Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ» ԱՄՍԱԳՐԻ ՇԱՊԿԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ

«Սովետական գրականություն» ամսագրում (1977, թիվ 1) տպագրվեց արվեստաբան Մինաս Սարգսյանի «Հայ պարբերականների անվանաթերթից» հոդվածը, որն արժեքավոր ներդրում է հայ պարբերական մամուլի պատմության ուսումնասիրության գործում: Ի թիվս այլ պարբերականների` հեղինակը հանգամանորեն քննարկել է նաեւ XIX դարի 60-ական թվականների հայ լուսավորական-դեմոկրատական օրգան «Հյուսիսափայլի» երկու շապկանկարի ստեղծման հարցը: Ամսագրի երկրորդ շապկանկարի շուրջ հոդվածագրի կատարած բանասիրական զննումները եւ դրանից արվող հետեւությունները միանգամայն համոզիչ են եւ լրացնում են «Հյուսիսափայլի» հրատարակչական գործի պատմության փաստերը: Ինչ վերաբերում է առաջին շապկանկարին, ապա այդ նկարի ստեղծման ակունքները չեն բացահայտվում:

Մ. Սարգսյանը, ինչպես եւ նախորդ բանասերները, «Հյուսիսափայլի» առաջին շապկանկարն իրավացիորեն դիտել է իբրեւ հայ իրականության մեջ իշխող «խավարի թագավորության» դեմ պայքարի ելած ամսագրի գաղափարական խորհրդանիշը: Հյուսիսային ծովի հավերժական սառցաբլուրներ, սառույցների մեջ բանտված առագաստանավ (որին կպատշաճեր լինել ծովի անհունության մեջ), պաղ մի բնաշխարհ եւ այդ սառած անշարժության հետնախորքի վրա ամպերի սեւ զանգվածներից վեր խոյացող լույսի հսկայական սյուներ: Գաղափարը խորհրդանշի մեջ մարմնավորված էր մեծ խնամքով ու մտքի խիզախությամբ: Սակայն, ուսկի՞ց էր ծագում այդ խորհրդանշի` հյուսիսափայլ հասկացության էությունը: Չէ՞ որ խավարի ամպերը կարող էին ճեղքել (եւ այդ ավելի  հաճախ  է  պատահում)  երկրագնդի  հավատարիմ  լուսատուի` արեգակի ճառագայթները:

1853 թ. Միքայել Նալբանդյանը մեկնում է Մոսկվա եւ աշխատանքի անցնում Լազարյան ճեմարանում: Այստեղ նա կապվում է ճեմարանի պրոֆեսոր Ստեփանոս Նազարյանի եւ Մոսկվայի առաջավոր հայ ուսանողության  հետ Նա  եւ՛  ուսանում  է  Մոսկվայի  համալսարանում եւ՛ զբաղվում գրական աշխատանքով: Դեռեւս 1854 թ. Նազարյանի հետ /103/ միասին Նալբանդյանը ձեռնարկում է հայկական մի ամսագրի հրատարակության գործը, բայց կառավարությունը մերժում է այդ հայցը: Այդ օրերին, հայ իրականության մեջ իշխող կղերական մտայնության եւ դավանաբանական ոտնձգությունների դեմ պայքարի նկատառումներով, Նալբանդյանը նպատակահարմար է գտնում թարգմանել ֆրանսիացի վիպասան Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպը: Մեծ արագությամբ թարգմանելով վեպի առաջին հատորը, Նալբանդյանն այն տպագրում է 1857 թ., առաջին իր աշխատությունն «արդարամիտ մեծարանքով» նվիրելով Նազարյանի «միշտ գեղեցիկ» անվանը: Հայ հասարակական մտքի պատմության համար խիստ ուշագրավ` հեղինակային իր խոսքում Նալբանդյանը գրում է. «Կամեի միայն ընծայաբերել քեզ, գիշեր ու ցերեկ երկաթի դիմացկոտութենով, դառն     հանգամանքների     մեջ     աշխատողիդ     մեր     նոր     հայ մատենագրության   վերա,   որ   Ռուսաստանի   մեջ  առաջին   անգամ քեզանից զարկ ստացած` հառաջ է քայլում նույն ուղղութենով. կամեի միայն ընծայաբերել քեզ, ո՛վ առաքինի, հոգիացած Ազգասեր, այս իմ գրավոր վաստակը, որպես մի չքավոր, բայց արդարամիտ նշան հարգանքի» [1]:

Այնուհետեւ հաշվի առնելով Նազարյանի անվերապահ մեծ հեղինակությունը, թարգմանիչը ցանկություն է հայտնում, որ նա բարյացակամորենընդունելով այս գործը, քաջալերի իր հետագա գրական քայլերը`«դեպի առավելը եւ ավելի արժանավորը մեր շատ սիրելի հայկական եղբայրակիցների օգտի համար»:

Դատելով թարգմանության առաջաբանից` Նալբանդյանը մեծ նշանակություն է տվել «Թափառական հրեայի» թարգմանությանը, նկատի ունենալով վեպի մարտական ուղղվածությունը հիսուսյանների շահախնդիր եւ անմարդկային գործունեության դեմ: Նա վեպն անվանում է «հրաշալի  գործ» համոզված որ  այն  «կարո՛ղ էր ըմբռնելի կերպով հասկացուցանել մեր հայերին, թե ի՞նչպես էր հիսուսյան կարգի ուղղությունը, որ պապականության հարազատ զավակներն էին» [2]:

Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպն սկսվում է խորհրդանշական մի առաջաբանով, որտեղ նկարագրվում է հերոսի` Թափառական հրեայի եւ Հերովդիադայի ակնթարթային հանդիպումը Բերինգի նեղուցի ափին, որը տեղի էր ունենում հարյուր տարին մեկ անգամ: Ծանոթանանք ֆրանսիացի վիպասանի առաջաբանին` թարգմանված աշխարհաբար այնպիսի մի գրական լեզվով, որը 1856 թ. հարկ է գյուտ համա/104/րել:

«Հյուսիսային օվկիանոսը, յուր հավիտենական սառույցներով պատում է Սիբիրիայի եւ Հյուսիսային Ամերիկայի անապատների եզերքը: Այս երկու երկիրները Բերինգյան նեղուցով միմյանցից բաժանված, աշխարհի առանձին մասերն են» [3]: Սեպտեմբերի վերջն է… Սկսվում է բեւեռային գիշերը. մոլեգնում են մրրիկները… Արեւի ճառագայթները ջերմություն չեն տալիս. դրանց մեռյալ լույսն «աղոտանում է ձյունի կուրացուցիչ փայլմունքից, որ ծածկել է բոլոր անապատը, որի եզերքը դեպի հյուսիս վերջանում են սեւ-սեւ ահագին ապառաժների բազմութենով:

Այս ապառաժյա հսկաների բազմության ստորոտումը, սփռած է սառն օվկիանոսի մեռյալ վարագույրը, ուր փոխանակ ալիքների, ընկած են այս եւ այն կողմ բազմություն սառույցի սարերի, որ յուրյանց կապույտ  գագաթներովը  անհայտանում   են  հեռի  կիսաթափանցիկ ցուրտ օդի մեջ: Դեպի Արեւելք, Սիբիրիայի սահմաններում, Ուլինին հրվանդանի երկու ծայրերի մեջ, հազիվհազ երեւում է մուգ կանաչ մի գիծ, դեպի որը դանդաղ մոտենում են սպիտակ սառույցի բեկորների բազմությունը: Այդ Բերինգյան նեղուցն է. իսկ նեղուցի մյուս կողմում եւ նույնիսկ վերայով, կախված են Հյուսիսային Ամերիկայի վերջին ծայրի, Կալլեսկյան հրվանդանի ապառաժների որձաքարյա հսկաները» [4]:

…Գիշերային խավարի մեջ լսվում է ինչ-որ աղմուկ. կարծես մեծ-մեծ թռչուններ են թռչում եւ վայր ընկնում անձայն…

«Այս մունջ զարհուրանքը, հառաջընթաց էր բնության այն երեւելի տեսարանին, որ ամենայն կենդանի եւ շնչավոր դողացնում է. ամեհի գազանից սկսած մինչեւ անմեղ արարածը… եւ ահա՛ դուրս ցայտեց վերջապես հյուսիսային փայլողությունը, այն մեծասքանչ տեսարանը, որ թեպետ մի անսովոր բան չէ բեւեռային կողմերի համար» [5]:

Այնուհետեւ սկսվում է մեզ համար մեծագույն հետաքրքրություն ներկայացնող բնության բացառիկ երեւույթներից մեկի` հյուսիսափայլի նկարագրությունը «Հորիզոնում  երեւեցավ  պայծառ  կիսագունդ որի բերանի կենդրոնից, դուրս էին բխում ահագին լուսեղեն սյուներ, որոնք  բարձրանալով գունդի ամենայն կողմից, լուսավորում են եւ երկինքը, եւ գետինը, եւ ծովը: Հրեղեն փայլմունքը, որպես արշալույսից ընկնում է եւ սահում է ձյունապատ դաշտի վերայից, բացարձակում է հիանալի լույս /105/ սառուցի    սարերի    մոխրագույն      գագաթների  վերա եւ  փոքր-ինչ կարմրեցնում է եւ թեթեւ, ոսկու գույն է տալիս երկու ցամաքահողի սեւ-սեւ ահագին ապառաժներին» [6]:

«Թափառական հրեա» վեպը տպագրության է թույլատրվել 1856 թ. հոկտեմբերի 19-ին: «Հյուսիսափայլի» հրատարակության գործով Նալբանդյանը եւ Նազարյանը զբաղվել են 1856-1857 թթ.: Հայտնի է, որ այդ տարիներին Նալբանդյանը տպագրական մայրեր ձեռք բերելու նպատակով մեկնել է նախ Պետերբուրգ, ապա Վենետիկ եւ Վիեննա:

Արդեն 1856 թ. մարտին Ռ. Պատկանյանը Գ. Քանանյանին հղած` մարտի 6-ի թվակիր նամակում գրում էր, որ Նալբանդյանին խոստացել էր      Պետերբուրգում      «ՉօւսՏտՏՑՈՑՖ      օրագիր      «Հյուսիսայգ» անունով» [7]:

Սիմեոն Սուլթանշահին հղած` 1856 թ. մարտի 21-ի թվակիր նամակում Նալբանդյանը եւս հայտնում է, որ իրենց հրատարակելիք «օրագիրը պիտո է անվանվի «Հյուսիսային փայլողություն» (Северное сияние) եւ ամենայն ամսական տետրակի վերա պիտո է  տպվի որպես անունը, նույնպես այս փայլողության պատկերը » (ընդգծումը մերն է Մ. Մ. ) [8]:

Այսպես, ամսագրի ծրագրի մշակումը համընկնում է «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի թարգմանական աշխատանքի ժամանակներին: Հարկավ, այդ օրերին է ընտրվել ամսագրի անվանումը եւ նկարվել «փայլողության պատկերը»: Այն միանգամայն ներդաշնակում էր ամսագրի ոգուն եւ պետք է խորհրդանշեր «խավարի թագավորությունը»  լուսավորելու  առաքելությամբ  ասպարեզ  իջնող  ամսաթերթի անելիքը:

Ո՞վ է նկարել «Հյուսիսափայլի» առաջին շապկանկարը: Մեզ թվում է, նկարի գաղափարը ճշգրտելուց հետո խմբագիրը եւ Նալբանդյանը փնտրել  են  հյուսիսափայլի  որեւէ  մի  պատկեր  եւ  գտնելով  Ավգուստ Բեկերի  նկարը`  ամսագրի  համար  հրավիրված  նկարչին  հուշել  են իրենց գաղափարը այն  է` նկարել սառցալեռները, ամերիկյան ափի ահագնատիպ սառույցների սեւ զանգվածները, երկու ցամաքները հատող ջրի նեղլիկ ժապավենը եւ որ ամենակարեւորն է` բանտված առագաստանավը` բանականության խորհրդանիշը:

«Հյուսիսափայլի» հրատարակությունից մեկ տարի անց` 1859 թ., ամսագրի շապկանկարը փոխվում է: 1850-ական թվականների Ռուսաս/106/տանի  համար  1858  թվականը,     թեեւ մեկ տարի, հենց այն ժամանակաշրջանն էր, երբ Նալբանդյանի արտահայտությամբ` մարդը «մի օրում   մեկ   դար   քայլեց»:   Այդ   տարին   հատկանշական   էր   նաեւ արեւելահայության համար, քանզի Նալբանդյանի եւ Նազարյանի ջանքերով հայ հասարակության բանականությունն ազատագրվում էր սառցե  շղթաների  կապանքներից Հայ  միտքն  առաջ  էր  ընթանում հսկայի քայլերով եւ առաջին շապկանկարի նավն արդեն ճեղքում էր օվկիանոսի ջրերը, այնտե՜ղ, աներեւույթ հեռուներում:

Անհրաժեշտ էր մարմնավորել այս նո՛ր իրավիճակը եւ ահա, հայկական  մտքի  անդաստանի  ծլարձակումն  իր  արտահայտությունն  է գտնում Բեկերի բնանկարում, որի մասին հանգամանալից ծանոթություն է տալիս Մ. Սարգսյանը:


 



[1]     [Միքայել Նալբանդյան, ԵԼԺ, հ. 2, էջ 71: ]

[2]     [Նույն տեղում, էջ 80: ]

[3]     [Թափառական հրեա. գործ Էժեն Սյու ֆրանսիացու, Միքայել Նալբանդյանցի աշխատութենով, Մոսկվա, 1857, հ. 1, էջ 95: ]

[4]     [Նույն տեղում: ]

[5]     [Նույն տեղում, էջ 97: ]

[6]     [Նույն տեղում: ]

[7]     [Ռափայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հ. 6, Երևան, 1970, էջ 96: ]

[8]     [Միքայել Նալբանդյան, ԵԼԺ, հ. 5, էջ 53: ]