Դրուագներ Հայաստանի IX-XIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ ՎԵՐԱԳՐՎԱԾ «ՏԱՐԵԳԻՐՔԸ»

 

Կիլիկյան Հայկական Թագավորության պետական, ռազմաքաղաքական, իրավագիտակա ու դիվանագիտական ականավոր գործիչներից է եղել Հեթում Ա Թագավորի եղբայր հայոց զորքերի սպարապետ Սմբատը:  

Սմբատ սպարապետի գրական ժառանգությունից մեզ են հասել նրա կազմած «Դատաստանագիրքը» նաեւ նամակներ, որոնցից, պատմական առումով, առանձնապես կարեւոր նյութեր է պարունակում 1247թ. Սամարղանդից Կիպրոսի թագավոր Հենրիխ Լուզինյանի գրած նամակը, ուր նա հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում մոնղոլների նվաճումներից, նրանց նիստուկացի, սովորությունների, Իրանի ու միջինասիական երկրներին մոնղոլ նվաճողների պատճառած ավերածությունների, նրանց տիրապետության նակ ընկած քրիստոնյա բնակչության վիճակի եւ շատ այլ հարցերի մասին [1]:

Սմբատ Սպարապետի անունով մեզ է հասել նաեւ մի համառոտ ժամանակագրություն` տարեգիրք: Սկսած XVIII դարի վերջից մինչեւ այսօր, հայ եւ օտար հայագետների ու արեւելեգետերը, բացառությամբ Մ. Չամչյանի եւ Գ. Ալթունյանի, անվերապահորեն այդ տարեգրի հեղինակ են համարել Սմբատ սպարապետին:

Մ. Չամչյանը սկզբում այդ տարեգիրքը համարել է անհայտ հեղինակի գործ, իսկ Սմբատ սպարապետին հիշատակում է այն հեղինակների շարքում, որոնց գրվածքները մեզ չեն հասել: Այդ պատճառով իր «Պատմության» առաջին հատորում օգտագործած աղբյուրների թվում այդ տարեգրքի մասին ոչինչ չի գրել, հետո միայն, երրորդ հատորում ենթադրաբար գրել է “թուի լիներ Սմբատ Կիլիկեցի»` [2] առանց ակնարկելու սպարապետի մասին, այն դեպքում, երբ Սմբատ սպարապետի գործունեության մասին բավական հանգամանորեն պատմում է:

   Գ. Ալթունյանն էլ իր «Մոնղոլական արշավանքները» աշխատության մեջ վերապահություն անելով գրում է, թե Սմբատ սպարապետի անունով մեզ հասել է այսպես կոչված «Տարեգրութիւնքը», որը համառոտակի պատմում է 951-1336 թթ. Անցքերը» [3]:

   Սակայն Սմբատ սպարապետին վերագրած «Տարեգիրքն» ընդգըրկում է 951-1274 թթ. Ընկած պատմաշրջանի իրադարձությունների շատ համառոտ նկարագրությունը: Նրա առաջին մասի նյութը (951-1138 թթ. ) հիմնականում վերցված է Մատթեոս Ուռհայեցու «ժամանակագրությունից» («Տարեգրքի» Վերջին` վենետիկյան հրատարակության (1956 թ) 1-160 էջերը, իսկ ամբողջը բաղկացած է 255 էջից): 1136-1220-ական թվականների պատմության նյութը վերցված է Գրիգոր երեցի, Միքայել Ասորու, Կուլիմեոս Տուրայեցու, հավանաբար նաեւ հույն ժամանակագիրների աշխատություններից: Իսկ 1220-ական թվականների կեսերից մինչեւ 1274 թ. Տարեգիրը հանդես է գալիս արդեն իբրեւ ականատես, ականջալուր եւ գործող անձ: Այս մասում էլ, սակայն, նա պահպանել է շարադրման նույն ոճը, այսինքն կարճ հաղորդումներով դեպքերի թվարկումն ըստ տարիների` փաստորեն իր շարադրանքին տալով հիշատակարանի բնույթ:

   «Տարեգրքի» վենետիկյան հրատարակությունն ամենահին ու ամենաամբողջական բնագիրն է: Ուշադիր ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այն Սմբատ սպարապետի գրչին չի պատկանում, նրա հեղինակը, ամենայն հավանականությամբ, Սմբատին ժամանակակից, առայժմ անհայտ մի հեղինակ է [4]:

* * *

   Անկախ նրանից, թե ով է Տարեգիրքը գրել, նրա հեղինակը բարի նպատակ է հետապնդել: Չլիներ այն, մենք քիչ բան կիմանայինք Կիլիկիայի, հատկապես XIII դարի պատմությունից, իր այս մասում այն ականատեսի, գործող անձի ստուգապատում աղբյուր է: Թերեւս ճիշտ է ենթադրում Ս. Ագըլյանը, որ հեղինակի` ժամանակագրություն գրելու նպատակն է եղել «…աւելի յստակ կերպով քրիստոնեայ եւ իսլամ աշխարհներու բախումին պատճառները, եււ արեւմտեան խաչակրութեան շարժառիթը ցուցնէր» [5], որ հետեւելով լատին ժամանակագիրներին, ցանկացել է «տարեգրութիւնները յօրինել իր հայրենիքին, որ խաչակրութեան դարաշրջանին` Արեւեւելքի եւ Արեւմուտքի քաղաքական եւ ռազմական հանդիպումներու գլխաւոր օղակը եղած էր» [6]:

   Քանի որ 951-1136 թթ. Պատմության շարադրանքը հիմնականում վերցված է Մատթեոս Ուռհայեցուց, իսկ 1136-1163 թթ. ` Գրիգոր երեցից, ուստի կրկնություններից խուսափելու նպատակով դրանց վրա կանգ չենք առնում: Նշենք միայն, որ տարեգիրը նդհանուր առմամբ համախոհ է Մատթեոսի հայացքներին եւ այդ պարզ երեւում է նյութի ընտրությունից ու մատուցումից, իրադարձությունների եւ գործող անձերի բնութագրումներից [7]: Սկսած 1092թ. տարեգիրն առանձին ուշադրություն է դարձրել Կիլիկիայում ստեղծված հայկական Ռուբինյան իշխանության եւ մանավանդ թագավորության պատմության վրա: Հետաքրքիր ու կարեւոր տեղեկություններ է հաղորդում հայ իշխանների ու թագավորների` պետության ամրապնդման ու անկախության պահպանման ուղղությամբ ծվալած ռազմաքաղաքական ու դիվանագիտական գործունեության մասին, հպարտությամբ գրում է այդ ասպարեզներում ունեցած հաջողությունների վերաբերյալ: Հայրենասեր տարեգիրը գոհունակությամբ արձանագրում է Լեւոն Բ-ի թագադրումը` «…եղեւ ուրախութիւն մեծ ազգիս Հայոց, զի տեսին վերստին կանգնեալ եւ նորոգեալ զտէրութիւն իւրեանց յերեսա Լեւնի բարեբարոյ եւ աստուածասէր արքայի» [8] Այնուհետեւ շեշտում է, թե «… պարտ էր մեզ պատմել փոքր ի շատէ զոր ըստ նորայն ժամանակի վայելչացեալ էր տունս հայոց: Քանզի էր արքայն Լեւոն այր իմաստուն եւ հանճարեղ, զուարթ տեսլեամբ եւ առատ սրտիւ առ հասարակ, առ եկեղեցականս եւ աշխարհականս, առ աղքատս եւ առ տկարս… ամենայն ուրեք տարածանէր զբարեաց իւրոց պարգեւս… վայելչացեալ էր երկիրս Կիլիկոյ» [9]:

1187 թ. Թուրքմեն ոմն ըռստոմ մեծ բանակով ներխուժում է Կիլիկիա, նպատակ ունենալով ոչնչացնել քրիստոնյաներին, Լեւոն 30 մարդկանցով հարձակվում է նրանց վրա, սպանում Ըռոստոմին եւ զորքը փախուստի մատնում [10]:

1193 թ. Իկոնիայի Սալահ ադ-Դին սուլթանը Լեւոնից պահանջում է իրեն հանձնել Կիլիկիան: Լեւոնը սուլթանի պատգամավորին ասում է. «… ասա ցսուլտանն, թէ երկիր ոչ ունիմ տալ քեզ, բայց եթէ գայցես յերկրիս իմում, տաց քեզ յերկսայրից ըմպելիս, որպէս հաւատակցին քո Ըռստոմի» [11]:

Ընդհանրապես տարեգիրը մեծ հպարտությամբ ու գոհունակությամբ է գրում բոլոր նրանց մասին, որոնք ջանք չեն խնայել պետության ամրապնդմ: ան ու անկախության ապահովման համար:

Հեթում Բ թագավորի հոր` Կոստանդին Պայլի մահվան կապակցությամբ գրում է « Ի Թուին ՉԺԲ սուգ անբերելի ժամանեաց աշխարհին Կիւլիկոյ, զի ամենայն ոք մագարէական հոգւով խօսէր թէ շինութիւն այսմ աշխարհի ի կենդանութեան արքայահօր Կոստանդե:: ա է… էր նա իբրեւ զնահապետ երկրին Կիլիկոյ եւ նորին խրատով անդրդուելի մնային եւ հաստատուն, զոր եւ տեսին ամենեքեան յետ փոքր մի ամաց մահուան նորա, թէ որպէս գերի վարեցան հաւատացեալքն յԵգիպտոս, եւ տունք Աստուածոյ հրկէզ եղեն յԻսմայելացոցն ազգաց, այլ եւ գեօղք եւ ագարակք առ հասարակ» [12]:

Հեթում Բ-ի թագադրումից հետո, ասում է. «…Եղեւն խաղաղութիւն տանն հայոց, եւ ամ յամ է ջանային ի բարձրութիւն» [13]:

   Տարեգիրը կենտրոնացված ուժեղ միապետության կողմնակից է, նա ատելությամբ է գրում բոլոր նրանց մասին, ովքեր ոտնձգություններ են անում գահակալների նկատմամբ, անկախ նրանից, թե անձամբ ինքն ինչ վերաբերմունք ունի այս կամ այն գահակալի հանդեպ:

Իշխան Մլեհը, որ խորհել էր սպանել իր եղբորը` իշխանաց իշխան Թորոսին, «այր չարաբարո եւ անգորոյ» է, ավելին. Տարեգիրը նրան դատապարտում է նաեւ այն բանի համար, որ նա հանդգնել էր օգնության դիմել Հալեպի սուլթանին, եւ ոչ խաչակիր իշխանություններին կամ Բյուզանդական կայսրությանը, ու նրա օգնությամբ տիրել էր գահին, խախտելով դարերից եկող ավանդույթը [14]:

Սակայն իշխանաց իշխան դարձած այդ նուն Մլեհի սպանությունը իշխանների կողմից, տարեգիրը «խորհուրդս անօրէնութեան» է համարում [15]:

Մեր այս տարեգրից իմանում ենք Ռուբինյանների եւ Լամբրոնի Հեթումյանների միջեւ վաղուց գոյություն ունեցած թշնամության մասին: Մլեհի կողմից Լամբրոնի պաշարման կապակցությամբ, նա գրում է. «…վաղուց յետէ Ռուբինանք եւ Հեթմոնք մախային ընդ միմեանս. եւ այս եղեւ կրկին պատճառ խռովութեան նոցա…» [16]: Այդ մասին է նշում նաեւ Մլեհի հաջորդած Ռուբենի կապակցությամբ:

Մեր այս տարեգիրն էլ, երեւում է, ինչպես Մատթեոս Ուռհայեցին, սկզբում մեծ սպասելիքներ է ունեցել խաչակիրներից եւ դրա պատճառով սկզբում բացասական վերաբերմունք է ցուցաբերել բյուզանդական կայսրերի հանդեպ, որոնք փորձում էին խոչընդոտել նրանց առաջընթացը, սսկայն հետագայում, Ուռհայեցու նման, նա ոչ միայն Հուսախաբվել է, այլեւ անողոքաբար մերկացրել է խարակիրների նենգ ու դավաճանական գործունեությունը: Ավելին, նրանց դավաճանությունը ընդգծած լինելու նպատակով, անգամ մեղանչելով պատմության առաջ,   բարյացակամ է տրամադրվում հայերի ամենաոխերիմ թշնամու՝ Իկոնիայի սուլթան Սալահ ադ -Դինի նկատմամբ։

Ի դեպ նկատենք, որ հայկական աղբյուրներից միայն այս տարե­գիրն է, որ կենսագրական տեղեկություններ է տալիս ժամանակի Արեւել­քի այդ բռնակալի մասին, որը քիչ արհավիրքներ չի պատճառել Կիլիկիային եւ ընդհանրապես քրիստոնեությանը։ Գրում է, որ նրա անունը , Յուսէփե է եղել, նա եւ իր եղբայրը Դվինի գավառից են, քուրդ շինա­կան Այուպի որդիները, գալիս ծառայության են մտնում Հալեպի տիրոջ մոտ։ Աստիճանաբար «Յուսեփը» հզորանում է տիրում Հալեպին, Դամասկոսին եւ Եգիպտոսին եւ ստանում է Սալահ ադ- Դին անունը։ «... մեծացաւ յոյժ Սալահատինն, գրում է տարեգիրը, եւ եղեւ այր գոռոզ եւ պատերազմող, եւ սկսաւ եղջիւր ածել քրիստոնէից, եւ զօրացաւ օրրստօրէ առաւել քան զառաւել, եւ իմաստութեամբ խորագիտութեան իւրոյ քանդեալ տապալեաց եւ եբարձ միահաղոյն զզօրութիւնս քրիստոնէից յամենայն սահմանս իւր» [17] ։

Սա նշում է ցույց տալու համար, որ Սալահ ադ-Դինի հզորացման նախադրյալներից մեկն էլ, եթե ոչ գլխավորը, խաչակիր իշխանությունների անմիաբանությունն է եղել։ Սալահ ադ-Դինր արշավում է Երուսաղեմի թագավորի եւ նրան դաշնակցած խաչակիր իշխանների ու թագավորների միացյալ զորքերի վրա։ Այդ ժամանակ «... աստուածուրաց կոմսն Տրապօլսոյ առաքէ առ Սալահատինն եւ ասէ. զի՞նչ խոստանաս տալ ինձ զի յարուցից զբանակս քրիստոնէից եւ նստուցից յանջրդի տեղւոջ, զի դու զօրօք քո բանակեսցես ի վերայ ջրոյն» [18] ։ Սուլթանը խոստանում է շատ գանձ տալ, «անօրեն կոմսը», նշում է տարեգիրը, սկսում է խորհուրդ տալ թագավորին եւ գլխավորներին՝ գնալ բանակել լեռնակողմում, եւ այդպիսով բանակը զրկում ջրից օգտվելու հնարավո­րությունից։ Քրիստոնյաների զորքը չափազանց ծանր դրության մեջ սկսում է պատերազմել։ Մարտի սկզբին «անօրէն կոմսը» իր զորագնդով լքում է յուրայիններին։ Քրիստոնյաները պարտություն են կրում։ Ըստ տարեգրի, Երուսաղեմի թագավորը եւ նրա հետ շատերը ստիպված գերի են հանձնվում։ Այստեղ տարեգիրը կարծեք քրիստոնյա կոմսի դավաճանությունը հակադրում է Երուսաղեմի թագավորի հանդեպ մահ­ մեդական սուլթանի ասպետական վերաբերմունքին։

Սուլթանը մեծ պատվով ընդունում է թագավորին, անգամ փորձում է  հանգստացնել նրան ասելով. «... սուրբ թագաւոր Ռ(1000) բարի եկիր ի տուն եղբօր քո, մի ինչ տրտմիր զի այսպէս է սահման զինուորութեան, երբեմն յաղթիլ եւ երբեմն յաղթել, եւ դու ես արդարեւ ճշմարիտ եւ երդմնապահ թագաւոր, եւ ես գոհ եմ ի վերայ ուղղութեանց քոց, վասն որոյ մազ մի ի գլխոյ քումմէ մի պակասեսցէ, եւ վասն քո՝ բազմաց ողորմութիւն արարից, եւ վասն սիրոյ քո զբաղումս ազատեցիր» [19] ։ Հետո հրամայում է իրենց մոտ բերել դավաճան կոմսին եւ թագավորի մոտ նրան ասում է «... անհաւատ, քանի՞ցս անգամ երդուեալ ես դու ինձ եւ եդեալ զհաւատդ գրաւական, եւ ոչ պահեցեք զուխտն որ ընդ իս, այլ գերեցեք եւ սպաներ զայդ֊ քան բազմութիւն, եւ առեր զգանձն իմ ի ճանապարհն Դամասկոսի, եւ այլ բազում հեղմունս արեան արարեր ... եւ ոչ յիշեցեր զերդումն, արդ այժմ զի՞նչ ունիս տալ ինձ պատասխանի» [20]:

Արդ, ինչով էր թելադրված Սալահ ադ-Դինի եւ Երուսաղեմ ի թագավորի այս միջադեպը նման ձեւով ներկայացնելը։ Դա բացատրելի է, եթե հաշվի առնենք, թե երբ եւ ինչ պայմաններում են գրվել այդ տողերը։

Կիլիկյան հայկական թագավորությունը Եգիպտոսի Բեյբարս սուլթանի հաճախակի ասպատակությունների հետեւանքով բավական ծանր դրության մեջ էր ընկել։ Հեթում Բ-ի Լեւոն որդին գերության մեջ էր եգիպտացիների մոտ։ Հայոց արքան ամեն ինչ անում էր լեզու գտնելու Բեյբարսի հետ։ Արեւմտյան կողմնորոշման ուժերը դեմ էին Հեթում ի, իսկ հետագայում գերությունից ազատված եւ նրան Հաջորդած Լեւոն Գ-ի Եգիպտոսի հետ հարցերը խաղաղ լուծելու քաղաքականությանը։ Արեւմտամոլները անտեսում էին արտաքին աշխարհում ուժերի մեջ տեղի ունեցած լուրջ տեղաշարժերը։ Մոնղոլները զբաղված լինելով Ոսկե Հորդայի եւ չաղատայանների պետության դեմ պատերազմներ մղելով՝ ի վիճակի չէին անհրաժեշտ օգնություն ցույց տալ Կիլիկիային, իսկ Արեւմուտքը սին խոստումներով էր կերակրում նրանցից ակնկալություններ ունեցող կիլիկյան կառավարող շրջաններին։ Հայկական պետության անկախության պահպանման շահերը պահանջում էին հաշվի առնել այդ բոլորը եւ վարել ճարպիկ ու շահավետ դիվանագիտական քաղաքականություն։ Ստեղծված այդ դրությունը պահանջում էր ժամանակակիցներին ցույց տալ, որ միակ ելքը՝ այնպես գործելն է, ինչպես ժամանակին արել է Երուսաղեմի թագավորը, որին «... ազատեաց սուլտանն... բազում պարգեւօք» [21] ։

Երուսաղեմի թագավորի նման է վարվել եւ Անտիոքի պրինցը։ Քա­ղաքը պաշարումից եւ սովից փրկելու նպատակով, նա ներկայացել է Սալահ ադ-Դինին եւ ասել «... խնդրեմ ի քէն պարգեւել ինձ զԱնտիոք։ Եւ ասէ սուլտանն` պարգեւեալ է, եւ ի վերայ այդորիկ Գ ամաց կերակուր քեզ եւ քաղաքին քո ես տաց։ Եւ արար սէր կատարեալ եւ դարձաւ յԱնտիոք, եւ լցաւ քաղաքն առատութեամբ եւ կերակրօք» [22] ։

Իհարկե ո՛չ Երուսաղեմի թագավորի եւ ո՛չ էլ Անտիոքի պրինցի գեղեցիկ աչքերի համար էր Սալահ ադ-Դինի կողմից ցույց տված այդ «եղբայրական» առատաձեռնությունը։ Դժբախտաբար տարեգիրը չի ասում թե նրանք ինչ պարտավորություններ էին ստանձնել, որի դիմաց արժանացել էին նման պարգեւների, սակայն անկասկած, դրանց հիմքում գրված էին վասալային կախման ստանձնումը, հպատակության հայտնումը եւ ռազմական ու հարկային պարտավորության կատարումը։ Այդ մասին տարեգիրը լռում է գիտակցաբար, անհրաժեշտ էր ցույց տալ, ընդգծել բռնակալների ասպետական վերաբերմունքը խոնարհվողների նկատմամբ։ Այդ գիտակցել էր եգիպտական գերությունը վայելած Լեւոն Գ թագավորը եւ երբ 1271 թ. Բեյբարսը բանակով շարժվել է դեպի Կիլիկիա, Լեւոն «հրեշտակութիւն առաքեալ առ նա` դարձոյց յաշխարհնիւ» [23]: Տարեգիրը դարձյալ չի ասում, թե Լեւոնը  ինչ պարտավորություններ ստանձնելով է վերադարձրել Բեյբարսին, սակայն, հավանաբար, դրանք պետք է որ լինեին հարկատվությունն ու Արեւմուտքի հետ կապերի խզումը։ Պետք է ենթադրել, որ այդ մասին տարեգիրը չի ակնարկում՝ ելնելով, մի կողմից, ազգային արժանապատվությունից եւ, մյուս կողմից, արեւմտամոլներին չգրգռելու մտահոգությունից։

Հետաքրքիր է նաեւ Տրապոլիսի պրինցի միջադեպի նկարագրու­թյունը, որը նույնպես թելադրված էր տարեգրի ապրած օրերով։

Ուռհայեցու նման, խաչակիրներից հուսախաբ մեր այս տարեգիրն էլ աշխատել է ժամանակակիցներին հասկացնել, որ այլեւս հույսեր չպետք է կապել խաչակիր իշխանությունների հետ, որոնց միջեւ հակամարտություններն այն աստիճանի էին սրվել, որ ելքը ուրացության միջոցով, թշնամոլ զենքով ու դավաճանությամբ միմյանցից վրեժխնդիր լինելն էր դարձել։ Պատահական չէ, որ այստեղ «աստվածուրաց կոմսը» իր «խոտորնակ բանսը» Սալահ ադ-Դինի միջոցով է ցանկացել իրականացնել։ Միաժամանակ տարեգիրը ուզում է ընդգծած լինել, որ երբ Սալահ ադ-Դինը դեռեւս չէր «եբարձ միահաղոյն զզօրութիւնս քրիստոնէից յամենայն սահմանս իւր», այսինքն՝ այն ժամանակ, (40 տարի առաջ), երբ քրիստոնյա իշխանությունները միասնաբար էին հանդես գալիս ընդհանուր թշնամու դեմ, այդ նույն կոմսը իր արյան վրեժը («վճարս») առել է մուսուլմաններից։ Ժամանակները փոխվել էին, Արեվելքում գերիշխող դիրք գրավելու համար ուժեղ մրցակցություն էր ծավալվել խաչակիր իշխանությունների միջեւ մի կողմից, եւ սրանց ու Իկոնիայի սուլթանության եւ Կիլիկյան հայկական թագավորության միջեւ, ինչպես եւ վերջին երկուսի միջեւ մյուս կողմից։ Կոմսի դավաճանությունը դատապարտելով հանդերձ տարեգիրը հասկացնել է տալիս ընթերցողին, որ նույնիսկ այն դեպքում, երբ կոմսը եւ նրա նմանները համոզված լինելով, որ հասել է իրենց մահկանացուն կնքելու ժամանակը, եւ մահը անխուսափելի է, գիտակցել են, որ պետք է խիզախություն հանդես բերել, չընկճվել, որովհետեւ քրիստոնյային վայել չէ երկչոտությունը։ Դավաճան կոմսը սուլթանին վերջին վայրկյանին ասում է «... շատ մի հաջես, արա զկամս քո, ես զիմ արեանս վճարն Խ ամաց յառաջ առեալ եմ ի Մսլմանաց, եւ այսուհետեւ ոչինչ տամ վասն մահուան իմոյ» [24] ։

Ժամանակի պահանջով էր թելադրված նաեւ Սալահ ադ-Դինի եւ խաչակիր ֆրերների (եղբայրությունների) առաջնորդի՝ «մայստռի», միջեւ խոսակցության մեջբերումը եւ վերջինիս մարտիրոսանալը։

Երուսաղեմի թագավորի հետ գերի էր հանձնվել եւ ֆրերների առաջնորդն իր զինակիցներով։ Սալահ ադ-Դինը նրանցից պահանջում է դավանափոխ լինել՝ խոստանալով մեծամեծ պարգեւներ եւ բարձր դիրք, հակառակ դեպքում՝ մահ։ Առաջնորդը ոչ միայն կոչ է անում իր մարդկանց մարտիրոսանալ իրենց հավատի համար, այլեւ նրանց զոհվելուց հետո ինքը «... լցեալ զբերան իւր եթուք յերես սուլտանին յաղադս զայրանալոյ եւ սպանանելոյ վաղվաղակի, զի ժամանեսցէ հոգեւոր որդւոց իւրոց. եւ ասէ ընդ սուլտանն, ես զամենեսին ի մահն յորդորեցի զի եւ կենացն վերին հասանիցեն, ես զիա՞րդ արարից զկամս քո» [25], որից հետո ինքն էլ է մարտիրոսանում։

*  *  *

Տարեգիրը հետաքրքիր ու կարեւոր տեղեկություններ է հաղորդում Կիլիկյան հայկական թագավորության մեջ աշխարհիկ եւ հոգեւոր տերերի փոխհարաբերությունների մասին: Նա մեծ ջանասիրությամբ մեծարում է հոգեւոր գործիչներին, անգամ լի զլանում դրվատական խոսքեր ասել Հովհաննես կաթողիկոսի մասին, որը Լեւոն Բ-ի հրամանով իր խաչակիր փեսայի` Հեռի ու նրա որդիների բանտարկության պատճառով ատելությամբ էր լցվել թագավորի նկատմամբ եւ հրահրել Իկոնիայի սուլթան Խոսրովշահին բազում զորքով արշավելու Կիլիկիայի վրա։ Նշելով, որ թագավորը եւ իշխանները գահընկեց են արել Հովհաննեսին, նա գրում է. «Եւ տէր Յոհանէս մնաց ի Հռոմկլայն պանդխտացար եւ ապրեցաւ անդ քաջութեամբ իւրով եւ իմաստութեամբ, եւ եկաց ընդդէմ բազում ծածուկ եւ յայտնի հնարից նորա։ ... Խոսրով շահն... սկսալ եղջիւր ածել Թագաւորին Լեւոնի. եւ ի սադրելոյ եւ խորհրդակցութենէ տէր Յոհանիսի, եկն բազում զօրօք ի վերայ Բերդուսինե։ Այնուհետեւ բավական անտարբերությամբ շարունակում է «... եւ պատերազմեալ էառ զնա եւ ըմբռնեաց զտէր նորա զԳրիգոր, որդի Լեււոնի, եւ յայնմհետէ Բերդուսն ելաւ յիշխանութենէ Հայոց» [26] ։

Այս դեպքը տեղի է ունեցել 1208 թ. ։ 1211 թ. Հովհաննեսին փոխարինած Դավիթ կաթողիկոսի մահից հետո, Դրազարկի տեր Հեթումի միջնորդությամբ, «հաշտեցոյց զհայրապէտն եւ թագաւորն»։ Վերջինս ազատում է Հովհաննեսի փեսային եւ որդիներին>> «Ել յորժամ եղեւ թուական Հայոց ՈԿԱ (1212) եղեւ կատարեալ սէր ընդ թագաւորն Լեւոն եւ ընդ կաթողիկոսն տէր Յոհանէս եւ դարձոյց զամենայն աւանս եւ զինչս զոր առեալ էր ի կաթողիկոսէն, եւ ուրախացան յոյժ հեռաւորք եւ մերձաւորք» [27] ։

Պետք է ենթադրել, որ Լեւոն Բ-ի այս վարքագիծը թելադրված էր նրա` կենտրոնացված ուժեղ միապետություն ստեղծելու քաղաքականությամբ։ Անտիոքի գահաժառանգության համար Լեւոնի անհաջող ջանքերի պայմաններում, հավանաբար նրան ենթակա խաչակիր իշխանները վստահություն չեն ներշնչել հայոց թագավորին, եւ նա աշխատել է մեկուսացնել նրանց` հաշվի չառնելով վերջիններիս խնամիական կապերը կաթողիկոսի հետ։ Հովհաննեսը փորձել է միջամտել թագավորի գործերին, որը եւ առիթ է դարձել նրանց միջեւ թշնամության:

Սակայն կաթողիկոսի հետագա վարքագծից կարելի է ենթադրել, որ թշնամության համար դա սոսկ առիթ է եղել եւ ոչ պատճառ։ Պատճառը թերեւս եղել է այն, որ կաթողիկոսը չէր ընդունում Լեւոնի վարած խիստ կենտրոնացված քաղաքականությունը։ Լեւոնի եւ Հովհաննեսի միջեւ հետագայում հաստատված «կատարեալ սէրը», հավանաբար, այդ նույն քաղաքականության իրականացման արդյունքն էր։

Հովհաննեսը, երեւում է, բավական հեղինակավոր ու ազդեցիկ անձնավորություն է եղել, եւ Լեւոնին ձեռնտու չի եղել նման գործչի հետ երկար ժամանակ թշնամական հարաբերությունների մեջ լինել, մանավանդ, որ արդեն զգացել էր նրա գործունեության պառակտիչ հետեւանքները պետության համար։

Հովհաննես կաթողիկոսի հետ կապված այս միջադեպը, ինչպես նաեւ ստորեւ բերվող մի այլ փաստ չափազանց կարեւոր են մի այլ առումով եւս։

Տարեգիրը Հովհաննեսին նախորդած Գրիգորիս (Վահրամ) կաթողիկոսի մասին գրում է, «Իսկ կաթողիկոսն Գրիգորիս յորժամ եղեւ կաթողիկոս` ոչ տանէր զառաջին հնազանդութիւնն ամենեցուն, որպէս յորժամ ընդ դաստիարակալ էր, այլ ինքնիշխանութեամբ տանէր զհայրապետութիւնն, որպէս տեսեալն էր ի քեռին իւր։ Յայնժամ մախացեալ ընդ նա աւագագոյն մարզիկն, առաքեն առ Լեւոն եւ ասեն, ոչ ունի սա իմաստութիւն վարել զհայրապետութիւնն որպէս արժանէ, եւ յօզեցին որպէս կամեցան զնմանէ։ Եւ զայս արարին մի անգամ եւ երկիցս եւ երիցս, մինչեւ շարժեցին զէեւոն ի կամս իւրեանց» [28] 28 ։ Լեւոնը վերոհիշյալ Հովհաննեսին, որն արքեպիսկոպոս էր, ուղարկում է Հռոմկլայ, Գրիգորիսին բանտարկում են, կաթողիկոսի գահանիստ քաղաքի` Հռոմկլայի բնակիչները զինվում են, երեք օր պատերազմում են բերդապահների դեմ, սակայն ոչինչ չեն կարողանում անել, Գրիգորիսին տեղափոխում են Կոպիտառա բերդը, հռոմկլացիները փորձում են բանտից փախցնել նրան, բայց փախուստի ժամանակ պարանը կտրվում է, կաթողիկոսը վայր է ընկնում ու մեռնում [29] ։

Այս եւ նման մի ջարք փաստեր հիմք են տալիս եզրակացնելու, որ Կիլիկյան հայկական իշխանության եւ ապա թագավորության մեջ աշխարհիկ եւ հոգեւոր տերերի միջեւ ուրույն փոխհարաբերություններ են ստեղծված եղել, տարբեր` բուն Հայաստանում Արշակունիների եւ Բագրատունիների ժամանակաշրջաններում եղածից։ Կիլիկյան հայոց իշխաններին եւ թագավորներին հաջողվել է երկրի քաղաքական կյանքում գրեթե մեկուսացնել հոգեւոր տերերին եւ առաջին հերթին` կաթողիկոսներին: Բարձրաստիճան հոգեւորականության ներկայացուցիչները, որպես կանոն, բերդատերեր են եղել վասալական կախվածությամբ կապված թագավորի հետ: Կաթողիկոսներն ու հոգեւոր մյուս առաջնորդները զբաղվել են հիմնականում եկեղեցական գործունեությամբ, քաղաքական կյանքին առնչվել են այնչափով, որչափով խոսքը գնացել է դավանաբանական վեճերին, որոնք, ըստ էության, քաղաքական նպատակներ են հետապնդել։ Նրանք մի տեսակ մեկուսացված են եղել արքունիքից, չեն խառնվել երկրի կառավարման գործերին։ Գրանցում նրանց մի­ջամտության ամենափոքր փորձը հանցանք է համարվել։ Այդ են վկայում Գրիգորիս եւ Հովհաննես կաթողիկոսների ճակատագրերը։

Պատահական չէր, որ կաթողիկոսարանը շատ երկար ժամանակ արքունիքից հեռու էր գտնվում, սկզբում նույնիսկ իշխանության սահմաններից դուրս Հռոմկլայում։ Կիլիկյան գահակալները, հավանաբար, լավ էին գիտակցել բացարձակ միապետության պայմաններում կաթողիկոսների` քաղաքական կյանքում ակտիվ գործունեության եւ մասնակցության վտանգավորությունը։ Այդ դիաակցել են ոչ միայն գահակալները, այլեւ նրանց իշխանները` «աւագագոյոն մարդիկ»։

Գրիգորիսը աշխատել էր հայրապետությունը վարել «որպէս տեսնալն էր ի քեռին իւր» [30] ։ Նրա այդ վարքագիծը, թերեւս ուներ եւ այլ պատճառ։ Տարեգրի վկայությամբ նրա գահակալման տարում մեռել էին «... մեծազարմ իշխանքն քուերորդիք կաթողիկոսին... Բայց ասի թէ Լեււոն եղել պատճառ մահուան նոցա» եւ ավելացնում է` «այլ ճշմարիտն Աստուծոյ է գիտելի» [31]: Այս հանգամանքը հավանաբար ազդել էր Լեւոնի եւ կաթողիկոսի փոխհարաբերությունների վրա եւ դա թեւ էր տվել ավազագույններին ըմբոստանալու վերջինիս դեմ, Լեւոնն էլ օգտագործել է դա` իր նկատմամբ անբարյացակամորեն տրամադրված կաթողիկոսին մեջտեղից վերացնելու համար։

* * *

Տարեգիրն ընդհանրապես մեծ գոհունակությամբ է գրում Լեւոն Բ-ի եւ Հեթում Բ-ի միապետության ամրապնդման եւ արտաքին քաղաքականության բնագավառում ձեռք բերած հաջողությունների մասին։

Նշելով Լեւոն Բ-ի հաջողությունները Իկոնիայի դեմ մղած պատերազմներում, նա գրում է. «... առնելով ի նոցանէ բերդորայս եւ գերելով զերկիր նոցա աւերմամբ եւ արիագոյն քաջութեամ  սպառազինեալ կայր ի մէջ թշնամեաց իբրեւ զախոյեան անպարտելի» [32] ։

Լամբրոնի Հեթումյաններին ընկճելու կապակցությամբ ընդգծում է, թե «... խորհէր Լեւոն իմաստութեամբ, փետտել զթեւս նոցա, եւ ցածուցանել զբարձրայօն հպարտ ութիւն նոցա» [33]: Այնուհետեւ նկարագրում է Լեւոնի Լամբրոնին առանց մարտի տիրանալու իրադարձությունները։

1216 թ. Լեւոնի կողմից Անտիոքի գրավման եւ իջխանությունր Ռուբեն պրինցին հանձնելու առիթով էլ գրում է. «... էառ թագաւորն Լեւոն զԱնտիոք արուեստիւ եւ իմաստութեամբ, քանզի զոր յառաջազոյն մեծաւ պատերազմաւ ոչ կարաց ածել ի հաւանութիւն, յետոյ առատատուր պարգեւօք եւ խոստմամբ հաւանեցոյց զոմանս յիշխանացն, եւ նոքա բացին նմա զդրունս ի գիշերիե եւ Լեւոնը բազում զորքով ներխուժում է քաղաք ու գրավում այն։ Տարեգիրն այնուհետեւ ընդգծում է, թե «Իսկ թագաւորն Լեւոն հասեալ յայսպիսի գործոյ կատարոuմն` ցնծալը եւ յոյժ ուրախ էր ընդ աստուածային յաջողումն, քանզի որում յառաջագոյն ինքեանք ծառայէին արար զնա ի ներքոյ իշխանութեան իւրոյ... » [34] ։

Նկարագրելով Հեթում Բ-ի այցը Կարակորում եւ վերադարձը, տարեգիրը գոհունակությամբ գրում է, եթե նա գնալիս «գաղտագողի անցանէր (Իկոնիայով- Լ. Բ. ), ի դառնալն ընդ նոյնն իբրեւ զառիւծ զայր ընդ մէջ նոցա»: [35]

Տարեգրի համար օրինակելի հոգեւոր գործիչ է եղել «տիեզերալոյս» Ներսես Շնորհալի կաթողիկոսը, որը «... արար բազում երգս աստուածայինս եկեղեցւոյ, եւ վարէր զաթոռ հայրապետոuթեան ըստ կամացն Աստուծոյ, եւ էր այր սուրբ եւ զարդարեալ ամենայն բարեձելութեամբ եւ կարգաւորութեամբ, առաքինութեամբ եւ ամենեւիմբ լցեալ գիտութեամբ եւ շնորհօք հոգւոյն սրբոյ։ Եւ որպէս գետ յորղառատ վտակաւ բխէր, զի ոչ ոք յառաջնոց հայրապետացն գտալ հանգոյն նմա, եւ ոչ յետ նորա եղել մինչեւ ի ժամանակս մեր» [36]:

«Տարեգրքի» հեղինակը, որ մեր համոզմամբ կրոնավոր պետք է եղած լիներ, իր ապրած ժամանակաշրջանի հայ-բյուզանդական դավանաբանական վեճերի մասին գրեթե ոչինչ չի գրում, եթե հաշվի չառնենք Շնորհալու առիթով կայսրի արած ակնարկը` բաժանման մասին։ Ընդհակառակը, իր ամբողջ շարադրանքում կարմիր թելի պես անց է կացնում այն միտքը, որ հույները «հաճեալ հաւանեցան ընդ ուղղափառ դաւանութիւնն Հայաստանեայց» [37] ։ Սակայն միաժամանակ Շնորհալու իդեալականացումը նրա կողմից, հիմք է տալիս ենթադրելու, որ նա էլ համամիտ է եղել հունա-հայկական դավանանքների հաշտեցմանը։

Սմբատ սպարապետին վերագրվող «Տարեգրքի»` XIII դարի պատմության շարադրանքի պատմական արժեքը շատ մեծ է։ Այն կարեւոր ու հարուստ տեղեկություններ է հաղորդում Կիլիկիայում ներքին միջֆեոդալական հակամարտությունների, հայկական իշխանապետության եւ խաչակիր իշխանությունների փոխհարաբերությունների, Իկոնիայի սուլթանության եւ Եգիպտոսի տիրակալների` Կիլիկիայի նկատմամբ վարած նվաճողական քաղաքականության, հայ-մոնղոլական դաշնակցության, Եգիպտոսի դեմ նրանց համատեղ պայքարի պատմության եւ այլ հարցերի մասին:



[1]            Տե’ս Ա. Գալստյան, Սմբատ Սպարապետ, Երեւան, 1961, էջ 84-85:

[2]            Մ. Չամչեան, Պատմութիւն Հայոց, Հ. Ա, Վենետիկ, 1784, էջ 18: Նույնի Հ. Գ, Էջ 337:

              Տարեգրքի Վենետիկ հրատարակիչ Ս. Ագըլյանն իր Առաջաբանի Թ էջի 4–րդ ծան. մեջ գրում է, թե «Չամչեան ատենները, ծանօթ է կիլիկեցւոց պատմիչ մը, որմէ օգտուած է իր Հայոց պատմութեան Գ հատորին խմբագրութեան համար, ուր կը կոչէ զայն «ականատես պատմիչ Կիլիկեցւոց` որ թուի լինել Սմբատ կիւլիկեցի» . Գ, էջ 335), սակայն Սմբատ սպարապետի հաւանական օրինակներու գիւտով` տեսնուեղաւ որ Չամչեանի տեսածը շատ աւելի ընդարձակ ժամանակագրութիւն մը եղած ըլլալու էր, հաւանօրեն Սմբատի հետեւողությամբ եղած խմբագրութիւններ, զանազան դարերու եւ հեղինակներու, ԺԳ են մինչեւ ԺԷ դար»: Տե’ս «Սմբատ Սպարապետի Տարեգիրք», Վենետիկ, 1956:

              Այս կապակցությամբ «Տիեզերքի» Մոսկվայի հրատարակիչ Ոսկան Հովհաննիսյանն իր Առաջաբանում նկատում է, թե Չամչյանը, բերելով մի հատված, ուր խոսվում է եգիպտացիների` դեպի Կիլիկիա 1335թ. Կատարած արշավանքի մասին, կարծիք է հայտնել, թե դա կարող է Սմբատ Կիլիկեցու գրածը լինել (էջ Ը): Տե’ս «Սմբատայ սպարապետի Հայոց Պատմութիւն», Մոսկուա, 1856:

[3]            Գ. Ալթունեան, Մոնղոլական արշաւանքներ, Վաղարշապատ, 1913, էջ 40:

[4]            Այդ մասին տե’ս մեր հոդվածը «Սմբատ սպարապետը եւ «Տարեգրքի» հեղինակի հարցը», «Պատմա-բանասիրական հանդես», 1976, N 1, 243-254:

[5]            «Սմբատայ սպարապետի Տարեգիրք», Վենետիկ, 1956, Առաջաբան, էջ Զ: (Այսուհետեւ` Տարեգիրք):

[6]            Նույն տեղում:

[7]            Այս հանգամանքը պետք է հաշվի առնել եւ խուսափել իրականությանը չհամապատասխանող ընդհանրացումներից: Այսպես. Ա. Գալստյանը գրում է. «Նրա աշխատության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սմբատը սովորական պատմիչ չէ: Այս կամ այն դեպքի ու երեւույթի առնչությամբ նա իր վերաբերմունքն է դրսեւորում»: Տե’ս Ա. Գալստյանի նշվ. Աշխ., էջ 77-78: Հեղինակը, որպես օրինակ, բերում է Մանազկերտի ճակատամարտի պատմության կապակցությամբ «Տարեգրքում» բյուզանդական կայսրերին ու կուսակալներին տրված մեղադրանքը, վեստ Սարգսի դավաճանության դատապարտումը եւ ուրիշներ, որոնք սակայն «Տարեգրքի» հեղինակները չեն, այլ բառացի վերցված են Մատթեոս Ուռհայեցուց: Ընդհանրապես նկատենք, որ մինչեւ 1163 թ. Սմբատին վերագրվող ընդհանրացումներ անելիս միշտ պետք է զգույշ լինել:

[8]            Տարեգիրք, էջ 208:

[9]            Նույն տեղում:

[10]          Նույն տեղում, էջ 200:

[11]          Նույն տեղում, Էջ 204:

[12]          Նույն տեղում, էջ 237-238:

[13]          Նույն տեղում, էջ 225:

[14]          Նույն տեղում, էջ 189-190:

[15]          Նույն տեղում, էջ 191:

[16]          Նույն տեղում, էջ 190:

[17]          Նույն տեղում, էջ 194-195։ Ագըլյանը նույն էջի 98-րդ ծան. մեջ, հենվելով ֆրանսիացի պատմաբան Ռ. Գրուսեի եւ Չամչյանի վրա, գրում է, որ Սալահ ադ-Դինը քրդացած հայ է եղել։

[18]          Նույն տեղում, էջ 196։

[19]          Նույն տեղում, էջ 197։

[20]          Նույն տեղում, էջ 198։

[21]          Նույն տեղում, էջ 199։

[22]          Նույն տեղում, էջ 203։

[23]          Նույն տեղում, էջ 253։

[24]          Նույն տեղում, էջ 198։

[25]          Նույն տեղում, էջ 199։

[26]          Նույն տեղում, էջ 215։

[27]          Նույն տեղում, էջ 217-218։

[28]          Նույն տեղում, էջ 205։

[29]          Նույն տեղում, էջ 205-206։

[30]          Նույն տեղում, էջ 205։

[31]          Նույն տեղում:

[32]          Նույն տեղում, էջ 211։

[33]          Նույն տեղում:

[34]          Նույն տեղում, էջ 219։

[35]          Նույն տեղում, էջ 231։

[36]          Նույն տեղում, էջ 188։

[37]          Նույն տեղում: