Դրուագներ Հայաստանի IX-XIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳՐԻԳՈՐ ՊԱՏՄԻՉ (ՄԱՂԱՔԻԱ)

XIII դարի հայ մատենագիրների շարքում իր ուրույն տեղն ունի Գրիգոր պատմիչը [1] 1: Նրա մասին նույնպես կենսագրական տվյալներ չեն պահպանվել, այն, ինչ իմանում ենք` աղբյուրն իր երկն է: Ծնվել է, 1200 թ. եւ մահացել է 1271 թ.: Ուսումնառությունն ստացել է Վանական վարդապետի մոտ, Վարդան Արեւելցու եւ Կիրակոս Գանձակեցու հետ միասին: «Ընդ աւուրսն ընդ այնոսիկ, - գրում է Գրիգորը, - փոխեցաւ ի Քրիստոս աւագ եւ փառաւոր վարդապետն մեր Վանականն, եւ սուգ մեծ եթող մեզ, եւ ոչ թէ միայն մեզ աշակերտելոցս նմա» այլ եւ բոլորին 2 [2]:

Մոնղոլական աշխարհավեր տիրապետությունը ճակատագրական նշանակություն է ունեցել շատ ժողովուրդների, այդ թվում եւ հայ ժողովրդի կյանքում: Նրանց պատճառած արհավիրքներն ու սարսափները ծանր ու անջնջելի տպավորություն էին թողել ժամանակակիցների վրա: Դարի առաջադեմ մտավորականներից ոմանք էլ մտածել ու գործել են այնպես, ինչպես մտածել է Կիրակոս Գանձակեցին, դրանցից է եւ Գրիգոր պատմագիրը: Նրա միտքն էլ է նրան ստիպել «ոչ տալ լռութեան զայնպիսի աղէտ տարակուսանաց», որ լսել է իր ականջներով եւ տեսել իր աչքերով: Ավելին, նա նպատակ է դրել գրել ոչ միայն նվաճողների արշավանքների, տիրապետության հաստատման եւ տիրապետության առաջին տասնամյակների պատմությունը, այլեւ ցույց տալ «թէ ուստի կամ յորմէ ցեղէ աճեցին, եւ տիրեցին բազում աշխարհաց եւ գաւառաց» [3]: Երկն էլ ավարտվում է հետեւյալ խոսքերով «Կատարեցաւ պատմութին Տաթարիս գործելոց ԽԴ (44) ամաց, բայց համառօտ, եւ ոչ ամէնն» [4]: Սակայն այդ 44 թիվը կամ վրիպակ է կամ պարզ թյուրիմացություն, որովհետեւ սկզբում Կոտմանի ճակատամարտի կապակցությամբ նշված է 1214 թիվը: Նա իր երկը սկսել է մոնղոլների ծագումով, խոսել է Չինգիզ խանի մասին, մոնղոլների հետախույզ ջոկատի` 1221 թ. Անդրկովկաս ներխուժման մասին, հետո շարունակել ու ավարտել է 1271 թվականով եւ Լեւոն Բ թագավորի գովքով:

«Պատմութիւն ավասն ազգին նետողաց» երկի ամենագլխաւոր ու հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն իր նպատակադրումներով ու բովանդակությամբ աշխարհիկ բնույթի գրվածք է. Նրա հեղինակը եկեղեցու, հոգեւորականության, դավանաբանական վեճերի ու պայքարի պատմություն չի տվել. նա մոնղոլների, նրանց վարած ներքին ու արտաքին քաղաքականության պատմությունը շարադրել է Անդրկովկասի եւ Մերձավոր արեւելքի երկրների ու ժողովուրդներիպատմության ընդհանուր պաստառի վրա:

Գրիգորը Հայաստանի եւ հայ ժողովրդի, ինչպես եւ մյուս երկրների ու ժողովուրդների պատմությունը չի գրել, դրանց պատմությունները իրենց արտացոլումն են ստացել նեւա երկում այնչափով, որչափով դրանք առնչվել են մոնղոլների հետ կապված իրադարձություններին:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ծավալով փոքր, բայց աշխարհիկ բովանդակությամբ այդ երկը հայ միջնադարյան պատմագրության բացարիկ երեւույթներից է, որը եւ պայմանավորում է նրա պատմական անժխտելի բարձր արժեքը:

Գրիգոր պատմագիրը, նույնպես իր «Պատմությունը» սկսում է Ադամից, բայց ընդամենը էջ եւ կեսում Ադամից անցնում է Աբրահամին, որի Կենդուրայ կնոջից սերած է համարում պարթեւներին եւ սկյութացիներին, իսկ վերջիններից` նետողներին, այսինքն թաթարներին: Համառոտակի տալիս է նրանց ծագման, դավանանքի, քաղքական կառուցվածքի մասին եւ անմիջապես անցնում է նրանց նվաճումներին: Բովանդակությամբ որոշ հատվածներ համընկնում են Կիրակոս Գանձակեցու եւ Վարդան Արեւելցու հաղորդումներին, սակայն մանրամասնություններով  հաճախ տարբերվում է նրանցից: Մինչ բուն արշավանքները` նյութը բառացիորեն վերցրած է Միքայել Ասորու «ժամանակագրության» Արեւելցու  գրած Հիշատակարանից: Այնուհետեւ նկարագրում է մոնղոլական հետախույզ ջոկատի ասպատակությունները, Կոտմանի ճակատամարտը, ապա անցնում Զարմաղանի արշավանքին, Անդրկովկասի նվաճմանը: Նա էլ վկայում է, որ մոնղոլ 110 զորավարները երկիրը բաժանել էին իրենց միջեւ, տալիս է Պարսկաստանում եւ Հայաստանում բնակություն հաստատած զորավարների անունները: Այնուհետեւ համառոտ նկարագրում է Բաչուի նվաճումները, Չմանկատուկի ճակատամարտը, հայոց եւ վրաց զորքերի մասնակցությունը Բաչուի նվաճումներին եւ այլն:

«Իսկ մեծ եւ անհարկ իշխանքն Վրաց եւ Աղուանից, - գրում է պատմագիրը, - եղեն ընդ հարկաւ նոցա, որ կամաւ եւ որ ակամայ, եւ տային անխափան զամենայն սահմանել հարկսն… եւ ինքեանք ըստ ուժոյ եւ ըստ կարողութեան իւրեանց հեծելովք գնացին ընդ նոսա ի խալան, եւ առնուին զոչ հնազանդեալ քաղաքս եւ զբերդս…» [5]:

Գրիգոր պատմագիրը ամբողջացրել ու կատարելության է հասցրել, եթե կարելի է այդպես ասել, մոնղոլական աշխարհակալության առաջացման նախադրյալների եւ տեղական ժողովուրդների կողմից կազմակերպած դիմադրության բացակայության պատճառների մասին իր նախորդների ստեղծած տեսությունը:

Հետաքրքիր է այն իրողությունը, որ Գրիգորը եւ մյուս պատմագիրները, որոնք հիմնականում հոգեւորականության ներակայացուցիչներն էին, իմանալով հանդերձ Ներսոս Պարթեւի տեսիլքի բովանդակությունը` «Նետողաց ազգի» կողմից Հայաստանի ավերման մասին, եւ մոնղոլների արշավանքներն ու տիրապետության հատատումը կապելով Ներսեսի կանխատեսության հետ, այնուամենայնիվ, ոչ միայն հավատացել էին «համբաւ ստութեան» այլեւ մոնղոլ շատ գործիչների, լինի դա խան կամ զորավոր, քրիստոնյա էին համարել եւ միաժամանակ ժողովրդին եւ հայրենիքին վրա հասած աղետը, միջնադարյան կրոնամոլության խավարում, ժողովրդական զանգվածների մեջ բավական լայն մասշտաբներով բացատրել ու քարոզել են, որ իբր այդ աղետի պատճառը մարդկանց` աստծու հանդեպ գործած մեղքերն են:

Այս պատմագրի համար էլ Հուլավուն, Տողուզ խաթունը, Աբաղան եւ ուրիշների հույժ քրիստոսասերներ են: «Հուլաւու ղանն մեծախելք, մեծամիտ դատաւոր, ամենեւին գիտուն, եւ յոյժ արենհեղ…Սիրէր առաւել զազգ քրիստոնէից քան զայլազգեաց» [6]: «... նույնպէս եւ օրհնեալ կինն իւր Տաւվուս խաթունն, զի յամենայնիբարի էր եւ ողորմած առ աղքատ եւ կարօտեալս եւ յոյժ սիրող ամենայն քրիստոնէից... » [7]: «Աբաղանն բարի տեսլեամբ եւ գեղեցիկ հասակաւ.... յաւուրս ղանութեանն նորա էր առատութիոն ամենայն իրաց ընդ ամենայն երկիր» [8], եւ այլն:

Գրիգորն ավելի հեռուն է գնում, նա հերքում է Գանձակեցու «համբաւ ստութեանը»: «Եւ որպէս յոմանց ի նոցանէ լուաք, - գրում է նա, - ելին ի Թուրքաստան աշխարհէն իւրեանց ազգն այն եւ մեկնեցան ի կողմ ինչ մասին յարեւելեաց, եւ կային անդ աւազակութեամբ, վայրաբնակք եւ յոյժ աղքատք, եւ բազում ժամանակս, եւ պաշտօն ինչ ոչ ունէին... եւ ապա յանկարծակի ուշաբերեալ, յոյժ նեղեալք ի թշվառական եւ աղքատ ուխատեցին նմա յուխտ մեծ կալ ի հրամանս նորա» [9]: Թշվառ եւ աղքատ կյանքն է մղել այդ ժողովրդին քրիստոնյա դառնալու: Ինչպես տեսնում ենք, Գրիգորը վաղ քրիստոնեության գաղափարախուսության լեյտմոտիվովն է բացատարում:

   «Որոյ երեւեալ, - շարունակում է պատմագիրը, - հրեշտակ հրամանաւն աստուծոյ, ի կերպարանս ոսկէփետուր արւոյ, եւ կոչեալ ի ձայն եւ ի բարբառ նոցին լեզուի զգլխաւորն նոցա, որոյ անունն ասիւր Չանկըզ, եւ նա երթեալ կացեալ հանդէպ արծուակերպ հրեշտակին… եւ ապա արծիւն ըստ նոցա լեզուին ասաց զամենայն հրամայեալսն յաստուծոյ: ապա կոչեաց զանուն գլխաւորին ղայան, որ ի ասացաը նմա Չանկզղայան. եւ ասաց հրեշտակն` տիրել ի վերայ բազում աշխարհաց, եւ գաւառաց, եւ բազմանալ նոցա անթիւ եւ անհամար բազմութեամբ` որ եղեւն իսկ» [10]:

Ինչպես տեսնում ենք, ըստ Գրիգորի, մոնղոլները կատարել են աստծու հրամանը, սակայն ոչ լրիվ, չէ որ աստված նրանց օրենքներ է տվել, որ իրենք անվանում են «իասախ», ըստ որի «Առաջին այս, որ սիրեն զմիմեանս, երկրորդ, մի՛ շնալ, մի՛ գողանալ, մի՛ սուտ վկայել, մի՛ զոք մատնել, պատուել զծերս եւ քաղքատս, եւ թէ գտանի ի նոսա այսպիսի մեղանաց` սպանցին գործողքն մեղացն» [11] Իսկ ինչու են մոնղոլները թերացել աստծու այս պատվիրանները կատարելու մեջ, ո՞վ է մեղավորը, դրա պատասխանն էլ է տալիս մեր պատմագիրը, ըստ նրա, ժողովուրդներն են մեղավոր, որ բարկացնում են աստծուն եւ նա նրանց խրատելու նպատակով մոնղոլներին զարթեեցրել է եւ բարկությամբ ուղարկել: «... եւ կատարեցաւ ասացեալն ի տեառնէ, որպէս ի ձեռն մարգարէին սպառնայր աստուած ասելով. «թէ բաժակ է ի ձեռին իմում Նաբուգոդոնոսոր, եւ ում կամիմ արբուցանէմ զնա». Այսպէս եւ այլադէմ եւ գազանաբարոյ ազգս այս, ո՛չ միայն բաժակ, այլեւ մրուր դառնութեան հասեալ ի վերայ մեր վասն բազում եւ ազգի-ազգի մեղաց մերոց. Զոր հանապազ բարկացուցանեմ ք զարարիչ աստուած ի գործս մեր. Վասն որոյ զարթոյց զնոսա տէր բարկութեամբ առ ի խրատել զմեզ. Վասն ո՛չ պահելոյ զպատուիրանս նորա» [12]:

Գրիգորը շատ ավելի հեռուն է գնում, նա գտնում է, որ մոնղոլները ասպատակություններն սկսել են միայն այն բանից հետո, երբ «... իմացան այլադէմ  եւ գազանաբաորու ազգն այն է, թէ կամք է աստուծոյ տիրել մեզ ի վերայ երկրի, ապա այնուհետեւ զօրաժողով լեալ գնացին ի վերայ պարսկաց…» [13]: Բանից պարզվում է, որ Հուլավուն էլ, երբ իմացել է, թե իրեն աստվախ է խանություն, մեծություն, «բազմութիւն զորաց եւ հեծելուց եւ ամենայն ինչ» տվել, հրամայել է իր համար դարբաս շինել [14]:

Հետեւենք մեր պատմագրի տրամաբանությանը: Ըստ նրա, հայ եւ վրաց իշխանների` մոնղոլներին չդիմադրելու պատճառն այն է եղել, որ «Յետ այսորիկ յորժամ իմացան իմաստուն իշխանքն Հայոց եւ Վրաց, թէ աստուած է տուեալ զօրութիւն եւ յաղթութիւն նոցա առնուլ զաշխարհս խոստացան տալ հարկս, այսինքն` մալ եւ թաղար, եւ ինքեանք հեծելով գնալ ընդ նոսա ընդ որ եւ տանիցին. եւ հաւանեալ Տաթարին, թողին զկոտորումն եւ զաւերումն աշխարհին, եւ ինքեանք դարձան ի տեղի իւրեանց» [15]

Ըստ Գրիգորի, հայոց եւ վրաց իշխանների իմաստությունն այն է եղել, որ նրանք չեն դիմադրել թշնամուն, այլ հնազանդվել են: Իմաստուն է եղել նաեւ Հեթում Ա թագավորը:

«Իսկ բարէպաշտ եւ քրիստոսապսակ թագաւորն հայոց Հեթում, - գրում է նա, - հանդերձ ամենայն իմաստութեամբ լցեալ հարբն իւրով եւ աստուածապահ եզբարբքն եւ իշխանօքն, ի խորհուրդ մտեալ հաստատեցին ի միտս իւրեանց հնազանդել Տաթարին, եւ տալ հարկս եւ խալան, եւ ո՛չ թողուլ զնոսա յատուածաշէն` եւ ի քրիստոնեայաժողով յերկիրն իւրեանց, զոր ի արարին իսկ» [16]: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ պատմագիրը, ելնելով ստեղծված իրադրությունից, ավելի հակված է հնազանդություն քարոզելու եւ ոչ դիմադրելու: Պատահական չէ, որ նա վրաց-հայկական իշխանների առաջին ապստամբական փորձը «խաղ եւ կատակ» է համարել:

Պատմագրից` ստորեւ բերվող վկայությունը չափազանց արժեքավոր է ոչ միայն հայ եւ մյուս ժողովուրդները` մոնղոլների դեմ մղած պայքարի պատմության ուսումնասիրության համար, այլեւ պատմագրի վերաբերմունքը դեպի այդ պայքարը պարզելու համար:

Նշելով Տփխիսում Դավիթ թագավորի մոտ վրաց եւ հայ իշխանների ապստամբելու որոշման մասին, պատմագիրը շտապում է անմիջապես ընդգծել «... եւ այս ո՛չ  թէ ուղորդ խորհեցան եւ կամ խօսեցան, այլ առ կատակատանս, զի պարապ եւ անհպէին եւ ցաւոց, եւ այլ թշնամի ո՛չ գոյր յերկիրն յարեւելից` բայց միայն Տաթարն, որ յամենայն ժամ գային եւ հարկաւ նեղացուցանէին զվրաց եւ զհայոց իշխանքն. յոմանց ուզէին ոսկիկտաւ. յոմանց բազայ. յոմանց ակէկ շուն ու ձի. եւ այդպէս նեղացուցանէին զնոսա զատ ի մալէն եւ ի թաղարէ, եւ ի խալանէն: Վասն այնորիկ խոսեցան զայդ բայց ո՛չ ուղորդ, այլ ընդ խաղս եւ ընդ կատակս: Իսկ մի ոմն յայնցանէ, որ անդ կային, նմանեալ յուդայի մատնչին, գնաց եւ մատնեաց Տաթարին, զսուտ բանն իրավ եւ ուղորդ դարձուցեալ այսպէս ասելով թե` վրաց թագաւրն եւ իւր իշխանքն խորհեցան գալ ի ձեր վերայ... » [17]:

Պատմագիրը, ինչպես տեսնում ենք, արդարացնում է իշխանների զայրութը, կարեկցում է նրանց, բայց եւ միեւնույն ժամանակ դատապարտելով մատնիչին, կարծեք աշխատում է քողարկել նկարագրվող  իրադարձության բուն էությունը: Եվ դա հասկանալի է, հնազանդություն քարոզող պատմագրին անհրաժեշտ էր ցույց տալ, որ դա «ընդ խաղս եւ ընդ կատակս» էր:

Գրիգորը հպարտությամբ է գրում Վահրամ Գագեցու, նրա Աղբուղա որդու, Սադուն Արծրունու մասին, տալիս է վերջինիս մենամարտը Մանգուխանի ուղարկած ըմբիշտի հետ [18]:

Գրիգոր պատմագիրը խաղաղության եւ կենտրոնացված ուժեղ պետության կողմնակից է` անկախ նրանից, թե խոսքը վերաբերում է Կիլիկիային, Վրաստանին, թե՞ իշխանությանը: Ի դեպ նկատենք, որ նա Հայաստան բառը բոլորովին չի գործածում, նրա համար գոյություն ունի «հայոց զորք» «հայոց իշխանք», բայց ոչ Հայաստան: Վերջինիս փոխարեն գրում է. «վերին աշխարհն արեւելից» [19], «աշխարհն արեւելից», «երկրորդ արեւելք» [20]: Եվ թերեւս դա բացատրելի է: Պատմագրի ապրած օրերում, նրա պատկերացմամբ, Հայատան պետական հասկացողությունը մարմնավորում էր Կիլիկյան հայկական թագավորությունը, իսկ բուն Հայաստանը վրացական թագավորության կազմում ենթարկված էր իշխանությանը, առանձին պետական միավոր չէր, այլ հայ իշխանները հանդես էին գալիս վրացական պետության ներկայացուցիչների դերում: Պատահական չէ, որ նա Վահրամ Գագեցուն, Ավագ Զաքարյանինեւ ուրիշներին վրաց իշխաններ է համարում [21]: Գրում է, թե մոնղոլները «... եկին ... ի վերայ Աղուանից եւ Վրաց» [22]. «բաժանեցին ի միմեանց վերակ զերկիրն Վրաց եւ Աղուանից» [23], «մեծ եւ անհարկ իշխանքն Վրաց եւ Աղուանից» [24] եւ այլն. Հայաստանի մասին խոսք չկա:

Պատահական չէ նաեւ, որ գրում է թե Լեւոնին թագավոր օրծեցին «... ի վերայ ամենայն հայոց եւ եղեւ ցնծութիւն եւ ուրախութիըն մեծ ամենայն աշխարհիս հայոց» [25]:

Նկարագրելով Բաչուի արշավանքները դեպի հարավ-արեւմտյան Հայաստան եւ նրա հաջողությունները, Հեթում Ա-ի հեռատես քաղաքականությունը, Բաչուի եւ Հեթումի միջեւ կնքված դաշինքը, այն ամրապնդելու եւ հաստատուն դարձնելու նպատակով Սմբատ սպարապետի 1246 թ. ուղեւորությունը Գույուկ խանի մոտ, այնտեղ նրա ստացած արտոնությունները, Գրիգորը գոհունակությամբ գրում է. «... եւ արարեալ զնա (Սմբատին Լ. Բ. ) սղամիշ եւ տուեալ մեծ իառլախ, եւ փայիզայս ոսկիս, եւ Տաթար խաթուն պօխտախաւոր » [26]:

Այնուհետեւ նա շարունակում է. «…զոր տեսեալ բարէպաշտ թագաւորն Հեթում զպարոն եղբայրն իւր զՍմբատ այնպիսիպատուով պատուեալ եւ մեծարեալ ի ղանէն, յոյժ ուրաղացաւ. Յուրախութիւն մեծ, եւս առաւել ընդ գրեալսն վասն ազատութեան երկրիս եւ վանորէիցս եւ ամենայն քրիստոնէից» [27]:

Հեթում Ա թագավորը պատմագրի իդեալն է, որովհետեւ նա ջանքեր չի խնայել պահպանելու հայկական թագավորության անկախությունն ու ինքնուրույնությունը: Նա մեծ հրճվանքով է նկարագրում Հեթումի տեսասկցությունը Մանգու խանի հետ: Գրում է, թե Հեթումը լսելով հարկահանման ժամանակ մոնղոլ պաշտոնեության գործադրած վայրագությունները «... ի վերին աշխարհն արեւելից` ապա վասն սիրոյ քրիստոնէից եւս առաւել վասն իւր սեփհական երկրիս, գնաց բազում գանձիւք առ Մանկուղանն, եւ հոգաց չթողուլ յերկիրս իւր զայսպիսի բարկութիւնս եւ յորժամ հասաւ առ ղանն կամօքն աստուծոյ մեծարեցաւ ի դանէն. եւ արարեալ ղանն մեծ պատիւ եւ հարկիս թագաւրին Հայոց, եւ զամենայն բան նորա հոգաց ըստ կամաց նորա, եւ դարձոյց մեծ ուրախութեամբ յաշխարհն իւր» [28]: Այնուհետեւ գրում է, թե Հեթումը լսելով Հուլավուի քրիստոնեասիրության մասին. «…ապա եւ ինքն հայոց թագաւրն գնաց  յարեւելք բազում ընծայիւք. եւ ետես զՀուլաւունն ղանն, եւ տեսեալ ղանն զհայոց թագաւորն յոյժ սիրեաց եւ պատուեաց զնա, եւ կրկին ազատութիւն գրեաց թագաւորութեան նորա, եւս առաւել եկեղեցեաց եւ եկեղեցականց, եւ ամենայն քրիստոնէից երկրիս. եւ այսպիսի պատուով եւ մեծաւ հարկօք առաքեաց զթագաւորն հայոց յաշխարհն իւր» [29]:

Նա գոհունակությամբ է նշում նաեւ, թե «…բարեէր եւ գեղեցիկ թագաւորն Վրաց Դաւիթ հանապազ իւր ամենայն թագավորութեամբն կայր ի մեծ ուրախութեան…» [30]: Ասվեց, որ Աբաղայի խանության ժամանակի մասին էլ նույնպիսի գոհունակությամբ ընդգծում է, թե «... էր առատութիւն ամենայն իրաց ընդ ամենայն երկիր» [31]: Նրա այս տեղեկությունը, սակայն չի հիմնավորվում, ուրիշ աղբյուրները հակառակն են պնդում:

Պատմագիրն այնքան է տարված եղել Հեթումով, որ մեղանչել է պատմության առաջ, գրելով, թե Հուլավուն Հեթումի երկրի բոլոր քրիստոնյաներին ազատել է հարկերից, մի բան, որ չի հաստատում ժամանակակից եւ ոչ մի աղբյուր, անգամ մոնղոլական եւ պարսկական:

Գրիգորը հիացմունքով է խոսում Հեթում Ա-ի հոր` Կոստանդին Պայլի մասին. «Իսկ թագաւորահայրն պարոն Կոստընդինն հանդերձ այլ աստուածատուր որդովքն եւ իշխանօքն կայր վառեալ ընդդէմ զօրաց այլազգացն եւ թշնամեաց խաչին քրիստոսի, եւ պահէին յուրախութիւն հանապազ զբարեպաշտ եւ զքրիստոսապսակ թագաւրն հայոց զՀեթում հանդերձ գեղեցիկ եւ պատուական զօրք իւրովք` Լեւոնիւ եւ Թորոսիւ» [32]:

Կոստանդինի մահվան կապակցությամբ էլ գրում է. «եթող սուք մեծ բարեպաշտ թագաւորին Հեթմոյ եւ այլ ամենայն որդոցն եւ աշխարհի հայոց, վասն զի պարոն Կոստընդին էր պատճառ շինութեան աշխարհիս հայոց եւ հաստատութիւն թագաւորութեան որդոյ իւր Հեթմոյ» [33]:

Պատմագիրը գոհունակությամբ գրում է նաեւ Լեւոն Բ թագավորի մասին. «... արքայածին արքայն Լեւոն, - նշում է նա, - էր յոյժ խորայիմայ եւ խելօք ի մանկութենէ իւրմէ» [34], ընդգծում է , որ «Եւ այսպէս զօրացեալ եւ յաղթող գտեալ իվերայ թշնամեաց իւրոց թագաւորն հայոց Լեւոն…, - դիմելով աստծուն ասում է…, - յաղթող պահեսցէ զթագաւորութիւն Լեւոնի Հայոց թագաւորին…ի վերայ ամենայն թշնամաց իւրոց» [35]:

Գրիգորը հպարտությամբ է խոսում հայոց եւ վրաց իշխանների եւ զորքերի մասին: Նկարագրելով  Բաչու զորավարի` Փոքր Ասիայում կատարած նվաճումներըմ ընգդծում է, որ «... պատճառ յաղթութեան էին հայոց եւ վրաց իշխանքն` որ լինէին երեսք զառաջինն եւ ուժգին բախելով ի թշնամիսն յարձակէին, եւ ապա զկնի նոցա Տաթարն նետիւ եւ աղեղամբ » [36]: Պատմագրի այս վկայությունը կարեւոր է ճիշտ պատկերացում ունենալու համար մոնղոլների պարտավարական տակտիկայի մասին:

Մի այլ կապակցությամբ էլ շեշտում է, որ «... յոյժ սիրէր Հուլաւղանն զզօրքն հայոց եւ վրաց, վասն կարի քաջութեան իւրեանց, զոր առնէին առաջի նորա յամենայն պատերազմունս: Վասն որոյ բահադուրս անուանեաց զնոսա, զի զգեղեցիկ եւ զերիտաարդ որդիս մեծ իշխանցն հայոց եւ վրաց ընդրեաց եւ կացոյց դռնապանս իւր, եւ անուանեաց զնոսա քիսիկթոյք, որ են դռնապանք սրով եւ աղեղամբ» [37]:

Վրաց զորքը նրա համար «քաջ եւ անվանի է» [38]:

Հավանաբար, վերոհիշյալ իշխաններին նկատի ունի պատմագիրը, երբ Լեւոնի գերությունից ազատելու կապակցությամբ գրում է, թե այն ժամանակ Աբաղայի արքունիքում իշխող դիրքում էին տաճիկ (իմա` պարսիկ) ամիրաները, որոնք գաղտնի կապված էին Եգիպտոսի սուլթանի հետ եւ չարակամ էին հայոց թագավորի եւ բոլոր քրիստոնյանների նկատմամբ: Նրանք գրել էին սուլթանին «... թէ ջանացիր` որ սիրով մէկ գեօղ թափես ի Հայոց Թագաւորէն, եւ այն նմա կորստեան եւ իւր երկիրն հերիք է բաւական. եւ մեք ասենք եւ հոգանք առ ղանն` ար զհայոց թագաւորդ իւր ամէն երկրովն աղի բռնէ եւ հեծել յղարկէ եւ կոտորէ զամէնն» [39]:

Պատմագիրն ասում է, թե Հեթումն այդ մասին, նախապես իմացել էր, նրան գաղտնի հայտնել էին Աբաղայի արքունիքում գտնվող հայ իշխանները: Նրանք, ընդգծում է Գրիգորը, «... են բարեկամք եւ յոյժ սիրողք այս թագաւորութեանս. զի գրեալ էին հայոց իշխանքն առ բարեպաշտ թագաւորն Հեթում բանս մխիթարականս վասն որդոցն եւ վասն երկրիս. եւ ի վերջն զայս թէ «ո՞վ սուրբ թագաւոր, բան որ մենք ենք լսել լավ է քեզ այդ, որ քո մին որդին վասն քրիստոնէից մեռաւ. եւ մինն ծառայ գնաց, եւ այս տաճիկ շներս յամօթ եղան, որ իյայս դուռս կան, քան թագաւորութիւնդ ամէնն անցած, եւ երկիրդ ընդ մին աւեարած եւ քրիստոնեայքդ կոտորած: Վասն զի այս տաճիկ շներս ամէն օր կու ասեն ընդ ղանս, թէ հայոց թագաւորն ու Մսրայ սուլտանն մին են եւ մի խօսք են, եւ մեք հայոց իշխանքս երդուեալ ենք ղանին առաջի` թէ տաճկանիդ սուտ են, մի աւտար դոցա: Եւ այժմ զայդ լսեցին եւ յամօթ եղեն տաճկանիս, ու ղանին սիրտս լաւացաւ ի հետ քեզ միահետ. ապա թէ լեալ էր որ խաբուել էիր, եւ լուր մին դարտակ տուն էիր տուալ թո՛ղ թէ շէն, գեւղ, որպէս նա ուզէր, յայնժամն քո թագաւորութիւնդ ամէն անցեալ էր, եւ մեք յամօթ եղեալ» [40]:

Գրիգորի այս վկայությունը կարեւոր է նախ պատկերացում ունենալու համար իշխանների արքունիքում կատարվող մեքենայությունների մասին, եւ երկրորդ` Հայատանի եւ Կիլիկյան հայկական թագավորության փոխհարաբերությունների պատմության ուսումնասիրության համար:

Եգիպտական հրոսակների սպառնալիքի պայմաններում, երբ նորից դավանանքը վտանգված էր, պատմագիրը Հեթում թագավորի բերանով ժամանակակիցներին մխիթարում է եւ միաժամանակ ոգեշնչում Վարդանանց օրինակով: Հեթումը դիմելով իշխաններին, վարդապետներին եւ քահանաներին, ասում է. «…գիտէք… որ վարդանանց պատերազմ վասն քրիստոնէից եղեւ. այնչափ բազմութիւն հեծելոցն վասն քրիստոնէից նահատակեցան եւ երկնաւոր պսակացն արժանի եղեն. Նույնպէս եւ որդիքն իմ, Թորոս վասն քրիստոնէից պատերազմեցաւ եւ վասն քրիստոնէից նահատակեցաը եւ խառնեցաւ ի գունդս սրբոց վարդանանց» [41]:

Պատմագիրը բավական մանրամասն ու սրտառուչ նկարագրում է Հեթում Ա-ի վիշտը եւ կարծեք, ինքն էլ ապրում է դրանքով [42]: Լեւոնի գերեվարումը մեծ տպավորություն է թողել ժամանակակիցների վրա եւ արժանացել հայտնի –ողովրդական երգին «Աւաղ զԼեւոնն ասեմ, որ տաճկաց դուռն ընկել գերի»:

Պատմագիրն առանձնապես զայրույթով է գրում ոմն խանի որդի Թագուդարի (իսկականը` Ներկուդար) մասին, որն սկզբում հնազանդվել է Հուլավուին, իսկ հետո ըմբոստացել նրա դեմ:

Ասում է այդ Թագուդարը «…յոյժ շատացաւ հեծելով եւ գանձով եւ ոսկով եւ ամենայն ընչիւք, զԻ խոլ ուղտ եւ Ճ եւ Ծ սայլ զգանձն եւ զմալն տանէին թո՛ղ զջոկս ձիոցն եւ զհօտիցն` որոյ  թիւ ոչ գոյր. եւ էր թիւ հեծելոցն ԽՌ անուանիք եւ յոյժ պատերազմողք եւ աներկեղք ամենայն տեղիս…» [43]: Նրանք ավազակությամբ հափշտակում ու ոչնչացնում էին քարավանները, կողոպտում վանքերը, տանջամահ անում հոգեւորականներին: Իմանալով այդ բոլորի մասին հայ եւ վրաց իշխանները դիմում են Աբաղա խանին ասելով «կամ զԹագուդարն տալ ի ձեռս նոցա իւր հեծելովն, կամ զիւրեանցն կոտորել առաջի իւր, եւ ո՛չ տեսանել զայնպիսի նապատինսն` որ առնէին առ եկեղեցիսն իւրեանց եւ առ եկեղեցականսն» [44]: Թաթար զորքն էլ է գանգատվում Թագուդարից: Գրիգորը գրում է, թե Աբաղան էլ իր դժգոհությունը հայտնեց ասելով. «Թագուդարն մեծացաւ եւ հարստացաւ. եւ զմեզ չէ ի մռել, եւ զմեր ասախն չէ ի յառնել, եւ կամի աւիրել զերկիրս իւր անասախ կալովն ի իւր հեծելովն» [45]: Խանը իր, հայոց եւ վրաց զորքերին հրամայում է գնալ-ոչնչացնել այդ սանձարձակներին. այդպէս էլ արել են [46] ։

Իր մանրամասնություններով Գրիգորը լրացնում է Ռաշիդ ադ Դինի` այս իրադարձության նկարագրությունը [47]:

Պատմագիրը վշտացած պատմում է Հեթումի պատմության մասին, որդիների կապակցությամբ եւ ասում է, նա սուգը ծածուկ էր անում «…զի մի՛ գիտասցին նախանձոտ եւ տիրասպան իշխանքն եւ ուրախասցին ընդ տրտմութիւն թագաւորին» [48]:

Նա անհուն զայրույթով է նկարագրում Լեւոնի դեմ նախապատրաստվող դավադրությունը եւ նշում, որ Լեւոնը ճանաչում էր իր բոլոր բարեկամներին եւչարակամներին «... բայց ո՛չ հանէր ի լոյս, այլ կայր լռեալ մինչ կամէր ծնանել այն` որ յղացեալն էր ցաւօք, վասն զի ի յիշխանաց թագաւորութեան իւրոյ կային ոմանք, որ հոռոմ էին ազգաւ, եւ լցեալ էին մեծութեամբ գանձու եւ ամենայն ստացուածօք, եւ յետ երից ամաց թագաւորուեթեան` խորհեցան զհայոց թագաւորութիւն ջնջել եւ ինքեանք թագաւորել` պիղծ եւ ուրացող ազգն հոռոմոց. Սուտ քրիստոնեայքն, եւ ստոյգ քաղկեդոնիկքն, զի եղեալ էին մտի քակել զվանորայքս, եւ զհաւանեալսն ի յաղանդս նոցա պահել, եւ զոչ հաւանեալսն բառնալ ի կենաց, - եւ վրդովված արձագանքում է, - եւ զի ոչ միայն ինքեանք էին, որ առնէին զայս, այլ եւ խաբեալ էին ի վարդապետաց եւ ի քահանայից հայոց ի յիշխանաց ոմանց երկմտաց, կալ ի մի դաւանութիւն եւ միաբան նենգել հայոց»: Այնուհետեւ գոհունակությամբ ընդգծում է, որ Լեւոնը եւ իր թագավորությունը հատատուն եւ անփորձ մնացին նախապատրաստվող չարիքից, ընդհակառակը, չարը խորհողներին Լեւոննիր իմաստությամբ բռնեց եւ հաշվեհարդար տեսավ նրանց հետ [49]:

Գրիգորը ատելությամբ է լցված դեպի եգիպտացիները, նրանց «շուն ու անիրաւ» [50] է անվանում:

* * *

Մոնղոլական պետականության սկզբնավորման օրից քոչվոր ազնվականության վերնախավում եւ հետագայում եւ նվաճացին ժողովուրդների ֆեոդալական կառավարող շրջաններում դրսեւորվել էր քաղքական երկու հիմնական ուղղություն, ավելի ճիշտ քաղաքական տենդենցներ` պետության կառավարման, նվաճված ժողովուրդների նկատմամբ վերաբերմունքի եւ ընդհանրապես քաղքականության հարցերում:

Այդ երկու տենդենցների միջեւ մերթ բացահայտ, մերթ խուլ ու տեվական պայքար էր ծավալվել [51]: Այդ պայքարի Անդրկովկասի պայմաններում դրսեւորման մասին Գրիգոր պատմագիրը չափազանց արժեքավոր տեղեկություններ է հաղորդում, որոնք, ընդհանրապես, մոնղոլագիտության համար խիստ կարեւոր են այդ պայքարի պատմության ուսումնասիրության գործում, նրանք լրացնում են մյուս աղբյուրներին եւ հնարավորություն տալի ավելի ամբողջական պատկերացում ունենալ նվաճված ժողովուրդների համար ճակատագրական նշանակություն ունեցող այդ պայքարի ու նրա կործանարար հետեւանքերի մասին:

Նկարագրելով 1236 թ. մոնղոլ հրոսակների կողմից Անդրկովկասի նվաճումը, զանգվածային կոտորածներն ու պատճառած ավերածությունները, Գրիգորը գրում է, թե «Երեկոյն արարին Խուռութայ, որ ասի ժողով եւ խորհեցան կրկին եւս դառնալ ի վերայ կալեալ երկիր, եւ առ հասարակ կոտորել, եւ զայս ոչ երեքն միաբան խորհեցան, այլեւ երկուքն. իսկ Չորմանն բարի խորհրդով ասէր ի հրամանէ եւ նախախնմութեան աստուծոյ. վաւական լինել զաւրեումն աշխարհին ասելով` թէ շէն մնան, ասէ, զերկիր վաստակին. եւ զկէսն մեզ տան զապրանացն, զայգոյ եւ զարտոյ, եւ կիսովն իւեւեանքն ապրին. եւ մինչ ի յայս խորհուրդս էին, օրն երեկոյացաւ, եւ խուռութայն խափանեցաւ, եւ ի քուն մտանէին, եւ մինչ լուսացաւ, տեսին զբուս (երկու Լ. Բ. ) զխաղաղութիւն երկրի կամեցաւ որոյ անուն էր  Չորման» [52]: Այնուհետեւ գրում է, թե իբր, Չորմանը գնում է Չինգիզ խանի մոտ (պատմագիրը, հավանաբար, նկատի ունի Զարմաղանին. Չինգիզ խանը մահացել է1227 թ., այդ ժամանակ մեծ խանը Հոքատան էր` Ուգեդեյը) պատում  է գիշերվա դեպքի մասին, մեծ խանը զարմացել է եւ Չորմանին ասել «... այն ինչ բ գլխաւորքն խորհեցան չէր հաճոյ աստուծոյ. վասն այն յանկարծամահ եղեն, իսկ դու վասն բարի խորհրդոց քոց ոչ մեռար. զի աստուծոյ կամք է առնուլ զերկիր եւ պահել ի շինութեան եւ դնել Ասախ, կալ ընդ հրամանաւ մեր եւ տալ մեզ Տղղու, եւ մալ, եւ թաղար, եւ ղփչուր, իսկ զայնոսիկ որ ո՛չ հնազանդին հրամանաց մեր եւ ոչ տան մեզ հարկ. զայնոսիկ սպանանել եւ զտեղին քակել, որ այլքն որ լսեն եւ տեսանիցեն եւ երկիցեն եւ ո՛չ արասցեն այնպես»: Գրիգորը նշում է, որ մեծ խանը հրամայել է Չորմանին «... գնալ եւ պահել զուխտն իւր զոր խորհեցաւ... Եւ ետ զբարէմիտ կինն իւր զԱյլթանայ խաթուն Չորմանին, եւ անուանեաց զնա Չօրմաղան» [53]:

Գրիգոր պատմագրի վառ հայրենասիրությունն ամենացայտուն ձեւով դրսեւորվել է հատկապես այ հատվածներում, ուր նա ողբում է ժողովրդին ու հայրենիքին` մոնղոլ նվաճողների պատճառած արհավիրքները, ավերն ու կոտորածը, գերեվարումն ու կողոպուտը:

Անդրկովկասի նվաճման կապակցությամբ նա վշտացած գրում է. «Եւ արդ զո՞ր աղէտ եւ զպատահումն ժամանակիս գրեցից. բաժանումն հարց եւ մարց ի յորդոցն, թէ զսիրելեաց եւ զմերձաւր ընտանեաց զխափանումն սիրոյն, զիւրեանց սեփհական ընչիցն առնումն, թէ զգեղեցիկ ապարանացն ի հրոյ ծախումն, զմանկտիս ի գիրկս մարցն զենումն, թէ զգեղեցիկ եւ զփափկասնունդ երիտասարդաց եւ զկուսից մերկ եւ բոկ գերումն: Վայ անցաւորիս... » [54]:

Կարինի գրվաման առթիվ գրում է. «.... առին եւ յանխնայ կոտորեցին եւ աւերեցին զբարէլի եւ գեղեցիկ քաղաքն նոյնպէս եւ զվանորայս երկրին եւ զհրաշալի եկեղեցիսն անմարդաբնակ արարին գերելով եւ աւերելով» [55]: Նկատենք, որ Գրիգորը հատատում է Գանձակեցու վկայությունն այն մասին, որ հայ եւ վրաց իշխաններն այնտեղ բազմաթիվ դրվածքներ են առել ու տարել հայրենիք: Նա գրում է. «... որոյ հայոց եւ վրաց իշխանքն առեալ բազում գրեանս. տօնական եւ մարտիրողէք. առաքեալ եւ ընթեցուած. գործք եւ ոսկէգիրք աւետարանք աննման փարթամութեամբ զարդարած ի շինութիւն եւ ի զարդ որդոց նոր Սիոնի. ուստի առեալ տարան, յաշխարհն յարեւելից եւ լցուցին զվանորայսն ամենայն զարդիւք եկեղեցոյ» [56]:

Մոնղոլ նվաճողների հարկային քաղաքականության, հարկերի տեսակների ու հարկահանման վայրագ ու բիրտ ձեւերի պատմության ուսումնասիրության համար անգնահատելի աղբյուր է Գրիգորի երկը: Այն արժեքավոր շատ նյութերով լրացնում է մյուս աղբյուրներին:

Խոսելով 1254 թ. աշխարհագրի մասին, պատմագիրը դառնությամբ արձանագրումէ, թե «... առնուին այնուհետեւ զհարկն ի գլխաթվոյ մարդկան, քանզի որ գրեալ լինէր ի Դաւթարն, եւ այսպէս այլ աւերեցին զաշխարհն արեւելից, զի ի մի փոքր գեղն Ծ մարդ համարէին կամ Լ Ի ԺԵ տարեկանէն ի վերն զամենն համարէին մինչ կ տարէկանն, եւ յամէն գլխոյ որ համարէին Կ սպիտակ առնուին. եւ թէ ոչ ոք փախչէր կամ թաքչէր, յորժամ ըմբռբնէին` կապէին անողորմ ձեռս իյետս, եւ դալար գաւազանօք ծեծեին մինչ զի մարմինն ամենայն տրորէր եւ յարենէն շաղախէր, եւ ապա անողորմաբար զկատաղիշներն իւրեանց. զոր սովորեցուցեալ էին ուտել միս մարդոյ, ի ներսն թողուին եւ ուտել տային զտառապեալ եւ զչունեւոր քրիստոնեայսն» [57]:

Պատմագիրը զայրացուցիչ տեղեկություններ է հաղորդում մոնղոլ ազնվականության վայրագությունների մասին [58]:

Հարկային քաղաքականության մասին Գրիգորի վկայությունները հնարավորություն են տալիս լիարժեք ձեւով բացահայտելու այդ քաղաքականության գիշատիչ բնույթը, նրա պատճառած սարսափներն ու ավերածությունների աստիճանը:

Գրիգորի երկը հարուստ նյութ է պարունակում սոցիալ-տնտեսական ու իրավական նորմերի ու տերմինների մասին:

Առանձնապես կարեւոր են նրա տեղեկություններն Անդրկովկասի ժողովուրդներից գանձվող հարկերի ու նրանց իմաստավորող տերմինների վերաբերյալ: Նկատենք, որ մի քանի տերմին-հասկացողությունների միակ աղբյուրը նրա երկն է: Այդպիսիններից են «սղամիշ» [59], «տղղու» [60], սակայն առանց որեւէ իմաստավորման:

* * *

Պատմագիրը կարեւոր եւ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում մոնղոլների, նրանց արտաքին նկարագրի, կենցաղի, սովորությունների մասին, որոնք լրացնում են մյուս պատմագիրներն ու հարստացնում մեր գիտելիքները աշխարհակալ այդ ժողովրդի անցյալի վերաբերյալ: Նրանք արժեքավոր են նաեւ ընդհանրապես մոնղոլագիտության համար:

«Էին ահագինք տեսողաց եւ անպատմելիք - գրում է Գրիգորը նրանց արտաքինի մասին, - զի գլուխն մեծ էր իբրեւ զգոմիշու. աչքերն նեղ իբրեւ ղձագու, քիթն կարճ իբրեւ զկատուի, դունչն մռուզ իբրեւ զշան մէջքն բարակ զինչ մրչըման, ոտքերն կարճ զերդ զխոզի, մօրուս բնաւ իսկի չունէին, տօլաթ ունէին զերդ առիւծի, ձայնն ճիչող քան զարծուի, ուր չի պատմիր անդ գտանուիր: Կանայքն իւրեանց ունէին գդականի սուլուլ ի վերանալի ծածկեալ վարագուրով դիպակի, երեսքն զայն պեռեքի, սպանմամբ դեղով ծեփէին, իժի նմանծնանէին, եւ գայլապէս կերակրէին, մահն ի նոսա իսկի չերեւիւր. վասն այնոր գճ տարի ապրէին. այս ցեղ էին առաջինքն` որ եկին յաշխարհն վերին. եւ հաց ամենեւին չուտէին» [61]:

Նա գրում է, թե «զի այն էր նոցա մեծ սէրն` որ զով սիրէին եւ մեծարէին` տային կին ի պատուաւր կանանցն իւրեանց» [62]: Ասում է, թե նրանց սովորությունն է սաստիկ ծեծելը [63]:

Հուլավուի դեմ ըմբոստացած խաների կապակցությամբ գրում է, թե դատավորները հրամայեցին երեքին «յասախն հասցնել, այսինքն աղեղանն լարով խեղդել, զի նոցա օրէնք է զխանն այնպէս սպանանել» [64]:

Երախտապարտ աշակերտը շատ բարձր է գնահատել իր ուսուցչի եւ դասընկերների ծավալած վարդապետական ու ստեղծագործական գործունեությունը: Նա հիացմունքով գրում է. «Այս մինչ եղեւ ի դառն ժամանակիս փայլէր իբրեւ զարեգակն սուրբ հոգի վարդապետն մեր Վանականն յերկիրն արեւելեան, երկրորդ արեւելք անուանեալ. զի լուսով եւ անհաս գիտութեամբ ամենիմաստ հոգւոյն սրբոյ, զոր եւ բազում եկամք եւ աշխատութեան հոգւոյն, նմանեալ երկնաւր վարդապետին քրիստոսի հեզութեամբ եւ խոնարհութեամբ, լռութեամբ եւ երկայնամտութեամբ սիրող սրբող եւ սրբութեանց...: ... առ մեծամեծսն ահարկու, առ աղքատն եւ կարօտեալսն քաղցր, առ մեղուցեալսն անոխակալ, դնելով զդեղ ապաշխարութիւն թեթեւագոյնս, որպէսզի կարող լինիցին տանել զլուծ ապաշխարութեան եւ վերստին նորոգել հոգւով եւ մարմնով եւ կայ հաստատուն ի հաւատս ճշմարիտս, փառաբանիչս եւ երկրպագուս ամենասուրբ երրորդութեան: Նոյնպէս եւ գովելի աշակերտքն իւր Վարդա եւ Կիրակոս, Առաքեալն ու Յովսէփ խաչաման բաժանեալ զաշխարհն արեւելից, լուասւորեցին կենարար վարդապետութեամբ հոգւյն սրբոյ, այլեւ բազում որդիս ի փառս ածին. ձրի բաշխելով զդիրական զխաչանիշ զգաւազանն, նմանեալ փառաւոր վարդապետին իւրեանց» [65]:

Գրիգորը Վանականի գերիությունից ազատվելու մասին գրելիս ասում է, թե իբր «գնեցին զվարդապեդն իւրովք աշակերտօքն» [66], սակայն Վանականի հետ գերված Գանձակեցին այդ չի հաստատում, ըստ նրա փրկագնով ազատվել է միայն Վանականը, իսկ ինքը դիմել է փախուստի:

Գրիգոր պատմագիրը վկայում է այն իրողության մասին, որ զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում, պետականության առկայության պայմաններում, չնայած եկեղին տնտեսական հզորությա գագաթնակետն էր ապրում, սակայն քաղաքական կյանքում երկրորդական դեր էր կատարում: Վարդան պատմագիրը վկյաում է այն մասին, որ թագավորները իրենց իրավունք էին վերապահում անգամ բանտ նստեցնելու կաթողիկոսներին, որը նրան շատ է զայրացրել: Գրիգորը գրում է, թե առանց թագավորի ոչ ոք չէր կարող կաթողիկոս ընտրել: «Իսկ ի պակասելն մահուամբ մեծ հայրապետին հայոց զմի ամ առանց հայրապետի եկաց աշխարհսհայոց, զիթագաւորն կայր իտրտմութիւն վասն որդւոցն, եւ այլ ոք ո՛չ կարէր հոգալ առանց թագաւորին. եւ ապա հարկեալ թագաւորն յիշխանացն եւ ի վարդապետացն եւ յեպիսկոպոսացն, ասացին անպատեհ լինել զերկիս հայոց առանց հօտապետիեւ կաթուղիկոսի, եւ թագաւորն հարկեալ արար ժողով մեծ եպիկոպոսաց եւ քահանայից եւ վարդապետաց. եւ արար ընտրութիւն ի մէջ նոցա, եւ եգիտ այր ըստ սրտի իւրոյ» [67]:

Բացի մոնղոլների վարած պատերազմական գործողությունների ու նրանց պատճառած ավերածությունների նկարագրից, Գրիգոր պատմիչի երկասիրության մեջ կան շատ կարեւոր տեղեկություններ Հայատանի, Կիլիկիայի եւ Հարեւան երկրների ներքին կյանքի, մոնղոլների կառավարման համարարգի, տեղական իշխողների նկատմամբ նրանց վարած քաղաքականության, տեղական ֆեոդալների վասալային պարտավորորությունների մասին:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Գրիգորի երկը ականատեսի, ականջալուրի ստուգապատում աղբյուր է Անդրկովկասի, Կիլիկիայի եւ իշխանության պատմության համար եւ կենդանի հուշարձան իր եւ իր ապրած օրերի:

 



[1]            Անցյալում «Պատմութիւն վասն ազգին նետողաց» երկի հեղինակումը թյուրիմացաբար վերագրվել է ոմն Մաղաքիա աբեղայի: Հետագայում Մ. Օրմանյանը և ավելի ուշ Հ. ժամկոչյանը եկել են այն եզրակացության, որ նրա հեղինակը Գրիգոր Ակներցին է: 1961 թ. Կ. Մելիք-Օհանջանյանը ցույց տվեց, որ նրա հեղինակն է Ականացի (Խաչենում) Գրիգոր եպիսկոպոսը, որ Ականան սխալմամբ Ակների (Կիլիկիա) հետ նույնացնելու պատճառով Գրիգորի մականունը հորջորջվել է «Ակներցի»: Ըստ Մելիք Օհանջանյանի, ճիշտը Գրիգոր Ականացի կամ Ականցի հոջորջումն է: Մեք հետևելով Հ. Մանանդյանին գրում ենք Գրիգոր պատմիչ: Կ. Մելիք-Օհանջանյանի կարծիքն այս մասին տե՛ս Գանձակեցու «Պատմության» համար գրած նրա Առաջաբանի ԻԱ էջի 2-րդ ծան.:

[2]            Մաղաքիա, էջ 21:

[3]            Նույն տեղում, էջ 1:

[4]            Նույն տեղում, էջ 54:

[5]            Նույն տեղում, էջ 11:

[6]            Նույն տեղում, էջ 32:

[7]            Նույն տեղում, էջ 31:

[8]            Նույն տեղում, էջ 37:

[9]            Նույն տեղում, էջ 3:

[10]          Նույն տեղում, էջ 3-4:

[11]          Նույն տեղում, էջ 4:

[12]          Նույն տեղում:

[13]          Նույն տեղում, էջ 4-5:

[14]          Նույն տեղում, էջ 31-32:

[15]          Նույն տեղում, էջ 8:

[16]          Նույն տեղում, էջ 16:

[17]          Նույն տեղում, էջ 20-21:

[18]          Նույն տեղում, էջ 14, 18, 33-34:

[19]          Նույն տեղում, էջ 22:

[20]          Նույ տեղում, էջ 12:

[21]          Նույն տեղում, էջ 19, 21:

[22]          Նույն տեղում, էջ 7:

[23]          Նույն տեղում, էջ 11:

[24]          Նույն տեղում:

[25]          Նույն տեղում, էջ 52:

[26]          Նույն տեղում, էջ 17:

[27]          Նույն տեղում, էջ 17:

[28]          Նույն տեղում, էջ 22-23:

[29]          Նույն տեղում, էջ 31

[30]          Նույն տեղում, էջ 20:

[31]          Նույն տեղում, էջ 37:

[32]          Նույն տեղում, էջ 19-20:

[33]          Նույն տեղում, էջ 37:

[34]          Նույն տեղում, էջ 52:

[35]          Նույն տեղում, էջ 53:

[36]          Նույն տեղում, էջ 13-14:

[37]          Նույն տեղում, էջ 32:

[38]          Նույն տեղում, էջ 17:

[39]          Նույն տեղում, էջ 45:

[40]          Նույն տեղում, էջ 45-46:

[41]          Նույն տեղում, էջ 43-44:

[42]          Նույն տեղում, էջ 41-48:

[43]          Նույն տեղում, էջ 49:

[44]          Նույն տեղում, էջ 49-50:

[45]          Նույն տեղում, էջ 50:

[46]          Նույն տեղում, էջ 50-51:

[47]          Рашид ад Дин, Сборник летописей, т. III, М. ., 1946, стр. 72.

[48]          Մաղաքիա, էջ 42:

[49]          Նույն տեղում, էջ 52-53:

[50]          Նույն տեղում, էջ 35:

[51]          Այդ տենդենցների և նրանց միջև ծավալված պայքարի մասին մանրամասն տես տողերիս հեղինակի «Հայատանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը XIII-XIV դարերում» աշխատության 280-300-րդ էջերը, Երևան, 1964:

[52]          Մաղաքիա, էջ 9:

[53]          Նույն տեղում, էջ 9-10: Այս մասին շատ համառոտ գրված է և Միքայել Ասորու «Ժամանակագրություն» հիշատակարանում: (Ընդգծումները բնագրինն են):

[54]          Նույն տեղում, էջ 11-12:

[55]          Նույն տեղում, էջ 13:

[56]          Նույն տեղում, էջ 13:

[57]          Նույն տեղում, էջ 22:

[58]          Նույն տեղում, էջ  23-26:

[59]          Այդ տերմինը պատմական գրականության մեջ սխալմամբ նույնացվել է «սոյուրղալ» տերմինի հետ և սխալ մեկնաբանվել: Նրա վերծանումը արված է Լ. Բաբայանի նշված աշխատության 426-433-րդ էջերում և նշանակում է թանկագին հագուստ:

[60]          «Տղղու» ճիշտը՝ «տրղու» տերմինիվերծանումը տե՛ս Լ. Բաբայանի նշված աշխատության 486-493-րդ էջերում: Այն իմաստավորվում է մոնղոլական պաշտոնեության սուրհանդակների սպասարկման և պահպանման համար գանձվող մի քանի հարկերի հավաքական հասկացողություն:

[61]          Մաղաքիա, էջ 6-7 (Ընդգծումները բնագրինն են):

[62]          Նույն տեղում, էջ 17:

[63]          Նույն տեղում, էջ 18:

[64]          Նույն տեղում, էջ 30:

[65]          Նույն տեղում, էջ 12-13:

[66]          Նույն տեղում, էջ 8:

[67]          Նույն տեղում, էջ 47-48: