Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

բ) Ներտեքստային կառուցվածքային միավորների բնույթը


Դավրիժեցու պատմագրքի «Նախադրութիւն... »-ում ներկայացված կառուցվածքային շեշտադրումները վերաբերում են ընդհանուր հյուսվածքին: Հետագա շարադրանքում, «Գիրք պատմութեանց»-ի տարբեր հատվածներում Դավրիժեցին հընթացս այլ տեքստային-ծրագրային նշումներ էլ է անում, որոնք, սակայն, ցուցանում են բովանդակության մասնավոր կողմեր: Կայունորեն դրսեւորվելով ու որոշ օրինաչափություններ արձանագրելով` այդ նշումները վերածվում են ներտեքստային կառուցվածքային միավորների: Այս երեւույթը նույնպես բնորոշ է հայ պատմագրությանն ընդհանրապես:

Այդ կերպ` կայունորեն դրսեւորվում են պատմության բովանդակությունը հընթացս ցուցանող ծրագրային նշումները, որոնք տեւում են այնքան, քանի դեռ պատմիչը հնարավորություն ունի խոստում տալու: Այսինքն` դրանք կախված են տեքստային տարածությունից: Այդ կարգի նշումները խմբավորվել են իբրեւ ծրագիր-խոստում միավոր: Դրանց հաճախադեպությունը պատմության շարադրանքը նաեւ յուրատեսակ զրույցի է վերածում ընթերցողի հետ (դա առանձին քննության խնդիր է, որին դեռ կանդրադառնանք փոքր-ինչ մանրամասն):

Ծրագիր-խոստումի կառուցվածքային նպատակը կենտրոնացված պատում ստեղծելն է, երբ տարաբնույթ շեղումները հնարավորինս բացառվում են: Որպեսզի չշեղվի բուն նյութից, պատմիչը ներկայացվող իրադարձություններին առնչվող, բայց տվյալ համաբնագրում ոչ այնքան կարեւոր որոշ դեպքեր ու իրադարձություններ հիշատակում է համառոտ` հարկավոր տեղում դրանց մասին եւս պատմելու խոստումով: Նշենք, որ դա բացի ընթերցողին խոստում լինելուց, նաեւ հենց իր` պատմագրի համար զուտ ծրագրային նշում է, որպեսզի այդ դեպքը հետագայում չմոռանա վկայագրել: Ծրագիր-խոստումը հայ պատմագրության մեջ գերիշխում է հատկապես Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունում եւ բխում է նրա երկի չընդհատվող երկխոսական բնույթից: Նրա մեկենասը` Սահակ Բագրատունին, իր ցանկություններում երբեմն առաջ էր ընկնում, եւ Պատմահայրը, չխախտելու համար իր աշխատության հյուսվածքը, նրան խոստանում էր իր ուզածը ներկայացնել համապատասխան տեղում: «Յիւրում տեղւոջ պատմեսցուք», «ասել կայ մեզ առաջի». այս կարգի ընդմիջարկումները Խորենացու պատմագրքում ամենահաճախ հանդիպող ներտեքստային կառուցվածքային միավորներից են [1]:

Ծրագիր-խոստումի իրականացումը Դավրիժեցին կատարում է երկու ձեւով: Նախ` լինում են դեպքեր, որ խոստումն իրականացվում է գլուխներ անց: Այդ կերպ` «Յաղագս գալստեան Շահաբասայ թագաւորին Պարսից յաշխարհս Հայոց եւ ունելոյ զամենայն, եւ վարդապետին Սրապիոնի դառնալոյ անդրէն ի տեղի իւր» երկարաշունչ վերնագրով Գ գլխում տված խոստումը` «Զայս Ջալալոց անուանքն յիշեալ եմք յառաջիկայդ ի մէջ ճառին, որ վասն սովին գրեալ եմք. եւ զորպիսութիւն Ջալալոցս գիտասցես զայն ճառն ընթեռնելով» (էջ 75), Դավրիժեցին մանրամասն իրականացնում է «Յաղագս յայտնելոյ Ջալալոցն եւ սաստիկ սովուն եւ մարդակեր գայլոցն, եւ այլ եւս աւարառութեանցն` որք ժամանեցին ի վերայ աշխարհի» վերնագրված Է գլխում: ԺԸ գլխում մի առիթով հիշատակելով Նիկողայոս անունով վարդապետին, ով տվյալ գլխի վկայագրություններում կարեւոր դերակատարություն չունի, Դավրիժեցին նշագրում է` «... զորոյ զորպիսութիւն ծանիցես ի նոցին պատմութենէ, զոր զկնի առնելոց եմք» (էջ 201), եւ այդ ծրագիր-խոստումն իրականացնելով` կենդանագրում է լվովցիների հոգեւոր առաջնորդ Նիկոլի չարահնար ու վտանգավոր վարքը` «Պատմութիւն նեղութեանց եւ վշտոց զոր կրեցին Հայ ազգաւ քրիստոնեայք, որք բնակեալք են ի քաղաքն Իլով» վերնագրով ԻԸ գլխում:

Մեկ այլ տեղ` «Պատմութիւն վարդապետութեան եւ վարուց սրբոյ վարդապետին Պօղօսի» վերնագրով ԻԳ գլխում, Դավրիժեցին միաժամանակ ե՛ւ ամրագրում է ծրագիր-խոստումը, ե՛ւ երկու-երեք նախադասությամբ պարագրկված ներկայացնում խոստումի ընդհանուր բովանդակությունը. «Այլ եւ գոյ միւս այլ պատմութիւն որպէս եւ գրելոց եմք յառաջիկայդ` ի ճառս պատմութեան նահատակութեան տէր Անդրէաս քահանային, թէ մատնեցին զՊօղօս վարդապետն եւ զՄովսէս վարդապետն Շահաբաս թագաւորին. զորս կալեալ էառ երեք հարիւր թուման տուգանք եւ ապա եթող» (էջ 236–237): Ընդ որում` խոստումն իրականացվում է հենց այն վերնագրով գլխում, որը կանխավ նշագրել էր պատմիչը: Հասնելով ծրագիր-խոստումի իրականացմանը, Դավրիժեցին հաճախ հարկ է համարում հիշեցնել, որ այդ մասին կանխավ էր խոստացել գրել: Ինչպես` «Այժմ ասասցուք զպատճառ հակառակութեան կաթուղիկոսացն» (էջ 183), «Այլ արդ` օժանդակութեամբ Հոգւոյն սրբոյ ըստ խոստման մերում, արդեն այժմիկ սկսցուք զկարգ կաթուղիկոսացն ի սրբոյ Ներսիսէ Կլայեցւոյ կարգաւ, եւ հասուսցուք մինչեւ ի ժամանակս մեր» (էջ 341) եւ այլն: Հաճախ էլ` փաստում է ծրագիր-խոստումի իրականացումը: Ինչպես` «Արդ` զրաւ Գօրգի թագաւորին այսպէս եղեւ ներգործութեամբ շահին» (էջ 117) եւ այլն:

Կան խոստումներ, որոնք պատմիչն իրականացնում է անմիջապես կամ գրեթե անմիջապես: Այդպիսի դեպքերում կրկին առկա են տեքստային կրկնվող միավորներ: « Զկնիս, զոր արդ պատմեմք », «ժամ է այսուհետ պատմել », «այժմ ասասցուք » եւ այլ տեքստային կաղապարներ ցուցանում են, որ խոստումն անմիջապես է իրականացվելու. «Իսկ զկնիս, զոր արդ պատմեմք... » (էջ 179), «... ժամ է այսուհետեւ պատմել մեզ վասն մեծի եւ անուանւոյ գիւղաքաղաքին Ջուղայու» (էջ 89) եւ այլն:

Ծրագիր-խոստում միավորը շատ հաճախ դրսեւորվում է որպես համառոտ ներկայացվող, ապա բուն-հարկավոր մասում բացվող-տարածվող տեքստ միավոր: Սա տարբերվում է նրանով, որ այս դեպքում հստակությունն ու կոնկրետությունը բացակայում են, խոստումի գործոնը չի գործում պարտադիր: Ինչպես` «Զսա ձեռնադրեաց այնու յուսով, որպէս զի լիցի ինքեան օգնական, իսկ նա եղեւ խոչընդակն եւ հակառակ նմա, որպէս եւ զկնի պատմութիւնք ցուցանեն » (էջ 57), «... որոյ քաջութիւնն յառաջիկայդ ի բազում տեղիս լինի յիշեալ » (էջ 120), «... եւ տակաւին եւս պատմելոց եմք փոքր ի շատէ » (էջ 189) եւ այլն:

Դավրիժեցու պատմագրքում գրեթե համատարած է կառուցվածքային այն հնարքը, երբ պատմիչը պատկերվող իրադարձությունների հոսքը, պատճառահետեւանքային կապերն առավել հստակ ներկայացնելու մտահոգությամբ ու ցանկությամբ, ինչպես նաեւ շարադրանքը չծանրաբեռնելու նպատակով համառոտ ներկայացնում է արդեն վկայագրված որեւէ պատմություն կամ դրվագ, երբեմն էլ մեկ-երկու նախադասությամբ, համառոտելով հիշեցնում է նախընթաց շարադրանքում ներկայացվածը. «Վասն զի որպէս սակաւ ինչ նշանակեցաք զաւերակս տաճարացն երկոցունց կուսանացն` ի ճառին Հռիփսիմէի, յորում վայրի պատմեցաք, թէ Ֆռանկ պատրիք եկին եւ զնորին նշխարն գտին» (էջ 266), «Այս այն Թահմազղուլին է, որ Էջմիածնի քարինս հրամանաւ շահին հանեալ առաքեաց ի Սպահան... » (էջ 202) եւ այլն: Այդ կառուցվածքային միավորները խմբավորվել են իբրեւ նախընթաց տեքստի համառոտում կամ հիշեցում միավոր: Այս միավորն էլ ունի իր տեքստային որոշ կաղապարները: Ներտեքստային կառուցվածքային այս միավորի նպատակն է կապակցել պատմության տարբեր դրվագներն ու ստեղծել միասնականությամբ հատկանշվող պատում: Ինչպես հետեւյալ օրինակում է. « Արդ ` որպէս կանխաւ պատմեցաք վասն Դաւիթ կաթուղիկոսին, թէ գնաց ի դուռն շահին եւ արար ամբաստանութիւն վասն Մելքիսէթ կաթուղիկոսին, եւ շահն բարկացաւ ի վերայ Մելքիսէթի, ընկէց ի կաթուղիկոսութենէ եւ առաքեաց ի Սպահան: Իսկ Դաւիթ կաթուղիկոսն մնաց անդէն ի բանակին, ի դուռն շահին: Անդ էր եւ Ամիրգունայ խանն, որ էր տէր եւ իշխան ամենայն գաւառին Արարատու եւ սուրբ Էջմիածնի» (էջ 192): Հավելեմ միայն, որ ընդգծվածը նախընթաց տեքստի համառոտում կամ հիշեցում ներտեքստային միավորն է, իսկ շարունակությամբ ապահովվում է իրադարձությունների հաջորդական վկայագրումը:

Մյուս ներտեքստային միավորը, որ առանձնացվել է, կարելի է ձեւակերպել այսպես. սեփական տեքստի կրկնաբանություն-հիշեցում կամ նախընթաց շարադրանքի պարագրկում: Սա շատ առումներով նման է նախորդ միավորին, բայց հիմնական տարբերությունն այն է, որ Դավրիժեցին այս դեպքում շատ անգամ սահմանափակվում է նշելով, որ այդ մասին արդեն խոսել է եւ երկար ներբերումներ չի անում: Այս միավորները շատ ժամանակ որեւէ ընդարձակ հատվածի համառոտումն են լինում` որեւէ կաղապարային միավորով (հիմնականում՝ «որպէս որ ասացի», «որպէս պատմեցաք») պարագրկված, ինչպես՝ «Թէպէտ եղեն երկու կաթուղիկոսք, որպէս որ ասացի » (էջ 58), «առման բերդին Գանջայու որպէս յառաջագոյն նշանակեցաք » (էջ 119), «որպէս ի վեր անդր պատմեցաք» (էջ 120), «որով օրինակաւ պատմեցաք» (էջ 138), «... զոր ինչ յանցեալ ճառիդ պատմեցաք» (էջ 144), «... թէ կանխաւ պատմեալ մեծ սովին եւ Ջալալոց պատճառէն» (էջ 147), «ըստ օրինակին որպէս եւ նախ պատմեցաք» (էջ 164), «որպէս եւ յառաջագոյն զամենայն որպիսութիւն պատմեցաք» (էջ 183), «վասն որոյ եւ յիշեցաք ի ճառի Սրապիոնին» (էջ 210), «եւ վարդապետն Պօղոս` որ ի վերայ պատմեցաք » (էջ 287) եւ այլն:

Քանի որ Դավրիժեցու պատմագրքի աղբյուրները մեծ մասամբ բանավոր ծագում ունեն, եւ պատմիչը մեծ տեղ է տվել ականատեսների ու ականջալուր մարդկանց հաղորդած տեղեկություններին, ապա «Գիրք պատմութեանց»-ում իբրեւ կառուցվածքային կայուն միավորներ են դրսեւորվում նաեւ ներբերվող այլտեքստերը, երբ պատմիչն առանց պատմողի անունը տալու ներբերում է տվյալ իրադարձությանը առնչվող պատմություն: Այս միավորները ծառայում են նաեւ իբրեւ պատմության հավաստիությունը ցուցանելուն միտված ճարտասանական հնարանքներ` իրենց կաղապարային տարրերով: «Ասեն» եւ «պատմէն» բառային միավորները, որոնք նաեւ զրույցի ժանրային ցուցիչներից են, հայտնվում են տարբեր, այսպես ասած` միջավայրերում, եւ այդ կերպ պատմիչը ցուցանում է, որ պատմություն է ներբերում, թեպետ, անշուշտ, ներբերվածները միշտ չէ, որ զրույցներ են: Ինչպես` «որպէս եւ պատմեն տեսողքն» (էջ 59), «Ասի եւս յոմանց թէ... » (էջ 102), «Այլ եւ ոմանք ասացին թէ» (էջ 113), «որ բազումք ի մերոց ազգացս վկայեցին» (էջ 131), «եւ այսմ խօսիցս ասողքն, ինքեանք իւրեանց աչօքն տեսեալ էին, եւ էին արք հաւատարիմք» (էջ 131), «եւ նա պատմեաց մեզ զպատմութիւնս զայս: Եւ զկնի ասաց` թէ... » (էջ 179), «Այլ եւ լուաք յոմանց թէ զայն եւս ասացեալ են... » (էջ 182), «Այլ եւ արք ոմանք ասացին... » (էջ 186), «զոր բազումք ասէին թէ... » (էջ 194) եւ այլն:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ որպես կանոն, Դավրիժեցին այսպիսի դեպքերում կոնկրետ անուններ չի նշում: Եվ, ընդհանրապես, այս կարգի միավորներ օգտագործելիս հայ պատմիչները, եթե գործ չունեն գրավոր հանրահայտ աղբյուրների հետ, անուններ գրեթե չեն նշում, եւ կարելի է կարծել, որ նրանք, այնուամենայնիվ, հոգու խորքում կասկածել են ներբերվող վկայագրության հավաստիությանը, կամ, որ ավելի հավանական է, այդ այլտեքստերը հորինել են իրենք` ստեղծելով հավաստիության պատրանք: Այնուամենայնիվ, կան բացառիկ օրինակներ: Դավրիժեցին, օրինակ, հիշում է Մարտիրոս անունով եպիսկոպոսին. «Իսկ զկնիս, զոր արդ պատմեմք, Մարտիրոս անուամբ ոմն եպիսկոպոս պատմեաց` զոր ինքն էր աչօք տեսեալ: Ասէր` թէ... » (էջ 179): Մեկ այլ անգամ` Վարդան անունով եպիսկոպոսին. «Եւ ասէր վերոյիշեալ Վարդան եպիսկոպոսն, թէ... » (էջ 171):

Կարեւոր կառուցվածքային նշանակություն ունեն այն միավորները, որոնցով Դավրիժեցին ամփոփում է իր պատմագրքի որեւէ հատված կամ ամբողջացնում ասելիքը: Դրանք խմբավորվել են իբրեւ ավարտաբանություն կամ ասածի կոնկրետացում-եզրահանգում միավոր, թեպետ շատ հաճախ դրանք դրսեւորվում են նաեւ որպես եզրակացություններ: Այս կարգի միավորներն ունեն իրենց այսպես ասած` «մատնող» բառային ցուցիչները` արդ եւ ամեն: Դրանցից երկրորդն աստվածաբանական տեքստերի, աղոթքների ավարտաբանական միավոր է, եւ Դավրիժեցու պատմագրքում էլ հիմնականում կիրառվում է հրաշքների, տեսիլների, վարքերի ու վկայաբանությունների պարագային: Ուշարժանն այն է, որ արդ- ը կիրառվում է իբրեւ ավարտաբանություն ազդարարող նախադասության սկզբնադիր, սկսող միավոր, իսկ ամեն- ը վերջնադիր, վերջնաբառ միավոր: Ինչպես`«Արդթէ այսպէս եւ թէ այնպէս` եղեն երկու կաթուղիկոսք միոյ աթոռի ի միում ժամանակի» (էջ 58, սա ավելի շատ եզրակացություն է ներբերումների հիմամբ), «Արդ` այսպէս եղեւ զրաւ կենաց Լաւասափ թագաւորին» (էջ 144), «... ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ օրհնելոյն յաւիտեանս ամէն» (էջ 146), «Արդ` այս Աղամիր անուն այրս... » (էջ 179), «Արդ` օրհնեալ է Աստուած յամենայն ժամ» (էջ 181), «Արդ` Աջն սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, այսպիսի պատճառաւ եւ կերպիւ գնաց ի Սպահան» (էջ 190), «Արդ` եթէ այնպէս եւ թէ այսպէս... » (էջ 197), «Արդ զրաւ կենաց Սահակ կաթուղիկոսին եւ Պօղոս վարդապետին այսպէս եղեւ, որոց ողորմեալ Տէրն Քրիստոս ներումն արասցէ նոցա` անբաւ մարդասիրութեամբն իւրով. ամէն» (էջ 214), եւ այլն:

Ավարտաբանության բառ-ցուցիչները միշտ չէ, որ պարտադիր են: Այն կարող է լինել զուտ բովանդակային-ասելիքային, ինչպես` «Զի յազգէն Հայոց` որքան ղարիպականք կան յասացեալ գաւառս, յայս ժամանակիս եւ յայս պատճառէս են գնացեալ» (էջ 109), «Եւ այս եւս այսպէս» (էջ 180), «Արդ` այսոքիկ այսպէս» (էջ 350) եւ այլն:

Ե՛վ գրական, ե՛ւ պատմագիտական առումով կարեւոր է այնպիսի միավորի գոյությունն ու կիրառությունը, ինչպիսին պատմության բուն ընթացքը վերականգնող հնարք, դարձ միավորն է: Դա վկայությունն է այն բանի, որ Դավրիժեցին չափազանց հստակ է պատկերացրել իր պատմագրքի կառուցվածքը եւ նույնիսկ փորձել է դիմել կառուցվածքային խաղարկումների, ինչը, ցավոք, ամբողջապես այդպես էլ նրան չի հաջողվել: Ձգտելով ներկայացնել իրադարձությունների ամբողջական համապատկեր, Դավրիժեցին, Աբրահամ Զամինյանի դիտողությամբ` «երբեմն ալ միջանկյալ ծանոթություններ կավելցնե, որ պատմության թելը կը խզեն» [2], թեպետ դրանք այսպես թե այնպես առնչվում են նկարագրվող դեպքերին եւ լրացուցիչ փաստարկումներ են երեւանում: Մանավանդ որ` ավարտելով ճյուղավորումները` Դավրիժեցին վերադառնում է բուն պատմությանը` չմոռանալով այդ մասին հիշեցնել նաեւ իր ընթերցողին: Այդ կերպ` պատմիչն ապահովում է իր պատմագրքի համակարգվածությունն ու ժամանակագրությունը: Ինչպես` «Դարձեալ դարձցուք ի սկիզբն պատմութեանս մերոյ» (էջ 82), «Դարձեալ` դարձցուք ի յոճ նախկին պատմութեան մերոյ, ի բանն, զոր հասուցաք զՋղալօղլին ի Նախչուան, եւ զշահն տարաք ի Թարվէզ» (էջ 88), «Եւ արդ յետ այսց ամենից զոր պատմեցաք... » (էջ 89), «Վասն զի որպէս պատմեցաք ի նախկին ճառին` թէ կարգեաց շահն ի զօրացն Պարսից... » (էջ 89), «... զՀանիս Թահմազղուլի բէկն, որոյ վասն յառաջագոյն պատմեցաք, թէ... » (էջ 89), «Ի վեր անդր ի կարգի պատմութեան, զոր գրեցաք վասն Մելքիսէթ կաթուղիկոսին, թէ հնաց նա յաշխարհն Իլախաց: Արդէ յորժամ եհաս նա անդր... » (էջ 293) եւ այլն: Ինչպես կարելի է նկատել բերված օրինակներից` այս դեպքում եւս առկա են որոշակի տեքստային կաղապարներ:



[1]       Տե՛ս, օրինակ, Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, էջ 50, 56, 170, 198, 254, 280, 442 եւ այլն:

[2]       Աբրահամ Զամինյան, Հայ գրականության պատմություն, Ա մաս, Նոր Նախիջեւան, 1914, էջ 240: