Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագէտ

Հեղինակ

Բաժին

Թեմա

* * *

Ի տարբերություն զոհրապագիտության վաղ շրջանի՝ ուշ շրջանն ունեցավ անվիճելի ձեռքբերումներ: Զոհրապի գեղագիտությունը դիտարկվեց ու քննվեց եվրոպական մշակույթի, բնապաշտ դպրոցի հետ ունեցած առնչությունների, գրական հոսանքների ու շարժումների ընդհանուր համատեքստում, ստեղծագործական մեթոդների պատմատիպաբանական որոշակիացման տեսանկյունից, շեշտադրվեց նրա գեղարվեստական ժառանգության՝ հոգեբանական ռեալիզմին մոտեցող առանձնահատկությունը:

Խորհրդային գրականագիտությունը Զոհրապին վերստին անդրադարձավ 1970-80-ական թվականներին:

Լարիսա Մնացականյանը «XIX դարավերջի հայ ռեալիստական գրաքննադատության պատմությունից» ուսումնասիրության մեջ ռեալիզմի գեղագիտության տեսանկյունից քննելով կյանքի եւ գրականության փոխհարաբերության, գեղարվեստական ճշմարտության, գրական կերպարի, ռեալիստական տիպաբանության եւ այլ խնդիրները, ներկայացնում է հայ գրականության մեջ զարգացող ռեալիստական մեթոդով ստեղծագործողների (որոնք նաեւ հանդես էին գալիս որպես տեսաբաններ) կարծիքները, տեսակետները:

Գրականագետը մատնանշում է, որ կյանքի եւ գրականության փոխհարաբերության հարցերն առավել սրությամբ էին դրված արեւմտահայ քննադատության մեջ:

Նա Զոհրապին, ի թիվս 19-րդ դարի 80-ական թվականների գրական շարժման մյուս մասնակիցների, ներկայացնում է որպես ռեալիստ գրողի եւ հավաստում... Կյանքն ինչպես որ է» գեղագիտական պահանջի ուղղակի ըմբռնման երանգներ կան նաեւ Զոհրապի մի քանի քննադատական դիտողություններում» [1]:

Հետագայում գրականագետը դարձյալ անդրադառնում է արեւմտահայ քննադատական մտքի պատմության հարցերին՝ այս անգամ «Արեւմտահայ քննադատական մտքի պատմությունից» աշխատության մեջ Զոհրապին հատկացնելով առանձին բաժին:

Գրիգոր Զոհրապի քննադատական գործունեությունը նա համարում է 19-րդ դարավերջի արեւմտահայ մշակույթի պատմության կարեւոր դրվագներից, Զոհրապը ոչ միայն «շատ տեսակետներից նորովի էր դնում եւ լուծում ռեալիզմի գեղագիտության խնդիրները», այլեւ «նրա դիտողությունները,.,, շատ հաճախ կանխում էին նաեւ XX դարի սկզբի գեղագիտական մտածողությունը» [2]:

Լարիսա Մնացականյանի դիտարկմամբ՝ Զոհրապը որպես քննադատ «գրականություն հասկացությունը գործածում է ավելի լայն բովանդակությամբ՝ ներառելով ոչ միայն գեղարվեստական մշակույթը, այլեւ հրապարակախոսությունը, գիտությունը, մամուլը, տպագիր խոսքն առհասարակ»2:

Ըստ այդմ՝ Լարիսա Մնացականյանը քննում է Զոհրապի հրապարակագրության որոշ առանցքային խնդիրներ կանանց, մամուլի, թատրոնի ու դրամատուրգիայի եւ այլն:

Այս ուսումնասիրության մեջ գրականագետն ընդլայնել է իր տեսակետները եւ դիտարկումները Զոհրապի քննադատական հայացքների վերաբերյալ, «Բնորոշ է, որ Զոհրապն իր հոդվածներում ընդհանրապես չի օգտագործում «իրապաշտություն» տերմինը, նույնիսկ այն դեպքում, երբ խոսում է գրականության ու կյանքի փոխհարաբերության, իրականության ճշմարտացի արտացոլման,,,., եւ նման այլ հարցերի մասին, որոնք ուղղակիորեն բխում էին ռեալիզմի սկզբունքներից: . Նույնիսկ «Կյանքն ինչպես որ է» դրույթը, . նրա քննադատական հայացքների համակարգում հաճախ բացվում ու ծավալվում է ոչ այնքան իր գեղագիտական, որքան հասարակական բովանդակությամբ» [3]:

Այս անգամ գիտնականը մեկնաբանում է, «. Կյանքն ինչպես որ է» դրույթը Զոհրապի քննադատական հայացքներում համարժեք է իրականության արտացոլման ճշմարտացիության պահանջին» [4]:

Նա համարում է, որ Զոհրապը, հակառակ «Եվրոպայում աշխուժացած անկումնային որոշ տրամադրությունների», «գրական երեւույթները դիտում է վերելք ապրող ռեալիստական շարժման շահերի տեսանկյունից: Նա էլ Արփիարյանի նման դնում է առողջ, առույգ, կենսահաստատ գրականության պահանջը» [5]:

Մնացականյանն առանձնացնում է հարցերի այն շրջանակը, որ զբաղեցրել է Զոհրապին իբրեւ քննադատի եւ մատնանշում նրա գրական քննադատական հայացքների առանձնահատկությունները:

Փաստելով, որ Զոհրապը գրականության ու արվեստի զարգացման ուղղություններն ու հեռանկարները կապում է Զոլայի փորձարարական գեղագիտության հետ՝ գրականագետը Զոհրապին համարում է «հայ ռեալիստական շարժման ամենահետեւողական զոլայականը» [6]:

Թեեւ, նրա կարծիքով՝ «իրականում,.... արվեստում կատարվող այս նորարական փորձերը հենվում էին փիլիսոփայական ու գեղագիտական ուրիշ սկզբունքների վրա» [7]:

Թե որոնք են այդ սկզբունքները, գրականագետը չի մանրամասնում՝ միայն փաստելով եւ կարեւորելով այն հանգամանքը, որ «գեղարվեստական աշխարհաճանաչման գիտական մեթոդին Զոհրապը տալիս էր համապարփակ նշանակություն»:

«Հայ գրականագիտության պատմություն» աշխատության մեջ Ժենյա Քալանթարյանը 19-րդ դարի արեւմտահայ ութսունականների ռեալիստական շարժման համատեքստում անդրադառնում է նաեւ Գրիգոր Զոհրապին:

Ըստ գրականագետի՝ արեւմտահայ ութսունականները «չկարողացան տեսնել իրապաշտության ու բնապաշտության, այսինքն՝ ռեալիզմի եւ նատուրալիզմի սահմանաբաժան գիծը» եւ «. …իրապաշտ են համարում նաեւ նատուրալիստներին» [8]:

Քալանթարյանը մասնավորապես նշում է, որ Զոհրապը նույն գրական դպրոցի շրջանակներում է տեղավորում Դիդրոյին, Ստենդալին, Բալզակին, Ֆլոբերին ու Զոլային:

Գրականագետի դիտարկմամբ՝ Զոհրապը բաժանում էր ժամանակի տիրող պոզիտիվիստական մտայնությունը:

Ժենյա Քալանթարյանը Զոհրապին համարում է այն սերնդի ներկայացուցիչը, որի նախապատրաստած եւ իրականացրած տեսական վեճերի ու պայքարի շնորհիվ «XIX դարի 80-ական թվականներին արդեն գոյության ու հաղթանակի պատմական իրավունքը անցավ ռեալիզմին» [9]:

«Արեւմտահայ ութսունականների ռեալիզմը» ուսումնասիրության մեջ Վլադիմիր Կիրակոսյանը գիտական բացատրություններ է տալիս այն հարցականներին, որոնք «կարող են ծագել, եթե երեւույթը (ութսունականների գրական շարժումը՝ Մ. Գ. ) դիտելու լինենք ըստ էության ու գեղարվեստական զարգացման մեջ» [10]:

Ըստ գրականագետի՝ արեւմտահայ ութսունականների «գեղարվեստական գաղափարաբանությունը ներկայացնում է ամբողջական ու ներդաշնակ համակարգ, ուր յուրաքանչյուր դրույթ հաստատվում է հետեւողական, տեսական հիմնավորմամբ» [11]:

Այս առումով գիտնականը, ի թիվս շարժման ականավոր մասնակիցների, Զոհրապին համարում է «հայ գրական-տեսական մտքի ամենահետաքրքիր արտահայտություններից» [12]:

Գրականագետը վկայում է, որ «հայ գրականության պատմության թերեւս ոչ մի շրջանում գրականությունն ու քննադատությունը այդքան ներդաշնակ չեն եղել, որքան արեւմտահայ ութսունականների գրական կյանքում» [13]:

Վլադիմիր Կիրակոսյանը ներկայացնում է ռեալիզմի եւ նատուրալիզմի հարաբերության խնդիրը տվյալ ժամանակաշրջանի քննադատության մեջ:

Նա չի համաձայնում այն տեսակետին, թե գրական նոր շարժման գեղագիտությունը նատուրալիստական է եւ հակված է կարծելու, որ Արսեն Տերտերյանի «սինթետիկ ռեալիզմ» բնորոշումը բավականին ճիշտ է արտացոլում երեւույթի էությունը:

Գիտնականի կարծիքով՝ շարժման գրեթե բոլոր ականավոր ներկայացուցիչների լավագույն գործերը ստեղծվել են՝ հաստատելու այս կամ այն սկզբունքը՝ ինչպես գեղագիտական, այնպես էլ հասարակական իմաստով:

Վլադիմիր Կիրակոսյանը 19-րդ դարի 80-ականների քննադատությունը ներկայացնում է գրական ստեղծագործությունների վերլուծական համադրությամբ:

«Արեւմտահայ ութսունականների գեղարվեստական պրակտիկայում «կյանքն ինչպես որ է» սկզբունքը գիտակցվում է որպես համարժեք՝ «փաստն ինչպես որ է» առաջադրության, այսինքն՝ իրական փաստի ճշգրիտ վերարտադրությունն ինքնին ձեռք է բերում էսթետիկական արժեք եւ փոխարինում գեղարվեստական մոդելավորման առավել բարդ իրողությանը» [14]:

Գիտնականի դիտարկմամբ՝ կյանք հասկացությունը ութսունականների պատկերացմամբ ոչ թե միասնական, անտրոհելի իրողություն է, այլ դեպքերի, իրադարձությունների, երեւույթների շարք: Ըստ նրա՝ հեղինակներն իրենց ստեղծագործություններում ձգտում էին հասնել այնպիսի տպավորության, թե պատկերվող փաստը կենսականորեն հավաստի է՝ դիմելով բազմաթիվ հնարքների, «Զոհրապի, Բաշալյանի նովելներում ու պատմվածքներում պատմող-հեղինակը սովորաբար հանդես է գալիս որպես ականատես կամ ներկայացնում է ականատեսից լսածը» [15]:

Այս իրողությունը գրականագետը համարում է ութսունականների ռեալիզմի առաձնահատկություն, որն իբրեւ նատուրալիստական արտացոլման եղանակ, «առավել նպատակահարմարն էր՝ իրագործելու համար նոր սերնդի ընդհանուր հասարակական ու գեղագիտական ծրագրերը»:

Վկայակոչելով Զոհրապի նովելաշարերի հայտնի վերնագրերը՝ Վլադիմիր Կիրակոսյանը նշում է, որ կարեկցանքի սենտիմենտալ բարոյաբանությունը ութսունականների արտացոլման մեթոդի ամենաբնութագրական հատկանիշներից է:

Նա ընդգծում է եւս մեկ առանձնահատկություն, այն է՝ ստեղծագործության հիմքում մեծ մասամբ ընկած է լինում աննշան դեպք, փոքր իրադարձություն, որոնք առօրյա հոսքի մեջ սովորաբար աննկատելի են, «Հատկապես Զոհրապի նովելներում այս իրողությունը կարեւոր գեղարվեստական դեր է կատարում եւ վաղուց արդեն նկատվել է գրականագիտության մեջ» [16]:

Սակայն գրականագետը չի համաձայնում երեւույթի այն մեկնաբանմանը, թե «գրողի համար կյանքում մեծ ու փոքր իրադարձություններ չկան, թե ամենաաննշան դեպքն անգամ նրան հիմք է տալիս լայն ընդհանրացումների համար» [17]:

Ըստ նրա՝ գրական նոր սերնդի եւ մանվանդ Զոհրապի վերաբերմամբ «ընդհանրացում» հասկացությունը պետք է կիրառել որոշակի վերապահումներով, քանի որ «ութսունականների ստեղծագործական պրակտիկայում ընդհանրացման գեղարվեստական իրողությունը վերաբերում է արտատեքստային իրականությանը: . Ստեղծագործողի տեսադաշտում հաճախ բացառիկն է, եզակին, անհավանականը: Վերջիններս, տեղափոխվելով գեղարվեստական իրականություն, այնտեղ էլ չեն փոխում իրենց բնույթը, այսինքն՝ գրողը տեսանելի ջանք չի թափում եզակիի մեջ հայտնաբերելու ընդհանուրը, պատահականի մեջ՝ օրինաչափը, չի ձգտում ընդարձակել պատկերի գեղարվեստական տարողության շրջանակները: . Գրողի հայացքն այս դեպքում ավելի վերլուծական է, քան համադրական, հետամուտ է ոչ թե ամբողջի համապարփակ խնդրին, այլ մասերի տարրալուծված էություններին» [18]:

Կիրակոսյանը փաստում է, որ գրականագիտության մեջ սովորաբար եւ իրավացիորեն ընդգծվում է Զոհրապի «հոգեբանական ներքնատեսությունը», որը սակայն Զոհրապի պարագայում «արտասովոր կենսաճանաչողության փաստ չէ միայն, այլ մեթոդի հատկանիշ, որ վկայում է մի անվիճելի գրական-պատմական իրողության մասին» [19]:

Գրականագետի գնահատմամբ՝ «նրա (Զոհրապի՝ Մ. Գ. ) ստեղծագործության մեջ ութսունականների ռեալիզմը հասել է իր գեղարվեստական նվաճումների բարձրակետին՝ հաստատելով իր որակական ինքնությունը հայ ռեալիզմի պատմության ընդհանուր համապատկերում» [20]:

Զոհրապի գեղարվեստական եւ հրապարակագրական ժառանգության մաս կազմող գրական դիմանկարները գնահատվել եւ արժեւորվել են թե՛ հեղինակի կենդանության օրոք, թե՛ հետագայում գրեթե բոլոր ուսումնասիրողների կողմից:

«Ծանօթ դէմքեր» գրական դիմանկարների շարքին առավել հանգամանալից կերպով անդրադարձել է Ալբերտ Մակարյանը «Արեւմտահայ գրական դիմանկարը» աշխատության մեջ:

Հեղինակը, քննելով նախորդ ուսումնասիրողների կարծիքները, վկայում է, որ Զոհրապի դիմանկարներն «ունեն ինքնահատուկ գծեր, որոնք, ցավոք, չեն մատնանշվել ու լուսաբանվել» [21]: Նա վերլուծում է «Ծանօթ դէմքերն» ըստ ժանրային առանձնահատկությունների:

Գրականագետը Զոհրապի գրական դիմանկարները համարում է համադրական ստեղծագործություններ, որոնցում առկա հրապարակագրականն ու քննադատականը, ակնարկայինը, հուշագրականը եւ կենսագրականը հանդես չեն գալիս «ինքնագո, անկախաբար, «զտարյուն» տեսքով», այլ միավորվում են՝ «դառնալով տպավորությունները վերարտադրելու սոսկական միջոց» [22]:

Մակարյանը մատնանշում է, որ հրապարակագրությունը եւ քննադատությունը առկա են «Ծանօթ դէմքեր» շարքի բոլոր դիմանկարներում՝ նկատի ունենալով «դեմքերին» ու նրանց գործունեությունը Զոհրապի կողմից հանրային չափանիշներով քննելու, գնահատելու, տարբերակելու հանգամանքը:

Գրականագետը հանգամանորեն քննում է դիմանկարների ժանրային մյուս դրսեւորումները եւ առանձնահատկությունները, կառուցվածքային օրինաչափությունները՝ ներկայացնելով հետաքրքիր եւ արժեքավոր դիտարկումներ:

Զոհրապագիտության մեջ նոր շերտեր են բացվում Արամ Ալեքսանյանի «Գրիգոր Զոհրապի կենսափիլիսոփայությունը» ուսումնասիրությամբ, որում Զոհրապի ստեղծագործական ժառանգությունը, գեղագիտական հայացքները, առնչությունները դիտարկվում են նոր տեսանկյունից՝ կամապաշտական փիլիսոփայության եւ խղճի փիլիսոփայության շրջանակներում:

Գրիգոր Զոհրապի գրական-ստեղծագործական ամբողջական ժառանգության հրատարակությունը եւ զոհրապագիտության արդի փորձը հուշում են, որ Զոհրապի գեղագիտության՝ եվրոպական մշակույթի ու փիլիսոփայության, հատկապես բնապաշտական դպրոցի հետ ունեցած աղերսների ուսումնասիրությունն առաջիկայում կարելի է խորացնել համեմատական (comparative) գրականագիտության հետազոտական եղանակի հնարավորություններով:



[1]      Լ. Մնացականյան, XIX դարավերջի հայ ռեալիստական գրաքննադատության պատմությունից, Ե., 1974, էջ 84:

[2]      Լ. Մնացականյան, Արեւմտահայ քննադատական մտքի պատմությունից, Ե., 1982, էջ 189:

[3]      Լ. Մնացականյան, Արեւմտահայ քննադատական մտքի պատմությունից, էջ 196:

[4]      Նույն տեղում։

[5]      Նույն տեղում, էջ 199։

[6]      Լ. Մնացականյան , Արեւմտահայ քննադատական մտքի պատմությունից, էջ 205:

[7]      Նույն տեղում։

[8]      Ժ. Քալանթարյան, Հայ գրականության պատմություն, Ե., 1986, էջ 346:

[9]      Ժ. Քալանթարյան, նշված գիրքը, էջ 401:

[10]    Հայկական ռեալիզմի տեսության պատմության հարցեր, Ե., 1987, էջ 183:

[11]    Նույն տեղում, էջ 187։

[12]    Նույն տեղում։

[13]    Հայկական ռեալիզմի տեսության պատմության հարցեր, Ե., 1987, էջ 192:

[14]    Նույն տեղում, էջ 200։

[15]    Հայկական ռեալիզմի տեսության պատմության հարցեր, Ե., 1987, էջ 201:

[16]    Նույն տեղում էջ 211։

[17]    Տե՛ս Հայկական ռեալիզմի տեսության պատմության հարցեր, Ե., 1987, էջ 211-212:

[18]    Նույն տեղում, էջ 212:

[19]    Նույն տեղում, էջ 232-233:

[20]    Հայկական ռեալիզմի տեսության պատմության հարցեր, Ե., 1987, էջ 233:

[21]    Ա. Մակարյան, Արեւմտահայ գրական դիմանկարը, Ե., 2002, էջ 264:

[22]    Նույն տեղում: