Դրուագներ Հայաստանի IX-XIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑԻ

Ամեն մի դար ծնում է իր ոգին մարմնավորող գործիչներ: Այդպիսի գործիչ էր XI դարի ծնունդ հայ նշանավոր ողբերգու պատմագիր Արստակես Լաստիվերցի վարդապետը: Նրա մասին կենսագրական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել: Դարերին ժառանգություն թողած նրա. «Պատմությունից» [1] իմանում ենք, որ նա ապրել ու գործել է XI դարում եւ ականատես է եղել իր նկարագրած շատ իրադարձությունների: Այսպես՝ 1022 թ. Բյուզանդիայի Բարսեղ Բ կայսրի դեմ ծագած ապստամբության կապակցությամբ գրում է. «… զայս հաւաստեաւ գիտեմ, աչօք իմովք տեսի» [2]: Սմբատա լեռան վրա 1048 թ. Տեղի ունեցած կոտորածի եւ ապա Արծն քաղաքի ավերման կապակցությամբ էլ գրում է. «Այսոքիկ երկուց էր տեղեաց՝ լերինն եւ քաղաքիս զողորմելի պատմութիւնս՝ զոր աչօք մերովք տեսք եւ ընդ փորձ չարեացն անցաք, զայն միայն գրեցաք» [3]:

Մինչեւ վերջերս ավանդաբար այն կարծիքն է իշխել, որ Արիստակեսը ծնվել է Լաստիվերտ գյուղում եւ ենթդրել են, որ այն գտնվում է Կարին գավառի երբեմնի նշանավոր Արծն քաղաքի մոտերքը: Սակայն գրականագետ Գուրգեն Մանուկյանը Արիստակեսի «Պատմության» աշխարհաբար թարգմանության իր առաջաբանում գրում է, թե նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատմագրի ծննդավայրը կոչվել է ոչ թե Լաստիվերտ, այլ Լաստիվեր, հետեւապես նրա Լաստիվերտցի հորջորջումը սխալ է, պետք է լինի Լաստիվերցի: Գ. Մանուկյանը միաժամանակ նկատում է, որ Լաստիվեր գյուղի տեղն անհայտ է, Արծնի կապակցությամբ Արիստակեսի «մեր քաղաքս» ասածը չի կարող ապացույց լինել, որ այդ գյուղը անպայման Արծնի մոտերքն է եղել [4]:

Լաստիվերցին իր «Պատմությունը» սկսում է Տայքի Դավիթ կյուրապաղատի մահից հետո 1001 թվից, ավարտում է 1072 թվականով՝ Ալփասլանի մահով: Գ. Մանուկյանը գտնում է, որ «Պատմությունն» ավարտելիս Արիստակեսը պետք է պատկառելի տարիք ունեցած լիներ, եւ ենթադրում է ծնունդը 1002 թ. Իսկ մահը՝ 1080 թ. [5]:

Լաստիվերցին, բացի «Պատմությունից», գրել է նաեւ մեկնություններ եւ ճառեր [6]: Սակայն նրա գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը մեզ հասած պատմական երկն է:

Պետք է ենթադրել, որ Մաթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրությունում» ակնարկում է Արիստակեսի մասին, երբ Գագիկ Բագրատունու փառքը գովելիս հիշում է այն ժամանակ հայոց երկրում հանդես եկած «լուսավոր, անպարտելի եւ շնորհալի» վարդապետի անունները, եւ դրանց թվում՝ «Սայլահան կամ Լաստիվերցի» անունը: Ինչքան մեզ հայտնի է աղբյուրներց, այդ ժամանակի Հայաստանում նման գնահատականների արժանացած ուրիշ Լաստիվերցի վարդապետ չի եղել: Ուստի հավանական է, որ Ուռհայեցին նկատի է ունեցել պատմագիր Լաստիվերցուն [7]:

Լաստիվերցի պատմագիրը մեկեաս չի ունեցել, ինչպես նախորդ մի քանի պատմագիրները: Նրա «Պատմությունը» գրվել է իր իսկ նախաձեռնությանբ: Այդ առիթով կա հեղինակի անկեղծ խոստովանությունը. «Եւ արդ ո՛չ է պարտ անհաս եւ անձեռնարկելի իրաց պատմօղ լինել, կամ ընդ գրով արկանել, զորոց ոչ այլոց աշխատութիւն տուեալ մեզ, եւ ոչ յումեքէ պահանջեցաւ ի մէնջ, եւ ոչ մեք կարօղ եմք ձեռն արկանել, վասն այնորիկ բազում ինչ հարկաւր պատմութեանց որ ընդ սոքօք են՝ անտէս արարաք, այլոց թողլով ճարտարաց եւ հարուստ մտաց, զի թերեւս պահանջեսցէ ոք ի նոցանէ» [8]:

Լաստիվերցու «Պատմությունը» բաղկացած է 25 գլխից եւ յուրահատուկ մի հիշատակարանից: Առաջին գլուխը սկսում է բանաստեղծական նախերգով, ուր հեղինակը ամփոփ ձեւով հաղորդում է իր գրելիք նյութի մասին՝ դրսեւորելով «Պատմության» մի շարք առանձնահատկությունները՝ քնարական հագեցվածությունը, ընդգրկած հարցերի լայնությունն ու խորությունը, գաղափարական որոշակի նպատակադրվածությունը, լեզվի ու ոճի պարզությունը [9]:

Լատվիվերցու «Պատմությունը» չափազանց կարեւոր ու ստուգապատում աղբյուր է Հայաստանի ու հարեւան երկրների (Վրաստան, Աբխազիա, Աղվանք, Բյուզանդիա), հայ ժողովրդի ու հարեւան ժողովուրդների՝ XI դարի առաջին 7 տասնամյակների պատմության ուսումնասիրության համար։ Նրանում հարուստ փաստական նյութ կա Բագրատունիների թագավորության անկման, Բյուզանդական կայսրության նվաճողական քաղաքականության, սելջուկների արշավանքների, հայ-բյուզանդական, հայ-վրացական հարաբերությունների, ֆեոդալական կենտրոնախույս ուժերի ակտիվ դրսեւորումների, սոցիալ֊դասակարգային պայքարի, հատկապես Թոնդրակյան շարժման եւ այլ հարցերի մասին։

Չլիներ Լաստիվերցու «Պատմությունը» մենք շատ քիչ բան կիմանայինք XI դարի հարուստ ու բարդ իրադարձությունների մասին։

Մարդիկ, գրում է պատմագիրը, «Ոչ իմացան եւ ոչ առին ի միտ զահ տեառն եւ զսպառնալիս որ ի նմանէ. եւ մրուր բարկութեան եւ զսրտմութեան՝ որ ի նմանէ խոնարհի յարբումն մեղաւորաց, սպառեալ համարեցան. մանաւանդ ամուրն Անի եւ որ շուրջ զնովաւ դստերք իւր՝ առաւել յամբարտաւանութիւն կրթեալ՝ ընդդէմ երկնից կայսր հարկանէին. մինչեւ շարժեաց Աստուած զթագաւորն Պարսից (իմա՝ սելջուկների - Լ. Բ. ) փոխանակ ինքեան՝ տեսանել թե զինչ գործի ի նմա» [10] ։

Մեղքերի համար աստծու կողմից մարդկանց պատժելու գաղափարը, որ շատ հին ժամանակներից ավանդաբար արմատացել էր մատենագիրների աշխարհայացքում, իր ամենաբարձրագույն կետին է հասնում Լաստիվերցի պատմագրի երկում, ստանալուվ աներեւակայելի չափազանցությունների բնույթ։ Այստեղ սելջուկբերի ու հույների գազանությունների եւ ընդհանրապես քրիստոնյաների վրա հասած սարսափների ու չարիքների պատճառը միայն ու միայն մեղքն է, ուրիշ պատճառ հեղինակը չի տեսնում եւ իր մտածելակերպով չէր էլ կարող տեսնել։ Մեղք գործելուց հետո ապաշխարհել, մեղքը լալ, ողբալ փրկության համար, ահա Լաստիվերցու փրկության ճանապարհը։

Ըստ Լաստիվերցու, պետք է միաբանվել ոչ թե թշնամու դեմ պատերազմելու համար, այլ, միահամուռ միաբանությամբ պատերազմում հաղթություն տվող տեր Աստծուն կանչել օգնության։ Քանզի հզորը զորանում է ոչ թե իր զորությամբ, այլ տերն է թուլացնում հակառակորդի զորությունը [11] ։

Մեղքի եւ ապաշխարության հին ու իշխող գաղափարը, ինչպես ճիշտ նկատում է Մ. Աբեղյանը, Լաստիվերցու երկում նոր ոգի է ստանում։ Եթե մինչ այդ մեղավորն անհատ մարդն էր, որը լալիս էր իր սեփական անձնական մեղքը, եթե մինչ այդ միստիկ ճգնավորները ողբում էին անհատական մեղքը, ապա Լաստիվերցու մոտ մեղավորը ժողովուրդն է, նա՛ պետք է ապաշխարի։ Անհատը ապաշխարում է մարմինը տանջելով, որպեսզի հոգին փրկի հանդերձյալ կյանքում։ Իսկ Լաստիվերցու համար այդպիսի բան չկա, նա ապաշխարություն է քարոզում տանջանքից ազատվելու եւ ժողովրդի փրկության համար, որ այս աշխարհում պիտի լինի, այն էլ ոչ թե մարմինը մեռցնելով, այլ բարքերի մաքրությամբ, կյանքի բարոյական կարգավորությամբ [12] ։

Ստեղծված մղձավանջային պայմաններում պատմագիրը փրկության ոչ մի հույս չէր տեսնում, եւ այստեղից էլ բխում է նրա հոռետեսությունը, մի տրամադրություն, որն արտահայտվում է առաջին իսկ տողերից, ինչպես միանգամայն ճիշտ նկատում է Կ. Յուզբաշյանը [13] ։

Եթե միստիկ ճգնավորի համար աշխարհի վրա մտածելն անգամ մեղք էր, ապա Լաստիվերցին չի մերժում աշխարհը եւ նույնիսկ հարստությունը հարկավոր է համարում։ Սակայն, ըստ նրա, ամենայն հարստություն պիտի ծառայի բարի նպատակների եւ ձեռք բերվի արդարությամբ ու իրավունքով, առանց վաշխի ու տոկոսի [14] ։

Լաստիվերցին ապրում էր մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում օրըստօրե զարգանում էր քազաքային կյանքը, նոր բովանդակություն էին ստանում ֆեոդալական քաղաքները՝ աստիճանաբար վերածվելով առեւտրի ու արհեստագործության խոշոր կենտրոնների։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանին յուրայատուկ դասակարգային հակամարտությունները, արդեն ավելի ցցուն կերպով, դրսեւորվում են ֆեոդալական քաղաքային հասարակության մեջ։ Առաջանում է մեծատունների նոր դասը, որը հարստությունների կուտակման նպատակով սկսում է մրցակցել իշխող ֆեոդալական դասակարգի միջին եւ ստորին խավերի հետ, ձգտելով կլանել նրանց։ «Դասակարգային պայքարը, - նկատում է Կ. Յուզբաշյանը, «հզորների» եւ «աղքատների» միջեւ զարգանում ու սրվում է, եւ իբրեւ այդ պայքարի ամենացայտուն արտահայտություն, տարածվում են աղանդավորական շարժումները։ Այդ երեւույթները սարսափով են լցնում հեղինակի հոգին, որի սիրտն արդեն խոցված էր դրսից եկող ցավերով» [15] ։ Քաղաքային կյանքի, առեւտրա֊վաշխառուական կապիտալի զարգացումը, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հասարակությքն կենցաղի ու բարքերի մեջ արատավոր նոր երեւույթների արմատավորումը քիչ անհանգստություն ու վիշտ չեն պատճառել պատմագրին։

Խոսելով Արծն քաղաքի մասին, որը Լաստիվերցու համար հոյակապ ու երեւելի էր ամբողջ աշխարհում, գրում է, թե նախկինում երբ, բարիքների առատությոմբ խճողված՝ ամեն ինչ ուզածի պես էր, քաղաքը նմանվում էր այն նորահարսին, որն իր վայելչագեղությամբ ու շքեղ զարդերով սիրելի է լինում բոլորին։  Նրա իշխանները մարդասեր էին, դատավորներն արդարադատ ու անկաշառ, վաճառականները՝ եկեղեցի շինող ու զարդարող, կրոնավորների օթեւանող, աղքատներին ողորմացող ու խնամող։ Չկար խաբեություն վաճառքի մեջ եւ ոչ էլ խարդախություն՝ առեւտրի ու փոխանակության ժամանակ։ Նածատինքի էր ենթարկվում վաշխերի ու տոկոսների շահը, խոտելի ու անարգ էր համարվում նվերների ու ընծաների անվան տակ տրվող կաշառքը։ Բոլորն էլ բարեպաշտության նախանձախնդիրներ էին, քահանաները սրբակյաց էին եւ աղոթասեր, եկեղեցու կարգերին հլու հնազանդ, այդ պատճառով էլ քաղաքի վաճառականները վայելչափայլ մարդիկ էին, իսկ գնորդները՝ ազգերի թագավորներ։ Այնուհետեւ հպարտությամբ բացականչում է. «Եւ իբրեւ ակն մի պատուական լուսագեղ պայծառութեամբ փայլէր քաղաքսմեր ի մէջ ամենայն քաղաքաց, ամենեւին գեղեցիկ, բոլորովին զարդարուն» [16] ։

Այդպես էր առաջ. եւ վշտացած պատմագիրն անմիջապես անցյալին հակադրում էր իր ապրած օրերը, երբ «… արդարութեան օրէնքն յանիրաւութիւն դարձաւ, եւ յարգի եղեւ արծաթսիրութեան քան զաստուծսիրուքիւն. եւ մամոնայ քան զՔրիստոս, յայնժամ ամենայն համեստութիւն կարգած զառածեալ՝ յանկարգութիւն դարձաւ։ Իշխանք սորա գողակիցք եղեն գողոց, վրիժագործք եւ արծաթոյ ծառայք. դատաւորք սորա կաշառառուք եւ վասն կաշառոյ գողանային զիրաւունս. դատաստան որբոց ո ՛ չ առնէին, եւ յիրաւունս այրեաց ո ՛ չ խոնարհէին։ Վաշխից եւ տոկոսեաց օրէնք եդան, եւ ցորենոյ բազմապատկութիւն, որով երկիր պղծի եւ արգելու զարգանդ առ ի տալոյ զպտուղ ի ժամու իւրում առ ի կարակուր մարդկան։ Որ խաբեր զընկերն՝ պարծէր իմաստուն գոլ, եւ որ յափշտակէր՝ ասէր. Ես հզօր եմ։ Զտունս տնակից աղքատացն, եւ զսահմանս անդաստանաց նոցա յափշտակէին մեծատունքն…» [17] ։

Միայն Արծնի իշխաններն ու վաճառականները չէին հղփացել, անբարոյականացել։ Այդպես էր եւ Անին։ Նկարագրելով Անիի ավերումն ու կոտորածը, պատմագիրը զայրույթով գրում է, թե վերացան այն վաշխն ու նենգությունը, որ այնտեղ կային եւ ավելացնում է. «Այս է բաժին անիրաւ քաղաքաց, որ շինեն զինքեանս արեամբ օտարաց, եւ ի քրտանց տնանկաց փարթամանան, եւ ի վաշխից եւ յանիրաւութեանց զտունս իւրեանց ամրացուցանեն. եւ ինքեանք զմտիս իւրեանց անողորմ ունելով առ աղքատս եւ տնանկս՝ միայն հեշտութեան եւ փափկութեան սպասեն, եւ ի գործոց աղտեղութեան ո ՛ չ խորշին, այլ միայն արբեալ լինին ի ցանկութեանցն, որ զնոսա ըմբռնեալ ունի» [18] ։

Ըստ մեր պատմագրի, բոլոր չարիքների արմատը ամբարտավանությունն է, բոլոր դժբախտությունների մայրն ու սկզբնապատճառը [19] ։ Անիի օրինակով Լաստիվերցին զգացնել է տալիս, որ ժողովրդի ուժը ոչ թե նրա փարթամությունն է, ոչ թե նրա պարիսպներով ու աշտարակներով ամրացած հարուստ քաղաքներն են, այլ իր ներքին կուռ բարոյականությունը։ Եթե չկա այդ ներքին ուժը, միեւնույն է նա պիտի անկում ապրի, բարքերի ապականության ժամանակ ցանկամոլությամբ տարված մարդիկ ի վիճակի չեն հայրենիքը պաշտպանել, դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին առողջացնել բարքերը, մեծացնել ներքին բարոյական ուժը, միայն ու միայն այդ ճանապարհով ժողովուրդն ի վիճակի կլինի պաշտպանելու հայրենիքը։

Դառն վշտերի երգիչը սակայն հայրենիքին ու ժողովրդին վրա հասած արհավիրքները սոսկ պասիվ արձանագրողիու ողբացողի դերում հանդես չի գալիս, այլ նախազգուշացնում է ու պահանջում եւ հաճախ կշտամբում է նաեւ Աստծուն։ Արծնի կոտորածի կապակցությամբ գրում է. . ժամ է ինձ ի դաւթական բանսն ելանել, եւ նորին ձայնիւ զմերս յօրինել զողբս. «Ընդէ՞ր տէր կացեր ի հեռաստենէ, եւ անտես արարեր զմեզ ի նեղութեան մերումե, յանօրինել անիրաւին ի սրբութիւնս քո, եւ ի պարծիլ ատեղցողացն զքեզ ի մեջ տօնից քոց, զի ահա մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո, եւ պղծեցին զտաճար սուրբ քո, այրեցին ի հուր զսրբութիւնս քո, եւ յերկիր խոնարհեցուցին զփառս եկեզեցւոյ քո» [20] ։

Նկարագրելով մանազկերտի առաջին ճակատամարտը, նրանում սելջուկների անհաջողությունը պայմանավորելով մի հույն կտրիճ զինվորի կողմից մրանց բաբանի հրդեհման հետ, Լաստիվերցին ընթերցողին դիմելով ասում է. «Տեսանե՞ս զԱստուած մարդասիրական խնամոն, թէ որպէս մերձ է առ երկիւղածս իւր փրկութիւն նորա. տեսանես, որպէս գիտէ փոքր իրօք մեծամեծացն յաղթել» եւ ավելացնում է. «Զայս ասացի, զի մի վհատիցիմք յորժամ ի մէջ անհնարին փորձանաց անկանիցիմք» [21] ։

Բասենի կոտորածի կապակցությամբ էլ դիմելով Աստծուն, բացականչում է. «Ընդէ՞ր մերժեցէր, Աստուած, ի սպառ, բարկացար սրտմտութեամբ քո եւ մատնեցիր զմեզ ի ձեռս արանց անօրինաց, խստաց եւ ապստամբից… Եւ արդ ահա դու բարկացար, եւ մենք մեղաք, վասն այնօրիկ մոլորեցաք գերութեամբ ի բազում ազգս, եւ եղաք իբրեւ զպիղծս ամենեքեան… եւ ոչ ոք իցէ որ կարդայցէ զանուն քո, եւ որ յիշեսցէ ապաստան առնել զքեզ. զի դարձուցեր զերեսս քո ի մնջ եւ մատնեցեր զմեզ վասն մեղաց մերոց» [22] ։

Սակայն հեղինակը միշտ էլ մնում է իր գաղափարախոսության տերը։ Նա համոզված է, որ Աստված դեռ ըստ իրենց գործած հանցանքի չի պատժել, այլ գթությամբ ու ողորմածությամբ գցել է խրատի բովի մեջ՝ իրենց սթափեցնոլու եւ պիտանի դարձնելու համար։ Դիմելով Աստծուն, նա ասում է. «Զի եթէ դիցես զմեղս մեր ի կշիռս, ծանրագոյն է քան զխրատ մեր՝ զոր ընկալաք ի քէն, եւ թեթեւագոյն պատուհաս քո քան զպարտիս մեր» [23] ։

* * *

Հայ պատմագիրներից եւ ոչ մեկը հայրենիքի վշտերն այնպես լալագին չի ողբացել, ինչպես Լաստիվերցին։ «Ողբեր հորինել են եւ մեր նախորդ պատմագրերը, - նկատում է Մ. Աբեղյանը, - բայց փոքր ծավալով, ավելի ճարտասանական զուսպ քնարականությամբ, մինչ Լաստիվերցու երկի մեջ իսկական բուռն լիրիզմ կա, հորդաբուխ բռնկում եւ անմիջական արտահայտություն սրտակեզ մորմոքի» [24] ։

Լաստիվերցու ողբերում տեսնում ենք ժամանակի այդ մեծ հայրենասեր սրտաբուխ զգացումները։ Երբ պատմում է հայրենիքի թշնամիների պատճառած սարսափների ու արհավիրքների մասին, հաճախ արձակ բանաստեղծություն է հորինում եւ դառն ու աղիողորմ հառաչելով լալիս է իր հայրենիքի կործանված փառքը , մշակութային ու քաղաքական կյանքի անկումը, ավերածությունները եւ երգում է այնպես անկեղծ ու հուզիչ, որ խորին վշտով համակում է ընթերցողին [25] ։ իր ողբերը ավելի ազդու դարձնելու նպատակով պատմագիրը հակադրում է հայրենիքի փառավոր ու երջանիկ ոչ հեռավոր անցյալն իր ապրած օրերի դառն ու դժոխային վիճակին։ Այսպես․ . Կար ժամանակ, գրում  նա, որ այս երկիրը ճանապարհորդների դեմ բացվում էր իբրեւ տնկախիտ, կանաչազարդ, տերեւալից, պտղաբեր, գեղեցկաշուք ու երջանիկ մի դրախտ, քանզի իշխքնները զվարթատես դեմքով բազմում էին գահին, իսկ նրանց առջեւ, գարնանաբեր երփնավառ ծաղկանոցների նման, երգ ու զրույցների հանդեսներ էին միայն լինում, ուր փողերի ու ծնծաղաների եւ այլ երգարվեստների ձայները մարդկանց սիրտն ու հոգին համակում էին ուրախությամբ ու բերկրանքով, այնտեղ նստում էին նաեւ ծերերը, պատվական ու փառահեղ ալիքներով զարդարված, իսկ մայրերը մանուկներին գիրկն առած, մայրական գթով տոչորուն, անհուն բերկրանքից մոռանալով երկունքի ցավերի տխուր ժամանակը՝ աղավնիների նման իրենց նորափետուր ձագուկներով էին միշտ հրճվում։ Այսպիսի բաներ մեր աշխարհը շատ ուներ, - հպարտությամբ գրում էր մեր ողբասացը եւ ավելացնում է, - ես այս գրեցի, որ երբ սրանց հակառակը պատմելու լինեմ, բոլորի արտասունքները շարժեմ [26] ։

Լաստիվերցին համահայկական պատմագիր է, նրա տեսադաշտում է ամբողջ ժողովուրդը, ամբողջ հայրենիքը, ավելին. նրան հուզել են եւ հարեւան ժողովուրդների՝ վրացիների, աբխազների եւ այլոց տառապանքները։ Նա հավասար չափով ողբացել է եւ նրանց ճակատագիրը։

Վայ ինձ, - բացականչում է պատմագիրը, - որ ես եմ վիպերգում սրանք, հիմենացի այն երիտասարդի պես գուժարկու եղա, ոչ թե մի գյուղի կամ մի քաղաքի, այլ բոլոր երկրների՝ ազգեազգ մինչեւ աշխարհի վերջը; Քանզի չկա մի ժամանակ կամ գործ, որ կարողանա մերը հնացնել, բացի սուրբ գրքի հիշած Անապատի պղծից» [27] ։

Միանգամայն ճիշտ է նկատում Մ. Աբեղյանը, որ չափազանց է Աստվածաշնչի ազդեցությունը մեր այս պատմագրի վրա, նա նարշնչված է մարգարեական գրքերից եւ երբեմն դրանցից է առնում իր գրության ուժը։ Երբեմն էլ նա որեւէ իրադարձություն նկարագրելիս՝ բերում է Ս. Գրքից ամբուղ հատվածներ՝ հարմարեցնելով այն իր պատմած եելությանը եւ, մինչեւ իսկ, ինչ որ մարգարեները ասել են եբրայեցիների համար՝ համարում է հայ ազգի համար ասված, եւ մեր ժողովրդի գլխին եկած թշվառությունները հասկանում է իբրեւ կատարումն հրեական մարգարեների կանխատեսությունների [28]: Բայց պետք չէ, - շաչունակում է իր միտքը Մ․ Աբեղյանը, - նրան այնքան միամիտ կարծել, թե հին հրեական ժողովուրդը եւ հայ ազգը շփոթեր միմյանց հետ։

Այդ իսկապես միայն մի արտաքին ձեւ է, որի մեջ նա միշտ նկատի ունի հայ ժողովրդի իրական վիճակը եւ աստուծու կամքը։ Ամեն պատմական դեպք նա համարում է աստվածային կամքի արտահայտություն [29] ։

Ողբերգու Լաստիվերցին գիտե եւ քնարական ձեւով գովերգել քաջությունն ու խիզախությունը, խաղաղությունը, բարեկեցությունն ու իմաստությունը եւ առիթ բաց չի թողնում դա անելու համար։

Գագիկ Ա Բագրատունին հզոր, պատերազմում հաղթող մարդ էր։ Նա խաղաղության մեջ պահեց Հայոց աշխարհը։ Նրա ժամանակ պայծառացան եկեղեցական   կարգերը [30] ։ Գագիկն ու նրա իշխած տարիները մեր պատմագրի երազանքն էին։

Գրիգոր Մագիստրոսը իմաստուն եւ աստվածաբանությանը հույժ քաջահմուտ մարդ էր, որի նմանը չկա [31] ։

Ազատներից մեկին, որի անունը Թաթուլ էր եւ որը քաջ ու պատերազմասեր մարդ էր, բռնում տանում են սուլթանի մոտ, որովհետեւ Վանադի սահմաններում ճակատամարտում ծանր վիրավորել էր Արսուբան ամիրայի որդուն։ Սուլթանը Թաթուլին ասում է եթե վիրավորը ապրի, քեզ կազատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ դրան մատաղ անեն։ Թաթուլն արհամարելով մահը, պատասխանում է. «… թէ իմ է զարկածն, թէ կենաց, ապա թէ այլում է, զայն ոչ գիտեմ» [32] ։

Ինչպես տեսնում ենք, Լաստիվերցին ոչ միայ ողբալ գիտե, այլեւ հպարտանալ իր հայրենակիցների արժանավորությամբ։

Այդ նույն մարտում Վանանդի քաջազուն իշխանները թշնամուն ծանր հարված են հասցրել, ազատներից երեսուն հոգի այնտեղ իրենց կյանքը զոհաբերել են հայրենիքին [33] ։

Ուխտյաց մեծավանի մոտ Տայքի քաջերը փախուստի էին մատնել հունական զորքին, ոչ մի վնաս չհասցնելով քաղաքին ու մյուս շինանիստ տեղերին [34], ընդգծում է պատմագիրը։

Հերոսական պաշտպանության եւ քաջարիության վառ օրինակ է Մանազկերտի պաշտպանությունը, եւ հայրենասեր պատմիչը հպարտությամբ է գրում այդ մասին։ Քաղաքի կառավարիչ իշխանը բնակչությանը եւ զորքին խրախուսելով ասում է. Քաջալերեցարուք ընկերք եւ եղբարք իմ, քաջալերեցարուք եւ մի՛ երկնչիք [35] ։ Այնուհետեւ նկարագրում է հերոսական դիմադրությունը։ Ապա գրում է, թե Տուղրիլ սուլթանը գազազած թողում է պաշարումը եւ ետ վերադառնում, Մանազկերտի իշխանը ռամիկներին հրամայում է պարսպի վրայից բարձրաձայն աղաղակելով անարգել ու հայհոյել նահանջող սուլթանին [36] ։

Լաստիվերցին հախուռն ատելություն չի ցուցաբերում դեպի բոլոր թշնամիներին, այսպես, օրինակ, ասում է Մանազկերտի պաշարման ծանր օրերին աստված մի բարի միտք է հղացնում սուլթանի ամենամտերիմ իշխաններից մեկի մեջ․ նա սկսում է սուլթանի մտադրությունները գաղտնի, բանավոր կամ գրավոր, հայտնել պաշարվածներին [37] ։

Լաստիվերցու օրերում էլ քաղաքական կողմնորոշման հարցը շարունակական էր ճակատագրական նշանակություն ունենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

Լաստիվերցին կենտրոնացված պետության կողմնակից է։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ ոչ կարէ կեալ» [38], - ասում է նա։ Գտնում է, որ «…բազմիշխանութիւն ամբոխեայ եւ անյարմարական եւ մերձ ի լուծումն» [39] ։

Ծանր ու դառնագին էր մեր այս պատմագրի ապրած ժամանակաշրջանը։ Ընկել էր հայոց թագավորությունը, երկրի ինքնուրույնությունը վերացել էր։ Կայսրությունն իր նենգ ու խարդախ քաղաքականությամբ հյուծել էր հայերի դիմադրողական ուժը այնպիսի մի ժամանակ, երբ սելջուկյան հորդաները հաղթականորեն առաջ էին շարժվում դեպի Արեւմուտք։ Բացահայտ էր կայսրության քաղաքականության սնանկությունը։ Նա ի վիճակի չգտնվեց պաշտպանել իր արեւելյան սահմանները եւ հայերին դավաճանեց, թողեց բախտի քմահաճույքին։

Կայսրությունը ենթարկեցված երկրամասում ծնված, ապրած, դաստիարակված Լաստիվերցին բյուզանդական տիրապետությունն այնպես բնական էր համարում, ինչպես ասենք Բագրատունիների թագավորությունը Անի-Շիրակում, Արծրունիներինը՝ Վասպուրականում եւ այլն։ Հայաստանը թագավորության չորս (գահակալական) աթոռներ ուներ, ասում է պատմագիրը չհաշված կյուրապաղատական իշխանությունը եւ այն, որ հոռոմներից էր [40] ։

Պատահական չէ, որ նա նկարագրելով Բերկրի բերդաքաղաքում սելջուկների եւ կայսրության զորքի միջեւ տեղի ունեցած համառ կռիվը եւ վերջիններիս չարաչար պարտությունը, գրում է, թե այդ պարսիկների արդարության պատճառով չեղավ, այլ մեր զարքերի անիրավության [41] ։

Ճիշտ է Կ. Յուզբաշյանը, որ Լաստիվերցին արտահայտել է ո՛չ կայսրությանը հարող կուսակիցների (Վեստ Սարգսի եւ Պետրոս կաթողիկոսի) եւ ո՛չ էլ կայսրության նվաճողական քաղաքականության վճռականորեն դիմադրող Վահրամ Պահլավունու եւ նրա զինակիցների հայացքները, այլ արտահայտիչ է այն խմբավորման տրամադրությունների, որ ընդունել էր բյուզանդական տիրապետությունը իր բոլոր հետեւանքներով, որպես բնական modus vivendi   եւ կամա, թե ակամա հաշտվել էր կայսրության իրավակարգի հետ։

Նա կարծես նույնիսկ համոզված է, թե Ռոմանոսին նախորդող կայսրերը հոգատարություն են ցուցաբերել դեպի այն ազգերը, որոնք իրենց իշխանության ներքո էին գտնվում, իսկ Ռոմանոսը խակամիտի մեկն է, որովհետեւ հրամայել է Սեւ լեռան վանականներին եւ ճգնավորներին աղեղնավորնել դարձնել [42] ։ Իր այս միտքը համոզիչ դարձնելու համար Լաստիվերցին գրում է, թե մահամերձ Կոստանդին կայսրն իր մոտ է կանչում ոմն Կիրակոս երեցի եւ Հայոց աշխարհի վերաբերյալ նամակը (Հովհաննեսի կտակը) տալիս է նրան եւ ասում. . Այս գրությունը տա՛ր եւ տո՛ւր Հայոց թագավորին ու ասա՛, թե որովհետեւ բոլոր հողածինների նման մահվան հրավերը նաեւ մեզ հասավ, ա՛ռ քո գրությունը եւ քո թագավորությունը տուր որդուդ, իսկ քո որդին՝ իր որդիներին մինչեւ հավիտյան [43] ։ Այս կապակցությամբ Կ. Յուզբաշյանը գտնում է, որ Վասիլ Բ-ի Կոստանդին Ը-ի ժամանակներում բյուզանդական դիվանագիտությունը ձեռնարկել էր համառ ու ոչ անհաջող փորձեր հայ ազնվականությանը հավատացնելու, թե նրանց նկատմամբ կայսրությունը բարեկամական մտադրություններ ունի [44] ։ Դրանով, թերեւս, պետք է բացատրել այն, որ Լաստիվերցին շատ անտարբերությամբ է գրում Վասպուրականի Սենեքերիմ թագավորի եւ Գրիգոր Մագիստրոսի վարքագծի մասին, որոնք իրենց տիրույթները հանձնել էին կայսրին եւ փոխարենը ստացել կայսրության տարածքում։ Պատմագիրը, կարծեք, անգամ արդարացնում է Սենեքերիմի այդ հայրենակործան քայլը՝ ասելով, թե նա սելջուկներից նեղվելով է այդ արել։

Սակայն նա կայսրության՝ Հաըաստանում եւ այլուր զենքի ուժով եւ նենգ ու խարդախ դիվանագիտության միջոցով վարած նվաճողական քաղաքականությունը խիստ քննադատում է, գտնելով, որ դա երկրների ու ժողովուրդների համար «կորստյան դուռ» է բացում։

Լաստիվերցին բացատրում է այդ քաղաքականության էությունը, խիստ դատապարտում այն կայսրերին, որոնք խաբեությամբ իրականացրել են այն։ Չնայած պատմագիրը Վասիլ (Բարսեղ Բ) կայսրի նկատմամբ բայրացակամ վերաբերմունք ունի եւ քիչ դրվատական խոսքեր չի ասում նրա մի շարք միջոցառումների կապակցությամբ (բանակի ամրապնդման, արեւմտյան նահանգների գործերի կարգավորման եւ այլն), սակայն Բուլղարիայի նվաճման առթիվ չի խորշում նրան խաբեբա անվանել։ Ասում է՝ Վասիլը երկար ժամանակ չկարողացավ զենքի ուժով նվաճել Բուլղարիան, բայց երբ պատերազմներում հաղթող Բուլղարիայի թագավորը վախճանվեց, իսկ նրա որդիները միմյանց չհնազանդվեցին ու անձնատուր եղան կայսրին, վերջինս թագավորի որդիներին ազգով ու ցեղով հանեց իրենց երկրից եւ նրանց տեղ տվեց կայսրության սահմաններում, իսկ երկրի զորքը խաբեությամբ մի տեղ հավաքեց ու անվերադարձ ուղարկեց դեպի արեւելք։ Այնուհետեւ տալիս է այդ զորքի պատճառած սարսափները արեւելքի ժողովուրդներին։

Վերեւում ցույց տրվեց, թե ինչպես է Լաստիվերցին ողբացել այդ քաղաքականության հետեւանքները Հայաստանում եւ մասամբ Վրաստանում։ Պատահական չէ, որ մեր պատամգիրը Հովհաննես-Սմբատ թագավորի կտակը հայերի կորստյան գիր է համարում [45] ։

Նա ասում է՝ հայոց թագավորը Պետրոս կաթողիկոսին հանձնարարել էր կայսրին ներկայանալու ժամանակ գրություն գրել եւ կտակ տալ նրան, որ իր մահից հետո իր քաղաքներն ու երկիրը նրան է հանձնում որպես ժառանգություն [46] ։ Ինչպես հայտնի է, հայերի կորստյան այդ կտակ-նամակը գրվել էր Տրապիզոնում 1021 թ. ։ Պատմագիրը ցավով նկատում է, որ 1045 թ. առնվեց Անին, բայց ոչ թե պատերազմով, այլ խաբեությամբ, որովհետեւ մեծահարուստ վեստ Սարգիսը եւ Պետրոս կաթողիկոսը Գագիկին համոզել էին գնալ Կոստանդնուպոլիս, ներկայանալ Կոստանդին Մոնոմախ կայսրին, քանի որ նա ասել է. «Միայն ի տեսանելն զքեզ (Գագիկին Լ. Բ. ), դարձուցից ի քեզ զթագաւորութիւնդ քո, եւ գրեցից զքեզ ժառանգ յաւիտենից աշխարհիդ եւ քաղաքիդ քո…» [47] ։

Խաբված Գագիկը չի լսում սպարապես Վահրամ Պահլավունուն ու նրա զինակիցներին այլ, ենթարկվելով «նենգավոր Սարգսի սադրանքին», քաղաքի բանալիները եւ երկրի բոլոր հոգսերը հանձնում է Պետրոսին, ինքն անդառնալի ուղեւորությամբ՝ «… իբրեւ զձուկն ի կարթէ ըմբռնեալ կամ իբրեւ զհաւ ի ծուղակաց» [48], գնում է Պոլիս, ներկայանում կայսրին։ Վերջինս դրժում է իր խոստումները եւ պահանջում է քաղաքի բանալիները, փոխարենը խոստանալով տալ Մելիտենեն իր շրջակա գավառներով։ Գագիկը վճռականորեն մերժում է։ Սակայն ապարդյուն, նա ծուղակի մեջ էր արդեն։

Վարդապետ պատմագիրը Պետրոս կաթողիկոսի կապակցությամբ մեղանչել է պատմության առջեւ՝ հայրենակործական այդ դավաճանության ամբողջ մեղքը բարդելով Սարգսի վրա, մոռանալով, որ, ինչպես ինքն է գրում, Անիի բանալիները կայսրին է հանձնել եւ հատուցում պահանջել ոչ այլ ոք, քան Պետրոսը, որին ոչ միայն դավաճանություն չի վերագրում, այլ մեծարում է։ Անիի նոր նշանակված բյուղզանդական կառավարիչը սկզբում անչափ պատիվ է տալիս ու մեծարում Պետրոսին, սակայն իր դիրքերը ամրապնդելուց հետո, խաբեությամբ նրան քաղաքից հանում է ասելով, թագավորը հրամայել է, որ դու բնակվես Կարին գավառի Արծին ավանում [49] ։ Պետրոսը գնում է «մեծանիստ ու արքայական» Արծն քաղաքը, եւ, իբր, այնտեղ մեծ ուրախություն է պատճառում տեսնողներին [50], Պետրոսի նկատմամբ նման սուբյեկտիվ մոտեցման պատճառը անհասկանալի է մնում։ Թերեւս դա բացատրվի նրանով, որ այդ կաթողիկոսը  հավանաբար դավանանքում անաչառ է եղել, տեղիք չի տվել քաղկեդոնականությանը, այդ իսկ պատճառով էլ Լաստիվերցին չի ցանկացել դիպչել նրա հեղինակությանը։ Եվ այնուհանդերձ, մի տեղ նա ակնարկում է, որ Պետրոսը սաստիկ գանձասեր էր [51] ։

Հասկանալի պատճառով պատմիչն ատելությամբ է խոսում անեցի մեծահարուստ վեստ Սարգսի մասին, որը մտադիր էր թագավորել Շիրակի ու նրա շրջակա գավառների վրա, եւ իր այդ նպատակին հասնելու ճանապարհին չէր խորշում ոչ մի ստոր գործարքից։

Նկարագրելով իր օրերի Հայաստանի ծանր վիճակը, Լաստիվերցին ասում է, թե «… այս բոլոր երկրին պատահեցին այն վաճառքի պատճառով, որը իրեն ավելի անմարդկային է թվում, քան Հուդայինը, որովհետեւ այստեղ՝ վաճառողը չափազանց մտադրի էր ու անարգ, նա այսքան չարիքների պատճառ դարձավ, որովհետեւ այն այգին, որ տերը տնկեց եւ մեր Լուսավորչին իր տասնհինգամյա քրտբաջան աշխատանքով մշակեց, սա ցանկապատը քանդելով ու աշտարակները կործանելով դարձրեց օտարների ոտքի կոխան» [52] ։

Այստեղ պատմագիրը մեղադրանքի սյունին է գամում կայսրությանը, որը նվաճելով Հայաստանը, դավաճանորեն անպաշտպան թողեց նրա սահմանները՝ առաջացող սելջուկ-թուրքերի հրոսակների առպատտկությունների նախօրյակին։

Արիստակես Լաստիվերցին լինելով կենտրոնացված պետության կողմնակից, խիստ բացասական վերաբերմունք է ցուցաբերում գահակալների դեմ ապստամբողների, դավադիրների նկատմամբ, անկախ նրանից, թե տվյալ գահակալն իր համար դրական թե բացասական անձնավորություն է։ Ով որ հակառակ է կանգնում իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակ կանգնում, իսկ հակառակողները պիտի պատժվեն [53] ։ Ահա պատմագիր Լաստիվերցու տրամաբանությունը։ Այս պատճառով էլ նա պնդում է, թե ապստամբությունը «չար խորհուրդ է», «ախտ» եւ «փուչ մտադրություն»։

Ողբասաց պատմագիրն անհուն ատելությամբ է լցված իր հայրենիքը ողբի երկիր դարձնողների՝ սելջուկ-թուրքերի նկատմամբ։

Նկարագրելով սելջուկ-թուրքերի առաջին ներխուժումը Վասպուրական եւ ապա Վասեն, ասում է. քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա։ Նրանք սուրացին ինչպես առյուծներ եւ անողորմաբար փռեցին շատերի դիակները [54]: Նրանք հեթանոսներ են, որոնք գազանաբար մռնչում են [55] ու «հարձակվում քաղցած շների նման [56] ։ Գիշակեր շների կամ արաբացի գայլերի նման քրիստոնյաների արյունով նրանք երբեք չհագեցան [57] ։ Տուղրիլ սուլթանը «մարդախողխող», «մահաշունչ ու արյունարբու գազան է» [58] ։ Նրանց հորդաները «անգութ, անողորմ գազանի նման, կատաղությունից բորբոքված հարցակվեցին» [59] եւ այլն։

Լաստիվերցին քիչ էջեր չի նվիրել սելջուկների արտաքին նկարագրին, զինվածությանը, մարտավարության եղանակներին։

Վերջացնելով իր պատմությունը, Լաստիվերցին գրում է․ «Եւ արդ շատ համարեցաք զամենայն ծփանս ալեկոծութեան գրել, որ եղեւ յաւուրս մեր եւ մասնաւորս բաժանել, որ ինչ հանդիպիւր յանցնիւր տեղեաց, աշխարհաց եւ քաղաքաց, զոր ինչ կրեցաք ի հեթանոսաց։ Զի ոչ մի օր, կամ միոյ ժամանակի հանդիպեցաք անդորութեան կամ դիւրութեան, այլ ամենայն ժամանակ աւուրց մերոց լի եղեւ խռովութեամբ եւ նեղութեամբ եւ օր ըստ օրէ յառելոյր եւ ի չարչարանսն եւ տառապանսն» [60] ։

Լինելով եկեղեցու գաղափարախոսը, Լաստիվերցին ատելությամբ է լցված դեպի հեթանոսները, բոլոր տեսակի հերձվածողները եւ առանձնապես դեպի սոցիալ-դասակարգային շարժումները։

Թվարկելով Գագիկ Ա Բագրատունու ժամանակ Հայաստանում գործող մի քանի նշանավոր հոգեւոր գործիչների, դրանց թվում եւ Ստեփանոս Տարոնեցուն ու Կոզեռնին, Լաստիվերցին գոհունակությամբ նկատում է, որ սրանց օրերում ուղղափառ եկեղեցու զորությունը շատ բարձրացավ, իսկ նրանք, ովքեր խեթ աչքով էին նայում մեզ, սրանց վարդապետական գործերից սմքած՝ մկների նման, պատերի ծակերն էին սողոսկում [61] ։ Հասկանալի է, որ խեթ աչքերով նայողները ոչ այլ ոք էին, եթե ոչ պատմագրի արած օրերում գործող հերձվածողները, թերեւս թոնդրակեցիները։

Ողբալով հայրենիքի ճակատագիրը եւ ներկան հակադրելով անցյալին, նա դառնացած ասում է․ «լռել են վարդապետների ձայնն ու քարոզները․ հերձվածողների խմբերը, որոնք նրանց ժամանակ ծակերը փախչող մկների նման այստեղ ու այնտեղ էին թաքնվում, հալածված նրանց աստվածաբանական քարոզներից եւ ուղղադավան վարդապետությունից, այսօր քաջասիրտ առյուծների պես աներկյուղ դուրս են գալիս բներից, բերանը բացած որ անմեղներից մեկին կլանեն» [62] ։

Լաստիվերցու «Պատմությունը» չափազանց կարեւոր աղբյուր է հայ միջնադարի սոցիալական մեծ շարժումներից մեկի թոնդրակեցիների պատմության ուսումնասիրության համար։ Այս պատմագիրը բացառիկ պատմագիրներից է, որ հատուկ գլուխներ է հատկացրել (ԻԲ, ԻԳ) այդ շարժման մի քանի դրսեւորումների պատմության նկարագրությանը Հարքի եւ Մանանաղի գավառներում։

Բերելով առաքյալի խոսքերը, թե «նույնիսկ սատանան էլ է լուսո հրեշտակ ձեւանում, ի՞նչ մեծ բան է, եթե նրա պաշտոնյաներն էլ կերպարանափոխվեն Քրիստոսի առաքյալների տեսքով» [63], Լաստիվերցին կանգ է առնում այդպիսի «պաշտոնյաներից» մեկի գործունեության վրա։ Դա Հարք գավառի եկեղեցիների վերակացու Հակոբ եպիսկոպոսն է, որին վարկաբեկելու համար եկեղեցու գաղափարախոսը ոչնչի առաջ կանգ չի առնում։

Ասում է. Հակոբն իր իշխանության սկզբում ձեւանում էր առաքինի, համեստ էր պահում իրեն, իր համար ընտրել էր քահանաներ, որոնք նրա հետ շրջում էին։ Բոլորն ուզում էին նրան տեսնել [64] ։ Եվ որպեսզի շեշտած լինի, թե հասարակության ո՞ր խավերից «բոլորն» էին ուզում այդ, նա գրում է․ «նրանք, որ իշխանության շնորհիվ չափազանց գոռոզացած ու ամբարտավանացած էին, այնքան հնազանդվեցին նրան, որ եթե հրամայեր հոգիները հանել, ոչ ոք չէր ընդդիմանա եւ չէր համարձակվի բերանը բացել ու ծպտուն հանել» [65] ։ Հակոբի այդ վարքագիծը կեղծ էր, ասում է վարդապետ պատմագիրը, որովհետեւ ծառը պտղից են ճանաչում [66] ։ «Ինչպես որ մահաթույնն են սովորական կերակրին խառնում, եւ ընդունողը այն ճաշակում է իբրեւ կերակուր ու թունավորվում, կամ ձկնորսները կերով ծածկում են իրենց կարթերը, որպեսզի ձուկը կերով խաբված՝ կարթով բռնվի, այդպես էլ անօրինության մշակները կերպարանվում են մեր բարեպաշտ կրոնով՝ պարզամիտներին խաբելու եւ անմեղներին քաղցր խոսքերով գլխից հանելու համար, քանի որ իրենց կորստյան վիհը չեն համարձակվում բացահայտ կերպով մեկին ցուցադրել, այլապես այդ ո՞վ, որքան էլ խելքը կորցրած լինի, կհամաձայնվի կամովին խորասուզվել մի խորխորատ, որից դուրս գալու հնար չկա» [67] ։ Ըստ Լաստիվերցու, թոնդրակյան գաղափարները «մահաթույն են, կեր են, իսկ կերակուրն ու կաթը սատանայի կերպարանափոխված պաշտոնյաներն են՝ անօրինության մշակները», նրանք իրենց կորստյան վիհը՝ գաղափարներն ու նպատակները չեն համարձակվում բացահայտ ասել։

Պատմագիրը չնայած անկեղծորեն խոստովանում է, որ ինքը խուսափել է գրել թոնդրակեցիների աղտեղի գործերի մասին, սակայն միաժամանակ ստիպված պատմում է, որ «… բանք նոցա իբրեւ զքաղցկեղ ճարակին, զի որպէս ախտն այն դժուարին է առ ի բժշկել, այսպէս եւ ի նոցանէ ըմբռնեալքն հազիւ կարեն կալ յակաստանի» [68] ։

Այսքանել բավական է, որպեսզի բացատրվի Լաստիվերցու միտումը այն մասին, որ թոնդրակեցիների խոսքերը ոչ թե ճարակում էին իշխանության շնորհիվ չափազանց գոռոզացածների ու ամբարտավանացածների միջավայրում, այլ պարզամիտների ու անմեղների միջավայրում եւ այն էլ այնքան խոր արմատներ էին գցում, համոզում մարդկանց, որ քաղցկեղի նման դժվար է նրանց բուժելը։ Լաստիվերցու համար թոնդրակեցիները . գառների հանդերձներով ներքուստ հափշտակող գայլեր ենե, «շներ են» [69], «չարի մշակներ» [70] ։

Պատմագրի միտումը բացահայտվում է նաեւ նրա հետեւյալ ընդհանրացումից, թե «… յարտաքին թշնամւոյն զգուշանալ դիւրին է․ բայց ի ցեղակցութենէ պատերազմացն դժուարին է ապրիլ» [71] ։

Լաստիվերցին ուզում է համոզել իր ընթերցողին, թե թոնդրակեցիները ոչինչ չկարողացան անել, նրանք արմատախիլ արվեցին եւ ճշմարտության պատվարը նորից հաստատապես ամրացվեց հավատի ժայռին։

Հակոբին կարողանում է ընկճել ու պատժել միայն Սարգիս Սեւանցի կաթողիկոսը, այն էլ նենգ ճանապարհով, Կարին գավառից ոմն Եսայի անունով  մի կրոնավորի ուղարկում է Հակոբի մոտ, նա մտերմանում է վերջինիս հետ, վստահություն է ձեռք բերում, ուսումնասիրում է Հակոբի մծղնեական աղանդը, եւ հայտնում կաթողիկոսին։ Նա իր մոտ է հրավիրում «թշվառականին եւ ըստ արժանվույն պատժում» [72] ։ Զրկում է քահանայական կարգից, աղվեսադրոշմ է խարանում դեմքին։ Ըստ Լաստիվերցու, ով որ սուրբ Լուսավորչի դավանանքը թողած՝ սողոսկելով մտնի թոնդրակեցի . մարդակերպ գազանների փարախըե եւ միաբանվի նրանց, այդ նույն դատն ու պատիժը կկրի [73], որ սուրբ գրքի կանոններին չհետեւողն ու քրիստոնյաներին չմիաբանվողը մերժելի է․ այդ պատճառով էլ Հակոբը մեռավ, «էշի պես եւ թաղվեց լեշի պես, իրենից հետո վատ հիշատակ թողնելով»։ Նա Հակոբի մասին գրել է, որպեսզի ամեն մեկը, ով լսի այդ պատմությունը, անիծի նրան [74] ։

Լաստիվերցին ավելի անզուսպ է Կունծիկ աբեղայի նկատմամբ։ «Շնանուն» այս աբեղան «ծերացած լինելով՝ իր մեջ պահում էր պղծության խմորը, - ասում է պատմագիրը, - սա սովորել էր մի շնաբարո աբեղայից, որը ․․․ սատանայի անդրանիկն էր ու նրա գաղափարների շտեմարանը, ուստի նրա բերանից գեհենի մշտաբորբոք հնոցի ծուխ էր դուրս գալիս, որից շատերը թունավորվելով՝ չարամահ եղան» [75] ։

«Սատանայի ժիր մշակ» Կունծիկը իր մահաշունչ թույնով նշանավոր ու պատվավոր ազգից Հրանուշ անունով մի կնոջ, որը չբավականացավ միայն իր կորստյամբ, այլ շատերին իր մոլորության գործակից եւ առաջին հերթին տոհմակից Ախնի եւ Կամարա անունով քույրերին, որոնց մասին Լաստիվերցին ասում է․ «հարազատ քույրեր էին, պոռնկական մոլեգին ախտով վարակված, որ հատուկ է նրանց փարախին, եղան սատանայի վարդապետներ, նետեր արձակելով ազնվասիրտ մարդկանց վրա՝ կարեւեր եւ մահացու վիրավորեցին շատ անմեղ հոգիներ» [76] ։

Այնուհետեւ պատմագիրը ասում է, որ այդ քույրերն  իրենց պատկանող երկու գյուղերը (Կաշե եւ Աղյուս) դարձրին «կամակոր վիշապ օձի որջ ու ապահով հանգրվան»։ Սրանց կամակատար եղբայրն է դառնում Վրվեռ անունով մի իշխան, որը անցյալում շատ բարեպաշտական գործեր էր արել։ Ապա «ողբալի Վրվեռը նրանց կողմից թակարդվելով՝ պարկեշտությունից զրկվեց, հավատը կորցրեց, դարձավ աստծու ու նրա սրբերի թշնամին» [77] ։ Լաստիվերցին դառնացած ասում է, թե նրանք իրենց միաբանեցին նշված երկու գյուղերի բոլոր բնակիչներին, ավերեցին եկեղեցիներն ու խաչերը։ Գավառի Սամվել եպիսկոպոսը բազմությամբ գալիս է այրում ու ոչնչացնում «անօրենների որջը», նրանցից վեցին բանտարկում է դեմքներին խարանում աղվեսադրոշմ [78] ։

Թոնդրակեցիներին նվիրված այս երկու գլուխներում պատմագիր Լաստիվերցին անխնա հայհոյում ու վարկաբեկում է նրանց, չբացահայտելով նրանց գործունեությունը, գաղափարները, նպատակը։ Եվ նա խոստովանում է, թե ինչու է այսպես արել․ «Բայց զնոցա մծղնէ զգործն անպատշաճ համարեցաք ընդ գրով արկանել, քանզի կարի աղտեղի է, եւ զի ոչ ամենայն ոք պնդակազմ է լսելեօք, բազմաց մեղացն յիշատակ ի խտղտանս ձգէ զլսօղսն, եւ ի կատարումն գործոյն իսկ ածէ վասն այսորիկ եւ ես խոյս ետու յայնմանէ» [79] եւ ավելացնում է, թե նրանք եկեղեցին ու նրա կանոններն ամենեւին չէին ընդունում, ոչ մկրտությունը, ոչ պատարագի «մեծ ու սարսափելի խորհուրդը», ոչ խաչը եւ ոչ էլ պահեցողության կարգը [80] ։ Պատմագիրը կոչ է անում ընթերցողներին․ բայց մենք՝ սուրբ երրորդության ճշմարիտ հավատացյալներս, ամուր պահենք հաստատուն լույսի դավանանքը, որ սովորեցինք սուրբ հայրերից, եւ նրանց աստվածուրաց միաբանությունից երես դարձնենք, անծքներ թափելով նրանց վրա [81] ։

Ահա Արիստակես Լաստիվերցի պատմագրի աշխարհայացքի ուղն ու ծուծը։ Նա փաստորեն պարզունակ կերպով ներկայացրել է թոնդրակյան գաղափարախոսության հիմնական կետերը, որոնք կասկած չեն թողնում այդ շարժման սոցիալական նպատակասլացության վերաբերյալ [82] ։

Իրավաց է բանասեր Գ․ Մանուկյանը, որ գրում է, թե  Լաստիվերցին իր երկը հիմնականում շարադրել է գեղարվեստորեն, հայոց աշխարհին իջած յուրաքանչյուր հարված անցկացնելով իր զգայուն սրտի միջով, հորդաբուխ քնարականությամբ, զգայացունց պատկերներով, հակադրությամբ, ճարտասանական դիմումներով, գրական չափազանցությամբ, բազմակի համեմատություններով եւ անձնավորումով է ներկայացրել դեպքերը։ Մատենագիրը, ժամանակագիրների նման, փաստեր չի նշել ու անտարբեր անցել, այլ դրանց խոսեցրել  է։ Նա փաստական նյութին հյուսել է իր խոհը, մտածումը, նուրբ ու սրտահույզ ողբերին շաղված հայրենասիրական ոգորումները [83] ։ Այսպիսով, նա իր բնատուր տաղանդի շնորհիվ կարողացել է XI դարում վերակենդանացնել V   դարի հայ հանճարեղ պատմիչների ստեղծած պատմագեղարվեստական արձակի հիմնական առանձնահատկությունները, թե առաջադեմ գաղափարների եւ թե արվեստի առումով՝ մեզ համար նրանց նման դառնալով թանկ ու հարազատ [84] ։

Լաստիվերցու «Պատմությունը» ինչպես ասվել է, չափազանց կարեւոր ու ստուգապատում աղբյուր է Հայաստանի ու հարեւան երկրների (Վրաստան, Աբխազիա, Աղվանք), հատկապես Բյուզանդիայի, հայ ժողովրդի ու հարեւան թեեւս եւ հեռու (նկատի ունենք բուլղարներին) ժողովուրդներին XI դարի պատմության ուսումնասիրության համար։ Լաստիվերցին առաջին հայ հեղինակն է, որ գրել է սելջուկների, նրանց նվաճումների մասին եւ գրել է իբրեւ ականատես։ Այդ առումով նրա աշխատության համապատասխան էջերն ունեն աղբյուրագիտական մեծ արժեք։ «Պատմությունն» ունի ժամանակագրական կուռ ատաղձ [85] ։ Կ․ Յուզբաշյանը իրավացի է, երբ այս հեղինակի բարձր արժեքն է համարում նաեւ բյուզանդական կյանքի ու պատմության քաջատեղյակությունը։ Լաստիվերցու պատմածները Բյուզանդիայի մասին համընկնում են բյուզանդական պատմիչների տեղեկություններին, մասամբ էլ նոր տվյալներ են հաղորդում բյուզանդական կյանքի մասին [86] ։

Բացահայտում են Բյուզանդական կայսրության նվաճած ժողովուրդների՝ հայերի, վրացիների, մասամբ եւ  բուլղարների նկատմամբ վարած նենգ քաղաքականության էությունը ու նրա ծանր հետեւանքներն այդ ժողովուրդների համար։ Միաժամանակ ցույց են տալիս հայ աշխարհիկ ու հոգեւոր, իշխող վերնախավերի բյուզանդական կողմնորոշման ճակատագրական նշանակությունը սելջուկյան նվաճումների նախօրյակին։

Լաստիվերցու «Պատմությունը» չափազանց արժեքավոր աղբյուր է նաեւ Հայաստանի ներքին կյանքի, ֆեոդալական քաղաքների, առեւտրավաշխառուական կապիտալի բուռն զարգացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հասարակության կենցաղի ու բարքերի մեջ մտած արատավոր նոր երեւույթների արմատավորման պատմության ուսումնասիրության համար։ Այն բացառիկ աղբյուր է հատկապես XI դ․ երկրում դասակարգային հակամարտությունների սրման, սոցիալ-աղանդավորական շարժումների ակտիվացման ու բացահայտ դրսեւորման, եկեղեցու եւ հոգեւորականության դիրքերի ու հեղինակության թուլացման մասին։ Այն հնարավորություն է ընձեռում բացահայտելու նաեւ թոնդրակյան շարժման սոցիալական բնույթը։

Արիստակես Լաստիվերցու՝ իբրեւ պատմագիր, առավելություններն ու առանձնահատկություններն իրավունք են տալիս նրա «Պատմությունը» համարելու հայ պատմագրության ամենաարժեքավոր երկերից մեկը։

 



[1]            Լաստիվերցի, էջ 33։

[2]            Նույն տեղում:

[3]            Նույն տեղում, էջ 79:

[4]            Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը Վ. Ա. Գևորգյանի, առաջարանը և ծանոթագրությունները Գ. Մանուկյանի, Երևան, 1971, Առաջաբան, էջ 8, (այսուհետև՝ Լաստիվերցի):

[5]            Նույն տեղում:

[6]            Նույն տեղում:

[7]            Տե՛ս «Մատթէոս Ուռհայեցի ժամանակագրութիւն», Վաղարշապատ, 1898, էջ 179: (Այսուհետև՝ Ուռհայեցի):

[8]            Լաստիվերցի, էջ 137:

[9]            Նույն տեղում, Առաջաբան, էջ 10:

[10]          Նույն տեղում, էջ 134:

[11]          Նույն տեղում, էջ 80:

[12]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 2, Երևան, 1946, էջ 36-37:

[13]          Լաստիվերցի, Առաջաբան, էջ 5:

[14]          Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., հ. 2, էջ 37:

[15]          Լաստիվերցի, Առաջաբան, էջ 6:

[16]          Նույն տեղում, էջ 75:

[17]          Նույն տեղում, էջ 75:

[18]          Նույն տեղում, էջ 136:

[19]          Նույն տեղում, էջ 76:

[20]          Նույն տեղում, էջ 77:

[21]          Նույն տեղում, էջ 93:

[22]          Նույն տեղում, էջ 70:

[23]          Նույն տեղում, էջ 144:

[24]          Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., էջ 42:

[25]          Նույն տեղում, էջ 43:

[26]          Լաստիվերցի, էջ 33-34:

[27]          Նույն տեղում, էջ 57:

[28]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 2, էջ 35-36:

[29]          Նույն տեղում, էջ 36:

[30]          Լաստիվերցի, էջ 26:

[31]          Նույն տեղում, էջ 62:

[32]          Նույն տեղում, էջ 88:

[33]          Նույն տեղում:

[34]          Նույն տեղում, էջ 25:

[35]          Նույն տեղում, էջ 90:

[36]          Նույն տեղում, էջ 94:

[37]          Նույն տեղում, էջ 91:

[38]          Նույն տեղում, էջ 24:

[39]          Նույն տեղում, էջ 80:

[40]          Նույն տեղում, էջ 98:

[41]          Նույն տեղում, էջ 48:

[42]          Նույն տեղում, էջ 43:

[43]          Նույն տեղում, էջ 57:

[44]          Повествование Аристакэса Ластиверци, перевод, предисл. и ком. Юзбашяна К., 1968, предисловия, стр. 27.

[45]          Լաստիվերցի, էջ 32:

[46]          Նույն տեղում, էջ 32:

[47]          Նույն տեղում, էջ 61:

[48]          Նույն տեղում, էջ 62:

[49]          Նույն տեղում, էջ 63:

[50]          Նույն տեղում, էջ 63:

[51]          Նույն տեղում, էջ 82:

[52]          Նույն տեղում, էջ 61:

[53]          Նույն տեղում, էջ 54:

[54]          Նույն տեղում, էջ 65:

[55]          Նույն տեղում, էջ 70:

[56]          Նույն տեղում, էջ 78:

[57]          Նույն տեղում, էջ 81:

[58]          Նույն տեղում, էջ 84:

[59]          Նույն տեղում, էջ 86:

[60]          Նույն տեղում, էջ 145:

[61]          Նույն տեղում, էջ 26:

[62]          Նույն տեղում, էջ 99:

[63]          Նույն տեղում, էջ 119:

[64]          Նույն տեղում:

[65]          Նույն տեղում:

[66]          Նույն տեղում:

[67]          Նույն տեղում, էջ 119-120:

[68]          Նույն տեղում, էջ 120:

[69]          Նույն տեղում:

[70]          Նույն տեղում:

[71]          Նույն տեղում:

[72]          Նույն տեղում, էջ 124:

[73]          Նույն տեղում:

[74]          Նույն տեղում, էջ 125:

[75]          Նույն տեղում, էջ 125:

[76]          Նույն տեղում, էջ 125-126:

[77]          Նույն տեղում, էջ 127:

[78]          Նույն տեղում, էջ 129:

[79]          Նույն տեղում, էջ 133:

[80]          Նույն տեղում:

[81]          Նույն տեղում:

[82]          Նույն տեղում, Առաջաբան, էջ 7:

[83]          Արիստակես Լաստիվերցի, Առաջաբան, էջ XII:

[84]          Նույն տեղում, էջ XIII:

[85]          Լաստիվերցի, Առաջաբան, էջ 6:

[86]          Նույն տեղում, Առաջաբան, էջ 7: