Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

57) ԼԱՏԻՆԱՍԷՐ ԿԱԹՈՒՂԻԿՈՍՆԵՐ ԵՒ ԺՈՂՈՎՆԵՐ (1238-1361 ԹԹ. )

 

Յունաց միաբանութեան հարցը վերջանալուց յետոյ, ԺԳ դարում սկսուեց Հռոմի եկեղեցու հետ միանալու խնդիրը: Ըստ Վարդան պատմագրի, 1251-ին, Իննովկինդէոս Դ Պապը առաջարկեց Կոստանդին Հայոց կաթուղիկոսին եւ Հեթում թագաւորին ընդունել Հռոմի դաւանած վարդապետութիւնը Հոգւոյն Սրբոյ բղխման մասին «ի Հօրէ եւ յՈրդւոյ»: Կաթուղիկոսը եւ թագաւորը, ճնշուած քաղաքական հանգամանքներից, Պապի գերազօրութիւնը տեսնելով արեւմտեան աշխարհներում, ժողով են գումարում եւ հարցը քննութեան առաջարկում: Եւ այսպէս սկսւում են ժողովների միջոցով քննել դաւանաբանական սկզբունքներ, որոնք Գրիգոր Անաւարզեցու ժամանակ (1293-1307) հետեւեալ պարզուած կերպարանքն են ստանում ինն կետերով. Ա. բաժակը ջուր խառնել, Բ. խաչեցարը վերցնել, Գ, Դ, Ե, Զ, Է. տօները, պասերը, մաշտոցը, ձեռնադրութիւնը, երեկոյեան եւ առաւօտեան ժամերգութիւնը փոխել եւ լատինացը մտցնել, Ը. երախայութեան իւղը գործադրել, Թ. հիւանդաց օծումը կատարել: Այս կէտերը ընդունելու համար մի քանի ժողովներ են անում թագաւորները եւ կաթուղիկոսները եւ սրանց ճնշմամբ ժողովները ընդունում են այդ դաւանաբանական փոփոխութիւնները: Բայց Արեւելեան Հայաստանը Սիւնեաց աշխարհի եւ Լոռու նահանգի եպիսկոպոսների գլխաւորութեամբ ամենաջերմ պաշտպան են հանդիսանում ժողովրդական եկեղեցու եւ կատաղի հակառակորդ` լատինամոլ կաթուղիկոսների, թագաւորների եւ ժողովների: Ամենափառաւոր ժողով արին արեւելյան հայերը Սիւնիքում, ուր մի խիստ պատասխան գրեցին կաթուղիկոս Անաւարզեցուն, յորդորելով պինդ պահել հայրաւանդ կարգերն ու սովորութիւնները եւ վերջում աւելացնելով` աւելի լաւ է մեր պապերի հետ դժոխք գնալ, քան օտարների հետ` արքայութիւն: «Եւ ընդէ՞ր է երկայնել մեզ զբանս, -գրում է Սիւնիքի ժողովը Ստեփաննոս Օրբելեանի բերանով, հաւան եմք մեք ընդ հարսն ի դժոխս իջանել եւ ո՛չ ընդ հոռոմոց յերկինս ելանել: Արդ այդ չափ եւ այդքանիւք բաւականասցուք բանիւք»: «Եւ թէ թագաւորական սաստիւ պատժէք զմեզ՝ մեք պատրաստ եմք ի տանջանս, յաքսորս եւ ի բանտ, ի մահ եւ ի մեռանել ի վերայ սուրբ եւ առաքելական հարցն աւանդից»: Չնայելով Արեւելեան Հայաստանից եկած այդպիսի բողոքներին, Կիլիկիայի թագաւորները եւ կաթուղիկոսները անընդհատ ժողովներ անելով` ընդունում էին Անաւարզեցու 9 ծիսական փոփոխութիւնները. այն ինչ բուն ժողովուրդը եւ հոգեւորականութիւնը, ուշք չդարձնելով թագաւորի խիստ բռնի միջոցներին, շարունակում էին իրանց լուսաւորչաւանդ կարգով ընթանալ. բանը այնտեղ հասաւ, որ Կարինում Գրիգոր եպիսկոպոսը կատարելով թագաւորի եւ կաթուղիկոսի հրամանը`  պատարագի ժամանակ ջուր էր խառնել բաժակի մէջ, ժողովուրդը լսում է, յարձակւում է եպիսկոպոսի վրայ եւ տեղն ու տեղը սպանում է: Երուսաղէմի Սարգիս եպիսկոպոսը քաջութիւն է ունենում ոտի տակ տալ ազգատեաց կաթուղիկոսի հրամանը: Եգիպտոսի  Ամիրայի  պաշտպանութեամբ  կաթուղիկոսի  իրաւասութիւնից դուրս է գալիս եւ իւր թեմը բոլորովին անջատում` Կիլիկիայից անկախ հրատարակելով: Ժողովուրդը ամէն տեղ ցոյց է տալիս իւր տոկունութիւնը եւ ոյժը` ստիպելով իւր հոգեւորականներին չշեղուել նախնաւանդ սովորութիւններից եւ պինդ պահել այն, ինչ որ ազգային ժողովրդական է: Լատինական շրջանն ամենափառաւոր ապացոյցը տուաւ Հայ եկեղեցու ժողովրդական լինելուն, եթէ ժողովրդի երկիւղն ու վախը չլինէր, շատ հոգեւորականներ գուցէ ընդունէին կաթուղիկոսի եւ թագաւորի հրամանը: Վերջապէս ժողովուրդը ստիպեց Արտազեցի Մեսրոպ կաթուղիկոսին ժողով անել 1361-ին` Սսում եւ վճռել ընդհանուր համաձայնութեամբ, թողնել ծիսական փոփոխութիւնների խնդիրը, մէջից հանել 9 կէտերի ընդունելութեան հարցը, պինդ պահել Հայոց եկեղեցու կարգ ու կանոնը եւ չշեղուել հարց գծած շաւղից: Սրանով եւ վերջացաւ լատինասէրների պաշտպանած միութեան հարցը առանց մի շօշափելի արդիւնքի, բացի գժտութիւններից, կռիւներից, վէճերից, որոնք ամէն տեղ սերմանուելով` մեծ աղմուկների տեղիք տուին եւ առաջացրին փոքրիկ խմբերով կաթոլիկ հայ համայնքներ, որոնց գոյութիւնը եւ զարգացումը շարունակւում է մինչեւ այսօր:

 

Կիլիկիայի կաթուղիկոսութիւնը գնալով օրէ ցօր քայքայւում էր, բարոյապէս ընկնում, վերջը այն դրութեան հասաւ, որ ազգային 1441-ի ժողովը անհրաժեշտ համարեց կաթուղիկոսական աթոռը  տեղափոխել Ս. Էջմիածին: Այսպիսով 989 տարուց յետոյ Էջմիածինը նորից ընդունեց Լուսաւորչի փոխանորդներին՝ իւր հարազատ գահակալներին իւր գիրկը եւ դրանով ազատեց մեր եկեղեցին օտարամոլական միտումներից: