Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՒԹԱՀԱՆՔԵՐ

 

Առաջին եւ գլխաւոր նաւթահանքն գտնւում է Բագուի հիւսիսային կողմում` Բալախանի կոչուած տեղում: Մի լայնագոգ եւ աւազուտ հովիտ է Բալախանին, որ Բագուի հետ կապուած է երկաթուղով եւ հեռախօս թելերով: Հեռուից նայող անծանօթ այցելուն տեսնում է Բալախանում բարձր, քառակուսի սրածայր, խիտ առ խիտ, երկաթագոյն, Եգիպտոսի բուրգերի նման բուրգեր, բայց մօտեցած ժամանակ համոզւում է, որ բուրգերն ոչ թէ քարուկիր, այլ փայտաշէն գործարաններ են, որք ծառայում են հորերից սեւ նաւթ հանելու շոգեքարշ մեքենաներով: Իւրաքանչիւր նաւթահորատէր շինել տուած է այստեղ բնակարաններ թէ' իւր համար եւ թէ' իւր գործաւորների համար: Կան նաեւ ուտելեաց եւ ըմպելեաց վաճառանոցներ եւ երկաթի գործարաններ, որք պատրաստում են նաւթահորերի համար խողովակներ, փորելու, փորուածքը արտահանելու եւ այլ գործիքներ: Կան նաեւս մղիչ գործարաններ, որք շոգեքարշ մեքենաներով` խողովակների միջով մղում են Բալախանու ամբարների սեւ նյութերը Բագուի Սեւ-քաղաքի նաւթաւազանների մէջ` սպիտակ նաւթ պատրաստելու:

Նաւթահորերը փորում են ինչպէս շոգեքարշ մեքենաներով, նոյնպէս նաւթը հորերից արտահանում են շոգեքարշ մեքենաներով: Նաւթն ելնում է զանազան խորութիւնից ըստ տեղւոյն եւ ըստ պատահման, այսինքն 80-180 սաժէն խորութիւնից: Մէն մի նաւթահորի մօտ պատրաստուած են փոսեր, որոց մէջ լճանում են արտահանուած կամ արտավիժուած նաւթերն, զորս մղում են փոքր մղիչ մեքենաներով Բալախանու նաւթամբարներն եւ այստեղից մեծ մղիչ մեքենայով Սեւ-քաղաքն:

Ուշագրաւ է աւելի նաւթի արտավիժի տեսարանն: Նաւթն, գրեթէ իւր շարժուած տեղից մինչեւ դէպի գետին խոնարհուած տեղի բարձրութիւնն, շատրուանի նման արտավիժուելով բարձրանում է աւելի քան 250 սաժէն: Արտավէժներն, խողովակների մեծութեան եւ փոքրութեան համեմատ, 1-2 ջրաղացի ջրի հաստութեամբ յորդած շարունակ հոսում են սեւ նաւթ եւ տեւում են օրերով, շաբաթներով եւ երեբմն` ամիսներով: Արտավիժելու ժամանակ լսւում են սաստիկ փոթորկի, ահեղ որոտման եւ տեղատարափ հեղեղների խառնաշփոթ ձայներ: Կարծես թէ ուժգին ցնցմամբ շարժւում է երկիրն ոտներիդ տակ եւ քայքայւում դժոխքն` մանաւանդ արտավէժների մերձաւոր շրջանակներում: Շատ անգամ նաւթի հետ արտավիժւում են աւազներ, խիճեր եւ զանազան մեծութեամբ քարեր եւ հորերի շրջապատը ձեւացնում աւազակոյտ բլուրներ եւ երբեմն աւազով ծածկում մերձակայ շինութիւնները: Ուժեղ քամիներ պատահած ժամանակ նաւթահեղեղներն` փոխանակ թափուելու յատկացեալ լճակների մէջ` մղուելով հողմերի բռնութիւնից ողողում եւ սեւացնում են շատ դրացիների բնակարանները: Շատ անգամ արտահանուած աւազներն խարտում եւ տեղ-տեղ ծակոտում են մատնաչափ հաստութեամբ երկաթ խողովակները:

Բայց կան եւ այնպիսի նաւթահորեր, որոց նաւթն հանդարտօրէն բղխում է առանց բարձրանալու եւ հոսում գետօրէն:

Երկրորդ նաւթահանքն գտնւում է Բագուի հարաւային կողմում` ծովի արեւմտեան ափի վերայ: Այս նաւթահանքի գործարաններն եւ գործիքներն իւրեանց բոլոր պարագաներով նման են Բալախանում եղածներին: Տարբերութիւնն այն է միայն, որ նաւթահանքիցս ստորերկրեայ եւ անյայտ անցքով վտակօրէն հոսում է ծովի մէջ նաւթահեղուկն: Բագուի հանդէպ ծովի մէջ եռացեալ կաթսայի պէս պղպջում եւ ջրի երեսը նաւթազօծում է ծովի տակից վեր բարձրացող հեղուկն: Վառ լուցկին այստեղ ծովի երեսին ձգածին պէս, իսկոյն վառւում է նաւթն եւ ծաւալւում կրակն:

Երրորդ նաւթահանքն գտնւում է Աւշառանի մօտերքում, որ երբեմն-երբեմն հոսում է աղբիւրի նման:

Չորրորդ նաւթահանքն գտնւում է Ղուբայի գաւառի Քիլվար գիւղի հարաւային կողմում նաւթասարի ստորոտում: Չորս մօտ առ մօտ ակունքներից բղխում է սեւ նաւթն եւ միախառնուելով թափւում յատուկ շինուած աւազանի մէջ: Շրջաբնակ գիւղացիներն գալիս եւ ամաններով տանում են նաւթիցս:

Հինգերորդն գտնւում է Քիլվար գիւղի հարաւ-արեւելեան կողմում, Գովջան գետակի ձախ ափում: Գետակս բղխում է Շիհար-երի կոչուած աւերակ քաղաքատեղի արեւմտեան լանջերիցն եւ յետոյ խառնւում Դաւաչի գետին: Մերթ ընդ մերթ այնքան առատ հոսում է սեւ նաւթն, մինչեւ անգամ գետակի ջրի երկու չափիցն աւելի:

Վեցերորդն գտնւում է Շամախու գաւառի Մատրասա գիւղի աջ ու ձախ կողմերում: Բայց աւելի առատ է իւր ձախ-արեւելեան կողմինն, որ խիստ մօտ է գիւղին: Սեւ նաւթն լճակ-լճակ երեւում է գետնի երեսին շատ տեղերում: Նաւթի հետ պլթպլթում եւ արտավիժում են սպիտակ գունով ջուր եւ ցեխ, իսկ աջ կողմինն մատակարարում է կուպր, որով կպրամածում են բնակարանների տանիքները:

Եօթներորդ նաւթի նշաններ երեւում են Շամախու արեւելեան կողմի ձորում, ուր փորած են մի քանի տարիներ առաջ մի նաւթահոր, բայց մնացած է կիսատ:

Ութերորդ. Շամախու Գարդման (Գիրդման) գաւառի Գիւրճվան գիւղի մօտ` Աճի-Դարա անուն ձորում:

Իններորդ. նոյն գաւառի Քեւանդի գիւղի հիւսիս-արեւելեան կողմի ձորում: Գիւղիս Զարկեարան տանող ճանապարհի տակին` առուի աջ կողմից (ջրաղացի մօտից) ժամանակ-ժամանակ բղխում է սեւ նաւթ:

Տասներորդ Բագուի Սուրախանի կոչուած կռապաշտական մեհենի արեւմտակողման ձորում մի հորից ելնում է բնական սպիտակ նաւթ:

Ուշիմ խուզարկուն երբ տեսնում է, որ Բագուի, Ղուբայի եւ Շամախու գաւառների շատ տեղերից արտահոսում են նաւթեր, յանգում է այն եզրակացութեան, որ նաւթի վերայ բազմած են այս գաւառներն, մանաւանդ Շամախի եւ Բագու քաղաքներն: Իսկ երբ տեսնում է, որ Բալախանու նաւթերի արտավէժը բարձրանում է մինչեւ 250 սաժէն, խելամտում է, թէ այս նաւթի ստորերկրեայ մեծ ամբարն կամ ակունքներն լինելու են բարձրագոյն եւ հեռաւոր տեղերում, որ կարողանում են ճնշել եւ այսչափ բարձրացնել արտավէժը:

Բացի առաջին եւ երկրորդ նաւթահանքերից, որք գործածութեան մէջ են, մնացեալներն անձեռնմխելի մնում են ցարդ