Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔՈԲԱՅՐ

       Այս, ճարտարապետական տեսակէտից շատ նշանաւոր մենաստանը գտնւում է Քոբերաձորում, որ տարածւում է Դեբեդ գետի ձախ ափին, Իգահատ գիւղից ներքեւ։ Լօռու բարձրաւանդակի լանջը տեղ տեղ դարատափեր կազմելով իջնում է մինչեւ Դեբեդ գետի ափը, որին մոտիկ եւ նրան ուղղահայեաց ձգւում է Քորէրի բաւականին խոր ձորը, որի մէջ կան մի քանի արհեստական անմատչելի քարայրեր։ Սրանցից մինի միջից, գրեթէ տասն սաժէն բարձրութիւնից վայր է գլորւում մի յստակ վտակ, գեղեցիկ ջրվէժ կազմելով։ Ահա այս ջրվէժի մոտ, սաղարթախիտ ծառերով պատած մի փոքրիկ պարսպապատ հարթութեան վրայ կանգնած են սրբատաշ, հրաշալի եւ մեծ եկեղեցին, իւր գաւթով երկու փոքրիկ մատուռներ, մի զանգակատուն եւ մի ընդարձակ շինութիւն։ Մեծ եկեղեցին սրբատաշ քարով է շինուած 4 սաժ. 5 վեր երկ. 5 արշ. 6 վերշ լայն եւ 7 արշ 5 վեր. բարձ ունի։ Այժմ միայն մնացել են արեւելեան պատը եւ եկեղեցու եւ գաւթի միջնորմը, որոնք զարդարուած են գեղեցիկ կամարներով, խաչքարերով, ծաղկանկար պատուհաններով։ Եկեղեցին ներքուստ անսիւն է եղել, հիւսիսային կողմում կայ մի խորան, իսկ հարաւայինում ոչ։ Սեղանը բոլորաւաձեւ է. երկու սրբատնով եւ երեք նեղ եւ երկար պատուհանով։ Եկեղեցու մէջ կան մեծ մեծ տապանաքարեր։ Հարաւային կողմում բացւում է մի դուռն գաւթի մէջ, որ կամարակապ է եւ արեւելեան ու հարաւային կողմերում ունի երկական կամարակապ բացուածքներ՝ երկու կեղծ եւ երեք ամբողջական ութանիստ սիւների վրայ բոլորուած։ Յատակի վրայ կան գերեզմանաքարեր։ Գաւթին կից կայ մի կամարակապ, փոքրիկ խորան, պատարագամատոյց սեղանով. այս շէնքը դեր եւս կանգուն է, եւ պատերի վրայ կրում է վրաց մեսրովբեան տառերով գրուած մի արձանագրութիւն։ Իսկ եկեղեցու արեւելեան կողմում կան երկու, միմեանց կից, մինը կիսաւեր, իսկ միւսը կանգուն, փոքրիկ, թաղակապ մատուռներ պատարագամատոյց սեղաններով։ Սրանց վրայ կայ մի քանի հայերէն, եղծուած արձանագրութիւններ որոնցից կարելի եղաւ կարդալ հետեւեալ։

       Քս ած յիշեա զՄարիամ եւ զՌուսուգան ի գալստեան քում,
       ՈԲ ես Մարիամ դուստր Կիւրիկեի թագաւորի յազգէ Բագրատունի շինեցի զսուրբ կաթուղիկես աւգնութեամբ քիեր իմս Ռուսուդանս եւ եղբաւր մերո Աբասա որք երկրպագիք Քրիստոսի ի սուրբ քաւարանիս յիշեսցիջ ի Քրիստոս զի վասն նեղութեան տեղւոյս շատ աշխատե(ցաք)։

       Զանգակատունը բարձրանում է գաւթից փոքր ինչ հարաւ արեւելք, անմիջապէս լանջին։ Սա մի քառանկիւնի, կամարակապ շէնք է բոլորակաձեւ սեղանով. երկու մեծ սըրբատնով ունի երեք պատուհան եւ մի դուռն, որի աջ կողմում վրաց մեսրովբեան տառերով երկու ընդարձակ արձանագրութիւն կայ։ Զանգակատան մէջ կան մի քանի գերեզմանաքարեր եւ գինու կարասներ։ Այս շէնքի վրայ բարձրանում էր ութ գեղեցիկ սիւներ, կրելով ռոմանական ըամարների վրայ մի գըմբէթ, որտեղից երբեմն կախուած են եղել զանգակներ։ Ինչպէս լսեցի, այս գմբէթը մոտ ժամանակներս փուլ է եկել։ Զանգակատան վրայ եղած արձանագրութիւններից մինի իմաստուն այն է, թէ Շահնշահի որդին ադիւտանտների պետը, Գիորգի անունով ճգնաւորը. Ամբողջի սուրբ Շուշանի օգնութեամբ շինութիւններ եւ վերանորոգութիւններ է արել. իսկ երկրորդի մէջ ասուած է որ 1295 թուին… Ես անարժան Մխարգրձելս, որդի Շահնշահի, արդիւնատների պետ եւ իմ ամուսինս Վանանէն, դուստր աթաբէկ եւ ամիր սպասալար Սաթունի, մենք արժանի համարուեցանք կառուցանելու այս զանգակատունը եւ այս դամբարանը, որ մերն է, չափազանց դժուարին հանգամանքների մէջ… *

       Զանգակատան մոտ գտնւում է սրբատաշ քարից շինուած մի ընդարձակ շէնք, որ յայտնի չէ, թէ ինչ է եղել։ Սա 17 արշ. երկ. 12 արշ. լայն եւ մոտ 7 արշ բարձրութիւն ունի։ Երկու կողմում չորսական կիսասիւների վրայ բոլորում են պատին կից կիսակամարներ, որոնց մէջ բացւում են երեք մեծ եւ երեք փոքր եւ նեղ պատուհաններ։

       Հիւսիսային պատի մէջ բացւում է մի մեծ, լայն դուռն, որի երկու կողմը ներքուստ կայ մի կամարակապ եւ մի քառանկիւնի խորշ։ Այսպիսի մի խորշ էլ հարաւային պատի մէջ կայ։ Ձեղունը քանդուած է։ Այս սրահի մէջ ծառեր են բուսած։

       Քոբայրի եկեղեցու մասին կան հետեւեալ տեղեկութիւնները.

       Այս վանքը, ինչպէս երեւում է մատուռն վրայի վերոյիշեալ արձանագրութիւնից, շինել է Կիւրիկէ Բ թագաւորի դուստր Մարիամը 1153 թուին։

       Զաքարէ սպասալարի որդի Շահնշահը թաղուել է Քոբայրում։ *

       Այստեղից է եղել Դաւիթ Քոբայրեցի մատենագիր ԺԲ. դարում, որ մի քանի աստուածաբանական մեկնութիւններ ունի։

       Այստեղ ճգնում էին ԺԲ դարում Խորասու եւ Մարիամ թագաւորազն կանայք, որոնց զգուշական խրատներ է գրում Հաղբատից Յովհաննէս սարկաւագ կոչուած վարդապետը * ։

       Քոբայրից ցածր դէպի հարաւ կայ մի փոքրիկ մատուռ, առանց մի որեւէ արձանագրութեան։ Տեղացիները պատմում են, թէ մի ոմն Չիթախեան այս ձորով անցնելիս սպանուել է եւ թաղուել այս մատուռի մօտ, որի պատճառով եւ մատուռը մինչեւ այժմ էլ կոչում են Չիթախանց եկեղեցի։ Իսկ Քոբայրից բարձր, դէպի Իգահատ, գտնւում է մի ուրիշ հասարակ, անխորան մատուռ, որի դռան կամարակալ քարի վրայ կայ մի եղծուած արձանագրութիւն, որից կարդացւում է ի թուին ՈՀԲ.

       Շուրջը կան գերեզմաններ, որոնցից մի քանիսի վրայ բաւական լաւ քանդակուած խաչքարեր են կանգնած։ Ժողովուրդը այս մատուռին Գոգոթ է ասում։

       Այստեղից էլ փոքր ինչ բարձր գտնւում է մի քերուրաքանդակ, հիանալի խաչքար, որի վրայ քանդակուած է Աստուածածնի եւ շուրջը առաքեալների պատկերները։ Սրա վրայի եղած արձանագրութիւնից կարդացւում է միայն հետեւեալը
       Առաջնորդն… բարեխաւս լեր Պռօշին… ողորմութեամբ պարոն Գուրգէնայ կանգնեցաք սուրբ խաչս…