Հայագիտական հետազօտութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԸ

Ա
ՄԻ ՆՈՐ ԷՋ

XVIII դարի վերջին նորից եռում էր զարմանագործ կախարդուհու պատմության կաթսան:

1789 թվականին բռնկել էր ֆրանսական մեծ հեղափոխությունը՝ ցնցելով ամբողջ Եվրոպան ու շարժման մեջ դնելով հասարակական բազմազան խավերը մի շարք պետություններում։

Դարերի ընթացքում հզորացած ֆրանսական բուրժուազիան՝ «երրորդ դասի» ղեկավարը, վերջապես հաղթահարել էր հակառակորդին՝ հայրենի ազնվականությանն եւ այժմ էին ֆեոդալական հասարակության փոխարեն կերտում էր յուրը, սեփականը: Նա կառուցում էր բուրժուական հասարակություն առանձնահատուկ արտադրական, բաշխման, հասարակական ու քաղաքական հարաբերություններով։

Սակայն Բաստիլիայի ու միապետության դղրդալի անկումը, Փարիզի մասսայի հարակոծ ծփանքները, հեղափոխական ակումբներից տարածվող վրիժաբորբոք մռնչյունները, կուսակցությունների արյունախանձ պայքարը, վառոդի ծխով պատած արքայապաշտ Վանդեյան, հին իշխողների ու հին աստվածների վտարումը երկրից, կարմիր դրոշի փողփողյունը հանրապետության ներսում ու սահմանների վրա եւ բոսորամած գիլյոտինի ահաբեկիչ փայլը պատժական հրապարակներում, այս բոլորը, ճիշտ է, Ֆրանսիայում էին կատարվում, բայց միայն Ֆրանսիային չէին վերաբերում:

«Փոփոխությունները վնասում են շահերին», ասել է Ֆրանսիայի պատմաբաններից մեկը՝ Մինիվեն։ Ֆրանսական ֆեոդալական հասարակության «փոփոխությունն» ու փոխարինումը բուրժուական-հանրապետական հասարակարգով սաստիկ դիպչում էր շատերի շահերին Եվրոպայում:

Կապիտալիստական Անգլիան սարսում էր մի նոր, երկրորդ բուրժուական հասարակության մրցումից, որ կարող էր վերջ դնել նրա միահեծան տիրապետությանը միջազգային շուկայում։ Եվրոպական ցամաքի բռնապետ/227/ները սարսափով զգում էին գահերի ցնցումն իրենց տակին։ Ազնվականները Ավստրիայում, Գերմանիայում ու Ռուսաստանում ահ ու դողով էին մտաբերում այն հեռանկարը, երբ իրենց կալվածներում էլ կսկսի թափահարել բոցավառ թեւերը «կարմիր աքաղաղը»: Հոգեւորականներն ու պապը «սրբազան» ատելությամբ հրահրում էին զայրույթն «անաստվածների» դեմ, որոնց շարժման հետեւանքով քչացել էր աղոթքը տաճարներում եւ չքացել մետաղյա «մանանան» գանձատուփերում:

Եվրոպան բաժանվել էր երկու մեծ բանակի. ֆրանսական մեծ հեղափոխության համակիրներ, որոնք ոգեւորվում էին նոր շարժման գաղափարներով ու հաջողություններով եւ հակառակորդներ, որոնք նզովքներով ու դավերով, դրամներով կամ զորքերով աշխատում էին մեկուսացնել, խեղդել ու հանգցնել ծավալվող ազատագրական հրդեհը:

Հասե՞լ էր արդյոք ֆրանսական մեծ հեղափոխության լուրն հեռավոր հայ ժողովրդին: Սրա ո՞ր խավերը գիտեին այն մեծ «փոփոխության մասին, որ կատարվել էր Սենայի ափերում։ Վերջապես ի՞նչ վերաբերմունք էին ցույց տալիս նրանք պայքարող կողմերին. ցնծում էին հանրապետության բարեկամների՞ հետ, թե՞ ատամ էին կրճտացնում՝ հնապաշտ ուժերի հաղթանակին ակնկալու:

Ահա հարցումներ, որոնց պետք է պատասխանել հայոց պատմությամբ հետաքրքրվող հետախույզը: Պետք է պատասխանե, որովհետեւ որեւէ հասարակության պատմություն միայն ներքին խավերի հարաբերությունների պատմություն չէ, այլ՝ է նաեւ արտաքին, միջազգային ուժերի հարաբերությունների պատմություն։ Պետք է պատասխանել մանավանդ նա, ով մասնավորապես հետաքրքրվում է տվյալ ժողովրդի գաղափարների զարգացման պատմությամբ, որովհետեւ վերջինս լիակատար կլինի լոկ այն ժամանակ, երբ պարզված կլինեն հասարակական տարրերի վերաբերմունքը ոչ միայն դեպի ներքին ազգամիջյան երեւույթներն ու խնդիրներն, այլեւ դեպի արտաքին, միջազգային անցքերն ու հարցերը: Նման ուսումնասիրությունից ստացած արդյունքները որքան էլ սակավաթիվ ու հատուկտոր լինեն, այնուամենայնիվ իրենց նշանակությունը պիտի ունենան իբրեւ փոքրիկ աղյուսներ, որոնք անհրաժեշտ են շենքեր կառուցելու միջոցին:

Մեր այս հոդվածն, ինչպես եւ ցույց է տալիս նրա վերնագիրը, նպատակ ունի փոքրիկ ակնարկ ձգելու մեր «արտաքին հարաբերությունների» մի կուսական էջի վրա եւ մատնանշելու գրական մի քանի պատառիկներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ վերաբերմունք ունեին դեպի ֆրանսական մեծ հեղափոխությունը ժամանակակից հայերը:

Բ
ՂՈՒԿԱՍ ԿԱՐՆԵՑԻՆ

Մեր ձեռքի տակ եղած աղբյուրների մեջ ժամանակագրական կարգով առաջին տեղեկություն ֆրանսական մեծ հեղափոխության մասին գտնում ենք /228/ Էջմիածնի ժամանակակից կաթուղիկոսի՝ Ղուկաս Կարնեցու (1780-1799) նամակներում [1]:

Ղուկաս Կարնեցին Ֆրանսիայում կատարված հեղաշրջման մասին առաջին անգամ լուր է ստանում Մոսկվայից, «հյուսիսականաց Հայոց» առաջնորդ Հովսեփ Արղությանից, որը եղածների մասին գրում է Կարնեցուն 1791 թվականի օգոստոսի 18-ին: Դժբախտաբար «Դիվան հայոց պատմության» սերիայի 9-րդ գիրքը, որ նվիրված է Հովսեփ Արղությանին, չի պարունակում այս կարեւոր փաստաթուղթը, որից կարող էինք որոշ իմանալ, թե ինչ է հաղորդել առաջնորդը կաթուղիկոսին: Վերջինս ի պատասխան Արղությանի վերոհիշյալ թղթի, ի միջի այլոց, գրում է նաեւ հետեւյալ փոքրիկ հատվածը.

« Ֆրանսիո թագավորության շփոթումն եւ Փափի դեմ ապստամբելն էլ հայտնի եղան մեզ: Սակայն նրանք եթե մի առ ժամանակ վրդովվեն էլ, հետո խաղաղություն գտնել կարող են, բայց Հայաստան աշխարհին եւ մեր ազգին Աստուծուց միայն կարող է խաղաղություն ծագել» [2] ։

Այս հատվածից երեւում է, որ Կարնեցին գիտե Ֆրանսիո ներքին խռովությունների մասին, բայց դեռ վերաբերմունք չի ցույց տալիս կատարվածի նկատմամբ: Նույնպես ակներեւ է, որ նրան հայտնի է Ֆրանսիայում բորբոքված հակաեկեղեցական շարժումը, «Փափին իշխանության նշկահիլը», սակայն դեռ դժվար է ասել, թե կաթուղիկոսն ինչ է մտածում վերջին երեւույթի մասին էլ: Նրան տխրեցնում է երկու երկրների՝ Ֆրանսիայի ու Հայաստանի բախտի տարբերությունը. մեկի խռովությանն անշուշտ հաջորդելու է խաղաղություն, իսկ մյուսի համար անդորր կյանքը ոչ թե մի նորմալ վիճակ է, այլ լոկ երազանքի առարկա:

Ղուկաս Կարնեցու երկրորդ թղթակիցը, որ զեկուցում է նրան ֆրանսական մեծ հեղափոխության մասին, Զմյուռնիայի առաջնորդ ու նվիրակ Իսահակ վարդապետ Գեղամացին է, «Սիմեոն կաթուղիկոսի հիշատակարանի» զույգ հեղինակներից գլխավորն ու հայ թվագրության (նումերացիա) մեջ նշանավոր նորություն մտցնողներից մեկը [3]:

Սրա 1792 թվականի օգոստոսի 6-ին, 21-ին ու սեպտեմբերի 20-ին գրած նամակները, որոնցից մեկն ու մեկի մեջ նա գրում էր ֆրանսական հեղափոխության մասին, նույնպես չեն հրատարակված: Ի պատասխան Զմյուռնիո նվիրակի զեկուցման՝ Ղուկաս Կարնեցին գրում է 1792 թվականի դեկտեմբերի 13-ին.

«Գրել էիր Գաղղիացոց անկարգություններն ու ապօրինությունների (sic— Թ. Ա. ) մեջ գլորվելը, որոնց մասին առաջ հյուսիսից էինք իմացել (ակնարկում է Արղությանի գրածը— Թ. Ա. ): Հիրավի, վերջին ժամանակին ենք /229/ հասել, երբ խախտվում են հավատից՝ նայելով մոլորության եւ դեւերի ուսմունքներին, որոնցից թող ազատ պահե Քրիստոս Աստված մեր սակավաթիվ ազգին: Սակայն ինչ որ լսեք եւ իմանաք նրանց գործերի վախճանի մասին, դարձյալ կգրես մեզ» [4]:

Կարնեցու այս հատվածն արդեն երեւան է հանում նրա վերաբերմունքը դեպի կատարված անցքերը: Վերջին ժամանակը՝ Նեռի ժամանակն հասել է. ֆրանսիացիք շեղվել են Աստուծո ճանապարհից եւ աշակերտում են դեւերին ու սատանաներին: Այս տեսակետը հին հասարակության պայմաններին հարմարված ու նույն պայմանները սրբագործած եկեղեցու իշխանավորի հնագույն ու մնացած տեսակետն էր, որ ամեն անգամ համարյա բառացի կրկնել են պաշտոնական եկեղեցու ներկայացուցիչները, երբ գլուխ է բարձրացրել դեմոկրատական օպոզիցիան այս կամ այն երկրում [5]:

Երրորդ անգամ Ղուկաս Կարնեցին ֆրանսական հեղափոխության մասին գրում է 1793-ի ապրիլի 17-ին՝ Արղությանին ուղղած կոնդակում։

«Հագարացոց պայմայնադրժությունը բարեբաստ թագուհու հզոր տերության նկատմամբ եւ ֆռանսըզաց ազգի կատաղությունն ու նրանց պետության խանգարումն, այլ եւ մյուս թագավորների ու մասնավանդ ամենափառավոր կայսրուհու՝ վրեժխնդրության համար ոտքի ելնելը, որոնց մասին երկարապես գրել էիր, իմացանք եւ շնորհակալ եղանք քեզանից, մեր սիրելի որդուց, որ անձանձիր կերպով մեզ այդպիսի գիտելյաց իրազեկ ես անում» [6]:

Հագարացիք այստեղ տաճիկներն են, որոնք այսպես կոչված են զգուշության համար: Բարեբաստ թագուհին ու ամենափառավոր կայսրուհին Հյուսիսի Շամիրամն է՝ Եկատերինա II-ը: Կարնեցին լսել է հակաֆրանսական կոալիցիայի ռազմական քայլերի մասին, եւ ուրախ է, որ թագակիրների վրեժխնդիր բազուկը պիտի վերջ տա ֆռանսըզաց ազգի կատաղությանը։

Վերջին անգամ Կարնեցին գրում է ֆրանսական անցքերի մասին իր մահվանից մոտ մի տարի առաջ՝ 1798-ի հոկտեմբերի 18-ին, մի թղթում, որ կրկին ուղղված է նույն Հովսեփ Արղությանին.

«Գաղղիացոց հզորանալու մասին Հունաստանից էլ է ձայն գալիս, այլ եւ թե Եգիպտոսին էլ են տիրել, որով եւ պաղեստինացիք էլ, լսում ենք, չափա/230/զանց վրդովված են եւ Հագարացոց արքայանիստը խռովմունքի մեջ է: Սակայն նրանց (ֆրանսացիների Թ. Ա. ) աղանդի կամ քաղաքական ծեսերի (կարգերի— Թ. Ա. ) մասին ոչ մի ստույգ բան չենք լսում մեկից. եթե այդտեղ մի հավաստի բան կա նրանց մասին, խնդրում ենք իմաց տալ» [7]:

Հունաստան-Հոռոմաստանը նույն, Տաճկաստանն է, հագարացիք՝ տաճիկներն են կրկին, արքայանիստը՝ Պոլիսը։ Կարնեցին լսել է ֆրանսացոց հաղթությունների մասին, որ սրանք տարել էին Եգիպտոսում կորսիկացի գեներալի՝ Նապոլեոնի ղեկավարությամբ: Տաճիկների վրդովմունքը նրան չէր կարող տխրեցնել: Թվում է, թե ֆրանսական հաղթական սուրը մի րոպե մեղմել է Կարնեցու զայրույթը կատաղած ու ապօրինավոր ֆրանսըզաց դեմ, եւ նա կամենում է մոտիկից իրազեկ լինել, թե տաճիկներին անհանգստություն պատճառող ու Եվրոպայի դեմ խիզախող այդ ապստամբներն ինչ քաղաքական «ծեսեր» ունեն:

Տեղական խաներից մշտապես նեղված, Ախտա շահի արշավանքի սարսափները տեսած ու «բարեբաստ թագուհու» կայսրության օգնության վրա առանձին հույսեր չդնող զառամյալ կաթուղիկոսի մտքով անցնո՞ւմ էր արդյոք մի վայրկյան, թե իր հոտը թող ազատվի սուլթանների, շահերի, փաշաների ու խաների ճանկերից, թեկուզ այս լինի «նշկահող» ու «կատաղած» ֆռանսըզների ձեռքով, արդյոք ծագո՞ւմ էր նրա ուղեղում օրիենտացիաների մի նոր երկընտրանք, դժվար է ասել:

Գ
ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆԸ

Ղուկաս Կարնեցուց հետո մյուս ժամանակակիցները հայ գաղութներում` ապրողներն են: Սրանցից ժամանակագրական կարգով երկրորդն է Հովսեփ Արղությանը, որ, ինչպես տեսանք, առաջին զեկուցողն էր կաթուղիկոսին ֆրանսական մեծ հեղափոխության մասին: Տեսանք նաեւ, որ Կարնեցուն գրած նրա նամակները չեն հրատարակված կամ չեն հասել մեր ձեռքը: Բայց նա ունի ուրիշ, հրատարակված գրվածքներ, որոնք պարզ ցույց են տալիս, թե ինչ վերաբերմունք ուներ մեծ հեղաշրջման մասին «ռուսաց երկրի հայոց ազգի արքեպիսկոպոսը»:

Հովսեփ Արղությանը (ծն. 1743 մհ. 1801), սանահնեցի Շիոշ բեկի որդին, ծագումով, վարած կյանքով, միջավայրով շատ հեռու էր ժողովրդական խավերից: Սնապարծ ու փառամոլ ձգտումներով նա մի սովորական տոհմիկ ու պալատական էր, որի համար վեհապետի մի բարեհաճ խոսքը կամ աղոտ ժպիտն աշխարհ արժեր: Ժամանակի հոգեւորականության մեջ նա ու Սահակ Փառակեցին (Հարություն Արարատյանի բարերարը) կատարյալ հակոտնյաներ են: Որքան վերջինս մոտ է մասսային ու համեստ, այնքան առաջինը մոտ է պալատներին ու հզորներին՝ ծարավի լինելով փայլի, պերճանքի, /230/ հռչակի ու բարձր պաշտոնների։ Բնական է, որ նա պիտի լիներ ֆրանսական մեծ հեղափոխության երդվյալ ու մոլի թշնամիներից մեկը, հեղափոխության, որ կյանքի ու մահվան պայքար էր մղում ֆրանսացի Շիոշ բեկերի ու ֆրանսացի կայսերապաշտ Արղությանների դեմ:

Արղությանի թղթերում առաջին հիշատակություն մեծ Հեղափոխության մասին գտնում ենք նրա այն գրության մեջ, որ «Սանկթ - Պետրբուրգ»-ից 1793 թ. հունիսի 20-ին ուղղված է Հնդկահայերին: Այս թղթի մեջ ի միջի այլոց ասված է.

« Իսկ Ֆրանցիո սարսափելի ու դառնաղետ անցքերն, այլ եւ նորա իմփերատորից (Ավստրիայի կայսրուհուց– Թ. Ա. ) ու Բռուսից (Պրուսիայից— Թ. Ա. ) սաստիկ հարված կրելը, կարծեմ կազեթներից լսած կլինեք, ես չեմ երկարացնում, այլ այսքան կասեմ, որ այնպիսի խայտառակությամբ ու անպատվությամբ իրենց թագավորի անգութ ու անպարտ սպանությունից հետո՝ թագավորի եղբայրները, որոնք առաջուց փախել էին, կրտսերը, որ կոչվում էր գրաֆ Դարտու (sic- Թ. Ա. ), մի եպիսկոպոսի ու երկու նախարարի հետ մարտի 12-ին եկավ մեր թագուհու (Եկատերինա II— Թ. Ա. ) մոտ. թագուհին ընդունեց նրան, ինչպես թագավորի եւ ամեն պատահելիս սաստիկ պատվեց եւ բավական օժանդակություն տալով նրան՝ ապրիլի 14-ին ճանապարհ դրեց» [8] ։

Այս հատվածում ֆրանսական հեղափոխությունն երեւում է Արղությանին, որպես «սարսափելի ու դառնաղետ անցք»: Նրան սաստիկ զայրացնում է Ֆրանսիայի թագավորի գլխատումը: Նրա համակրությունն արքայականների ու ազնվական վտարանդիների կողմն է անշուշտ:

Երկրորդ անգամ Արղությանը հիշում է ֆրանսական հեղափոխության մասին յուր հիշատակարանում, որտեղ գրում էր նույն 1793-ի դեկտեմբերի 13-ին.

«Այստեղ հիշենք Ֆրանցիո սարսափելի անցքերը եւ նրանց անողորմ արարքներն ու թագավորի անպարտ սպանությունը» [9] ։

Սակայն այս խնդրի մասին ամենից ավելի երկար խոսում է Արղությանը յուր մի այլ թղթում, որ 1794 թ. հունվարի մեկին ուղղել է հնդկահայ մի գաղութի՝ Մուչլիբանդարի հայերին: Պատմելով նոր վերջացած ռուս տաճկական պատերազմի անցքերի ու երկու կողմի էլ հաշտվելու ձգտման մասին, Արղությանը շարունակում է.

«Խաղաղություն կլինի, եթե անօրեն ֆրանկսիղները չխաբեն թուրքերին, որովհետեւ նրանք երկսի խռովությունն են ուզում, եւ եթե թուրքը խաբվի նրանցից, շատ վատ կլինի, պատերազմը կվերանորոգվի. աղաչենք Աստծուն, որ կատարյալ հաշտություն լինի, որ մեր ազգը խաղաղության մեջ մնա։

/232/ Ֆրանկսիզաց ազգը ձեռք զարկեց Հռոմա պապերի ավելորդապաշտությանը. նախ պապի պատկերը զարդարեցին քահանայական զգեստներով իբրեւ արձան, ապա խորտակելով ձգեցին կրակի մեջ եւ այրեցին եւ միաlամուռ աղաղակեցին, թե ազատվեցինք նրա գարշություններից:

Հետո ընկան իրենց թագավորի հետեւից եւ պես-պես պատրվակներով պատճառանքներ բարդելով նրա վրա՝ կամեցան իշխանությունից ձգել. այս պատճառով նախ փախավ յուր երկրից յուր թագուհու զավակների հետ միասին, իրանց սահմանի վրա բռնելով կալանավորեցին. վերջապես սպանության մի գործիք հնարեցին (խոսքը գիլյոտինի մասին է —Թ. Ա. ), անպարտ մահվան դատապարտեցին եւ 1793-ի հունվարի 12-ին նույն գործիքով նորա գլուխն անարգանոք կտրեցին եւ մարմինը ձգեցին մի նյութի մեջ, որ մարմինն ու ոսկորներն իսկույն ոչնչության փոխեց: Եվ սույն թվի հոկտեմբերի 8-ին նույն գործիքով անարգանոք կտրեցին գլուխը թագուհու, որ իմփերատօռ Մարիա Տրեզդինին (Մարիա Թերեզիա Թ. Ա. ) դուստրն էր եւ Հովսեփ ու Լեոպոլ զույգ կայսրների քույրը:

Նույն գործիքով սպանում են բոլորին, որոնց կարծիքը միանգամ որ առնում են. նույն գործիքով սպանվեցին նաեւ նրանք, որոնք հաղորդակից եղան իրենց թագավորի անպարտ մահվանը, թվով 70 դատավորներ, որոնք նույնքանն էլ Աստուծո արդարությամբ նույն գործիքով սպանվեցին։

Երկու հազար հատ սպանության այնպիսի գործիքներ կան կանգնեցրած նրանց բոլոր քաղաքներում: Նրանց մեջ իշխան ու ազնվական, աղքատ ու հարուստ չկա: Սոսկ զորականին զորապետ են կարդում եւ մի քանի օրից հետո նրան էլ կյանքից զրկում։

Վերացրին քահանայական կարգերի եւ բոլոր եպիսկոպոսներին ու քահանաներին ոմանց սրի քաշեցին, ոմանց արտաքսեցին եւ այն եպիսկոպոսներին ու քահանաներին, որոնք հնազանդեցին նրանց աղանդին, աշխարհ մուծեցին ու ամուսնացրին: Եպիսկոպոսներից ու քահանաներից ոմանց սոսկական սալդատ արին: Քանդեցին բոլոր գեղեցկաշեն վանքերն ու եկեղեցիները, կրակով այրեցին սրբությունները: Անհետացրին Ֆրանցիայից քրիստոնեության անունը: Ոչ մկրտություն կա, ոչ պսակ եւ ոչ, էլ ննջեցյալների օրինավոր թաղումն. այլ ով որ կամենում է ամուսնանալ, մեկ դատաստանատան մեջ ձեռք են քարշում (ստորագրում), վադայով ընդունում են:

Մեկ աղանդ կա՝ հակոբյանց սիտք (sic— Թ. Ա. ), այսինքն Հակոբի աղանդ անունով (խոսքը յակոբինների մասին է— Թ. Ա. ), որ սաստիկ հզորացել է եւ այն է անում այս բոլոր անօրինությունները։

Նեյմսայի (Գերմանիայի Թ. Ա. ) կայսրն, Ինկլիզաց ու Բ ռուսաց թագավորները ծովով դիմադրում են նրանց եւ միշտ մեծ արյունահեղություն են անում: Թող Տերն ինքը մի բարի վախճանի հասցնի: Ահա այս է մեր կողմերի ներկա կացությունը» [10]:

/233/ Վերջին պատառիկը, որ գտնում ենք Արղությանի թղթերում, վերաբերում է ֆրանս-եվրոպական պատերազմի այն շրջանին, երբ ռուսաց զորքերը կռվում են Սուվորովի հրամանատարության տակ: Արղությանն հրճվում է. գրաֆը ջարդում է անօրեն ֆրանկսիզներին։ 1799 թվի մայիսի 10-ին նա գրում է «Պետրոպոլքից»:

«Գրաֆ Սուվորովն զֆրանկսիզս յոյժ խորտակէ. Տէր մանրեսցէ զնոսա »... [11] ։

«Տերը մանրե, ջարդե նրանց», այս բառերն իբրեւ մի համառոտ բանաձեւ սկզբից մինչեւ վերջ լիովին բնորոշում են Արղությանի վերաբերմունքը՝ դեպի XVIII դարի վերջերի խոշոր հեղաշրջումը՝ դարձնելով այս ազնվական եկեղեցականին ֆրանսական մեծ հեղափոխության ամենակատաղի հակառակորդը հայոց մեջ» [12] ։

Դ
«ԱԶԴԱՐԱՐԻ» ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԸ

«Ազդարար» ամսատետրը։ Հայ մամուլի այս անդրանիկ օրգանը, որից քաղելով մեջ բերինք հատվածներ Արղությանի թղթերից, հրատարակվում էր ֆրանսական մեծ հեղափոխության տարիներում։ Հետաքրքրական է, անշուշտ, իմանալ, թե Մադրասում հրատարակվող այս առաջին հայ պարբերականը արդյոք գիտե՞, լսե՞լ է XVIII դարի վերջերի մեծ հեղաշրջման ու հարակից անցքերի մասին, թե ոչ, եւ եթե գիտե, ապա ի՞նչ է ասում նրանց վերաբերմամբ:

«Ազդարարը» ֆրանսական մեծ հեղափոխությանն ու հարակից անցքերին նվիրված տեսություններ ու հոդվածներ չունի, այլ նրանց մասին հիշատակում է ի միջի այլոց: Հետաքրքրելի նյութի վերաբերմամբ տեղեկությունների հանդիպում ենք նամակների, հոդվածների ու նույնիսկ հայտարարությունների մեջ [13] ։ Սակայն ամենից ավելի շատ հիշատակություններ գտնում /233/ ենք ամսատետրի խրոնիկայի բաժնում, որի կազմողի ով լինելու մասին ոչինչ հայտնի չէ։ Ինքը՝ խմբագիր-հրատարակիչը, Շմավոնյա՞նն էր խրոնիկյորը, թե մի այլ աշխատակից, դժվար է ասել:

Առաջին տեղեկությունը Ֆրանսիայում կատարված փոփոխությունների մասին տալիս է «Ազդարարի» 1794 թվի 74–75 երեսներում զետեղված մի տախտակ, որում բացատրված է ֆրանսական հեղափոխական տոմարի էությունն Ազարիայի տոմարի ամիսներով ու ամսաթվերով:

Այս առաջին վավերագիրն է մեր գրականության մեջ, որում գտնում ենք սանկյուլոտ բառը [14]: Երկրորդ դիտելին հիշյալ հատվածում այն է, որ այստեղ բոլոր հանրապետականները կամ հեղափոխականները կոչված են սանքյուլոտ: Այս արհամարհական ընդհանրացումը մերկացնում է տեղեկատվի բացասող վերաբերմունքը դեպի ֆրանսական անցքերը:

Նույն համարում լուրեր կան նաեւ Ֆրանսիայում թագավորող տեռորի մասին:

«Ջունի (հունիս— Թ. Ա. ) ամսի սկիզբից մինչեւ մայի (մայիս— Թ. Ա. ) ամսի երեսունը Փարիզում գուիլոտին գործիքով սպանվել են 200, 000 մարդ… ֆրանսիսաց տերության մեջ բանտարկված հղել են 160. 000 հոգի, եւ Փարիզի բանտարկյալները 8, 339 հոգի էին» [15]:

/235/ «Ազդարարի» մի այլ տետրում կա տեղեկություն ռեկվիզիցիաների մասին:

«Զանազան հնարներով ու իշխանությամբ դրամ են հավաքում, որով ապստամբների գանձարանը ամբողջ Եվրոպիու թագավորությունների ու տերությունների գանձարանից հարուստ է։ Օրենք են սահմանել երբեք չթողնելու, որ մեկն ու մեկը դրամ եւ կամ ոսկե ու արծաթե բան իրանց տերությունից դուրս տանե: Եվ բազմաթիվ աչքերով նկատում են, թե հասարակությունից որի՞ մոտ է հարստություն նշմարվում. սրան էլ տիրանում են եւ նրան մի թուղթ են տալիս իբրեւ մուրհակ՝ հուսադրելով ապագայում հատուցելու։ Եվ իրանց գանձարանն հարուստ են պահում իրանց պետքերի համար» [16]:

1795 թ. տետրերից մեկում կարդում ենք.

«(Ֆրանսիսաց երկրում) նոր իմն փոփոխություն նկատելի չէ եղել: Միայն գրում են, թե Ռոբերսպիեռ անվամբ մարդը, որ կառավարում էր ֆրանսիսաց ապստամբներին, վերջում սպանել են» [17]: Նույն տարվա մի այլ տետրում հիշատակություն կա նաեւ ազգային կոնվենտի մասին։

« Ազգական միաբանության մեջ, այսինքն՝ նացիոնալ կոնվենսիոնում պրուսացոց թագավորի հետ խաղաղություն կնքելու միջնորդությունը սաստիկ նկատելի էր» [18]:

Բացի հեղափոխական տոմարին ու սանկյուլոտներին, տեռորին ու գիլյոտինին, բռնագրավումներին, Ռոբեսպիեռին ու ազգային կոնվենտին վերաբերող տողերից, «Ազդարարի» համարներում բազմաթիվ լուրեր կան ինչպես Ֆրանսիայի ներքին առօրյա իրադարձությունների, այնպես եւ ֆրանս-եվրոպական ցամաքային ու ծովային ճակատամարտերի, այլեւ կռվող պետությունների հարաբերությունների մասին [19]: Սակայն ինչպես հիշյալ լուրերի, այնպես եւ մինչեւ այժմ մեր բերած հատվածների մեջ սուր ու ցայտուն թշնամական արտահայտություններ չկան Ֆրանսիայի հեղափոխության ու հեղափոխականների հասցեին։ Այնինչ Մադրասի պարբերականի 1794 թ. տետրերից մեկում հրատարակված լուրերը, որ խմբագրությունն ստացել է Բաս/236/րայի մի «համապատասխանից», այսինքն՝ թղթակցից, անսքող հակակրություն ու թշնամանք են երեւան բերում:

«... Գաղղիացվոց Փարիզ մայրաքաղաքում ու նրանց ամբողջ երկրում մեծ նեղություն է հացի նվազության պատճառով, ուստի եւ ապստամբների գլխավորները նորոգ կանոն են սահմանել, որ համայն ժողովուրդը վեց ամիս քաղաքական պաս պահեն, մինչեւ հնար գտնեն մի տեղից ցորյան ճարելու... »:

Նրանք (ֆրանսիացիք— Թ. Ա. ) իրենց առաջին անաստվածային օրենքների վրա այժմ անկրոնության ինչ-որ օրենքներ են ավելացրել, որով արգելում են որեւիցե հավատ ու բարեպաշտություն: Սակայն որովհետեւ իրենք ամենքով անձնապաշտ են, քան թե որեւէ պաշտամունքի հետեւորդ, ուստի օր քան զօր ավելանում, շատանում է նրանց մեջ չարությունն ու անօրինությունը:

Երեւում է, որ գաղղիացւոց ապստամբներն անչափ ուրախ են իրենց անկարգությունների վրա. այնպես որ մինչեւ անգամ ամ ըստ ամե կատարելի տոներ են կարգել իրենց ապստամբության օրվա հիշատակին, եւ այս անում են ոչ միայն Գաղղիայում, այլեւ ամենուրեք, որտեղ ցրված են նրանք... » [20] ։

Թեեւ «Ազդարարի» խրոնիկան համեմատաբար զուսպ լեզու ունի, սակայն այն հանգամանքը, որ խմբագրությունը սիրով տեղ է տալիս Արղությանի եւ Բասրայի թղթակցի հարձակողական ու զայրալիր գրություններին, երեւան է հանում նաեւ Մադրասի օրգանի խմբագրության ու հրատարակչի վերաբերմունքը դեպի ֆրանսական մեծ հեղափոխության սկզբունքները:

Ինչպես Կարնեցի կաթողիկոսի ու Սանահնեցի եպիսկոպոսի, այնպես եւ Շիրազցի բարեկրոնի ու աշխատակիցների կարծիքով՝ XVIII դարի վերջի մեծ հեղաշրջումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ անկարգության, չարության, անօրինության ու անձնապաշտության կործանարար ու դիվական արտահայտություն:

Ե.
ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱՎԵՃԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՄԵՋ

Թեեւ «Ազդարարը» առաջին պարբերականն էր հայոց մեջ, բայց եւ այն Մոլես Մադրասի ամսատետրը չէ հայ հրապարակախոսության հիմնաքարը տնողը: Ժամանակակից իմաստով հրապարակախոսություն մեզանում սկսվել է այն օրերից, երբ 1772 թ. Մադրասում լույս է տեսել «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքն ու նշանավոր «Որոգայթ փառացը», որ հրատարակվել է ոչ թե 1773 թվականին, ինչպես տպագրված է նրա վրա եւ ինչպես ընդունված է մինչեւ այժմ, այլ տարիներ հետո [21]:

/237/ Այսպես լինելով հանդերձ «Ազդարարին» է պատկանում անդրանկության պատիվը նաեւ մի այլ կողմից: Մադրասի թերթն առաջին օրգանն է մեզանում, որ ասպարեզ է հանդիսացել առաջին բանավեճին հայ մամուլի մեջ ։ Այս բանավեճի նշանավոր տեղ է բռնելու մեր գրականության մեջ ոչ միայն նրան համար, որ ժամանակագրական կարգով առաջինն է, այլեւ այն պատճառով, որ շոշափելով մեր հասարակական զարգացման մի քանի հիմնական խնդիրները՝ մեծ շահագրգռություն է ներկայացնում հայ աշխարհայացքների։ զարգացման պատմության տեսակետից: Բանավեճը մասնավորապես հետաքրքրական է մեր այս հոդվածի նյութի տեսակետից էլ, որովհետեւ նրանում՝ կա մի պատառիկ, որ երեւան է տանում մի այլ նշանավոր ժամանակակցի վերաբերմունք դեպի ֆրանսական մեծ հեղափոխությունը: Վերոհիշյալ պատճառներով կարեւոր ենք համարում, թեկուզ համառոտ, խոսել բանավեճի հոդվածների մասին:

Մադրասի պարբերականի հարյուրավոր միապաղաղ էջերը թերթելուց հետո, երբ ընթերցողը հասնում է 1795 թվի նախա ամսի (հունիսի 19 հուլիսի 18) տետրին, մի անակնկալ ու զորեղ տպավորություն է ստանում: Սրա պատճառը մի անվերնագիր հոդված է, գրված նույն թվականի նախա 20-ին , այն է՝ հուլիսի 8-ին, ու ստորագրված Հայ որդի հայի ծածկանունով։

Ի՞նչ է ասում այս հոդվածում հեղինակը:

Նա բողոքում է, որ հայերը միշտ հառաչում, վատաբանում ու ողբում են հայ ազգի վիճակը եւ փոխանակ փոխադարձաբար գործակցելու գլորումից կանգնելու նպատակով՝ ձեռքերը ծալում ու հույսները դնում են Աստծու վրա։ Այնինչ վաղուց հնչել է զորավոր խոսքը, որ ասում է.

«Բաղխեցեք, եւ դռները կբացվեն ձեր առաջ»:

Չպետք է միայն խորհել ու խոսել, այլ գործել, արիանալ: Նշանավոր՝ ազգերին հասնելու համար հարկավոր է նրանց արիությունից օրինակ առնել: Ներգործաբար արիանալով հրեաներն ելան Եգիպտոսից, ներգործաբար արիանալով հռովմայեցիք Բրուտոսի ձեռքով ազատվեցին բռնակալներից: «Ամոթ է արտասվելը, որտեղ կա վրեժխնդրության հնար»: Պետք է միանալ, արիանալ ու առաջանալ. որտեղ սրանք կան, անկասկած այնտեղ կա «ազատություն, փառք, պատիվ եւ ամենայն ցանկալիք կենաց»: Իզուր է հուսալը, թե հրաշքով կարելի է փրկվել: Ովքեր ոտքի են կանգնել, արիությունն է այն արել: «Արդ, դուք, հայոց երիտասարդներ, իմացեք, աշխարհիս երեսին ամեն /238/ արիություն երիտասարդների գործն է եղել, եւ ամեն հաղթանակ երիտասարդներն են վայելել: Զգաստացեք, որովհետեւ ծերերն անց են կացրել իրենց ժամանակը եւ բնականաբար այլ բան չեն կարող անել: Այժմ ժամանակը ձեր ձեռքումն է. ինչո՞ւ եք նստում իբրեւ անդամալույծ»...

 

«Կալցուք շաւիղ հռոմէացոց,
Որ աշխարհի օրէն եցոյց,
Կամ այլ ազգաց, որք են պայծառ,
Լուս աշխարհի աշտանակ վառ:
Ի սոյն անկման էին նոքայ,
Որ այժմ ի մեզ պատառեալ կայ,
Ի միաբան արիացան,
Սակայն ջանիւ ազատեցան» [22]:

«Արիություն ու միաբանություն ազատության համար», աղաղակում է «Նոր տետրակից» 12 տարի անց Հայի որդի Հայը:

«Ոչ», պատասխանում է մի հոդվածագիր Ազգակից կեղծանունով «Ազդարարի» նույն տարվա ղամար (հուլ. 19 օգ. 17) ամսի տետրում զետեղված գրության մեջ, որ ուղղված է «Առ պատուելի Հայ որդի Հայի». մեզ պակասում է այլ բան. «ես տեսնում եմ, որ մեր բոլոր պակասությունները ծագում են մեր տգիտությունից. («Ամենայն պակասութիւնս մեր տեսանեմ գոլ սեռեցեալ ի տգիտութենէ մերմէ»): «Յոյժ հարկավոր է մեզ ուսումն, քան թե յիմարաբար աշխատանքն»: «Նախ ուսումնատուն, եւ ապա վայելչութիւն»:

Ազգակիցը կարծում է, որ հայերը ծույլ չեն, այլ աշխատասեր, տքնում են, մեծ կարողություն են ձեռք բերում, բայց եւ շուտով վատնում, եւ իրենք էլ ոչնչանում են: Բարոյական այլանդակությունը կաթվածահար է անում հայերին: «Ժողովեն նեղութեամբ եւ ագահութեամբ, կորուսանեն յիմարութեամբ»: «Նեղում ու զրկում են բոլորին, ոչ միայն օտարներին, այլեւ իրենց մերձավոր արենակիցներին»: «Համարձակապես պատիվ են վայելում կեղծավորները, ստախոսները, տխմարները... այլեւ նրանց նման ընչավորները (հարուստները Թ. Ա. ), թեեւ մերկ են ամեն մի առաքինությունից»: Լավ չէ՞ր լինի, որ մեր հարուստները իրենց գույքից բաժին հանեին հասարակությանը։ «Նրանց դրամների մի քառորդը բավական էր մեր ազգի նման մի ընկած ազգ հարուցանելու համար» [23]:

«Ազդարարի» 1795 նադար ամսի (օգոստ. 18— սեպտ. 16) տետրում Ազգակցին պատասխանում է Հայի որդի Հայը նկատելի հեգնանքով։ Ինքը չէ գրել, որ հայերն ուսում ունեն: Նրա նպատակն եղել է հորդորել, որ թե պետք է գիտակցել սեփական թերությունները: «Ես այլ բան չեմ կամեցել, բայց եթե ցույց տալ, թե այն ուսումը աշխարհիս վրա է եւ ոչ թե երկնքում, /238/ որտեղից աշխատում են ստանալ անհիմն աղոթքների միջոցով: ... Համար «ձակում եմ հավատալ, որ ամ են թերություն, թե ուսման, թե աջողության, թե հարության եւ թե փառքի, կարելի է ոչ միայն լրացնել, այլեւ (ստացածր) հաստատուն պահել միշտ: Այլեւ օրինակներն ու մյուսները դնելով կամեցա ցույց տալ, թե որքան բան կարող է կատարել պակասությունն զգացողը, որքան վերանորոգել կարող է ազատության ձգտողը»... [24]:

Այսպիսով, հակադրվում էին երկու տեսակետներ:

Հայի որդի հայը պահանջում էր հրաժարումն երկնային օրիենտացիայից եւ միությամբ ու արիությամբ պայքար ազատության համար:

Իսկ Ազգակիցը քարոզում էր կուտակված հայկական կապիտալի խնայողություն ու ազգօգուտ գործադրություն, այլեւ ազգի բարոյական վերակրթություն (ուսումնատների» միջոցով:

Հայ մամուլում տեղի ունեցած հենց այս առաջին բանավեճի մեջ արդեն որոշ նկատվում էին «երրորդ դասին» երկու տակտիկա, որոնք զարգանալով հարատեւեցին մեր գրականության մեջ մոտ մի դար շարունակ [25]:

Զ.
ՀՆԴԿԱՀԱՅՈՑ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ

Ազգակիցը վաճառական էր, առեւտրական կապիտալի ներկայացուցիչ, եւ քննադատում էր յուր դասակարգի ոչ միայն բարոյական կողմերն, այլեւ նրա անդամների տնտեսական վարքագիծը: Այս քննադատությունը, սակայն, /240/ բուրժուական էր, որովհետեւ կատարվում էր ո՛չ այլ տնտեսակարգի ու ոչ էլ այլ հասարակական խավի շահերի տեսակետից: Քննադատի երազածը մի այնպիսի բուրժուական հասարակություն էր, որի մեջ իշխող դասակարգը՝ բուրժուազիան ավելի էր օժտված սոցիալական ձգտումներով, այլեւ հասկանում էր, որ ազնվականին հատուկ հարատեւ ու անմիտ վատնումները չեն սազիլ բուրժուազիային եւ վնասակար են ազգային կապիտալի կուտակման տեսակետից:

Հայի որդի հայը, որ վաճառական չէ, առեւտրական կապիտալ չունի եւ յուր երկրորդ հոդվածում շեշտում է, թե ինքն, ընդհակառակն, աղքատ մարդ է, ավելի սաստիկ է տոգորված բուրժուական աշխարհայացքով, քան բուրժուա Ազգակիցը: Նրա պատասխանը մի քողամերկ ջատագովություն է տիրող բուրժուական հասարակարգի, որտեղ պլուտոկրատիան է թագավորում: Սա էլ է քննադատում հայ բուրժուազիային, սակայն խարազանում է նրա կրավորականությունն ու ապոլիտիցիզմը, որ բխում է նրա վնասակար կրոնամոլությունից: Ինչ վերաբերում է հայ բուրժուազիայի տնտեսական վարքագիծը քննադատելուն, ապա նա չի կարողանում հանդուրժել նույնիսկ բուրժուական կիսաբերան քննադատությունն անգամ: Անսանձ ու ասերասան, յուրօրինակ ու տնաբույս հայկական մանչեստերիլմ ահա նրա դավանանքի բնութագիրը:

Հայի որդի հայի պատասխանի մեջ ամենից ուշագրավ տողերն, անշուշտ, այն են, որտեղ նա խոսում է հարուստների մասին:

«Գանգատվում ես, գրում է նա Ազգակցին, թե մեր ազգը պատվում է անարժան հարուստներին եւ անտես է առնում արժանավոր աղքատներին ...: Եթե կամենում ես, որ հրապարակում աղքատներին նստեցնեն բարձրագահ տեղ, բոլորից գլուխ, մի մեղադրիր միայն մեր ազգին, որովհետեւ աշխարհի սկզբից մինչեւ այսօր այն տեղն ամենուրեք հարստինն է եղել ։ Եթե կամենում ես, որ հասարակություններն այնպես ակնածեն աղքատից, ինչպես հարստից, մի վատաբանիր մեր նախնիքներին, որովհետեւ հարուստներից վարձատրություն ստանալու ակնկալությունը նրանց (հարուստներին) է հատկացրել այն (ակնածանքն) ամբողջ տիեզերքում, ինչպես եւ չես կարող ուրանալ, որ նրանցով (հարուստներով) է զարդարվում աշխարհը ։ Եթե կամենում ես, որ հարուստը մի աղքատի այնպես պատվով ընդունե, ինչպես ընդունում է յուր նմանին, ապա մի հակառակիլ այն կանոնին, որ վաղուց հետե փորձերով ասում են, թե նմաններն իրենց նմաններին են սիրում... Մենք պետք է այս պատշաճ պատիվները հարուստներին թողնենք աննախանձաբար... » [26]:

Իսկ աղքա՞տը: Ինչո՞վ կարող է սա հարգանք ու պատիվ ձեռք բերել:

Հոգեկան բարեմասնություններով, ասում է մորալիստ հրապարակախոսը, սակավապետ մտքով, քաղցր բարքով, խոհեմությամբ, խոնարհությամբ, պարկեշտ ջանացողությամբ: Ուրիշ խոսքով, եթե աղքատն ունի գրաստի, կթանի ու մսացուի բոլոր անհրաժեշտ առաքինություններն, ապա արդարությունը պահանջում է նրան եւս տալ արժանի պատիվը...

/241/ «Եթե աղքատն ունի բավականացող միտք եւ անդորր կյանք է վարում, երիցս երանի են տալիս նրան նույն հարուստները, որոնք ճնշվում են lոգսերի ծանրությունից: Եթե աղքատն ունի քաղցր բարք, բոլորը սիրում են նրան ընկեր կոչել: Եթե նա զարդարված է խոհեմությամբ ու խոնարհությամբ եւ հասարակությունը տեսնում է նրա վարքը, շատ այլակերպ հարուստներ համբավով նրանից հետ են մնում: Եվ եթե աղքատն ունի պարկեշտ ջանացողություն, ինքդ քաջապես գիտես, որ հարուստները չքավորների հարաժամ աշխատանքով հարստագույն են դառնում ։ Եվ այսպես, տես, եղբայր, որ Ստեղծողի նախախնամության համաձայն մեր մայր երկիրն ամենքին իրանց գործերի ու արժանավորությունների համեմատ պատիվ է հանդես բերում։ Ուրեմն առաքինին (= աղքատը— Թ. Ա. ) չպետք է մոռանա յուր՝ առաքինության պատիվը եւ նախանձե այն պատվի վրա, որ վայել է եւ տալիս են հարուստներին»...

Նախախնամությունն է սահմանել, որ հարուստ ու աղքատ լինեն, որ հարուստներն էլ ավելի հարստանան աղքատների աշխատանքով: Հարուստները պետք է հարգանք վայելեն իբրեւ ընչավետներ, իսկ աղքատներն՝ իբրեւ առաքինիներ, որոնց վաղուց երանի են տալիս կրոններն ու իմաստունները։ Այնուհետեւ Հայի որդի Հայը հասնում է բուրժուական էքստազի գագաթնակետին: Բուրժուազիայի այս մոլեռանդ իդեոլոգը յուր որդեգրած դասակարգի սեփականության անձեռնմխելիությունը պաշտպանում է հետեւյալ կլասիկ տողերով.

«Ասում ես, թե ընչավետները (հայ հարուստները— Թ. Ա. ) զրկում են (բաժին չեն հանում Թ. Ա. ) արյունակիցներին իրանց հարստությունից... Ասությանդ համար, ներելով համարձակությունս, լսիր: Մի լոռ [27], այսինքն՝ գռեհիկ լեռնական, մի օր Սպահան քաղաքը գալով մի ինչ-որ կտավ գնեց եւ առանց կարելու փաթաթվեց ու վրան ձգեց: Երբ անցնում էր հրապարակով, ոչ միայն շատերը ծիծաղում էին, այլեւ անհամբեր ոմանք սկսեցին նրան ասել յուր անկերպության մասին: Սա երբ որ այլեւս չկարողացավ համբերել, դառնալով հայհոյեց նրանց՝ ասելով.

Մալի ման աստ, Լոռի մի փուշամ ։

Այսինքն, ասում է. թե իրն իմն է, լոռի նման եմ հագնում, ձեզ ի՞նչ։

Սրա պես էլ, իմ ազգակից, եթե հարստությունը նրանց ձեռքի վաստակն է, իրավունքը պահանջում է, որ թողնենք նրանց վատնելու իրանց հաճույքի համեմատ՝ բավական համարելով գիտունների ու փորձառուների վերահսկողությունը, եթե նրանք ապօրեն կյանք վարեն»:

Գիտունների ու փորձառուների վերահսկողություն ասելով Հայի որդի հայն, անշուշտ, հասարակական համապատասխան վերահսկողություն չէ հասկանում, այլ միայն խելոք մարդկանց խրատն ու բարոյախոսությունը, որ կարող է ունենալ պլատոնական նշանակություն միայն: Խրատիր, բայց մատդ չմոտեցնես սեփականությանը, որ նախախնամության սահմանածն է: Հարստինն է «զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից»:

/242/ Մտքերի այս հոսանքի ընթացքում է ահա, որ նա մտաբերում է ֆրանսական հեղափոխությունը: Մեծ հեղաշրջման անունը տալով, Հայի որդին մտածում է նախատել ու խորտակել հակառակորդին: Եթե դու ցանկանում ես, որ աղքատներին հարուստների պես հարգ ու պատիվ ունենան, ասում է նա Ազգակցին,

«Եթե դու կամենում ես, որ այս բոլորը լինի, ապա պետք է դու ֆրանսու նման հիմն (կարգ— Թ. Ա. ) դնես, որ խոհարարը կերակուրը պատրաստելուց հետո սեղանի բազմե յուր տիրոջ հետ, եւ լինի հավասարություն ամենեցուն »։

Հայի որդի հայը սխալ կարծիք չունի ֆրանսական մեծ հեղաշրջման մասին: Նա չէ ասում, թե այնտեղ տնտեսական հավասարությունն է թագավորում: Նա գիտե, որ այնտեղ կան դասակարգեր, «Տերեր ու խոհարարներ», հարուստներ ու աղքատներ: Այս կողմից նրա անհավասարությունը բավարարված է լիովին: Ապա ի՞նչի դեմ է նրա բողոքը: Ի՞նչու է նա դժգոհ ֆրանսական հեղափոխությունից։ Պատասխանը պարզ է: Այնտեղ խոհարարը բազմում է, ձայն ունի յուր տիրոջ հետ։ Այնտեղ քաղաքական, քաղաքացիական հավասարություն է ամենեցուն:

Հակոբի աղանդն է տնօրինում այնտեղ, կարող էր բացականչել հնդկահայ հրապարակախոսը Հովսեփ Արղությանի տերմինոլոգիայով ու յակոբիններին մատնանշելով։

Հայ Ժիրոնդան է խոսում Հայի որդու բերանով, կասենք մենք՝ վերջացնելով մեր խոսքը նրա մասին:

Այսպես էին դատում եւ վերաբերում ֆրանսական մեծ հեղափոխությանը ժամանակակից հայերից՝

Էջմիածնի կաթուղիկոսը,
Ռուսահայոց առաջնորդը,
«Ազդարարի» ժուռնալիստներն ու
Հնդկահայոց հրապարակախոսը:

Ի՞նչ էին մտածում XVIII դարի հայոց մեծագույն գործիչները՝ Էմին Հովսեփյան Էմինյանն ու Շահամիր Սուլթանում Շահամիրյանը ֆրանսական մեծ հեղաշրջման վերաբերմամբ, որի մասին, անշուշտ, իրազեկ էին իբրեւ քաղաքական-հասարակական մեծ հետաքրքրություն ու ընդարձակ շփումներ ունեցող մարդիկ:

Արդյոք նրանք ողջունո՞ւմ էին ազատության այս «նոր բորբոքումն» էլ, թե՞ ձեռնթափ էին լինում նրանից՝ տեսնելով «ամենեցուն հավասարությունն», ինչպես անում էր Հայի որդի հայը կամ, որ նույնն է, Մովսես Բաղրամյանը:

Դժբախտաբար, այս խիստ շահագրգռական հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ նյութեր դեռ պակասում են: Էմինի ու Շահամիրի կյանքն ու երկերն ուսումնասիրողներին է մնում որոնումներ կատարել նաեւ մատնանշված ուղղությամբ:

 


 



[1]        Ֆրանսական հեղափոխության հայ ժամանակակիցների բոլոր հատվածները, որ բերված են հոդվածումս, գրաբար են, եւ մենք թարգմանել ենք աշխարհաբար:

[2]        «Դիվան հայոց պատմության», գիրք Դ. Ղուկաս կաթողիկոս, Թիֆլիս, 1899, էջ 569:

[3]        Հմմտ. մեր հոդվածը «Սիմեոն կաթուղիկոսի հիշատակարանի ծածկագիրը» («Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», գիրք Ա եւ Բ, 1921-1922, Վաղարշապատ, էջ 143–149):

[4]        «Դիվան», գիրք Դ. 593 –594։

[5]        V դարի առաջին կեսին, երբ գլուխ էին բարձրացրել ձախակողմյան, դեմոկրատական է աղանդները, Բյուզանդիայի նշանավոր եպիսկոպոսներից մեկը՝ Ակակիոս Մելիտինացին գրում էր այս առթիվ.

          «Ահա ժամանակ ապստամբութեան, ահա ժամանակ գայլոց, ահա ժամանակ, որ խոսեցին խոտորնակս... Բազմութիւն, որ ի չարիս եւ յամբարշտութիւնս միաբանին, չէ պարտ պատուոյ արժանի համարել քան ճշմարտութիւն» («Գիրք թղթոց», Թիֆլիս, 1901, էջ 20)։

          Երբ XIII դարում, 1250-ին, Գեղարքունյաց գավառում հայտնվում է Դավիթ Գառնեցին եւ գեղջկական մի նոր աղանդ քարոզում, Կիրակոս Գանձակեցին արտահայտիչ հանդիսանալով իշխող եկեղեցու տրամադրության, պատմելով այս դեպքի մասին, բացականչում է.

          « Կատարած աշխարհիս մոտեալ է, եւ վասն այնորիկ Կարապետք նեռինն բազմացան » (Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Թիֆլիս, 1910, էջ 306)։

[6]        «Դիվան», գիրք Դ, 609–610։

[7]        «Դիվան», գիրք 1, Հովսեփ կաթ. Արղության, Թիֆլիս, 1911, էջ 251։

[8]        «Ազդարար», 1794, Մադրաս, ի տպարանի Տեր Հարություն Շմավոնյան Շիրազցվո, երես 21։ Շարունակության մեջ Արղությանն ի միջի այլոց պատմում է, որ ինքը ծանոթացել է ֆրանսացոց հետ, եւ վերջիններս այցելել են հայոց եկեղեցին:

[9]        «Կռունկ հայոց աշխարհին», Հանդես ամսօրյա, Թիֆլիս, Դ. սլարի, 1863, թիվ 2, էջ 440 («Հովսեփ կաթուղիկոսի հիշատակարանը»): Նույն այս վավերագրում (էջ 442) Արղությանը պատմում է, թե 1794 թ. մարտի 26-ին կայսրուհու հրամանով հանդիսավոր հոգեհանգիստ է լինում սպանված թագավորի հիշատակին, որտեղ ներկա է լինում նաեւ ինքը՝ եպիսկոպոսը։

[10]      «Ազդարար», 1795, Մադրաս, էջ 92-93:

[11]      «Դիվան», գիրք 2, Հովսեփ Արղության, Թիֆլիս, 1911, էջ 273։

[12]      Հովսեփ Արղությանին շրջապատողները նրա կտորն էին: Սրանք նույնպես թշնամաբար էին վերաբերվում. նոր շարժումներին ու գաղափարներին: Սրանցից մեկն, օրինակ, Գրիգոր եպիսկոպոս Զաքարյան Աղքերմանցին խոսելով Գրիգորիոպոլ քաղաքի հայերի երկու կուսակցության բաժանվելու եւ ժողովրդական քվեարկություն կատարելու մասին, հեգնանքով գրում էր 1803 թ. հոկտեմբերի 29-ին.

          «Անհաշտելի խռովություն մի ծաքեցավ ի մեջ ժողովրդոց, ճեղքեցան երկու թիրայս, իշխանք եւ աղքատք. աղքատք ըստ բազմության ձայնին թեպետ ըստ ծիսի եվրոպիացոց զորավոր գտան եւ հաղթահարել զիշխանս յուրյանց, սակայն թվի ինձ, որ մանկզիլն նոցա կարճ իցե», «Դիվան», գիրք Բ, էջ 457:

[13]      Այս հայտարարություններից շատը գրված է աշխարհաբար, ջուղայեցոց բարբառով, մնացածo առեւտրական գրաբարի, յուրօրինակ մախարոնիկ լեզվի նմուշներ են: Վերջիններիս մեջ աչքի է ընկնում եւ մեր նյութի հետ կապ ունի Գրիգոր Մարգար Խալդարյանի հայտարարությունը («Ազդարար», 1795, էջ 546-548), որ ցույց է տալիս, թե ինչպես հնարամիտ հայ վաճառականը վաստակ ստանալու նպատակով կարողացել է օգտագործել ֆրանսական մեծ հեղափոխությունը: Խալդարյանը 1795 թ. դամա ամսի 30-ին (նոյ. 15) հայտարարում է, որ նույն թվականի համիրա ամսի 5-ից մինչեւ արյամ ամսի վերջը (1795, նոյ. 20 1796 թ. հունվ. 14), Մադրասում բաց է անում արձանահանդես ու պատկերահանդես, որտեղ ցուցադրելու են « ձուլացու, բնական նմանությանց », այսինքն՝ արձաններ ու « տեսարանք », այսինքն՝ նկարներ։ Այս արձանների ու նկարների մեջ հանդիպում ենք ֆրանսական մեծ հեղաշրջման հետ կապ ունեցող գործիչների ու վայրերի:

          «Ձուլացու»-ների թվում, ի միջի այլոց, հիշված են. « Լուիս վեշտասաներորդ թագավորն Ֆրանցայու... Մարքեզ Լաֆայեթ Յիշխան Ֆրանսու, Կօնտ Միրաբօ մինն ի Առաջիկա Նասիոնալ Կոնվերսիոնի Ֆռանսայու... Վոլտեր եւ Ռոսիո Գերա–հռջակ հեղինակ, այսինքն գրողք գրեանց Ֆրանսայու » եւ այլն։ «Տեսարան»–ների թվում հիշված են. «նմանություն բանտին Պարիսու, որ կոչի Բաստիլ, որո ներքո տեսանի զգլուխն Ֆուլոն՝ երկրորդեն Ֆռանսո եւ նմանի գլխո նորոգ յատեցելու, եւ արյանն նորո հոսեցելոյն երկիր... Զճրագալուցս Վէրսալիու հաղագս հանդիսավորելու գամս նմանությանն Լուիս Վեշտասան–երրորդին... »:

[14]      Հայ գրականության մեջ ընդհանրացած է սանկյուլոտ բառի դիմաց գործածել անվարտիկ բառը: Այնինչ «Ազդարարից» հինգ տարի հետո, 1799 թվականին գրված մի վավերագրի մեջ արդեն գտնում ենք մի այլ հոմանիշ բառի գործածություն, որը կարող է ֆրանսական մեծ հեղափոխության ազդեցության հեռավոր արձագանքը լինել: «Եվ այս ամենայն լինէր յաղագս անմիաբանութեան եւ երկպառակութեան ժողովրդոց եւ մանաւանդ իշխանաց տեղւոյն, որք զգանձս տաճարին յափշտակեալ իւրացուցանէին եւ ուստի ոչ կամէին լռելեայն շինութիւն նորին, զի մի սեփականեալ դրամին պահանջեսցեն ի նոցանէ բռնութեամբ: Եւ իբրեւ իրս այս այսպէս անցանէր ի բազում ամս, ապա ի յոգիս ապաստան եղեալ՝ յարեան ի վերայ նոցա խումբք ռամկաց սրիկայից եւ ոլոգամերկից, որոց բազմութիւնք այնքան էին, որք պաշտօնէից արքայական պալատանն սինլիգոր (sic— Թ. Ա. ) նաւաց թիավարացն էին... Ի նախանձ բարի շարժեալ, բողոք բարձեալ դիմեցին առհասարակ արք եւ կանայք եպիսկոպոսարանն Հայոց» եւն: («Կոլոտ Հովհաննես Պատրիարք», գրեց Բաբկեն Վ. Կյուլէսերյան, Վիեննա, 1904, էջ 114): Ոլոգամերկ նշանակում է ազդրը մերկ, անվարտիք, սանկյուլոտ: Մինչ այդ, մինչեւ ֆրանսական մեծ հեղափոխությունը հայերենում միշտ գործ են ածվել նման դեպքերում սինլքոր ու սրիկա բառերը:

[15]      «Ազդարար», 1794, էջ 87-88:

[16]      Ibid, 136։

[17]      Ibid, 1795, էջ 40:

[18]      Ibid, 440:

[19]      «Ազդարարի» խրոնիկայի բաժնի լրիվ բնութագիրը տալու համար պետք է ավելացնենք նաեւ հետեւյալը: Ֆրանսական մեծ հեղափոխության հետեւանքով առաջացած միջազգային բարդությունները խիստ հարված հասցրին տնտեսությանն ու առեւտրին: Ծանր կորուստներ ունեցան զանազան գաղութների հայ վաճառականներն էլ, ինչպես այս մասին վկայում է Հովսեփ Արղությանն 1793 թ. հունիսի 20-ին հնդկահայերին ուղղած նամակում: (Տե՛ս «Ազդարար», 1794, Թիրայ, էջ 22)։ Տնտեսական ճգնաժամի հետեւանքով սաստկանում է խաղաղության ծարավն առեւտրական խավերում, եւ սրա հետեւանքով «Ազդարարի» խրոնիկայում հաճախանում են այնպիսի հատվածները, որտեղ լրատուն ֆրանսական մեծ հեղափոխության մասին խոսելիս ավելի շեշտված երեւան է հանում Մադրասի հայ բուրժուական շրջանների ցայտուն խաղաղատենչ տրամադրությունները, քան թե խմբագրի հակահեղափոխական զայրույթը: (Հմմտ. « Ազդարար», 1794, էջ 82, 83, 86, 87, 135, 180, «Ազդարար», 1795, էջ 40, 151, 256, 379, 548 եւ այլն)։

[20]      «Ազդարար», 1794, էջ 82–84։

[21]      Դեռեւս XVIII դարում տարաձայնություն կար այն մասին, թե ով է «Նոր տետրակի» հեղինակը։ Այս գիրքը ոմանք վերագրում էին Մովսես Բաղրամյանին, ուրիշները՝ Հակոբ Շահաամիրյանին: XIX ու XX դարերում տարաձայնությունն ու քաոսը շարունակվում է, մեջն առնելով նաեւ «Որոգայթ փառացը»։ Մեր կարծիքով՝ «Նոր տետրակը» Բաղրամյանի գրչին է պատկանում, իսկ «Որոգայթը» ոչ թե Հակոբ Շահամիրյանի, ինչպես կարծում են մեզանում անխտիր, այլ Շահամիր Շահամիրյանի գործն է, բացի գրքի ընդարձակ ներածությունից, որ երկու մարդի գործ է ։ Հնդկահայ գրականության այս ու այլ վիճելի խնդիրների մասին ուրիշ անգամ խոսելու մտադրություն ունենալով՝ այժմ կարող ենք լոկ մատնանշել, որ այս խնդիրների հաջող լուծման նպաստել կարող է, ի միջի այլոց, մի գրքույկ, որ մինչեւ այժմ հայտնագործված չէր: Այս գրքույկը «Նշավակն» է, որ տպագրված է Մադրասում 1783-ին եւ որի մասին հիշատակություն գտնում ենք «Դիվան», գիրք Բ, էջ 141, Հ. Տեր-Հովնանյան, Պատմություն Նոր-Ջուղայու, հատ. Ա, Նոր-Ջուղա, 1880, էջ 384 ու Մադրասի «Ազդարար», 1795, էջ 82:

[22]      «Ազդարար», 1795, էջ 298–313:

[23]      Նույն տեղում, 365-368:

[24]      Նույն տեղում, 427-430։

[25]      Ո՞վքեր էին «Ազդարարի» մեջ առաջին բանավեճին մասնակցողները: Նրանցից մեկի ծածկանունը հաստատապես կարելի է բաց անել, իսկ մյուսինը՝ վերապահ ենթադրությամբ միայն:

          Մեր կարծիքով՝ արիություն քարոզող հեղինակը կարող էր լինել «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» հորինողը միայն։ Լեզուն, ոճը, օրինակները, գաղափարը, ոգին երկու երկերի այնքան նման են իրար եւ այնքան տարբեր այն ժամանակվա այլ հեղինակների գրածներից, որ ամենամակերեւութային համեմատությունն անգամ համոզում է, որ Հայի որդի հայը ոչ այլ ոք է, եթե ոչ հայ երիտասարդներին քնից սթափեցնող ու արիության հաղորդող Մովսես Բաղրամյանը: Մյուս հոդվածագրի՝ Ազգակցի լեզուն շատ նման է «Որոգայթ փառացի» («Օրենքների» բաժնի) ու «Նշավակի» լեզվին: Նա իր մասին ասում է հետեւյալը.

          «Ի ծննդենէ իմմ է մինչեւ ցայսօր ոչ այլ ինչ ուսայ, բայց ի էժան գնել ու թանկ վաճառել»: Ուրիշ խոսքով գրողը մի անուսում վաճառական է: Սակայն նա հասարակական խնդիրներով այնքան է հետաքրքրվում, որ բանավեճ է սկսում մի հմուտ ու լեզվանի հրապարակախոսի դեմ: Արդյոք երկրորդ հոդվածագիրը Հնդկահայոց մեջ այնքան նշանավոր դեր կատարած անձը չէ՞, որ իր մասին նույն իմաստով գրում էր «Որոգայթ փառացի» վերջաբանության մեջ.

          «Շարադրող գրիս գործիւ վաճառական անծանօթ ի արհեստին շարադրութենէ եւ բոլորովին աղքատ հաւաստի բառից, բայից եւ շարելոյ տառից, ի սովորութենէ Հայոց... »:

          Արդյոք Ազգակիցը հենց նույն ինքը Շահամիր Շահամիրյանը չէ՞։

          Պետք է հիշել, որ Շահամիրյանն «Ազդարարին» մոտ կանգնած մարդկանցից էր։ «Ազդարարի» առաջին տետրում (էջ 11–14) տպված են նրա ստորագրությամբ գրություններ: Մեր կարծիքով՝ «Ազդարար», 1795, էջ 208—210 անստորագիր գրությունն էլ է նրան պատկանում:

[26]      Հմմտ. «Ազդարար», 1795, էջ 429:

[27]      Լոռերը բնակիչներ են Լոռիստանի, որ Պարսկաստանի նահանգներից մեկն է: