Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ս. ԳՐԻԳՈՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ

       Այս եկեղեցին բարձրանում է այն տեղում, ուր աւանդութեան ասելով ս. առաքեալները խաչ են տնկել եւ ուր յետոյ ս. Գրիգոր Լուսաւորիչը եկեղեցի է հիմնել։ Յայտնի չէ թէ այժմեան շէնքը որ ժամանակի եւ ում գործն է։

       Սա գտնւում է ս. Աստուածածին եկեղեցուց արեւելք, ուղիղ նրա հանդէպը եւ Նշխարախուցի գաւթին կից։

       Ամբողջ շէնքը կառուցուած է կոփածոյ քարից, արտաքուստ կլոր է, չորս ներսանկուածքով եւ ութ կիսասներով զարդարուած։ Ներքուստ բաժանուած է խաչադիր, կիսաբոլոր խորանների, որոնցից միմիայն արեւելեանի մէջ կայ խորհրդանոց, իսկ արեւմտեան կողմը բացւում է միակ դուռը։ Խորանների բոլորակաձեւ կամարների վրայ բարձրանում է կաթուղիկէն, երկու կլոր պատուանդաններով։ Երեք խորանների միջից էլ մի մի փոքրիկ, նեղ պատուհան են բացւում։ Դուռն արտաքուստ եզրափակուած է կամարով եւ նշխերով։

       Կաթուղիկէի խաչն այժմ ընկած է, սեղանը քանդուած, ներքուստ սուաղուած է եղել, բայց այժմ միայն կաթուղիկէի սուաղն է մնում։

       Եկեղեցու տրամագծի երկարութիւնն է 2 սաժէն, 12 վերշոկ. կամարների բարձրութիւնն է 5 արշ. 9 վեր. կամարների միջի տարածութիւնը 2 արշ. 9 վ. կաթուղիկէի բարձրութիւնն է 81/2 արշ. ։ Դռան բարձրութիւնն է 2 արշ. 10 վ. լայն. 1 արշ. 7 վ. ։

       Այս եկեղեցու դռան ձախ կողմը կանգնացրած է մի գեղեցիկ խաչքար։

       Այս տարի Վեհափառ կաթուղիկոսի առանձին խնամքով այս վանքում վերանորոգութիւններ են կատարւում եւ այս երկու տանիքն ու կաթուղիկէի քանդուածները վերանորոգուած են եւ կաթուղիկէի ծայրին խաչ կանգնեցրած։