Հայոց Հարցի վաւերագրերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
1829–1878

Ռուս-պարսկական պատերազմին իսկոյն յաջորդեց ռուս- թիւրքականը (1828-1829): Բոլոր նշանները ցոյց էին տալիս որ այս պատերազմը Թիւրքաց Հայաստանի գոնէ մի նշանաւոր մասի վերաբերմամբ պիտի առաջացնէ նոյն հետեւանքները, ինչ ռուս- պարսկականը առաջացրել էր Արարատեան երկրի նկատմամբ:

Դեռ մի նչեւ 1828-1829-ի պատերազմը Թիւրքաց Հայաստանի արեւելեան մասի հայ ազգաբնակութիւնը բանակցութիւններ ունէր Անդրկովկասի ռուս իշխանութիւնների հետ եւ այդ բանակցութիւնների մէջ արտայայտւում էին թիւրքահայերի կողմից միեւնոյն ձգտումները, այսինքն որ ռուսական տիրապետութիւնը տարածուի եւ Թիւրքաց Հայաստանի վրայ: Այս տրամադրութեան ժողովրդական արտայայտութիւնն այն էր, որ Բայազէտի հայերը զէնք վերցրին թիւրքերի դէմ եւ միացան ռուսական զօրքին:

Սակայն Թիւրքիան Պարսկաստան չէր ամենից առաջ հէնց այն պատճառով, որ նրան պաշտպանում էր Արեւմտեան Եւրոպան յատկապէս ընդդէմ Ռուսաստանի: Չը նայած պատերազմի յաղթական ելքին, Ռուսաստանը չը կարողացաւ հողային խոշոր գրաւումն եր անել Թիւրքիայի սահմաններում: Հայոց հարցը այս պատերազմի հետեւանքով միայն շեշտուեց, առանց, սակայն, պարզ ձեւաակերպուելու: Միակ բանը, որ անում էր նրանց համար 1829 թուի Անդրիանուպոլսի դաշնադրութիւնը, այն էր որ նրա 13-րորդ յօդուածով արգելւում էր որ Թիւրքիան կամ Ռուսաստանը հալածեն եւ պատժեն առհասարակ իրանց այն հպատակներին, որոնք պատերազմի ժամանակ միացել են թշնամուն եւ վնասներ պատճառել իրանց պետութեան: Այդպիսիներին թոյլատրւում էր 18 ամսուայ ընթացքում իրանց ընտանիքներով ու շարժական կայքով փոխադրուել միւս պետութեան սահմանները [1]:

Այս արտօնութիւնից ամենալայն չափերով օգտուեցին թիւրքահայերը. մոտ 100 հազար հոգի Բայազէտի եւ Էրզրումի կողմերից գաղթեցին (1830) Անդրկովկասի ռուսական հողերը:

Բայց սրանով իհարկէ չէր լուծւում հայոց հարցը: Միջազգային յարաբերութիւնների մէջ նա դեռ չունէր իր որոշ տեղը իբրեւ քրիստոնեայ մի ժողովրդի հարց: Բայց նրա ճակատագիրը կապւում էր հայ հայրենիքի աշխարհագրական դիրքի միջազգային նշանակութեան հետ: Այս տեսակէտով հայկական բարձրաւանդակը ներկայանում էր այնպիսի մի ռազմագիտական վայր, որ արեւմտեան պետութիւնները եւ մասնաւորապէս Անգլիան չէին կարող զիջել Ռուսաստանին կամ թողնել նրա բացառիկ ազդեցութեան տակ:

Միւս կողմից Թիւրքաց Հայաստանը առանձնապէս կարեւոր նշանակութիւն ստանում էր հէնց հայ ժողովրդի համար. XIX դարում հայութիւնը տոգորւում է եւրոպական կրթութեամբ եւ գաղափարներով: Գլխաւոր պաշտամունքը դառնում են հայրենիքը, ազգութիւնը: Հայոց ամբողջ նոր գրականութիւնը տոգորւում է այդ սկզբունքներով եւ դաստիարակում է սերունդներ՝ հայրենիքի ազատութեան գաղափարին ծառայելու համար Հայաստանի անցեալ փառքը, հայ երկիրը ազատ տեսնելու տենչանքը ահա միակ հզօր, տիրապետող շեշտը գրականութեան մէջ:

Հայ մարդու համար Հայաստանը հայկական լեռնաստանի այն մասն էր, որ պատկանում էր Թիւրքիային: Այդտեղ էր որ պիտի վերակենդանանար հայի քաղաքական կեանքը: Եւ մենք տեսնում ենք որ հայ լաւագոյն գործիչների համար հէնց այդ Հայաստանի ազատութիւնն է, որ դառնում է քաղաքական պաշտամունք:

Առաջին անգամ թիւրքահայ նշանաւոր հրապարակախօս Ստեփան Ոսկանն էր, որ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1855) ներկայացրեց ֆրանսիական կառավարութեան մի «յիշատագիր», որի մէջ ցոյց էր տալիս թէ ինչ պէտք է անէ եւրոպական դիւանագիտութիւնը Հայաստանի համար [2]: Տարաբախտաբար, այսքանից աւելի բան յայտնի չէ այդ հետաքրքրական ծրագրի մասին:

Նրանից յետոյ Հայաստանի հարցը նահատակ է դարձնում Միքայէլ Նալբանդեանին: 1859 թուին նա արտասահմանում ծանօթանում է ռուս յեղափոխական գործիչներ Բակունինի, Հերցէնի եւ ուրիշների հետ եւ դառնում է նրանց գործակիցը: Ծրագրւում էր սլաւոնական ազգերի ազատագրութիւն, իւրաքանչիւրը նրանցից պիտի ստանար ինքնավարութիւն եւ ամենքը միասին պիտի կազմէին մի ընդհանուր դաշնակցութիւն: Այս ահագին յեղաշրջումը պիտի կատարուէր սլաւոնական ազգերի ապստամբութեան միջոցով ընդդէմ Աւստրիայի, Թիւրքիայի եւ մասամբ Պրուսիայի:

Նալբանդեանը մտցնում է այդ ինքնավարութիւնների մէջ եւ Հայաստանը: 1860-ին նա Կ. Պօլսում կազմակերպում է գաղտնի մի մարմին, որ պիտի պատրաստէր յեղափոխութիւնը: Այդ մարմնի գլուխն էր Կ. Պօլսի «Մեղուի» խմբագիր Յարութիւն Սվաճեանը, որ ամենայն եռանդով կպաւ այդ գործին: Ծրագրուած էր հայկական ապստամբութիւն սկսել Կիլիկիայից, այն է՝ Զէյթունից: Եւ իրաւ, 1862-ի մայիսին Զէյթունից Կ. Պօլիս գնաց մի վարդապետ, որ ստացաւ Սվաճեանից փող՝ զէնքեր գնելու համար եւ մօտ 30 հոգի կռւողներ [3]: Բայց յուլիս ամսին Նալբանդեանը ձերբակալուեց Ռուսաստանում՝ Բակունինի հետ յարաբերութիւններ ունենալու համար: Մինչդեռ նա նստած էր բանտում, օգոստոսին Զէյթունում ծագեց այն նշանաւոր ապստամբութիւնը, որ անհուն ոգեւորութիւն տարածեց հայ աշխարհում եւ ամբողջ մի քաղաքական շարժման պատճառ ու դրդիչ հանդիսացաւ: Հայ բանաստեղծը գեղեցիկ, սրտառուչ նուագներ էր նուիրում զէյթունցի քաջին, սրբացնում էր նրա ազատագրական գործը իբրեւ ազգային իդէալ, իսկ հայ քաղաքական մի տքը, առաջին անգամ թիւրքահայերի մէջ, գործնական աշխատանքներ էր կատարում Հայոց Հարցը մի ջազգային քաղաքական հողի վրայ դնելուհամար: Պարիզում խմբուած թիւրքահայ մտաւորականութիւնը, ֆրանսիացի, հայասէրների միջոցով, մի պրօպագանդ սկսեց յօգուտ հայ ժողովրդի, որ դասւում էր Թիւրքիայի այն քրիստոնեայ ազգերի շարքում, որոնք հարստահարուած ու կեղեքուած են եւ արժանի են ազատեութեան [4]: Եւրոպայի հասարակական մի տքը, որ յուզուած էր Զէյթունի դէպքերով, համակրութեամբ էր ընդունում այդ պրօպագանդը: Միաժամանակ քաղաքագիտական միջոցներն էլ գործադրել սկսուեցին: Զէյթունից պատգամաւորներ գնացին Եւրոպա եւ դիմումն եր արին մեծ պետութիւններին [5]: Այս դիմումները լաւ հետեւանքներ էին առաջացնում, գոնէ Ֆրանսիայում: Նապօլէօն III, որ նոր էր ազատել Լիբանանը թիւրքական վայրագութիւններից, ձեռք առաւ եւ Զէյթունի հարցը: Ֆրանսիական կառավարութեան մի շատ եռանդուն ծանուցագիրը յայտարարում էր թէ ինքը «միշտ ճանաչել է Զէյթունի անկախութիւնը եւ ապահարկութիւնը» [6]: Եւ եթէ այս տրամադրութիւնը Զէյթունի համար չը ստեղծեց մի նոր անկախ կացութիւն, դրա պատճառն այն էր, որ հարցը շուտով ստացաւ կրօնական կերպարանք: Հայ-կաթոլիկների պատրիարք Հասունը կամեցաւ շահագործել այդ դէպքը՝ կաթոլիկութիւնը տարածելու համար: Զէյթունցիները համաձայնուեցին դաւանափոխ լինել, միայն թէ իրականանան իրանց անկախական տենչանքները եւ այս մտքով իրանց իշխաններին ուղարկեցին Կ. Պօլիս [7]: Բայց այստեղ լուսաւորչական հոգեւորականութիւնը կարողանում է կանգնեցնել այդ կրօնափոխական շարժումը եւ Զէյթունի հարցն էլ մոռացւում է:



[1]            Т. Юзефовичъ–“Договоры Россiи съ Востокомъ”, Спб. 1869, с. 79.

[2]            «Արեւմուտք» լրագիր, Պարիզ, 1859, թիւ 17, եր. 134:

[3]            Жур. “Былое” 1906.

[4]            «Փարիզ» շաբաթաթերթ Մուրադեանի, 1862:

[5]            Victor Langlois–«Les Arméniens de la Turquie et les Massacres du Taurus» (Revue des Deux Mondes, 1863, 15 Fevr. P. 990).

[6]            Victor Bérard-«L Politique du Sultan» Paris 1900, p. 129.

[7]            Ibid. p. 129.