Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԱՍՊԻՑ ԾՈՎ

 

Այս ծովի դիրքն-երկարութիւնն-ընկած է հարաւից հիւսիս:

Ծովս ունի շատ հին ու նոր անուններ, զորս ստացած է դարերի ընթացքում իւր շուրջ բնակող ազգերի անուններից: Օրինակ Վրկաններից ստացել է ծով Վրկանայ. Կասպերից` ծով Կասպից, Մասքութներից` ծով Մասքթաց, Խազիրներից` ծով Խազրաց, եւն: Բայց այժմ ասւում է Բագուի ծով. Ռաշտի ծով, Դարբանդի ծով, Հաշտարխանի ծով եւն: Ծովս է Աղուանից երկրի արեւելեան սահմանն:

Գարնան, ամրան եւ աշնան եղանակներում պատահում է, որ հանդարտ է լինում ծովս:

Սակայն երբեմն-երբեմն հրացանների ձայներից զարթնած եւ բարկութիւնից կատաղած առիւծի նման մռնչում, գոռում եւ գոչում է ահեղ ձայնով, յարուցանում անսաստ ալիքներ, ստեղծում ջրային լեռներ եւ ձորեր, լեռնակներ եւ ձորակներ, բանում սոսկալի վիհեր եւ ահարկու փոսեր. ջարդում եւ փշրում շատ արագաստաւոր նաւեր եւ նաւակներ. քայքայում ծովային բաղանիսներ եւ կամուրջներ, զոփի եղանակով պար ածում նաւահանգստի նաւերը եւ կարծես սպառնում է քանդել իւր սահմանի պատուարները եւ դուրս յորդել սահմանից:

Բագուի արեւելեան հանդեպ ծովի մէջ կայ մի կղզի Զիրա անուամբ, որ չունի ընդարձակ տարածութիւն եւ ո'չ բնակիչ, զի չունի խմելու ջուր: Միայն ախորժելի զբօսարան է գարնան եւ ամռան եղանակներում