Պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Եւ եղեւ յետ մահուանն Արտեւանայ, որդւոյ Վաղարշու արքային Պարթեւաց, թագաւորեաց Արտաշիր որդի Սասանայ /493ա/ միահեծան տէրութեամբ ի վերայ Բաբելացւոց եւ Ասորւոց եւ Մարաց եւ Պարսից եւ Պարթեւաց, ամս Ծ:

Յամի երրորդի Եղիանոսի կայսեր, եւ յամս Լ–երորդի առաջի Մեծին Խոսրովայ արքային Հայոց՝ փոփոխումն թագաւորութեանն այսորիկ լեալ: Եւ էր Խոսրով՝ ԼԱ ամ: Եղիանոս՝ երրորդն. Արտաշիր՝ զառաջինն:

Յամին Լ–երորդի չորրորդի Մեծին Խոսրովայ, եւ չորրորդ ամի արքային Պարսից Արտաշրի թագաւորէ Տերենտիանոս ամիսս վեց. քանզի փութանակի վախճանի:

Յամին ԼԵ–երորդի Խոսրովայ արքայի, եւ ի հինգերորդ ամի Արտաշրի Պարսից արքայի թագաւորէ Պրոպոս ամս Զ: Խոսրով՝ ԼԵ: Արտաշիր՝ Ե: Պրոպոս՝ զառաջինն:

Եւ եղեւ յամին ԽԱ–երորդի Մեծին Խոսրովայ, եւ ի ԺԱ ամի Արտաշրի թագաւորէ Յունաց Կարոս, հանդերձ որդւովքն իւրովք Կարինաւ եւ Նոմերիանոսիւ՝ ամս Է: Խոսրով՝ ԽԱ: Արտաշիր՝ ԺԱ: Կարոս՝ զառաջինն:

Յամին ԽԸ–երորդի Խոսրովայ, ԺԸ Արտաշրի, մինչ արչքայ Խոսրով ի Միջագետս էր, Կարոս կայսր գումարէ ամբոխ զաւրաց բազմաց, եւ դիմէ ի վերայ արքային Խոսրովայ: Անտի աճապարեալ ընդդէմ նորա ելանէ Կոռնակ սպարապետ մեծին Խոսրովու հաւրն Տրդատայ: Ասեն զսմանէ յերկարեալ զամս կենացն ՃԿ եւ ունել ի ժամ մահուանն զհերս եւ զաչս եւ զլսելիս եւ զզաւրութիւնն եւ զթեթեւութիւն մանկութեանն:

Եւ ապա յայնժամ եղեւ պատերազմ մեծ ի մէջ Խառանու եւ Ուրհայի. հարկանեն եւ վանեն զզաւրն Յունաց. եւ մեռանի Կարոս ի պատերազմին հանդերձ միով որդւովն Կարիանոսիւ: Եւ ի նմին ամի թագաւորէ Յունաց Դիոկղետիանոս ամս ԻԲ: Խոսրով՝ ԽԸ: Արտաշիր՝ ԺԸ: Դիոկղետիանոս՝ զառաջինն:

Յամի Ի–երորդի առաջներորդի Արտաշրի Պարսից արքային ի չորրորդում ամի Դիոկղետիանոսի կայսեր՝ մեռանի Քաջն Խոսրով ի վատանուն Անակայ: Եւ տիրէ ի վերայ աշխարհիս Հայոց Արտաշիր արքայ Պարսից ամս ԺԱ: Դիոկղետիանոս՝ զչորրորդն:

Յամին ԼԲ–երորդի Արտաշրի, հնգետասաներորդի Դիոկղետիանոսի, կայսերակերպ շքեղութեամբ Տրդատիոս ելանէ ախոյեան ընդդէմ արքային Գդաց: Եւ անդէն ձերբակալ արարեալ զախոյեանն անարի զթագաւորն Գդաց՝ ածեալ կացուցանէ յանդիման կայսերն Դիոկղետիա/493բ/նոսի. եւ անդէն ի նմին ամի թագաւորեցուցանէ Դիոկղետիանոս զՏրդատ ի վերայ աշխարհիս Հայոց: Գումարէ ի ձեռս սորա զաւրս բազումս եւ արձակէ յիւրական իշխանութիւն աշխարհին Հայոց: Որ տիրէ ամենայն քաջութեամբ եւ բարեպաշտութեամբ ամս Հ: Եւ է այսպես. Արտաշիր՝ ԼԲ: Դիոկղետիանոս՝ ԺԵ: Տրդատէս՝ զառաջինն:

Յամին Թ–երորդի Տրդատայ արքային Հայոց թագաւորէ ի վերայ Յունաց աշխարհին Կոստանդիանոս, որ շինեաց զԲիւզանդիա՝ ամս Թ: Արտաշիր՝ զԽ: Տրդատիոս՝ իններորդ: Կոստանդիանոս՝ զառաջինն:

Յամին ԽԹ–երորդի Արտաշրի արքային Պարսից, եւ ԺԹ ամ Տրդատայ արքային Հայոց թագաւորէ Շապուհ որդի Արտաշրի ի վերայ աշխարհին Պարսից ամս ՀԳ: Եւ ի սոյն ամի վախճանի կայսրն Յունաց Կոստանդիանոս եւ թագաւորէ Մաքսիմիանոս եւ Գալիանոս ամս ԺԸ, եւ տայ պատերազմ ընդ Շապհոյ որդւոյ Արտաշրի ի Միջագետս ի Խառան. եւ լինի անդ կոտորած մեծ, մինչեւ ի նեղ անկանել զաւրուն Պարսից յերկիրն Ուրհայու: Եւ տեսեալ Շապուհ զպարտութիւն իւր զաւրուն, զիջանի առնել խաղաղութիւն ընդ կայսեր. եւ նա առեալ զգանձս եւ զաւարս բազումս դառնայ ի տեղի իւր: Տրդատէս՝ Ի: Մաքսիմիանոս եւ Գալիանոս՝ զերկրորդն: Շապուհ՝ զառաջինն:

Յամին ԼԷ–երորդի Տրդատայ արքային, ԺԸ–երորդի Շապհոյ արքայի թագաւորէ Յունաց Մաքսիմիանոս որդի Մաքսիմիանոսի՝ ամս ԺԳ: Տրդատէս՝ ԼԷ: Շապուհ՝ ԺԸ: Մաքսիմիանոս՝ զառաջինն:

Յամին Ծ–երորդի Տրդատայ արքային՝ թագաւորէ Յունաց Կոստանդէս՝ ամս ԺԷ: Տրդատէս՝ Ծ: Շապուհ՝ ԼԱ: Կոստանդէս՝ զառաջինն:

Յամին ԿԷ–երորդի Տրդատայ արքայի Հայոց, ԽԸ ամի Շապհոյ արքային Պարսից՝ թագաւորէ Կոստանդիանոս որդի Կոստանդեայ ամս ԼԲ: Տրդատ՝ ԿԷ: Շապուհ՝ ԽԸ: Կոստանդիանոս՝ զառաջինն:

Յամին ԾԲ–երորդի Շապհոյ արքային Պարսից, Ե–երորդի ամի բարեպաշտին Կոստանդիանոսի կայսեր, վախճանի երանելին Տրդատէս. եւ թագաւորէ Խոսրով որդի նորա ամս ԺԷ: Շապուհ՝ ԾԲ: Կոստանդիանոս՝ Ե–երորդն: Խոսրով՝ զառաջինն:

Յամին ԿԹ–երորդի Շապհոյ արքային Պարսից, ԻԲ Կոստանդիանոսի կայսեր՝ թագաւորէ ի վերայ Հայոց Տիրան, որդի Խոսրովայ, ամս ԺԲ: Շապուհ՝ ԿԹ: Կոստանդիանոս՝ ԻԲ: Տիրան՝ զառաջինն:

Յամի ԻԷ–երորդի Կոստանդիանոսի կայսեր, ի Զ ամի Տիրանայ արքային Հայոց՝ թագաւորէ Ներսէհ որդի Շապհոյ ի վերայ Պարսից ամս Թ: Կոստանդիանոս՝ ԻԷ: Տիրան՝ Զ: Ներսէհ՝ /494ա/ զառաջինն:

Յամի ԺԲ–երորդի Տիրանայ արքայի Հայոց թագաւորեն Կոստանդիաս եւ Կոստաս, որդիք Կոստանդիանոսի բարեպաշտի՝ ամս ԺԴ: Տիրան՝ ամս ԺԲ: Ներսէհ՝ Է: Կոստանդիաս եւ Կոստաս՝ զառաջինն:

Յամին ԺԲ–երորդի Տիրանայ, եւ Է–երորդ ամի Ներսէհի արքային Պարսից, եւ Ա ամի Կոստանդի եւ Կոստասայ, որդւոց Կոստանդիանոսի բարեպաշտի Հռովմայ՝ եկն ի վերայ նորա ի Բասեան գաւառի ի գեաւղն Յոսխայ, մինչ դարձուցանել նմա զՏիրան արքայ ամենայն գերութեամբն հանդերձ, եւ զորդի նորա Արշակ թագաւորեցուցանել եւ արձակել ի Հայս: Ներսէհ՝ զութերորդն: Կոստանդիաս եւ Կոստաս՝ զԲ: Արշակ՝ զառաջինն:

Յամի չորրորդի Կոստանդեայ եւ Կոստասու, եւ յերրորդի ամի Արշակայ թագաւորեաց Պարսից Որամազդ որդի Շապհոյ ամս Գ: Կոստանդիաս եւ Կոստաս՝ Դ: Որամազդ՝ զառաջինն:

Յամի Զ–երորդի Արշակայ արքային Հայոց թագաւորէ ի վերայ Պարսից Շապուհ որդի Որամազդայ՝ ամս Հ: Կոստանդիաս եւ Կոստաս՝ Է–երորդն: Արշակ՝ Զ–երորդն: Շապուհ՝ զառաջինն:

Յամի Թ եւ Ժ–երորդի Շապհոյ արքայի Պարսից, Ի–երորդի չորրորդի ամի Արշակայ արքայի Հայոց, թագաւորէ Յունաց Յուլիանոս՝ ամս Բ: Արշակ՝ ԻԴ: Շապուհ՝ ԺԹ: Յուլիանոս նզովածն՝ զառաջինն: Սա որդի է քեռ մեծին Կոստանդիանոսի. թողեալ զքրիստոնէութիւնն եւ եղեւ կռապաշտ: Ի նոյն աւուրս երանելին Աթանաս հալածեցաւ յԱրիանոսացն, զոր Սոկրատն պատմէ: սուրբն Կոստանդիանոսէ սկսանի եւ մինչ ի Փոքր Թէոդոսն զանսրբոց եւ զսրբոց գործքն եւ զհայրապետացն զուղղափառութիւնս: Յուլիանոս եւ Գաղիանոս, որդիք Դաղմատիոսի ումեմն, մնացին որբ ի մէկ հաւրէ եւ ոչ ի մաւրէ, զոր սնոյց Կոստանդ բարեպաշտն. յետոյ եղեն կռապաշտ:

Կոստի քոյր թագաւորին Կոստանդէ, կին Լիկիանէ թագաւորին, որ ի բռնազբաւսելն մեռաւ):

Յամին ԻԶ–երորդի Արշակայ թագաւորին Հայոց եւ ի ԻԱ–երորդի ամի Շապուհ արքային Պարսից՝ թագաւորէ Վաղենտիանոս եւ Վաղէս՝ ամս ԺԳ: Արշակ՝ ԻԶ: Շապուհ՝ ԻԱ: Վաղենտիանոս եւ Վաղէս՝ զառաջինն:

Յամի ԼԴ–երորդի Շապհոյ արքային Պարսից, ԼԹ ամի Արշակայ արքային Հայոց՝ թագաւորէ Յունաց Գրատիանոս զառաջինն:

Յամի ԽԴ–երորդի /494բ/ Շապհոյ արքային Պարսից (եւ Յուլիանոսի պղծոյ) ըմբռնի Արշակ Հայոց արքայ ի Շապհոյ արքայէն Պարսից: Եւ տիրէ Շապուհ ի վերայ Հայոց ամս ԺԲ սրով եւ հրով եւ գերութեամբ: Ապա թագաւորէ Յունաց Թէոդոս՝ ամս ԺԹ: Շապուհ ԾԱ, ի տէրութեան ի վերայ Հայոց՝ զեւթներորդն: Թէոդոսն Մեծ զառաջինն:

Յամին ԾԶ–երորդի Շապհոյ արքային Պարսից, եւ ի Զ–երորդի ամի թագաւորութեանն Թէոդոսի Մեծի, թագաւորեցոյց Թէոդոս զՊապ որդի Արշակայ ի վերայ աշխարհին Հայոց: Տիրէ ամս ԺԳ: Շապուհ՝ ԾԶ: Թէոդոս՝ Զ: Պապ՝ զառաջին:

Յամի ԿԹ–երորդի Շապհոյ արքային Պարսից, ԺԹ–երորդի Թէոդոսի Մեծի, թագաւորէ ի վերայ Հայոց Վարազդատ՝ ամս Զ: Շապուհ՝ ԿԹ: Վարազդատ՝ զառաջինն:

Յամի Հ–երորդի Շապհոյ արքային Պարսից, երկրորդ ամի Վարազդատայ արքայի Հայոց՝ թագաւորէ Յունաց Արկադէոս որդի Թէոդոսի ամս ԺԹ: Շապուհ՝ Հ: Վարազդատ՝ զերկրորդն: Արկադէոս՝ զառաջինն:

Յամի Ե–երորդի Արկադեայ կայսեր, ի Զ–երորդ Վարազդատայ արքայի Հայոց, թագաւորէ Պարսից Արտաշիր որդի Շապհոյ՝ ամս Դ: Արկադէոս՝ Ե: Վարազդատ՝ Զ: Արտաշիր՝ զառաջինն:

Յամի Զ–երորդի Արկադեայ կայսեր, յերկրորդի ամի Արտաշրի արքային Պարսից, թագաւորեն ի վերայ Հայոց Արշակ եւ Վաղարշակ՝ ամս Ե: Արկադէոս՝ Զ: Արտաշիր՝ Բ: Արշակ եւ Վաղարշակ՝ զառաջինն:

Ապա թագաւորէ Պարսից Վռամ ամս ԺԱ: Արկադէոս՝ ամս Թ: Արշակ եւ Վաղարշակ՝ Դ: Վռամ զառաջինն:

Յամի երկրորդի Վռամայ, մետասաներորդի ամի Արկադեայ կայսեր, թագաւորէ ի վերայ Հայոց Խոսրով ոմն հրամանաւ Պարսից արքային՝ ամս Գ: Արկադէոս՝ ԺԱ: Խոսրով՝ զառաջինն:

Յամի ԺԴ–երորդի Արկադեայ կայսեր, եւ ի Զ–երորդի ամի Վռամայ Պարսից արքային՝ թագաւորէ Հայոց Վռամշապուհ արքայ ամս Ը: Արկադէոս՝ ԺԴ: Վռամ՝ Զ–երորդն: Վռամշապուհ՝ զառաջինն:

Յամին ԺԱ–երորդի Վռամայ Պարսից արքայի թագաւորէ Յունաց Ոնորիոս՝ ամս ԻԲ: Վռամշապուհ՝ Է: Յազկերտ՝ զառաջինն:

Յամի երկրորդի Յազկերտի որդւոյ Վռամայ, եւ յամի երկրորդի Ոնորեայ կայսեր բարձաւ թագաւորութիւնն Հայոց, որ տեւեաց ամս ՆԵ: Եւ վախճանեցաւ եւ վճարեցաւ: