Առաքել Դաւրիժեցու Պատմութիւնն

Հեղինակ

Բաժին

Թեմա

գ) Վկայաբանությունն ու վարքը

1.

Հայ պատմիչների` գրեթե համատարած հոգեւորական լինելու հանգամանքը վճռական դերակատարություն է ունեցել նաեւ պատմագրության ժանրային օրինաչափությունների ձեւավորման վրա: Բացի այն, որ ինտերտեքստուալ հարաբերությունների առումով ամենասերտ առնչակցությունները երեւանվում են Աստվածաշնչի հետ, հայ պատմագրության ժանրային նկարագրի վրա եւս մեծապես ազդել է պատմիչի` քրիստոնյա լինելու եւ աստվածաբանական հարուստ գիտելիքներով օժտված լինելու պարագան: Այդ իմաստով` բնավ պատահական չէ, որ թեպետ «XVI–XVIII դարերը կարելի է համարել վարքագրության անկման շրջան» [1], այնուամենայնիվ, վարքաբանական, ինչպես նաեւ վկայաբանական հատվածները եւս Դավրիժեցու պատմագրքում մեծ տեղ են գրավում, այնքան, որ առթել են նույնիսկ այսպիսի տեսակետ. «Դավրիժեցու Պատմությունը, ինչպես Եղիշեի երկը, ընդհանուր առմամբ ունի վկայաբանական հյուսվածք» [2]:

Ընդգծենք սակայն, որ վարքերն ու հատկապես վկայաբանությունները «Գիրք պատմութեանց»-ի ընդհանուր համակարգում չունեն հատուկ կառուցվածքային դերակատարություն եւ բովանդակային կարեւոր արժեք: Այդուհանդերձ, զգացվում է, որ Դավրիժեցին դրանց տվել է նաեւ հավաստի պատմափաստի նշանակություն, թեպետ երբեմն էլ նկատելի է այն միտումը, որ վկայաբանական գրականությունը նա պարզապես ներբերել է իբրեւ լրացուցիչ, տպավորություն ստեղծող մաս` վկայագրված իրադարձություններին: Ընդ որում` ներբերումներն արված են ժանրային ավարտուն ու ամբողջական նկարագրով: Բացի այդ` ««Վկայությունների» եւ «հրաշքների» հետաքրքրաշարժ պատմությունները XVII դարի ընթերցողի համար կարող էին առավել հետաքրքրություն ներկայացնել եւ բացառված չէ, որ հենց այդ գլուխները մեծ ժողովրդականություն բերեցին «Գիրք պատմութեանցի» առաջին հրատարակությանը: Գիրքը դարձավ հայ ընթերցողի ամենասիրած գրքերից մեկը», գրում է Լենա Խանլարյանը [3]:

Ի տարբերություն զրույցների, վկայաբանությունները «Գիրք պատմութեանց»-ում դրսեւորվել են հիմնականում իբրեւ առանձին գլուխներ: Միայն որոշ վկայաբանական հատվածներ են պահպանվել այլ իրադարձությունների ներկայացման համատեքստում, ուրիշ վերնագրերի տակ, իբրեւ լրացուցիչ տեղեկություններ:

«Գիրք պատմութեանց»-ի հյուսվածքում վկայաբանությունները տարբեր տեղադրություն ունեն, թեպետ որոշակի փուլում դրանք նաեւ կազմում են հաջորդական շարադրանք` «Պատմութիւն նահատակութեան անմեղ մանկանն Նիկօղայոսի», «Պատմութիւն նահատակութեան խոստովանող վկային Քրիստոսի սրբոյն Խաչատրոյ», «Պատմութիւն նահատակութեան Սիրուն անուամբ քրիստոնէին», «Պատմութիւն նահատակութեան Մխիթար անուամբ քրիստոնէին», «Պատմութիւն վասն նահատակութեան Աւետիս անուամբ քրիստոնէին» (գլուխ ԽԴ–ԽԸ): Հարկ է նշել, որ սա սոսկական հաջորդականություն է, եւ այդ գլուխները ոչնչով կապակցված չեն: Ավելին` բովանդակային առումով դրանք շատ հազվադեպ են ներդաշնակվում նաեւ պատմության ընդհանուր շարադրանքին: Հավելենք նաեւ, որ այդ գլուխները վերաբերում են «Գիրք պատմութեանց»-ի այն մասերին, որոնք, ըստ ամենայնի, չեն մշակվել ու դասակարգվել համապատասխան կերպով:

Հենրիկ Բախչինյանի կարծիքով` «Գիրք պատմութեանց»-ում առկա վկայաբանությունները Դավրիժեցին ինքն է «հեղինակել... ընդգրկելով իր Պատմության մեջ» [4]: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ «վարքը կամ վկայաբանությունը չեն կարող հորինվել դարեր հետո. դրանք դեպքի անմիջական արձագանքներն են, որ պատմվում են ականատեսների կողմից կամ անմիջականորեն, կամ հուշագրական կարգով», եւ որ «հետագայում որեւէ հեղինակ դրանց կարող է գրական երկի կերպարանք տալ» [5], ապա դա միանգամայն հնարավոր է: Սակայն Լեոյի կարծիքով էլ` «ուրիշների գրվածքներ են եւ այն վկայաբանությունները, որոնք նկարագրում են մասնավոր անձանց նահատակությունները եւ գրավում են հինգ գլուխ» [6]: Այս դեպքում հստակ եզրահանգման գալ հնարավոր չէ, քանզի Դավրիժեցու պատմագրքում առկա վկայաբանություններն ու ժանրի` նույն ժամանակաշրջանին վերաբերող մյուս երեւումները ոճական ու պատկերավորման առումով շատ միակերպ են եւ զգալի չէ անհատական ոճի ներգործություն:

Լեւոն Բաբայանի այն նկատումը «Գիրք պատմութեանց»-ում տեղ գտած վկայաբանությունների առիթով, թե «Քրիստոնյաների նահատակությունների նկարագրությունները... գրեթե նույնն են, միայն անուններն են փոխված» [7], վերաբերում է ոչ այնքան Դավրիժեցու դիտավորությանն ու գրական-ստեղծագործական անկարողությանը, որքան հենց այն կարծրակաղապարներին, որոնք տվյալ ժամանակաշրջանում արդեն նկատելի էին վկայաբանական ժանրերի համակարգում եւ դրսեւորվում էին ոչ միայն կառուցվածքային, այլեւ բովանդակային հարթություններում:

Կաղապարային է ամենից առաջ վկայաբանությունների վերնագրային պոետիկան` վասն այսինչ անվամբ քրիստոնյայի նահատակության: Այսպիսի դեպքերում պատմագրության գլուխների վերնագրերը նաեւ ժանրային բնորոշումներ են կամ ժանրային պատկանելության ցուցիչներ:

Կաղապարային են նաեւ ներտեքստային մի շարք միավորներ: Այդ առումով ամենաակնառուն հակիրճ վարքի ու դիմանկարի պարտադիր առկայությունն է վկայաբանության սկսվածքում: Ճիշտ է, դիմանկարն այս պարագային դրսեւորվում է իր մասնավոր, այսպես ասած` հոգեւոր նկարագրի կերտմամբ, բուն դիմանկարային մանրամասնությունները սակավադեպ են, իսկ եղած դեպքերում էլ` պարզապես լրացնում են հոգեւոր նկարագիրը: Սկսվածքի այդ կաղապարային նրբագծերը հստակ պատկերացնելու համար բերենք երկու տարբեր վկայաբանությունների` հերոսներին ներկայացնող մասը.

ա) «Այս երանելի նահատակս Նիկօղայոս էր ի քաղաքէն Տիգրանակերտու, որ այժմ ասի Ամիթ, ծնեալ եւ սնեալ ի նոյն քաղաքին, եւ էր մանուկ տիօք իբրեւ տասն եւ հնգից ամաց, տեսլեամբն գեղեցիկ` եւ հասակաւն վայելուչ, զաւակ քրիստոնէից, եւ ազգաւ ի Հայոց» (էջ 400–401).

բ) «Այս երանելի նահատակս Խաչատուր էր ի քաղաքէն Տիգրանակերտու` որ այժմ ասի Ամիթ, ծնեալ եւ սնեալ ի նմին քաղաքի, եւ էր ինքն յազգէն Հայոց, եւ կային սմա ծնողք եւ եղբարք եւ այլ ընտանիք բազումք. եւ էր ինքն իբրեւ ամաց քսանից` աւելի կամ պակաս, գեղեցկատես եւ վայելչահասակ. այլ եւ էր յոյժ աղօթասէր եւ ունկնդիր գրոց ընթերցման, զոր ինչ եւ կարդան քահանայք յեկեղեցիս... » (էջ 404):

Ծննդավայրերի զուգադիպությունը, ըստ ամենայնի, այս պարագային պատահականություն է, բայց մյուս տեղեկությունները կաղապարային են: Ավելին` որոշ բառային-բնորոշումային համընկնումները վկայում են այն մասին, որ կաղապարայնությունը վերաբերում է նաեւ վկայաբանությունների տեքստերին, ինչպես` «ծնեալ եւ սնեալ ի նոյն քաղաքին» « «ծնեալ եւ սնեալ ի նմին քաղաքի», «եւ ազգաւ ի Հայոց» « «եւ էր ինքն յազգէն Հայոց», «տեսլեամբն գեղեցիկ` եւ հասակաւն վայելուչ» « «գեղեցկատես եւ վայելչահասակ»:

Այս կարգի տեղեկություններն ու տվյալները մեկ-երկու բառի փոփոխությամբ առկա են նաեւ մյուս վկայաբանությունների սկսվածքում: Բերված օրինակներից վերջինը ցուցանում է, թե ինչ բնույթ կարող են ունենալ այդ փոփոխությունները: Նուրբ հնարքով փորձ է արվում քողարկել կաղապարը, այնինչ` պարզապես բառակապակցությունները վեր են ածվել բարդ բառերի. տես լեամբն գեղ եցիկ գեղեցկատես, հասակ աւն վայելուչ վայելչահասակ: Այդպիսի քողարկումները դրսեւորվում են այլ կառուցվածքներում եւս:

Դմիտրի Լիխաչյովի կարծիքով` սկսվածքային միավորների նույնական կրկնությունը հեղինակը հատուկ է անում, որպեսզի ընթերցողների եւ ունկնդիրների վրա տպավորություն գործելով` ամրագրի դրանք: Եվ, ընդհանրապես, մեծ գիտնականը այդ տրամաբանությամբ է վերլուծում հին գրականության բոլոր կրկնվող–կաղապարային միավորները` լինեն դրանք բառային, հոմանիշային, թե տեքստային, պատումային [8]:

Ուշագրավ է, որ Յոհան Հայզինգան նմանատիպ կաղապարները մեկնաբանում է մշակույթի մեջ խաղային տարրի գերակայության գործոնով. «Կարիք չկա հեռուն գնալ սրբերի լեգենդների մեջ` տեսնելու համար, որ հրաշքների պատմությունը կրկին ու կրկին ի հայտ է բերում իր անհերքելի խաղային տարրը» [9], - գրում է նա:

Կանոնիկ, կաղապարային են նաեւ վկայաբանությունների սյուժեներն ու սյուժետային զարգացումների մանրամասնությունները: Սա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ վկայաբանությունների կառուցվածքի համար, ինչպես գրում է Քնարիկ Տեր-Դավթյանը` «հիմք հանդիսացան «իրական ակտերը», որոնք կրում էին զուտ դատական հետաքննության բնույթ` կազմված նահատակությանը նախորդող դեպքերի նկարագրությունից եւ մահապատժից» [10]: Ըստ ամենայնի` սյուժեի կաղապարային բնույթն է հետագայում թելադրել-պայմանավորել նաեւ մյուս կաղապարները: Ուշարժանն այն է, որ Դավրիժեցու պատմագրքում միմյանց հաջորդող վկայաբանություններից տեքստային ու բովանդակային առումով սերտ համընկնություններ են արձանագրում «Պատմութիւն նահատակութեան անմեղ մանկանն Նիկօղայոսի» եւ «Պատմութիւն նահատակութեան խոստովանող վկային Քրիստոսի սրբոյն Խաչատրոյ» վկայաբանությունները միմյանց հետ, իսկ «Պատմութիւն նահատակութեան Սիրուն անուամբ քրիստոնէին» եւ «Պատմութիւն նահատակութեան Մխիթար անուամբ քրիստոնէին» վկայաբանությունները` միմյանց հետ:

Հակիրճ վարքից ու դիմանկարից անմիջապես հետո սկզբնավորվում է բուն սյուժեն, եւ մի քանի նախադասություն անց կոնֆլիկտ է ստեղծվում քրիստոնյայի ու մահմեդականի միջեւ: Ընդ որում` դա կարող է առաջանալ ամենաչնչին առիթի դեպքում իսկ, եւ կոնֆլիկտի առիթ միշտ որոնում են մահմեդականները: Այնուհետեւ հավաքվում է մահմեդականների ամբոխը, եւ քրիստոնյային տանում են դատարան:

Եթե մինչ այս պահը վկայաբանություններում մանրամասնությունները, ինչպես, օրինակ, կոնֆլիկտի առաջացման պատճառները կարող են լինել տարբեր, ապա սյուժեի զարգացման այսպես կոչված` «դատարանային» հատվածը կանոնիկ-կաղապարային է` ընդհուպ դատավորի ու դատապարտյալի երկխոսությունը: Քրիստոնյային առաջարկվում է փոխել կրոնը, հակառակ դեպքում` մահապատիժն անխուսափելի է: Ընդ որում` այդ առաջարկից բացի, տրվում են գայթակղիչ խոստումներ, որոնք միշտ նույն բովանդակությունն ունեն: Բերենք օրինակներ տարբեր վկայաբանություններից. «Ասաց դատաւորն Նիկօղայոսին` «... Տամ քեզ բազում գանձս եւ ստացոածս պատոականս, եւ կին գեղեցիկ » (էջ 402), «եւ դատաւորն բազում բանս խոսեցաւ ընդ նմա, եւ բազում բարութիւնս խոստացաւ տալ նմա` գանձս եւ ստացոածս, եւ կին, եւ պետական իշխանութիւնս... » (էջ 405), եւ այլն: Տարբերությունն այստեղ թերեւս այն է, որ դատավորի խոսքը մի դեպքում ներկայացվում է երկխոսության ուղղակի, մյուս դեպքում` անուղղակի կերպով:

Քրիստոնյայի` դատավորին պատասխանի օրինակներ տարբեր վկայաբանություններից, որոնցում նույնպես առկա են տեքստային համընկնումներ. «Ես զլոյս հաւատս իմ ոչ թողում, եւ զուղիղ օրէնս Քրիստոսի Աստուծոյ իմոյ ոչ փոխանակեմ ընդ ձերդ օրինաց» (էջ 402), «... ես զՔրիստոս Աստուածն իմ ոչ ուրանամ, եւ զլոյս հաւատս իմ ոչ թողում, եւ սուտ օրինաց ձերոց ոչ հաւանիմ » (էջ 405), « Զլոյս հաւատս իմ ոչ թողում, եւ խաւար օրինաց ձերոց ոչ հաւանիմ » (էջ 413), եւ այլն:

Քրիստոնյայի անդրդվելիությանը հաջորդում են անմարդկային տանջանքները, որոնք տարբեր վկայաբանություններում տարբեր բնույթ են կրում:

Սյուժետային այս մասնավորությանը հաջորդում է եւս մեկ կայուն միավոր, որը թերեւս վկայաբանության ժանրաստեղծ կաղապարներից է, քանզի դրանով է հիմնավորվում տվյալ քրիստոնյայի սպանության վկայագրության անհրաժեշտությունը, հետեւաբար` նաեւ տվյալ վկայաբանության գոյավորումն իբրեւ տեքստ: Խոսքը վերաբերում է նահատակի վրա երկնային լույս իջնելու տեսիլներին: Ընդ որում` ամեն անգամ նշվում է, որ այդ իրադարձությանը ականատեսներ են եղել: Բերենք օրինակներ տարբեր վկայաբանություններից. այստեղ եւս տեքստային համընկնումներն ակնառու են. « Եւ ի գիշերին այնմիկ Տէրն Քրիստոս փառաւորեաց զնա երկնային լուսովն, որ էջ ի վերայ նորա, զոր քրիստոնեայքն ամենեքեան, որք անդր էին ժողովեալք, ակներեւ տեսին ամենեքեան... » (էջ 403), «Եւ յետ աւանդելոյ հոգւոյն սրբոյ, փառաւորեաց զնա Տէրն Քրիստոս, զի լոյս պայծառ էր յերկնից ի վերայ նորա, եւ յեկաց յօգուտ ժամս. զոր եւ տեսին զօրականքն, որ մերձն կային եւ պահէին զնա, այլ եւ խանութպանք յոլովք, որք մերձ էին եւ արթունք... » (էջ 409), « Եւ ի նմին գիշերի Տէրն Քրիստոս փառաւորեաց զնա լուսովն երկնային, որ էջ ի վերայ նորա, զոր ոչ միայն քրիստոնեայք, այլ եւ յոլով մահմետականք տեսին» (էջ 414), եւ այլն:

Տեսիլներին հաջորդում են հրաշքների վկայագրություններ այն մասին, թե ինչպես բազմաթիվ մարդիկ այցելելով նահատակների գերեզմաններին` բուժվել են տարաբնույթ հիվանդություններից ու ախտերից:

Պատմագրության ժանրային հյուսվածքում ներառվելով` վկայաբանությունը եւս ձեռք է բերում նոր համաբնագրին հարազատ նոր հատկականություններ: Այդ կերպ` Դավրիժեցու պատմագրքում ընդգրկված վկայաբանությունների ավարտաբանությունը թվագրում է, թե կոնկրետ որ թվականին եւ որ օրը տեղի ունեցավ տվյալ վկայի նահատակությունը: Ինչպես` «Եւ եղեւ կատարումն նահատակութեան երանելի առնս Աւետիս ի թուականութեանս մերում ՌՃԵ. յամսեանն մարտի Ի. » (էջ 420–421):

«Վասն նահատակութեան Տէր Անդրէաս քահանային» վկայաբանությունը, որ Դավրիժեցու պատմագրքի ԻԷ գլուխն է միեւնույն ժամանակ, տարբերվում է մյուս վկայաբանություններից, թեպետ սրան եւս բնորոշ են որոշ կաղապարային միավորներ: Մանուկ Աբեղյանն էլ առանձնահատուկ վերաբերմունք ունի այս վկայաբանության հանդեպ. «... ամենից գեղեցիկն է, եւ նախնի վկայաբանությունների հետ կարող է մրցել» [11]: Այն նախ առանձնանում է նրանով, որ իր բովանդակությամբ առնչվում է բուն պատմությանը, եւ այստեղ հատվում են պատմության մի քանի բովանդակային գծեր` կապված Շահ-Աբասի գործունեության, հայերի հանդեպ նրա վարած քաղաքականության, ինչպես նաեւ Մովսես եւ Պողոս վարդապետների հոգեւոր գործունեության հետ: Այդ պատճառով «Վասն նահատակութեան Տէր Անդրէաս քահանային» գլուխը ստացվել է ավելի շատ պատմական դեպքերի վկայագրություն, քան վկայաբանություն, բայց քանի որ նյութը հարազատ է եղել վկայաբանական գրականությանը, ապա անխուսափելիորեն տեքստ են ներբերվել համապատասխան տարրեր:

Բացակայում են հակիրճ վարքն ու դիմանկարը: Սյուժեն կենտրոնացված ու միատարր չէ, հընթացս ընդգրկում է տեղեկատվական բնույթի հավելումներ: Այստեղ ավելի շատ հերոսի ինքնազոհաբերում է հանուն հանուրի, քան կոնֆլիկտ քրիստոնյայի ու մահմեդականի միջեւ: Դատարանի տեսարանը բացակայում է, փոխարենը վկային հարցաքննում է անձամբ Շահ-Աբասը: Եվ միայն Շահ-Աբասի ու տեր Անդրեասի հարցուպատասխանն է, որ ինչ-որ առումով կաղապարային է: Հետաքրքիր է, որ բացակայում են նաեւ տեսիլներն ու հրաշքները:

Ավելորդ չէ նշել, որ տեր Անդրեաս քահանայի նահատակությանը անդրադարձել են նաեւ Դավրիժեցուց առաջ եւ մեկ այլ ժանրում: Խոսքը վերաբերում է Ներսես Մոկացու գանձին [12]:

Դավրիժեցու պատմագրքում առկա վկայաբանություններին հատուկ ընդհանուր օրինաչափություններից տարբեր նկարագրով է ներկայանում նաեւ «Պատմութիւն նահատակութեան մօր Թամրազի, թագաւորին Կախեթու, ի նոյն Շահաբասէ» վերնագրով ԺԲ վկայաբանություն-գլուխը: Նախ` սա միակ վկայաբանությունն է Դավրիժեցու պատմագրքում, որտեղ ներկայացվում է քրիստոնյա կնոջ նահատակություն: Բացի այդ` այս գլուխը եւս բովանդակային առումով կապվում է պատմության ընդհանուր շարադրանքին, ավելին` սյուժետային զարգացման առումով օրգանական շարունակությունն է «Պատմութիւն եւ պատճառ աւերման աշխարհին վրաց եւ մահուան Լաւասափ թագաւորին նոցա, որ եղեւ ձեռամբ առաջին Շահաբասին» վերնագրով ԺԱ գլխի: Բացի այդ` այս վկայաբանությունը վերաձեւվել է զրույցի ժանրային հատկականություններով: Բացակայում են բազմաթիվ էութային կաղապարներ, ամենից առաջ` հակիրճ վարքն ու դիմանկարը, ինչպես նաեւ սյուժեի, այսպես ասած` դատավարական ընթացքը: Քանի որ սյուժեի ընթացքն ավարտվում է քրիստոնյայի նահատակությամբ, ինչը վկայաբանության պարագային բնագրաստեղծ, ժանրակազմիչ «արարողություն» է, ապա առկա են վկայաբանական այլ ժանրային տարրեր եւս: Թեպետ Դավրիժեցին վկայագրում է հավաստի իրադարձություններ [13], սակայն դրանք, մինչեւ «Գիրք պատմութեանց»-ում ներառվելը, հասցրել են բանավոր պատմվել եւ ձեռք են բերել գրական, այս պարագային` վկայաբանական հատկականություններ: Ինչպես թելադրում է վկայաբանության կաղապարը` հերոսուհուց պահանջում են ուրանալ քրիստոնեությունն ու մահմեդական հավատին դառնալ, ինչը, բնականաբար, մերժվում է: Հերոսուհու մերժողական պատասխանը եւս տեքստային առումով կանոնիկ-վկայաբանական է. «Եթէ զիս անգամ յօշեն, ես ոչ թուլանամ ի սիրոյն Քրիստոսի եւ ոչ դառնամ ի նորին հաւատոցն» (էջ 145): Սրան, կրկին նույն կաղապարային թելադրանքով, հաջորդում են անմարդկային տանջանքները, բայց հերոսուհին մնում է անդրդվելի ու նահատակվում է:

Ինչպես արդեն նշվել է, «Գիրք պատմութեանցի» հյուսվածքում իբրեւ գլուխ տեղադրությունից բացի, որոշ վկայաբանություններ դրսեւորվում են նաեւ այլ բովանդակությամբ ու ժանրային նկարագրով գլուխների համատեքստում: Այդպիսի դեպքերում վկայաբանությունն իբրեւ ժանր որոշակի տարտղնումներ ու վերաձեւություններ է արձանագրում: Նույնիսկ կարելի է ասել, որ այդ դրսեւորումներում պարզապես պահպանվում է տվյալ ժանրի մասին հիշողությունը: Գրիգոր անունով քրիստոնյայի մասին պատմությունն, օրինակ, որն ընդգրկված է «Միւս պատմութիւն նեղութեանց, զոր կրեցին ազգն Հայոց յառաջնոյ Շահաբաս թագաւորէն» վերնագրով ԺԴ գլխում, զրուցատիպ է, բայց նրանում գերակշիռ տեղ են զբաղեցնում նաեւ վկայաբանական տարրերը: Սա հետաքրքիր նմուշ է այն առումով, որ ցուցանում է ժանրի անհետացման կամ վերաձեւման ընթացքի նրբությունները: «Այր ոմն քրիստոնեայ` անունն Գրիգոր» սկսվածքն արդեն վկայաբանական է, եւ վերեւում տեսանք, որ այդ կարգի բնութագրումները ծառայում են իբրեւ վկայաբանությունների վերնագրերի կաղապարային տարրեր: Այսինքն` վերնագիրը վերածվում է սկսվածքի: Այնուհետեւ հաջորդում են հակիրճ վարքն ու դիմանկարը, բայց էլ ավելի հակիրճ ու կարճառոտ: Բովանդակային կաղապարներն առանց բացառության առկա են. Գրիգորին մեղադրում են մահմեդականի սպանության մեջ, ապա տանում դատարան, որտեղ նրան մեղավոր ճանաչելով` դատապարտում են մահվան: Նախքան սպանությունը Գրիգորի առջեւ հավատուրացության խնդիր է դրվում, ինչը, բնականաբար, հերոսականորեն մերժվում է: Վկայի մարմնի վրա լույս է իջնում, որը տեսնում են շատ մարդիկ:

Տարբերությունն այս դեպքում այն է, որ սյուժեն ենթարկված է զրույցի ժանրին բնորոշ նպատակասլացության ու կարճառոտության թելադրանքին: Այնպիսի մանրամասնություններ, ինչպիսիք են, օրինակ, դատարանային մասի երկխոսությունները, հասցված են նվազագույնի:

Վկայաբանությունների ավարտուն եւ ամբողջական դրսեւորումների հետ մեկտեղ Դավրիժեցու պատմագրքում հաճախ են հանդիպում բարոյաբանական բնույթի հատվածներ, դատողություններ, գնահատականներ, որոնք, անշուշտ, թելադրված են վկայաբանական գրականության ոգուց ու ոճից: Այդպես` պատմելով այն մասին, թե ինչպես էին պարսիկները անխնա կոտորում հայ բնակիչներին, Դավրիժեցին իրենց կամավոր կերպով անսահման բարձրությունից վայր նետող աղջիկների արարքը բացատրում-պատճառաբանում է հետեւյալ կերպ` «... վասն որոյ լաւ համարեալ զսրբութեամբ մահն իւրեանց քան զապրուստ սուղ ինչ ժամանակեայ կենաց, որ այն եւս մեղօք եւ չարակրութեամբ... » (էջ 86):

2.

Այն հանգամանքը, որ բուն առումով վարքերը բացակայում են Առաքել Դավրիժեցու պատմագրքում եւ, ընդհանրապես, ուշ միջնադարում, Քնարիկ Տեր-Դավթյանը բացատրում է նրանով, որ «XVI–XVII դդ. վարքագրության մեջ... փոխվում է նաեւ վարք բառի, որպես սրբի ամբողջական կենսագրության իմաստը: Այն ստանում է ավելի նեղ նշանակություն եւ սկսում է վերաբերել միայն կենցաղավարությանը» (ընդգծումը բնագրում–Ա. Ն. ) [14] :

Դավրիժեցու պատմագրքում վարքերը եւս հիմնականում դրսեւորվել են առանձին գլուխների տեսքով, թեպետ կարճառոտ կամ հակիրճ վարքեր նույնպես հանդիպում են` հատկապես զրույցներում ու վկայաբանություններում: Դրանք ընդգրկում են մասնավոր ու ընդհանրական բնույթի կենսագրական տվյալներ:

«Գիրք պատմութեանց»-ում վարքեր են «Պատմութիւն առաքինագործ արանց Սարգիս եպիսկոպոսին եւ տէր Կիրակոսին, որք եղեն սկիզբն շինելոյ եւ հաստատելոյ անապատաց: Որովք եւ պատճառք ամենայն բարեկարգութեան վանօրէից եւ եկեղեցեաց եւ նոցին բնակողաց» վերնագրով ԻԱ, «Պատմութիւն վարդապետութեան եւ վարուց սրբոյ վարդապետին Պօղոսի» վերնագրով ԻԳ, «Վասն վարդապետութեան եւ կաթուղիկոսութեան տեառն Մովսիսի: Ընդ որում եւ յաղագս նորոգութեան լուսակառոյց սրբոյ Աթոռոյն Էջմիածնի» վերնագրով ԻԴ, «Վասն վարդապետութեան եւ կաթուղիկոսութեան տեառն Փիլիպպոսի: Յորում եւ վասն նորոգութեան եկեղեցեաց սրբուհի կուսանացն Գայիանեայ եւ Հռիփսիմեայ եւ յայտնելոյ նշխարաց նոցին» վերնագրով ԻԵ գլուխները: Այս գլուխ-վարքերի ներսում սյուժետիկ ընթացքով զրուցանման պատմություններ էլ կան, բայց դրանք վարքագրվող հերոսի սրբությունը վկայող-հաստատող հնարքներ են:

Գլուխ-վարքերն իրենց բովանդակությամբ հիմնականում կապվում են պատմության բուն շարադրանքին, քանզի Դավրիժեցին առավելապես ներկայացնում է հայոց կաթողիկոսների կենսագրությունն ու գործունեությունը, իսկ պետականությունը կորցրած հայ ժողովրդի ղեկավարները բոլոր առումներով, փաստորեն, նրանք էին, եւ նրանք էին այս կամ այն հարցով հարաբերվում Շահ-Աբասի ու նրա պաշտոնյաների հետ:

Ներհյուսվելով բուն պատմությանը` վարքերի` հիմնականում անսյուժե պատումը ձեռք է բերում նաեւ այդպիսի հատկանիշներ: Վարքերում էլ կան կաղապարային միավորներ, բայց դրանք որակ չեն կազմում եւ հիմնականում վերաբերում են վարքագրության հերոսի կատարած հրաշագործություններին: Ինչպես կարելի է անմիջապես նկատել, գլուխ-վարքերի վերնագրերում տվյալ անձնավորության գործունեության մասնավոր մի դրվագն առանձնահատուկ շեշտված է: Դա կազմում է վարքագրության հերոսի գործունեության այսպես կոչված` պսակը:

Եթե 5-րդ դարում Մաշտոցի վարքը հեղինակելիս Կորյունի իրավասությունները տատանվում էին «վավերական սուրբ ոչ վավերական սուրբ»-ի սահմանագծում, ապա վարքագրության զարգացման հետագա շրջաններում խոսքն արդեն վերաբերում էր հիմնականում հոգեւորական-աշխարհիկ հարաբերություններին: Սա ընդունված կարգ էր: Եվ ահա «... Դավրիժեցին շեղվելով ընդունված կարգից, պարտ է համարել նաեւ գրելու իր ժամանակի որոշ աշխարհականների կենսագրությունը... » [15]: Ճիշտ է, նրանց կենսագրության վկայագրմանը Դավրիժեցին իր պատմագրքում առանձին գլուխներ չի նվիրել, բայց փաստն ինքնին արժանի է ուշադրության: Խոսքը վերաբերում է վարպետ Մինասի եւ վարպետ Հակոբջանի վարքերին, որոնք ընդգրկված են «Թէ ո՞րք եւ որպէ՞ս եղեն պատճառք գտանելոյ զոճս եւ զգիտութիւնս արտաքին գրոց եւ զարուեստս քերականութեան եւ նորոգեալ սփռեցին ի վարդապետս Հայոց, որ բնաւին բարձեալ եւ անհետ էր լեալ» վերնագրով ԻԹ գլխում: Ընդունված կարգից այդ «շեղումը» Դավրիժեցին պատճառաբանում է հետեւյալ կերպ. «Այլ եւ պարտ վարկանիմ մեզ ականատես եղելոցս ոչ զանց առնել եւ այլովք եւս շնորհալից արամբք. թէպէտ եւ են աշխարհականք, այլ զի են հաւատով քրիստոնեայք եւ յազգէս Հայոց, որք են պարծանք եւ օգուտ մերում ազգի »   (էջ 321):

Դավրիժեցու աշխարհայացքի կարեւորագույն կողմերը` կրոնասիրությունն ու հայրենասիրությունը, այս դրվագում երեւում են առավել ընդգծված:



[1]       Քնարիկ Տեր-Դավթյան, Վկայաբանություն եւ վարք, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, Երեւան, 1984, էջ 89:

[2]       Հենրիկ Բախչինյան, XVII-XVIII դարերի հայ գրականությունը, էջ 172:

[3]       Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, տե՛ս «Առաջաբանը», էջ 27:

[4]       Հենրիկ Բախչինյան, XVII–XVIII դարերի հայ գրականությունը, էջ 169:

[5]       Մայիս Ավդալբեգյան, Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը
(V դար), էջ 123–124:

[6]       Լեո, Հայոց պատմություն, հատոր 3, Երեւան, 1946, էջ 364:

[7]       Լեւոն Բաբայան, Դրվագներ Հայաստանի XIV–XVIII դարերի պատմագրության, Երեւան, 1984, էջ 126:

[8]       Առավել մանրամասն տե՛ս Д. С. Лихачев, Поэтика древнерусской литературы, Москва, “Наука” 1979. стр 125–128:

[9]       Յոհան Հայզինգա, Homo Ludens. Մշակութային խաղային տարրի սահմանման փորձ, Երեւան, 2007, էջ 244:

[10]      Քնարիկ Տեր-Դավթյան, Վկայաբանություն եւ վարք, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, էջ 44:

[11]      Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք երկրորդ,
էջ 449:

[12]      «Գանձ նոր նահատակին եւ սուրբ քահանային Անդրէասի Նախճաւանցւոյ, որ կատարեցաւ ի Շահ-Աբասէն. ասացեալ շնորհալի վարդապետին Բեղլու Ներսէս կոչեցեալ Մոկացի», տե՛ս Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ, Երեւան, 1985, էջ 36–48:

[13]      Դրանք հաստատվում են նաեւ վրացական տարբեր աղբյուրներով, թեպետ տարբերություններ, շեղումներ, տարընկալումներ, անշուշտ, առկա են: Այդ մասին մանրամասն տե՛ս Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, էջ 510–511, համար 57–62 ծանոթագրությունները:

[14]      Քնարիկ Տեր-Դավթյան, Վկայաբանություն եւ վարք, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, էջ 86:

[15]      Հենրիկ Բախչինյան, XVII–XVIII դարերի հայ գրականությունը, էջ 172: