Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

54) ՀՌՈՄԿԼԱՅԻ ԺՈՂՈՎԸ 1179 ԹՈՒԻՆ

 

Գրիգոր Տղան 1173-ին կաթուղիկոսական գահը բարձրանալով, շարունակեց իւր հօրեղբօր Շնորհալու բռնած ընթացքը, այն է` սէր եւ միաբանութիւն ձգել հայերի եւ յոյների մէջ, միմիայն ամուր պահպանելով հայոց առաքելաւանդ ծէսերը եւ սովորութիւնները եւ թոյլ չտալով, որ Հայոց եկեղեցին ինքնուրոյնութիւնից զրկուի: Գրիգոր Տղան, ցանկանալով իւր նախորդների սկսած ազգային ժողովով լրացնել եւ վերջինիս որոշմամբ յունաց կայսեր վճռական պատասխան տալ, հրաւիրագրեր ուղարկեց ամէն տեղ, պատուիրելով գալ ժողովուել Հռոմկլա եւ ընդհանուր որոշմամբ վերջ դնել ձգձգուող խնդրին: Արեւելեան Հայաստանի եկեղեցականներ կասկածանքով վերաբերուեցին դէպի այդ հրաւէրը, եւ երբ ստացուեց այդ կասկածանքները փարատող Գրիգորի թուղթը, շատերը, որոնք յարմարութիւն ունէին՝ գնացին, մնացողները ուղարկեցին իրանց հաւանութեան թղթերը:

 

Հռոմկլայում 1179-ին ժողովուեցին՝ Աղուանից կաթուղիկոսը, 32 եպիսկոպոս,   բազմաթիւ  վարդապետներ վանականներ երէցներ,   սարկաւագներ եւ հայոց մեծամեծ իշխաններ: Ժողովս կազմեց յունաց կայսրին եւ պատրիարքին ուղարկուելիք պատասխանը հայոց դաւանութեան վերաբերեալ: Դաւանաբանութեան մասին երկար խօսուել է Ներսէս Շնորհալու բաժնում, այստեղ այդ մասին չի խօսուիլ, այլ ուշադրութիւն կդարձնուի մի աւելի կարեւոր կէտի վրայ, այն է, որ այս ժողովում մատնացոյց է անւում այն արտաքին տիեզերական եւ մասնաւոր ժողովների եւ ս. հարց վրայ, որոնց կանոնները Հայոց եկեղեցին ընդունում է կանոնականների շարքում:

 

Ահա ժողովի որոշման այդ կտորը թարգմանաբար. ընդունում ենք տիեզերական ժողովներից առաջի երեքը` Նիկիայի, Կոստանդնուպօլսոյ եւ Եփեսոսի. «Մեր մէջ գտնւում են այլ եւ այլ ժողովների կանոնադրութիւններ, որոնք ընդունելի են մեզ, որոնք եկեղեցու զանազան կարգերը հաստատեցին, պէսպէս հերձուածներ հերքեցին, ինչպէս Անկիւրիայի ժողովը, որը հերքեց Լիկիանոսի անբարշտութիւնը՝ քահանաներին զոհած միս ուտեցնելուն համար. Կեսարիայի ժողովը՝ յուռթից կանանց դէմ եղած, եւ Նէոկեսարիայի ժողովը՝ անխտիր պոռնկութեան դէմ եղած. եւ Գանգրայի ժողովը՝ օստացւոց  աղանդի  դէմ եւ  Լաւոդիկիայի  ժողովը՝  տասնչորսականների դէմ, եւ Սարդիկէի ժողովը՝ եկեղեցական կարգերի համար եղած: Այս ուղղափառ եւ սրանց նման ժողովներից սովորեցինք մենք հաւատոյ դաւանութիւնը... » (տե՛ս «Թուղթ ընդհանրական», Ս. Էջմիածին, 1865, 256 եր. ):

 

Ուրեմն այս ժողովը որոշեց ընդունել օտար ժողովներից երեք տիեզերականը եւ վեց տեղականը: 3 տիեզերականի մասին շատ յիշատակութիւններ կան արուած մեր մէջ, վեց տեղական ժողովների մասին առաջին անգամ է յիշատակւում եւ միմիայն այս ժողովում: Կարծէք թէ ժողովականները վեց տեղական եւ այլ օտար սուրբ հարց կանոնների հայոց կողմից ընդունելութեան հարցի որոշմամբ, ցանկացել են վերջ տալ անօգուտ վէճերին, որոնք առաջանում էին նրանից, որ իբր թէ հայերը բացի իրանց ազգային ժողովների եւ կաթուղիկոսների կանոններից օտար կանոններ չեն ընդունում: Բայց խնդիրն այս է` ի՞նչու մեր ժողովը 6 տեղական ժողով է ընդունել եւ ոչ 8. եթէ մեր ժողովը ասում է, թէ կան մեր մէջ այլ եւ այլ ժողովների կանոններ, դրանով կամենում է ասել, որ վաղուց հայոց մէջ կան տեղական ժողովների թարգմանութիւնը, Յովհան Օձնեցու օրերից եւ մինչեւ այն օրը գործածութեան մէջ եթէ չկան էլ, յամենայն դէպս մեր եկեղեցու կողմից չեն մերժւում: Եթէ Յովհան Օձնեցու կազմածի մէջ միայն տեղական վեց ժողովներն են մտել եւ ոչ 8, նշանակում է` Օձնեցին պիտի օգտուած լինի այն ժողովածուներից, որոնցից օգտուել են Դիոնէսիոս Կրտսերը եւ Յովհան Սքոլաստիկոսը (500 եւ 556 թուականներին): Այս երկուսի ժողովածուների մէջ մտնում էին 4 տիեզեր. ժող. ու 6 տեղական եւ առաքելական կանոններ. երեւի թէ Օձնեցին յարմար է դատել հետեւել 6 տեղական ժողովներ պարունակող ժողովածուներին, քան ութ: Մեր 1179-ի ժողովն էլ հէնց այս 6 տեղական ժողովն էլ ընդունել է վաւերականների շարքում: Միայն այստեղ մի թեթեւ թիւրիմացութիւն է տեղի ունեցել. մեր ժողովի ընդունած 6 տեղական ժողովների շարքից պակասել է մի ժողով, այն է՝ Անտիոքինը եւ յաւելացել է մի բոլորովին գոյութիւն չունեցող ժողով, այն է` Կեսարիայինը: Թէ Սքոլաստիկոսի, թէ Կրտսերի ժողովածուների մէջ եւ թէ մեր բոլոր կանոնագրքերում կայ Անտիոքի ժողովը, որը շատ նմանութիւն ունի Նիկիայի ժողովի կանոնների հետ եւ կարծիք կայ, որ միմեանցից փոխառութիւն են արել երկու ժողովները, որ ասել է թէ` Անտիոքի ժողովը ոչ մի թէական` կասկածական բովանդակութիւն չի ներկայացնում եւ համապատասխան է ուղղափառ եկեղեցու դաւանանքին, բայց ի՞նչու դուրս է ձգուել 1179-ի ժողովի ցանկից. դժուար է պարզել: Իսկ ընդհակառակն` Կեսարիային վերագրած ժողովը գոյութիւն չի ունեցել, ոչ մի եկեղեցու ժողովների ցանկում չկայ, ոչ վաւերականների եւ ոչ անվաւերականների մէջ, ո՞րտեղից են գտել մերոնք եւ ժողովների կարգը դասել, Աստուած գիտէ: Կայ մի ուրիշ փաստ, որ ցոյց է տայիս, թէ 1179-ի ժողովում յիշատակուել է եւ Անտիոքի ժողովը եւ ապա դուրս է ձգուել: Փաստն այս է. Ս. Էջմիածնի գրադարանի 58 ձեռագրում կայ Գրիգոր կաթուղիկոսի այդ թղթի մի ուրիշ պատճէնը կայսրին գրած, այս պատճէնի մէջ յիշուած ժողովների շարքում կայ եւ Անտիոքի ժողովը, որը բռնում է շարքի մէջ վեցերորդ տեղը. ահա դասաւորութիւնը. 1) Նիկիայի ժողով` Ի կանոն, 2) Անկիւրիայի՝ Ի կ., 3) Կեսարիայի՝ Ժ կ., 4) Նէոկեսարիայի՝ Ի կ., 5) Գանգրայի՝ ԻԳ կ., 6) Անտիոքի՝ ԻԵ կ., 7) Լաւոդիկիայի՝ ԾԵ կ., 8) Սարդիկէի՝ ԻԱ կ., 9) Պօլսոյ Գ կ. (տիեզ. ), 10) Եփեսոսի՝ Զ կ., (149-153 եր. ): Եթէ սրանցից Կեսարիայինը իբրեւ չեղած ժողով դուրս ձգենք, մնացածները կլինեն Սքոլաստիկոսի եւ Դիոնէսիոս Կրտսերի ժողովածուների ժողովները: Փաստն այն է, որ Գրիգոր կաթուղիկոսի վերոյիշեալ ժողովը երկու օրինակ ունի, մէկում, որը եւ տպագրուած օրինակն է, չկայ «Անտիոքի» եւ «օտար ս. հարց» կանոնների յիշատակութիւնը, երկրորդ ձեռագիր օրինակներում, որ աւելի ընդարձակ է, քան տպածը, կայ թէ Անտիոքի ժողովը եւ թէ այն օտար ս. հարց անունները (Աթանաս, Գրիգոր Նիւսեայ, Բարսեղ Մեծ, Գրիգոր Նազիազանցի, Կիւրեղ Աղէքսանդրիացի), որոնց դաւանութիւնը ընդունում ենք: Թէ ի՞նչ է եղել պատճառը, որ օտար ս. հարց անունները եւ Անտիոքի ժողովը ջնջուել են եւ եղած արձանագրութիւնը կրճատուել, յայտնի չէ, թէեւ ենթադրական մի քանի բան կարելի է ասել, բայց դրական նշանակութիւն ունենալ չեն կարող դրանք: Ինչ որ վերաբերում է Կեսարիայի ժողովին, այդ մասին խօսել ենք նոյն ժողովի կանոնների արձանագրութեան մէջ:

 

Այս ժողովիս գլխաւոր նշանակութիւնը նրանումն է, որ ցոյց է տալիս, թէ մեր 12-րդ դարի ս. հարք ինչ հայեացք են ունեցել օտար եկեղեցական հայրերի եւ արտաքին ժողովների կանոնների վերաբերմամբ. մենք զարմանալով կտեսնէինք, որ մեր կանոնագրքերը լի են կանոններով, այն ինչ նրանց վաւերականութեան, կամ մեր կողմից ընդունելութեան մասին ոչ մի խօսք չի ասուած ոչ մի ազգային ժողովում: Այդ տարակուսանքը գոնէ փարատում է այս ժողովը, ցոյց տալով թէ ո՞ր արտաքին ժողովները կարող են աղբիւր համարուել մեր եկեղեցական իրաւունքի համար: Եթէ այս ժողովումս որոշուէր մէկ-մէկ, թէ ո՞ր ազգային ժողովներն ենք ընդունում եւ ո՞ր հայրերի կանոնները, կունենայինք փառաւոր հիմնաքար պարզելու եւ ջոկելու այն անթիւ, անհամար, աւելորդ, կցկտուր, վայրի-վերոյ կանոններ բովանդակող կանոնագրքերը. որոնք պարզել միմիայն ենթադրութիւններով եւ կողմնակի միջոցներով շատ դժուար է: