Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

58) ԵՐՈՒՍԱՂԷՄԻ 1651 ԹՈՒԻ ՄԱՍՆԱՒՈՐ ԺՈՂՈՎԸ

 

Ժամանակակից պատմագիր Առաքէլ Դաւրիժեցին պատմում էր, որ Փիլիպպոս կաթուղիկոսը, շրջագայութեան դուրս գալով, այցելեց եւ Երուսաղէմ, 4 ամիս այստեղ կացաւ, Ս. Յակոբոսի տաճարի յատակը սալարկեց եւ վերջերում էլ Սսի կաթուղիկոսի եւ Երուսաղէմի փոխանորդի հետ մասնաւոր ժողով արաւ եւ մի քանի կանոններ սահմանեց: «Յորոյ (այսինքն` կաթուղիկոսի) քրիստոսածաւալ քարոզութիւնն եւ հոգեբուղխ վարդապետութիւնն քաղցրացեալ հանուր ժողովն գումարեալ, եկեղեցականք եւ աշխարհականք, յորս էին գլխաւորք՝ կաթուղիկոսն Սսոյ տէր Ներսէս, եւ առաջնորդն Երուսաղէմի Աստուածատուր վարդապետն, միաբանութեամբ խոնարհեցան ի հրամանս հայրապետին Փիլիպպոսի, եւ հաստատեցին կանոնական բանս երեքտասան գլուխ, զորս համառօտիւ նշանակեցից աստէն»:

 

1. Որոց առաջինն է սէր եւ միաբանութիւն երկուց աթոռոց կաթողիկոսացն Էջմիածնի եւ Սսոյ, եւ իւրաքանչիւր կաթուղիկոս զիւրոյ վիճակի նուիրեալն ձեռնադրեսցէ եւ մի զայլոյ. եւ թէ դէպ լինիցի զի ձեռնադրեսցէ յայլմէ վիճակէ զոք, յիւրում վիճակին տեղաւորեսցէ զնա, եւ ձեռնադրեալն՝ թէ յայնմ կաթուղիկոսի վիճակէ փոխեսցի յայլ կաթուղիկոսի վիճակ, անընդունելի լիցի:

 

Էջմիածնի եւ Սսի աթոռների մէջ սէր եւ միաբանութիւն լինի. իւրաքանչիւր կաթուղիկոս իւր վիճակի նուիրեալ անձանց ձեռնադրի միայն եւ ո՛չ միւսի վիճակի. եթէ պատահի որ միւսի վիճակից մէկին ձեռնադրի, թող ձեռնադրող կաթուղիկոսը իւր վիճակում նրան տեղաւորեցնի, այս դէպքում ձեռնադրուածը այլեւս իրաւունք չունի փոխադրուելու նախկին վիճակը:

 

1441-ի ազգային ժողովը որոշելով կաթուղիկոսական աթոռը փոխադրել Էջմիածին, հրաւիրեց Սսի կաթուղիկոս Մուսաբէկեանին գալ բազմել հայրապետական աթոռը, սակայն նա մերժեց ժողովի հրաւէրը եւ իբրեւ հակաթոռ կաթուղիկոս շարունակեց կաթուղիկոսութիւնը: Նրա յաջորդները համարուեցին հակաթոռներ Էջմիածնի գահին, նրանց իրաւունքի տակ մնացին միայն Սսոյ թեմերը, իսկ մնացածները ճանաչեցին Էջմիածնի հայրապետի գերագահութիւնը: Էջմիածնի կաթուղիկոսը եփում էր միւռոն եւ ձեռնադրում էր եպիսկոպոսներ բոլոր թեմերի համար, բացի Սսի եւ Աղթամարի վիճակներից:

 

Թէեւ այս առաջին կանոնս սէր եւ միաբանութիւն է սահմանում երկու աթոռի համար, բայց մինչեւ այսօր դժբաղդաբար կռուի խնձոր է դարձել զանազան փառամոլ քաղաքագէտ անձանց ձեռքին: Սուր կերպարանք ստացաւ այդ հարցը Գէորգ Դ-ի ժամանակ, որը եպիսկոպոսական երդման մէջ մինչեւ անգամ մտցրեց «հակաթոռ» «հեստեալ» ածականները:

 

2. Երկրորդ՝ զի ինքն նուիրեալն եւս մի համարձակեսցի առ այլ կաթուղիկոս գնալ՝ թողլով զիւրն՝ այլ առ իւր կաթուղիկոսն:

 

Ձեռնադրուելի անձը չպիտի ուրիշ կաթուղիկոսի մօտ գնայ, հապա պիտի մնայ իւր կաթուղիկոսի մօտ:

 

3. Երրորդ՝ զի թարց խնդրանաց ժողովրդեան եւ վկայական թղթոյ մի ձեռնադրեսցի ոք յեպիսկոպոսութիւն:

 

Ոչ ոք առանց ժողովրդի խնդիրքի եւ վկայաթղթի եպիսկոպոս չձեռնադրուի:

 

Այս փառաւոր սկզբունքը սկզբից հէնց մեր մէջ գոյութիւն է ունեցել եւ մինչեւ այսօր տեւում է տաճկահայոց մէջ: Ռուսահայոց մէջ ժողովուրդը ոչ մի ձայն չունի, ամէն ինչ կախուած է կաթուղիկոսից եւ Սինոդի նախնական կարծիքից (տե՛ս Նիկ. 4, Անտ. 19, Լաւ. 13, Սսի 1):

 

4. Չորրորդ՝ ամենեւին զինչ եւ իցէ պատճառաւ ոք եպիսկոպոս զայլոյ վիճակ մի յափշտակեսցէ:

 

Եպիսկոպոսը ոչ մի պատճառով չի կարող ուրիշ եպիսկոպոսի վիճակ յափշտակել առ. 14, Նիկ. 15, Անկ. 18, Անտ. 13, 16, 21, 22, Դ Դւ. 3):

 

5. Հինգերորդ՝ միոյ վիճակի մի՛ լիցին երկու եպիսկոպոսք եւ երկու առաջնորդք, բայց թէ կարի մեծ ինչ պատճառ ի մէջ գայցէ:

 

Մի թեմում երկու եպիսկոպոս, երկու առաջնորդ չլինեն, այլ մէկը. բացառութիւն թոյլ է տրւում միայն շատ կարեւոր եւ բացառիկ դէպքերում:

 

6. Վեցերորդ՝ մի համարձակեսցի եպիսկոպոս՝ յայլմէ վիճակէ զոք ձեռնադրել, ապա թէ համարձակեսցի լուծցի ինքն եւ իւր ձեռնադրեալն:

 

Եպիսկոպոս-առաջնորդը ուրիշի վիճակից որեւէ մէկին չպիտի ձեռնադրի, իսկ եթէ ձեռնադրեց` ինքն էլ կարգալոյծ լինի, ձեռնադրուածն էլ (տե՛ս Բ առ. 35, Անտ. 9, 13, Սարդ. 1, 2, 11, 15, Դ Դւ. 2, Պար. 2):

 

7. Եօթներորդ՝ զի եպիսկոպոս թէ ոչ հրամանաւ կաթուղիկոսին իւրոյ՝ այլ կաշառօք եւ այլազգեաց բռնութեամբ համարձակեալ իշխեսցէ այլոց վիճակի. լուծցի ի կարգէն:

 

Եթէ եպիսկոպոսը ո՛չ կաթուղիկոսի հրամանով, այլ կաշառքով եւ այլազգեաց բռնութեամբ կհամարձակի վիճակի առաջնորդ լինի, կարգալոյծ լինի (նոյնը հաստատում է եւ Բ առ. 30, Դ Դւ. 10):

 

8. Ութերորդ՝ մի համարձակեսցի ոք վարդապետ անխտրաբար տալ իշխանութիւն վարդապետութեան ամենայն ումեք. եթէ ոչ իցէ նուիրեալն կատարեալ ուսմամբ՝ եւ առաքինութեամբ, եւ հասակաւ, եւ աստուածային երկիւղիւ՝ եւ վկայեալ յամենեցունց, զի այսու պատճառաւ բազում անկարգութիւնք եւ գայթակղութիւնք մտին յեկեղեցի, եւ ստուգանեալ քամահեցին զայս հրաման, տուող իշխանութեան անկցի ի պատուոյն, եւ առող իշխանութեան անընդունակ լիցի:

 

Ոչ մի վարդապետ  անխտրաբար  վարդապետական  իշխանութիւն չտայ ոչ մէկին, եթէ որ նուիրուած անձը թէ ուսմամբ, թէ առաքինութեամբ եւ հասակով կատարեալ չէ բոլոր ժողովրդից եւ աստուածային երկիւղ չունի սրտում. ով այս հրամանի հակառակ կվարուի, թէ իշխանութիւն տուողը պատուից զրկուի եւ թէ առնողը համարուի իշխանութիւն չստացած:

 

Կուսակրօն քահանան կոչւում է մեր մէջ աբեղայ, որը տարբերւում է աշխարհիկ քահանայից վեղարով եւ ամուրի կեանքով: Աբեղային տրւում էր քարոզութեան իրաւունք, գաւազան կրելու իրաւունք քարոզութեան ժամանակ, եւ սա համարւում էր մասնաւոր իշխանութիւն ունեցող աբեղայ, մի բառով` վարդապետ: Վարդապետը եպիսկոպոսից յետոյ առաջին մարդն էր վիճակում, նրա խորհրդին էին դիմում կրօնական, եկեղեցական խնդիրներ որոշելիս, նրա մօտն էին գնում ուսանելու եւ նրանից վկայական առնելու համար: Այդպիսիներիցն էին Գօշ Մխիթար վանական վարդապետը եւլն, եւլն: Այժմ վարդապետ համարւում է իւրաքանչիւր վեղարակիր, եւ եթէ նորընծայ վեղարակիրը մի քանի ժամանակ աբեղայ է կոչւում եւ հասարակ կտորից վեղար ծածկում, ձեւական նշանակութիւն ունի, առանց որեւէ քննութեան քիչ յետոյ կոչւում է վարդապետ, մասնաւորութիւն իշխանութիւն ստանալով: Թէ այս կանոնիցս եւ թէ Գօշ Մխիթարի Գ գլխից երեւում է, որ վարդապետական իշխանութիւնը կարող է տալ վարդապետը, միայն ինչպէս Գօշն է ասում` եթէ տեղի եպիսկոպոսի, կաթուղիկոսի եւ իշխանի իմանալով լինի, լաւ կլինի, նրա կարծիքով, որ երեք վարդապետ վարդապետութիւն տան նուիրուած անձին: Այժմ այդ կարգը վերացել է, 1836-ից յետոյ վարդապետութիւն տալու իրաւունքը պատկանում է միմիայն Հայոց հայրապետին, տաճկահայոց մէջ` կենտրոնական վարչութեանը:

 

9. Իններորդ՝ քահանայ եւ ժառանգաւոր յիւրմէ եպիսկոպոսէ ընկալցի ձեռնադրութիւն հաւանութեամբ իւրոյ ժողովրդեանն, եւ թէ ոչ այսպէս, լուծցի ի կարգէն:

 

Քահանան եւ մնացած եկեղեցականները իրանց եպիսկոպոսից պիտի ձեռնադրութիւն ստանան իրանց ժողովրդի հաւանութիւնը առնելուց յետոյ. ով հակառակ այս կարգին կվարուի, թող կարգալոյծ լինի (տե՛ս Ա առ. 6, Դ Դւ. 9):

 

10. Տասներորդ՝ զիրաւունս եւ հասոյթս՝ որ ի ժողովրդենէն կարգեալ է եպիսկոպոսաց եւ  երիցանց ըստ  հրամանի  հայրապետական կանոնաց առցեն եպիսկոպոսք եւ երիցունք, եւ մի զմիմեանս զրկեսցեն, որոց վասն տրտունջ եւ դժգոհութիւնս յոլովս լսեմք հանապազ:

 

Եպիսկոպոսները եւ քահանաները ժողովրդից ստացած հասոյթները հայրապետական կանոնների համաձայն` առանց միմեանց զրկելու բաժանեն եւ դժգոհութիւնների ու տրտունջների տեղիք չտան (տե՛ս Գան. 7, 8, Բ առ. 3, 4, Բ Դւ. 1, 2, 3, 4, 13, 18, Դ Դւ. 8, 9, Պար. 21, Սսի 19):

 

11. Մետասաներորդ՝ երիցունք մի զրկեսցեն զիրեարս՝ զմիմեանց ծուխն ու հասոյթն յափշտակելով. կամ կեղծաւոր բարեձեւութեամբ եւ կամ այլազգեաց բռնութեամբ, այլ իւրաոք իւրով բաժնաւն բաւականասցի, եւ թէ ոչ այսպէս, վստահողն լուծցի ի կարգէն:

 

Քահանաները միմեանց չզրկեն ծուխն ու հասոյթը յափշտակելով, կամ կեղծաւոր բարեձեւութեամբ կամ այլազգեաց բռնութեամբ, այլ իւրաքանչիւրը իւր բաժնովը բաւականանայ. ով հակառակ հրամանիս կվարուի, կարգալոյծ լինի (տե՛ս Բ Դւ. 1, 2, 13, Դ Դւ. 5, Սսի 13):

 

12. Երկոտասաներորդ՝ յորժամ հանդերձեալ իցեն դնել նշան ումեմն աղջկան յաղագս յումեմն երիտասարդի, մի իշխեսցեն առնել զայն կանայք, կամ ժողովրդականք կամ երիցունք առանց բազում քննութեան. եւ կամ առանց գիտելոյ առաջնորդին. այլ քահանայքն քարոզեսցեն բազում աւուրս ի մէնջ եկեղեցւոյն, եւ ծանուսցին առհասարակ ամենեցուն, զի գուցէ ոք տեղեակ իցէ ազգացեղութեան նոցա, որոյ ի լսելն՝ եկեալ յառաջագոյն ծանուսցէ, եւ այսպէս յետ բազում քննութեանց՝ թէ ոչ գտցի ազգացեղութիւն ի մէջ նոցա, ապա յայտ յանդիման  ամենայն  քահանայից  եւ   ժողովրդոց՝  քահանայք  օրհնեսցեն զնշանն զայն եւ հաստատեսցի զործն:

 

Երբ աղջկայ եւ տղայի նշան դնելու խնդիր կայ, թէ կանայք, թէ ժողովրդականք եւ թէ քահանայք առանց երկար ու բարակ քննութեան եւ առանց առաջնորդի գիտութեան թող նշան չդնեն. հապա քահանայք եկեղեցում երկար ժամանակ յայտարարեն բոլորին, որպէս զի եթէ մէկը չհասութեան մի բան նկատի, գայ եւ յայտնի, իսկ եթէ չհասութեան խնդիր չի լինիլ, բոլորի ներկայութեամբ նշան դնեն քահանայք եւ հաստատեն իրանց օրհնութեամբ:

 

Նշանադրութեան այս ձեւը գոյութիւն չունի հայոց մէջ, այս սովորութիւնը աւելի օտարամուտ է. այս մասին խօսում են եւ Գէորգ Դ-ի մի քանի կանոնները, որոնցով աւելի շեշտւում է ա՛յն, որ առանց քննութեան եւ չհասութեան խնդիրը պարզելու՝ քահանան եւ գործակալը պիտի նշան դնելու իրաւունք չտան եւ չօրհնեն նշանը՝ որովհետեւ ըստ մեր կանոնադիրների` նշանադրութիւնը պսակի հետ շատ սերտ կապուած է, քանդելն էլ որոշ հանգամանքների հիման վրայ է թոյլատրւում եւ ոչ ըստ քմահաճոյից:

 

13. Երեքտասաներորդ՝ այրի երիցունք՝ թէ իցեն պարկեշտք եւ ծերք, եւ կամ ունիցին մանկունս սնուցանելոյ՝ կացցեն յեկեղեցին, եւ թէ ոչ այսպէս, գնասցեն ի վանս եւ յանապատս. եւ թէ ոչ գնասցեն, ի բաց կացցեն ի ժառանգութենէ եւ կարգէ:

 

Այրի քահանաները, որոնք պարկեշտ են եւ ծեր, եւ կամ խնամելու երեխաներ ունեն, թող եկեղեցում քահանայութիւնը շարունակեն, եթէ այդպէս չեն, թող վանքեր եւ անապատներ քաշուեն, եթէ չգնան՝ հեռացուեն թէ կարգից եւ թէ քահանայական ժառանգութիւնից (եկամտից, հողից):

 

Սրանով վերջացան Երուսաղէմի մասնաւոր ժողովի կանոնները: Դաւրիժեցին պատմում է` երբ կանոնները սահմանեց, բոլորի առաջ կարդալ տուաւ, հաւանեցին թէ Սսի կաթուղիկոս Ներսէս, Երուսաղէմի առաջնորդ Աստուածատուր վարդապետը, «բոլոր վարդապետները, եւ եպիսկոպոսները, եւ իշխանները, ստորագրեցին եւ կնքեցին, եւ իրանց հետ տարան պատճէնները ամէն կողմ եւ տարածեցին Հայոց աշխարհում (տե՛ս Դաւրիժեցի, 331-334 եր., Էջմիածին, 1896թ. ):