Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԱՆԱՀՆԻ ՎԱՆՔ

       Սանահնի հռչակաւոր վանքը բարձրանում է այն փոքրիկ թերակղզիաձեւ բարձրաւանդակի վրայ, որ ընկնում է 60° 20' արեւելեան երկարութեան եւ 41° 6' հիւսիսային լայնութեան տակ եւ որ ծովի մակերեւոյթից երեք հազար ոտնաչափ բարձրութիւն ունի։

       Այս թերակղզին հարաւային կողմից կպչելով անտառապատ լեռներին, առանձնանում է արեւելեան կողմից Ս. Աստուածածնի, արեւմտեանից՝ Սեւորդեաց կամ ինչպէս այժմ է կոչւում, Սագու ձորի եւ հիւսիսայինից՝ Ձորագետի կամ Դեբեդ գետի ձորերով։

       Այս բարձրաւանդակի գրեթէ կենտրոնում շինուած է վանքը որին երեք կողմից պատում է փոքրիկ, համանուն գիւղը։

       Այստեղից նայողի առջեւ մի հրաշալի տեսարան է բացւում, հիւսիս արեւելեան կողմում բարձրանում է Լարլվար կամ Գինգդար լեառը, փոքր ինչ հիւսիս՝ Կոշա- բերդ երկու գագաթները, Ալավերդի պղնձահանքը, հիւսիս արեւմտեան կողմից Աթոռիկ կոչուած բարձրաւանդակը, հարաւ- արեւմտեան կողմից Սանահնի անտառապապ լեռները, իսկ արեւելեան կողմից Հաղբատ գիւղն ու վանքը, Որնակ գիւղի դաշտը, Նորավանք կոչուած դաշտավայրը՝ Ս. Կարապետի մատուռով, որոնցից Սանահին բաժանւում է միայն Աստուածածնայ ձորով եւ այլն։

       Երջ. Ա. Երիցեանի 1871 թուին Սանահնի շուրջը կատարած պեղումները ցոյց են տալիս, որ հին կռապաշտական ժամանակներում այստեղ բնակութիւն է եղել, միեւնոյն ժամանակ դարեւոր աւանդութիւնն ասում է, թէ առաքելներն այստեղ խաչ են կանգնել, ուր յետոյ Ս. Լուսաւորիչն եկեղեցի է շինել, եւ որովհետեւ առաքեալների եւ Ս. Լուսաւորչի ժամանակ խաչ կամ եկեղեցի կանգնում էին սովորաբար մեհեանների տեղերում, ուստի կարելի է ենթադրել, որ այժմեան Սանահնի տեղը ոչ միայն քրիստոնէութեան, այլ եւս կռապաշտութեան ժամանակ սրբավայր է համարուել։ Ապա Ռոմանոս Ա. կայսեր (911-945) հալածանքից փախած հայ կրօնաւորները կառուցել են այստեղ Ս. Աստուածածնի եկեղեցին եւ միաբանութիւն հաստատել։ Յետոյ արդէն Աշոտ Ողորմածի կին Խոսրովանոյշ թագուհին հիմն է գրել այժմեան վանքերին իւր երկու որդիների, Սմբատի եւ Գուրգէնի հոգու փրկութեան համար 967 թուին, ինչպէս երեւում է Ս. Բարսեղի կանոնագրի յիշատակարանից , որ Ս. Ջալալեանն արտադրել է Քիւթիւկ կոչուած մատեանից, որ հետեւեալն է.
       «Ես անարժանս ի կրօնաւորաց փցուն գրչիս Սիմէօն ի թուականութեան Հայոց ՆԻԱ- ին (972) ի նորաշէն վանքս կոչեալ Սանահին, հրամանաւ հոր իմոյ Յովհաննիսի, որ էր վանիս շինութեան ամք  վեց , զոր շինեաց բարեպաշտ թագուհին Խոսրովանոյշ՝ ամուսին Աշոտայ Հայոց Շահնշահի, որդի Սմբատայ Բագրատունւոյ Հայոց թագաւորի…

       Պէտք է ասել, որ մեր մատենագիրներից Մինաս Համթերցին Սանահնի շինութեան թուականը 961, իսկ Սամուել Անեցին 957 է դնում, սակայն մենք աւելի ճիշտ ենք համարում այս յիշատակագրինը, որ ժամանակակից եւ նոյն իսկ սոյն վանքումն է եղել։

       Սանահնի վանքը բաղկացած է մի քանի եկեղեցիներից եւ գաւիթներից, որոնք միաժամանակ չեն շինուած։ Ամենից առաջ կառուցուած է Ս. Գրիգորի փոքրիկ եկեղեցին, ապա Ս. Աստուածածինը, (մաս 930) յետոյ Ամենափրկիչը (967)։ Մագիստրոսի ճեմարանը, Մատենադարանը (1063) գաւիթը (1181) նախագաւիթը (ԺԳ դար) իսկ զանգակատունը Ս. Յարութեանց Ս. Յակոբի ինչպէս եւ բլուրների վրայ գտնուած Ս. Սարգսի եւ Ս. Կարապետի եկեղեցիների թուականները յայտնի չեն։ Այժմ անցնենք այս մասերի նկարագրութեան։