Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՅԿԱԿԱ՞Ն ԹԷ՞ ՅՈՒՆԱԿԱՆ

 

Լսեցինք, որ մեզնից առաջ եկեղեցուս այցելած է վրացի լուսանկարիչ պ. Ալէքսանդր Սոլոմոնովիչ Ռոինովը, հանած եկեղեցուս լուսանկարը եւ տարած Թիֆլիսի «Մուզէյ» կոչուած հնադարանը: Պարոն Ռոինովն ինքն կարծած եւ շատերին կարծել տուած է, ինչպէս ասում են շատերն, թէ եկեղեցին պատկանում է վրացւոց: Պարոնն իւր կարծիքը կամ ենթադրութիւնը հիմնած է որպէս թէ հետեւեալ հիման վերայ: Եկեղեցուն մօտ է Դաթունա գիւղն, որի հիմնադիրն` Դաւիթն (Դաթունան), եղած է ազգաւ վրացի: Աւանդութեամբ ասում են, թէ երկու վրացի վարդապետներ մի ժամանակ բնակած են նոյն եկեղեցում: Շէյխ-Շամիլի անձնատուր լինելուց յետոյ Լազրեւն այս տեղից Կախեթ եւ Վրաստան վերադարձրած է բազմաթիւ վրացի գերդաստաններ, որք շատ տարիներ առաջ գերի բերուած էին Դաղստան: Ուրեմն ե'կեղեցին պատկանում է վրաց:

Կարդարանային պ. լուսանկարչի կարծիքն ու ենթադրութիւնները, միայն եթէ եկեղեցին ունենար յունական կամ վրացական եկեղեցու առանձին նշանները: Արդէն յայտնի է, որ վրացոց եկեղեցին բաժանուած է Հայաստանեայց եկեղեցուց փրկչական 597-606-ին. եւ ստացած յունական եկեղեցու առանձնայատկութիւնը, այսինքն է բաժանումից յետոյ վրացւոց տաճարներն չունին ոչ աւազան հիւսիսային պատում եւ ոչ խորհրդարաններ` սեղանի երկու կողմերում եւ ոչ ամբողջ սեղանը ծածկելու վարագոյր, որք յատուկ են միայն հայոց եկեղեցուն: Եթե ընդունուի եկեղեցին իբր 500 տարուան շինութիւն, հիմնարկուած կը լինի այն 1390 թուին: Վրացիք բաժանուած են 597-606-ին. բաժանումից յետոյ մինչեւ տաճարի հիմնարկութիւնն անցած է 784 տարի: Վրացւոց եկեղեցին, որ ըստ ամենայնի ընդունած էր յունական եկեղեցու յատկութիւնները, չէր կարող պահպանած լինել 1390-ին հայոց եկեղեցու առանձնայատկութիւնը աւազան պատում եւ խորհրդարաններ խորանի աջ ու ձախ կողմերում եւ մեծ վարագուրի երկաթ:

Նպատակ չունինք ծանրանալ այս խնդրի վերայ. միայն թէ, ինչպէս ապացուցանում է Մովսէս Կաղանկատուացին, Դաղստանումս նախ քարոզած է Աղուանից Գրիգորիս կաթուղիկոսն. «եւ երթեալ (Գրիգորիսի) ՚ի Մազքթաց աշխարհն… եւ քարոզէր զանճառելի Երրորդութիւնն» (Մով. Կաղ. տպ. ՚ի Մոսկ., եր. 30):

Երկրորդ` Ե. դարում արդէն հայադաւան քրիստոնէութիւն կար Աւարի երկրումս «Յունան Հոնաց եպիսկոպոսապետ, որ ՚ի Մազքթաց աշխարհէն էր» (նոյն, եր. 43):

Երրորդ` Է. դարում Աղուանից Իսրայէլ եպիսկոպոսն Աւարի կողմերս գալով` քարոզեց եւ լուսաւորեց հոնաց եւ խազրաց ժողովուրդը. «Իսրայէլ նշանագործ եպիսկոպոսն Մեծ-կողմանց. որ զբազում աշխարհս Խազրաց եւ Հոնաց դարձոյց ի քրիստոնէութիւն» (նոյն, եր. 236. տե'ս նաեւ 188 -208): Սոյն պատմական փաստերը ունենալով հանդերձ չենք վստահանում աւելի տարեթիւ տալ եկեղեցու հիմնարկութեանն, վասն զի կրկնում ենք, որ առ առաւելն 500 տարուց աւելի լինելու չէ եկեղեցու հիմնարկութիւնն: