Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Սույն ժողովածուն հրատարակելու գաղափարը ծագել է հեղինակի` բանասիրական գիտությունների թեկնածու Մարգո Մխիթարյանի (1920-2001) վախճանից հետո: Այն ամփոփում է հանգուցյալ բանասերի` նալբանդյանագիտությանը նվիրված առավել արժեքավոր հոդվածները, որոնք 1958-1999 թթ. հրատարակվել են հայրենական գիտական պարբերականներում («Պատմա-բանասիրական հանդես», «Լրաբեր» եւ այլն) եւ լրագրերում:

Հայ մամուլի պատմության խոշոր գիտակ Մ. Մխիթարյանն իր գիտական գործունեության ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում էր պահում նալբանդյանագիտությանն առնչվող հիմնահարցերը:

Գիտական անդաստան նա մուտք է գործել «Հյուսիսափայլ» ամսագրին նվիրված ուսումնասիրությամբ [1]: Թեեւ նրա գիտական հետաքրքությունները հետագայում գամվել են գլխավորապես XIX դարի հայ պարբերական մամուլի պատմության հարցերի վրա, նա, սակայն, միաժամանակ պարբերաբար քննական վերլուծության է ենթարկել Միքայել Նալբանդյանի ժառանգությանը եւ նալբանդյանագիտությանն առնչվող հիմնախնդիրները, ակտիվորեն մասնակցել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի   իրականացրած   Նալբանդյանի   Երկերի   լիակատար ժողովածուի հրատարակությանը [2]:

Ընդհանուր բնույթի` «Նալբանդյանի հրապարակախոսությունը» հոդվածի հետ մեկտեղ, որը վերատպում ենք աննշան կրճատումներով, Ժողովածուում ընդգրկված են Նալբանդյանի ժառանգության շուրջ մեր բանասիրության եւ պատմագիտության մեջ սուր բանավեճեր հարուցած հիմնախնդիրների քննությանը նվիրված Մ. Մխիթարյանի հոդվածները:

Եթե «Նորից Սարգիս Վարշամյանցի «նամակի» առիթով», «Հին առեղծվածի վերծանման նոր փորձ» հոդվածներում հեղինակն անառարկելիորեն ապացուցում է, որ Վարշամյանցի «նամակի» հեղինակը Նալբանդյանն է, ապա «Բանասիրական պրպտումներ» եւ «Նալբանդյանի ծածկանունների շուրջ» հոդվածներում բացահայտում է հանիրավի նրան /4/   վերագրվող`    «Հյուսիսափայլում» լույս ընծայված մի շարք հոդվածների իրական հեղինակներից շատերի ինքնությունը:

Ժողովածուում  ամփոփված  հոդվածների  մի  մասը  («Բեկզադեի առեղծվածը», «Կոմս էմմանուելի» ծագումնաբանությունը» եւ այլն) նվիրված է նալբանդյանագիտության ասպարեզում տարբեր առեղծվածների բացահայտմանը:

Մ. Մխիթարյանի հոդվածներն արժանացել են մասնագետների (ակադեմիկոսներ Էդ. Ջրբաշյան, Ս. Սարինյան, բանասիրական գիտությունների դոկտորներ Պ. Հակոբյան, Ս. Դարոնյան) բարձր գնահատականին եւ հետաքրքություն են ներկայացնում XIX դարի հայ հասարակական մտքի պատմությամբ զբաղվող պատմաբանների ու բանասերների համար:

Վերահրատարակության պատրաստելով Մ. Մխիթարյանի հոդվածները` տողերիս հեղինակը բավարարվել է սոսկ ոճական աննշան սրբագրումներով: Հոդվածների մի մասը հղումներ չի ունեցել, քանզի լույս է տեսել պարբերական մամուլի օրգաններում, ուստի եւ նպատակահարմար   գտանք հնարավորության  սահմաններում,   ճշգրտել  եւ ուղիղ փակագծերում մատնանշել հեղինակի օգտագործած սկզբնաղբյուրները:

Օգտվելով առիթից, կամենում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Սիմոնյանին եւ ԵՊՀ հրատարակչության տնօրեն պարոն Պերճ Ստեփանյանին` սույն ժողովածուի հրատարակության հարցում ցուցաբերած համակողմանի աջակցության համար:

 

Վարուժան Պողոսյան



[1]     Մ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երևան, 1958:

[2]     Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով (այսուհետև` ԵԼԺ), հ. 1-6, Երևան, 1979-1997: