Նամակներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

33. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Արգո հայրենակից,

Շնորհավորում եմ Ձեզ Քրիստոսի տեառն մերո սուրբ Հարությունը եւ խնդրում եմ աստուծուց ողջություն եւ հաջողություն Ձեր եւ Ձեր ամբողջ գերդաստանի համար:

Այս շնորհավորական մաղթանքից հետո արժան եմ համարում հայտնել, որ մեր գրագրությունը վաղուց դադարած լինելով, ամենեւին անծանոթ եմ Ձեր գործերի կամ լավ ասել ազգային գործերի առհասարակ ընթացքին: Ես մինչեւ այժմ սպասում էի Ձեզանից իմ նամակի պատասխանին, որ գրել էի դեռեւս անցյալ տարումը, բայց մի ձայն եւս չլսելով Ձեր կողմից, վերջապես պատշաճ համարեցի գրել այս նամակը, որով եւ նորոգել մեր խզած նամակագրությունը: Հույս ունիմ, որ օրագրի առաջին ամսատետրակը ստացաք, այժմ երկրորդը ճանապարհ կընկնի դեպի Ձեզ այս շաբաթ, եւ ապրիլի մեջ կտպենք մարտը եւ ապրիլը, այնպես որ մայիսին կհավասարվինք եւ այս անտեղի ուշանալու մեղքը կքավենք, թեեւ դա մեր մեղքը չէ, բայց այժմ այնտեղն է հասած մեր բանը, որ միշտ մենք փոքր ի շատե բան հասկացողքս պիտո է ներողամիտ լինինք:

Օրագրի այսքան գլուխ գալու վրա եւս ուրախ ենք, որ գոնե կարողանանք մենք ցույց տալ, թե ինչպե՛ս պիտո է լիներ օրագիր ասած բանը մեր ազգի դաստիարակության համար. ուրախ ենք, որ մեր մատենագրությունը մի փոքր ձեռք ու ոտք ստացավ, շարժողություն է ցույց տալիս յուր մեջ: Իսկ եթե հայկական տպագրությունը ո՛ր աստիճանի մաքրության հասցուցինք, այդ իհարկե տեսաք, կտեսնեք միշտ օրագրի հետեւյալ համարների եւ նորատիպ մատյանների մեջ: Եվ ես պարծենում եմ նորանով, որ այդ տպարանը եւ օրագիրը պարտական է յուր գոյությամբը եւ հառաջ գնալովը իմ քաղաքացոց եւ գլխավորապես Ձեզ: Այդ բաների վերա հետեւյալ համարներից մինի մեջ պիտի խոսենք եւ տանք արժանի հարգը:

Մինչեւ այժմ հայ ազգը կարծել է, թե միմիայն Վենետիկը եւ Վիեննան կամ թե նորերումս Փարիզը, թե դոքա պիտո է կամ կարող են միայն ազգը դաստիարակել, բայց մենք ցույց կտանք եւ կապացուցանենք, թե որքան սխալ կարծիք է այդ եւ թե մեր ազգի հարազատ որդիքը ունին կարողություն բարոյապես առնիլ այդ բաները հազար անգամ լուսավոր գաղափարներով, քան թե պապական մոլակրոն եւ նախապաշարմունքների մեջ փտած մխիթարյանքը, միայն թե ազգը չխնայե մեզանից այնքան նյութական հնար, որքան հարկավոր էր մեր հոգեկան վաստակների վերա մարմնին պատմելու, որ կարողանային դոքա երեւել մարդկեղեն աշխարհի մեջ։

Նազարյանցի հանդեսի Բ հատորը ավարտված է, շուտով կտպվի «Պավլոս եւ Վիրգինիան», իմ «Թափառական Հրեան» մինչեւ ապրիլի 10 կավարտվի նույնպես, եւ այն ժամանակ պիտո էր մի հոգաբարձություն իմ մյուս աշխատությունը հանդես հանելու համար, որի մասին վաղուց խնդրած էի Ձեր օգնությունը եկավորների բերանով, թե մի փոքր հարկավոր էր սպասել: Այն օրից մինչեւ այսօր հինգ կամ վեց ամիս անցավ, վասն որո նորոգում եմ իմ առաջարկությունս, հարակցելով թե, եթե դուք, ազգի իշխանքդ եւ կարողքդ չօգնեք մեզ, մենք ոչինչ ենք եւ ոչինչ գործ չենք կարող հառաջ տանել ազգի լուսավորության եւ դաստիարակության համար:

Այժմ ժամանակ է, որ եւ դուք եւ մենք, մինչդեռ կենդանի ենք, աշխատենք որքան կարող ենք, մեր ժամանակից մի փոքր պարծանք թողուլ ապագա սերունդի համար եւ վառել ազգասիրության կրակը սառած սրտերի մեջ: Ձեզ հայտնի կլինի, թե ինչ անձնազոհությամբ գիշեր ցերեկ կուրծք կոտրելով եւ աչք խավարեցնելով աշխատում ենք գրելով ու սրբագրելով, տպելով ու չարչարվելով. այսքան միայն կգա մեր ձեռքից. ապա նյութական հնա՞րը, այդ չունինք մեք, եւ ազգը պիտի օգնել եւ այդ ազգը չէ այն խաժամուժ ամբոխը, որ ոչ այս գիտե եւ ոչ այն, այլ ընտրյալքը որ ճանաչում էին յուրյանց անձը, յուրյանց ազգը, նորա օգուտը եւ վնասը եւ բարի սիրտ ունեին օգնել նրան:

Այս սրտով եւ հոգվով դարձյալ դիմում եմ դեպ ի Ձեզ, արգո Հայրենակից եւ խնդրում եմ ազգի անունով անտես չառնել իմ խնդիրը, այլ մի քանի ազգասիրաց ձեռնտվությամբ հասուցանել ինձ հարկավոր արծաթը, որ կարողանամ, գոնե ապրիլի 20-ից սկսանել տպագրությունը, որովհետեւ այդ միջոցում գործ չկա տպարանում: Այս մասին գրել եմ այս փոշտով եւ խնդրել եմ պ. Սաղաթել Դավթյան Քայալյանից եւ հույս ունիմ, որ նա եւս յուր ազգասիրական ջերմեռանդությունը չխնայե նորա զավակների կրթության եւ դաստիարակության համար: Մինչեւ այս րոպես դեռ Մոսկով չեն եկած Սիբիրից ո՛չ ձեր եղբայրը, եւ ո՛չ Հակոբ Մաթեւոսյանը:

Տեր Մովսեսը ստացավ ավագ քահանայություն եւ ասպետական նշան սրբույն Աննայի 3-րդ աստիճանի: Չգիտեմ, թե կաթողիկոսի մասին ո՞վ ձեզանից ընտրվեցավ դեպուտատ:

Ժամ առ ժամ սպասում եմ Ձեր ավետավոր նամակին:

Ողջ եղեք: Ձեզ միշտ հարգող ու պատվող խ. ծառս

Միքայել Նալբանդյանց

Մարտի 27, Մոսկվա, 1858

34. ԳՐԻԳՈՐ ՍԱԼԹԻԿԵԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ ԻՄ ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ,

ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԲԱՐԵԿԱՄ,

Քո գրած նամակներդ, երկուքը պ. Նազարյանցի վերա, երրորդը պ. Բերբերյանցի ձեռքով, ստացա անկորուստ: Երկար ժամանակ նամակներիդ չպատասխանելուս պատճառը էր իմ անդադար զբաղմունքը եւ եթե ճշմարիտը կամիս, վերին աստիճանի թուլությունը եւ վերջումը տասն օրվա հիվանդությունս, ինչեւիցե, այժմ փառք աստուծո:

Ես հուսով եմ, որ մեր եղբայրական անխարդախ սերը նույն է եւ նույն պիտի մնա, չնայելով որ երբեմն նամակներս ուշանում էին:

Եղբայր, խնդրում եմ ներողություն «Թափառական Հրեայի» ճակատին գրած երկու տող բանիս համար, ես կամեի դորանով ցույց տալ քեզ իմ երախտագիտական շնորհակալությունը, բայց քո առաքինությունը գերազանցեց քան թե իմ երախտագիտությունը՝ հեռի փախչելով ամենայն արտաքին փառքից ու պատվից:

Օրագրի «Հիշատակարանների» վերա դարձուր առանձին ուշադրություն, մանավանդ 7 եւ 8 համարներին, եւ հասկացուր չհասկացողներին, որ իմանան: 8-ի մեջ շատ սաստիկ խառնված են մեր թշնամիների աղբաթը եւ այսուհետեւ եւս պիտի խառնվի: Ճշմարտության թշնամիների հույսը այն է, որ օրագիրը կխափանվի, բայց չէ պիտո թույլ տալ, որ այդ հարվածը ստանանք. հայտնի բան է, այդ նոցա աչքը ծակում է եւ ծանր բան է հրապարակով ծրագրի մեջ խայտառակվել, որ ամենայն տեղ գնում է եւ կմնա շատ երկար տարիներ: Թիֆլիզի մեջ այժմ բավական ստորագրողք կան, եւ այնտեղ հույս կա, որ գալոց տարի ավելանա, ուրեմն պակասածը միայն պիտի լինի Ղրիմում եւ Նախիջեւանում, բայց հույս ունիմ, որ դուք ձեր ազգասիրական օգնությունը չեք խնայելու: Եղբայր, մեք առանց ձեր ոչինչ ենք, նույնպես եւ դուք առանց մեր. պետք է ձեռք ձեռքի տալ եւ միաբան ուժով ջարդել խավար վիշապի գլուխը: Դեռեւս նոր կաթողիկոսի հաստատությունը չկա. ձայն կա, որ Լանսկոյն պիտի փոխվի եւ նորա տեղը, ասում են, որ պիտի կարգվի Ռոստովցովը:

Վարժապետի գործի մասին այսքան կարող եմ հայտնել, որ ինչ այստեղ կարելի էր, նորա օգտի համար գործ դրվեցավ, բացի դորանից մարդ գնայ այստեղից Պետեր., որովհետեւ գործը մտավ Государст[венный] сов[ет], հույս կա, որ շուտով վերջանա, բայց թե որքան կթեթեւանա բանը, այդ գիտցողը աստված է. եթե այստեղ լինեիր, մի երկու բան եւս կարող էիր լսել ինձանից այս մասին, որ գրել չէ կարելի եւ այլն:

Հոկտեմբերին պիտի ստորագրություն բանանք գալոց 1859 թվակ. ՝ «Հյուսիսափայլի» համար, ես կարծում եմ որ ուշ չէ, բայց դու քո խորհուրդը հայտնել մեզ: Եվ մի փոքր կամ մնում ենք ձեւը մեծացնել կամ մի երկու թերթ ավելացնել:

Մսերը հունվարից կամի «Ճռաքաղը» իբրեւ օրագիր տպել ամիսը 4 թերթ, նշանակած գինն է 4–50 կոպեկ, որովհետեւ Իզմիրյանը կամ, մի քանի այլ մարդիկ տարեկանը սկելու են յուրյանց ծախքով։

Այս օրերս մեր օրագիրը մի երկու խոսք խոսելու է «Մասյաց Աղավնու» վերա, իհարկե կկարդաս, միայն ինչ որ դու կկարդաս եւ կհասկանաս, աշխատել որ ուրիշներին եւս հասկացնես, որ ճշմարտությունը հայտնվի:

Գայանե Նիկոլաեւնայի սիրով ողջույնը ես մոռացած չեմ եւ միշտ մտածում եմ նորա առողջության որպիսությանը վերա, թե ինչ վիճակի մեջ է այժմ, լա՞վ թե վատ, եւ եթե վատ, արդյոք ի՞նչ դիտավորություն ունիս այդ մասին:

Պետրոս Նիկողայոսյանի նշանածներդ իմացա, շնորհավորում եմ: Առ ժամս ուրիշ բան չունիմ գրելու, ողջ եղիր:

Քեզ միշտ բարեացակամ եղբայր,

Մ. Նալբանդյանց

1858 սեպտեմբերի 1,

Մոսկվա

. Գ. ] Բերբերովը ողջունում է ձեզ:

35. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ԵՎ ԱԶԳԱՍԵՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հարազատ բարեկամ,

Ձեր գրած ապահովյալ նամակը արձակած հուլիսի 15-ից, եթե չեմ սխալվում թիվը, ստացա օգոստոսի 1-ին եւ տեսանելով, որ հասել էր Ձեր պատվականության ձեռքը իմ աշխատությունը, ուրախացա: Այն ստությունքը եւ խաբեությունքը, որոնցից գանգատ ունիք եւ որոնց մասին ասում եք, թե նոր չէին եւ այլն, այդ ստությունքը եւ խաբեությունքը աստուծո անքննելի նախասահմանության կամքն էր, որ մեր ձեռքով պատժվեին եւ խայտառակվեին:

Ազգի եւ ճշմարտության համար իմ կյանքը իմ աչքումը ոչինչ է, եւ ամեն րոպե պատրաստ եմ զոհել, եւ այն օրից, երբ գրիչ վեր եմ առել ձեռքս, մինչեւ գերեզման ես պիտի պատերազմեմ ստության եւ խավարի հետ եւ, որքան թույլ տան մեզ շրջապատած հանգամանքը, պիտի խորտակեմ դավաճան վիշապի գլուխը: Իմ մինչեւ այժմ գրած բաները, թե իմ եւ թե կոմս Էմմանուելի անունով «Հյուսիսափայլի» մեջ, կարող են հավատարիմ գրավական լինել ասած կամ խոստացած բաներիս: Խնդրեմ առանձին ուշադրությամբ կարդաք 7 եւ 8 համարների «Հիշատակարանքը» եւ չի հասկացողներուն հասկացնեք բանի զորությունը, որ ճշմարտությունը ձայն ստանա այդ կորած եւ մոլորած քաղաքի մեջ: 8-րդ համարը սարը թամըզին տպվելով ամենեւին լավ չէ ասում մեր պ. հակառակորդների մասին, վասն որո արժան է պ. Սախավյանի ուշադրությունը դարձնել այս բանի վերա թող մի փոքր [բաց] աստուծով նոր կաթողիկոսի նստելովը, նորա [բաց] եւս կըսկսե յուր գործակատարությունը: Մեր պատերազմը դադարած չէ, եւ ձերը չէ պիտո դադարի, մեք ազգի ընտրյալ որդիքս պիտի ձեռք ձեռքի տանք միմյանց եւ շարունակենք մեր կռիվը ազգի եւ ճշմարտության անունով, միշտ կրկնելով «Ցորչափ շնչեմք զօդս» եւ այլն: Եթե մեր թշնամիքը միացած պատերազմ անեն, թող անեն եւ մեզ միացած պատահեն: Իհարկե կարդացած կլինեք Մխիթարյանց մասին գրածս. նոյեմբ. տետրակի մեջ կկարդաք վերջը եւ կտեսնեք բանի զորությունը: Թող եւ ուրիշները կարդան եւ հավատան, որ Նալբանդյանցը ոչ թե առանց ստորագրության սորան եւ նորան նամակ գրող է, այլ յուր գրածի տակ կարող է ստորագրել համարձակ յուր անունը եւ այնքան զորություն հոգու ունի, որ տպելով հրատարակե յուր կարծիքը թշնամիների խայտառակության համար:

Նոցա միակ հույսն է, որ օրագիրը խափանվի, բայց դուք պիտի պաշտպանեք մեզ ազգի եւ ճշմարտության համար, մինչեւ որ մի քանի տարի շարունակվելով, արմատ արձակե ճշմարտությունը մեր ազգի մեջ, այնուհետեւ ինքը ազգը կխնդրեմ, բայց առաջին անգամը ծանր է: Հիվանդը դառն դեղը դժվար է ընդունում, եթե մերձավորքը չհարկադրեն, բայց մի փոքր առողջանալ սկսելով ինքը խնդրում է այնուհետեւ:

Հոկտ. տետրակի մեջ կբանանք ստորագրությունը եւ հույս ունենք, որ դուք անձանձիր կհետեւեք այս բանին, որ կանգուն մնա մեր ընկերության (партия) դրոշակը: «Մեղուն» հոգեվարք է եւ Թիֆլիզումը լավ խայտառակվել է, նույնպես նորա պաշտպանը Սարգիսը: Հունվարից Մըսըրը կամի «Ճռաքաղ» տպիլ- դորան կարող են ստորագրվել միայն մեր թշնամիքը: Ինչ ասեմ, կարծեմ որ դուք ամեն բան առանց իմ ասելուն եւս գիտեք եւ հասկանում եք:

Ցանկանում եմ Ձեզ հոգվով եւ սրտով առողջություն, երկար կյանք եւ ամ են տեսակ հաջողություն։ Աստված մեր հետ է։

Ձեզ միշտ հարգող եւ ոգվով մեծարող անխարդախ բարեկամ

խ. ծ.

Միքայել Նալբանդյանց

1 սեպտեմբերի, 1858

Մոսկվայ

36. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ

... Գալուց 1859 թվականին «Հյուսիսափայլ» ծրագիրը, որի գինը ճանապարհի ծախքով հանդերձ է ինն մանեթ եւ կես: է Որքան տոմսակ կարողանաք ցրել, նոցա բոլորի հասցեքը եւ ստորագրության գները կարող եք ուղարկել իմ վերա. ես ներքեւում դնում եմ հասցես, որ եթե աշխատություն Հանձն առնուք օրհնել ինձ մի նամակով, իմանաք, թե ո՛ւր եւ ի՛նչպես պիտո էր մակագրել: Եթե Ձեր հովվապետական հորդորը ավելի պտուղ բերելու լինի, քան թե մեք տոմսակ էինք ուղարկած, այդպիսի դիպվածում կարող եք ստանալ նորա խընդիրը եւ հասուցանել ինձ նորա հասցեն եւս, ուրիշների հետ միասին, աներկբա մնալով, որ առանց տոմսակի եւս օրագիրը պիտի հասաներ մի այդպիսի պարոնի:

Ավելորդ ենք համարում ասել այստեղ, որ «Հյուսիսափայլը» լուռ մնալու չէ գալոց տարու մեջ Ձեր ազգասիրական գործակցության մասին օրագրի հետ, ճանապարհ տալով նորան Ձեր բարձր սրբազնության հավատացած թեմի մեջ:

Խնդրելով Ձեր բարձր սրբազնության օրհնությունը եւ աղոթքը, մնամ միշտ պատրաստական խոնարհ ծառա

Միքայել Նալբանդյան

9 հոկտեմբ. 1858 թիվ

Մոսկվայի մեջ

Իմ հասցեն.

Его благородию Михаилу Лазаревичу

Налбандянцу

в Москве

На Никитской улице, в доме княгини

Голициной

37. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ԲԱՐԵԿԱՄ
ԱՐԳՈ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ,

Հույս ունիմ, որ երկարաժամանակյա լռությունս վերագրած լինիք իմ անչափ պարապմունքիս, թե անձնական եւ թե օրագրական գործերով: Մինչեւ այս նամակիս Ձեր ստանալը, կարծեմ որ հասանի Ձեզ եւ «Հյուսիսափայլի» 11 . այնտեղ կտեսնեք իմ մին նամակը առ հրատարակողը, որ ճշմարտությունից եւ խղճմտանքից հարկադրված գրել եմ, գուցե դորանով ստանալու եմ մի քանի զորեղ թշնամիք, ինձ հակառակորդ, բայց անհույս չեմ, որ ազգի բարեմիտ անդամք կբարձրացնեն յուրյանց ձայնը հարկ ժամանակում: Այսքան Ձեզ հայտնի լինի, որ գեր[ապատիվ] Այվազովսկին հայտնի թշնամի է մեր օրագրին, գանգատել է Լազարյանց մեր վերա, եւ սոքա մի անտեղի նամակով սպառնանք գրում են մեզ, հայտնելով մեր օրագիրը, թե մենք ազգը մոլորեցնում ենք եւ այլ այսպիսի բաներ: Այժմ նոքա ամեն ջանք գործ պիտի դնեն, որ մենք ստորագրող չգտնելով, ընկնենք տարապայման նեղության մեջ. մեր ազգը, փառք աստծո, առանց այդպիսի պատճառների եւս, շատ սեր չունի լուսավորության վերա, բայց այդպիսի բամբասանքներ լսելով սորանից եւ նորանից, հոժարակամ պատրաստ է անտես առնել ամենայն ազգօգուտ գործ: Մինչեւ այս օրերս չենք ստացել ոչ մի ստորագրություն, թեպետեւ այստեղից այնտեղից լուր ստանում ենք եւ բավական մխիթարական:

Դո՛ւք պիտի պահպանեք մեր ծրագիրը, նա եւ Ձերն է, որովհետեւ ազգինն է, պիտի ամեն ջանք եւ աշխատություն գործ դնեք, որ ինչքան կարելի է բազմաթիվ լինեն ստորագրողքը, մանավանդ այժմ, որ վարում եք քաղաքագլխի պաշտոն, ուրեմն ավելի հնար ունեք ներգործել: Ձեզ քաջ հայտնի է, թե որքան օգտակար է «Հյուսիսափայլը» մեր ազգին, ուրեմն ինչպես մեք զոհում ենք մեր հանգստությունը եւ կյանքը՝ տիվ եւ գիշեր մաշվելով այդ բանի վերա, նույնպես եւ Դուք, որպես երեւելի անդամ մեր ազգի եւ եղբայր մեր ճշմարտավարոզ եւ ճշմարտասեր ընկերության, պիտի Ձեր վերա առնուք օրագրի մասին աշխատելու ծանրությունը:

Ի՞նչ պիտի ասենք, ազգը դժվար է հասկանում առաջին անգամը, բայց եթե մի երկու տարի շարունակվի, այն ժամանակ հույս կա, որ ավելի լավ լինի այդ բանի վիճակը: Այս տարի ունինք մեզ մոտ 270 ստորագրողm, բայց այդքան ստորագրություն գալոց տարու համար աշխատել հանձն առած ենք: Տարեկան ծախքը օրագրի [1] հազիվ հազ կարողանում ենք ծածկել, ասում ենք հազիվ տալ, բայց պիտի իմանալ, որ մենք մարդ ենք, անմարմին չենք, եւ դիցուք թէ մի տարի զոհեցինք ազգին մեր տարժանելի աշխատությունը, բայց ամեն տարի պարտական չենք էշի նահատակ լինել:

Մեք՝ երկու մարդ, հանձն ենք առնում այս ահագին աշխատությունը եւ ծանրությունը, բայց ուրիշները չկամին 9 դ. 50 կոպեկով թեթեւացնել մեր ծանրությունը եւ մի փոքր քաջալերել մեզ: Մի՞թե մեք մեղավոր ենք, որ ազգասեր ենք: Այո, եթե մեք լինեինք հարուստ մարդիկ, այն ժամանակ հարկավոր չէր մեզ ոչինչ, բայց մեր նյութական կարողությունը քաջ հայտնի է Ձեզ: Գրյանք տպեցինք, մինչեւ այժմ տպագրության փողը չենք ստացած եւ այդ պատճառով գտանվում ենք պարտքի տակ: Մի՞թե արժան չէ, որ ազգային եղբարք օգնեին մեզ, մանավանդ մինչ տեսանում են, որ ամեն բան զոհում ենք ազգի օգտի համար:

Ահա, սիրական եղբայր, մեր դրությունը, տարակույս չկա, որ մեք օտար մարդու առջեւ ցույց չենք տալիս մեր իսկական դրությունը, բայց պետք է մեզ մոտ մարդիկ իմանան այս բոլորը եւ իմանալով՝ աշխատեն թեթեւացնել մեր ծանրությունը:

«Հյուսիսափայլի» երեւիլը մեծ ազդեցություն գործեց ազգի վերա, շատ բաներ խոսեցավ օրագիրը, եւ շատ մարդիկ սկսեցին ուրիշ կերպ նայել բաների վերա, հույս կա, որ մի քանի տարուց հետո ակնհայտնի երեւին նորա արդյունքը եւ պտուղքը:

Ստորագրողների բազմությունը մեր համար, բացի նյութականից, ունի եւ բարոյական օգուտ, որովհետեւ կարող ենք ցույց տալ պարծանքով, թե ահա ազգը ընդունում է եւ այլն եւ այլն, եւ այն ժամանակ կպապանձվեն մեր թշնամիների բերանները: Եթե այս 1859 թվականում եւս Նախիջեւանի մեջ այնքան լինեն մեր ստորագրողքը, որքան այս տարի էր, բանը խինդ կլինի, ուրեմն Ձեր առաջեւ բացվում է այժմ աշխատության եւ գործակցության հանդեսը:

Ես հույս ունիմ, որ մեր բարեկամք ամենեքյան աշխատություն հանձն կառնուն այս մասին հոգալ. սառն մնալով բան չէ առաջանում, պիտո է ջերմությամբ կպչել գործին: Գիտեմ, որ այս բաները Դուք ինքներդ եւս լավ գիտեք, բայց հիշեցնում եմ Ձեզ եւ հայտնում եմ անկեղծորեն մեր դրությունը:

Երեկի երեկոյին եկավ Սավել Դավիդիչը, տեսանելով միմյանց, ուրախացանք եւ փառավորապես կարդացինք օրագրի 11 համարը: Առաջիկա փոստայով մի այլ նամակ եւս կգրեմ բոլորովին այլ գործի մասին: Սպասում եմ Ձեր մխիթարական նամակին եւ գործունեությանը: Խնդրեմ ողջունել մեր բոլոր սրտակիցքը, չեմ մոռացել ոչ մինին եւ բոլորի համար պատրաստ կանգնած կամ մինչ ի մահ: Ցանկանալով Ձեզ ամեն ողջություն, մնամ գերապատիվ բարեկամիդ եւ ազգասեր եղբորդ խ. ծ.

Միքայել Նալբանդյանց

27 նոյեմբեր, 1858, Մոսկվա

Հ. Գ. Լսեցինք, որ Զեյթունին Գրիգորը կաթվածով (паралич) հիվանդ է եւ բժիշկներից օգուտ չտեսանելով այժմ տիրացու Սրապիոնին Նարեկ կարդալ է տալիս. ճշմարի՞տ է այդ......

Մ. Նալբանդյանց

38. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՆ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ԲԱՐԵԿԱՄ,
ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ,

Ահա գրում եմ Ձեզ երրորդ նամակս, որ խոստացել էի առաջին նամակիս մեջ: Գուցե ժամանակով ինձ հարկավոր լինի հավատարիմ պատճենը այն տեղեկության, որ Դուք 6 մարտ. վերջին անգամ գրեցիք սրբազան Մատթեոս առաջնորդին պ. Խալիբյանցի եկեղեցական մեծագումար պարտքի մասին: Թող հայտնի լինի Ձեզ, որ վերադարձյալ Գաբրիել վարդապետ Այվազովսկին գանգատավոր է առ նախարարն Ազգային լուսավորության, որպես թե «Հյուսիսափայլի» հարուցանում է ժողովուրդը ընդդեմ հոգեւորականության ընդհանրապես, իսկ ընդդեմ նորան (Այվազովսկիին) մասնավորապես, մեք բողոքեցինք այս մասին դեպի Էջմիածնի սրբազնագույն Սինոդոսն, թե նա անտեղի մեջ է մտանում այնպիսի գործերի, որ չէ ենթարկվում առաջնորդական տեսչության, գրեցինք թե Այվազովսկին երեսփոխան չէ բոլոր Հայոց հոգեւորականության եւ թե կենտրոն հոգեւորականության է Սինոդոսն Էջմիածնի, եթե մեք ընդդեմ հոգեւորականության ունինք մի բան գրած, թո՛ղ ինքը Սինոդոսը նկատել եւ գրել մեզ, մեք նորայն կլսենք եւ կտնօրինենք, ինչպես նորա կամքն է, բայց (գրեցինք), Այվազովսկին ինքը վիրավորվելով օրագրից, չէ ուզում ասպարեզ մտանել յուր անունով եւ առավել ապահովության համար ծածկում է յուր անձը բոլոր հոգեւորականության անունի տակ:

Ազգային լուսավորության նախարարն հարցմունք է առնում Ցենզուրնիյ Կոմիտետից, թե ինչպե՞ս թույլ է տվել այդպիսի դղրդեցուցիչ հոդվածք, մեք ծանոթություն տվեցինք Ցենզուրական Կոմիտետին, որ գրե յուր պատասխանի մեջ, բացի յուր արդարացուցիչ փաստերից եւ այս, որ բարեհաճի պ. նախարարը մեզանից հարցմունք առնել, մեք շատ ուրախ ենք, եթե այդպես լինի, որովհետեւ գործի ներկը կբացվի, թող ցնծան հետո:

Պ. Նազարյանցն ստացել է Ձեր նամակը, շնորհակալ է Ձեզանից, բայց 62 մարդ, որպես ասաց պ. Սալթիկյանցն, ճշմարիտն ասեմ, փոքր է Նախիջեւանի համար, գոնե 100 ստորագրություն հարկավոր էր, Թիֆլիսումը բարձրացավ մինչեւ 150: «Մեղուն» պիտի վախճանի: Պետերբուրգից մի քանի մարդիկ, որոնց մեջ եւ պ. Իզմիրյանցն, նամակ են գրել Այվազովսկուն, որ նա զուր տեղը չհետեւի վնասել կամ կարճել «Հյուսիսափայլը», որովհետեւ ասում են, մեծ անբավականություն կարող է ծագել ազգի կողմից դեպի նա:

Այս բանը շատ ձեռնտու է մեզ, միայն Լազարյանք, որպես թշնամի ազգային լուսավորության, եթե ձեռքերից գա, ամեն րոպե կխափանեին, բայց հույս առ աստված, ամեն բան կդրստվի: Ամենեւին վատ չէր լինելու, եթե մի քանի մարդ նույնպես մի քաղաքավարի նամակ գրեիք Այվազովսկուն, որ մի փոքր զգույշ մնար «Հյուսիսափայլին» մասին: Խնդրեմ Դուք Ձեր բարեկամությունը եւ նամակակցությունը անընդհատ պահեցեք սրբազան Մատթեոս արքեպիսկոպոսի հետ, այդ հարկավոր է:

Չգիտեմ ի՞նչ ազդեցություն գործեց իմ նամակս «Հյուսիսափայլի» 11 մեջ: Շուտով 12 կարձակենք տպարանից: Սպասում եմ Հնդկաստանի փողերի մասին թղթերի օրինակին, որ կարողանամ առաջին համարի մեջ հրատարակել, մինչդեռ այդ բանը չէ երեւիլ «Մասյաց աղավնու» մեջ:

Ձեզ միշտ անկեղծ բարեացակամ խ. ծ.

Միքայել Նալբանդյանց

19 դեկտեմբեր, 1858, Մոսկվա

Հ. Գ. Սրբազանին գրած թղթին օրինակը, որ խնդրել եմ, ուղարկեցեք պ. Սալթիքյանցի անունով, Նովսքու-րեչսքի 34

Մ. Նալբանդյանց



[1]     օրագրի [համար]