Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՊԱՏԱԿ

 

Հրամայուած լինելով գրել «Պատմութիւն Աղուանից»` որոշեցի նախ հետազօտել Աղուանից երկիրը, ծանօթանալ բնական դրից, լեռներին եւ դաշտերին, գետերին եւ հանքերին, կլիմային եւ բերքերին, հնութեանց եւ ազգաբնակութեանց, գաւառներին եւ լեզուներին եւ ապա գրել աշխարհաբար պատմութիւնը:

Ներկայ դարումս հետազօտած են այս երկիրը մի քանի օտարազգի հետախոյզներ. բայց ոչ ըստ օրինի` հայերն: Թեեւ բազմաշխատ Կ. վ. Շահնազարեան եւ Ս. եպիսկոպոս Ջալալեան շրջած են տեղ-տեղ, բայց չեն յաջողած հետազօտել մանրամասնաբար, վասն զի այն ժամանակներում դեռ անգրաւ եղած է Դաղստանն, վասն որոյ եւ վտանգաւոր` ամենուրեք ազատ շրջելը: Այս պատճառաւ հաւատացած լինելով, որ տակաւին կան անյայտ մնացած  շատ թանկագին հարստութիւններ հայ պատմութեան համար, վասն որոյ վճռեցի անձամբ հետազօտել երկիրը:

1890 թուի մարտ ամսի վերջում հրաժեշտ տուի Շամախու եկեղեցում քարոզչական պաշտօնիցս եւ հեռացայ ապրիլ 6-ին: Որովհետեւ Դարբանդն է Աղուանից երկրի վերջին ծայրն-արեւելեան հիւսիսային սահմանն -որոշեցի այդ իսկ քաղաքից սկսել իմ հետազօտութիւնը: Բագուի կայարանից նստայ Մերկուրի ընկերութեան «Ալեքսանդր Գ. » շոգենաւում Դարբանդ ելնելու: Սակայն հայ աստիճանաւոր ոմն, որ ուղեկից էր ինձ, խորհուրդ տուաւ ինձ երթալ Միջին-Դաղստան, ասելով. «Ես ականատես եմ. Դաթունա գիւղի մօտ կայ մի հայկական եկեղեցի, եւ` օգտակար համարելով նպատակիս, յորդորեց գնալ եւ ականել:

Արդարեւ օգտակար առաջարկութիւն. զի ծանօթանալու էի եւ Աղուանից դրացի երկիրներին, որ ոչ սակաւ կարեւոր էր իմ նպատակին: Բայց որովհետեւ ճանապարհորդում էի սեփական ծախքովս, անբաւական էր դրամս եւ միանգամայն վհատեցուցիչ` անծանօթ երկրում նիւթականի մասին կրելիք տագնապս, վասն որոյ տատամսում էի վճռել -գնա՞լ թէ չգնա՞լ: Վերջապէս վճռեցի սիրով կրել ամ””””էն նեղութիւն, միայն թէ անձամբ տեսնել հնութիւնը. միայն թէ անձամբ ծանօթանալ երկրին, որի բնակիչներն յաճախակի արշաւելով այնքա~ն վնասներ տուած էին Աղուանից երկրին եւ Հայաստանին: Տեսնել երկիրը, ուր արշաւած էին Հայոց թագաւորներից եւ զօրավարներից քաջերն: Հետեւապէս փոխանակ Դարբանդ ելնելու` ելայ Պետրովսկ:

Համառօտ կը նկարագրեմ Միջին եւ Արեւելեան-Դաղստանի մասերը բացի կարեւոր համարուած կէտերից եւ ապա սկսեմ գրել Աղուանից երկրի մասին: Երկասիրութիւնս իբրեւ մի ծաղկեփունջ նուիրելով հայ գրականութեան եւ իբրեւ ամենակարեւոր նիւթ հայ պատմութեան` մնամ ամենախոնարհ ծառայ Հայոց:

 

ՄԱԿԱՐ Ծ. Վ. ԲԱՐԽՈՒՏԱՐԵԱՆՑ