Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՂՈՒՆԻԲ

 

Ստացանք յանձնարարական նամակները եւ փոշտով գնացինք դէպի Ղունիբ, որ է վերջին ապաստանարան Շէյխ-Շամիլի: Այս բնութենաստեղծ եւ անմատչելի ամրոցն անջրպետուած է իւր շրջակայ լեռներից լայնատարած եւ խորանդունդ ձորերով եւ բարձրացած չորս կողմի լեռներից: Կարծես թէ բնութիւնն շռայլած է Ղունիբին ամէն տեսակ յարմարութիւն` որ լինի միակ անառիկ ամրոց ամբողջ Դաղստանում: Վիմահերձ եւ բարձրագոյն քերծեր են ամրոցի չորս կողմերն, միայն արեւելեան հարաւային կողմից ունի մի ամենադժուարատար մուտք, որ ամրապնդուած է քարուկիր հաստ պատով: Արեւմտքից արեւելք թեքուած է ամրոցիս մակերեւոյթն, որի երկարութիւնն է մօտ 15 վերստ, իսկ լայնութիւնն` 2-6: Այս տարածութեան վերայ կան բերրի վարելահողեր, պատուական խոտահարք, գեղեցիկ անտառ, առատ ջուր եւ ջրաղաց: Բայց կան նաեւ տեղ տեղ սալացեալ ապառաժներ եւ անձրեւաջրի հեղեղատներ: Գարնանն, ամռան եւ աշնանն ունի հիանալի՜ օդ, սքանչելի՜ տեսարան եւ ուշագրա՜ւ երեւոյթ:

Սարահարթ ամրոցիս արեւելեան կողմին մօտ է Շէյխ-Շամիլի առանձին գիւղն, որի մէջ այժմ դեռ կանգուն են Շէյխի ապարանը, կանանոցը եւ աղօթարանը, բայց հետզհետէ մօտենում են քայքայուն դրութեան: Ահա այս անառիկ բերդն էր, որ երկար տարիներ կարողացաւ աննուաճելի պահել Միջին-Դաղստանը`ռուսաց հզօր կայսրութեան սարսափելի ուժերի դէմ:

Ռուս զօրաց հրամանատարները, տեսնելով, թէ անհնար է գրաւել ամրոցս, սկսում են ական հատանել Ղունիբի հիւսիսային կողմից դէպի ներս: Սակայն տեսնելով, թէ խիստ դժուարին է տեղ հասուցանել` շարունակ ապառաժ կտրելով, թողնում են կիսատ: Ականի բերանը կամ դուռն երեւում է տակաւին հեռի տեղերից: Այնուհետեւ մտածում են ուրիշ հնարք` շինում են չուանեայ սանդուխներ եւ 1859 թուին մի գիշեր մինչեւ արշալոյս բարձրանում Ղունիբ բերդիս արեւմտահարաւ կողմից եւ լուսաբացին շրջապատում Շէյխ-Շամիլի բնակարանը: Վերջինս պաշարուած տեսնելով զինքը ռուս զօրքով, մտնում է իւր մզկիթն աղօթելու: Պատմում են, թէ բացի Լազրեւից ոչ ոք չէ համարձակւում գնալ Շէյխի մօտ եւ յայտնել, որ անձնատուր լինի: Շէյխն իւր մօտ կանգնած տեսնելով Լազրեւը, ասում է սմա. «Բայց դու էլ լա՜ւ տղամարդ եղած ես հա'. հսկայ հասակովդ եւ աննկուն քաջութեամբդ այո' կաս այնքան, որքան լսած եմ բազմիցս քո համբաւի մասին»: Ապա անձնատուր է լինում Շէյխն եւ փոխադրւում Պետերբուրգ:

Շէյխի բնակարանից դէպի հարաւ-արեւելք, փոքր ինչ հեռի, կայ այն քարն, որի վերայ նստած ռուս զօրաց հրամանատար Բարեատինսկին ընդունած է Շէյխը եւ ղրկած Պետերբուրգ հանդերձ գերդաստանով:

Ռուսաց եկեղեցու հիւսիսային կողմում, որ շինուած է բերդիս դրան մօտ, շարուած են Շէյխից գրաւած 14 հատ փոքր, կարճ եւ կոպիտ թնդանօդներ եւ 244 հատ թնդանօդագնդակներ, որք ձուլուած են ամրոցումս:

Տեղւոյս գաւառապետ պ. Չիլաեւի մօտ կայ մի արծաթեայ բուրվառ եւ մի պղնձեայ ջրաթաս, որք, ըստ ասութեան բազմաց, ունին հայերէն արձանագրութիւն: Բայց պ. Չիլաեւի բացակայութեան պատճառաւ չարժանացանք տեսնել այն անօթները եւ ընդօրինակել արձանագրութիւնները, որք գուցէ կարող էին յայտնել, թէ ի՞նչ տեղից բերուած են:

Ամրոցս գրաւելու վերջն ռուսներն այս տեղ շինած են եկեղեցի, զօրանոցներ, դատարաններ, բնակարաններ եւ վաճառանոցներ եւ աւելի ամրացրած ամրոցիս մուտքը: