Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագէտ

Հեղինակ

Բաժին

Թեմա

* * *

Զոհրապի ստեղծագործական ժառանգությունը վերլուծության է ենթարկել գրականագետ Արսեն Տերտերյանը «Զոհրապի արվեստը» ուսումնասիրության մեջ:

Նա Զոհրապին համարում է հայ դասական գրականության նշանավոր դեմքերից, «նովելի ժանրի սահմաններում - մի չգերազանցված վարպետ» [1]:

Զոհրապի «գործադրած» գրական ուղղության վերաբերյալ Ա. Տերտերյանը նշում է, «Անշուշտ նա (Զոհրապը՝ Մ. Գ. ) սինթետիկական ռեալիզմի (ընդգծումը հեղինակինն է՝

Մ. Գ. ) ներկայացուցիչ է, մի ռեալիզմ, որ չի խորշում մյուս գրական ուղղությունների առողջ, մնայուն, արժեքավոր տարրերը յուրացնելուց» [2]:

Նկատի ունենալով Զոհրապի խոսքի ուժը, ընթերցողի երեւակայությունը խթանելու նրա կարողությունը՝ գիտնականը հավաստում է, «Եթե բարձր ձայնով կարդում ենք նրա որեւէ երկը, լավագույն տաղաչափական գրվածքից ստացած հաճույքն ենք վերապրում: . Զոհրապը հայ պրոզայի բանաստեղծն է (ընդգծումը հեղինակինն է՝ Մ. Գ. [3]:

Տերտերյանը մատնանշում է այն հանգամանքը, որ Զոհրապն ընթերցողին շարունակ առաջ է մղում, դրդում լուծելու իր «գեղարվեստական ռեբուսները», երեւակայությամբ ամբողջացնելու ստվերագծերով նշմարած դեմքերը եւ լրացնելու կիսատ թողածը:

Գրականագետը վկայում է, որ Զոհրապի «առաջավոր արվեստը» ինքնանպատակ, ինքնաբավ արժեք չէ, որ նա

«արվեստը արվեստի համար» ուսմունքի կողմնակիցը չէ եւ գրել է ոչ միայն անձնական հաճույքի, այլեւ հանրային պարտականություն կատարելու համար:

«Զոհրապի բոլոր գրական վաստակների մեջ ամենամեծ վաստակը - գրական ռեալիզմն է» [4], - գրում է Արսեն Տերտերյանը:

Ըստ գրականագետի՝ Զոհրապը ոչ միայն ստեղծագործում է եւ հիանում իր ստեղծագործությամբ, այլեւ ուրիշներին եւս ցույց տալիս, բացատրում:

Հետազոտողը բացատրության ձեւ է համարում Զոհրապի կողմից հատուկ խոսուն վերնագրերի ներքո երկերը խմբավորելը, որի նպատակն է «ընթերցողին գլխի գցել իր փիլիսոփայական եւ գեղարվեստական ընդհանրացումները»:

Նովելաշարերի՝ հեղինակի կողմից ընտրված վերնագրերին փորձում է բացատրություն տալ նաեւ Տերտերյանը. «Այդ խոսուն վերնագրերը եւ դրանց տակ համախմբված նովելները մեզ համար պարզապես ցուցնում են Զոհրապի ռեալիստական ըմբռնումները, եւ, որ ավելի կարեւոր է տվյալ դեպքում, նրա բացահայտ ձգտումը՝ ռեալիզմի սահմաններն ընդարձակելու, այդ գրական ուղղության մեջ ավելի շատ կենսական բովանդակություն մտցնելու, քան դա եղել է մինչեւ հեղինակի հանդես գալը իբրեւ նովելիստ եւ արվեստագետ» [5]:

«Կեանքը ինչպէս որ է» նովելաշարը գրականագետին հնարավորություն է տալիս պարզելու, «թե որքա՜ն լայն է հեղինակի կյանքի ճանաչողության մասշտաբը, եւ թե որքա՜ն հարուստ է նրա գեղարվեստական նկարագիրը» [6]:

Տերտերյանի դիտարկմամբ՝ կյանքի առօրյա, տիպական, ռեալ դեմքերի ու դեպքերի կողքին Զոհրապը գծագրում է նաեւ «արտասովորը», «արտակարգը», «արտակենտրոնը», որոնք դարձյալ կյանք են եւ գուցե ավելի հետաքրքական, քան «սովորականը», «առօրյան», «ծամծմվածը»:

Հենց այս հանգամանքն էլ գիտնականը համարում է Զոհրապի ռեալիզմի առանձնահատկություններից մեկը, իսկ մյուսի դրսեւորումը տեսնում է «Լուռ ցավեր» ժողովածուի մեջ:

«Սրի եւ մենամարտության դրաման տեղի է տալիս հոգեբանական դրամային՝ ստեղծելով Զոհրապի նովելների շարքում մի նոր սեռ: . Զոհրապը մարդու ցավը ոչ այնքան դրսից, որքան ներսից ստացված վերքի մեջ է տեսնում: Այդ ներքին դրաման, այդ ներքին տվայտանքը շատ ավելի անտանելի է, քան սրի հարվածը» [7], - գրում է գրականագետը:

Ըստ Տերտերյանի՝ Զոհրապը ջանացել է «կյանքի փիլիսոփայությունը գերագույն բանաստեղծական աստիճանին հասցնել»:

Նրա բնորոշմամբ՝ Զոհրապն իր ռեալիզմը հարստացրել է «մի կողմից՝ ռոմանտիզմի եւ մյուս կողմից՝ նատուրալիզմի տարրերով»: «Ռոմանտիկական հոգեբանական աբստրակցիայի հետ միասին Զոհրապի մոտ կա նաեւ նատուրալիստական բիոլոգիզմը» [8]:

Ըստ գրականագետի՝ այդ դեպքերում, որոնք որակ չեն կազմում, առկա է ժառանգականության գերագնահատումը (Զոլայի «փորձարարական վեպի» սկզբունքների համաձայն) եւ «բացակայում է ռեալիզմի ընդհանրացնելու ուժը, մասնակի ֆակտի մեջ սոցիալական իմաստը նշելու կարողությունը» [9]:

Տերտերյանը Զոհրապի ռեալիզմի նվաճումներից է համարում «հոգեբանական ներքնատեսությունը», որը «զանազանում է այդ ռեալիզմը էմպիրիկ փաստագրությունից»:

Գրականագետը բարձր է գնահատում Զոհրապի «տիպական արվեստը», «Զոհրապը վարպետ է իր տիպերը տիպական հանգամանքների մեջ դրսեւորելու, կոնկրետացնելու կարողությամբ» [10]:

Այդ արվեստի առանձնահատկություններից մեկն էլ պատկերումն է «որոշ արտասովոր հոգիների, որոնք, եզակի լինելուց ազատվելով, դարձել են բնորոշ եւ հատկանշական տվյալ հասարակարգի համար» [11]:

Զոհրապի աշխարհայցքի վերաբերյալ Տերտերյանը նշում է. «Արհամարհանք տածելով դեպի բուրժուազիան, նա երբեմն չի կարողանում բարձրանալ բուրժուական հայեցողության սահմանափակությունից» [12]:

Ըստ նրա՝ Զոհրապն իր հերոսներին իրավիճակից ելք, սոցիալական հեռանկարներ ցույց չի տալիս:

Այդուհանդերձ, գրականագետը պնդում է, որ ընդհանուր առմամբ Զոհրապի «առաջավոր արվեստն ընդգրկվում է նույնքան առաջավոր մի մտահայեցողությամբ Նրա արվեստը ռեալիզմի տեսությունը պաշտպանելով՝ հեռու է եղել տկլոր օբյեկտիվիզմից» [13]:

Գրականագետն օրինակելի է համարում Զոհրապի վարպետությունը, գրելակերպը, «նրա ողջ էսթետիկան» [14]:

Ակներեւ է, որ զոհրապագիտությունն այս շրջանում բավարարվել է՝ ներկայացնելով ու վերապատմելով Զոհրապի ստեղծագործությունների թեմատիկան (հատկապես հրապակագրության պարագայում) եւ հեղինակի ըմբռնումներին, աշխարհայացքին պատճառակցվող իրողությունը վերագրել է խառնվածքին:

Գեղագիտական խնդիրները քննվում են իրապաշտական այլազան ըմբռնումների, լուսավորական դիդակտիկայի կամ չհաղթահարված ռոմանտիզմի պատկերացումների տեսանկյունից:

Զոհրապագիտությունը չի խուսափել ժամանակաշրջանին բնորոշ ծայրահեղացված, բացարձակեցված սոցիոլոգիական մոտեցումների դրսեւորումից: Ճշմարտությանը մոտ են Զոլայի եւ բնապաշտ դպրոցի հետ զուգահեռներ անցկացնող հեղինակները, որոնց դատողություններն ավարտվում են միայն հայտարարություններով:



[1]      Ա. Տերտերյան, Երկեր, Ե., 1980, էջ 248:

[2]      Ա. Տերտերյան, նշված գիրքը, էջ 248:

[3]      Նույն տեղում, էջ 249։

[4]      Նույն տեղում, էջ 250։

[5]      Ա. Տերտերյան, նշված գիրքը, էջ 251:

[6]      Նույն տեղում։

[7]      Ա. Տերտերյան, նշված գիրքը, էջ 253:

[8]      Նույն տեղում, էջ 257:

[9]      Նույն տեղում:

[10]    Նույն տեղում, էջ 258:

[11]    Ա. Տերտերյան, նշված գիրքը, էջ 259:

[12]    Նույն տեղում, էջ 284:

[13]    Նույն տեղում, էջ 285:

[14]    Նույն տեղում, էջ 285: