Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
1895-1912

1880 թուականի դիւանագիտական գրագրութիւններից յետոյ Հայոց Հարցը դադարում է եւրոպական պետութիւնների գործնական ձեռնարկութիւնների առարկայ դառնալուց եւ այս դրութիւնը շարունակւում է ամբողջ 15 տարի:

Այս ժանանակամիջոցում Հայոց Հարցը Թիւրքիայի սահմանների մէջ ստանում է քաղաքական ահաւոր պայքարի ձեւ: Թիւրք կառավարութիւնը, ըստ իր վաղեմի սովորութեան, չէ բաւականանում իր մի ջազգային պարտաւորութիւնն ուրանալով, այլ եւ դիմում է բռնութեան մի ջոցներին՝ հայերի մէջ սկսուած շարժումը արմատախիլ անելու համար: Հայութիւնը, հանդէպ կառավարչական այս ահաբեկիչ քաղաքականութեան, առաջ է քաշում դիմադրող պայքարի կազմակերպութիւն, որ հետզհետէ ընդարձակւում է, դառնում ամբողջ հայութեան գործ:

Հայկական շարժումն ընդունում է յեղափոխական կերպարանք, որ աւելի որոշ եւ ուժեղ արտայայտութիւն ստանալ սկսում է 1880-ական թուականների վերջից, երբ միմեանց ետեւից կազմակերպւում եւ մարտական ասպարէզ են իջնում «Հնչակեան» եւ «Դաշնակցութիւն» կուսակցութիւնները:

Կռիւն այնուհետեւ անողոք է երկու կողմից: Սուլթան Աբիւլ-Համիտը անձամբ իր ձեռքն է առնում կառավարչական ճնշումների գործը: Եւ դեռ 1889 թուականին իր տրամադրութիւնը ձեւակերպում էր ամենախիստ կերպով: Ահա այս մասին ինչ էր գրում Աշըգեան Խորէն պատրիարքը Մակար կաթողիկոսին.

 

«Յայլում եւս նուագի ընդ խօսել իւրում ընդ իս ի պալատան ի ձեռն անձնական քարտուղարի իւրոյ յաւել (Սուլթան Աբդիւլ-Համիտը) ասել թէ անհնարին է ինձ զիջանել տալ զինքն օրէնութիւն զոր հայք երազեն, եւ ոչ միայն ինձ՝ այլ եւ ամենեցուն որ զկնի իմ գալոց են Սուլթանք նզով դնեմ ի վերայ չտալ հայոց այնպիսի ինչ, այլ մանաւանդ ցջնջումն բովանդակ իսլամութեան յերեսաց երկրի ուխտ դնեմ պատերազմել ընդդէմ անկախութեան հայոց» [1]:

 

Այս մի սին սպառնալիք չէր: 1890-ի ամառը Էրզրումում եւ Կ. Պօլսում տեղի ունեցան յեղափոխական ցոյցեր, որոնք արիւնահեղութիւն են պատճառում: Թիւրք կառավարութիւնը ամենախիստ միջոցների է դիմում: Բայց այդ վարչական եւ դատաստանական ահաբեկումը բաւական չէ եւ նա աւելի արմատական միջոցներ է հնարում Փոքր Ասիայի քրիստոնեայ ազգաբնակութիւնը «պակասեցնելու» (թիւրքական պաշտօնեաների գործ ածած խօսքը) համար: Հայերի դէմ թիւրք կառավարութիւնը ոտքի հանեց ամբողջ քրտութիւնը, որին տրուեց կողոպտելու, սպանելու, առեւանգելու ազատութիւն:

Այդ էլ բաւական չէր եւ նոյն 1890-ին քրտերից սկսեցին կազմակերպել անկանոն ձիաւոր զօրքեր, զինելով նրանց կատարելագործուած զէնքերով: Ահա այդ առիթով ինչ էր գրում Էրզրումի անգլիական հիւպատոսը Կ. Պօլսի անգլիական դեսպանին.

 

Էրզրում, 28 փետրվարի 1891 թ.

 

Սըր. Պատիւ ունիմ ներփակել ընդ սմին թարգմանութիւնը մի յօդուածի, որ տպուեց այստեղի պաշտօնական լրագրում եւ վերաբերւում է քրտերից անկանոն հեծելազօր գնդեր կազմակերպելուն եւ այդ գնդերի գլխաւորներից մի քանիսի Կ. Պօլիս ուղեւորուելուն:

Այս գլխաւորները անցեալ շաբաթ դուրս եկան Էրզրումից Երզնկայ, որտեղից կուղեւորուեն մայրաքաղաք:

Ինչպէս որ առաջ էլ հաղորդել եմ ձեր գերազանցութեան, քրտերի զինման վճիռը այստեղ դիտւում է մեծ երկիւղով: Այս զգացմունքն ուժեղանում է հէնց քրտերի վարմունքի պատճառով. նրանցից շատերը բացարձակ յայտնում են, որպէս թէ իրանք նշանակուած են հայերին զսպելու համար եւ որպէս թէ իրանք երաշխաւորութիւն են ստացել թէ իրանց դատաստանական պատասխանատութեան չը պիտի ենթարկեն քրիստոնեաներին որ եւ է կերպով հարստահարելու համար:

Էրզրումում ապրող հայերը շատ անհանգիստ են եւ նրանցից շատ շատերը, որոնք կարողութիւն ունին, յայտարարում են թէ մտադիր են թողնել քաղաքը, հէնց որ ճանապարհ կը բացուի:

Չարլզ Ս. Համպսօն [2]

 

Եւ այս վախերը անհիմն չէին: Թիւրք կառավարութեան եւ հայ ժողովրդի մէջ հաստատուած այս արիւնոտ պայքարը, ինչպէս յայտնի է, 1894 թուի ամառը գալիս յանգում է Սասունի ապստամբութեան եւ մեծ կոտորածին, որ ցնցում է առաջացնում Եւրոպայի մէջ:

Այս մեծ դէպքը դրդիչ է հանդիսանում որ պետութիւնները երկրորդ անգամ ձեռք առնեն հայոց հարցը: Եւրոպական դիւանագիտութիւնն այս անգամ չէր բաւականանում ընդհանուր ցուցմունքներով: Վեց մեծ պետութիւններից միայն երեքն էին հայոց հարցի պաշտպան հանդիսանում: Անգլիան, որին այս անգամ էլ պատկանում էր նախաձեռնութիւնը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Այս պետութիւնների դեսպանները Կ. Պօլսում միասին մշակեցին բարենորոգումների ծրագիր՝ հայերի համար Թիւրքիայում փոքր ի շատէ տանելի դրութիւն ստեղծելու համար: Այս խոշոր ձեռնարկութեան հիմքերն ու հանգամանքները այսպէս էր նկարագրում Կ. Պօլսի ֆրանսիական դեսպան Կամբօնը:



[1]            Գործ Դիւանատան Վեհափառ Տ. Տ. Մակար կաթողիկոսի ամենայն Հայոց 1890-Էջմիածնի հայրապետական արխիւ:

[2]            Անգլիական «Կապոյտ Գիրք» Turkey, 1892, 1, p. 23: