Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Խինա-գեջասի, հարս-բաղնիք եւ հարսանիք.
       Խինա-գեջասի տաճկական բառը, ինչպէս յայտնի է, նըշանակում է «Հինայի-գիշեր» որովհետեւ այդ օրը, գիշերը կատարուում է հարսի գլուխը հինայ դնելու հանդէսը։ Հարսի գլուխը հինա դնելը, որ այժմ քաղաքում իսպառ վերացել է եւ պահպանուել է միայն տեղ- տեղ գիւղերում, կատարուում է մեծ հանդիսով։ Պսակից երեք օր առաջ տղայի տանը պատրաստում է մի աման հինայ եւ մի մատուցարանի վերայ դըրած մի կերոնի հետ ուղարկուում է հարսի տունը, որտեղ այդ երեկոյ մեծ հրաւէրք է լինում եւ հաւաքուած են լինում բազմաթիւ աղջիկներ հարս ու փեսայի ազգականներից, հարսի բարեկամուհիներից ու ընկերուհիներից ։ Աթոռի վերայ բարձ են դնում, հարսնացուին նստեցնում են վերան սենեակի մէջ տեղը կամ անկիւնում, երաժիշտները նուագում են «Ալկէլին» եղանակը եւ հանդիսականները վառած կերոնը բռնած մէկ մէկ պարում ու խաղացնում են հինան։ Կուշտ պարելուց եւ հինան խաղացնելուց յետոյ, կանայք սկսկում են հինան դնել հարսի գլուխը, իսկ աղջիկներըհինայից մի մի մատ առնում. քսում են իւրեանց ձեռքի ափին, որ փոխը, կամ ինչպէս ասում են, «Տառօսը» իրենց էլ լինի։ Հին ժամանակները այդ դէպքում հանդիսականները սովորութիւն են ունեցել մոտենալու հարսնացուին, մի մի մատ հինայ դնելու նորա գլուխը եւ երգելու «Ալկէլին» երգը, որից այժմ պահուել եւ հետեւեալ կտորը։
       1 Հինա տըրին, պաղնիք տարին,
       Չիլֆիւ մազըս փէրշամ արին,
       Կուլխուս ալ փոշի կապեցին,
       Ժերին քօշան կայնեցուցին,
       Սիրական քուրիկներ, տառօսը ձեզի։
      
       2 Փեսաս ծնողաց հէլալ օրթի,
       Կուլխուն կտակը կապուտ մորթի.
       Մէքատիկ էր նա իր սօյին,
       Մեռնիմ անոր սէլվի պօյին.
       Սիրական քուրիկներ, տառօսը ձեզի։
      
       3 Եփոր աչքս նորան տեսաւ,
       Էրկու թուշէս ալ կաթեցաւ,
       Հարիկ, մարիկ, մընաք բարով,
       Աստուած մեզի պահէ սէրով,
       Սիրական քուրիկներ, տառօսը ձեզի։
      
       4 Թաքաւորըս կուքայ թուրով,
       Հալխը շատ է, կառնու զօռով
       Պաշխիշներով, յարկինքներով,
       Աստուած մեզի պահէ սէրով,
       Սիրական քուրիկներ, տառօսը ձեզի.
      
       5 Կերթաս մեզմէն ճանփաս տիւղ է,
       Կերածըդ չամիչ ու թուզ է,
       Աչքըդ կուլայ, սիրտըդ կուզէ,
       Մորէդ պաժնըվիլ սիրտը չուզէ,
       Հարկը կասեն անպէս կուզէ,
       Սիրական քուրիկներ, տառօսը ձեզի)։
       Քաղաքում, որտեղ, ինչպէս ասացինք, հինայ դնելու սովորութիւնը գլխովին վերացել է եւ պահուել է միայն «Խինա-գեջասի» անունը, այդ օրը, երեկոյեան ուղարկուում է հարսի պսակի շորերը, մոմերը եւ կատարուում է ալիւր-մաղէքի հանդէսը եւ այդ առթիւ մեծ հրաւէրք է լինում աղջկայ տանը։ Հաւաքուում են առհասարակ հարսի ընկերուհիները եւ ազգական աղջիկները, գալիս է եւ փեսան իւր մոտ ընկերներով։ Սէջտեղ են հանուում փոքրիկ տաշտը եկ շրջանակն ոսկեգոյն ու արծաթագոյն թղթերով զարդարած մազը եւ ալիւր են մաղում հարսանիքի հացը պատրաստելու համար։ Ալիւր մաղողները լինում են փեսան եւ երիտասարդները, որոնք մազը մի քանի անգամ թափահարելուց յետոյ, յանձնում են հերթով միմեանց եւ այդ առթիւ փող են նուիրում ալիւր- մաղէքի հանդէսը կառավարող ու ղեկավարող «Ջիգային»։
       Խինա-գեջասիի յաջորդ օրը կատարուում է «Հարս-պաղնիքի» հանդէսը, որ քաղաքում արդէն վերացել է եւ մնացել է միայն գիւղերում։ «Փեսայ-պաղնիքը» վերացած է թէ քաղաքում եւ թէ գիւղերում, դորանից մնացել է, այն էլ միայն գիւղերում, գէթ մի ծէս- «Փեսայ-թրաշ» որ կատարուում է շատ մասնաւոր ու սահմանափակ հանդիսով։
       Հարս-բաղնիք սովորաբար կատարուում է աղջկայ ըամ կարգուած քրոջ տանը եւ կամ մօրատատի, կամ, ինչպէս ասում են «մամուն» տանը, որտեղ այդ առթիւ «աղջիկ-ժողովտանք» է լինում։ Բաղնիքի հանդէսը կատարելուց եւ ամբողջ օրն ուրախանալուց յետոյ, հարսը շրջապատուած իւր ընկերուհիներով եւ երաժշտութեամբ վերադառնում է տուն։ Հասնելով իւր բնակարանին եւ մտնելով բակը, ուրախ թափօրը կանգ է առնում տան դրան առաջ, որովհետեւ առանց աղջկայ մոր հանդիսաւոր կերպով հարսին ընդառաջ դուրս գալը չի կարելի տուն մտնել։ Մայրը սովորաբար դուրս է գալիս եւ աղջկայ գլխին շաղ է տալիս բրնձախառն մանր փող։ Դորանից յետոյ էլ դեռ տուն չեն մտնում, այլ հարսնացուին նստեցնում են բակի մէջտեղը մի աթոռի վերայ եւ ընկեր-աղջիկները ձեռք ձեռքի տուած պար են բռնում նորա չորս կողմը եւ կոլորպարի պէս պարելով, յետ ու առաջ են գնում։ Հարս-բաղնքի երեկոյից արդէն հարսանիքը նստած կամ սկսուած է համարուում, որ գիւղերում շարունակուում է երեք օր, իսկ քաղաքում միայն մէկ օր։
       Մաղաքում պսակի հանդէսը կատարուում է եւ առաւօտեան եւ երեկոյեան, իսկ գիւղերում միայն առաւօտեան։ Քաղաքում առհասարակ տպագրուած հրաւիրատոմսակներ են ուղարկում, որոնց մէջ յայտնելով, թէ այս ինչ եկեղեցում եւ այս ինչ ժամին պէտք է կատարուի այս ինչ երիտասարդի ու «օրիորդի պսակադրութեան հանդէսը, խնդրում են, որ այս ինչ ոքն իւր ներկայութեամբ պատուէ այդ հանդէսը, իսկ յետոյ բարեհաճի շնորհ բերել հարսանեաց խնջոյքին, որ պէտք է լինի այս ինչ տանը։ Եթէ պսակը կատարուում է առաւօտեան, հրաւիրեալները նշանակուած ժամին հաւաքուում են եկեղեցին, ներկայ են գտնուում պսակի հանդիսին, շնորհաւորում են, համբուրուելով այր-մարդիկ թագաւորի հետ եւ կին-մարդիկ հարսի հետ, եւ ցրուում են իւրեանց տները, որովհետեւ բուն հարսանիքը այսինքն պարահանդէսը ու հարսանեաց խնջոյքը լինում են գիշերը։ Այդ դէպքում փեսայի տունը գնում են միայն ամենամոտ ազգականները, որոնք եւ մնում են այնտեղ, ճաշում եւ ժամանակ անցկացնում նեղ շրջանում մինչեւ երեկոյ։ Իսկ եթէ պսակը կատարուում է երեկոյեան, իսկոյն եւ եթթ պսակից յետոյ ամենքը գնում են հարսանքատունը եւ սկսուում է խնջոյքը եւ հարսանեաց ուրախութիւնը, որ շարունակուում է մինչեւ առաւօտ։
       Պսակից առաջ կատարուում է «Հարսնառի» ծէսը, որ հարսանիքի գլխաւոր արարողութիւններից մէկն է։ Փեսայի կողմի հարսանքաւորները հաւաքուում են փեսայի տունը, քահանան օրհնում է փեսայի զգեստները եւ բոլորեքեան գնում են կառքերով հարսի տունը «Հարսնառի»։ Փեսային նորա կառքում նստած ուղեկցում են փեսաղբերները- «շաֆերները», հարսի տանը քահանան օրհնում է պսակի զգեստները, եւ մինչեւ որ հարսը հագնուում է, խնամիները հիւրասիրուում են թէյով եւ թեթեւ ոգեպահիկով։ Երբ որ հարսը հագնուում, պատրաստուում է, փեսաղբերներն ու հարսնեղբարները գնում են բերում նորան դահլիճ եւ կանգնեցնում փեսայի կողքին սեղանի մոտ, որի վերայ կարգով շարուած են լինում բոլոր մինչեւ հարսանիքի օրը եւ նոյն իսկ հարսանիքի օրը ստացուած ընծաները։ Թէփեսայի եւ թէ հարսի զգեստաւորուելու միջոցում այժմ քաղաքում ոչ մի առանձին ծէս չի կատարում, ոչ մի երգ չի երգուում, ինչպէս որ եղել է հնումը։ Այժմ չի կատարուում եւ այն ծէսը, որ հին ժամանակներն անհրաժեշտ կերպով կատարուել է։ Այժմ երբ հարս առնողները գալիս, բազմում են եւ սկսում են յարգուել, այլ եւս մէկը չի շրջում առանձին սրուակով հիւրերի մէջ եւ հիւրերի թաշկինակի վերայ հոտաւէտ ջուր, կամ ինչպէս սովորութիւն է եղել ասել. «ամբրէ» որսկում։
       Կէս պսակը կատարելուց եւ հարսի ու փեսայի ծոցը նուրբ կտորի մէջ փաթաթած ու կարմիր ժապաւէնով պնդած մի մի փոքրիկ անուշի կտոր դնելուց յետոյ, հարս ու փեսային նստեցնում են մի ծածկուած շքեղ կառքի մէջ, որ հենց այդ նպատակի համար մասնաւորապէս վարձուած, կամ, ինչպէս յաճախ պատահում է, այս կամ այն հարստի տանից բերուած է լինում եւ որի ձիերի ականջներն ու բաշերը եւ կառապանի թեւերն գոյզգոյն մետաքսէ թաշկինակներով եւ կապած զարդարած լինում, եւ բազմաթիւ կառքերով ուղեկցում են եկեղեցի։ Հարս ու փեսայի կառքի առաջին նստարանի վերայ ուղիղ հարս ու փեսայի դէմ ու դէմ նստում են երկու տղայ, վառած կերոնները ձեռքերին բռնած, իսկ կառապանի կողքին առօք փառօք բազմում է «Իգիտ-Աղասին», որի թեւերը եւ կուրծքը նոյնպէս զարդարուած է լինում գոյնզգոյն մետաքսէ թաշկինակներով։ Գոյնզգոյն թաշկինակներով զարդարուած են լինում եւ բոլոր ուղեկցողների կառքերը ձիերի ականջներն ու բաշերը եւ կառապանների թեւերը։
       «Իգիտ-Աղասին», ինչպէս ցոյց է տալիս եւ բառի նշանակութիւնը, հին ժամանակներն եղել է հարսանքին մասնակցող բոլոր կտրիճների պարագլուխը, հարսանքի կառավարիչը եւ ընտրուում է եղել փեսային մօտ ճարպիկ կտրիճների միջից։ Բայց այժմ այդ դերը կատարում է մի վարձուած սպասաւոր, որի պարտականութիւնն է սպասաւորութիւն անել հարս ու փեսային հարսնառի եւ պսակի ժամանակ եւ տիրապէս հարսանեաց տան սարք ու կարգի վերայ նայել։ Նա է հարս ու փեսային կառք նստեցնում, նա է կառքի դուռը փակում, բաց անում, նա է պսակի ժամանակ հարս ու փեսայի վերնազգեստները հանում, հագցնում, նա է, վերջապէս, պահում եւ պսակի ժամանակ մատուցանում քահանային այն արծաթեայ անօթը, որով գինի են խմացնում թագաւորին եւ թագուհուն։
       Նորապսակների հարսանեաց տան դրան առաջ ընդունում եւ համբուրում օրհնում ու շնորհաւորում է փեսայի մայրը գլխին քօղ ձգած։ Այդ միջոցում էլ բրնձախառն փող են շաղ տալիս գլխներին, խունկ անում եւ մի զոյգ՝ վզերին կարմիր ժապաւէն կապած՝ սպիտակափետուր աղաւնի են արձակում։ Տուն մտնելով, հարս ու փեսան կանգնում են դահլճի մէջ տեղը, մատուցուում է մեծ մատուցարանով շամպանի բաժակները, Իգիտ-Աղասին լցնում է փրփրալից գինին, երաժշտութիւն «տուշ» է նուագում եւ բոլորեքեան շնորհաւորում են նորապսակներին։ Հին ժամանակները փեսայի մայրը դրան առաջ նորապսակներին ընդունելու միջոցում նոցա բերանը մի մի կտոր անոյշ է դնելուս եղել, իսկ շնորհաւորանքն եղել է «Ալկէինի» ձայնակցութեամբ։
       Բաժինքն ուղարկուում է փեսայի տունը կամ հարսանիքից մի օր առաջ, կամ մի օր յետոյ։ Առաջները սովորութիւն է եղել բաժինքն ուղարկել հէնց նոյն իսկ հարսանիքի օրը եւ հարսի շորեղէնը դնելով մատուցարանի վերայ, շրջեցնելով եւ ցոյց տալ հանդիսականներին հարսանեաց խնջոյքի ժամանակ։ Սովորութիւն է եղել եւ հարսի օժիտի ցուցակը կազմել եւ հանդիսաւոր կերպով կարդայ բոլոր հրաւիրեալների առաջ հարսնառի ժամանակ այս ձեւով.
       «Կամաւ կամեցողին Բարեաց Տռն մերոյ Յսի Քսի
       Եւ օրհնելոյն յաւիտեանս ամէն
       Որ եղեւ այս շնորհաւորութեան հարսանեաց գիրս ՚ի տիրապահ եւ յածախնամ քղքս ՚ի Նոր Նախիջեւան, ընդ հովանեաւ Սբոյն Նիկողայոսի Հայրապետին սքանչելագործին, եւ ՚ի Հայրապետու Տն Եփրեմայ Արժանընտիր Սբզնսբ Կաթուղիկոսին, եւ Առաջնորդին Նախիջեւանայ եւ Բեսարիոյ Ածարեալ Կայսր ընտիր եւ կաւալերազարդ Հովուապետին Տն Ներսիսի Սրբազան Արք եպիսկոպոսին, եւ ՚ի ժամանակ թգւորին ամ ռուսաց Ամենաբարեպաշտ եւ ինքնակալ մեծ կայսեր Նիկոլայ Պաւլովիչի, ՚ի թւոյն Փրկչին մերոյ ՚ի 1832 ամի եւ փետրվարի 8 ին, որ պրն Պապուկ Գրիգորեան Սուլթանշահովն էառ օրինաւոր սբ ամուսնութբ զնազանելի դուստրն իւր Եղիսաբէթն, վճռկն Աղայ Գաբրիէլ Խոճայովի, նախ պարգեւէ Ածային օրհնութիւն եւ սբց մշտանուէր աղօթքն որ ի միասին Ած խորին ծերուի պարգեւեսցէ, նաեւ վերագոյնդ յիշեալ Աղայ Գաբրիէլ Խոճայովն շնորհէ նազելի դստերոջն իւր զօժիտս այսինքն կանացի ոսկեղէն զարդս, ՚ի ներքոյ յայտնին եւ են այսոքիկ։
       1. լաւ բերզամ պաղի անդամանդեայ
       1. ջուխտ օղ պռլեանտնի
       1. ջուխտ եւս օղ անդամանեայ
       1. թէոքմէ խաֆէս մրգրտեայ 20 խաթէն, եւ 2 կղմն 30 հատ ռուպլիէ ոսկով
       1. ջուխտ ոսկեայ գօտի եւ մէջն էլմասեայ
       1. ջուխտ եւս ոսկեայ գօտի
       1. կըշտանոց 40 եալտըզ ոսկիք եւ մէջն չորսնոց ոսկի
       1. լաւ մատանի էլմասեայ
       1. պուլաւքի էլմասեայ
       եւ այս ներքոյ երեք զարդս ՚ի յըոտամպոլից բերելոյ ապսպրեալ է որք են այսոքիկ.
       1. լաւ կէրտանլըխ անդամանեայ
       1. ջուխտ գօտի եւս անդամանեայ
       1. ջուխտ ապռճան այն եւս անդամանդեայ
       եւ այլ ամ պղնձեղէն շորեղենն ը նոսին ըստ կարգին»։
       Գիւղերում թագաւորին զգեստաւորելու ժամանակ նորա ընկեր-կտրիճները զանազան կատակներ են անում եւ փող ստանում քաւորից։ Նոքա ծուռ կամ ընդհակառակն են հագցնում նորա հալաւների զանազան մասերը եւ իւրաքանչիւր անգամ հարցնում են. «Կնքահար, ի՞նչի է եանխլիշ փեսին վրան»։
       Հարսին զգեստաւորելու ժամանակ կլոր ձեւով կտրում են նորա«զիլֆխները» - գանգուրները, որոնք բազմաթիւ բարակ հիւսերով ծածանուում են նորա ուսերի ու մէջքի վերայ, «փերչամ» են անում, նորա ոսկիներով զարդարած ֆէսը, «փօշի» են կապում գլխին, ամրացնում են փօշիի վերայից «փէրչամբաղին» ու «փէրչամբաստին», հագցնում են «խումաշը», մէջքին կապում են մարգարտայեռ արծաթեայ ճարմանդով կամարը - «խուլանը», մատերին դնում են մատանիները, ձեռքը ձգում են «ապռճանը» - ապարանջանը, վզին ձգում են ոսկի շարոցը եւ «գերդանլըխը» եւ երեսին կարմիր քօղը։
       Գիւղերում պսակի դնում են սովորաբար ոտքով. հարսի մի ձեռքից բռնած է լինում փեսան, միւս ձեռքից կնքամայրը։ Փեսաղբերներ եւ խաչեղբայրներ, կամ, ինչպէս քաղաքում կոչուում են, «շաֆերներ» չ՚կան, պսակի ժամանակ էլ թագաւորի եւ թագուհու գլխին թագ բռնելու սովորութիւն չ՚կայ, ինչպէս քաղաքում։
       Հարսի բաժինքը փեսայի տունն է ուղարկուում երկու անգամ - մի մասը կէս - պսակի միջոցում, միւսը նոյն իսկ հարսանեաց ժամանակ, երկրորդ օրը։ Կէս-պսակին առաջ փեսայի տանից գալիս է մի ձիաւոր եւ տանում է միայն մի բարձ, յետոյ գալիս են փեսայի ծնողները եւ տանում են կողինքը, իսկ հարսանեաց օրն «աղջիկ-խնամիները» տանում են հարսի «սնդուկը» թանկագին մանր իրեղէններով եւ «բոխչան» հալաւներով։
       Հարսի ծնողները պսակի արարողութեան ներկայ չեն գտնուում, ինչպէս քաղաքում. նոքա սովորաբար գնում են փեսայի հարսանեաց երկրորդ օրը, շրջապատուած ազգական կանանցով ու տղամարդկանցով, որովհետեւ հարսանքի առաջին օրը տիրապէս պատկանում է երիտասարդներին եւ աղջիկներին եւ այդ պատճառով էլ կոչուում է «կտրիճների-հարսնիք», իսկ երկրորդ օրը պատկանում է տղամարդկանց ու կանանց եւ այդ պատճառով էլ կոչուում է «էրիկմարդոց-հարսնքի»։
       Նորապսակ զոյգի ոտքերի տակ եկեղեցուց դուրս գալու ժամանակ դնում են մի աման, որ հարսն ու փեսան աշխատում են միմեանց առաջը տալ ու կոտրել, որովհետեւ այնպիսի հասկացողութիւն կայ, թէ ով որ առաջինը կանխէ կոխել ու կոտրել ամանը, նա էլ տան մէջ գլխաւորապէս իշխողը, հրամայողը կ՚լինի։ Փեսայի տունը մտնելու ժամանակ նորապսակների գլխին միշտ աղաւնիներ չեն արձակում, ինչպէս քաղաքում, այլ երբեմն եւ սպիտակ հաւեր։ Հին ժամանակները սովորութիւն է եղել հարս ու փեսայի ոտքերի տակ եւ ոչխար մորթել, որ այժմ թէ քաղաքում եւ թէ գիւղերում իսպառ վերացել է. ինչպէս որ վերացել է արդէն եւ «խոլդան տանելու», այսինքն պսակուողների մօտ ազգականների իւրեանց հետ չ՚հրաւիրուած մէկին հարսանիք տանելու սովորութիւնը։
       Երիտասարդներն ու աղջիկները, որոնք հարսանքի տանը բոլոր ժամանակ շրջապատած են լինում հարս ու փեսային, զբաղեցնում ու զուարճացնում են նոցա, ՚ի միջի այլոց, աշխատում են եւ նորապսակների վերայից մի բան գողանալ, որ «տառօսը» իրենց էլ լինի։ Բացի այս բոլորից, գիւղերում մինչեւ ցայսօր դեռ պահպանուել է փեսային զգեստաւորելու, հարսնառ գնալու եւ պսակի երթալու միջոցում «պարեր» երգելու սովորութիւնը, որոնց բառերը եւ ոճերը ժողովրդի բերանում ներկայումս դժբաղդաբար այնքան աղաւաղուել են, որ համարեա՛ թէ անկարելի է դարձել վերականգնել նոցա իմաստը, հասկանալ նոցա բովանդակութիւնը։
       Հարսնառ երթալու ժամանակ, երբ հասնում են հարսի տան դրան շեմքին, օրինակի համար, երգում են։
       1. Լուսն ալ լուսացաւ, բարի արեւ ձեզի,
       Աքլորն ալ խօսեց իրենք բերան
       Եւ իւր հաւ տալով քալից հպարտ.
       Ես ան ճամբաներուն ճամբորդն եմ,
       Շատ կեշթամ ու կուգամ,
       Շատ կեշթամ ու կուգամ
       Ճամբուն էրկու հատ վարդ անուշ
       Ունէր իր ծոցին։
       2. Մեր թագաւորին կապան կանանչ էր,
       Մեր թագաւորն իր թուխումներուն մէջ
       Մեր թագաւորն էր արեւու պէս,
       Մեր թագաւորի ձիին զարդն էր
       Ճերմակ եալ հինայած.
       Մեր թագաւորի ձիի ոտքի նալերն էր
       Ոսկի, արծաթ գամերով.
       Մեր թագաւորի ձեռքին խաչ
       Շինեց ոսկերիչ ոսկեզօծ խաչ։
       Հարսնառի այս «պարը» միւս բոլոր «պարերի» մէջ դեռ ամենալաւ պահպանուածն է, որովհետեւ եթէ ոչ ամբողջովին, գոնէ, մասամբ կարելի է վերականգնել նորա ընդհանուր իմաստը։ Միւս պարերը գլխովին աղաւաղուած են եւ նրանցից միանգամայն բան չի կարելի հասկանալ։ Փեսային զգեստաւորելու ժամանակ, օրինակի համար, երգում են հետեւեալը, որ աւելի բառակոյտ կարելի է կոչել, քան թէ երգ։
       1. Այսօր ես նոր թագաւոր ես նոր
       Պարոն մունետիկ սէր հնազանդ մունետիկ
       Ամենը հնազանդ մունետիկ
       Այլ պատուէր զմեզ իւր դուռն.
       Եւ շար կուտար եւ կապեց շարը
       Երանական Հայոց հայրապետը
       Սուրբ Լուսաւորիչ իւր անունով
       Եւ երեք խաչին անունով օրհնեց թագաւոր
       Որ է մեր նոր թագաւոր օրհնեց թագաւոր
       Որ զերկինս պահէր կուսացեալ կին
       Զոր կային հաւասարիչ բոլոր
       Զոր կային հաւասարիչ բոլոր։
       2. Մայրս Մարիամ, Սուրբ Աստուածամայր
       Ետ երեք խաչին անունով օրհնեց թագաւոր
       Որ մեր թագաւոր նոր օրհնեց թագաւոր
       Որ էր հարսն կոյս գովեալ հաւասարեց բոլոր
       Հրեշտակ երկնից անցնէր ու ասէր.
       Թագաւոր նա հագեալ եւ գովեալ։
       Մունետիկը գովելով անցնէր ասելով,
       Թագաւոր նա հագեալ եւ գովեալ։ 1)
       Մաղաքում նորապսակների նարօտի կնիքը քանդում են, կամ, ինչպէս ասում են, թագը հանում են իսկոյն եկեղեցում, իւր գիւղերում երկու-երեք օրից յետոյ։ Պսակից յետոյ պատահած առաջին կիւրակին կոչուում է «Առջի կիրակի», որ նոյնպէս տօնուում է։ Այդ օրը գալիս են հարսի ծնողները եւ մօտ խնամիները, բերում են ընծաներ եւ մեծ խնջոյք է տեղի ունենում։ Առաջին կիւրակէից յետոյ նորապսակներն իրաւունք են ստանում տանից դուրս գալու եւ այցելութիւն անելու իւրեանց այն ազգականներին, ծանօթներին ու բարեկամներին, որոնց տները պէտք է երթան-գան։ Սկսուում է «հարս տուն բերելու» կարգը։ Ազգականները հերթով «զիաֆէթ»-հրաւէրք են սարքում իւրեանց տներում եւ հրաւիրում են հարսին, կամ, ինչպէս ասում են, «հարս տուն կ՚բերին»։
       Նախիջեւանի հարսանեաց ուրախութիւնը, ըստ ամենայնի, նմանում է մեծ բէհի կամ հանդիսաւոր բէհի ուրախութեան։ Նոյն երաժշտութիւնը, նոյն պարերը, խնամիների ընդունելու ու պատուելու նոյն կարգն ու «դառաթը»։ Խնամիների հրաժեշտ տալու ժամանակ. երբ քէֆերը լաւ հասած է լինում, յաճախ նոցա երաժշտութեամբ են ճանապարհ ձըգում, եւ այդ միջոցում «Իգիտ-Աղասին» գինով լի բաժակները տանում է խնամիների առաջից։ Տեղ-տեղ կանգ են առնում խմում են, պարում են եւ այդպէս շարունակում են, մինչեւ որ նոցա տուն են հասցնում։ Առհասարակ Նախիջեւանում քէֆի եւ ուրախութեան չափաւորութիւն չկայ. նոքա իւրեանց խօսքերը, բէհերը, տօն-շնորհաւորները եւ զիաֆէթները կամ իսպառ առանց քէֆի, միայն թուղթ խաղալով են անցկացնում, կամ չափազանց զօր են տալիս օղիին ու փունջին եւ փողոցներն են ընկնում։ Շատ անգամ կարելի է պատահել փողոցներում քէֆ անողների, նոքա կամ լուռ ու մունջ գնում են փողոցով երաժշտութիւնն առաջիները ձգած, կամ հարայ- հրոց են բարձրացնում, ծափ տալիս ու պարում, կամ արշաւում են կառքերով կողքերին նստացրած զուռնաչիներին։
       Նախիջեւանցւոց գործածած երաժշտութիւնն եւրոպական նուագախումբ եւ հայկական դաբ ու զուռնան է, որ Նախիջեւանցիք կոչում են «դաուլ-զուռնա»։ Առաջինը գլխաւորապէս գործ են ածում հարուստները, իսկ երկրորդը գիւղացիք եւ քաղաքի աղքատները։ Սովորաբար հարուստներն էլ, երբ քէֆերը հասնում է, չեն բաւականանում միայն եւրոպական նուագախմբերով, այլ հրաւիրում են եւ զուռնայ, թէեւ տեղական նուագախումբն էլ, որ մասամբ բաղկացած է հայ երաժիշտներից, գտնուում է հայ կառավարչի ղեկավարութեաններքոյ, ազատ կերպով նուագում է տեղական ժողովրդի սիրած բոլոր եղանակները։ Կան այնպիսի զուռնա սիրողներ, որ ուշադրութիւն չդարձնելով այն ժողովրդական առածին, որ ասում է, թէ «Զուռնայի ձայնը հեռուէն աղէկ կուգայ», հրամայում են զուռնաչիներին իւրեանց մոտ նստել եւ իւրեանց մոտ նստել եւ իւրանց ականջի մէջ փչել։
       Նախիջեւանի «Դաուլ-զուռնան» բաղկացած է մի մեծ դաբից եւ մի կամ երկու փոքրիկ բարձրաձայն, ճչացող ու շատ զիլ ձայն ունեցող զուռնայից։ Այս վերջին ժամանակներս գլխաւորապէս գիւղերում փոքր զուռնայի վերայաւելացել է եւ մի մեծ զուռնայ, որ կոչուում է «Բոռոզան»։ Գիւղերում էլ, բացի դաուլ- զուռնայից, կայ եւ եւրոպական նուագախումբ, որ բաղկացած է միայն մի քանի նուագարանից՝ դարիէ, ջութակ- «Քեմենչէ», կլարնետ եւ կոնտրբաս կամ «բոռբոռ»։
       Ժարում են սովորաբար եւ տեղական եւ եւրոպական պարերը։ Քաղաքներում տեղական պարերն արդէն վերջանալու վերայ են, նոյն իսկ գիւղերում հետզհետէ մտնում են եւ եւրոպական պարերը։ Տեղական պարերը պարում են միջին արագութեամբ, հայկական եւ առհասարակ արեւելեան պարերի սովորական «պայերն» անելով։ Պարում են կամ առանձին-առանձին, կամ տղամարդ տղամարդու հետ, կամ տղամարդ տղամարդու հետ, կամ տղամարդ կին-մարդու հետ եւ կամ կինմարդ կինմարդու հետ, դիմաց-դէմ կանգնած, միմեանց հետեւելով, միմեանց յարմարեցնելով իւրեանց շարժմունքը եւ միմեանց հետ իւրեանց կանգնած տեղերը փոփոխելով։ Պարերի սովորական տեսակներն են զանազան «Օյին-հաւաները»։ Երաժշտական եղանակների մէջ կան, բացի «օյին-հաւաների» եղանականերից, եւ «Ղզլար-հաւա», «Բոհդան-հաւա», «Պատին-տակը», «Ալկէլինը», մինչեւ իսկ «Չալ ձիի հաւան» եւ այլն եւ այլն։