Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԲ. ՎԱՐԱՆԴԱՅ ԳԱՒԱՌ

  Գաւառիս սահմաններն են Ղուրու-չայ եւ Գարգար գետակներն, դաշտաբերանն, Քիրս եւ Դիզափայտ լեռնաշղթաների գագաթնագիծն: Ինչպէս Դիզակ, նոյնպէս եւ Վարանդայ գաւառիս ջուրն պակաս է. սակայն հարուստ է հացով եւ հայ բնակիչներով:

Ա. ԹԱՂԼԱՐ ԱՒԱՆ. Հիմնուած է այն սարի հարաւահայեաց լանջի վերայ, որ իբր լեռնաբազուկ սկսուած է Փոքր-Քիրս սարից եւ երկարած մինչեւ Դրախտիկ: Բնակիչք տեղափոխուած են այստեղ Հին-Թաղլարից, հողն արքունի, լեռնային, ամէնամեծ մասամբ աւազուտ, խիստ սակաւ եւ նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն` ցորեն, գարի, կորեկ, գարնանի, հաճար, գարնագարի, սորեկ, կտաւհատ, բողկ, գազար, սոխ, սխտոր, լուբիա, բակլա, խաշխաշ, թութ, տանձ, խնձոր, գինձ (համեմ), կուտեմ, անանուխ, թարխուն, սուսամբար եւ այլն: Օդն, կլիման եւ ջուրն պատուական, տեսարանն գեղեցիկ, երկար կեանք 100. եկեղեցին Ամէնափրկիչ, քարուկիր, թաղակապ երկու կամարների վերայ առանց միջնասիւնների. երկարութիւնն 19 մետր 45 սանթիմ: Եկեղեցիս շինուած է աւանիս հասարակութեան ծախքով. երկու նոր լուսամուտներ բացուած են հարաւային կողմից: «Այս է լուսամուտներս յիշատակ է որդոց Շահնազար Պապալեանցին 1892»: Քահանայ չորս: Ծուխ 450. արակ. 1400, իգ. 1070:

Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան միջակ դիրքով, գրուած մագաղաթի վերայ, պատկերազարդ, բայց անճաշակ եւ անարուեստ, Յիշատակարանից.

«Արդ, գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտեան ի գիւղս, որ կոչի Լոր. ընդ հովանեաւ սուրբ Գէորգեայ զորավարի ի հայրապետութեան սուրբ Էջմիածնի եւ փոխանորդ սուրբ լուսաւորչին Հայոց տեառն Յակովբ սրբազան Կաթուղիկոսի, եւ մերոյ Ստաթէի սուրբ աթոռոյս Յովհաննէս քաջ րաբունապետի եւ նետողաց Տաճկաց Շահ Սէլիմանի ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻԲ ամի: Գրեցաւ Աստուածախօս սուրբ տառս սուտանուն Արիստակէս սարկաւագի… Արդ ստացող սուրբ աւետարանիս… բարեմիտ քահանայն տէր Վրդանէս, որ է սա երկրէն Կաքաւաբերդու ի գեղջէն Մահրաւու…»: Յետոյ գրուած է. «Յիշեսջիք վերստին ստացող… աւետարանս Թաղլարեցի Պաղունց Պօղոսի որդի… պարոն Աբրահամն. տեսեալ այլազգաց ձեռն, հալալ արդեանց իւրոց ետ եւ էառ եւ ետ ի դուռն Տեղու (մեծգիւղ Մեծ-Սիւնիքում) սուրբ Գէորգ եկեղեցուն իւր եւ ծնողաց …»: Հուսկ յետոյ գրած է վերջին ստացող եւ եկեղեցուս նուիրողն. «Յիշատակ է զսուրբ աւետարանս եւ ետու սրբոյն Ամէնափրկչի եկեղեցւոյն` ծնողացն իմոց Պօղոսին Բաղդասարեան Թաղլարեցի, եւ մօրն իմոյ Խաթունին, Աբրահամ Պօղոսեան»:

Սուրբ Սահակեան տղայոց միդասեան ուսումնարան, ուր կայ 50 աշակերտ, թոշակատու 38, ձրիավարժ` 15, տարեկան ռոճիկ վարժապետաց 315 րուբլի:

Մար-Խաթուն (Մայր-Խաթուն) 4199 ոտք բարձ.

Հին գիւղատեղի, հանգստարան եւ մատուռ, որք գտնւում են Շեխեր գիւղի հարաւային կողմի բարձրութեան վերայ: Մատրանս շինութեան թուականն է. Թվ. ՌԾԲ»:

Ծծախաչ (Շմանէք).

Երկու ահագին քարայրներ են, որք կան Թաղլարից վար, Ղուրու-չայի ձախ եզերքին մօտ Ծծախաչ անուն: Վարի քարայրից կաթկաթում է ջուր:

Իշխանի գիւղատեղի (Ըշխնեցէք)

  Գտնուում է Թաղլարի հարաւային հանդէպ, նոյն Ղուրու-չայ գետակի աջ կողմի լանջի վերայ, ուր կայ նաեւ հանգստարան:

Իգակուց կամ Հայկազն գիւղատեղի

  Այս անուն աւերակ գիւղ, հանգստարան եւ մատուռ կայ բուն Ղուրու չայ գետակի (միջի վտակի) ձախ կողմի լանջի վերայ, Տումի գիւղի արեւմտեան կողմում: Սակայն այժմ այս տեղն պատկանում է Տումու հողերին:

Հանգած-եղցէ (եկեղեցի)

  Թաղլարի արեւմտեան կողմում ոչ այնքան հեռի կայ գիւղատեղի, հանգստարան եւ աւերակ եկեղեցի:

Բ. ԱԶՈԽ գիւղ. Հիմնուած է նոյն սարի հարաւարեւելեան ստորոտում, մի ձորի հովտում. բնակիք ամէնամեծ մասամբ գաղթած են Ղարադաղից, իսկ մնացեալք` բնիկ, հողն բէկական, սակաւ, բայց միջակ արդինաբեր. տեղական բերքերն նոյն, օդն եւ կլիման ամրան տոթագին, ջուրն պատուական, երկար կեանք 75-80. եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 14 մետր 70 սանթիմ. լայնութիւնն 8 մետր 17 սանթիմ, քահանայ մի: Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան միջակ դիրքով, առանց պատկերի, գրուած մանր գրերով թղթի վերայ, ոչ այնքան գեղեցիկ. չունի յիշատակարան, միայն յայտնի է, որ գրած է Սարգիս անուն ծերացեալ ոմն քահանայ: Ծուխ 140, ար. 427, իգ. 380:

ՈՐՎԱՆ ՔԱՐԱՅՐ

  Գիւղիս արեւելեան կողմում, ձորակի ձախ կողմի բարձրութեան վերայ կայ մի խիստ խոր, խաւարամած եւ միանգամայն ահարկու քարայր, որի մէջ կայ մի կնոջ արձան, որ գրկած է մի մանուկ: Արձանս կոփուած է քարից, կնոջ զգեստի տարազն եւ գլխի շինութեան ձեւն ներկայացնում են Արցախի կանանց հագուստների եւ փաթաթոցներով շինած գլուխների տիպը: Երկիւղալի է առանց զէնքի եւ լուսի միայնակ ներս մտնելն. հարկ է զգուշանալ:

Գ. ՆՈՐ-ԴՐԱԽՏԻԿ գիւղ [1]. Հիմնուած է նոյն սարի ծայրում. մի արեւելահայեաց լանջի վերայ, դիրքն վեհապանծ, տեսարանն զմայլելի. բնակիչք բնիկ. տեղական բերքերն նոյն, հողն բէկական, անջրդի եւ կարի սակաւ արդիւնաւէտ. գերազանց օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 60-65 տարի [2]. եկեղեցին սուրբ Գրիգոր Նարեկացի. քարուկիր, շինուած ՌՂԴ թուին Հայոց մի բարձրահայեաց բլրի վերայ, որի հարթակն լի է ծերունի ծառերով եւ հանգիստներով. քահանայ մի: Ծուխ 47, ար. 136, իգ. 116:

  Կախան. Հին-Դրախտիկից հիւսիս մի բարձր բլրի գագաթին վերայ կայ մի ուխտատեղի Կախան անուն: Երեւում է, որ աւերակ է այս մի հին, փոքր վանուց, որ զարդարուած է զառամեալ ծառոց փառաւոր հովանիներով, որոց` ոչ ոք չէ համարձակում կացին զարկել:

Դ. ՇԵԽԵՐ շէն. Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմում, դիրքն հիւսիսահայեաց. բնակիչք տեղափոխուած են Թաղլարից եւ Աւետարանոց աւանից. հողն բէկական եւ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն. կլիման եւ ջուրն, երկար կեանք 80, եկեղեցին սուրբ Վարդան, քարուկիր եւ փոքր. քահանան գալիս է Նոր-Դրախտիկից:

Ծուխ 65 (բէկեր են 42 ծուխն, ար. 240, իգ. 114):

Ե. ՆԵՐՔԻՆ-ԹԱՂԱՎԱՐԴ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմում, Քեօնդալան գետակի աջ կողմի բարձրութեան վերայ, գիւղի դիրքն` արեւելահայեաց լանջ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, բարեբեր. տեղական բերքերն նոյն (կայ այգի եւ թթենի), օդն, կլիման եւ ջուրն պատուական, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին. կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 9 մետր: Դրան ճակատակալ քարի վերայ. «Շինեցաւ եկեղեցիս յանուն Սրբոյ Աստուածածնին արդեամբ եւ ծախիւք ազնիւ Բէրամ աղայի որդւոյ պօլկովնիկ Մէլիք Ջիւմշիտեան Շահնազարեանց ի յիշատակ կենդանեաց եւ համայն ննջեցելոց իւրեանց ի Քրիստոս 1840 թվ. ՌՄԺԷ [3] »: Քահանայ երեք: Ծուխ 170, ար. 590, իգ. 550:

Այստեղ կայ Սուրբ Մեսրոպեան տղայոց միդասեան ուսումնարան. աշակերտ 40, թոշակատու 33, ձրիավարժ 7. ուսուցչաց միամեայ ռոճիկ 300 րուբ.:

Հին-ներքին-Թաղավարդ, որ նորից 1/7 մղոն ներքեւ է: Վնասուած եկեղեցին, որ կառու-ցեալ է երեք կամարների վերայ, դրան գլխին մի քարի վերայ. «Ես անարժան Գրիգորս շինեցի Թաղավարդու եկեղեցին առաջնորդութիւն Տաւութին որդին. Նոր Պապասին Ամիրպեկին. այնպէս սէրուն էր, որ գիշերն քուն չկէ»:

Բրդահոնջին (Բերդաունչին) եղցին

  Քեօնդալանի աջ կողմում, Շեխեր տանող ճանապարհի գլխին բարձր սարահարթի վերայ կայ մի հին եկեղեցի, որի դուռն աւերուած է եւ շինութիւնն` տեղ-տեղ խախտուած: Հիւսիսային որմի մէջ խաչքարի վերայ. «Խաչս Շահումին»: Եկեղեցուս արեւմտեան կողմում, քարընկէց հեռաւորութեան վերայ կայ քարուկիր հին շինութիւն, որ նման է սենեակների: Մեզ թւում է, թէ վանք եղած է այս, քանզի եթէ եկեղեցի եղած լինէր, անշուշտ կունենար գիւղատեղու աւերակ եւ հանգստարան. բայց չունի ո'չ այս, ո'չ այն:

Զ. ՎԵՐԻՆ-ԹԱՂԱՎԱՐԴ. Հիմնուած է միեւնոյն սարի հիւսիսային կողմում, նոյն ուղղութեամբ փոքր-ինչ հեռի դէպի արեւմուտք. գիւղի դիրքն արեւելահայեաց. բնակիչք տեղափոխւած են Մեծ-Սիւնեաց Խնձորեսկ, Տեղ եւ Տաթեւ գիւղերից. հողն բէկական, անջրդի, պակաս, սակայն հացատու, նշանաւոր է ցորենն եւ գարին, պատուական օդն, կլիման եւ ջուրն եւ դուրալի տեսարանն. երկար կեանք 105. եկեղեցին նորաշէն ժողովրդեան ծախքով, քարուկիր եւ տակաւին առանց օծուելու, երկարութիւնն 18 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ, քահանայ մի: Ծուխ 137, ար. 497, իգ. 398:

 

ՋՈԽՏ-ՊՌԸՒԱԾԱՌ (Զոյգ պառաւածառ)

  Գիւղիս հարաւային կողմում, միեւնոյն լեռնաբազկի վերայ (որ ձգուած է Փոքր-Քիրս [4] սարից մինչեւ Դրախտիկ) բարձրացած է ձուաձեւ մի բլրակ, որի վերայ վաղ ժամանակից շինուած է մի վանք անտաշ քարով: Շինութիւնս ունի նեղ եւ երկար ձեւ, որ կիսաւեր է արդէն, քանզի բաղկացած է վանքից եւ գաւթից: Փոքր վանքիս խորանի մէջ մի խաչ քարի վերայ. Սուրբ Յովհաննէս. «Սուրբ Ովհաննէս…»: Այլ քարի վերայ. «Յիսուս Քրիստոս Աստուած. Ուսէփ էրեց»: Այլ քարի վերայ եւս. «Հոգեւոր հարք եւ եղբարք. զՍողոմոն երայց (երէց). կանգնող խաչիս յաղաւթս յիշեսջիք, աղաչեմ ամէն»: Կրկին այլ խաչքարի վերայ. «Յիսուս Քրիստոս, Հայոց թվ. ՈՀԷ. ես Ալի որդի Զենովբին եկի ՚ի Պարսից, շինեցի զսուրբ եկեղեցիս Աստուծոյ, փրկութիւն հոգոյ իմոյ, որք երկրպագէք, զիս յաղաւթս յիշեսջիք եւ Աստուած զձեզ յիշեսցէ»: Այլ ջարդուած քարի վերայ խոնչայի մի երեսին. «Սուրբ Պաւղոս. յամս աստուածապատիւ եւ հոգեւոր տեառն Յովհաննիսի Ամարասա եպիսկոպոսին եւ պետութեան տեառն Գագիկա 1) Աղուանից իշխանաց իշխանի ես հայր Կիրակոս առաջնորդ սուրբ ուխտիս, եղբաւրորդի Կոկոնա»: Խոնչայի միւս կէս երեսին վերայ. «Սուրբ Պետրոս. կանգնեցի զխաչս ՚ի փրկութիւն հոգո իմո եւ ծնողաց իմոց: Արդ, որք երկրպագէք սուրբ Նշանիս, զիս յաղաւթս յիշեցէք եւ Աստուած զձեզ յիշեսցէ. ՆԽԶ էր»: Բայց թէ ինչ եղած վանքիս անունն` Ս. Յովհաննէ՞ս, Պօղոս, Պետրոս` չգիտենք:

Հարկ է յայտնել, որ բարեպաշտ գիւղական ոմն դուրս թափած է աւերակիս փլուածքը եւ մաքրած գաւիթը եւ փոքր տաճարի յատակը, որպէս զի նորոգէ ի հիմանէ: Ուխտատեղի է աւերակս, որն ժամանակաւ ունեցած է եւ շրջապարիսպ, որի հետքերն երեւում են ակներեւ: Այժմ գրեթէ բլուրս ծածկուած է մեծ-մեծ ծառերով: Բլրիս բարձր. մօտ 3600 ոտք:

 

Ջոխտակ եղցի

Միմեանց կից շինուած են երկու եկեղեցիներ, որք նոյնպէս կիսաւեր են: Հազիւ թէ քարընկէց հեռի են երկու աւերակ եկեղեցիներս վանքի աւերակիցն: Մենք կարծում ենք, թէ այս երկու կիսաւեր շինութիւններն եւս վանք եղած լինին. քանզի ո'չ մօտ գիւղատեղի կայ եւ ո'չ հանգստարան:

Գեօզ ուխտատեղի

Մի մատրան աւերակ է, որ գտնւում է Վերին եւ Ներքին Թաղավարդների միջեւ: Մատրանս շուրջն հանգստարան է: Ուխտի օրն է ամէն Համբարձման տօննն:

Է. ՄՈՇ-ԽՄՀԱՏ գիւղ. Հիմնուած է Վերին-Թաղավարդի արեւմտեան կողմում մի խոր ձորի աջ լանջի վերայ, որի հիւսիսային կողմի ձորով հոսում է Քեօնդալանի օժանդակն: Բնակիչք բնիկ. հողն բէկական եւ միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (չկայ այգի եւ թթենի) պատւական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր. քահանան գալիս է Ղեւոնդեանց անապատից: Ծուխ 50, ար. 155, իգ. 120:

ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ԱՆԱՊԱՏ (3220 ոտք)

  Հիմնուած է մի բարձր սարի գագաթի վերայ, որ ձուաձեւ արձանացած է Աւետարանոց աւանի, Սարգսաշէնի, Վերին-Թաղավարդի եւ Մոշ-Խմհատի կենտրոնում: Փոքր մատուռ է անապատս` կառուցեալ անտաշ քարով յանուն Ղեւոնդեանց, առանց կամարի: Արեւմտեան կողմին կից է մի գաւիթ, նոյնպէս նեղ դիրքով, որպիսին էր Ջոխտ-Պռըւածառի աւերակ անապատն: Գաւիթ եւ անապատ միասին չափելով երկարութիւն 13 մետր 40 սանթիմ, լայնութիւն 5 մետր 10 սանթիմ: Անապատիս դրան հիւսիսային սեմին վերայ. «թվ. ՌԷՃ. » (թիւ Փրկչ. ): Գաւթի դրան նոյն կողմի սեմի վերայ.

«ՌՄԻԷ. -ին, յիշատակ է գաւիթս. Զաքարիա, Յովսէփ եւ Մելքոն վարդապետացն»: Անապատումս կան հետեւեալ մասունքները.

1) Մասն Թադէօսի առաքելոյն մի արծաթեայ փոքրիկ եւ տափակ խաչում, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Յիշատակ է. մասունքս է Թադէոս առաքել, որ եդ Մուսաէլ»:

2) Մասն Յովհաննու Մկրտչի զետեղուած մի արծաթեայ փոքր խաչում, որի վերայ քանդակուած է. «Յիշատակ է սուրբ խաչս, մասունք Յովհաննու Կարայբետին, Չախմախսազ Պետրոսի որդի Արզըմանին եւ իւր կողակից Անուն ՌՄԿԶ. »:

3) Մի արծաթեայ մեծ խաչում. «Սուրբ Յովհաննէս Մկրտչի մասունքն է այս»:

4) Մի արծաթեայ միջակ խաչ. «Սուրբ նշանս յիշատակ է սուրբ Ղեւոնդիա անապատին Յարութիւն հապեղին (աբեղային) թվ. ՌՄԼԹ. »:

5) Մասունք Ղեւոնդեանց մի արծաթ միջակ խաչում. «ընծայեցաւ սուրբ խաչս Ղեւոն-դեայ հայրապետին Մարքարիտ Մէլիք Ջիւմշիւտեանց 1876 ամի»:

Արտաքուստ վանուցս հարաւային կողմում ամփոփուած են մի քանի վարդապետաց մարմիններն, որոց մէջ է եւ հետեւեալն.

«Աստանօր հանգչի մարմին Յակովբայ սուրբ վարդապետի որդւոյ Թովմասայ Աւան Լալաեան յազգէն Իւղբաշեանց յԱւետարանոց գեղջէն Վարանդայ սրբակրօն ճըգնաւորական արար իւր կենաց զբարւոք վախճան 33 ամաց 1845 Նոյեմ. 25-ին»:

Պարսպուած է Անապատիս շուրջն, արեւմտեան եւ հարաւային կողմում, պարսպի ներսում շինուած են մի քանի սենեակներ, որք կիսաւեր են այժմ մեծ մասամբ: Անապատս ունի վարելահող, անտառ, պարտէզ, ընկուզ, տանձ, խնձոր, շագանակ, զկեռ եւ սալոր: Ապաստան է մի քահանայի:

Ը. ՍԱՐԳՍԱՇԷՆ ԳԻՒՂ. Հիմնարկուած է Քեօնդալան գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն` նոյն, օդն, կլիման եւ ջուրն` անվնաս, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, սակայն անշուք. քահանայ մի: Ծուխ 90, ար. 325, իգ. 254:

Թ. ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է Քեօնդալան գետակի ձորի ձախ կողմում, Սեւ աղբիւր (Ղարա-բուլաղ) յորդառատ աղբիւրի մօտ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն` նոյն (գոյ թթենի), օդն, կլիման` ծանր ամրան, ջուրն ո'չ գովելի. երկար կեանք 85-80. եկեղեցին Սուրբ Աստուածածին. քարուկիր, բայց վտանգուած. քահանայ երկու: Ծուխ 35, ար. 162, իգ. 135:

ՂԱՐԱԼԻ ԱՒԵՐԱԿ

Այստեղ կայ գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցու աւերակ:

Ժ. ԱԼԱՄԱՆՑ ԳՈՄԵՐ. Շինուած է նոյն ջրաձորի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական եւ բարեբեր. նոյն` տեղական բերքերն, օդն, կլիման եւ այլն. եկեղեցին է Ղեւոնդեանց անապատն եւ քահանան` նորա վանահայր քահանան: Գիւղումս ծնուած է բանաստեղծ Պետրոս Մատա-թեանցն, վասնորոյ կոչւում է եւ Մատաթ-քեանդ: Ծուխ 35, ար. 115, իգ. 92:

ԺԱ. ՋԱՂԱՑՆԵՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Աւետարանոցից փոքր-ինչ վար. բնակիչք` հատուած Աւետարանոց աւանից. հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն (կայ եւ այգի) սննդարար` օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն. քարուկիր. քահանան գալիս է Աւետարանոցից: Ծուխ 65, ար. 248, իգ. 181:

ԺԲ. Աւետարանոց Աւան. Հիմնուած է միեւնոյն Քեօնդալան ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն` արեւելահայեաց. բնակիչք` բնիկ, հողն մէլիքական [5], բայց այժմ արքունի, տեղական բերքերն` նոյն. պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ կառուցեալ չորս սիւների վերայ. ունի մի փոքր կաթուղիկէ. երկարութիւն` 27 մետր 35 սանթիմ, լայնութիւն` 15 մետր 30 սանթիմ: Դրան ճակատակալ քարի վերայ. «Թվ. ՌՃ. »: Քահանայ` երկու: Ծուխ 257, ար. 936, իգ. 804: Եկեղեցումս կան հետեւեալ գրչագիրներն եւ մասունքներն:

Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, պատկերազարդ, որ գրուած է Աւետարանոց աւանումս ՌՃԻ. թուին, բայց անյայտ է գրողի անունն:

Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, գեղեցիկ. նրբաճաշակ են չորս աւետարանչաց պատկերներն, նախշերն, ծաղիկներն եւ թռչնագրերն: Յիշատակարանից. «աւարտեցաւ .. աւետարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր անուամբ երիցու ի թուականութեանս Հայոց ՌՃ եւ Ը երորդի ի մարտ ամսոյ ի… եւ ծաղկեցի երբն-երբն գունովք եւ ոսկեզօծ որակոք… եղեւ աւարտ սուրբ աւետարանիս ի յերկիրս Գանջայ ի գիւղս, որ կոչի Քարահատ ընդ հովանեաւ սուրբ աստուածածնիս ի ժամանակս Շահ Աբասին փոքոյ եւ ի կաթուղիկոսութեան հայոցս Աղուանից տեառն տէր Պետրոսի մաքրասուն եւ սուրբ հայրապետի եւ կրկին լուսաւորչի, որ ի խնամօքն Աստուծոյ… լուսաւորեաց զխաւարեալ տունս Աղուանից եւ պայծառացոյց զեկեղեցիս կարգօք…. եւ մերում եպիսկոպոսութեան բազմահանճար, պատուական քաւչապետի տեառն տէր Անտօնի վերադիտողի սուրբ աթոռոյն կաթուղիկէի վանիցն…»:

Յետոյ գրած է այլ գրիչ աւետարանիս սկզբումն. «Սուրբ աւետարան սրբագիր եւ ոսկեզօծ վախմ եւ յիշատակ է Աբրահամ պարոն-տէրին, որ տվան Մէլիք Պաղուն կուսակրօն դստերացն Հռուբսիմին եւ Դաւլաթին եւ Շահանդուխտին ձեռքն ի վայելումն… գրեցաւ մատամբ տէր Եղիազարին մայիսի ԻԵ օրն թվ. ՌՃՁԶ էր…»:

1) Մասն կենաց փայտիցն զետեղուած մի քառաթեւ, արծաթ խաչում:

2) Մասն առաջին լուսաւորչացն Թադէոսի եւ Բարդուղիմէոսի:

3) Մասն Պանդալիոնի բժշկին: Մելիք-Շահնազարեանների ապարանի դրան ճակատին.

«Այս ամարաթս Մէլիք-Շահնազարի (Գ-ի) որդի Սէյին բէկին, որ է այս շինութիւնս, որ շինել տուած շէնքն է թ. ՌՄԼԵ»:

 

ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

Հիմնուած է հիւսիսից դէպի հարաւ թեքուած մի բարձրաւանդակի վերայ, որ կից է աւանիս հարաւային կողմին: Բարձրաւանդակի վերի ծայրն հասած է մինչեւ բերդի վերի ծայրն: Անապատս շինուած է անտաշ քարով երկու կամարի վերայ, որի երկարութիւնն է 11 մետր եւ լայնութիւնն` 9 (խիստ անմաքուր է): Վէմ քարի վերայ քանդակուած է. «Թվ. ՌԿԵ. ես Աթաս Հխմոզչի (՞) կանգնեցի խաչս ի հայր իմ (հայրենի) վիճակին»: Դրան ճակատակալ քարին վերայ.

«Եկեղեցիս թվ. ՌԿԵ (շինեցաւ):

«Թվական ՌՃԻԵ Շահնազարին եւ վարդապետին Գրիգորի, յիշատակ է դուռս կոյս Խոսրովին եւ ծնողացն»:

Անապատս ունի եւ գաւիթ, որ շինուած է նոյն ոճով, երկարութիւնն 5 մետր 75 սանթիմ, լայնութիւն8 մետր 90 սանթիմ (հարաւից հիւսիս): Ինչպէս անապատս եղած է յատուկ կուսանոց նոյնպէս գաւիթս եղած է յատկապէս դամբարան Մելիք Շահնզարեանի իշխանական ցեղին: Գաւթումս ամփոփուած են Մանուել վարդապետի, Մէլիք-Միրզայի, Մէլիք-Յիւսէյինի, Մէլիք-Յովսէփի եւ սոցա տիկնանց մարմիններն:

   Ամուր պատերով պարսպուած է եղել անապատիս շուրջն` համեմատ տեղի դիրքին, քանզի հարաւային կողմն քերծ է: Պարսպի ներսում եղել են շատ սենեակներ` միաբան կուսանաց համար: Բայց այժմ տեղ-տեղ աւերուած են պարսպի պատերն եւ սենեակների ամէնամեծ մասն:

Աւետարանոցս իբրեւ մէլիքանիստ աւան եւ գաւառագլուխ, ունեցած է ամուր պարիսպ, որով շրջապատուած է եղել ամբողջ աւանս: Պարսպիցն այժմ կանգուն մնում է միայն լեռանակողմինն, որ բրգաշատ է եւ ձգուած է Կուսանաց անապատիցն մինչեւ սարի գլուխ, պատած հիւսիսային եւ արեւելեան կողմերով եւ միացած անապատի հարաւային ժայռին: Սակայն այժմ հիւսիսային եւ արեւելեան կողմերի պարիսպներն քանդուած են տեղ-տեղ: Պարիսպս շինող որմահիւս վարպետի գերեզմանն գտնւում է աւանիս միջում պարոն Առստամի (մականուանեալ Ումախան) պարտիզումն: Տապանաքարի հարաւային երեսին. «Անուան Մէլիք Շահնազարին (Գ-ին), որ է որդի Մէլիք Սէյինի. այն ժամանակն որ Կուրջին եկաւ (Վրացի զօրք) թուին ՌՃՂԹ էր, որ դալաս (Աւետարանոցի բերդը) շինեցի, ով որ կարդա, մէկ բերան աստ-ուած ողորմի ասի. ամէն»: Միւս երեսին. «Այս է տապան Գաբրիէլի որդի Դաւթին թ. ՌՄԽԸ»:

 

ՄԷԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՆԵՐ

  Մէլիք-Բաղու ապարանն, որ մօտ է Կուսանաց անապատին, բաղկացած է երկու յարկից. գետնայարկում կայ երեք արցախական քարուկիր տուն, որք մնում են ցարդ նոյնութեամբ: Իսկ վերնայարկը քանդել տուած է ռազմագէտ գեներալ Առուստամ [6] Գիւգիեան Մատաթեանցն եւ շինած իւր համար բնակարան, որ աւերակ է այժմ:

  Մէլիք-Յիւսէյին Ա-նի ապարանն գտնւում է բերդի պարսպի լեռնային մասում արեւմտեան կողմում, որ աւերակ է այժմ:

Մէլիք-Շահնազար Բ-ի ապարանն գտնւում է աւանիս հիւսիսային կողմում պարսպի ներսում: Այժմ նստում են բնակարանումս սոյն մէլիքի յետագաներն:

 

Մէլիք-ժառանգների հանգստարան

Աւանիս հին հանգստարանից մի քանի քայլ ներքեւ է մնացեալ Մէլիք Շահնազարեանների հանգստարանն:

«Այս է տապան Մէլիք Շահնազարին (Գ-ին)

Որ է որդի Մէլիք Յիւսէյինին,

Արցախ գաւառաց իշխանին

Վարանդու տիրապետողին,

Սա էր հայր Մէլիք Ջիւմշիտին,

Ըստ Ռուսաց պլկովնիկին,

Ազնիւ ոմն Հայոց ազգին,

Արի եւ քաջ զօրավարին

  Խնդրեմ առնել զայս արժանին

Միոյ բերան հայր մեղային

ՌՄԽ թվին (1792):

«Այս է տապան Մէլիք Ջիւմշիւտին… (Եղծուած են կէտադրեալ բառերն) Սա էր

թոռն մեծասեռին

Ազնիւ Մէլիք Յիւսէյինին (Բ-ին)

խնդրեմ առնել զայս արժանին

Միոյ բերան Հայր մեղային

Թվ. ՌՄԿԱ աբրիլի ԻԵ (1712):

«Այս է տապան Մէլիք Ջհանբախշին

Իշխող Վարանդայ գաւառին

Ազնիւ որդոյ Մէլիք Շահնազարին

Վախճանեցաւ 1822»:

«Մէլիք Խուդաթ իշխող Վարանդայ

Թոռն ըստ մարմնոյ Մէլիք Ջիւմշիւտայ

Այս նորա տապան յորում մարմնով կայ,

Կենդանի հոգւով միշտ եւ յարակայ,

Ամաց քառասնից ել սա յաշխարհէ,

Զերծ արդ գտանի յամէն չարէ.

Զայս վէմ ետ շինել առն իւրում ի ձօն, Ի պատիւ սորա Կին սորին զգօն,

Թվ, ՌՄՁԲ էր»: 1833):

«Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի.. Աւաքճանին թ. ՌՄՀԲ»:

«Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի Մանասան բէկին թ. ՌՄԾԶ»:

«Այս է տապան Մէլիք Շահնազարի որդի Մէլիք Յուսէյինին (Բ-ի) թ. ՌՄԾ էր (1802):

Հանգստարանիս հիւսիսային կողման մօտ, ընկուզի ծառի տակ մի հին եւ խաչազարդ քարի վերայ. «Այս խաչս Թորոս այղայ թվ. ՈԶ ար (էր)»: Տապանաքարիս վերայ շինուած է Թորոս աղայի պատկերն, որ լարած է աղեղը եւ թռցնում է նետը մի եղջերուի վերայ:

Տապանաքարիցս փոքր վերեւ կայ մի այլ տապանաքար, որի մէջքն կլոր է եւ իւր աջ կողմում ունի մի թագաւորի պատկեր, խաչը ձեռին, որ հեծած է ձին եւ բարձրացրած խաչը, գնում է առաջ: Բայց մի ահագին վիշապ օձ, լայն բացած իւր կզակը եւ ընկած է թագաւորիս ետեւից: Խաչազարդ է տապանաքարիս միւս երեսն եւ քանդակուած մէջքի վերայ, որ կարդացուում է խիստ դժուարութեամբ. «Ի ՈՂ ննճեց Հա… թգաորի Աղվց… ես տէր Մասուն գրեցիք. այս ով որ կարդէ. աստուած ողորմի ասէ: Այս է հանգիստ Մուրադի Ղաթիոնա գաջի (քաջի) Իարանդայ գաւառ հմուտոյն ասպարաբետի» (սպարապետի): Տապանաքարիս մօտ կայ նաեւ մի այլ ձիու վերայ մի թագուհու պատկեր, բայց տապանաքարիս վրայ չկայ արձանագրութիւն:

ԺԳ. ՍՂՆԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Աւետարանոցի արեւմտեան կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի. միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (չիք այգի), անվնաս օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քահանայ մի: Ծուխ 55, ար. 236, իգ. 188:

ԺԴ. ՎԵՐԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. (այն լեռնաբազուկն, որ սկսուած է Քիրս մեծ սարի արեւե-  լեան կողմից, անցած Շօշու գիւղի հարաւարեւելեան կողմից եւ հասած Պողորխանայ սարն: Ապա սարիցս ճիւղաւորուած է երեք լեռնագօտի Ա-ն ուղղակի ձգուած է մինչեւ Վարազաբուն գիւղն, Բ-ն` դէպի Կղարծի, Ղզղալա, Աշան եւ այլ գիւղերն. Գ-ն` դէպի Սարուշէն, Մաւաս, Սխտորաշէն եւ Խազազի սարն). Հիմնուած է վերջին լեռնաշղթայիս հարաւային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանից (Ղարադաղից), հողն բէկական եւ խիստ սակաւ, տեղական բերքերն նոյն (ոչ այգի ունին եւ ոչ պարտէզ). օդն, կլիման եւ ջուրն անվնաս, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ներքին-Սզնէքից: Ծուխ 46, ար. 175, իգ. 148:

ԺԵ. ՆԵՐՔԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. Հիմնուած է մօտ Վերին-Սզնէքին, հողն, բերքերն եւ այլն` նոյն. եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ երեք: Ծուխ 92, ար. 377, իգ. 350:

ԺԶ. ԽԱՉՄԱՉ ԳԻՒՂ (խաչերի մէջ եղած գիւղ, զի գիւղիս չորս կողմերում կան քարեայ խաչարձաններ). Հիմնուած նոյն լեռնաշղթայի հարաւահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն` բնիկ եւ միւս կէս մասն գաղթած Բարկիւշադից եւ տեղափոխուած Հին-Քեաթուկ գիւղից (այժմ աւերակ), հողն բէկական, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն` նոյն, օդն, կլիման եւ ջուրն պատուական. երկար կեանք 90. եկեղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ` առանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ: Դրան արեւելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ եւ Գէիքուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»: Իսկ դրան ճակատակալ քարի վերայ. «թվին ՌՃ»: Քահանայ մի: Ծուխ 62, ար. 290, իգ. 220:

Գիւղիս քահանային մօտ կայ երկու գրչագիր սաղմոս.

Ա. Սաղմոս մագաղաթեայ, գեղեցկագիր, որ ունի իւր սկզբում. «Յառաջաբանութիւն Դաւթի Մարգարէին մեկնութեան` Աթանասի եպիսկոպոսի արարեալ»:

Բ. Սաղմոս, գրուած թղթի վերայ, պակասաւոր, այս է` վերջից թափուած են թերթեր:

Գիւղիցս փոքր-ինչ ներքեւ կայ մի հին գիւղատեղի եւ ընդարձակ հանգստարան:

 

ՇՕՇԿԱՅ ՎԱՆՔ (4669 ոտք)

  Հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագծի վերայ, Խաչմաչ եւ Մսմնայ գիւղերի մէջ. շինուած է մի կամարի վերայ եկեղեցու ձեւով: Երեւում է հիմքերից, որ խիստ հին եղած է վանքս. բայց ժամանակ առ ժամանակ նորոգուած է սպիտակ անտաշ քարով: Ունի միայն մի խորան, երեք լուսամուտ եւ մի դուռն արեւմտեան կողմից եւ խաչազարդ բեմ, որոց մէն մին յիշատակ եղած է առանձին-առանձին մարդից: Երկարութիւնն 9 մետր 18 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 25 սանթիմ:

ԺԷ. ՍԱՐՈՒՇԷՆ. Հիմնուած է նոյն սարի հարաւարեւմտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 100. տեսարանն գեղեցիկ, եկեղեցին Ամէնափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, հնաշէն եւ նորոգուած քանիցս, երկարութիւնն 13 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 45 սանթիմ: Գաւառիս բոլոր եկեղեցեաց մէջ առաջնակարգ տեղ բռնած է եկեղեցուս ներքին եւ արտաքին պայծառութիւնն, զարդն ու զարդարանքն: Այս պայծառութիւնը պարտական ենք գերազնիւ Գրիգոր աղա Այվազեանցին հոգատար խնամոցն: Քահանայ մի: Ծուխ 70, ար. 331, իգ. 253:

Եկեղեցումս է Սարուշէնի հռչակուած ձեռագիր աւետարանն, որի մօտ ուխտի են գալիս ոչ միայն Արցախի շատ կողմերից, այլ Բագուից, Թիփլիզից, այլ եւ մահմէտականք: Աւետարանս մագաղաթեայ եւ մեծադիր է, որ ունի Ռստակէս, Վրդանէս եւ Ստեփաննոս վարդապետների պատկերները, բայց անճաշակ նկարուած:

Առաջնոյն մօտ գրուած է. «ԶՌստակէս գրիչ յիշեսջիք, սիրելի եղբարք»: Ապա վախճանուելուց յետոյ գրուած է այլ գրողից. «որ փոխեցաւ առ Քրիստոս, որ գրեց զՄատթէս եւ զՄարկոս» (աւետարանները): Երկրորդին մօտ գրուած է. «ԶՎրդանէս գրիչ' որ գրեցի զՂուկաս եւ զՅովհանէս զվիրաւրս մեղաւք յիշեսջիք ո'վ պատուական եղբարք, զի չիք մարդ մեղաւոր քան զիս յերկրի…»: Երրորդին մօտ գրուած է միայն իւր անունն: Անճաշակ են պատկերներն, նախշերն եւ ծաղիկներն, սակայն գեղեցիկ է մագաղաթն եւ ամբողջապէս գրուած է գլխագրերով: Սկզբում ունի յիշատակարանի նման մի գրութիւն, որն կարդացուում է խիստ դժուարութեամբ, ուր ի միջի այլոց գրուած է.

«Բայց գրեցաւ սուրբ աւետարանս…. յաբեթեանս թուականին ՈԼԱ. »: Իսկ Մատթէո-սի պատկերի տեղում գրուած է փակագրի ձեւով.

«Տէր աստուած ողորմեա' Յակովբայ նկարչի»: Նոյնպէս գրուած է սկզբում. «Յամի Տեառն 1827 եւ ի թուականիս (Հայոց) ՌՄՀԶ սուրբ աւետարանս, որ գերի էր ընկել Պարսից տէրութիւնն, ես` Ղարաբաղու Շուշի Ղալի բնակիչ Միրզայ Օհաննէսեան Զարկարեանցովս, տեսի զսուրբ աւետարանս ի ձեռս անօրէն այլազգեաց ի քաղաք Թաւրէզ, վասն որոյ դրամս ետու եւ գնեցի ի արդար վաստակոց իմոց եւ բերեալ ՚ի աւմուրս Շուշի եւ յաձնեցինք այն տեղն, ուր կայր եւ այժմ 1833 ամի եւ յամսեան մայիսի 12-ին. բերաք տեղս վասն մեր ուխտադրութեանն նորոգելութեամբ աւետարանս, ահա նորոգեցինք եւ պայծառացուցինք ի յիշատակ մեր համայն կենդանեաց եւ ննջեցելոց.. Միրզայ Օհանեան»:

 

ԳՐԻԳՈՐԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

  Գիւղումս կայ եւ երկսեռ միդասեան ուսումնարան, որի երկյարկ շէնքը կառուցանել     տուած է վերոյիշեալ բագուաբնակ գերազնիւ Գրիգոր աղա Թովմասեան Այվազեանցն: Գետնայարկն ծառայում է իբրեւ փայտատուն, իսկ վերնայարկն` ուսումնարան, որի մէջ կայ չորս սենեակ, մի մեծ դահլիճ եւ մի գեղեցիկ սրահ, որի մէջ է հետեւեալ արձանագրութիւնն.

«Շինեցաւ ուսումնարանս արդեամբ եւ յիշատակ Բագուաբնակ Գրիգոր Թօմասեան Այվազեանցին 1890 թիւ դեկտեմբեր»:

  Վերնայարկն ունի գեղեցիկ պատշգամբներ, նոր ձեւի շինուած, պատուական նստարաններ եւ գրատախտակներ աշակերտաց եւ աշակերտուհեաց համար: Ծխական ուսումնարանիս երկարութիւնն 29 մետր է, լայնութիւնն 11 մետր 48 սանթիմ: Ուսանում են մօտ 60 աշակերտ եւ աշակերտուհի:

Տարեկան ռոճիկ վարժապետի             500 րուբլի.

,, ,, վարժուհու                                           400     ,,

Լրագիր, գիրք եւ զանազան նիւթեր         300     ,,

Միամեայ ընդհանուր ծախք                       1200 րուբ.

Այս բոլոր ծախքերը ամէն տարի անում է միեւնոյն բարերար Գրիգոր աղա Այվազեանցն: Բացի ծախքերիցս նորին Գերազնւութիւնն անում է հագուստ մի քանի որբ աշակերտաց եւ աշակերտուհեաց համար: Երջանիկ է Սարուշէնն, որ ունի այսպիսի բարերար:

ԺԸ. ՄԱՒԱՍ ՇԷՆ. Հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագիծ սարահարթի վերայ. բնակիչք տեղափոխուած են Ջրաբերդից. Հողն բէկական, աւազուտ եւ սակաւ արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն, ձմրան խիստ, ամրան գերազանց օդն, կլիման, տեսարանն եւ ջուրն. երկար  կեանք 90-100. եկեղեցին Երեք մանկունք. քարաշէն, որ կրում է սոյն արձանագրութիւնը. «Շնորհօքն Աստուծոյ ես տիկին Քալոյ Յովսէփ-բէկ Մէլիք Շահնազարեանց կառուցի զայս Երից մանկանց եկեղեցիս յարդար վաստակոց իմոց 1854 թուին»: Քահանայ մի: Ծուխ 34, ար. 114, իգ. 87:

 

ՄԱՄԱՍԷԻ ՎԱՆՔ

  Այսպէս է անուանում Արցախի հասարակութիւնն այն վանքը, որ շատ վաղուց շինուած է շէնիս մօտ բարձր բլրի վերայ, որի արեւելեան եւ հիւսիսային կողմերն վիմահերձ բարձրութիւններ են: Վանքս, որ կառուցեալ է երկու սիւների վերայ, ունի եկեղեցու ձեւ: Խորանի տակ կայ չորս գերեզմանաձեւ շիրիմ, որ նորոգուած է երբեմն-երբեմն տաճարիս հետ միասին: Մեծ ուխտատեղի է վանքս եւ շիրիմներս: Վանքիս մօտ եղած են խուցեր միաբանից համար, որք աւերակ են այժմ բոլորովին: Երեւում են նաեւ պարսպի հետքերն, որով պատած են վիմահերձից վիմահերձ:

ԺԹ. ԲԼԲԼԱԿ ՇԷՆ. Հիմնուած նոյն լեռնագօտու հարաւահայեաց լանջի վերայ: Բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն. չունին եկեղեցի. հոգեւոր պէտքերն կատարւում են Սխտորաշինում: Ծուխ 15, ար. 65, իգ. 65:

Ի. Սխտորաշէն. Հիմնուած է նոյն լեռնագօտու հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն (ունին այգի, պարտէզ եւ թթենի), օդն, կլիման, ջուրն անվնաս. երկար կեանք 75-80. եկեղեցին նորաշէն եւ կիսատ տակաւին, քահանան գալիս է Ծովատեղ գիւղից: Ծուխ 65, ար. 281, իգ. 203: Շինիս այգիների աղբիւրի մօտ կայ մի թեղի բազմադարեան ծառ, որի հաստութիւնն է 22 մետր, 75 սանթիմ:

ԻԱ. ՀԻՐՀԵՐ ԳԻՒՂ. Հիմնարկուած է նոյն լեռնագօտու հիւսիսային կողմում, գիւղի դիրքն արեւելահայեաց . բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի եւ կիսով չափ բէկական, բայց բարեբեր եւ պտղատու, տեղական բերքերն նոյն, առատ է տանձն եւ խնձորն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100. քահանայ մի, ծուխ 80, ար. 325, իգ. 255: Եկեղեցին Սուրբ Գրիգորիս, հոյակապ. համակ սրբատաշ քարով շինուած, կառուցեալ չորս սիւների վերայ, արտաքուստ խաչաձեւ, ներքուստ` ժողովրդեան կանգնած տեղից վերեւ, գմբէթ. երկարութիւնն 19 մետր 24 սանթիմ, լայնութիւնն 13 մետր 63 սանթիմ: Բեմի ժողովրդահայեաց երեսին փորագրուած է.

«Կամաւն Աստուծոյ ես` Պետրոս Կաթուղիկոս Աղուանից սուրբ աթոռոյ Գանձասարայ, նորոգեալ սուրբ աթոռս Ամարասայ արհի եպիսկոպոսութեան բոլոր նահանգի Վարանդու եւ Քոչիզու, քանզի փեռեկտեալ եւ պատառեալ էին զվիճակ սորին արարեալ ըստ իւրաքանչիւր կամաց. իսկ մեք զցանկ հայրենի նորոգեալ ժողովեցաք, նորոգեցաք զսիրելի աշակերտս մեր զտէր Բարսեղ արհի եպիսկոպոսն, որ եւ հրամայեցաք սմա շինել զեկեղեցի իմ Հովարան Ամարասայ, զոր եւ շինեալ կատարեաց ըստ մերում հրամանի յաւուր տաւնի այլակերպութեանն Քրիստոսի. եւ աւրհնեցաք զսուրբ տաճարս անուանելով զսա սուրբ Գրիգորիս` բերելով ի նշխարաց սրբոյն Գրիգորիսի ամփոփեցաք երկրիս Վարանդու եւ Քոչիզու, զի եղիցի այս երկու աթոռս մի: Ով ոք զայս վիճակս բաժանել եւ զոք նստուցանել այլ տեղի, եթէ կաթուղիկոս իցէ կամ եպիսկոպոս, Տէր զայնպիսին` նզովեալ եղիցի ՅԺԸ հայրապետացն, ընդ խաչահանուացն դասեսցի. Յուդայի մասնակից եղիցի: Այս կտակ եւ արձանագիր յաւիտեան մնայ հաստատ»:

Հարաւային փոքր խորանի հիւսիսային սեմի վերայ.

«Մեք Հիրհերայ ճամիաթս տանուտէր Ղասումս, մեծ եւ փոքր ճանապարհի գլխի տափն ի սկզբանէ վախմ էր սուրբ Աստուածածնին. մեք ես վախմ արարաք Սուրբ Գրիգորիսիս. ով քակէ, նզովեալ եղիցի յԱստուծոյ»:

  Հիւսիսային փոքր խորանի հարաւային սեմի վերայ.

«Աստուած ողորմի տնտես Մարիամին, որ Է. (7) տարի եկեղեցուս հացն եւ ճաշն արաւ»:

Աւագ խորանի հիւսիսային կամարակալ սեան վերայ.

  «Կամաւն աստուծոյ… եկի սուրբ Աս… թիւն Հայոց ՌՃԵ ին հանդերձ Յո.. Ալէքսան, Եղիայ. եւ Մարտիրոս եպիսկոպոսօքս, որ առ Աստուած փոխեցան, որ թիւն էր ՌՃԺԶ. ի ա. յուլ. հիմնարկեցաւ սուրբ տաճարիս… արնա սուրբ Գրիգորիսի ձեռնտւութեամբ…… ի թիե… աշխատանս արարի… Մահդասի Գէսուն… ցէ ըստ աշխար… անց…յիշեցէք…ցս ոս. [7] »:

  Արեւմտեան դրան ճակատակալ քարին վերայ.

«Ես Պետրոս կաթուղիկոս աշակերտ Ղուկաս վարդապետին ետու շինել կաթուղիկէս յիշատակ ինձ եւ աշակերտին իմոյ Բարսեղ եպիսկոպոսին. յիշեցէք ի Քրիստոս»: «Աստուած աւրհնէ Քոչիզու ժողովուրդն այն աւրհնութեամբն, որ ոչ անցանէ, ձեռնտու եղեն կրին եւ քարին»: «Զաւրութեամբն աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ի դառն եւ ի նեղ ժամանակիս, վասն ծովացեալ մեղաց մերոց եկն մարախ եկեր զերկիրս Աղուանից եւ աւերեաց բազում տեղիս ի թագաւորութեան Շահ Սուլէմանին, պարոնութեան Միրզա Ղուլի բէկին եւ իշխանութեան երկրիս Վարանդու Մէլիք Բաղու որդի Մէլիք Շահնազարին եւ օժանդակութեան (թեամբ) Ովանիսին եւ քահանայից եւ տանուտեարց, մեծամեծաց եւ փոքունց ամէն. թվին ՌՃԻԲ»:

Հարաւային դրան ճակատակալ քարի վերայ

«Շնորհօքն Քրիստոսի ես` Բարսեղ եպիսկոպոս, աշակերտ Պետրոս կաթուղիկոսին, եւ ծնողսն իմ Աղայն եւ Գիւլաղայն ի գաւառէն Վարանդու, ի գեղջէ Գիշուն` նորոգեալ պայծառացուցի զսուրբ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք հանդերձ յոգնաթիւ սենեկօք, զեկեղեցիս շքեղացուցաք զարդուք, տուաք շինել զեկեղեցիս անուամբ Սրբոյն Գրիգորիսի Հովարան սուրբ աթոռոյն Ամարասայ, որ եւ մասն բերեալ ի նմանէ ամփոփեցաք աստ, իսկ հիմնարկեցաւ ՌՃԺԶ թվին կատարեցաւ ՌՃԻԵին»:

Գիւղիս հին հանգստարանում կայ մի հնաշէն մատուռ Սուրբ Աստուածածին անուամբ, որ խարխուլ է արդէն եւ քայքայւում է:

ԻԵ. ԾՈՎԱՏԵՂ ԳԻՒՂ. Շինուած է նոյն սարի հիւսիսային կողմում ոչ այնքան հեռի Հիրհերից. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, միջակ արդիւնաբեր, բայց պտղատու. տեղական բերքերն նոյն (նշանաւոր են տանձն ու խնձորն), պատուական օդն, կլիման, տեսարանն եւ ջուրն. երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանայ մի: Ծուխ 86, ար. 306, իգ. 276:  

 

ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ

Այս անուամբ է կոչւում Մէլիք Փաշաեանցների դմբարանն, որ կայ գիւղիս արեւելեան կողմում` ոչ այնքան հեռի մի բլրակի վերայ: Դամբարանիս շուրջն հանգիստներ են հնուց խիտ առ խիտ ամփոփուած, որի մէջ կան եւ խաչազարդ տապանաքարեր: Դամբարանս ստորերկրեայ է եւ բաղկացած չորս պատկից մատուռներից, որոց Ա-ն` մեծ. Բ-ն միջակ մատուռներ են: Գ-ն եկեղեցի է, Դ-ն փոքր մատուռ է: Լայնութիւնից լայնութիւն պատկից մատուռներս հաղորդակցութիւն ունին միմեանց միջնադռներով: Ա-ն մեծ մատուռն վնասուած է գագաթնագիծ ճեղքուածով, որի հարաւային պատն եւ դուռնն են միայն երեւում. քանզի ստորերկրեայ են բոլոր մատուռներս:

 

Ա. Մատրան ճակատակալ քարի վերայ

«Թվ. ՌՀ Դաւիթ եպիսկոպոս . յիշատակ է եկեղեցի վանքս, որ լինի սա դամբարան եւ շիրիմ մերոց նախնեաց»:

 

Մատրանս խորանի հարաւային կողմի խաչին վերայ.

«Թվ. ՌԼԵ ի հայրապետութեան Դաւիթ, առաջնորդի Մէլիք Փաշիկ [8], Պետրոս եպիսկոպոս»:

 

Վէմ քարի ժողովրդահայեաց երեսին.

«Դաւիթ եպիսկոպոս»:

 

Բեմի խաչի վերայ.

«Դաւիթ աբեղա կանգնեցի զխաչս Առան վարդապետի Տարսոնե… եւ զիս իշա (յիշեա)»:

 

Խորանի հիւսիսային կողմի խաչքարի վերայ.

«Թվ. ՌԻԵ ի հայրապետութիւն տէր Յովհանիսի. առաջնորդութիւն Մէլիք Փաշին, յանուն Աստուծոյ ես Սահակ եպիսկոպոս կանգնեցի զխաչս ի փրկութիւն եղբաւր մերոյ Ղազարին, աղաւթս յիշեցէք» (14):

 

Բ. Մատրան մէջ հարաւային պատում մի կիսատ խաչի վերայ. «Անուն տեառն աստուծոյ ես Մեիկ Հացգերգ (?) կանգնեցի զխաչս որդոյ իմոյ Սադիկայ եւ որ Եւայ ու Արղուն ձորոյ խոց. Աստուած ողորմի…. »:

 

Մի մեծ խաչի կէս երեսին վերայ.

«Այս է Սահակ եպիսկոպոսն, որ փոխեցաւ…»: Միւս կողմի վերայ: «Անուամբն Աստուծոյ ես Պետրոս եպիսկոպոս, Դաւիթ խան այանս կանգնեցինք զխաչս ի փրկութիւն Սահակ եպիսկոպոսին, աղաւթեցէք»:

 

Դ. Մատրան մէջ մի գեղեցկաքանդակ խաչքարի վերայ.

«Կամաւ ամէնակալին Աստուծոյ, ես Մէլիք Աւան կանգնեցի զխաչս ՚ի փրկութիւն իմոյ Մէլիք Պապին, մաւրն իմոյ Խոնդի խաթունին, ով որ յիշէք ի Տէր, յիշեսջիք առ Աստուած թվ. ՌԺԵ ին»:

 

Ուրիշ խաչի վերայ

«Կամաւ ամէնակալին աստուծոյ ես Մէլիք Ադամ որդի Մէլիք Պապին որդոյ Հախիջանայ թոռանց որդոյն Թոմասին որդոյ մեծի իշխանին Աւանայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն նախնեաց մերոց…»:

 

Այլ խաչարձանի վերայ

«Իշխանութեան Թահմազին, հայրապետութեան տեառն Գրիգորիսի եւ առաջնորդութեան ուխտիս Սահակայ եպիսկոպոսի…»:

 

Սարսափելի մութ, խոնաւ եւ անմաքուր են մատուռներս եւ լի չղջիկներով, մաշուած, տեղ-տեղ եղծուած եւ դժուարաւ ընթեռնելի են արձանագրութիւններն, վասնորոյ հազիւ թէ երկու օրում կարողացանք ընդօրինակել մեծ զգուշութեամբ այդ արձանագրութիւններդ: Թողում ասել, որ յաճախակի յարձակուեով չղջիկներն մեր վառ մոմերի վերայ` անցուցանում էին զայն եւ զմեզ թողնում դժոխային մթութեան մէջ»

Արդէն խօսած ենք լճակների շարքում երկու փոքր լճակների մասին, որք կան Ծովատեղ գիւղի եւ Խերխան շինի միջեւ: Ոմանք ասում են, թէ Ծովատեղ գիւղն լճերիցս ստացած է իւր Ծովատեղ անունը:

ԻԳ. ԽԵՐԽԱՆ ՇԷՆ. Հիմնուած է նոյն լեռնագօտու հիւսիսային լանջի վերայ. բնակիչք բնիկ [9], հողն բէկական. ամէնայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Գրիգոր, քարուկիր, քահանան գալիս է Ծովատեղից: Ծուխ 31, ար. 150, իգ. 120:

  ԻԴ. ՄԱՇԱԴԻ ՇԷՆ. Հիմնուած է մի ձորի երկու լանջերին, որ գտնւում է Մսմնայ գիւղի արեւելեան կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական եւ բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն անվնաս, երկար կեանք 75-80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր. քահանայ մի: Ծուխ 120, ար. 510, իգ. 433:

ԻԵ. ՄՍՄՆԱՅ. Հիմնուած է նոյն լեռնագօտու հիւսիսային կողմում, Շօշկայ վանքի արեւե-լեան ձորի լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի. հացաւէտ. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման, տեսարանն եւ ջուրն, երկար կեանք 89-90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Ղաւախան գիւղից: Ծուխ 70, ար. 260, իգ. 230:

ԻԶ. ՀՂՈՐԴԻ ԳԻՒՂ. Հիմնուած է մի բարձր սարի արեւելահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90-100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր' քահանայ մի: Ծուխ 136, ար. 624, իգ. 508:

Միդասեան ուսումնարան տղայոց. աշակերտք 35. թոշակատու 25, ձրիավարժ 10, տարեկան ռոճիկ վարժապետի 220 րուբլի:

 

ԲՈՂՐԽԱՆԻ ՎԱՆՔ (սարիս բարձ. 5326 ոտ. )

Հիմնուած է համանուն սարի հարաւ արեւելեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջում մի հարթակի վերայ: Ըստ ամէնայնի ունի եկեղեցու ձեւ կառուցեալ անտաշ կաթնագոյն քարով մի կամարի վերայ: Ունի մի մեծ եւ միայն մի փոքր խորան, մի դուռն, երեք լուսամուտ, երկու խոր- հըրդարան. 9 մետր 65 սանթիմ երկարութիւն, 5 մետր 50 սանթիմ լայնութիւն: Մի կոտրած եւ փոքր խաչքարի վերայ. «Խաչս տանն Արխի»: Այլ փոքր խաչքարի վերայ. «Խաչս Կ ես Բ Հ»:

Ունի շրջապարիսպ քառակուսի ձեւով պատուած, որ ունի միայն մի դուռն: Պարսպի հարաւային եւ արեւմտեան կողմում ներքուստ շինուած են թաղակապ խուցեր, անվնաս մնում է միայն վանահօր սենեակն, ամբողջապէս խոնարհուած են միաբանից սենեակների գլուխներն: Պարսպի երկարութիւնն է 40 մետր, լայնութիւնն` 18 մետր 50 սանթիմ: Անտառապատ է վանքիս շուրջն, որ ունի պատուական ջուր եւ մաքուր օդ:

ԻԷ. ՀԱՐԱՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Ա. լեռնագօտու [10] հիւսիսային կողմում մի ձորակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական եւ սակաւաբեր, բարեխառն օդն եւ կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85 տարի, եկեղեցին սուրբ Մեսրոպ, քարուկիր, քահանայ մի: Ծուխ 65, ար. 245, իգ. 200:

ԻԸ. ՆԻՆԿԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Բ. կամ միջին լեռնագօտու հարաւահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Ատուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, քահանայ երկու: Ծուխ 230, ար. 1041, իգ. 818:

 

ԾԱՌԵԽ ՈՒԽՏԱՏԵՂԻ.

Գիւղիս հիւսիսային կողմում մի բարձր սեռի վերայ կայ հնուց մնացեալ մի մատրան աւերակ, որի մէջ դրուած է մի խիստ հին քարեայ խաչ: Ահա խաչս է ուխտատեղին, որի շուրջն բուսած են ծերունի ծառեր, որք անձեռնմխելի մնացած են իբր նուիրական ծառեր գիւղացու կացնի հարուածներից:

ԻԹ. ՂԱՒԱԽԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է մի ձորի մէջ, խեղդուած է տեսարանն եւ սեղմուած հորիզոնն շրջապատող լեռներով 1). բնակիչք կիսով չափ բնիկ, կիսով չափ տեղափոխուած Ղափանից, Խանձաձորից եւ չորս գերդաստան Խնձորստանից, հողն բէկական, բարեբեր, ամրան ծանր օդն եւ կլիման, երկար կեանք 65-75, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, երկարութիւնն 17 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 65 սանթիմ. «Շինեցաւ այս եկեղեցիս Ղաւախանու հասարակութեան աշխատանօք 1871 ամի»: Քահանայ մի: Ծուխ 34, ար. 149, իգ. 131:

Գիւղիս հիւսիսային կողմում կայ հին հանգստարան եւ քարուկիր մատուռ, որի մէջ կան խաչարձաններ, որից միոյն վերայ. «Թվ. ՋՂԷ ես Շահաւոր կանգնեցի խաչս հայր Պախա, մայր իմ Շահմար…»:

Լ. ԵՆԿԻՋԱՆ գիւղ. Հիմնուած է Նինկի գիւղից բաւական ներքեւ նոյն գիւղի ջրաձորի ձախ կողմում մի սեռի վերայ. բնակիչք հատուած եւ եկած Նինկի գիւղից. ամէնայն ինչ նոյն, եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով, քահանան գալիս է նինկի գիւղից: Ծուխ 20, ար. 115, իգ. 95:

 

ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ

Ծառեխի սարի շարունակութեան վերջի ծայրին մօտ` բարձր սեռի վերայ շինուած է կաթնագոյն անտաշ քարով մի փոքր եւ հին եկեղեցի, որ ուխտատեղի է: Աւանդաբար ասում են, թէ Սուրբ Գրիգորիս Աղուանից Ա. կաթուղիկոսն հիմնարկել տուած է յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին: Դարերի ընթացքում քանիցս նորոգուած է:

ԼԱ. ՊԱՌԱՒԱԹՈՒՄԲ. Հիմնուած է սուրբ Լուսաւորչի եկեղեցու սարի վերջացած տեղի ստորոտում, ջրաձորի աջ կողմում, բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Պղնձահանքի մօտից, հողն արքունի եւ բարեբեր, տեղական բերքերն նոյն (մանաւանդ տանձ, խնձոր, բոժոժ) սննդարար օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան վալիս է Կղարծուց: Ծուխը հաշուած է Կղարծի գիւղի վերայ:

ԼԲ. ԿՂԱՐԾԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Ա. լեռնագօտու հարաւային կողմում, Պառաւաթմբի հիւսիսային հանդէպ, նոյն ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն արեւելահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական, արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 100. եկեղեցին յանուն Սրբոց Թարգմանչաց, քարուկիր, հոյակապ չորս սիւների վերայ, շինուած բնակչաց ծախքով, երկարութիւնն 18 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 12 մետր 60 սանթ. քահանայ մի: Ծուխ 165, ար. 604, իգ. 585:

 

Եկեղեցումս կայ.

Ա. Մասն կենաց փայտից զետեղուած մի արծաթեայ խաչում:

Բ. Աւետարան գրչագիր, գրուած հասարակ թղթի վերայ, մեծադիր, պատկերազարդ:

Յիշատակարանից «Զաւրութեամբն Աստուծոյ կատարեցի զսուրբ աւետարանս զայս յաստուածախնամ կղզիս Աղթամար… ի հայրապետութեան տեառն Զաքարիայի եւ ի թուաբերու- թեան Հայկազեանս տումարի ՋԻԶ ի դառն եւ ի նեղ ժամանակիս:

Արդ ես Յովհանէս ետու գծագրել զսուրբ աւետարանս…»: Շատ յետոյ գրուած է. «Ի վերջին դառն եւ ի նեղ ժամանակ խուժադուժ ազգ նետողաց` տաճկաց ազգաց չարամահ եղեն. Համզաբէկ անուն պարոն եւ այլ անթիւ զաւրք հրամանաւ ինքնակալին` որ կոչի Շահ Իսմայիլ` գնացին ի վերայ աշխարհին Քուրդստանայ, աւերումն բազմապատիկ ածին ի վերայ Հայոց, զորն սպանելով եւ զոր գերելով, գիւղ եւ քաղաք, վանք եւ անապատ միահաղով (ոյն) յափշտակեցին զՀայք եւ բերին զսուրբ աւետարանս գերմամբ ի յերկիրն, որ կոչի Արցախ, եւ հանդիպեալ այսմ աստուածաշունչ բուրաստանիս քահանայ մի եւ տեսեալ զսա… եւ գնեաց զանգին մարգարիտս ի հալալ ընչից իւրոց, ետ գին սորա ԶՌ. դահեկան եւ ետ յառաջնորդ Գանձասարու աթոռոյն եւ ծախեաց զսա ի Թաւրոս էրեց…. »:

 

Մատթէ ուխտատեղի.

Գիւղիս հիւսիսային հանդէպ մի տեսարանաւոր բլրի վերայ կայ մի հին մատուռ, որ շրջապատուած է ծերունի ծառերով: Ասում են աւանդաբար. «Խաչարձանիս տակ ամփոփուած է Մատթէ անուն քահանան, որ նահատակուած է անհաւատ բռնաւորներից հին ժամանակներում»:

ԼԳ. ՄՋԿԱՊԱՏ [11] գիւղ. Հիմնուած է այն բարձր լեռնաշղթայի վերայ, որ ճիւղաւորուած է Ա լեռանգօտուց եւ հասած մինչեւ Ամարաս վանքի հիւսիսային կողմն. բնակիչք բնիկ. հողն արքունի եւ բէկական եւ արդիւնաւոր. տեղական բերքերն նոյն. օդն եւ կլիման գերազանց, ջուրն պատուական, երկար կեանք 100 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին [12], քարուկիր, քահանայ մի: Ծուխ 83, ար. 465, իգ. 362:

  ԼԴ. ՔԱՐԱՀՈՒՆՋ (ունչ) ԳԻՒՂ. Հիմնուած նոյն լեռնաշղթայի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, միջակ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն եւ կլիման ո'չ այնքան լաւ. երկար կեանք 65-70. եկեղեցի չկայ, քահանան գալիս է Քերթից, որ խիստ մօտ է: Ծուխ 36, ար. 125, իգ. 95:

ԼԵ. ՔԵՐԹ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի հարաւ-արեւելահայեաց ստորոտում, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի եւ բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, ջուրն պատուական, օդն եւ կլիման փոքր-ինչ բարեխառն, երկար կեանք 75-80. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, քահանայ մի: Ծուխ 56, ար. 194, իգ. 150:

 

ԱՄԱՐԱՍ ՎԱՆՔ (15)

Հիմնուած է այն երկրալեզուի վերայ, որ Մուղան դաշտից կամ գաւառից մտած է Խազազի եւ Լուսաւորչի սարերի մէջ եւ կազմած դուրալի հովիտ, որի միջից հոսում է Ամարաս վտակն [13]: Վանքս ի հիման նորոգ կառուցեալ է 1858-ին չորս հաստատուն սիւների վերայ ամբողջապէս  սրբատաշ կաթնագոյն քարով: Ունի մի աւագ եւ երկու փոքր խորաններ, տասն մեծ-մեծ լուսամուտ, մի դուռն` արեւմտեան կողմից, երկու խորհրդարան, մի աւազան եւ մի փոքր կաթուղիկէ: Աւագ խորանի տակ է շատ վաղուց շինուած հնութիւնն, որի մուտքն բացուած է դասի հարաւային կողմի բեմի մօտից. տասնեւութ սանդուղներով իջնում է մինչեւ յատակի մատուռն: Ստոր-երկրեայ շինութեանս երկարութիւնն (ներսից չափելով) 3 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 1 մետր 90 սանթիմ: Փոքրիկ մատուռս, որ ամբողջապէս շինուած է Խազազի հանքի սրբատաշ քարով, բացի հարաւային մուտքիցս ունեցած է եւ միւս մուտք արեւելեան կողմից, որ փակ է այժմ:

  Հիւսիսային դասում առաջին լուսամտին պատկից շինուած է մի գեղեցիկ տապանաքար, որի տակ է ամփոփուած Սուրբ Լուսաւորչի Թոռան Աղուանից Ա. կաթուղիկոս Գրիգորիսի, մարմինն: Ահա այս է գլխաւոր ուխտատեղին: Վանքիս երկարութիւնն է 23 մետր, լայնութիւնն 13 մետր 33 սանթիմ:

Տաճարումս է մասն սրբոյն Գրիգորիսի զետեղուած մի արծաթեայ, ոսկեզօծ, ականակուռ եւ մատանիներով զարդարուած աջի մէջ, որ կրում է.

«Աջ սրբոյն Գրիգորիսի Աղուանից հայրապետին. շինեցաւ յամին 1870 ի Շուշի քաղաքի անվարձ աշխատութեամբ շուշեցի ոսկերիչ Միրզաջանայ Խոջաբաղրեանց, Գրիգորի Բատամեանց եւ Առաքելի Յարութիւնեանց»:

Տաճարս ունի քարաշէն, ամրակազմ, քառակուսի եւ բարձրագոյն շրջապարիսպ, չորս անկիւններում չորս աշտարակներ եւ պատերի վերնամասից հրացան արձակելու ծակեր, որք շին-  ւած են ռուսներից, երբ այստեղ էր մաքսատունն: Պարսպիս երկարութիւնն արեւելքից արեւմուտք 94 մետր է, լայնութիւնն 56 մետր 40 սանթիմ: Պարսպիս ներսում արեւելեան կողմում կայ 5 մեծ սենեակ (այժմ` գոմ), հարաւային կողմում կայ 6 սենեակ, արեւմտեան` 5 (այժմ 4-ն անկարգ), հիւսիսային` 8 (այժմ 5-ն անկարգ): Հարաւային մասում միայն կայ վերնայարկ երկու աւերուած սենեակ: Շինութեան մէջ ամէնաշքեղ մասն եղած է միայն սենեակներս, որք շինուած են տաշուած կաթնագոյն քարով եւ ունին չորս կողմերից զոյգ-զոյգ լուսամուտներ եւ մէն մի լուսամուտ ունի մի-մի բաժանարար քարեայ սիւն [14]: Ահա այս եղած է երբեմն կաթուղիկոսարան Աղուանից: Ընդհանրապէս անմաքուր, անկարգ եւ անխնամ է այս պատուական վանքն ամէնայն մասամբ, որ այժմ ընկած է բարոյապէս եւ նիւթապէս:

Վանուցս անշարժ կալուածներն են.

Ա. Վարելահողեր,

Բ. Այգի եւ թթենաց պարտէզ,

Գ. Մի ջրաղաց: Վանահայրն է մի տիրացու…

Ամարաս աւերակ գիւղաքաղաք

Վանքիս հարաւային կողմում, ջրի աջ կողմի բարձր լանջի վերայ կայ ընդարձակ աւերակ: Տնաբակերից երեւում է, որ տներից ամէնամեծ մասն շինուած է եղել Արցախի յատուկ եւ հին ձեւով -գետնափոր: Ոչինչ պակաս ընդարձակ է եւ գիւղաքաղաքիս հանգստարանն, որ մօտ է աւերակիս:

ԼԶ. ՍՕՍ ԳԻՒՂ. Հիմնուած է Լուսաւորչի սարի արեւմտահայեաց ստորոտին մօտ լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի եւ կիսով չափ բէկական, անջրդի, բայց բարեբեր եւ հացաւէտ. տեղական բերքերն նոյն, օդն եւ կլիման սննդարար, ջուրն գովելի, երկար կեանք 85-90. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, առանց կամարի եւ սեան. երկարութիւնն է 12 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 90 սանթիմ: Դրան ճակատակալ քարի վերայ. «Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս»: Քահանայ երկու: Ծուխ 107, ար. 385, իգ. 302:

Լուսաւորչի սար. Բարձրացած է գիւղիս գլխին վերեւ` արեւելեան հանդէպ: Սարիս կատարին վերայ կան շատ թափուած քարեր, տնաբակեր եւ եկեղեցու աւերակ:

Աւանդութիւն. Աւանդաբար պատմում են. «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կողմերումս քարոզելու եւ եկեղեցիներ հիմնարկելու ժամանակ գիշերն բարձրացած է սարիս գլուխն եւ աղօթքով լուսացրած գիշերները: Սուրբ Գրիգորիս Աղուանից կաթուղիկոսի մարմինը երբ փախցրած բերում են նորա աշակերտներն Դարբանտից այստեղ, նահատակել տուող թագաւորի զօրականներն, փախցնողների ետեւից ընկած, գալիս են մինչեւ այստեղ: Սակայն աշակերտներն ապաւինելով յԱստուած եւ դիմելով Սուրբ Լուսաւորչի աղօթած տեղն, ազատ են մնում հալածողներից եւ ապա նահատակուած Սուրբ Գրիգորիսի մարմինը տանում թաղում Ամարասի վանքում եւ իրանք փախչում դէպի Հայաստան»:

 

ԵՂԻՇԱՅ ԿՈՒՍԻ ԱՆԱՊԱՏ

Հիմնարկուած է այն բարձրագոյն գագաթի վերայ, որ արձանացած է Սօսի, Լուսաւորչի սարի, Քերթի եւ Ղուզի-Ճարտարի մէջ: Հանգստարան է անապատիս շուրջն. գագաթս զարդարուած է թեղի եւ տխկի ծառերով եւ հին ու նոր տապանաքարերով: Մենաստանս շինուած է անտաշ որձաքարով, իսկ կամարներն եւ բոլոր անկիւնաքարերն` սրբատաշ քարով: Մենաստանս, որ կանգնած է երկու սիւների վերայ, ունի երկու փոքր եւ մի աւագ խորան, երկու խորհրդարան, աւազան, վեց լուսամուտ, քարեայ խաչկալ, մի դուռն` արեւմտեան կողմից, մի փոքր կաթուղիկէ իբրեւ զանգակատուն եւ մի փոքրիկ խորանաձեւ գերեզման` աւագ խորանի բեմի տակ, որի դուռն բաց է դէպի դասի մէջ տեղն: Ահա այս է Եղիշա Կուսի գերեզմանն, որ մեծ ուխտատեղի է: Անապատիս երկարութիւնն է 15 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 70 սանթիմ: Քարեայ խաչկալի հարաւային դրան հիւսիսային սեմի վերայ. «Յիշատակ է Համասուտանց Միրզախանի որդի Մանուէլ վարդապետիս այս խաչկալս. եղբարքն իմ Պապան եւ Վանլալան, քորար (քորք) իմ Գուլասմար, Ինթաղիհ, ծնողքն իմ Մումխանում, կողակից իմ Նազլու, որդի իմ Հախնազար, Շահպատ, Սիրուն, Վռամին, Մազրվանին եւ դստերն իմ Բաջուն, Դօսդաշին թվ. ՌՃԴ»:

Խաչկալի հիւսիսային կողմում մի խաչքարի վերայ.

«Ղազար, կողակից ուր (իւր) Նազլու թվ. ՌՃԴ»:

Հիւսիսային խորանի ճակատակալ քարի վերայ.

«Ես Աղէս կանգնեցի զխաչս փրկութիւն ինձ եւ կենակցին իմոյ, որդւոյ եւ դստերաց իմոց ՋՀ. »: Կարծում ենք, որ խաչքարս գերեզմանից վեր առած եւ դրուած է այստեղ:

Դրան ճակատակալ քարի վերայ [15]

«Կարողութեամբ ամէնազօրին Աստուծոյ ես նուաստ տէր Յոհան անձամբ տկար աբեղայս եւ որդէգիր Փոքր տէր Յոհանս շինեցաք սոյն զեկեղեցիս ըստ անուան Սրբուհոյ Կուսին Եղիշէի ի կաթուղիկոսութեան տեառն Երեմիայի եւ տանս Աղուանից որ ՚ի մայր աթոռոյն Գանձասարայ վասնորոյ յիշել աղաչեմք հանդերձ ծնողովք մերովք ՌՃԻԴ. »: Անապատիս որմին արեւմտեան արտաքին երեսն խաչազարդուած է խաչքարերով:

Սոյն երեսի լուսամտի գլխին.

Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, ես անարժան ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցիս ի ձեռամբ իմով, ով կարդա, մէկ բերան ողորմի ասէ. խաչս յիշատակ է Գաբրելիս եւ ծնողաց իմոց եւ դստերաց եւ որդոց իմոց»:

ԼԷ. ՂՈՒԶԻ-ՃԱՐՏԱՐ (Հիւսիսահայեաց Ճարտար). Շինուած է նոյն սարի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, առատաբեր, տեղական բերքերն նոյն, նշանաւոր է ցորենն եւ գարին, գերազանց օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 110 տարի, եկեղեցին Սուրբ Գէորգ, կառուցեալ մի կամարի վերայ, երկարութիւնն 15 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 60 սանթիմ, քահանայ երկու: Ծուխ 145, ար. 580, իգ. 465:

Եկեղեցումս կամ մի փոքրադիր, թղթեայ ձեռագիր աւետարան, պատկերազարդ, անյայտ է գրողի անունն, միայն յայտնի է, որ ստացած է Յովհաննէս անուն ոմն:

Մասունք Երից մանկանց մի արծաթեայ փոքր խաչի մէջ:

ԼԸ. ԿԻՒՆԻ-ՃԱՐՏԱՐ (Արեգդէմ Ճարտար). Հիմնուած է բերդասարի հարաւային կողմում, դիրքն հարաւ-արեւելահայեաց, միայն մի ձորակով բաժանուած Ղուզի-Ճարտարից. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, սակայն բազմարդիւն, տեղական բերքերն նոյն (այգի, թթենի գովելի, հռչակուած է գիւղիս ցորենն), գերազանց օդն, կլիման, ջուրն եւ տեսարանն. երկար կեանք 111 տարի, եկեղեցին Ամէնափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, ունի միայն աւագ խորան. երկարութիւնն է 11 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 55 սանթիմ: Դրան ճակատակալ քարին վերայ. «ՌՄԼԶ թվին. այս է Ամէնափրկչին սուրբ եկեղեցիս, սա [հ]ոքեւոր յիշատակ տէր… Իյ. Խանումէն»: Իսկ վերեւ. «Ուստայ Թիւնի» (Յարութիւն շինող վարպետի անունն է): Քահանայ մի: Ծուխ 260, ար. 1095, իգ. 855:

Գիւղումս կայ Ս. Գրիգորեան միդասեան ուսումնարան տղայոց, աշակերտք մօտ 50, թոշակատու 38, ձրիավարժ 10, միամեայ ռոճիկ վարժապետի 22 ր.

 

ԿՈՀԱԿ ՈՒԽՏԱՏԵՂԻ

Մի աւերակ մատուռ է Կոհակ այուամբ, որ հիմնուած է Գիւղիս անդում մի խութի վերայ: Աւերակս ծածկուած է ճապկի ծառերով: Խութիս գագաթն ունի մօտ երկու կալաչափ մեծութիւն: Ուխտի օրն է ամէն Համբարձման տօնն:

Դավէ-չիչէք

Այս անունը կրող աղբիւրն բղխում է գիւղիս արեւմտեան հանդէպ եղած քերծիցն եւ թափ-ւում է իւր տակի փոսին մէջ: Կարմրուկ (տեղական բարբառով խաւարթնը) ախտով հիւանդացեալները բերում եւ լողացնում են փոսի միջի ջրովն, որով բժշկւում է հիւանդն:

Բերդի նահատակ

Աղբիւրիցս վերեւ մի բարձր ապառաժի վերայ կայ մի կիսաւեր մատուռ, որ իւր մէջ կրում է իւր արեամբ ներկուած մի նահատակի մարմինը, որի անունն անյայտ է: Միայն յայտնի է, որ ուխտատեղի է խիստ հին դարերից աւանդաբար մնացեալ:

ԼԹ. ԽՈՒՆԸՇԻՆԱԿ (Խուն-շինակ). Հիմնուած է բերդասարի արեւելահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման փոքր-ինչ ծանր ամրան, տեսարանն պատուական, ջուրն սննդարար, երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կամարակապ, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 45 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 80 սանթիմ, քահանայ երկու:

Արձանագրութիւն դրան ճակատակալ քարի վերայ:

«Ի ՌՅԹ. (1860) Կամաւն Աստուծոյ կառուցաւ եկեղեցիս Խնշինագ գեղջ անուն սուրբ Աստուածածնի սեպհական արդեամբք եւ ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն, ազնուազգի աղա Հայրապետ բէկի Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ եւ ազնուհւոյ ամուսնոյն իւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց եւ ծնողաց իւրոց հօրն Բաղդասար բէկի, մօրն Նազլու Խանին»:

Ձեռագիր աւետարան փոքր դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ, ընկած է Ղուկաս աւետարանչի պատկերն: Գեղեցիկ եւ ճարտարարուեստ են պատկերներն, նախշերն, ծաղիկներն եւ թռչնագրերն, ընտիր ոսկեզօծն եւ ներկերն:

Յիշատակարանից. «Որ (Ամէն). Երրորդութիւն) ետ կարողութիւն տկար եւ մեղապարտ, անարժան Գրիգոր երիցու, որ ծաղկեցի զիա (զայս) եւ հասայ ՚ի յաւարտ սուրբ աւետարանիս. ծրագրեաց սա ՚ի յաւնդանց [16] ձեռամբ Վարդան երիցու… Մահտեսի Թաղիաջի խոջա Գազպարն եւ որդի նորա խոջա Յակովբջանն յայսմ տարւոջ եկին ի Վան, որ էր թուականիս Հայոց ՌՃ եւ ԻԱ եւ ստացան զսա ի հալալ վաստակոց իւ- րեանց ի յիշատակ իւրեանց եւ իւրեանց ծնողացն»:

  Չգիտենք ի՞նչ պատճառաւ յետոյ աւետարանս ընկած է Աւետարանոց աւանն. «Գրեցաւ ի 1845 ամի փետ. 18-ին. այս յիշատակ հայերէն աւետարանս տուեալ եղեւ ի գիւղն Խունիշինակ Սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն որ է ընծայողն Չանաղչու (Աւետարանոց) գիւղին բնակիչ Մէլիք Ջահանբաղշի որդի դուստր Նանակուլ Մէլիք Շահնազարեանց եւ այլ մին սուրջառ (շուրջառ) իւր արծաթի չափռաստովն…»:

Գրչագիր մաշտոց. գրուած է թղթի վերայ. «Արդ, աղաչեմ զՁեզ… յիշեսջիք ի մաքրափայլ աղաւթս ձեր զԱստուածատուրն եւ զեղբայրն իւր զՄարգարէն եւ զծնողսն նորա եւ զՅակովբ քահանայ եւ զՍիմէոն քահանայ, որ աշխատեցաւ ի գրելն…»: Մաշտոցս եկեղեցուս նուիրած է շուշեցի տիրացու Անաստաս Տէր-Մկրտչեանց 1855-ին դեկ. 1-ին: Ծուխ 96, ար. 485, իգ. 325:

Խ. ԿԻՇԻ ԳԻՒՂ. Հիմնուած է բերդասարին հիւսիսային կողմում մի հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, ամէնամեծ մասամբ անջրդի, բայց արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն (բոժոժ, թութ, խաղող առատ են), օդն, կլիման եւ ջուրն պատուական, տեսարանն զմայլելի, երկար կեանք 60. եկեղեցի Սուրբ Մինաս, թաղակապ, երկարութիւնն 16 մետր 65 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 85 սանթիմ. քահանայ մի: Գիւղումս կայ եօթանասուն այրի կին: Պատճառն այն է, որ մարդիկ ամրան ջերմ ամիսներում աշխատում են Մուղանի դաշտաբերանում եւ վախճանւում անժամանակ: Ծուխ 127, ար. 584, իգ. 481:

 

ՈՍԿԵԱՆՑ ԽԱՉ

Այս անուամբ կոչւում է այն վաղեմի սրբավայրն, որ կայ գիւղիս աղբիւրի մօտ, ջրաձորի աջ ափում եւ որ ունի այժմ քառակուսի ձեւ, քարուկիր շինուած: Այժմ բաց է շինութեանս գլուխն եւ մի ծերունի թքեռնի ծառ բուսած է սրբավայրիս մէջ, ուր կայ եւ մի քարեայ խաչ, որի վերայ վառում են մոմեր: Դրան սեմի վերայ. «Թվ. ՌՅ յիշատակս յօրինեցաք Սայեամ կամ (եւ) Բաղդասար Յարութիւնեան Բաղրեանց»: Սրբավայրիս մօտ եղած հին հանգստարանում. «Այս է տապան Պակնայզարի որդի Աղաբէկ քոխային (գիւղապետին) ՌՃՀԲ»:

ԽԱ. ՍՊԻՏԱԿ ՇԷՆ. Հիմնուած է Կիշի գիւղի հիւսիսային կողմում, մի հարաւ-արեւելահա-յեաց սարալանջի վերայ: Այն գեղեցիկ հովիտն, որ վտակաձորով [17] ներս մտած է Մուղանից իբրեւ երկրալեզու, բաժանած է Սպիտակ գիւղի սարս Կիշու սարից: Բնակիչք գաղթած են Խոյից, հողն բէկական եւ արդիւնաւոր, տեսարանն հիանալի եւ նախանձելի, տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, երկարութիւնն է 15 մետր 33 սանթիմ, լայնութիւնն 7 մետր, քահանայ մի: Ծուխ 70, ար. 220, իգ. 180:

Ամէնափրկիչ (Ջարկեա մարագ) ուխտատեղի.

Սպիտակ շէն եւ Եմիշջան գիւղերի միջեւ մի բարձրավանդակի վերայ (3192 ոտք) խիստ հնուց շինուած է մի մատուռ, որ այժմ կիսաւեր է: Բայց կանգուն մնում է տակաւին վէմ քարն եւ մի խաչարձան:

Ուխտատեղիս ծածկուած է մեծ-մեծ ծառերի փառաւոր հովանու ներքեւ, իսկ իւր շրջապատն լի է հին եւ նոր խիտառխիտ ամփոփեալներով: Կանխաւ ուխտատեղուս մօտ եղած է շարքով շինուած մարագներ, վասնորոյ կոչուած է եւ Ջարկեա մարագ:

ԽԲ. ԵՄԻՇՋԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Ամէնափրկչիս հիւսիսային ստորոտում մի սարահարթի վերայ, բնակիչք մեծ մասամբ տեղացի, իսկ փոքր մասամբ գաղթած Պարսկաստանից. հողն կիսով չափ արքունի եւ կիսով չափ բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 62, ար. 222, իգ. 180:

ԽԳ. ԱՇԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Եմիշջան գիւղի արեւմտեան կողմում, մի ձորի հարաւահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ, իսկ մնացեալ մասն տեղափոխուած է Ջրաբերդից. հողն արքունի եւ մասամբ բէկական, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 95 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, շինուած հասարակութեան ծախքով երեք կամարների վերայ. երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 85 սանթիմ: Աւազանի վերայ. «Յիշատակ Դաստանց Թա. »: «Յիշատակ Սահակ Աբրահա-  մեան»: Քահանայ մի: Ծուխ 104, ար. 415, իգ. 270:

Կարմիր աւետարան

Գիւղիս մէջ մի մատուռում, որ հիմնուած է ձորի ձախ կողմում, կայ մի ձեռագիր աւետարան մեծադիր, գրուած թղթի վերայ, պակասաւոր (թափուած են թերթերից) անյայտացած է եւ յիշատակարանն:

Յիշատակարան

Գիւղումս պ. Յակովբ Իշխանեանցի մօտ կայ մի հնատիպ ճաշոց, որի մէջ համբարձման պատկերի ետեւ գրուած է. «Ի Հայրապետութիւն Աղուանից տէր Ներսէս Կաթուղիկոսն էր ամաց ՃԻ էր փիթեալ (փթեալ, զառամեալ) իբրեւ ծերունի»… «Յիշատակ է ճաշոց գիրքս Իշխանի որդի Բալու քոխին (գիւղապետին) եւ իւրեան թոռն Իշխանին, իւր կողակից Մարեանին, եւ իւր մայր Խանփերին եւ Իշխանին եւ իւր կողակից Քամիլին եւ որդի Սարգիսին եւ դուստր Ազիզդուլին, Բալուի որդի Աւթանդիլին, Գրիգորին, իւրեան դուստր Անային, իմ քոյր Խանումին, Ակուլին իւրոյ… որ է ի գաւառէն Վարանդու ի գեղջէն Աշանու ի ձեռն գերընդիր… Մարտիրոս վարդապետին… թուական մեր Հայոց ՌՃՂԸ. էր… Մարասու (Ամարասայ) առաջնորդն էր Գասպար վարթապետն, իշխանն էր Ալլահղուլի Սոլթանն, որ է Չարայպերթու, այսինքն ազգաւ հայ եւ քաջամարդ, հախթող ընդ թշնամին իւր, Աստուած ինքն երկար կենօք պահեսցէ ամէնայն պատայհարաց, ամէն»:

ԽԴ. ՂԶՂԱԼԱ ԳԻՒՂ. Հիմնուած է Աշանի արեւելեան կողմում, սարերի մէջ մի գոգաւոր ձորի արեւելահայեաց լանջին վերայ. բնակչաց ամէնամեծ մասն բնիկ, մի քանիսն փոխադրուած Ջրաբերդի Եղակեր գիւղից, հողն բէկական, գինեւէտ եւ բարեբեր, տեղական բերքերն նոյն, նշանաւոր է գինին, թութն, նուռն, դեղձն, թուզն եւ տոմբալանն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, գովելի տեսարանն. երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ. երկարութիւնն է 14 մետր 30 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 12 սանթիմ:

Եկեղեցուս դրան ներսում, արեւելեան Բ կամարի վերայ. «Ես Ոհանէս շինեցի եկեղեցիս ի հալալ ինչից իմոց, հայրն իմ Թուման եւ մայրն իմ Իւսսան, կողակիցն իմ Խանում, հանգուցեալ որդին իմ Ա…»: Միեւնոյն կամարի հիւսիսային կողմի վերայ. «Ես Յովհաննէս եպիսկոպոս վերակացու շինեցի եկեղեցի… հայրն իմ Տաղտան, մայրն իմ Խոնտի: Ես Եղիա քահանայն, տէր Պողոս, տանուտէրն Վէլիճան, եկեղեցուս վարպետ Կէսբեր Յակոբ»: Քահանայ մի: Ծուխ 103, ար. 471, իգ. 337:

Եկեղեցումս կայ մի փոքրադիր ձեռագիր աւետարան, առանց պատկերի եւ միանգամայն պակասաւոր: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՌՀԲ. ձեռամբ մեղսամած եւ փծուն գրչի Աւետիքի ի քաղաքն Հալապ ի դուռն սուրբ Քառասնիցն ի դառն եւ ի նեղ ժամանակիս: Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զստացող սուրբ աւետարանիս Դիպխիսցի խոճա Մահտեսի Հովադեղն եւ զկողակիցն Խասխաթունն… Հովադեղն որ գնաց ի Երուսաղէմ եւ հանդիպեցաւ ի Հալապ, էառ զսուրբ աւետարանս յիշատակ ի դուռն Կաթուղիկէ Սուրբ Աստուածածնին»:

Ձեռագիր մաշտոց

Գիւղիս հոգեւոր հովիւ բարեկրօն Թովմաս քահանայ Տէր-Գրիգորեանցի մօտ կայ մի ձեռագիր մաշտոց, որի յիշատակարանից կարողացանք քաղել միայն հետեւեալը. «Գրեցաւ գիրքս, որ կոչի մաշտոց, ձեռամբ… թուին Հայոց ՌՃԻ»: Մաշտոցիս առաջին թերթի առաջին երեսին. «Յիսուսի Քրիստոսի ծառայ Աստուծոյ տէր Գրիգորէս գրեցի. ես առէ (գնեցի) մաշտէց (մաշտոցս) ա. թուման Եղագրցի Մեծ տէր Սարգսի որդի Ապրհամի որդի տէր Գրիգորէս առ էս մաշտէս, որ Փաթալի խանն [18] եկաւ Շուշի ղալին երայ (վերայ) կռւի թւին ՌՄԺ»:

 

Փոքր նահատակ

Կոչւում է այն նորաշէն եւ կիսատ մատուռն, որ կայ գիւղիս արեւելեան հանդէպ մի բարձրագոյն բլրի գագաթին վերայ: Նահատակն վաղուց ամփոփուած է, իսկ մատրանս շէնքն քանիցս նորոգուած է ի հիմանէ:

Մեծ նահատակ

Մի քարուկիր մատուռ է, շինուած այն բարձր սարի գագաթին վերայ (2492 ոտք), որ սահման է Աշան, Նոր-շէն եւ Ղզղալա գիւղերի եւ որ առանձնացած նայում է Աղուէ գաւառի դաշտի վերայ: Նահատակի գերեզմանն գտնւում է մատրանս մէջ, որի շրջապատում կան խուցեր: Երեւի թէ փոքր միաբանութիւն եղած է այստեղ. մինչեւ ցայսօր վարդապետի տափ (գետին) են անւանում արտավարը, որ կայ մատրանս ստորոտում փոքր ներքեւ սարալանջին վերայ, որի մէջ կայ մի շուքարան ծառ: Մատրանս մօտ եւս կայ հանգստարան:

ԽԵ. ՆՈՐ-ՇԷՆ. Հիմնուած է Հացի գիւղի արեւելեան կողմում, մի բարձր սարի ստորոտի մօտ. դիրքն արեւելահայեաց. բնակիչք գաղթած Ղարադաղից, Կիւլստանից, Կուսապատից, Բանանց գիւղից եւ Ծամ-ձորից. հողն բէկական, խիստ սակաւ, անջրդի, բայց այգեւէտ, բարեխառն օդն եւ կլիման, սննդարար ջուրն, երկար կեանք 95-105. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, խիստ վտանգուած, քահանայ մի: Ծուխ 70, ար. 272, իգ. 205:

ԽԶ. ՀԱՑԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Կղարծի գիւղի հիւսիսային եւ Նոր-շէնի արեւմտեան կողմում մի խոր ձորի հարաւ-արեւելահաեյաց լանջի վերայ (լանջիս ետեւն-արեւմտեան կողմն, քարեայ բարձր սար է [19] ). բնակիչք բնիկ, հողն արքունի, բարեբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն եւ կլիման եւ գովելի ջուրն, բայց խեղդուած տեսարանն լեռներով, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ, շինուած հասարակութեան ծախքով, քահանայ երկու` հայր եւ որդի: Ծուխ 143, ար. 545, իգ. 450:

 

ԲՌԻ ԵՂՑԷ (եկեղեցի)

Այսպէս է անուանում ժողովուրդն այն ընդարձակ հին հանգստարանը եւ եկեղեցիները, որք կան գիւղիցս ներքեւ ջրաձորի ձախ ափի ճանապարհի գլխին: Հանգստարանիս մէջ կայ երկու մատուռ, երեք բեմ եւ երկու եկեղեցի: Մատուռների եւ եկեղեցեաց մէջ նստած են յատկապէս վանահայրեր: Կարծում ենք, որ Աղուանից թագաւորազների եւ իշխանազների մարմիններն ամփոփուած լինին այս առանձնապէս պատրաստուած շինութեանց մէջ եւ աղօթաւոր վարդապետներ կարգուած պաշտօնապէս: Այսպէս էին Խոթայ, Խաթրայ, Գանձասարայ, Եղիշառաքելի, Հոռեկայ եւ այլն վանքերն եւս:

Ա. մատուռն փոքր է եւ լանջի ստորոտում: Խաչազարդ է մատրանս արեւմտեան արտաքին ճակատն եւ խոնարհուած ամբողջ գլխի ծածքն, որի դրան հիւսիսային սեմին վերայ.

«Չ. Շահէն վարդապետ եկեղեցոյս յիշեցէք ի Տէր»: Արտաքուստ դռնից վերեւ. «…քահանայ եւ եղբայր իմ Վարհամ եւ Վարհայք…. ունափա շինեցաք զեկեղեցիս բազում աշխատանաւք յեպիսկոպոսութեան տէր Յովհանիսին եւ տէր Ներսիսի յիշատակ հոգոց ազգաց եւ ծնողաց մերոց, որք կարդայք, յաղաւթս յիշեցէք աշխատողք եկեղեցոյս»:

Բ. մատուռն, որ ողջամբ կանգուն է, ունի 6 մետր 50 սանթիմ երկարութիւն, 4 մետր 12 սանթիմ լայնութիւն եւ սիրամարգի պատկերներ եւ սոյն արձանագրութիւնը. «ԶԽաչենիկ վարդապետ սուրբ եկեղեցոյս յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս»:

Ա. բեմն շինուած է Ա. մատուռից փոքր-ինչ վերեւ: Բեմիս բարձրութիւնն 3 մետր 58 սանթիմ է, լայնութիւնն` 3 մետր 22 սանթիմ, հաստութիւնն 1 մետր 85 սանթիմ, որի արեւմտեան ճակատում զետեղուած են չորս գեղեցկաքանդակ խաչարձաններ: Հազար ափսոս, որ ժամանակի  մշտագործ մուրճն հարուածելով եղծած եւ թափած է խաչարձանիս ընդարձակ արձանագրութիւնը, այնուամէնայնիւ արտագրում եմ` պակասները լցուցանելով կէտադրութեամբ:

«ՆԱ թիւս…… տէր Վարթ….. ի տարին Ի ժամ….. աղտատե…….. անէաքս….. մեր սու……. աղաչեմ»:

Հիւսիսային կողմի վերայ. «Ես Խաչենե.. կանգնեցի վարդապետ սուրբ նշանաւս որդի Վարհամա, որք կարդէք (կարդայք) յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս»:

Բ. բեմն շինուած է առաջնոյն հարաւային կողմին մօտ, որ ամէն ինչով նման է Ա-ին:

«……………….. իւրո մա…… Մխիթարս ո՞վ այրեցայ…. րենա… ասվաքչին զիսն պատյի.. տէր… Սնպատա ոչ յիսա զգերլելոց….. ի թաբա է մին պետ…. ի մինսն պատ….. սուրբ աղաւթս ձեր…. »:

Գ. Բեմն, որ փոքր-ինչ հեռի է Բ. -ից, յար եւ նման է միւսներին. թափուած են իւր միջի երկու խաչերի նախշերն եւ տեղ-տեղ արձանագրութեան բառերից գրեր.

«Թվ. ՉԺ Թ… ի կաթուղիկոսութեան տէր ըՍտեփաննոսի եւ յեպիսկոպոսութեան հայր տէր Ներսէսի Աստուծով մեր եղբարցս… ուց այդ եղայ Վարդս… այար կաթ…. րամիկս… յորդեացս….. եւ ծնողաց մերոց… ազգականաց… բար…. »:

Ա. Եկեղեցին հիմնուած է հանգստարանիս հիւսիսային կողմում, բարձր հարթակի վերայ շինուած սպիտակ անտաշ քարով: Ունի եւ գաւիթ իւր արեւմտեան կողմին կից, երկուսն միասին չափելով երկարութիւնն 14 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 20 սանթիմ: Ունի եւ սոյն արձանագրութիւնը.              

«Թվ. ՉԺԹ… ի տէրութեան…. տր Ստեփանոսի յե….. սիսի (յեպիսկոպոսութեան Ներսիսի) Ես Մխիթար որդի… կանգնեցի զխաչս»:

Բ. Եկեղեցին, առաջնոյն արեւմտեան կողմում մի քանի քայլ միայն հեռի, փոքր է եւ ամրաշէն: Շատ կարելի է, որ պատուաւոր ամփոփեալներ լինին եկեղեցեացս եւ մատուռներիս մէջ եւ մանաւանդ գաւթումս, բայց ծածկուած լինին թափուածքների ներքեւ, քանզի խիստ անմաքուր են յատակներն: Արձանագրութեանց մեծ մասն եղծուած են թէ տապանաքարերի եւ թէ խաչարձանների վերայից: Թողում ասել ջարդած, կոտրած եւ փշրած շիրմաքարերը, որոց թիւն խիստ մեծ է եւ որոց վերայ կան արձանագրութիւններ, բայց անվերծանելի, զի անյայտացած են կոտորներն: Վերջին եկեղեցուս մի ջարդուած քարի վերայ.

«Այս է տապան Խմիշի որդուն Սարքիսին. էն ժամանակն որ Պապա Ուշաղին թվ. ՌՃՀԴ որ եկն. ես թապուդի առաջք տուսդ իլի (դուրս ելայ). այանին ճդովն (պարանոց) սպանեցէն, հերքերանցս Աթային, Հերիքս [20] »:

ԽԷ. ԱՎՏՈՒՌ ԳԻՒՂ Հիմնուած է Հացի գիւղի արեւմտեան կողմում մի ձորի երկու լանջերի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, բազմարդիւն եւ պտղաւէտ, պատուական օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 90, եկեղեցին սուրբ Աստուածածին, կամարակապ, որկ իւրեանց ծախքով շինել տուած են մեծ. Սարգիս-բէկ եւ Յարութիւն-բէկ Ղազեանց, քահանայ մի: Ծուխ 125, ար. 477, իգ. 370:

ԽԸ. ՄԻՒՐԻՇԷՆ. Հիմնուած է Ավտուռի արեւմտեան կողմում. դիրքն արեւելահայեաց լանջ, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, նմանապէս օդն, կլիման, եւ ջուրն եւ երկար կեանքն, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, թաղակապ, քահանան գալիս է Ավտուռից: Ծուխ 31, ար. 150, իգ. 130:

ԽԹ. ՄԻՐԻՇԱԼԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Աղուէ գաւառի դաշտաբերանում, բնակիչք տեղափոխուած Բէլուկան քաղաքից շատ վաղուց, հողն բէկական, բեղմնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն եւ կլիման ծանր ամրան, երկար կեանք 65-70, եկեղեցին սուրբ Գէորգ, խախտեալ, քահանան գալիս է Դահրազից: Ծուխ 55, ար. 194, իգ. 175:

Ծ. ՎԱՐԱԶԱԲՈՒՆ [21] ԳԻՒՂ. (Արանզամի). Հիմնուած է Ա. լեռնագօտու Աղուէ գաւառի դաշտաբերանի վերայ կախուած` արեւելահայեաց վերջին լանջի վերայ. բնակիչք գաղթած Պարսկաստանի Ղարադաղ նահանգից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85-90. եկեղեցին սուրբ Աստուածածին, քահանան նոր վախճանեալ: Ծուխ 155, ար. 540, իգ. 415:

Տղայոց միդասեան ս. Գրիգորեան ուսումնարան. աշակերտ 40, թոշակատու 38, տարեկան ռոճիկ վարժապետին 360 րբլի:

  ԾԱ. ՓԻՐ-ՃԱՄԱԼ [22] ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի արեւելահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, ոմանք տեղափոխուած Ջրաբերդից, սակաւք Հին-Քեաթուկից եւ Բէլուկանից, հողն բէկական, անջրդի, այգեւէտ, բայց հացատու, օդն, կլիման եւ ջուրն նշանաւոր. երկար կեանք 100, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, որը կառուցանել տուած են իւրեանց ծախքով Շուշեցի բարեպաշտ Մահտեսի Շահկեալդին եւ Փիր-Ճամալեցի հանգուցեալ Բաղդասար Շամխալեանն. քահանայ մի: Ծուխ 146, ար. 475, իգ. 357:

 

Ղոբա ուխտատեղի

Գիւղիս անդումն է այս անուն ուխտատեղին, այս է երկու փոքրիկ մատուռներ, որոց մէջ, ասում են աւանդաբար, թէ ամփոփուած են նահատակուած Փիրու եւ Ճամալի մարմինները, վասն որոյ ուխտատեղի է յարգուած ո'չ միայն հայերից, այլեւ մահմետականներից:

ԾԲ. ՆԱԽԻՋԵՒԱՆԻԿ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն սարի արեւելահայեաց լանջի վերայ, բնակիչք գաղթած են Հին-Նախիջեւանի կողմից, հողն բէկական, կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն միեւնոյն, բարեխառն օդն եւ կլիման եւ սննդարար ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր բայց խախտուած, քահանայ երկու: Ծուխ 193, ար. 618, իգ. 521:

 

Նահատակուհի

Գիւղիս եւ Ասկեարան բերդի միջեւ կայ մի ուխտատեղի, որի մասին, ինչպէս ասացինք. Փիրու եւ Ճամալի քոյրն է, որպէս վկայում է աւանդութիւնն:

ԾԳ. ՆՈՐ-ՔԵԱԹՈՒԿ. Հիմնուած է միեւնոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ, Ասկեարանից բարձր մի ձորի գլխին, բնակիչք ամէնամեծ մասամբ տեղափոխուած Հին-Քեաթուկից, հողն արքունի, կիսով չափ լեռնային եւ անջրդի եւ կիսով չափ հովտային եւ ջրարբի (Գարգար գետակից), տեղական բերքերն նոյն (չիք այգի, առատ են թթենեաց պարտէզներ), օդն, կլիման եւ ջուրն վնասակար, տենդաբեր եւ մահատու, երկար կեանք արականաց նկատմամբ 50, այրի կանայք բազմաթիւ, եկեղեցին Սուրբ Աստուածածին. քարուկիր, կամարակապ, քահանայ մի: Ծուխ 25, ար. 60, իգ. 64:

Հին-Քեաթուկ. Մօտ կէս մղոնաչափ վերեւ է աւերակս, որ ունի ընդարձակ ծաւալ: Աւանդութիւնն ասում է, թէ 400-500 ծուխ եղած է Հին-Քեաթուկս, բայց ներկայ դարուս սկզբում` ստիպեալ սովի եւ ժանտախտի անողորմ երեսից` գաղթում եւ տեղափոխւում են զանազան տեղեր, որպէս տեսանք: Այժմ մնում է աւերակ եկեղեցին եւ մեծ հանգստարանն:

Սպիտակ-Հէօլ (ուլ այծի) այսպէս է անուանւում այն աւերակ եկեղեցին, հանգստարանն, որ գտնւում է Հին-Քեաթուկի մօտ: Ուխտատեղի են նոյնպէս թէ' աւերակ եկեղեցիս եւ թէ' Զինաւոր կոչուածն, որ փոքր-ինչ վերեւ է իւր հանգստարանով Սպիտակ-Հէօլիցս:

ԾԴ. ԴԱՀՐԱԶ-ԳԻՒՂ. Հիմնուած է Միրիշալլուից բաւական վերեւ, դիրքն արեւելահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն (այգի չունին), պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 95-100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, որ շինուած է հանգուցեալ Դաւիթ Ադամեանի եւ Բաղդասար Սողոմոնեանի ծախքով, կամարակապ եւ գեղեցիկ, քահանայ մի: Ծուխ 65, ար. 249, իգ. 214:

ԾԵ. ՔՌԱՍՆԻ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն իսկ Պողրխան սարի հիւսիսային ստորոտում, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն (բացի այգուց եւ բոժոժից), բարեխառն օդն եւ կլիման եւ սննդարար ջուրն, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Հռիփսիմէ, քարուկիր. քահանայ մի: Ծուխ 50, ար. 207, իգ. 168:

ԾԶ. ԴԱՇՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Քռասնու արեւմտեան կողմում, դիրքն արեւմտահայեաց, բնակիչք բնիկ, հողն արքունի, աւազուտ, անօգուտ. տեղական բերքերն` ցորեն, գարի եւ կորեկ, բարեխառն օդն եւ կլիման եւ անվնաս ջուրն. երկար կեանք 70-75, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանայ մի: Ծուխ 40, ար. 245, իգ. 125:

Սուրբ Սրաբեկ. Ուխտատեղի նահատակ գիւղիս հիւսիսային կողմում: Թափուած քարերից երեւում է, որ հնուց մատուռ եղած է Նահատակիս վերայ, բայց կործանուած է հիմնայատակ: Այժմ ծերունի ծառերի փառաւոր հովանու տակ շարուած են չոր քարեր իբր պատ, որի մէջ դրուած է մի հնաշէն քարեայ խաչ միջակ մեծութեամբ` յենած մի մեծ ծառի: Ահա խաչս է ուխտատեղի, որի ուխտաւորն ամառ, ձմեռ անպակաս է, մանաւանդ Շուշուց, որ շատ հեռի չէ: Նշանաւոր է արդարեւ Սրաբեկիս աղբիւրի ջուրն, որի մօտ կայ մի քանի սենեակ:

Ներքի-շէն եւ Սողոմոնի շէն աւերակներն, որոց բնակիչք փոխադրուած են Շուշի 1860-ին, կան Գարգար գետակի ափի բարձրութեան վերայ: Սակայն տակաւին մնում են Ներքի-շէնի կիսաւեր եկեղեցին, հանգստարանն եւ թթենի ծառերն:

ԾԷ. ԴՌՆԱՎԱՐԶ ԳԻՒՂ. Հիմնուած է Պողրխանայ սարի հարաւ-արեւմտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, աւազուտ, անջրդի եւ սակաւ արդիւնաւէտ, տեսարանն գովելի, տեղական բերքերն նոյն բացի այգուց, պարտիզից եւ բոժոժից, ամրան ջերմ օդն եւ կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 90-100" եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 90 սանթիմ, հիմնարկուած Հայոց ՌՄՂ. թուականին, քահանայ երեք: Ծուխ 128, ար. 466, իգ. 362:

Տղայոց միդասեան ուսումնարան, աշակերտ 65, թոշակատու 60, տարեկան վարժապետին 250 րուբլի:

 

Աղին նահատակ

Գիւղիս հիւսիսային կողմում մի բլրակի վերայ անտաշ քարով շինուած է շատ հնուց մի փոքրիկ եկեղեցի, որ կոչւում է այս անուամբ: Երկարութիւն 7 մետր 94 սանթիմ, լայնութիւն 5 մետր 12 սանթիմ: Խաչազարդ է բեմի ժողովրդահայեաց երեսն եւ հանգստարան եկեղեցուս շուրջն, ուր կայ եւ մի սենեակ, իսկ բլրի վարի կողմում` գիւղատեղի: Խաչարձանին վերայ, որ թեքուած է տաճարիս արեւելեան կողմում. «Ես Սահակ կանգնեցի զխաչս»: Սենեկի վերայ. «Ես Ադամս Աստուծով սուրբ խաչս կանգնեցի»:

 

Բեմ

Եկեղեցուցս փոքր-ինչ վերեւ է սրբատաշ չիչ քարով շինուած բեմն, որ ունի երեք մետր լայնութիւն, 2 հաստութիւն եւ 5 մետր բարձրութիւն: Բեմիս արեւմտահայեաց ճակատում զետեղուած է երեք գեղեցկաքանդակ եւ նրբագործ խաչարձան, որոց վերեւ գրուած է.

«Թվ. ՇԻ կամաւ ամէնակալին Աստուծոյ ես… Գրիգոր… Աստուծոյ միաբան եղբարքս լա… զխաչս իշխանութեան… եւ հայրապետութեան… Օհանէսի տէր Ներսէսի ո… աղաւթեցէք»:

ԾԸ. ՇՕՇՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է մի հիւսիսահայեաց ձորի աջ ու ձախ լանջերին վերայ, որ կայ Շուշի քաղաքի արեւելեան եւ Դռնավարզի արեւմտեան կողմում, Գարգար գետակի հարաւային օժանդակ վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակչաց փոքր մասն բնիկ, մեծ մասն` տեղափոխուած Մէլիք-Բաղու հետ Սոթից, մի քանի ծուխ Ջրաբերդից եւ մի ծուխ Պարսկաստանից, հողն արքունի, ամէնասակաւ, անջրդի եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, կայ եւ թթենի, օդն, կլիման եւ ջուրն պատուական. երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 60 սանթիմ, քահանայ երեք. հիւսիսային կամարի վերայ ներքուստ «ՌՃԻԸ»:

Դրան ճակատակալ քարին վերայ.

«Փոքր ծոթով ուր դա… հասայ քեւ Տէր. ոտարք շինեցաք զՍուրբ Ամէնափրկիչ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց եւ ննջեցելոց ի հայրապետութեան Աղուանից տեառն Երեմիայի… եւ ի մերոցս նահանգի աթոռն, որ Ղույ (?) տէր Գրիգոր եւ տէր Դաւիթ եպիսկոպոսաց. ես մեղաւորս տէր Դաւիթ էրեցս եղէ պատճառ յիշ (ատակի) ի Տէր հանդերձ ԺԵ. քահանայիւ, զտէր Առաքել քահանայն յիշեցէք ի Տէր, թվ. ՌՃԴ էր, յաղաւթս յիշեցէք: Տէր Յիսուս Քրիստոս Աստուած ողորմեա ննջեցելոցն»:

Երեւի թէ Սոթից եւ Մազրայից եկած օտարք` օտարք հայերն շինած են եկեղեցիս Ամէնափրկիչ անուամբ, բայց օծողն անուանած է Սուրբ Ստեփաննոս: Ծուխ 367, ար. 1248, իգ. 1100:

Հին-եկեղեցի. գիւղիս հիւսիսային հանդէպ ձորի միւս կողմում կայ մի հնաշէն եւ խարխլուած եկեղեցի, որի արեւմտեան լուսամտի մէջ մի խաչքարի վերայ: «Թվ. ՋԷ (1458) ես Ղոչ սարկաւագ գոյարեցի (կանգնեցի՞) խաչս Ազիզա մաւր իմ»: Վաղեմի եւ ընդարձակ հանգստարան է եկեղեցուս շուրջն:

 

Պըլը-Պուղու գերեզմանն.

Գիւղիս արեւմտեան կողմում, մի փոքր քարայրի մէջ, որ գրեթէ սահման է Շօշու գիւղի եւ Արկաթալու շէնի հողերին, ամփոփուած է Պըլը-Պուղու մարմինն, որ զուարճաբան էր Մէլիք-Շահնազար Գ-ի մօտ:

ԾԹ. ԱՐԿԱԹԱԼՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Պըլը-Պուղու գերեզմանի հարաւ-արեւմտեան կողմում մի հովտանման ձորակում, որ շատ հեռի չէ. բնակիչք բնիկ. հողն արքունի. տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 80-90. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանայ մի: Ծուխ 26, ար. 120, իգ. 108:

Կ. ՀԻՒՆՈՏ ՇԷՆ (հուն պտղի անուամբ). Հիմնուած է Գարգար գետակի հարաւային օժանդակի ձախ ափի վերայ, մի սարսափելի խոր ձորում, որի գլխին է Շուշի քաղաքն եւ խիստ նեղ է հորիզոնն, բացի ջրաղացներից չունին ուրիշ եւ ոչինչ: Ծուխ 19, ար. 70, իգ. 60:

 

ՀՈՒՆՈՏԻ ԿԱՐԱՆ (քարայր)

Երկար դարերի ընթացքում օժանդակս միջից ճեղքած է այն քարեայ սարը, որ միացած է եղել Շուշուսարի հետ: Հետզհետէ խորացնելով այս ջրատար ճեղքը շինած է մի կատարեալ անդունդ: Նեղ, խոր եւ ահարկու ճեղքուածքիս երկու կողմերն ձեւացած են անձեռագործ, բայց յաւիտենական պարիսպներ: Օժանդակ վտակիս ձորին երկու կողմերում եւս կան շատ քարայրներ, որոց առաջինն գտնւում է Հունոտի մօտ, օժանդակիս աջ ափի բարձրութեան վերայ: Մի նեղ, զառիվեր եւ միանգամայն վտանգաւոր քարեայ կածան առաջնորդում է դէպի քարայրն: Սոսկալի է կածանիս վտակի կողմն. Տէրն մի' արասցէ, եթէ սահեց կամ մի փոքր ծռուեց ոտքդ, թաւալգլոր կորած ես մութ անդնդում: Քարայրիս առաջին մուտքն, որ քարուկիր է, ներկայացնում է պահապանի կամ դռնապանի բնակարան, երկրորդ տեղն` ծառաների, իսկ երրորդն ընդարձակ եւ գեղեցիկ քարայր է, որ է իշխողի բնակարանն: Քարայրիս մէջ կայ մի ազնիւ ջուր:

ԿԱ. ՔԱՐԻՆ-ՏԱԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Շուշի քաղաքի հարաւային ստորոտում, նոյն օժանդակի ձախ ափի վերայ, մի խոր ձորում. բնակիչք տեղափոխուած Բերդաձոր գաւառի Խցաբերդ գիւղից. հողն արքունի, բայց կարի սակաւ եւ նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, գարնանի, սորեկ, հաճար, թթենի, ունին եւ ջրաղացներ, բարեխառն օդն եւ կլիման, պատուական ջուրն, բայց խեղդուած տեսարանն եւ նեղ հորիզոն. երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր եւ հոյակապ, քահանայ երկու: Ծուխ 174, ար. 625, իգ. 443:

Բ. Աւանայ-կարան` քարայր, որ կայ գիւղիս հիւսիսային հանդէպ Աւանայ քերծում: Մուտքն կլորակ է, բայց դժուարաւ բարձրանալի. խիստ խոր, սոսկալի մութ եւ բաւական երկար է քարայրս, որի ծայրն հասնում է համարեա' թէ մինչեւ Շուշու տակն, այս է Կոհար-աղայի տան տակն: Առանց լապտերի անհնարին է մտնել եւ յառաջ գնալ, քարայրիս բռնաշունչ հողմն անցուցանում է մոմը: Քարայրիս խորքումն եւս կայ ջուր (16):

Գ. Ալեքսանայ ղուզուն կարան

Դ. Եուղունիկի կարան (աղաւնու քարայր). որք կան նոյն օժանդակի աջ կողմի բարձր լանջերի վերայ:

 

ԱՄԱՐԱԹՆԵՐԻ ՇԻՆՈՒԹԻՒՆ 1)

Դարձեալ դժուարամատչելի եւ հին քարայրներ են, որոց առաջքն պատուած են տեղ-տեղ եւ գտնւում են նոյնպէս նոյն վտակին աջ կողմի բարձրութեան վերայ: 1886 թուին մի կատաղի վագր գալիս եւ մտնում է քարայրներիս մէջ. անյայտ մնում է մի քանի օր, ապա յայտնւում եւ սարսափ տարածում առհասարակ գիւղականաց եւ քաղաքացիների վերայ, ապա անսպասելի կերպով յանկարծ մի գիշեր յայտնւում է Գանձակում եւ վերջապէս մի օր սպանւում Ջաբրայէլում:

Պակաս չեն աւերակ գիւղեր, եկեղեցիներ եւ հանգստարան Զառիստում եւ սորա շրջականերում:


ԳԱՒԱՌԻՍ  ԲԵՐԴԵՐՆ

 

Ա. Բրդահոնջին (բերդաունչ) ՂԱԼԱ (3300)

  Չորս կողմերից առանձնացած եւ ձուաձեւ բարձրացած մի սար է բերդատեղիս, որ կայ Ներքին-Թաղավարդի արեւելեան հանդէպ, որի արեւմտեան, հարաւային եւ արեւելեան կողմերն սեպացեալ վիմահերձեր են գագաթին մօտ, իսկ հիւսիսային կողմն՝ սարսափելի զառիվայր։ Զառիվայր կողմովս վիմահերձից ձգուած է կրկնապարիսպ, արտաքին պարիսպն ունի եւ բուրգեր: Ամրոցս ունի միայն մի դուռն արեւելեան կողմից, որից մտնելով ուղին պատում է հիւսիսից, ապա մտնում միջնաբերդն: Այժմ գրեթէ անվնաս մնում են պարիսպներն ամուր շինութեան պատճառաւ: Բերդիս մակերեւոյթն չունի հարթութիւն, այլ անհարթ է սարի ձեւովն: Միջնաբերդում նըշմարւում են բնակարանների շատ բակեր: Արժանի է բերդս անառիկ տիտղոսին. միայն ափսոս, որ չունի ջուր իւր մէջ: Բայց բերդիս արեւելեան ստորոտում կայ մի աղբիւր, որի ջուրն աննման է: Ահա ջրիցս բերած եւ լցրած են այն աւազանների մէջ, որ կան բերդումս: Այժմ անտառապատ է թէ' բերդիս ներսի եւ թէ' դրսի կողմերն:

Բ. Բերդն է Աւետարանոցն, որի մասին արդէն խօսած ենք:

Գ. Բերդն է Ղալին-Խութ (բերդասար) կոչուածն (17), որ ընկած է Կիշու, Մշկապատի եւ Կիւնի-Ճարտարի միջեւ: Բաւական բարձր է բերդասարս (3735), որի հարաւային եւ արեւմտեան կողմերն անմերձենալի քերծեր են, իսկ արեւելեան եւ հիւսիսային կողմերն պարսպուած են ամուր պատով առանց բուրգերի: Այժմ տեղ-տեղ աւերուած են պարիսպներն: Ամրոցիս մակերեւոյթն, որ այժմ հերկւում է, տանում է մօտ 14 չուալ [23] սերմացորեն: Հարթ է ամրոցիս մակերեւոյթի հարաւային մասն, իսկ փոքր-ինչ լանջ` դէպի Կիշի թեքուած հիւսիսային մասն: Այս մասի մէջ պարսպի ստորոտումն է աղբիւրն, որ ունի գերազանց ջուր, որից տարած եւ լցրած են ջրաւազաններ` ի պաշար պատերազմի: Քերծերիս մէջ պակաս չեն քարայրներ:

Դ. Աղջկայ բերդ (Ղզղալա)

Աղուէ գաւառում դաշտաբերանի վերայ արձանացած է մի բարձր սար, որ առանձնացած է բոլորովին ամէն կողմերից: Սարիս հարաւային հանդէպ է Ղզղալա գիւղն եւ իւր ստորոտում նոյն գիւղացոց կալերն: Սարիս արեւելեան, հարաւային եւ արեւմտեան կողմերն վիմահերձ եւ սարսափելի բարձր ժայռեր են, իսկ հիւսիսյին կողմն` սաստիկ զառիվայր, որի ստորոտով փորուած է հնուց խիստ խոր եւ լայն խրամ եւ տեղ-տեղ պարսպուած, ինչպէս երեւում է հետքերից: Սարիս կատարի հարթակին վերայ շինուած են ստորերկրեայ շատ շինութիւններ, որք կարծես թէ հաղորդակցութիւն ունին միմեանց հետ: Բերդիս գիւղահայեաց լանջի վերայ, շինութիւններիցն ոչ այնքան հեռի, երեք տեղ մօտ առ մօտ շինուած են երեք վիմափոր ջրաւազաններ, որք ունին բաւական մեծութիւն եւ խորութիւն:

Խեցեղէն խողովակների շարունակութեան հետքն Ղզղալա գիւղից եղած է մինչեւ բերդիս ստորոտն-կալերի մօտ. աւանդութիւնն ասում է, որ «Եմիշջան գիւղի արեւելեան կողմից խողովակներովն ջուր բերուած է բերդս»:

Հիանալի՜ տեսարան ունի բերդս, հիսիսային եւ արեւելեան կողմերում տարածուած է Արցախեան-Գարգարացւոց լայնատարած դաշտն, արեւմտեան եւ հարաւային կողմերում Ղզղալի, Աշանի, Մեծ-նահատակի եւ Խաչեն գաւառի ստորին լեռներն եւ Տիգրանակերտ գաւառն:

 

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔ (5000 ոտք)

Հիմնուած է մի բարձրագոյն սարահարթի վերայ, որ գրեթէ առանձնացած է իւր չորս կողմերից: Լայն հորիզոն եւ անդնդախոր ձոր է հիւսիսային եւ արեւմտեան կողմերն, որից հոսում է բուն Գարգար գետակը. հորիզոնն` նեղ, վիմահերձ սարսափելի խոր ձոր է քաղաքիս արեւելեան եւ հարաւային կողմն, որից հոսում է Գարգար գետակի օժանդակն, լայնատարած վիմահերձ եւ խոր երեւոյթ ունի արեւմտեան եւ հարաւային կողմերի միջավայրն -քաղաքի արտաքին կողմն, իսկ սաստիկ զառիվայր է արեւելեան եւ հիւսիսային կողմերի միջավայրի տարածութիւնն` պարսպից դուրս: Այլապէս գրելով երեք կողմերն բարձր քերծեր են, իսկ չորրորդ կողմն պարսպուած զառիվայրի բերանով: Աւելորդ է գրել, թէ քաղաքս կոչուած է եւ բերդ, բերդաքաղաք եւ ամրոց, որի մակերեւոյթն զգալի կերպով թեքուած է հարաւային արեւմուտքից դէպի հիւսիսային արեւելք եւ որի տարածութիւնն պակաս է քառորդ քառակուսի մղոնից: Համարուած է այս գաւառագլուխ քաղաք, որի մէջ նստած է գաւառապետ, հաշտարար դատաւոր իւրեանց պարագաներով հանդերձ:

Քաղաքիս գլխաւոր բնակիչներն են հայ եւ շիա-մահմետական. վերջիններս բնակում են քաղաքի ստորին մասումն: Մեծամասնութիւնն կազմում են հայերն, որք բնակում են քաղաքի վերնամասում եւ ունին չորս եկեղեցի: Բայց որովհետեւ հայ տարրն հաւաքուած է քաղաքս չորս տեղերից, որք են Ղազանչի, Ագուլիս, Մեղրի եւ Արցախի գիւղերն, վասնորոյ եկեղեցիք բացի իւրեանց օծման անուններից, սովորաբար ունին եւ երկրորդական անուններ, որք նախապատիւ տեղ բռնած են` Ղազանչեցւոց եկեղեցի, Ագուլեցւոց եկեղեցի, Մեղրեցւոց եկեղեցի եւ Նոր եկեղեցի եւ Անապատ կուսանաց:

Ա. Ամէնափրկիչ մայր եկեղեցի Ղազանչեցւոց` շինուած է ամբողջապէս սրբատաշ կրաքարով` կառուցեալ խաչաձեւ չորս հաստատուն սիւների վերայ, հոյակապ եւ բարձրաշէն, լուսաւոր եւ փառահեղ եւ միանգամայն զարդարուն ներքուստ եւ արտաքուստ: Երկու փոքր խորանների վերայ ունի այլ եւս երկու խորաններ: Նշանաւոր է փայտեայ եւ ոսկեզօծ խաչկալն` որ յիշատակ է բարեհամբաւ Ժամհարեան եղբարց: Ունի երեք դուռն` հարաւային, արեւմտեան եւ հիւսիսային կողմերից, որոց վերայ արտաքուստ շինուած է երեք նոյնպէս հոյակապ եւ գեղեցկաշէն սրահ: Երկարութիւնն է 34 մետր 75 սանթիմ, լայնութիւն 22 մետր 70 սանթիմ:

 

Հարաւային դրան գլխին արտաքուստ.

  «Շնորհիւ եւ ողորմութեամբ ամէնազօրին Աստուծոյ կառուցաւ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ եւ տրօք բարեպաշտօն ժողովրդականաց Սուրբ Ամէնափրկիչ եկեղեցւոյն Ղազանչեցւոց Շուշի քաղաքիս, որոյ շինութիւնն սկսեալ ի 1868 ամի յաւուրս թագաւորութեան աստուածազօր ինքնակալ մեծ կայսեր ամէնայն Ռուսաց Աղէքսանդրի Բ-ի եւ ի հայրապետութեան Գէորգայ Դ-ի, աւարտեցաւ ի 1887 ամի ի թագաւորութեան որդւոյ Նորին օրհնաբանեալ կայսեր Աղէքսանդր Գ-ի եւ ի կաթուղիկոսութեան Մակարայ Ա-նոյ` ի 20 սեպտեմբերի 1888 ամի»:

 

Տաճարումս կան հետեւեալ գրչագրերն.

Ա. աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, գրուած նրբարուեստ ճաշակով եւ ընտիր ոսկեզօծ պատկերներով, որի լուսանցքներում նկարուած են Քրիստոսի բոլոր բժշկութեանց եւ հրաշագործութեանց պատկերները: Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ նուաստ եւ յետին Նիկողայոսի մեղապարտի ի թուաբերութեանս Ասքանազեան եւ Աբեթական տումարի ՌՃԴ եւ ըստ նորում շրջանի ԼԴ եւ ի գալստենէ Կենարարին ՌՈԾԸ (1658) ի ստոյգ եւ ընտիր աւրինակէ եւս առաւել համաբայիցն (զի գաղափար սորին էր ի դրանէ Սուրբ Յովհաննէս աւետարանչին) ի յաշխարհիս Յոնաց… ի քաղաքս Կաֆայ (Թէոդոսիա) ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածին… ի հայրապետութեան Հայոց տեառն Յակոբայ եւ յեպիսկոպոսութեան ամէնայն հիւսիսական կողմանց տէր Խաչատուր աւրհնեալ քահանայապետի»:

Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր տասնեւմի նրբագործ եւ ընտիր պատկերներով, համանման ըստ ամէնայնի Ա-ին: Յիշատակարանից. «Աստուածաւանդ սուրբ աւետարանս գրեցաւ ի մայրաքաղաքն Կոստանդնուպոլիս ձեռամբ ոգնամեղ եւ անարհեստ Ղազար գրչի ի թուականիս մերոյ ՌՃԵ աւգստոս ամսոյ է. »: «Ես անարժան Ղուկաս ստացայ զսուրբ աւետարանս ի դուռն սուրբ Ամէնափրկչին»: Հուսկ յետոյ աւետարանս գնած է Ղազանչեցի Նարինն, որի բարեպաշտ ժառանգներն ընծայած են եկեղեցուս ՌՄԺԴ թուականին Հայոց:

Գ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերները. Յիշատակարանից:

Դ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ. Յիշատակարանից. «Արդ այսմ աստուածային… մարգարտիս ցանկացան աստուածասէր եւ բարեպաշտ կանայք Աղութ Խաթուն եւ Շահդիշէն…… Արդ յանկ ելեալ կատարեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ յոգնամեղ… երիցու Վարդանայ… ի քաղաքս` որ կոչի Վան… ի թուականութեանս Հայոց ՋԹ…»:

Ե. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ. Յիշատակարանից. «Արդ` այսմ աստուածեղէն եւ երկնապարգեւ գանձիս եւ լուսափայլ մարգարտիս ցանկացող ցանկացաւ աստուածասէր կինն Մուղալ խաթուն եւ քոյրն իւր Շամշիղամարն եւ ետուն գրել զսա յիշատակ բարի հոգւոց իւրեանց եւ ծնողաց իւրեանց հօր` Բաղդասարին, եւ մօրն` Սուլտան Մէլիքին….: Եւ արդ, ես… սուտանուն քահանայ Վարդան… յանձն առի զաւետարանս եւ ողորմութեամբն աստուծոյ կատարեցի ի քաղաքս` որ կոչի Վան ընդ հովանեաւ սուրբ Աստուածածին եւ սուրբ Վարդան քաջ զօրավարին ի թուականութեանս Հայոց ՋԺ ի հայրապետութեան տեառն Զաքարիայի, որ մին ամ է, որ նստաւ յաթոռ սուրբ Լուսաւորչին ի յԷջմիածին»: Աւետարանիս սկզբում. «…կամաւն Աստուծոյ ես Մաղաքիա քահանայս գնեցի զսուրբ աւետարանս ի հալալ ընչից իմոց…. եւ ես Բէկիջան դուստր Համբուլին եւ կողակից Ումիտին իմ կամաւորութեամբ… ծախեցի զաւետարանս Մաղաքիայ քահանային»… թվական Հայոց ՋՂԴ էր եւ տանուտէր տարւոյն Առիւծն»: Ապա աւետարանս գնում է Մալիջանն… «ՌԽԹ-ին»:

Զ. Աւետարան մեծադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկեր. Յիշատակարնից.

«Արդ, գրեցաւ ի թվ. ՉԿԹ զբազմամեղ գրիչ, կազմիչ եւ նորոգիչ»: Սկզբում. «Կամաւն Աստուծոյ ես Եղիայ էրեցս, որդի իմ տէր Մելիքսեթ նորոգել տուինք զսուրբ աւետարանս ի յերկիրս Մաղայոզ ի գեւղն Արտաշիպի, թագաւորութիւն Շահ Ապազին, հայրապետութիւն տեառն մերոյ Յովհաննէս կաթուղիկոսին թվ. Հայոց ՌԿԴ»:

Է. Աւետարան միջակ դիրքով, թղթի վերայ, գրուած է Արցախի Վարանդայ գաւառի Խաչմաչ գիւղում Աղէքսանդր եպիսկոպոսի ձեռնով ՌԺԸ. թուին Հայոց. իսկ ստացած է Թադէոս քահանան: Բոլորովին անճաշակ են պատկերներն:

Ը. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, անյայտ թուականաւ եւ առանց պատկերի, միայն յայտնի է. «ի հայրապետութեան տեառն Նահապետ կաթուղիկոսի ի առաջնորդ Մարտիրոս պարոն տէր Հազարափրկչին. արդ, նորոգեցաւ յիշատակարան սուրբ աւետարանիս ՌՃԽ եւ Ե թվին… սուրբ Գրիգոր եկեղեցին ի գիւղն Գոմէր ի գաւառն Շահբունեաց ի յերկիրն Նախչուան»:

Թ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ առանց յիշատակարանի, ունի միայն չորս աւետարանչաց հասարակ պատկերներ:

Ժ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, անյայտ գրողի անունն, թուականն եւ տեղն:

ԺԱ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, ընկած է բուն յիշատակարանի մի մասն, բայց գրւած է յետոյ: Յիշատակարանից. «…գրեցաւ ի դառն եւ վերջացեալ ժամանակի, որոյ (յորում) Լեկզին եկաւ Գանջոյ, Պարտոյ, Խաչենոյ, Վարանդոյ, Շաքոյ, Շամախոյ, Վարաստանոյ, Զակամայ չորեքանկիւն երկիրն, ամէն ասպատակեալ աւերեցին: Բազում արիւն անմեղաց եղաւ (հեղաւ) երկրի, անթիւ գիրք եւ անմեղ գերիք անկան ի ձեռն անօրինաց: Եկեղեցիք խախթեալ եւ խաւարեալ ամայի մնացին: Երկրորդ Օսմանլուն եկաւ կրկին, բազում արիւնհեղութիւն եղեւ. գերիսն անթիւ եղեւ ի ձեռս Օսմանցոց վասն մեր ծովա-ցեալ մեղացն` սուք մեծ եղեւ քրիստոնէից ազգիս… ՌՃՀԱ թվին մայիսի ԺԴ-ին ի գիւղն Արգաւոն էր ի դուռն սուրբ իշխանաց…»:

ԺԲ. Աւետարան փոքր, թղթեայ, առանց յիշատակարանի: Այսպէս եւ մի գրչագիր սաղմոս (գողացած են յիշատակարանները):

 

Մասունքներ.

1) Մի քառաթեւ արծաթեայ խաչում զետեղուած են.

«Սուրբ Կենաց Փայտն է.

Սուրբ Գէորգայ մասունքն է.

Սուրբ Թէոդորոսի ,,

Սուրբ Մեռկեռիոսի ,,

Սուրբ Մինասայ ,,

Թվ. ՌՃԹ»:

2) Մասն Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթուղիկոսի` մի արծաթեայ ոսկեզօծեալ աջում. որ ունի այս արձանագրութիւնն. «Այս է աջ սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթուղիկոսին թոռին սրբոյ Լուսաւորչին. նորոգող սորա տէր Յովհաննէս որդի Տաւութին թոռն Պաղդասարին, որ է որդի Մէհրապ պէկին տեառն Խաչենոյ թվ. ՌՀ»: «Արուեսի Գալուստ»: Հուսկ յետոյ գրուած է. «Նորոգեաց վերստին սուրբ աջս Գրիգորիսի Բէյրամ բէկ Մէլիք Ջիմշիտեան Մէլիք Շահնազարովն. ՌՄԿԱ էր»:

Արտաքուստ. եկեղեցուս արեւմտեան գաւթի ճակատին դրուած է քարից շինուած Փրկչի գեղեցիկ պատկերն, որ աղօթում է: Իսկ տանեաց խաչաձեւ շինութեան չորս կողմերի բարձրութեան վերայ դրուած են արձաններ` շինուած նոյնպէս քարից:

Արեւմտեան գագաթին վերայ Փրկիչն գրկած է Խաչափայտը:

Հիւսիսային գագաթի վերայ կանգնած է սուրբ Յովհաննէս Մկրտիչն:

Արեւելեան գագաթի վերայ պայծառափայլ արձանացած է խաչափայտն:

Հարաւային գագաթին վերայ իջնում է Հոգին Սուրբ Աստուած:

Արտաքուստ արեւմտեան գաւթի հիւսիսային կողմում ամփոփուած է Անդրէաս եպիսկոպոսի մարմինն, որի տապանաքարի վերայ քանդակուած է թագ, գաւազան, իւր տիտղոսների ձեւերն եւ արձանագրութիւն. «Վիճակաւոր առաջնորդ Թեմին Հայոց Արցախայ Անդրէաս արքեպիսկոպոս Պօլսեցի վախճանեալ է 8 Սեպ. 1882 ամի ի հասակի 48 ամաց»:

Եկեղեցիս ունի իւր արեւմտեան կողմում մի եռայարկ զանգակատուն. գետնայարկի չորս անկիւններում դրուած են չորս հրեշտակապետաց քարաշէն, բայց ճարտարարուեստ, մարդահասակ բարձրութեամբ արձաններն, որք ահարկու տեսլեամբ փչում են փողերը: Այս զանգակատունն յիշատակ շինուած է հանգուցեալ բարեպաշտ Աբրահամ Խանդամիրեանցն:

Եկեղեցիս ունի չորս քահանյ:

Ունի եւ ամուր շրջապարիսպ:

Բ. Ագուլեցւոց Սուրբ Աստուածածին եկեղեցին, հոյակապ, կառուցեալ չորս վայելչակերպ սիւների վերայ անտաշ քարով քաղաքի կետրոնում, ունի երեք դուռն հարաւային, արեւմտեան եւ հիւսիսային կողմերից. երկու գաւիթ հարաւային եւ հիւսիսային դռների վերայ. երկու փոքր, բայց գեղեցիկ կաթուղիկէներ տանեաց արեւելեան եւ արեւմտեան գագաթնագծի վերայ եւ մի փայտեայ մեծ կաթուղիկէ երկոցունցս միջավայրում. մի աւագ խորան եւ չորս փոքր խորան միմեանց վերայ, վերնատուն կանանց. 28 մետր 90 սանթիմ երկարութիւն եւ 17 մետր 50 սանթիմ լայնութիւն: Բայց որովհետեւ ճաքած է գագաթնագծի երկարութեան համեմատ, վասնորոյ արտաքուստ յենարան պատեր հիւսած են նորից հարաւային եւ հիւսիսային կողմերից: Հարաւային դրան ճակատակալ քարին վերայ արտաքուստ.

«Կամաւն Աստուծոյ Սուրբ Աստուածածնայ աւագ [24] եկեղեցիս կառուցին արդեամբք եւ ծախիւք իւրեանց իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ, Յովհանջան, Մարկոս եւ Բաբա տէր Մատթէոսեան Թառումեանց ընդ որս եւ որդիք նոցա Յովհաննէս աղայն եւ Աւետիս աղայ ի յիշատակ եւ ի փրկութիւն հոգւոց իւրեանց եւ սոցա ծնողաց, ամուսնոց, որդւոց, դստերաց իւրեանց ամէնից եւ առհասարակ ննջեցելոցն ի Տէր ի կայանս երկնից, ի 1882 ամի Տեառն»:

  Եկեղեցումս կան հետեւեալ գրչագրերն.

Ա. Աւետարան միջակ մեծութեամբ, թղթեայ գրողն է ոմն Եսայի. գրեցաւ «՚ի թուին Հայոց ՌՂԴ ի հայրապետութեան տեառն Գրիգորի, ընդ հովանեաւ Սուրբ նահատակիս ՚ի յերկիրս Տայւուշ ՚ի գեաւղս, որ կոչի Թաւուզ, յորում ամի եւ ըստ մեղաց մերոց բռնացաւ անօրէնութեան չարիք ՚ի վերայ մեր ՚ի հինէ Պարսից լուծ ծառայութեան նոցա հարկանելով եւ տանջելով ստիպեն դարձուցանել ՚ի մոլար յաւրէնս իւրեանց»:

Բ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, չորս աւետարանչաց պատկերներով. «Գրեցաւ սուրբ աւետարանս ՚ի թուիս ՉԾԷ յանապատիս Ասպիսնկայ (?) ընդ հովանեաւ Սուրբ Յարութեանս եւ Սուրբ մօրս լուսոյ Աստուածածնիս յառաջնորդութեան Ստեփաննոս վարդապետի, գրեցաւ ձեռամբ Ղազարի սուտանուն կրաւնաւորի ՚ի վայելումն Հայրապետի»:

Գ. Աւետարանս փոքրադիր, թղթեայ եւ անթուական. «գրեցաւ սուրբ աւետարանս ՚ի յերկրիս Աղուանից ՚ի գաւառիս Դիզակայ, ՚ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ ՚ի դուռն սուրբ Սարգսիս ՚ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն եւ անարհեստ գրչի` սուտանուն Մելքիսեդ երիցու եւ միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ եւ հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք եւ աւարտեցաք»: Աւետարանս գերի ընկած է Պարսից Թաւրէզ քաղաքն. ապա Հայոց ՌՄԾԵ. թուին գնած եւ յետ բերած է Արզրումցի պ. Մկրտիչ եւ յանձնած է Շուշեցի մահտեսի Սրապիոն Շխեանցին…

Դ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, անյայտ թուականաւ միայն յայտնի է. «՚Ի թվիս Հայոց ՌՂ եւ ՚ի հայրապետութիւն Սուրբ Էջմիածնայ տեառն Փիլիպպոսի նորոգեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Սարգիս կրօնաւորի` աշակերտ (ի) սուրբ աւետարանիս ՚ի Սուրբ անապատս Չարեքայ եւ առաջնորդութեամբ սուրբ ուխտիս Դաւիթ եպիսկոպոսի».

Ե. Աւետարան փոքրադիր, թղթեայ եւ պատկերազարդ. Յիշատակարանից. «արդ գրեցաւ վարդափթիթ եւ ոսկեզօծ սուրբ եւ աստուածաշունչ աւետարանս ձեռամբ մեղսաներկ եւ տառապեալ Բարսեղ լոկ անուամբ քահանայի ՚ի թուականիս Հայոց ՌՃԻԹ ամին ամսեանն սեպտեմբերի, որոյ էին աւուրք Ժ ՚ի թագաւորութեան Պարսից Շահ Սուլէմանին եւ ՚ի հայրապետութեան տանս Աղուանից տեառն Երեմիայի Սրբազան եւ Նորընծայ Կաթուղիկոսի ՚ի յերկիրս Գեանջա ՚ի գեօղս Քարահատ [25] հովանեաւ Սուրբ Աստուածածնիս»:

 

1) Մի արծաթեայ միջակ մեծութեամբ խաչի ակումն զետեղուած է մասն կենաց փայտի. իսկ թեւերում` մասն Ղուկաս եւ Փիլիպպոս առաքեալների:

2) Մի լուսամտաձեւ արծաթեայ զարդի մէջ.

«Ա. Պանդալիոնի մասն.

Բ. Օսեփ Արեմաթացւոյն մասն.

Գ. Բարթուղիմէոսի ,,

Դ. Կենաց փայտն ,, Ե. Անդրէասի մասն

Զ. Լուսաւորչի ,,

Է. Յովհաննու Մկրտչի մասն. «Յիշատակ է Չարեքու Մկրտիչ վարդապետին եւ իւր ծնողացն թվն. ՌՃՁԸ. փետրվարի»:

3) Մի արծաթեայ միջակ մեծութեամբ խաչի մէջ զետեղուած է Թադէոս, Բարդուղիմէոս, Թովմաս առաքեալների եւ ուրիշ սրբոց մասունքներ: Տաճարս ունի չորս քահանայ:

Եկեղեցիս իւր արեւմտեան կողմում ունի մի նորաշէն եւ շքեղ զանգակատուն, որի երկու յարկերն արդէն պատրաստ են եւ մնում է պատրաստել երրորդ յարկն: Ունի նաեւ սեփական կալուած իւր հարաւային կողմում տասներկու խանութ եւ հիւսիսային կողմում` տասնեւհինգ:

Գ. Մեղրեցւոց եկեղեցի Սուրբ Աստուածածին, հիմնուած քաղաքի վերի կողմին մօտ նոյնանուն թաղում, կառուցեալ անտաշ քարով չորս սիւների վերայ, բայց ո'չ բարձրաշէն: Ունի երկու դուռն հարաւային եւ արեւմտեան կողմերից, որոց վերայ երկու գաւիթ, կանանց վերնատուն եւ տասն լուսամուտ. 24 մետր 75 սանթիմ երկարութիւն եւ 12 մետր 77 սմ. լայնութիւն:

  Հարաւային դրան ճակատակալ քարի վերայ.

«1838 Մահտեսի Պապայ Հախումեանց տոհմին չունէր զզաւակ մարնաւոր ին- քեան` նախ քան զօրհասին պատրաստեաց կտակ` շինել զտաճար սուրբ եկեղեցւոյ մի երկնահանգոյն, որ տայ վերճեմել մարդկային սեռից ի բարին անհուն` յանուն Տիրամայր սուրբ Աստուածածնին կենաց պատճառի յիշատակ հոգւոյն ընդ անցաւորին յայսմ աշխարհի նախ քան կատարել նոր նպատակի հողացաւ մարմին, որ աստ կայ եդեալ ի մէջ տաճարիս պերճ գերեզմանիս»:

Եկեղեցումս կան հետեւեալ գրչագիրներն.

  Ա. Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ, բայց անճաշակ գրողն է ոմն Յովսէփ քահանայ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թվին Հայոց ՊԿԳ Ի դրան սուրբ Խաչին եւ սուրբ Կարապետին եւ սուրբ Գրիգոր Լուսաւորչին… որ կոչի Կտուց… ի հայրապետութեան տեառն Հայոց կաթողիկոսի տէր Դաւթի, Սուրբ Խաչի Ախամարա (Աղթամարայ) առաջնորդի եւ առաջնորդութեան սուրբ ուխտին Սուրբ Կարապետին… արհիեպիսկոպոսին Մխարա… արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն եւ ի նեղ ժամանակիս որ հարկապահան… զի կարի ձանձրացեալ եմք յանաւրինաց բռնութենէ, ի քրթէ, ի թաթարէ եւ յայլ ամէնայն… Ես Մարտիրոս Նոր շինախիւհս զաւետարան գնեցի յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց»:

Բ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ, սակայն անճաշակ. Յիշատակարանից. «Արդ` գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Մոգաց ՚ի գիւղս Փասավանք ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս եւ սուրբ Գրիգորիս եւ սուրբ Կարապետիս ի թուականիս Հայոց ՋԻԲ ամին ի Ղանութիւն Ամթեցի Յասան բէկին եւ Խոնդքար Ըռոմցին իրար առին»: Աւետարանիս գրողն է Իսրայէլ անուն ոմն, իսկ ստացողներն են եղբարք Մարգարայ, Կիրակոս, Յովհանէս եւ Դաւիթ:

Գ. Աւետարան միջակ դիրքով, անճաշակ պատկերներով, գրուած թղթի վերայ. «Թիւն ՌՄԺԷ, տէր Մեսրոպս գրեցի»: Չունի յիշատակարան, գրուած է վերջում այլ գրողից. «Արդ եղեւ նորոգութիւն կազմի սորա ձեռամբ Յակոբի ի հայրապետութեան Հայոց տեառն տէր Մովսէսի ի գեաւղն Շռութ…»:

Դ. Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ, որի գրողն է Յովհաննէս աբեղայ ոմն. իսկ գնողն է Մարիամ անուն տիկին ոմն. «Ես Մարիամս սուրբ աւետարանս առի տուի տէր Մովսէս քահանային»:

 

Մասունքներ.

Մասն Յովհաննու Մկրտչի զետեղուած մի արծաթեայ խաչի մէջ, որի վերայ գրուած է. «Յիշատակ է սուրբ մասունքս Ներքին շենացունց [26] եկեղեցուն Յովհաննու Մկրտչին, որ այժմս պատկանի սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն Մեղրեցւոց 1856»:

Եկեղեցումս քահանայ երեք:

Դ. Եկեղեցի Նոր-թաղի [27] Սուրբ Յովհաննէս Մկրտիչ, խաչաձեւ, առանց սիւների, թաղակապ. սրբատաշ քարով, որ ունի երկու դուռն հիւսիսային եւ արեւմտեան կողմերից, մի զանգատուն եւ մի գմբէթ խաչաձեւի վերայ, երկարութիւն (զանգատան հետ միասին) 27 մետր 70 սանթիմ, լայնութիւն 10 մետր 90 սանթիմ:

Տաճարումս կայ մի փոքրիկ գրչագիր աւետարան, գրուած մագաղաթի վերայ, որ չունի պատկերներ, բայց ունի գեղեցիկ գիր, մանր եւ անճաշակ նկարներ, նախշեր եւ ծաղիկներ.

Յիշատակարանից. «արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկրիս մերում Կեղըւայձոյ ի գեողն, որ կոչի Կից. ի դրանէ Սուրբ Ստեփաննոսի ՚ի հայրապետութեան Սուրբ Էջմիածնայ տէր Եղիազարու ի հովուապետութեան Ըստաթէի տէր Յովհաննէս արքեպիսկոպոսի եւ սորին սպասաւոր տէր Զաքարիա վարդապետի, ամէն: Արդ, գրեցաւ սուրբ աւետարանս թվ. ՌՃԼԳ յունվ. Ժ աւարտ, սորա ի թագաւորութիւնն Պարսից Շահ Սուլմանի (Սուլէյմանի) եւ դիտող յերկրիս մերում զԲաքդար Սուլդանն, որում չարչարանք կորուսուց յերկիրս, որ (որում) ետ Աստուած զերեք պատուհասն Հաճի Ալի խան սարդար (փոխարքայ) եղեւ, եկեալ ԽԲ Ռ. հեծելով բնակեցաւ ի քաղաքն Կանջայ եւ բազում աւերութիւն արար ի Հայոց աշխարհիս եւ յետ նորա զմարախն եւ զերաշտութիւնն եւ բազումք կորեան վասն անհնչութեան իւրեանց…. դարձեալ յիշեցէք զՇնաթաղու քահանայ զտէր Առաքելն եւ զտէր Գրիգորն, որ եղեւ պատճառ սորին եւ տանուտէր Շապանն…»: Շատ յետոյ գրած է ուրիշ ոմն.

«Կրկին յիշատակ է սուրբ աւետարանս Անդամէջցի Ծատուրի որդի Սիրականին, որ գերի էր անկեալ (աւետարանս) ՚ի ձեռս այլազգեաց, վերոյ (գրեալ) Սիրականն ազատեաց եւ յետ (ետ) յիշատակ Անդամիջոյ Սուրբ Աստուածածնայ եկեղեցոյն, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի… գրեցաւ ի թվն. ՌՄԽԵ (1796) սէպ. ԺԵ. »: Հուսկ յետոյ գրւած է.

«Յիշատակ ետու աւետարանս Շուշա քաղաքացի Աւագ Դանիէլեան Ղազարեանցս Սրբոյն Յովհաննու Մկրտչի եկեղեցւոյն յիշատակ հոգւոց մերոց, որոյ յիշեցէք զպատճառն սորա, զի այլոց կալայ (գնեցի յայլմէ)… թուական Քրիստոսի հազար ութ հարիւր ութսուն երեք ամի Ժ մարտի»:

Եկեղեցիս ունի չորս քահանայ։

 

ԱՆԱՊԱՏ ԿՈՒՍԱՆԱՑ.

Հիմնուած է մի սեռի վերայ (որ գրեթէ միջավայր է Մեղրեցւոց եւ Նոր-թաղի եկեղեցիների) կամարակապ` առանց սիւների, որ ունի երկու դուռն` հարաւային եւ արեւմտեան կողմերից, ինը լուսամուտ եւ մի եռայարկ զանգատուն` որ պատկից է հարաւային կողմին: Երկարութիւն տաճարիս 20 մետր է, լայնութիւն` 9 մետր 45 սանթիմ:

 

Հարաւային դրան ճակատակալ քարին վերայ.

«Շինեցաւ սուրբ եկեղեցիս յանուն Սուրբ Աստուածածնայ արդեամբ ձեռագործ աշխատանաց Կոյս Հռիփսիմեայ օժանդակութեամբ երից եղբարց իւրոց հարազատաց Իսրայէլի, Աստուածատրոյ եւ Պետրոսի Գրիգորեանք Բահադուրեանց ի թվն 1816 ամի»: Միեւնոյն բազմաշխատ Կոյս Հռիփսիմէն շինել տուած է զանգատունը առանց օժանդակութեան այլոց:

Անապատումս կայ մի գրչագիր միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ: Յիշատակարանից.

«Հաւատարիմ տանուտէրն Յակովբ եւ հայր իւր պարոն Գրիգորն, որ ստացաւ զսա (աւետարանս) ի հալալ վաստակոց իւրոց……. Եւ արդ, ես` յետինս ի գրչաց եւ անարժանս ի կարգաւորաց…. Մկրտիչ աբեղայ, հրաման առեալ ի պատուիրանադիր առաքելական բանէն… գրեցաւ սուրբ աւետարանս ի յաստուածաբնակ եւ հրեշտակաճեմ սուրբ ուխտս, որ Սալն Անապատ կոչիւր, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս եւ Սուրբ Կարապետիս… ի հայրապետութեան տեառն Սարգսի կաթուղիկոսի եւ ի թուականիս Հայոց ՋԼԴ ձեռամբ… հաբեղայի…»: Աւետարանիս կողքին գրուած է.

«Յիշատակ է սուրբ աւետարանս Մայրապետ մենաստանի Կուսանաց Շուշու Վառվառեայ Բահաթրեանցին 1888 ամի 8 (ութերորդ ամսի) 31 ի Շուշի»:

Անապատս ունի մի ազնիւ, աշխատասէր տնտեսագէտ եւ խնամածու աբբասուհի, երեք սարկաւագուհի եւ մի նորեկ միաբանուհի:

Շուշումս է թեմական առաջնորդարանն. գրեթէ Աղուանից կաթուղիկոսութեան մահից վերջն քաղաքումս նստած են Արցախի թեմակալ առաջնորդներն` սկսեալ Բաղդասար մետրապոլիտից մինչեւ ցայսօր:

Շուշում կայ հայոց ծուխ 3016, ար. 7859, իգ. 5792, ար. ծն. 325, իգ. ծն. 281, երկորեակ 4, պսակ կոյս ընդ կուսի 138, այրի ընդ կուսի 17, այրի ընդ այրւոյ 15, միամեայ վախճանեալ ար. 179, իգ. 178:

ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ Զ. ԴԱՍԵԱՆ

  Թիւ համօրէն աշակերտաց                                   330

Թոշակատու                                                    260

  Ձրիավարժ                                                       70

 

Արդեանց աղբիւրներն են

1) Թոշակադրամ աշակերտներից [28]

2) Մոմավաճառութիւնից.

3) Սրբադրամից

4) Ծննդեան վկայականներից

5) Պսակադրամներից

6) Տպարանից

Ընդ ամէնն մօտ                                               11000 րուբլի

 

Ելք

Տասնեւչորս վարժապետաց եւ մի տեսչի

Տարեկան ռոճիկ                                             11000 ,,

Ս. Մարիամեան օրիորդ. երկդասեան ուսումնարան

Թիւ համօրէն աշակերտուհեաց մօտ     200

Թոշակատու                                                    165

Ձրիավարժ                                                        35

 

Նոյն են արդեանց աղբիւրներն

Վեց վարժապետաց

եւ երկու վարժուհեաց տարեկան ռոճիկ           3250 ր.

Փայտի, տան վարձուց, ծառայի եւ սպասուհու 300 ր.

-Ընդամէն                                                           3550 ր.

Քաղաքումս կայ նաեւ Րէալական գիմնազիա. քաղաքական ուսումնարան եւ Օրիորդաց վարժարան:

Քամու խաչ

Քաղաքիս ստորին մասում, թրքաց թաղում կայ մի հին քարեայ խաչ, որ կոչւում է Քամու խաչ, այս է յօդացաւ հիւանդութիւնը բժշկող խաչ: Ուխտագնացութեան օրն է աւագ-չորեքշաբթի: Այդ օր առաւօտեանից մինչեւ երեկոյ անպակաս է ուխտաւորն եւ այն խուռն բազմութեամբ:

Նահատակ

Քաղաքում եղած Հին-Հանգստարանի վարի կողմին մօտ կայ մի գերեզման, որ կոչւում է Նահատակ: Սորա տապանաքարի վերայ գրուած է. «Այս է տապան Թիփլիսեցի Նահատակ Անտօնին ՌՄԽԴ ին: Ես Թիփլիսեցի Սիմոնի որդի Սարկիս այս քարս հոկացի սէրս Նահատակին»:

Հանգստարանիս հարաւային կողմում

«Յարձանիս շիրմի ամփոփեալ դնի

Մարմին իշխանին Խաչեն գաւառի,

Վեհ իշխանազնեայ Դանիէլ Բէկի

Որդւոյ Մէլիք Բէկ իշխանապետի,

Ի տանէ հայկազն մեծ Ջալալ Դօլի

Տեառն Արցախայ Հայոց աշխարհի,

Որ Ղարապաղայ կամ Շուշւոյ նահանգ

նա սովորաբար արդ վերաձայնի,

Առ սուրբ հաւատոյ սա լուսահոգի

Նահատակի այս յամրոցիս Շուշի

Դառն տանջանօք Իբրահիմ խանի

Որ թշնամի էր Խաչին Քրիստոսի.

Դ ՌՄԽ կանգնեաց զայս արձան

Վշտալի որդին նահատակի

Բաղդասար արհին տէր Մետրապօլիտն

Հասան Ջալալեանց արթուն հովուապետն

Աղուանից երկրին, որք հանդիպիք այսմ տապանի

Տուք հօրն եւ որդւոյն Աստուած ողորմին ի 1851»:



[1] Հին-Դրախտիկն իւր քարուկիր եկեղեցիով մնում է Նորից վար` կալերի մէջ:

[2] Զարմանալու է ընթերցողն օդի, կլիմայի եւ ջրի գերազանց լինելը համեմատելով բնակչաց կեանքի կարճութեան հետ, պատճառն այն է, որ սոցա հունձն եւ կալերն ընկած են Պիան գաւառի դաշտի վերայ. ամրան տոթակէզ միջոցին գործում են դաշտումս:

[3] Սխալ է ՌՄԺԷ. թիւն, քանզի Փրկչական 1840 թուականն հաւասար է Հայոց ՌՄՁԹ. -ին:

[4] Գագիկ իշխանաց իշխանս է. երեւի թէ, որ թագաւոր է անուանում սորա թոռն Ոսկին դուստրն Աբու-Մուսէի, որպէս տեսանք Կարմիր-եկեղեցու արձանագրութեանց մէջ:

[5] Մասն կենաց փայտիցն զետեղուած մի քառաթեւ, արծաթ խաչում:

[6] Առուստա'մ եղած է Կնեազ-Մատաթովի անուն, իսկ իւր հօր անունն` Գիւգի (Գրիգոր):

[7] Եղծուած են կէտադրեալ բառերն եւ գրերն:

[8] Այսինքն` ի մէլիքութեան կամ ի պարոնութեան:

[9] Սոքա կանխաւ բնակած են հին գիւղում, որ կայ այժմեան շինից ներքեւ, որի մէջ դեռ երեւում է Րեւալ (երեւայ, երեւի) անուն եկեղեցին եւ որի մօտ` հին հանգստարանն:

[10] Բարձր գագաթն Խաչախութ 5028 ոտք:

[11] Մէջքն (ետեւի կողմն) պատուած, քանզի բերդն շատ հեռի չէ գիւղիցս:

[12] Եկեղեցուս մօտ է Վարդան անուն նահատակի մատուռն:

[13] Վտակս առնում է իւր սկիզբը Սօս, Քերթ, Քարահունջ, Հիրհեր, Խերխան գիւղերի աղբիւրներից եւ մօտերքից եւ ջրում Ամարասի արտերը, այգիները եւ պարտէզները:

[14] Ցաւալի է տեսնել, որ քանդուած է այս հնադարեան պատուական հնութիւնն: Ասում են, թէ «Մի տիրացու քանդած է առանց հրամանի... »:

[15] Դրանս հիւսիսային սեմի վերայ. « Տէր Եղիազարս, որ ձեռնադրեցաւ յաբեղայ ՌՃՀԳ. »:

[16] Թերեւս գծագրեցաւ այս ընտիր աւրինակաց:

[17] Վտակս առնում է իւր սկիզբը Նինկի, Կղարծի եւ Պառաւաթումբ գիւղերի եւ անդերի աղբիւրներից:

[18] Ուրմեցի Փաթալի-Խանն: Տես Գաղտնիք եր. 40:

[19] Որ ունի 3829 ոտք, կոչւում է Պտկեսբերք Վարանդի:

[20]      Հարկ է բացատրել արձանագրութիւնս մթութիւնը, որ է այսպէս ըստ մեր կարծեաց. 1725-ին Սարգսի վախճանուած ժամանակ Արցախիս վերայ զօրքով եկաւ Պապա-Ուշաղին, ես դիմաւորեցի, բայց սպանեցին մայրս, հօրաքոյրերս-Աթայ եւ Հերիք:

[21]      Ոմանք կարծում են, թէ այս եղած է Առանի ամարանոցն, նոյնպէս եւ Վարազ-Տրդատ եւ Վարազ-Գրիգոր իշխանների, վասն որոյ կոչուած է Վարազաբուն` Վարազ-Տրդատ իշխանի բնակութեան տեղին:

[22]      Աւանդութիւն. Ասում են. «Հարազատ եղբարք են Փիր եւ Ճամալ. երկուքն եւս հաստատ մնալով իւրեանց լոյս հաւատքի վերայ` նահատակուում են անօրէններից: Յետոյ երկու եղբարցս անուամբ կոչւում է գիւղս Փիր-Ճամալ: Իսկ սոցա քոյրն նահատակուած է Նախջուանիկ գիւղի հիւսիսային կողմում»:

[23] Մի չուալն հաւասար է 7 փութի:

[24] Մինչեւ Ղազանչեցւոցն շինելն` այս էր աւագ եկեղեցին, այժմ Ղազանչեցւոցն է աւագ եկեղեցին:

[25] Գարդման գաւառի Քարհատ գիւղն:

[26] Միեւնոյնն Ներքին-Շէնն է, որ բնակչաց մասին ասացինք, թէ փոխարդուած են Շուշի:

[27] Հիմնուած է քաղաքի հիւսիսային կողմում, որ կոչւում է եւ վերին թաղի եկեղեցի:

[28] Երեք աստիճանի բաժանուած է թոշակների քանակութիւնն, հարուստներն տարեկան վճարում են 12 ր. միջակներն` 8, իսկ երրորդ դասակարգն` 4 րուբլի: