Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

* * *

Զոհրապի մահից հետո նրա մտերիմները, ծանոթները, 1915 թվականի արհավիրքը փոքրիշատե թոթափելով, անդրադառնում են իրենց տաղանդավոր ժամանակակցին՝ հիշելով դեպքեր, մանրամասներ, փորձելով գնահատել նրա կյանքն ու գործունեությունը:

1921 թվականին Պոլսում լույս է տեսնում ժամանակի երեւելի մտավորականներից մեկի, Զոհրապի ընկերոջ եւ գրչեղբոր՝ Հրանտ Ասատուրի «Դիմաստուերներ» գրքույկը, որում առանձին բաժին է հատկացված Զոհրապին:

Հրանտ Ասատուրը վերհիշում է «Մասիս» հանդեսի հիմնադրման մանրամասներ, դրվագներ իրենց համագործակցությունից, փոքրիկ միջադեպերի եւ պատմությունների միջոցով ամբողջացնում Զոհրապի կերպարը, ստեղծագործական հավատամքը, գեղագիտական հայացքներն ու հասարակական դիրքորոշումը:

«Գրականութեան մէջ, ինչպէս ներքին կեանքի մէջ Զօհրապ խանդավառ գեղապաշտ մըն էր» [1], - գրում է Հրանտ Ասատուրը:

Նա բարձր է գնահատում Զոհրապի դերը արեւմտահայ գրականության մեջ:

«Զօհրապ արդիական ոգին մտցուց արեւմտահայ գրականութեան մէջ. անակնկալ բաղդատութիւններով, հոգեբանական վերլուծումներով, կեանքի իրական պատկերներու լուսագրութեամբ: Զօհրապ օտար հեղինակներու ստրուկ հետեւող մը չէր բնաւ եւ ի՛նք էր մանաւանդ իր վարպետը: Կեանքն էր իր գլխաւոր ներշնչանքը, եւ իր միջավայրն է, որ եղած է այն բեղմնաւոր հողը որմէ քաղած է այնքան կենսալիր, թրթռուն, բաբախուն երկեր, որոնք միշտ հաճոյքով պիտի կարդացուին» [2], - համոզված է Հրանտ Ասատուրը:

1922 թվականին «Սեւան» հրատարակչական ընկերությունը, որպես հարգանքի տուրք Գրիգոր Զոհրապի հիշատակին, հրատարակում է նրա «Էջեր ուղեւորի մը օրագրէն» ընդհանուր վերնագրով նոթագրությունները:

Գրքի նախաբանը գրում է Սերոբե Դավթյանը, որը Զոհրապի հետ «սրտագին մտերմութիւն» է ունեցել եւ հիացել նրանով, նրա անուրանալի տաղանդի այլեւայլ դրսեւորումներով:

Հեղինակին ապշեցնում է Զոհրապի դիտողականությունը: Նա գրում է, «Դիտող աչքերու անսովոր սրատեսութիւն մը, խորհուրդներուն խորը իջնելու եւ քօղազերծելու կարող թափանցիկ միտք մը, իրերը, անձերը ու անցքերը վերլուծելու եւ կարճ ու կտրուկ բանաձեւերով տիեզերական խնդիրներու վրայ իր անձնական վճիռը մեկին եւ որոշակի արձակելու կարողութիւն մը, այս ամէնը, որոնցմով օժտուած իմաստասէրը միանալով գրագէտ-բանաստեղծի անվիճելի հեղինակութեան՝ «Էջեր Ուղեւորի մը օրագրէն»-ի Զօհրապին գլուխ գործոցը համարուելու արժանիքը կ՚ընծայէ» [3]:

Սերոբե Դավթյանը չի ժխտում, որ շատերի համար «անմարսելի են իր (Զոհրապի՝ Մ. Գ. ) գաղափարները եւ իմաստասիրական տեսութիւնները» [4] եւ այդ հանգամանքը բացատրում է Զոհրապի՝ միջավայրի համար «կանուխ ծնած» անհատականությամբ: Այդ է պատճառը, համոզված է հեղինակը, որ հանճարները գնահատվում են հետմահու, երբ հասարակական մակարդակը բարձրանում է նրանց ըմբռնելու չափ: Նա եւս այն կարծիքին է, որ Զոհրապը հարթ ու դյուրավետ ճանապարհների ուղեւոր չէ, այլ «իր մտքին ուժովը բացած նոր արահետներու ու շաւիղներու ճամփորդն էր ան» [5]:

Զոհրապի վերաբերյալ հուշերն ու հիշողությունները շարունակվում են հրապարակվել 20-րդ դարի 40-ական թվականններին: Լուրջ գրականագիտական ուսումնասիրությունները թերեւս պակասում էին:

1945 թվականին Կահիրեում լույս է տեսում «Գրիգոր Զօհրապ, Մեր կեանքէն.... » գիրքը՝ Զոհրապի՝ մամուլում հրապարակված հոդվածների առաջին ժողովածուն: Առաջաբանի հեղինակը Հայկ Ժամկոչյանն է: «Գրիգոր Զօհրապի հրապարակագրութիւնը. նախ կոչումի ու արուեստի գործ մըն է: Արուեստի գործ մը, եթէ ոչ իրականացուածին ամբողջութեանը մէջ, այլ իր ոգիովը եւ սկզբունքներովը: Այս ոգին եւ սկզբունքները, որոնք երկար ատեն պակսեցան հայ լրագրութեան, այդ շրջանին միայն գտան իրենց յստակութիւնը հասարակութեան մտքին մէջ» [6], - գրում է նա:

Հայկ Ժամկոչյանն ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ Զոհրապի հրապարակագրական էջերը ոչ թե զբաղված են անձանցով եւ դեպքերի մանրամասնություններով, այլ վեր են հանում երեւույթներ, կամայականություններ, սովորույթներ, մտայնություններ ու բարքեր, որոնք սպառնում են հայ ժողովրդի ազգային դիմագծին ու առաջադիմության գաղափարին եւ հարվածում են անխնա, անշահախնդրորեն, հաճախ հուզումով ու կսկիծով: Այդ հանգամանքն էլ, հեղինակի վկայությամբ, ապահովում է Զոհրապի հրապարակագրության այժմեականությունը:

Ժամկոչյանը պարզաբանում է Զոհրապի հրապարակագրության նպատակը՝ շարժառիթները համարելով նրա հոգու տագնապն ու տառապանքը՝ հարուցված տիրող կարգերով եւ իշխող մտայնությամբ, «Զօհրապ կը գրէ՝ պոռալու համար տգեղութեան ու չարիքին սպառնալիքներուն դէմ, ազգը եւ մարդիկը տեսնելու համար աւելի մարդկային մակարդակի մը վրայ» [7]:

Նա Զոհրապի մասին գրում է, «Անոր յանդգնութիւնը շինարար է: Եւ չի՛ ստորագրեր տող մը, որուն չհաւատայ, չի՛ պաշտպաներ դատ մը, որուն արդարութեան համոզուած չըլլայ» [8]:

Ժամկոչյանի գնահատմամբ՝ Զոհրապը քանդել է լրագրության սխալ ըմբռնումը եւ լրագրողի մասնագիտության վերաբերյալ նախապաշարումները: Նա Զոհրապի հրապարակագրությունը հիմնականում ազգային է համարում. «Նոյնիսկ երբ քիչ անգամ կը խօսի միջազգային խնդիրի մը մասին, անոր կը խառնէ ազգային մտահոգութիւններ» [9]:

Զոհրապի ստեղծագործական հմտությունը, Ժամկոչյանի դիտարկմամբ, «սիստեմատիք ուսման մը, լաւագոյն կերպով իւրացուած ընթերցանութեան մը արգասիք» է, որ «սահմանուած է անզգալի մնալու» [10]: Սակայն նա ափսոսանք է հայտնում, որ այդ հմտությունը եւ իրականացվածն ուղիղ համեմատական չեղան: Պատճառը, ըստ հեղինակի, «հաւանաբար թերթէ թերթ եւ ձեռնարկէ ձեռնարկ իր ոստումներն էին»: Թեեւ, նրա կարծիքով, ամբողջության մեջ Զոհրապի հրապարակագրությունը չի զիջում, օրինակ, Գրիգոր Արծրունու հրապարակագրությանը ո՛չ հզորությամբ եւ ուղղվածությամբ, ո՛չ էլ նպատակով ու հետեւանքներով:

«Զոհաբերութիւնը որ վերջին շրջանի մեր ազգային քարոզչութեան դրամագլուխը եղաւ. Զօհրապի մտքին մէջ սովորական գաղափար մը չէր, ոչ ալ բարի գործ մը՝ իր խղճին վրայ կուտակուած բեռը թեթեւցնելու, ոչ ալ նշանատախտակ մը՝ միամիտներու աչքերուն դէմ: Այլ՝ պարտք» [11], - գրում է Հայկ Ժամկոչյանը:

Զոհրապն ապրեց ու քարոզեց քաղաքացիական պարտքի գիտակցմամբ, իսկ փառքը, որ նա չէր փնտրել, հետեւել է իրեն ամեն տեղ, «որովհետեւ Զօհրապ մնաց միշտ ժողովուրդին մարդը «... զգացումներով եւ մտածումներով, եթէ ոչ կեանքով» [12]:

Ժամկոչյանը մատնանշում է այն հանգամանքը, որ Զոհրապը մի կողմից հանդես է գալիս հասարակության «գէշ բնազդներուն եւ ունակութիւններուն դէմ», մյուս կողմից՝ զարմանալի ներողամտություն դրսեւորում «անվնաս, պզտիկ մեղքերու, պչրոտ քմայքներու, պոհեմական սովորութիւններու» նկատմամբ՝ դրանց մեջ գտնելով «մարդկային հոգեբանութեան համը հանդիսացող բիծերը, հարազատութիւնը. …»: [13]

«Մանր հոգեր ու ցաւեր, «… որոնք Զօհրապի գրչին տակ կը վերածուին համազգային եւ համամարդկային հարցերու» [14], - գրում է նա:

Այս առանձնահատկություններն են, որ, հեղինակի բնորոշմամբ, Զոհրապի հրապարակագրությունը վերածում են ողջամտության ջահի. «Ողջամտութեան պոռթկումն է Զօհրապ՝ ամէն տեղ: Եւ չկա՛յ ողջամտութիւն՝ առանց մարդկային հոգեբանութեան խոր ծանօթութեան եւ առանց ազատութեան զգացումն ու սէրը ունենալու» [15]:

Բոլոր մշակված մտքերի պես Զոհրապը մի ազատ միտք է, որի պոռթկումով ստեղծված հեղաշրջումը պիտի հավերժանար, եթե չլիներ աղետը՝ համոզված է Հայկ Ժամկոչյանը: Եղել են ժամանակներ, երբ հրապարակագիրն իր տեղը զիջել է հրապարակախոսին: Նա Զոհրապի փաստաբանական յուրաքանչյուր ելույթը, Օսմանյան խորհրդարանում նրա յուրաքանչյուր ճառը համարում է հրապարակախոսության փայլուն օրինակ: Եվ քանի դեռ ժամանակները «ուղիղ խօսքին եւ ուղիղ գործին կը պատկանեին», շատերը՝ հայ եւ թուրք, ատեցին նրան խիզախության, հայրենասիրության համար, սակայն նրանից առանց հրաժարվել կարողանալու: Զոհրապին ի զորու եղան «փշրել» այն ժամանակ միայն, երբ հուրն ու սուրը դարձան աշխարհի տերերը: [16]

1946 թվականին Կահիրեում լույս է տեսնում Գուրգեն Մխիթարյանի «Քառորդ դար գրականութիւն» գիրքը, որի «Զօհրապը» բաժինը հեղինակը բնութագրում է հետեւյալ կերպ, «Ոչ նկար, ոչ լուսանկար, ո՛չ ուսումնասիրութիւն, ոչ ալ դիմաստուեր մինչեւ իսկ: Յուշ մը միայն. մշուշի հատած գծերով. այսինքն՝ այնպէս ինչպէս մնացեր է, ինչ որ մնացեր, դրոշմուեր է մտքիս մէջ, տարիներէ ի վեր» [17]:

Հուշագրության մեջ կան հետաքրքիր բնորոշումներ, արժեքավոր դիտարկումներ, որոնք, թերեւս, լրացուցիչ բացատրությունների, հիմնավորումների եւ համակարգելու անհրաժեշտություն են զգում: Ինչպես, օրինակ՝ «Իրապաշտ ըսին իրեն համար, որովհետեւ կեանքէն, մարդէն ու իրականութենէն խօսեցաւ եւ հազիւ թէ երեւակայեց: Բայց երբեք լուսանկար չքաշեց կեանքէն, ու այդ պատճառով ալ չհասաւ, չուզեց հասնիլ տգեղութիւններու, «... որոնք դուրս մնացին իր գործէն» [18]: Կամ՝ «Մեծ, խորունկ դիտող մըն է Զօհրապ, որ չի հնարեր, այլ կը հաստատէ միայն, տեսակ մը ճակատագրականութիւն դնելով իր հաստատումին մէջ, ահա թէ ինչո՜ւ իր բանաձեւումները յաւիտենականին դրոշմը կը կրեն» [19], «. (Զոհրապը՝ Մ. Գ. ) Ձաղկեց մարդկային կեղծիքը, բայց այնքան համով ու հոգեբանական ճարտարութեամբ, որ ոչ ոք սրտնեղեցաւ, ոչ ոք հայհոյեց իրեն ու լռութեան մէջ համակերպեցաւ, կարմրելով իսկ» [20] եւ այլն:

Հաջորդ հեղինակը, որ արեւմտահայ գրականության համապատկերում անդրադարձավ Գրիգոր Զոհրապին, Հակոբ Օշականն էր: 1952 թվականին Երուսաղեմում լույս տեսավ նրա «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» աշխատության 5-րդ հատորը, որի «Գրիգոր Զօհրապ» բաժինը սկսվում է Զոհրապին բնութագրող հետեւյալ տողով.

«Իրապաշտ շարժումին ամենէն խռովիչ, ամենէն պայծառ, երախտառատ դէմքը, չըսելու համար ամենէն կատարեալը» [21]:

Հակոբ Օշականը համապատասխան ենթաբաժիններում ներկայացնում է Զոհրապին իբրեւ մարդու եւ գործչի, վիպողի, տպավորապաշտի, գրագետի, քննում նրա «տաղանդին կողմերը»:

Նա փորձում է նախ պարզել Զոհրապի աշխարհայացքի ձեւավորման ակունքները, ազդակները, որոնցից առաջինը համարում է Կալաթա-Սերայի վարժարանը՝ «եւրոպական ոգիի տնկարան մը», ապա՝ Իրավաբանական համալսարանը, որտեղ կայսրության բոլոր անկյուններից հավաքվել էր երիտասարդ ընտրանին՝ «իմացական սերունդը», եւ որտեղ Զոհրապի մեջ ձեւավորվեց քաղաքական մարդը, որը «եթէ երբեք դուրս կը մնայ գրականութեան մը պատմութիւն մը շահագրգռելէ, բայց ինքիր մէջ տիրական վիճակ մըն է որ կը բացատրէ անոր գրականութեան թերիները, անոր գործին անլիութիւնը, անոր մեծ տաղանդէն սպասելի հսկայ իրացումներուն զգայութիւնը» [22]: Հետո՝ փաստաբանական գործունեություն, Իրավաբանական համալսարանի դասախոս, Ազգային ժողովի երեսփոխան, Հայկական հարցի գործուն պաշտպան եւ այլն: Հակոբ Օշականը զարմանում է, թե ինչպես է Զոհրապն իր բազմազբաղ օրերից ժամանակ հատկացրել գրականությանը:

«Կարելի է լռութեամբ անցնիլ իր խմբագրականներուն վրայէն» [23], - գրում է Օշականը Զոհրապի հրապարակագրությանն անդրադառնալիս:

Նրա կարծիքով՝ Զոհրապի խմբագրականներն իրենց ազդեցությամբ չունեն ո՛չ Քեչյանի «տիրական, հաստ, ողջամիտ ու դրական» համբավը, ո՛չ Արփիարյանի «տենդը», ո՛չ Բաշալյանի «կոկ, կոճկուած, հիմնովին գործնապաշտ ու ժողովրդանուէր ընտանիութիւնը» [24]:

Ըստ Օշականի՝ Զոհրապի խմբագրականների ընթերցումը «չի խանդավառեր գէթ պատմական, վաւերագրական կշիռներով» [25]:

Սակայն հաջորդիվ հեղինակը շտապում է իր հիացական վերաբերմունքը հայտնել նույն հոդվածների առիթով. «. …Անոր նախադասութիւններուն ետին միտք մը կայ, որ վեր է միջինէն: . Ըսուածքին անառարկելի վայելչութիւնը, ինքնատպութիւնը, նորութիւնը… Այդ երկու սիւնակը անոր համար տեսակ մը մանրանկար բեմ է, որպէսզի Օրուան որեւէ մէկ պատահարէն ներշնչում մը - դէպք կամ իմացական երեւոյթ - անոր առիթ տայ տիրական, յստակ, արի խորհրդածութիւններու» [26]:

Ապա շարունակում է. «Մեր հանդէսներէն ոչ մէկը մինչեւ այսօր ալ չէ տուած իր ընթերցողներուն օրուան կեանքէն, անոր (Զոհրապի՝ Մ. Գ. ) տուածին չափ ընդհանուր իմաստով կուռ երկու երեք էջ դատում, որ զարնէր մեր ուշադրութեան իբրեւ խորք եւ իբրեւ արտայայտութիւն» [27]:

Այդուհանդերձ, Օշականի կարծիքով՝ Զոհրապը «չունեցաւ պատեհութիւն իր մտքի ընդունարանը յարդարելու.... իմաստասիրական մտածողութեան: Ու ինկաւ իր օրերուն ընդհանուր պատրանքին» [28]:

Լրագրական հրատարակությունները համարելով «հապճեպ, անմարսելի, անծրագիր թխում», որ «արեւելահայ ինտելիգէնցիայի (ընդգծումը՝ հեղինակի) նուէրն էր արեւմտահայ գրականութեան»՝ Օշականը կարծում է, որ Զոհրապի առաջադրած հարցերը հաճախ էժան եւ հասարակ իմաստություններ են, իմաստասիրական մտածողությունից զուրկ եւ «Զօհրապ չի ճանչնար այդ հարցերուն եթէ ոչ տարողութիւնը, - ինչ որ ըմբռնելի պիտի չըլլար իր իմացականութեամբ որեւէ մարդու մը համար - գէթ անոնց ամբողջ ծննդաբանութիւնը, շրջափոխումը ու պայմանները, որոնք արեւելքի համար մռայլ միգամածներ էին ու են տակաւին» [29]:

Հեղինակի բացատրությունը հետեւյալն է. «Բաւական արեւելք կայ իր մէջ որպէսզի վճռական կեցուածքներ որդեգրէ, հրաժարելու համար կիսադարեան վարժանքներէ եւ ծալքերէ» [30]:

«Էջեր ուղեւորի մը օրագրէն» նոթագրություններում տեղ գտած քաղաքական ընդհանրացումները Օշականը համարում է «լրջութենէն դուրս», իսկ գործնական ելույթները՝ հրապարակագրական առիթներ, որոնք «չեն բարձրացած համադրական կառոյցի» [31]:

Զոհրապի խմբագրականներում հետազոտողը մտածողության խորք չի տեսնում եւ մատնանշում է միայն «ձեւական շնորհները» [32], ձեւի կատարելությունը:

Զոհրապի ստեղծագործություններում Օշականը նկատում է «տարօրինակ մի խառնուրդ»՝ կողք կողքի հանդես են գալիս սկեպտիկը եւ ուտոպիստը. հանգամանք, որը նրան անըմբռնելի է թվում Զոհրապի խառնվածքի պարագայում:

Այսպես, շատ հետազոտողներ Զոհրապի ստեղծագործական ժառանգությունն ուսումնասիրելիս չեն խուսափել տարակուսանքներից, հակադիր, նաեւ իրարամերժ տեսակետներից, անպատասխան հարցերից, ինչպես նաեւ ոչ ճիշտ եզրահանգումներից:

Այս դեպքում էլ պատճառը, թերեւս, ուսումնասիրության ոչ համապատասխան դիտակետի ընտրությունն է, անտեսումն այն ուսումնառության եւ իմացաբանության, որոնցից ձեւավորված կենսափիլիսոփայության դիրքերից էլ Զոհրապը դիտում էր աշխարհն ու մարդկանց:



[1]      Հ. Ասատուր, Դիմաստուերներ, Կ. Պոլիս, 1921, էջ 241:

[2]      Հ. Ասատուր, նշված գիրքը, էջ 243-244:

[3]      Գրիգոր Զօհրապ, Էջեր ուղեւորի մը օրագրէն, Իզմիր, 1922, էջ Է:

[4]      Նույն

[5]      Տե՛ս Գրիգոր Զօհրապ, Էջեր ուղեւորի մը օրագրէն, «... էջ Ը:

[6]      Գրիգոր Զօհրապ, Մեր կեանքէն…, Քրոնիկներ, նշմարներ, հրապարակագրական էջեր եւ ուղեւորի նօթեր: Յառաջաբան՝ Հ. Ժամկոչեանէ, Գահիրէ, 1945, էջ Ե-Զ:

[7]      Գրիգոր Զօհրապ, Մեր կեանքէն…, էջ Ը:

[8]      Նույն տեղում, էջ

[9]      Նույն տեղում, էջ

[10]    Նույն տեղում։

[11]    Գրիգոր Զօհրապ, Մեր կեանքէն…, էջ 5:

[12]    Նույն տեղում, էջ

[13]    Նույն տեղում, էջ 5-6։

[14]    Նույն տեղում, էջ

[15]    Գրիգոր Զօհրապ, Մեր կեանքէն…, էջ 6:

[16]    Տե՛ս նույն տեղում, էջ 7:

[17]    Գ. Մխիթարեան, Քառորդ դար գրականութիւն, Գահիրէ, 1946, էջ 9:

[18]    Գ. Մխիթարեան, նշված գիրքը, էջ 12:

[19]    Նույն տեղում, էջ 15։

[20]    Նույն տեղում, էջ 16։

[21]    Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, Երուսաղէմ, 1952, էջ 130:

[22]    Յ. Օշական, նշված գիրքը, էջ 138:

[23]    Նույն տեղում, էջ 142։

[24]    Նույն տեղում։

[25]    Նույն տեղում, էջ 143։

[26]    Յ. Օշական, նշված գիրքը, էջ 143:

[27]    Նույն տեղում, էջ 144։

[28]    Նույն տեղում, էջ 165-166։

[29]    Յ. Օշական, նշված գիրքը, էջ 166:

[30]    Նույն տեղում։

[31]    Նույն տեղում, էջ 167։

[32]    Նույն տեղում, էջ 171։