարող ենք համարել ժամանակագրության կազմելու տարեթիվ։ Չնայած սույն ժամանակագրության N 1495 տարբերակի ընդօրինակությունը կատարվել է նրա կազմվելուց հինգ տարի հետո՝ 1684 թվին, Եփրեմ վարդապետի ձեռքով, սակայն չենք կարող ենթադրել, թե հենց Եփրեմ վարդապետն էլ եղել է առաջարկվող ժամանակագրության հեղինակը, որովհետեւ N 1495 ժողովածուի մեծ մասը (նաեւ ժամանակագրությունը) Եփրեմ վարդապետի ինքնագիր օրինակը լինելով, ժամանակագրության մեջ հանդիպում ենք այնպիսի հատվածների, որտեղ առանձին բառեր բաց է թողնված, ասենք Սմբատ Բ-ի հոր անունը եւ այլն։ Արդ՝ ժամանակագրության հեղինակը եթե Եփրեմը լիներ, բավական է ենթադրել, որ նա բնագրից առանձին բառեր չէր թողնի. միեւնույն բառերը բաց են թողնված նաեւ ժամանակագրության N 6354 տարբարակում։ Այդ բանը մեզ ենթադրել է տալիս, որ վերջին ամենայն հավանականությամբ ընդօրինակված է Եփրեմ վարդապետի օրինակից։ Այսպիսով ժամանակագրության հեղինակի հարցը թողնում ենք առկախ։

Ժամանակագրության առաջին մասը՝ պարթեւական նախարշակունի եւ Արշակունի հայ թագավորների կարգը կազմված է Մ. Խորենացու «Հայոց պատմությանե երկրորդ գրքի հիման վրա։

Մարզպանների եւ Բագրատունի թագավորների կարգը տարբերվում է մինչեւ հիմա մեզ հայտնի հեղինակների՝ Սեբեոս, Ղեւոնդ, Հով. Դրասխանակերտցի, Ասողիկ, Կ. Գանձակեցի, Մխ. Այրիվանեցի, Մխ. Անեցի վկայություններից, ինչպես եւ Կիլիկիայի հայկական թագավորների շարքը Սմբատ Գունդստաբլի վկայություններից։ Ըստ երեւույթին ժամանակագրության հեղինակն իր ձեռքի տակ ունեցել է այնպիսի աղբյուրներ, որոնց հիման վրա կատարված հաշվումները (եթե ոչ ընդօրինակությունը) տարբերվում են մեզ հայտնի հեղինակների վկայություններից։ Այդ պատճառով ժամանակագրության վկայությունների ծանոթագրությունների մեջ կտանք առանձին դիտողություններ։