Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ. ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏՔ ԵՒ ԻՐԱՒՈՒՆՔԸ

(Սօկօլով, 211 եր. )

 

Եկեղեցու անդամը ձեռք է բերում այն բոլոր պարտք եւ իրաւունքները իբրեւ հաւատացեալ, որոնք նպաստում են նրան հասնել իւր հոգեկան ձգտումների եւ պիտոյքների կատարման: Նա, իբրեւ եկեղեցու անդամ, առաջին՝ իրաւունք ունի մասնակցելու եկեղեցու Աստուածպաշտական բոլոր կարգերին, հնազանդելով դաւանական եւ օրէնսդրական կանոններին, երկրորդ՝ մասնակցելու եկեղեցական հասարակական զանազան ընտրութիւններում, օրինակ` եկեղեցու պաշտօնեաների, կալուածների կառավարիչների, հոգեւոր դպրոցների վարիչների, ուսուցիչների, նոյնպէս եւ եկեղեցու նիւթական ապահովման խնդրում եւ այլն: Երրորդ՝ ընտրուելու եւ լինելու եկեղեցու պաշտօնեայ, վայելով այն բոլոր արտօնութիւնները, որոնք կապուած են այդ պաշտօնի հետ: Չորրորդ՝ իրաւունք ունի բոլոր եկեղեցական-հասարակական գործերում մասնակցելով հանդերձ` արդարութիւն եւ դատ պահանջելու այդ շրջանում ոտնակոխ արած իրաւունքների համար: Վերոյիշեալ իրաւունքների հետ կապուած են եւ պարտաւորութիւններ. առաջին՝ անհատը, ընդունուելով եկեղեցու անդամ, յօժարակամ մտնելով այդ շրջանի մէջ, պարտաւոր է ընդունել այն դաւանաբանական եւ վարդապետական ուսմունքը եւ կարգերը, որոնք ընդունում է եկեղեցին, Լաւոդիկիայի 46 կանոնը այդ պայմանով է ընդունում մէկին եկեղեցու անդամ գիրք, 161 երես), մինչեւ իսկ այդ պարտաւորութիւնը գրաւոր գրւում էր մկրտուողից եւ մտցնւում եկեղեցու գրքերի մէջ: Երկրորդ՝ Աստուածապաշտական արտաքին արարողութիւնների եւ կարգերի մէջ նա պարտաւոր է ենթարկուել այն սահմաններին, որոնք որոշուած են եկեղեցական կանոնով, իրաւունք չունի իւր կարծիքի համեմատ փոփոխութեան ենթարկել եւ իւր համար նոր ձեւերով կարգեր սահմանել: Բոլոր ինքնակամ ժողովուրդները, փոփոխուած ժամերգութեամբ աղօթատեղիները համարւում են եկեղեցուց դուրս եւ արգելւում են եկեղեցական կանոններով (տե՛ս Ա գիրք, 148, 169): Արհամարհական վերաբերմունքը դէպի հաստատուն կարգերը, եկեղեցական կանոնները ենթարկւում էին խիստ պատիժների գիրք, 148 երես): Խորհուրդների կատարումը, խոստովանութիւն, հաղորդութիւն համարւում են ջերմեռանդ քրիտոնեայի պարտք, եւ պատիժների էր ենթարկւում նա, որ առանց պատճառ բերելու հրաժարւում էր հաղորդուելուց գիրք, 72, 152 երես) (Սօկօլով, 213 եր. ): Երրորդ՝ իւրաքանչիւր անդամ պարտաւոր է հնազանդել հոգեւոր կառավարչական հաստատութիւններին եւ անձանց, որովհետեւ եթէ անդամը յօժարակամ մտնում է այդ շրջանը, որի հասարակական կազմակերպութիւնը, քայքայման չենթարկուելու համար, հաստատուած են հսկող հիմնարկութիւններ եւ անձինք որոշ իրաւունքներով, ուստի եւ պարտաւոր է կատարելու որոշուած պահանջները եւ հնազանդուել արդէն օրինական ոյժ ստացած կարգերին: Չորրորդ՝ անդամի պարտաւորութիւնն է կատարել բոլոր այն կանոնները, որոնք կսահմանի հասարակական խորհուրդը ամբողջ եկեղեցու տնտեսական ներքին եւ արտաքին կազմը պահպանելու եւ ապահովեցնելու համար: Այս ստիպողական ձեւ ունեցող կանոններից չի կարելի հեռու եզրակացութեան գնալ, թէ` եթէ կրօնը, եկեղեցին բարոյական կանոններով եւ հոգեկան-քրիստոնէական գաղափարների քարոզներով են կամենում մարդկանց ուղղել, նրանք պէտք է ստիպողական միջոց գործ չդնեն, պէտք է մարդու ներքին ազատութիւնը չսահմանափակեն, այլապէս եկեղեցին իւր բարոյական-վարդապետական նշանակութիւն ունեցող դերից քաղաքացիականի կփոխուի: Եկեղեցին ամենեւին ստիպողական միջոցով գործ չի կատարում այն դէպքում, երբ խնդիրը վերաբերում է ներքին աշխարհին, բարոյական-կրօնական կողմին, ուր ո՛չ մի բռնադատական միջոցով չի կարելի անհատի ներքին աշխարհը փոփոխութեան ենթարկել կրօնական մտքով, այն է` ստիպել, որ հաղորդութեամբ փրկուի մեղքերից, հաւատքով ընդունի խորհուրդների ներգործութիւնը, եւ այս ձեւի խնդիրներում եկեղեցին տալիս է կատարեալ ազատութիւն ամէն մի անդամի, որը պատասխանատու է միայն իւր խղճի առաջ. մինչեւ իսկ, երբ խնդիրը վերաբերում է եկեղեցական-վարչական, հասարակական գոյն ունեցող կողմերին, այդ դէպքում անդամները եթէ զլանում են իրանց պարտքը կատարել, եկեղեցին դատապարտում է նրանց ոչ մարմնական պատժի սպառնալիքով, այլ ենթարկում է ապաշխարանքի, բանադրանքի եւ եկեղեցուց մերժման: Բոլորովին տարբեր հանգամանք է, երբ անդամը սահմանից անցնում է, խանգարում է ընդհանուր կարգը եւ գայթակղութեան պատճառ դառնում, այսպիսի դէպքում ընդհանուրի շահը պահանջում է դիմել հասարակութեան միւս անդամներին զսպելու միջոցներ գտնել եւ սանձահարել կարգ խանգարողներին՝ դիմելով ի հարկէ ոյժի, մարմնաւոր իշխանութեան միջոցով: Այսպէս Անտիոքի 5-րդ կանոնը գիրք, 152 երես) եւ Շահապիվանի ժողովը որոշում են դիմել ոյժի եւ բռնի կերպով կարգ սահմանել. մինչեւ իսկ մեր Շահապիվանի 447-ի ժողովը մահուան պատիժ է նշանակում բոլոր հաւատուրացներին եւ եկեղեցու կարգերին հակառակողներին. այս խիստ կանոնների չըկրկնումն ուրիշ ժողովներում ապացոյց է, որ Հայաստանը գտնըվում էր խիստ բացառիկ հանգամանքներում, Վարդանանց պատերազմի երկունքում, երբ դաւաճան հայերը, կրօնափոխ լինելով, անխղճաբար աւերում էին եկեղեցիները, այդ հանգամանքը ստիպեց նախարարներին միանալ եկեղեցու խիստ պահանջների հետ մահուան  պատիժ նշանակելով հաւատուրացներին: Բացի  այդ բացառիկ դէպքերից այլեւս ուրիշ որ եւ է ժողովի կանոններում չենք պատահում այդպիսի խիստ վճիռների, համարեա ամէն տեղ նոյն համոզեցուցիչ՝ խրատական կարգերն են սահմանւում. իսկ ինչ վերաբերում է անհատի անձնական կապ ունենալու չափին եկեղեցու հետ, այդ բոլորովին անկախ եւ ազատ վիճակի մէջ է դրած, իւրաքանչիւր անհատ պատասխանտու է իւր խղճի առաջ, եթէ անձնական ազատութեան մի որեւէ ճնշում նկատեց եկեղեցու կողմից, նա կարող է իսկոյն եւ եթ խզել իւր կապը այդ եկեղեցու հետ եւ դուրս գալ այդ հասարակութեան   սահմանած   կրօնական   պարտաւորութիւններից,   այլապէս եկեղեցին ծառայած չէր լինիլ դարաւոր եւ բարոյական բարձր սկզբունքին՝ որ եկեղեցու անդամ լինել կարելի է հասուն գիտակցութեամբ եւ յօժար կամքով: