Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴԱՐԲԱՆԴԻ ԳԱՒԱՌՆԵՐՆ

 

Ա. գաւառն, որ ընկած է պարսպի հարաւային կողմը, Դարբանդի այգիների, Րուբաս եւ Փոքր-Սամուր գետախառնուրդների մէջ, կոչւում է Մուսկուր: Այս էր Մազքթաց [1] գաւառն:

Բ. գաւառն, որ ընկած է նոյն պարսպի շարունակութեան, Րուբաս եւ Փոքր-Սամուր գետի (հիւսիսային օժանդակի) մէջ, կոչւում է այժմ Տապասարան: Այս է Խորենացու, Եղիշէի եւ այլոց մատնանիշ արած Թաւասպարանն:

Գ. գաւառն, որ ընկած է նոյն պահականոցի շարունակութեան, Փոքր-Սամուր գետի հիւսիսային օժանդակի, Ալակիւռ-Դաղի [2] եւ Մեծ-Սամուր գետի մէջ, այժմ կոչւում է Գուրի գաւառ: Թերեւս այս եղած լինի Եղիշէի Գաւն: Գաւառիս գաւառագլուխն է Ղասմ-Քենադն:

Դ. գաւառն, որ ընկած է նոյն պարսպի շարունակութեան, Ալակիւռ-Դաղի, Կովկասեան մեծ լեռնաշղթայի գագաթնագծի եւ Մեծ-Սամուրի հարաւարեւելեան օժանդակի մէջ, կոչւում է Սամուրի գաւառ: Գաւառագլուխն է Ախտի քաղաքն: Յայտնի է, որ գաւառս հին դարերում չէր կոչւում Սամուր, նոր անունս ստացած է Սամուր գետից: Բայց այժմ Ախտու հարաւային կողմում կայ մի մեծ գիւղ Մաճակ անուն: Թերեւս այս է Հեճմատակ հին անուան կրճատեալն կամ փոփոխեալն:

Միւս գաւառների հետ համեմատելով` խիստ ընդարձակ է Դ. գաւառս, որից զատ արեւմտեան հիւսիսային կողմում, նոյնպէս պարսպի ներսում, դեռ մնում է մի անանուն գաւառ, որ ընկած է պարսպի, Կովկասեան մեծ սարի գագաթնագծի եւ Սամուր գաւառի մէջ: Մեծ-Սամուր գետն սկիզբ է առնում անանուն գաւառիս վերի կողմիցն եւ սրընթաց հոսում գաւառիս միջով դէպի Սամուր գաւառն: Գաւառս բաւական գեղեցիկ է լեռնադաշտակներով, հովիտներով եւ պատուական ջրերով, վասնորոյ չէր կարող մնալ անմարդաբնակ, ինչպէս այժմ չէ անմարդաբնակ: Սակայն դժուարանում ենք գտնել գաւառիս պատմական անունը: Գաւառիս արեւմտեան վերջացած տեղում, պարսպի արտաքին կողմում է կիրճն, որով հասնում է Կածանն մինչեւ Բալաքեան [3] (Բաղասական գաւառն), որի մասին յիշած ենք կանխաւ:

Նմանապէս կայ եւ մի անանուն գաւառ, որ ընկած է Սամուր գաւառի եւ Ղուբա քաղաքի սահմանների մէջ, այս է Մեծ-Սամուրի հարաւային օժանդակի եւ Ղուբա գետի, Կովկաս մեծ սարի գագաթնագծի եւ դաշտաբերանի մէջ ընկածն: Գաւառիս մէջ է Գուսար անուն գետն եւ Գուսար տեղանունն, որ այժմ զօրանոց է ռուսաց: Գուսար հնչիւնս հեռի չէ Գղուար հնչիւնի ձայնից: Շատ կարելի է, որ այս է Գղուար պատմական անունն:

Եթէ ՚ի շարս գաւառաց հաշուենք եւ երկու անանուն գաւառներս եւս` լինում է վեց ընդարշակ գաւառ:

Է. Գաւառն, որ ընկած է Ղուբա գետի, Վատնեան դաշտաբերանի եւ ծովեզերքի մէջ, Չողայ քաղաքի անուամբ կոչուած է Չողայի գաւառ, ինչպէս սովորութիւն է: Միակ դաշտային գաւառս նշանաւոր եղած է մետաքսի, ցորենի, բրնձի, տորոնի, ձմերուկի, վարնկի սխտորի, սոխի եւ այլ բերքերով:

Այժմ գաւառներումդ կան մօտ 80000 բնակիչք, որք մինչդեռ կանխաւ եղած են հայադաւան քրիստոնեայ, այժմ ամբողջապէս դարձած են Օմարի աղանդին: Այսու ամէնայնիւ իսպառ անհետացած չեն քրիստոնէութեան նշաններն. Պօղոս-բուլաղի ընդարձակ հանգստարանի նմանը կայ եւ Ղասմ-քեանդում, որոց սրբատաշ տապանաքարերն զարդարուած են հայերէն արձանագրութիւններով: Պակաս չեն աւերակ եկեղեցիներու գետնի հաւասարած հիմքեր, անարձանագիր հայաձեւ հանգստարաններ եւ յարգուած սրբավայրեր: Ընտանիքներն տակաւին շատ տեղերում խաչակնքում են աջ ձեռներով նոր հունձած խմորների, կրակից նոր վար դրած կերակուրների եւ նոր քնացրած մանկանց վերայ: Ղուբայի արեւմտեան-հարաւային կողմում, մի քանի վերստ հեռաւորութեան վերայ կայ Սպիք անուն մի գիւղ, որի բնակիչներն այժմ Օմարադաւան լեկզիներն են: Տակաւին մնում են գիւղիս աւերակ եկեղեցու հիմքերը եւ հանգստարանը: Ծերունիք պատմում են, թէ գիւղիս հայադաւան բնակիչներն, անխախտ մնալով իւրեանց հաւատքի վերայ եւ ձանձրանալով մահմետականների երեսից կրած անվերջ եւ տաղտկալի կողոպուտներից եւ աւարառութիւններից, գաղթած են Զուբովի ժամանակ Ռուսաստան` Թալաբու, Չողայի, Ղուբայի եւ Ղասմ-քեանդի հայերի հետ:

Բացի Չողայ քաղաքից եւ գաւառից, պատուական են միւս բոլոր գաւառների օդն, կլիման եւ ջուրն: Իսկ տեղական բերքերն են ոչխար, կով, եզն, ցորեն, գարի, յեսանաքար եւ կապար: Ամէնից երկար ապրողի կեանքն է 100 տարի: Դարբանդն իւր բոլոր գաւառներով ենթարկուած է Դաղստանի ընդհանուր կառավարչապետութեան:

 



[1] Մազքութներն Դ. դարից յետոյ բնակում էին պարսպի հիւսիսային կողմում, ինչպէս յայտնի է պատմութիւններից:

[2] Սարիս արեւմտեան բազկի վերայ գտնւում է Աղուանից Բ. բերդն` պարսպի շարունակութիւնից ոչ այնքան հեռի:

[3] Մի քանի հեղինակներ անուանում են Ճարօ_Բէլաքան: