Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Բ.
       Թէ ե՞րբ էին առաջին անգամ հայերը գաղթել իւրեանց հայրենիքից եւ բնակութիւն հաստատել Տաւրիկեան թերակղզում, - Մեզ այդ լաւ յայտնի չէ, որովհետեւ այդ մասին մեր ձեռքը ոչ օտար եւ ոչ ազգային աղբիւրներ ոչ մի վաւերական յիշատակարան չի հասել։ Հայ եւ օտար պատմաբաններից ոմանք հիմնուելով Նոր-Նախիջեւանի նշանաւոր ձեռագիր Յայսմաւուրքի յիշատակարանի վերայ, կարծում են թէ առաջին անգամ Հայերը գաղթել են Ղրիմ Հայաստանից, Անիի կործանումից յետոյ ժդ. դարում 1330 թուին, երբ Ղրիմին, տիրապետում էին թաթարները եւ Ջանովացիք, ոմանք էլ հիմնուելով այն հանգամանքի վերայ, որ Ղրիմում գտնւում են մի քանի հայկական յիշատակարաններ՝ եկեղեցիների ու վանքերի աւերակներ, մատուռներ ու խաչքարեր, որոնց մնացորդների վերայ պահուած արձանագրութիւնները եւ նոցա թուականները հասցնում են Հայերի թերակղզում բնակուելու ժամանակամիջոցը մինչեւ ժ. ժա. դարերը, կարծում են, թէ հայկական գաղթականութեան սկիզբը Ղրիմում պէտք է համարել ժ-երորդ դարը։
       Մենք կարծում ենք, որ երկու կարծիքն էլ ճիշտ են, որովհետեւ առաջին կարծիքի հեղինակները խօսելով հայերի գաղթականութեան մասին, հասկանում են հայերի դէպի Ղրիմ արած խմբովին գաղթականութիւնը, որ ինչպէս ցոյց են տալիս վերոյիշեալ հաւաստի յիշատակարանը, եղել է հենց 1330 թուին, երկրորդ կարծիքի հեղինակները, ընդհակառակը, խօսում են միայն հայերի Ղրիմում գոյութիւն ունենալու մասին մինչեւ մեծ գաղթականութիւնը, որ ամենայն հաւանականութեամբ ժ-երորդ դարից առաջ չի եղել։
       Յայտնի է, որ Հայոց գաղթականութիւնը գլխաւորապէս սկսուեց Բագրատունեաց տէրութեան վերջանալուց յետոյ, երբ բիւզանդացիք կամենալով Հայաստանը դատարկել հայերից, ստիպեցին Հայոց իշխաններին թողնել իւրեանց հայրենիքը եւ իւրեանց ժողովրդով տեղափոխուել Եփրատացւոց դաշտավայրը, Կիլիկիան եւ Փոքր-Հայք։ Անկասկած հայ ժողովուրդը մէկ անգամ արդէն ընտելանալով գաղթականութեան, այդ տեղերում էլ հաստատ մնաց։ Առեւտրական դասակարգը այդ տեղերից էր տարածուեց Փոքր Ասիոյ շահաստանները եւ Միջերկրական, Սեւ եւ Ազովի ծովերի ափերը, ուրեմն եւ Ղրիմի հարաւային ափը, եւ հետզհետէ բազմացաւ այդտեղ, կազմելով նախկինյ Յունաց գաղթավայրերում փոքրիկ գաղութներ, շինելով եկեղեցիներ, վանքերի, մատուռներ, եւ փորագրելով խաչքարեր եւ յետագայ սերնդին դոցա յիշատակ թողնելով։ Ենթադրում են, որ այդ հին գաղթականներից է մնացել Թէոդոսիոյ թանգարանի այն յասպիս քարը, որի վերայ քանդակուած փոքրիկ խաչերից մէկն իւր պադուանդանի վերայ ունի հետեւեալ արձանագրութիւնն ու թուականը, բարեխաւս է սուրբ նշանքս Գրիգորին եւ իւր զաւակին նհզ. ։ Նոցանից մնացած են համարում այն բոլոր խաչքարերը, որոնց կրում են իւրեանց վերա չ. պ. ջ. թուականները եւ վերջապէս նոցա ձեռքով են շինուած համարում ս. Խաչի անտառի մէջ գտնուած վանքը, որի հիմունքը եւ աւերակներ մինչեւ ցայսօր դեռ երեւում են։ Այդ հին գաղթականութիւնը, որ պէտք է եկած լինի, ինչպէս ասացինք, ոչ մի անգամից, խմբովին, այլ հետզհետէ բաղկացած է եղել անկասկած զանազան տարրերից, եկած զանազան տեղերից հայաստանի զանազան նահանգներից, քաղաքներից, գիւղերից եւ ժամանակի ընթացքում, մեծ գաղթականութիւնից յետոյ, լուծուել ու միացել է նորա հետ։ Մեծ գաղթականութիւնն իւր թուի առաւելութեամբ, իւր միապաղաղ տարրով, իւր անեցի վարք ու բարքով, կեանքի տարազով եւ խօսակցութեան բարբառով, ինչպէս երեւում է, մեծ դեր է կատարել, տալով Ղրիմի հայ գաղութին այն բնորոշ յատկութիւնն ու գծերն, որով մենք ճանաչում ենք Ղրիմի եւ Ղրիմից զանազան կողմեր գաղթած տարածուած հայերին։
       Նախիջեւանի յիշատակարանի ասելով։ Անեցիք սկսել են գաղթել իւրեանց փառաւոր քաղաքից 1062 թուին, երբ Բագրատունեաց ճոխ մայրաքաղաքը պաշարմամբ առնուել է Չարմաղան խանից եւ աւերմունքի ու կոտորածի է ենթարկուել։ Նոքա դուրս գալով Շիրակից, բաժան բաժան են եղել նոցա մի հատուածը գնացել է դէպի Վասպուրականի Վան քաղաքը, միւսը դէպի Կիլիկիոյ Սիսը, երրորդը դէպի Ջուղայ եւ չորրորդը դէպի Վօլգայի ստորին ջրաբաշխը. Այդ չորրորդ մեծ հատուածն էլ հենց կազմել է Ղրիմի մեծ գաղթականութիւնը։ Գաղթականները հասնելով Վօլգայի ջրաբաշխը, նախ եւ առաջ բնակութիւն են հաստատել Ղազան եւ Հաշտարխան քաղաքների միջոցավայրում գտնուած Ախսարայում, թաթարաց հաստատած Ոսկեսարայի կամ Ղփաղների մեծ խանութեան սահմաններու թաթարաց խանի հրամանով եւ թոյլտւութեամբ 1299 թուին (չխը) ։ Քառասուն եւ մէկ տարի մնալով այդ տեղ, նոքա մտածում են տեղափոխուել Ղրիմի թերակղզին, որովհետեւ, նախ, մշտական յարաբերութիւն ունենալով Ղրիմեցւոց հետ, լսած են լինում այդ երկրի թէ հողի բարեբերութեան, թէ կլիմայի բարեխառնութեան եւ թէ քաղաքական յաջող հանգամանքների մասին եւ, երկրորդ, արդէն շատ նեղուած են լինում թաթարների բռնութիւնից եւ ցանկանում են մի տեսակ ազատուել նոցա ձեռքից ու իշխանութիւնից։ Նոքա դեսպան են ուղարկում «Ջինիւիզաց» իշխանի մօտ, որ բնակուում էր Թէոդոսիոյ «Ֆռանկ-Հեսարի» մէջ, պայման են կապում նորա հետ՝ երթալու, բնակուելու նորա կալուածներում, եւ Ախսարայից դուրս գալով բոլորեքեան՝ իշխանները, ազնիւները եւ հասարակ ժողովուրդը, դիմում են դէպի Ղրիմի հարաւային ափը, դէպտ Թէոդոսիոյ նաւահանգիստը։ Թաթարները ՚ի հարկէ, աշխատում են ամեն տեսակ արգելք լինի եւ բռնութեամբ կասեցնել այդ գաղթականութիւնը, որ շատ վնաս էր խանութեան, որովհետեւ Հայերը իւրեանց ընդունակութեամբ եւ աշխատասիրութեամբ մեծ օգուտ էին տալիս թաթարներին, կազմելով միակ երկրագործ, վաճառական եւ արհեստաւոր դասակարգն անապատական թաթարների մէջ, բայց չեն յաջողում։ Հայերը զէնքի զօրութեամբ ձեղքում են թաթարաց ստուար զօրութիւնը եւ պատերազմելով ու յաղթութիւն տանելով, հասնում են Ղրիմ 1330 թուին (չհթ.
       Յայտնի է, որ Մոնղոլ-թաթարները ժգ. դարի սկզբներում հզօրանալով գրաւեցին Ասիոյ մեծ մասը, յայտնի է նոյնպէս, որ նոքա դորանով չ՚շատանալով շարունակեցին իւրեանց արշաւանքը Չինգիզի շառաւիղների առաջնորդութեամբ եւ մտան Եւրոպա։ Բատին ահագին հրոսակի գլուխ անցած, անցաւ Ուալ եւ Վօլգա գետերը եւ տակն ու վերայ անելով այդ տեղերում եղած բոլոր ազգերն ու տէրութիւնները, տիրեց ամբողջ Ռուսաստանին, հիմնեց Ոսկեսարայի կամ Ղփչաղաց խանութիւնը Վօլգայի ստորին ջրաբաշխում եւ եղաւ թաթարաց էլ-խաներից մէկը, առերես հնազանդութիւն միայն ցոյց տալով մեծ խանին եւ անուանական կապ միայն պահպանելով Ղարաղուրումի մեծ-խանութեան հետ։
       Ահա հենց այդ ժամանակները Բատիի օգնականներից չորսը իւրեանց ցեղերով-Դորդ-Օջաղը» մտան Տաւրիկեան թերակղզին եւ այդ գեղեցիկ երկիրն էլ դարձրին Ղփչաղաց խանութեան մի մասը։ Թաթարաց մեծ խանը Մանգոխանը շնորհում է այդ թերակղզին իւր եղբօրորդի Օրան-Թիմուրին, որ խանի տիտղոս ընդունելով, տիրում է Ղրիմին, թամանին եւ Ղուբանի շրջակայքին, իւր հերթով անուանական կապ պահպանելով Ոսկեսարայի հետ, ինչպէս այդ վերջինը Ղարաղուրումի հետ։
       1261 թուին Ղրիմի խանութիւնը բաժանուում է երկու մասի՝ Ղրիմի խանութեան Տաւրիկեան թերակղզում եւ Նողայի խանութեան Ղուբանի եւ Դանուբի մէջ գտնուած երկրներում Նողայի առաջնորդութեամբ, որ ճանաչում էր Ղրիմի խանի իշխանութիւնը։ Եւ վերջապէս, երբ քայքայուում է Ոսկեսարայի խանութիւնը եւ նորա աւերակների վերայ առաջ են գալիս հետզհետէ Ղազանի եւ Հաշտարխանի խանութիւններն իւրեանց անկախ խաներով, Ղրիմի խանութեան երկու մասն էլ նորից միանում են, մի անկախ խանութիւն են կազմում, որ գոյութիւն է ունենում ամբողջ հինգ հարիւր տարի, առաջին ժամանակները կառավարուելով Օրան-Թիմուրի յաջորդների ձեռքով, յետոյ Չինգիզի շառաւիղ Գիրէյների հարստութեան ձեռքով։
       Օրան Թիմուրը եւ նորա յաջորդներն իւրեանց թաթարներով բռնում են Ղրիմի անապատային եւ դաշտային մասերը մինչեւ լեռները որովհետեւ թաթարներն ինքեանք անապատական ժողովուրդ լինելով, պարապելով խաշնարածութեամբ եւ վրանաբնակ կեանք վարելով, ընտելացած էին անապատին եւ պէտք չունէին Ղրիմի լեռնոտ մասին եւ հարաւային ամենագեղեցիկ եւ պտղաւէտ ափին, իսկ միւս մասը - լեռների լանջերն ու ծովափնեայ մասը տալիս են վաղուց ՚ի վեր այդ տեղերում ապրող քրիստոնեաներին, գլխաւորապէս Յոյներին, որոնք շատ առաջ դեռ եկած էին այդ երկիրը, հիմնած էին բազմաթիւ գաղութներ եւ պարապում էին առեւտրով։
       Առաջին Ջանովացիները, որոնք բնակութիւն են հաստատում Ղրիմում, լինում են վաճառական՝ Բալդօ-Գորիա եւ Անտոնիօ- Դել Օրտօ։ 1281 թուին դոքա խնդրում ու մեծ փողով գնում են Օրան Թիմուրից հին Թէոդոսիոյ ծովափը եւ այնտեղ շինում են իւրեանց համար առեւտրական մի փոքրիկ ֆակտորիա։ ԺԳ եւ ԺԴ դարերում Հնդկաստանի առեւտուրը կատարւում էր Սեւ ու Ազովի ծովերի վրայով, ուստի եւ բոլոր առեւտրական ազգերը ձգտում էին այդ ծովերի ափերին առեւտրական ֆակտորիաներ հիմնելու եւ գաղութներ հաստատելու։ Իտալիոյ փոքրիկ հասարակապետութիւնները՝ Վենետիկեցիք, Ջանովացիք եւ Պիզացիք այդ ասպարիզում մեծ եռանդով մրցում էին միմեանց հետ։ Վենետիկեցիք հիմնել էին Ազովը, Ջանովացիք էլ, ինչպէս ասացինք, հիմնում են իւրեանց ֆակտորիան հին Թէոդոսիայի տեղում, որ ժամանակի ընթացքում ստանում է «Կաֆա» անունը։
       Խանը թէեւ պայմանի համաձայն տալիս է Ջանովացիներին հին Թէոդոսիայի տեղը, թոյլ է տալիս նոցա այդտեղ ֆակտորիա շինելու, առեւտուր անելու եւ մինչեւ անգամ առանձին հրամանագրով արգելում է հարաւային ափում ապրող միւս ազգերին առեւտրական գործերով պարապելու, այդ մենաշնորհութիւնը տալով միայն Ջանովացւոց, բայց դորա հետ միասին մի ծանր պայման էլ է դնում, որ նոքա ներմուծած եւ արտահանած բոլոր ապրանքներից որոշեալ մաքս հատուցանեն իւր գանձարանին։
       Կարճ միջոցում նորահաստատ ֆակտորիան լցուում է բազմաթիւ իտալացի գաղթականներով որոնք յաջորդ արեւտրական գործողութիւններով սուղ միջոցում հարստանում են, մեծացնում են իւրեանց բնակութեան տեղը եւ ձեռք են բերում ընդարձակ կալուածներ Կաֆայի շրջակայքում։ Սակայն մեծացնելով եւ ծաղկեցնելով իւրեանց գաղութը, իտալացիք նոյն ժամանակ համոզուում են, որ իւրեանց քաղաքը չի կարող լիակատար բարգաւաճման հասնել եւ ինքեանք եւս չեն կարող ապահով լինել, մինչեւ որ չամրացնեն իւրեանց քաղաքը եւ այդպիսով միջոց չունենան ընկած տեղը պաշտպանուելու թաթարներից, որոնք տեսնելով Ջանովացւոց օրըստօրէ հարստանալը, սկսել էին արդէն նախանձել եւ թշնամական յարաբերութիւն ցոյց տալ։ Այդ նպատակով նոքա նախապէս քաղաքի չորս կողմը փորում են մի ահագին փոս, որ պէտք է ծառայէր իբրեւ հիմք եւ առաջին ամրութիւն, որի վրայ ապագայում կամաց-կամաց աննկատելի կերպով պիտի աւելանային եւ ուրիշ ամրութիւններ։
       Կասկածոտ խանի աչքից չի խուսափում եւրոպացիների գործողութիւնը, Նա մեկնութիւն է պահանջում, բայց պատասխան է ստանում, թէ այդ փոքրիկ ամրութիւններն ինքեանք շինում են իւրեանց առեւտրի մրցակից եւ հակառակորդ Վենետկեցիներից պաշտպանուելու համար։ Եւ ճշմարիտ, շուտով էլ արդարանում են նոցա ասածները։ Վենետկեցիք նախանձելով Կաֆայի յառաջադիմութեան, 1293 թուին յարձակուում են Ջանովացւոց վերայ, աւերում քանդում են քաղաքը, այրում են արեւտրական նաւերը եւ ստիպում են նոցա փախչել թաթարների մօտ եւ նոցանից օգնութիւն խնդրել իւրեանց ագահ կրօնակիցների դէմ։ Վենետկեցիք, ՚ի հարկէ, կամենում են մնալ Կաֆայում եւ բռնել Ջանովացւոց տեղը, բայց թաթարների վերայ են հասնում, հալածում նոցա եւ աւերուած Կաֆան նորից յանձնում նախկին տէրերին։ Այդ ժամանակ արդէն Ջանովացիք արձաւ-համարձակ, առանց դրդելու թաթարների կասկածը, սկսում են ամրացնել իւրեանց քաղաքը։ Նոքա ահագին քարեայ պարիսպ են քաշում քաղաքի չորս կողմը նախկին փոսի եզերքով, ամրացնում են նորան 12 աշտարակով, թողնում են եօթն դարպաս եւ այդպիսով գոյացնում են մի ամուր բերդ, որ յետոյ սկսում է կոչուել «Ֆռանկ-Հիսար» ։ Բացի սորանից, Ջանովացիք ծովախորշում շինում են մի հսկայական պարիսպ, որի յետեւը պէտք է պահուէին եւ պաշտպանուէին նոցա արեւտրական նաւերը, եթէ թշնամիները ծովի կողմից կամենային յարձակուել նոցա վերայ։